Tag Archives: յոթքար

ՅՈԹՔԱՐ

20 Դկտ

Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ քո փխրուն շինվածքը չճոճվի պատահական հպումից: Միշտ այդպես են արել: Ջրերից մաքրված, հոսանքներից քշված, սուր անկյունները վաղուց հարթեցրած գլաքարերը դրել են մեկը մյուսի վրա, մեծից փոքր, հետո շուրջը կավիճով փոքրիկ շրջանակ են գծել ու ասել են. «Պատրաստ է»: Սա է եղել ամբողջը: Պարզ ու հասարակ: Այս խաղի պատմությունը հենց այսքանն է:

***
Հանրամատչելի հիշողությունը մենք կոչում ենք պատմություն: Այդպես ազդեցիկ ու բարեհունչ է: Սակայն հիշողությունը միայն այն դեպքում է վերափոխվում պատմության, երբ այդ մասին այլևս ոչ ոք չի հիշում: Մի խոսքով, դա նույն ճշմարտությունն է, միայն թե առանց ատամների ու աչքերի: «Պատմությունը մեզ կների»,- ասում են աշխարհի մեծագույն սրիկաները հերթական ստորությունը ձեռնարկելիս, և համարյա երբեք չեն սխալվում: Թերևս հենց այդ մեծահոգի ներողամտության մեջ է պատմության հմայքը: Եվ այլևս կարևոր չէ՝ մենք հավատում ենք նրան, թե ոչ: Պատմությունը երբեք չի տրտնջացել հավատի պակասից: Ինչ էլ որ ասենք, բոլոր դեպքերում պատմությունն ուղղակի պարտավոր է լինել դարավոր, փառապանծ և ուսանելի: Սա է նախապայմանը: Անցյալի վերածվող ներկան մեկընդմիշտ կդառնա անմեղ:

***
Հիմարների կողմից կառավարվող ամբոխը արժանի չէ հարգանքի, եթե նույնիսկ նրա անունը ժողովուրդ է: Այն տարածված համոզմունքը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, շարքային հաճոյախոսություն է և ուրիշ ոչինչ: Ժողովուրդը ոչ միայն սխալվում է, այլև հակում ունի ժամանակ առ ժամանակ կրկնելու հին սխալները: Եվ հենց դա է ապահովում նրա կենսունակությունը՝ օրակարգում պահելով գոյության խնդիրը: Անսխալական ժողովուրդը դատապարտված է ինքնաոչնչացման: Այդպես ճշմարտությունը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կա սխալը: Առանց սխալի ճշմարտությունն այլևս անիմաստ է, դատարկ հնչյուն: Մարդը ևս իր էությամբ այդ երկու բևեռների արգասիքն է: Եվ միայն դրա շնորհիվ է, որ նա շնչում է:

* * *
Նա, ով մտածում է ոչ այնպես, ինչպես ժողովուրդը, կոչվում է առաջնորդ: Քանի դեռ ժողովուրդը երկյուղում է նրա մտքերից, առաջնորդը դրության տերն է: Այն պահից, երբ առաջնորդը սկսում է մտածել ժողովրդի նման, նրան ուղարկում են կառափնարան: Նահատակված առաջնորդներին կոչում են հերոսներ, իսկ իրենց բնական մահով վախճանված առաջնորդներին՝ բռնապետներ: Բռնապետը գիտի, որ ողջախոհությունը այցելում է միայն քաղցածներին: Հերոսն այդ մասին ընդհանրապես ոչինչ չգիտի:

* * *
Կար ժամանակ, երբ հերոսները ծնվում էին հավատից, իսկ կուռքերը՝ սնահավատությունից: Այժմ նրանց երկուսին էլ աշխարհ է բերում Դիպվածը:

* * *
Նպատակն այն կետն է, որին կարելի է շրջանցել, սակայն չի կարելի մերձենալ: Նպատակի էությունն իր անհասանելիությունն է, ինչպիսին լինում է անընդհատ հեռացող հորիզոնը: Բոլորը տեսնում են, սակայն դեռ ոչ ոք այն չի հատել: Ճիշտ նպատակի ընտրությունը ճիշտ հորիզոնի ընտրության պես է:

* * *
Իսկ ահա գաղափարներին հորիզոն պետք չէ: Դրանք սովորաբար լինում են կարճատես, վաղամեռիկ ու ինքնաբավ: Եթե ինչ-որ պահի ձեզ հանկարծ թվա, թե որևէ գաղափար անհամեմատ կենսունակ է, ապա վստահ եղեք, որ դուք պարզապես մոլորվել եք, գաղափարը շփոթել եք ստամոքսահյութի արտադրության հետ: Սպասեք մի փոքր, և նա անպայման կփսխի: Այն, ինչ կտեսնեք արդյունքում, հենց դա էլ նրա բուն էությունն է: Ամենահզոր գաղափարները նույնիսկ մի հատիկ մարդու կյանք չարժեն:

* * *
Կյանքն արժեզրկելը մարդկության ամենահիմնական զբաղմունքն է: Այդ վեհ նպատակի համար մարդը միշտ պատրաստ ունի երեք մոգական զենք՝ ատրճանակ, դրոշ և գրիչ: Կարևոր չէ, թե անհրաժեշությունը դրանցից որ մեկին առաջնությունը կտա: Կարևորն այն է, որ այդ երեքից յուրաքանչուրը կարող է սպանել: Ատրճանակով մարդկանց են սպանում, դրոշով՝ ազատությունը, իսկ գրիչով՝ խոսքի արժեքը: Նա, ով կփորձի հավատ ընծայել այդ եռյակից որևէ մեկին, ստիպված կլինի ողջ կյանքում հպատակի պես ծառայել նրանց, կրել իր ձեռքին, բանեցնել հանուն սեփական մաշկի անվտանգության: Իսկ սեփական մաշկն անխոցելի է միայն այն ժամանակ, երբ գրչով, դրոշով ու ատրճանակով չեզոքացված են մերձավորները:
Այդ իսկ պատճառով մարդիկ գերադասում են հավատալ Աստծուն, քանի որ նա երբեք մոտերքում չէ:

* * *
Հայրենիքն այն հայելին է, որտեղ սեփական ոչնչությունը չի արտացոլվում: Հայրենիքն այն հարստությունն է, որը միշտ ունես, երբ գրպաններդ վաղուց դատարկ են: Հայրենիքի սերն այն միակ ափն է, որը կփրկի եսասիրության վարակիչ մեղքից: Հայրենիքը այն համր լեզուն է, որ միշտ լռում է, երբ հայհոյում ես: Հայրենիքի հողն այն միակ տեղն է, որտեղ թաղվելը անպատվաբեր չէ:
Այսպես ապրում ենք, երբ ձևացնում ենք, իբր ապրում ենք Հայրենիքի համար:

* * *
Մեծ ու փոքր քարերը հատիկ-հատիկ, մատների ծայրերով զգույշ բռնած, կշարես իրար վրա: Կնայես, որ փուլ չգա, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ հիմքում լինի մեծ քարը, իսկ գագաթին՝ փոքրը: Ամեն բան կանես ճիշտ այնպես, ինչպես միշտ արել ես: Ինչպես արել են քեզնից առաջ ու կանեն քեզնից հետո: Եվ երբ քո փոքրիկ բուրգը պատրաստ կլինի, հանկարծ գլորվելով կգա մի հսկա գնդակ, կփվի անհաստատ սյունին, ու քարերը կթռչեն տարբեր կողմեր, կցրվեն շուրջբոլորը: Եվ գնդակ գլորողները հաճույքից ծափ կզարկեն՝ սպասելով, թե դու ինչպես պիտի նորից հավաքես դրանք ու նորից շինես քո հավերժ փլուզվող փոքրիկ աշտարակը:
Յոթքար ենք խաղում…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: