Tag Archives: ՄՈՒՐԱՑԱՆ

ԿՈԹԱ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ

7 Փտր

Երբ Մուրացանի «Առաքյալը» վիպակում հերոսը՝ Կամսարյանը այցելում է Սևանի կղզի, այլևայլ հնությունների շարքում նրան ցույց են տալիս կղզու ամենաթանկ մասունքը: «Միակ արժանիք ունեցողը` սեղանի առաջ դրված Կոթա սուրբ նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ: Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ և թևերին ուներ մի- մի հատ ոչ մեծագին քարեր: Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որի մեջ կույս Մարիամն լողացնելիս է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը»:
Նկարագրությունն անսխալ էր: Մասունքը Սևանա կղզում պահվել է դարեր շարունակ: Պատմիչները գրում են, որ 874 թ. այստեղ ուխտի է գալիս հայոց իշխանաց իշխան Աշոտը և հենց նա էլ բազում նվերների հետ վանք է բերում Կոթա Սուրբ Նշանը: Մասունքի մասին ականատեսների բազում վկայություններ են պահպանվել՝ սկսած 1661 թվականից, երբ թիֆլիսաբնակ Չթչյան եղբայրները ուխտի են գալիս կղզի և ստանձնում են տեղի կիսաքանդ եկեղեցու վերանորոգման հովանավորությունը: 1897-ին Գարեգին Հովսեփյանի ցուցումով ազգագրագետ Երվանդ Լալայանը ցուցակագրում է Սևանի շրջանի բոլոր սրբությունները, և դրանց շարքում էր նաև Սուրբ Նշանը:
Իսկ ահա մեկ այլ վկայություն էլ մեզ թողել է Վահան Աֆրիկյանը: Մեջբերեմ նրա հետաքրքրական պատմությունը. «… Առհասարակ ամառվա ընթացքում քիչ էր պատահում, որ այս սուրբ Նշան մասունքը վանքում լիներ, որովհետև հայկական գյուղերց գալիս և իբրև չարխափան տանում էին այն իրենց մոտ: Այդ անում էին մեծ մասամբ այն գյուղերը, որտեղ երաշտ, մուկ, ժանտախտ կամ առհասարակ որևէ աղետ էր պատահում:
Հիշում եմ, մի տարի Նոր Բայազետում սոսկալի երաշտ էր: Ամբողջ ամառվա ընթացքում մեկ կաթիլ անձրև չկար: Արևի ջերմությունից ծաղկավետ սարերը, կանաչազարդ դաշտերը չորացել, անապատի էին վերածվել: Քաղաքի բնակչության պահանջով Սևանից բերեցին «Սուրբ Նշան» մասունքը: Դիմավորման համար քաղաքից դուրս եկավ հոգևորական դասը՝ բազմահազար ժողովրդի հետ: Այդ ժամանակ երկնակամարի վրա սկսեցին ամպեր հավաքվել, ու երկինքը հետզհետե մթագնեց: Կրոնական արարողության ժամանակ, երբ հոգևորականությունը ժողովրդի հետ ծունկի եկավ և «Տէր Ողորմեա»-ն սկսեց երգել, սկսվեց անձրևը, իսկ վերադարձին մինչև մեր տուն հասնելը, սկսեց տեղատարափ անձրև թափվել: Թերևս այս երևույթը պատահմունք էր, բայց հավատացյալ ժողովուրդը նման երևույթներ պատահմուքով չի բացատրում…»:

© Հովիկ Չարխչյան69081_b

ՄՈՒՐԱՑԱՆ

7 Նյմ

… Մի նվիրեք ձեր սիրտը վաղանցուկ հրապույրներին և ոչ էլ շլացեք փայլուն երևույթներով: Դրանք ասուպներ են, որոնք մի վայրկյան վառվելով երկնակամարի վրա, ապա հանգչում, անհետանում են մթության մեջ: Հետևելով դրանց, դուք կմոլորվեք և իզուր կվատնեք ձեր թանկագին հարստությունը, այն է` երիտասարդական հասակի աննման եռանդն ու կորովը և այդպիսով ձեր ժառանգները կմատնեք բարոյական աղքատության: Մի օր ետ կնայեք և կտեսնեք, թե որքան դատարկ, որքան ապարդյուն է անցել ձեր կյանքը, բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի: Փափուկ և անդորր ապրողից ավելի երջանիկ է այն մարդը, որ կյանքը նվիրում է իր ՆՄԱՆԻՆ օգնելուն, մանավանդ բարոյական ձեռնտվությամբ: Սովորեցեք ապրել այդ կյանքով, սովորեցրեք նույնը և նրանց, որոնց առաջնորդ պիտի լինեք: Այդպիսով դուք ապագա սերունդը կբախտավորեցնեք, և մարդիկ կօրհնեն ձեզ…

* * *
… Ճշմարիտ սերը այն մարդու մոտ է, որ միայն սիրում է և ոչ նրա, որ սիրում է, բայց և սպասում է սիրվելու: Երբեք ես չեմ սպասում, որ դու սիրես ինձ, և չեմ էլ հափշտակվում, երբ դու հալվում ես ինձ համար:Իմ մեջ նախանձ չկա,նախանձը էգոիստների սեփականությունն է , այսինքն այն մարդկանց,որոնք մի անգամ սիրելով` ուզում են փոխարենը տասնապատիկ սիրվիլ:Ինձ համար մեկ է, ուզում ես սիրիր, այդ քո ցանկությունն է, բայց որ ես քեզ սիրում եմ և դրանով երջանիկ եմ, ապա այս հարստությունը ոչ ոք չի կարող խլել ինձանից…

%d bloggers like this: