Tag Archives: նախընտրական

Վարչապետի ուրախ ավտոբուսը

13 Փտր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, խախտելով ընդունված կարգը, սահմանված ժամկետից շուտ հայտարարեց ՀՀԿ-ի համար նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին: Արշավ բառն այստեղ շատ տեղին է: Ոչ պակաս տեղին պիտի լինի արշավանք բառի գործածումը, ինչը Հանրապետականի կատարմամբ այս հանգստյան օրերին սկիզբ առավ երկրի հյուսիսից ու ենթադրաբար պիտի տարածվի մինչև հարավային դարպասները:
Առաջին թիրախները դարձան Ստեփանավանը, Ալավերդին ու Վանաձորը: Եթե ՀՀԿ-ի մեծամեծներն այդ բնակավայրեր այցելեին իրենց շքեղ ջիպերով ու դրանց ուղեկցող անվերջանալի շարասյուններով, թերևս բնակիչների վրա այն ցնցող ներգործությունը չթողնեին, ինչ ունեցավ նրանց բերած երկարավուն, սպիտակ ավտոբուսը, որի վրա պատկերված էր ՀՀԿ-ի կուսակցական նշանը: Բացահայտորեն մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ ճաշակած ու ծռմռված մետաղային արտաքինով այդ ինքնաշարժը ասես երկրի ու կառավարության վարած քաղաքականության առարկայացված խորհրդանիշը լիներ: Իսկ երբ դրանից դուրս եկան վարչապետը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության ՀՀԿ-ական նախարարներ և այլ պատգամավորներ, պատկերն էլ ավելի ամբողջական դարձավ:
Եթե արտագնա շոուն միայն եղածով ավարտվեր, հազիվ թե իրենց կյանքում շատ բան տեսած քաղաքացիներն այդքան ծանր տանեին անկոչ հյուրերի ներկայությունը: Սակայն գլխավորը դեռ առջևում էր և հատկապես այն վճռորոշ պահից հետո, երբ Ստեփանավան քաղաքում կայացած հանդիպման սկզբում հանրապետության վարչապետը հանդիսավրությամբ հայտարարեց, թե իրեն է վերապահված պատիվը՝ տեղեկացնելու, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկման մեկնարկը տրված է: Ավելի ուշ մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Հովհաննես Սահակյանը, պիտի ջանար ամեն գնով ներկաներին համոզել, որ իրենց հանդիպման նպատակը ընտրողների և կուսակիցների հետ նախընտրական ծրագիրը քննարկելն է, այլ ոչ թե քարոզարշավ անցկացնելը, բայց տեղացիները նրան մեղմ բառերով պատասխանեցին, թե կարիք չկա գալ սատանի մահլեն՝ քյանդրբազություն անելու:
Ի՞նչ էր ուզում և ի՞նչ էր ասում Տիգրան Սարգսյանը: Հասարակ բաներ. ուզում էր, որ իրեն հավատային և ասում էր այն, ինչին հավատալն անհնար էր: Օրինակ, նա ասաց, թե «այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է: Մեր ծրագիրն իր բաժիններում քննարկում է այն հարցը, թե պետությունն ինչ պետք է անի պայմանների ստեղծման համար»: Վարչապետի հաջորդ մտքերը սահմանում էին այն խոստումը, թե 2012-2017 թվականներին իր ներկայացրած կուսակցության ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Նրա խոսքերից հավաքվածներն անմիջապես ենթադրեցին, որ նախորդ հինգ տարիներին դրանք ուղղված էին ոչ սովորական, ասել է թե՝ արտոնյալ քաղաքացիներին (ինչն, ըստ էության, համապատասխանում է իրականությանը), և միայն հիմա, այն էլ թերևս պատահաբար վերևներում հիշեցին իրենց գոյության մասին:
Բայց քանի որ պատահաբար ոչինչ չի լինում, այն էլ գործադիր մարմնի ղեկավարի կյանքում, դրանում արդեն համոզվեցին թե Վանաձորում և թե Ալավերդիում: Վանաձոր հասնելուն պես Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով ու օրհնությամբ միանգամից 100 քաղաքացիներ համալրեցին Հանրապետականի բազմամարդ շարքերը, իսկ Ալավերդիում նույն բախտին արժանացան ևս 50 հոգի: Անդամատոմսեր հանձնելու արարողությունն անթերի էր. հուզմունք, շնորհավորանքներ, ջերմ խոսքեր: Միայն վերջում աննրբանկատ լրագրողները փչացրեցին ողջ տպավորությունը, երբ փորձեցին նորընտիր անդամներից լսել, թե ինչու՞ էին վերջիններս նախապատվությունը տվել ՀՀԿ-ին: Եվ, ով զարմանք, նրանցից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ գոնե մեկ համոզիչ հիմնավորում արտասանել:
Եղածն, իհարկե, արդեն եղել է: Իսկ մինչ վարչապետի ու նրա թիմի ուրախ ավտոբուսը սլանում է հանրապետության մյուս բնակավայրերով, այդ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանում է ամուր պահել իշխող կուսակցության թիկունքը՝ քարոզարշավի մասին դժգոհություններին պատասխանելով, թե՝ բա չե՞ք ասի, իրական քարոզարշավի մեկնարկին նախորդած ժամանահատվածը Ընտրական օրենսգրքով չի կարգավորվում, հետևաբար այդ շրջանում քաղաքական ուժերի գործունեությունը ԿԸՀ-ն չի կարող վերահսկել:
Ահա հենց այսպես՝ անվերահսկելի խաղաղությամբ էլ Հանրապետականը սկսեց իր գլխավոր գործը: Տիգրան Սարգսյանը դեռ շատ վայրերում պիտի կրկնի նախընտրական ծրագրի նոր՝ թանաքը չչորացած դրույթները: Բայց եթե այդ ընթացքում ժամանակ ունենա և մեկ անգամ էլ թերթի այն ծրագիրը, որ ՀՀԿ-ն ներկայացրեց 5 տարի առաջ, ապա զարմանքով կբացահայտի, որ նոր բան իրականում չկա ու չի եղել. պարզապես ինքն ակամա անգիր է արտասանում հին, մոռացված փաստաթղթի բոլոր կետերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: