Tag Archives: Մոսկվա

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԾԽԱԽՈՏԸ

16 Հնս

Ռուս ցար Ալեքսեյ Միխայլովիչն իր երկրում արգելել էր ծխելը մահվան սպառնալիքով: Սակայն պատճառն այն չէր, որ ցարին մտահոգել էր բնակիչների առողջությունը: Նման ծայրահեղ քայլի գնալու շարժառիթը 1634 թվականի Մոսկվայի մեծ հրդեհն էր: Համարում էին, որ հրդեհի պատճառ էր դարձել չհանգցրած ծխախոտը:

560476.730xp

Advertisements

Ռուսաստանը թայմ-աու՞թ է վերցնում

6 Հկտ

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Ասվում էր, որ Մեդվեդևն այդ գնահատանքին արժանանում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս ամենը և հասկանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի՝ պահի ընտրության իմաստով: Նման պարգևատրումն ավելի շատ հիշեցրեց մի իրավիճակ, երբ որևէ մեկին վաստակած հանգստի ուղարկելուց առաջ մեծարում են նրան և իբրև ջանքերի փոխհատուցում կրծքանշան փակցնում պիջակի ձախ գրպանին: Իսկ գուցե ամեն ինչ հենց այդպես էլ կա՞: Ըստ էության այն պահից ի վեր, երբ հայտարարվեց Ռուսաստանի հաջորդ նախագահի թեկնածուի անունը, Մոսկվայի հայաստանյան քաղաքականության մեջ վրա հասավ մեդվեդևյան փուլի ավարտը՝ իր տեղը զիջելով հարկադիր մի դադարի, որից խուսափելն անհնար է: Այդ վերջնագիծն ու թայմ-աութը երկու բացատրություն ունեն: Առաջինը պայմանավորված է Ռուսաստանում նախընտրական շրջանի մեկնարկով, իսկ երկրորդն այն հանգամանքով, որ թեպետ Մեդվեդևն իսկապես ցանկանում էր ամեն գնով մոտեցնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, սակայն արդյունքը ստացվեց սպասվածի ճիշտ հակառակը: Արհեստական արագացումը ոչ միայն շփման գծում իրավիճակի լարվածություն բերեց, այլև կողմերը կոշտացրին իրենց դիրքորոշումները: Իսկ այստեղ միայն համառությամբ կամ ազնիվ մղումներով առաջ շարժվել չէր ստացվի:
Ասվածի տրամաբանական ելքը օրերս հաստատվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությամբ: Համաձայն այդ աղբյուրի, մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով ոչ նախագահների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ: Որպես մխիթարանք, Լուկաշևիչը նաև հավելեց, թե ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են վարում, սակայն վերջին միտքը կարելի է ընկալել իբրև գործընթացի ցանկալի ծրագիր և ոչ ավելին:
Անուղղակի կերպով ռուսական անհաջողության մասին այսօր թափանցիկ ակնարկներ են հնչում նաև ԵԱՀԿ-ից՝ կանխորոշելով առաջիկա դադարը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը թեև կարևորել է հակամարտող կողմերի միջև փոխզիջման հասնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը, սակայն ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի ու Երևանի դիրքորոշումներից: «Ձիուն կարելի է ջրելատեղ տանել, սակայն չի կարելի նրան ստիպել խմել»,- պատկերավոր համեմատությամբ իր միտքն ամփոփել է Զանիերը:
Մինչդեռ ծարավը հագեցնելու ցանկությունը սոսկ ջրին մոտ լինելով չի սահմանափակվում: Քաղաքական աշխարհի ազդեցիկ դեմքերը հրաշալի հասկանում են, որ բացի ռուսական դադարից մոտ ժամանակներս սպասվում են նաև ընտրական գործընթացներ Հայաստանում և Ադրբեջանում: Այս պայմաններում ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն դիմի կտրուկ քայլերի: Այդ պատճառով էլ հավանաբար իրավացի են նրանք, ովքեր կանխատեսում են, որ ԼՂ խնդրում մինչև 2012 թ. կեսերը որևէ տեղաշարժ չի արձանագրվի: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, և դարձյալ միայն Ռուսաստանն էր, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում քիչ թե շատ ակտիվություն էր դրսևորում:
Գալով այն հարցին, թե Ռուսաստանում ընթացող փոփոխությունները ինչ չափով կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, առայժմ չեն գտել իրենց համերաշխ ու միանշանակ պատասխանը: Ոմանք հակված են կարծելու, որ Պուտինի հնարավոր ընտրությունը նախագահի պաշտոնում էական խմբագրումներ չի բերի ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության մեջ, և նա կշարունակի Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի որդեգրած նախկին գիծը: Պուտինին գնահատելով իբրև առավել պրագմատիկ գործիչ, վերլուծաբանները միևնույն ժամանակ կարծում են, որ Մոսկվան տվյալ փուլում շահագրգռված չէ խախտել կովկասյան երկու պետություններում հաստատված ստատուս-քվոն: Դրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, թե հաճախ գերագնահատվում է ռուսական ազդեցության չափը: Ինչպես նկատում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, «Կրեմլը բազմաթիվ լծակներ ունի Երևանի ու Բաքվի վրա ազդելու համար, սակայն ցանկացած լծակ երկկողմանի սուր գործիք է, որն օգտագործելիս պատասխան արդյունք ես ստանալու»:
Ահա հենց այդ դադարային իրավիճակի պայմաններում էլ հրապարակ նետվեց այն վարկածը, համաձայն որի ժամանակավորապես նահանջող Ռուսաստանին կարող է փոխարինելու գալ Ֆրանսիան: Դրանում իր դերը խաղաց նաև Սարկոզիի տարածաշրջանային այցը, որը մեկնարկեց այն պահին, երբ Մոսկվան որոշեց լվանալ ձեռքերը և զբաղվել ներքին խնդիրներով:
Միանգամից ասենք, որ հիշյալ տարբերակն ունի ինչպես հավանական, այնպես էլ անհավանական շերտեր: Նախ չպետք է մոռանալ, որ որքան էլ ռուսական մասնակցությունը հակամարտության կարգավորմանը առանձնահատուկ է, սակայն փաստ է նաև, որ նման արտոնություն նրան կարող էին տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Այս իմաստով հազիվ թե Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում խանդի զգացումներ առաջացնի Ռուսաստանի մոտ, առավել ևս, որ Փարիզը չի կարող ոչ արագ և ոչ էլ նշանակալի հաջողության հասնել այս տարածաշրջանում:
Լավագույն դեպքում ֆրանսիական կողմը կարող է ժամանակավորապես ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպողի գործառույթները։ Բայց այստեղ էլ առաջընթացի սպասելիքները մեծ լինել չեն կարող հենց թեկուզ այն պատճառով, որ Սարկոզին չունի այնպիսի մի թարմ ու ինքնատիպ ծրագիր, ինչը հնարավոր կլիներ դնել բանակցությունների սեղանին: Եվ այսպիսով, մենք դարձյալ հանգում ենք միևնույն մտքին, որ տարածված լուրերը, թե հնարավոր է՝ Ֆրանսիան Ռուսաստանից վերցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի դերը, կրում են համատեքստային բնույթ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացի ֆոնին: Եթե նույնիսկ ռուսները հեռանում են, ապա ընդամենը կարճ ժամանակով: Այլ բան է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպես կօգտագործեն կարճատև «միայնությունը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մոտեցված դիրքորոշում. ի՞նչ բան է դա

13 Հնս

Այն, որ հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպում էին ունենալու Մոսկվայում, նախապես հայտնի էր: Եվ, ելնելով համանման այլ հանդիպումների արդյունքներից, այս անգամ էլ հանրությունն առանձնապես լուրջ սպասելիքներ չուներ նրանց քննարկումներից: Բոլորն այն կարծիքին էին, որ երեք նախարարներն ուղղակի հավաքվել էին` տեխնիկապես նախապատրաստելու իրենց նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը, հստակեցնելու աշխատանքային բնույթի դրվագներ: Եվ այս ամենից հետո տեղեկությունը, որ շաբաթ ուշ երեկոյան շտապ կարգով տարածեցին լրատվամիջոցները, իր բովանդակությամբ և անսպասելիությամբ չէր կարող առաջին իսկ պահից հակասական տրամադրություններ չհարուցել: ԶԼՄ-ները փոխանցում էին, որ Մոսկվայում կայացած քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Այնուհետև տեղեկացվում էր, որ հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք նախագահների մակարդակով հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Հիմա նույնիսկ դժվար է վերհիշել, թե վերջին անգամ ե՞րբ ենք առիթ ունեցել լսելու նման բառակապակցություն`« հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»: Սովորաբար եղել է ճիշտ դրա հակառակը` դիրքորոշումները տրամագծորեն տարբերվել են և անգամ ամենաչնչին ընդհանրությունները տեղիք են տվել այլատեսակ մեկնաբանությունների:
Ինչ-որ պահի նույնիսկ կասկածներ ծնվեցին այն մասին, որ գուցե թե լրագրողները խտացրել են գույները և ցանկալին ներկայացվել է իրականության տեղ: Սակայն այդ վարանումներն անմիջապես փարատվեցին, քանի որ շատ չանցած փաստը հաստատեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկու երկրները պնդում էին միևնույն բանը: Կնշանակի` իսկապես համաձայնություն ձեռք է բերվել: Բայց ինչի՞ շուրջ: Ահա մի հարց, որի պատասխանը ոչ ոք այս պահին չունի: Ընդհանուր բնույթի ձևակերպումները սոսկ թույլ են տալիս խոսել առաջընթացի մասին, միայն թե դրան հաջորդած լռությունը ստեղծում է այնպիսի մի անորոշություն, որից անհնար է կռահել` առաջընթաց դեպի ու՞ր:
Այստեղ թերևս հարկ է հիշել, որ Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդիպումից ժամեր առաջ ակնարկել էր այն մասին, թե քննարկումներն ունենալու են «փուլային, սահմանագծային բնութագիր»: Դրանից հետո նա ասել էր, որ ներկա պահին բանակցությունների սեղանի վրա են Հինարար սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում հետո հերթը կգա համաձայնագրի մշակմանը` խարսխված այդ փաստաթղթի դրույթների վրա: Ռուսական կողմը նաև չափազանց թափանցիկ կերպով զգուշացրել էր, որ այս գործընթացը հետաձգելը կամ հռետորաբանությամբ զբաղվելը կգնահատվի իբրև հակում դեպի անարդյունավետություն:
Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել վատ քողարկված սպառնալիքով հորդորները: Նույն բանը կրկնվեց նաև մայիսի 26-ին, Դովիլում: Այնտեղ էլ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հակամարտող կողմերին կոչ էին անում քաղաքական կամք դրսևորել, իսկ այնուհետև զգուշացնում էին, որ «հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»: Գուցե իսկապե՞ս այս անգամ Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ վերաբերվեցին հզորների նախազգուշացմանը: Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե հարկ համարեց սա ընկալել ի գիտություն: Նրա վերջին ելույթը էականորեն տարբերվում էր նախորդներից: Բացի այն, որ Ալիևը գտնում էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, նա նաև խոստովանում էր, որ անձամբ իր համար «համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը շատ լուրջ ազդակ էր»: Նախկինում նա երբեք նման բան չէր ասել, թեև այդ նույն ղեկավարները ճիշտ նույն բովանդակությամբ այլ հայտարարություններ ևս արել էին:
Ասվածին պետք է հավելել նաև այն, որ Ադրբեջանի կարծիքով այժմ խնդրին առնչվող մի շարք դրույթներ ամբողջովին բխում են Ադրբեջանի շահերից։ Դրանցից կարևորագույնը Բաքուն գնահատում է այն, որ միջնորդներն անընդունելի են համարում ներկայիս ստատուս քվոն: Եվ հենց սա է, որ իրավունք է տվել Ալիևին մի հերթական անգամ վերջնագիր ներկայացնել Երևանին ու շահագրգիռ երկրներին. «Իմ համոզմամբ, այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»։
Վերջին է սա, թե՞ հերթականը, պարզ կդառնա մի քանի օրից` Թաթարստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը: Գուցե և կատարվի հրաշքը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավանություն տան Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Հատկանշականն այն է, որ հայկական կողմը նույնպես բավարար չափով ոգևորված է այս հեռանկարով, և դա առավել ակնհայտ դարձավ օրերս նախագահ Ս. Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հանդիպման ժամանակ: Միայն թե այս համընդհանուր լավատեսության ֆոնի վրա, որտեղ բոլորը հաղթողներ և շահողներ են, որտեղ դիրքորոշումները մոտեցված են ու հարաձայնությունները` հարթված, ակամա հարց է ծագում` իսկ ո՞վ է լինելու պարտվողը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ի՞նչ է Ռուսաստանի ուզածը

30 Մրտ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մոսկվան որոշակի իմաստով «պահպանողական» է իր արտաքին քաղաքականության մեջ: Հայտնի իրողություն է, որ այնտեղ, որտեղ արևմտյան ուժերը համախմբվում են որևէ մեծ նպատակի շուրջ, Ռուսաստանը մշտապես իրեն հեռու է պահում: Նման գործելաոճը ռուսներին դարձնում է ոչ թե կռահելի, այլ առավելագույնս ինքնուրույն, մի բան, որ դժվար է ասել Արևմուտքի շատ երկրների մասին: Եվ Լիբիայի դեպքը նույնպես բացառություն լինել չէր կարող: Այն պահից ի վեր, երբ աֆրիկյան այդ երկրում իրադարձությունները սկսեցին զարգանալ ողբերգական սցենարով, Ռուսաստանն առաջինների թվում էր, որ արձագանքեց դրանց: Արդեն մարտի սկզբին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց Լիբիային բոլոր տեսակի զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա առաքելու արգելքի մասին: Դրա հետ մեկտեղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, թե իրենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ կարտահայտվեն Լիբիայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշումներին:
Այս մի հարցում ռուսները թերևս շտապել էին կամ գերագնահատել էին իրենց անկախ պահվածքը: Բանն այն է, որ երբ վրա հասավ ճակատագրական որոշումը կայացնելու պահը, Ռուսաստանը ընդամենը ձեռնպահ քվեարկեց: Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան պիտի արդարանար, թե Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ բանաձևի դրույթների հետ ընդհանուր առմամբ համաձայն էր: Սակայն նման բացատրությունն անլիարժեք էր ու ոչ համոզիչ: Առաջին հերթին պարզ չէր, թե որտեղ էր ավարտվում համաձայնության սահմանը և սկսվում տարակարծության ոլորտը: Այդ պատճառով էլ հարկ է իբրև հիմք ընդունել նախագահ Մեդվեդևի անհամեմատ անկեղծ մի արտահայտությունը, ըստ որի «չի կարելի ասել, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է անում»: Ընդունենք, որ Ռուսաստանը գերազանց հասկանում է: Իսկ ի՞նչ է անում նա:
ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Լիբիայում բացառվում են: Երկու օր անց այն բանից հետո, երբ դաշնակիցները սկսեցին ռմբահարել Լիբիայի քաղաքները, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության ենթարկեց Անվտանգության խորհրդին, որն, ըստ նրա, թույլ է տալիս օտարերկրյա ներխուժում իրականացնել ինքնիշխան երկրի տարածք: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը լիարժեք չէ ու վնասակար է: Այն թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում»,- հայտարարեց Պուտինը:
Նրա ելույթից բառացիորեն 3 ժամ հետո Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հատուկ ելույթով հանդես եկավ Մեդվեդևը: Նա ասաց, որ անթույլատրելի է համարում այնպիսի արտահայտությունները, որոնք, ըստ էության, կարող են քաղաքակրթությունների բախման հանգեցնել: Խոսքն, իհարկե, «խաչակրաց արշավանքի» մասին էր: Դրանից հետո նախագահը նաև հավելեց, որ ինքն է ցուցում տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել բանաձևի վրա, իսկ արտգործնախարարությունն այդ ցուցումը կատարել է: «Ես չեմ համարում, որ այս բանաձևը սխալ է, ավելին` կարծում եմ, որ բանաձևն ընդհանուր առմամբ նաև մեր տեսակետն է արտահայտում Լիբիայում տեղի ունեցողի վերաբերյալ»,- ամփոփիչ մտքում հին թեզը վերաշարադրեց նա:
Բայց նույնիսկ այս դիտողությունը չհանդարտեցրեց Պուտինին, ով այնուհետև ևս շարունակեց պնդել, թե Լիբիայիում ռազմական օպերացիան ողբերգություն է, և դրան հավանություն տվողները պետք է աղոթեն իրենց հոգիների փրկության համար: Պուտինին անհանգստացրել էր այն թեթեւությունը, որով ԱՄՆ-ը որոշում է կայացնում ուժ կիրառել միջազգային ասպարեզում: «ԱՄՆ քաղաքականությունը կայուն տենդենցներ է ձեռք բերում: Բիլ Քլինթոնի օրոք ռմբակոծում էին Բելգրադը, Բուշի օրոք` Աֆղանստանն ու Իրաքը: Հերթը Լիբիայինն է: Որտե՞ղ է տրամաբանությունը կամ խիղճը: Երկուսն էլ բացակայում են»,- եզրահանգել էր Պուտինը:
Ահա թե որտեղ է ռուսների իրական մարտադաշտը: Ամերիկացիները ռմբահարում են Լիբիան, իսկ ռուսները հարվածում են Վաշինգտոնի հեղինակությանը: Այդ պատճառով էլ Ռուսաստանի ճշմարիտ ձանը պետք է փնտրել ոչ թե այդ երկրի նախագահի, այլ վարչապետի խոսքերի մեջ: Դերերի հստակ բաշխում է տեղի ունեցել: Մեկը մեղադրանքներ է շպրտում գերտերությունների դեմքին, մյուսը հարթում է սուր անկյունները: Սակայն առաջինի տպավորությունն է ամենաուժգինն ու մտապահվողը:
Նման դեպքերի համար ռուսներն ունեն նաև «էպիզոդային» դերակատարներ: Դրանցից մեկն էլ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին է, ում լեզուն ոսկոր չունի: Հենց նա էր, որ օրերս այն համոզմունքը հայտնեց, թե շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա նաև ցամաքային ներխուժմանը Լիբիա և կընդունի 3-րդ բանաձևը: Դրանից հետո Ժիրինովսկին դիմեց Նոբելյան կոմիտեին` խնդրելով զրկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նոբելյան մրցանակից: Վլադիմիր Վոլֆովիչի կարծիքով, Օբամային այդ մրցանակի հանձնումը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ գործողություններին: «Այդ ինչպիսի խաղաղապահններ են դրանք, որ «Թամահաուք»-ներով ռմբակոծում են ողջ երկրի տարածքը»,- բացականչել էր նա ու հավելել, որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» են և կարող են դիտարկվել որպես «գաղութարարական քաղաքականություն»:
Հաջորդ ապտակը հասցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ով, ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, հրապարակավ ստորացրեց իր գործընկեր Ռոբերտ Գեյթսին ու ողջ ամերիկյան վարչակազմին, երբ միջազգայի հանրությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեղադրեց Լիբիայի խաղաղ բնակչության սպանելու մեջ և կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Նույն թերթը նշել էր, թե Սերդյուկովը Գեյթսի ներկայությամբ բառացիորեն «նախատել է Օբամային»։
Խնդիրը, որն իր առաջ դրել է Ռուսաստանը, առայժմ կատարվում է անխափան: Վերջին խոսքը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինն էր, ով երեկ հայտարարեց, թե «Հաղորդագրություններ կան Քադաֆիի զորքերի դեմ օդային հարձակումների, զինված ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մասին: Այն երկրները, որոնք պարտավորվել են կատարել Անվտանգության խորհրդի բանաձևը, պետք է հաշվի նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի, այլ ոչ՝ ուրիշ կառույցների հետ»: Այդ կողմնակի կառույցների թվում Լավրովն առաջին հերթին նկատի ուներ ՆԱՏՕ-ին, որը ստանձնեց լիբիական օպերացիայի հրամանատարությունը: Եվ դա ասվում է` նկատի ունենալով, որ ապրիլի 15-ին Բեռլինում տեղի է ունենալու ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Մեծ է հավանականությունը, որ խորհրդակցության ընթացքում Լիբիայում առկա իրավիճակի մասին հարցը կլինի առանցքային։ Սակայն սա կարող է չափազանց ուշացած և ժամանակավրեպ երկխոսություն լինել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում իրադարձությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքերը մտան Մոսկվա

17 Մրտ

Եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակություն բառն այս դեպքում շատ նեղ հասկացություն կարելի է դիտվել, քանի որ Էրդողանի հետ Մոսկվա են ժամանել ահռելի թվով թուրք պաշտոնյաներ, կառավարության անդամներ, ինչպես նաև մի քանի հարյուր գործարարներ: Զարմանալի չէ, որ այդ բազմամարդ ուղևորությունն առաջին բանն էր, ինչը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ թուրքական թերթերը նույնիսկ գրեցին, թե այցը պատմական են համարում, քանի որ «ողջ կառավարությունը ժամանակավորապես տեղափոխվում է Ռուսաստան»: Սակայն այս հանգամանքը բոլորովին չի մտահոգել ռուսներին: Ինչպես ասում են, մեծ նպատակները մեծ զոհաբերումներ են պահանջում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշեց Էրդողանի հետ աշխատանքային ճաշը դարձնել Թուրքիայի վարչապետի այցի օրակարգի առաջին միջոցառումը: Մի սեղանի շուրջ երկու երկրների առաջնորդները քննարկեցին տնտեսական համագործակցությանը, այդ թվում էներգավառելիքային ոլորտին առնչվող հարցեր: Ժամանակը լիովին բավարար էր նաև անդրադառնալու տարածաշրջանային խնդիրներին, կարծիքներ փոխանակելու ինչպես Իրաքի, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Այսօր Մեդվեդևի ու Էրդողանի բանակցությունները կշարունակվեն բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Այդ նպատակի համար մոտ 200 թուրք գործարարների հետ Մոսկվա է եկել նաև Թուրքիայի արտաքին առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով այժմ «Ուկրաինա» հյուրանոցում իրեն զգում է տանտիրոջ պես և այն համոզմանն է, որ երկու երկրների միջև հիշյալ խորհրդի ստեղծումը վկայում է նրանց տնտեսական բարձր կապերի մասին: Սպասելիքներն առավել քան մեծ են: Կողմերն այժմ նպատակադրվել են, որպեսզի ավելացնեն իրենց ներդրումների ծավալը` հասցնելով այն 7-ական միլիարդ դոլարի: Բայց սա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Թուրքիան շինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ողջ աշխարհում, որի 18 տոկոսը միայն բաժին է ընկնում Ռուսաստանին: Վերջին 20 տարիներին Թուրքիան Ռուսաստանում իրականացրել է 33.7 միլիարդ դոլարի շինարարություն: Եվ ուրեմն ինչու՞ չպահպանել ու չբազմապատկել դրա տեմպերը:
Ռուսների գրկաբաց ընդունելությունը նույնպես իր շարժառիթներն ունի: Այստեղ ամենևին չեն թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից իրենք պարզապես չեն կարող հրաժարվել: Արդեն թվարկվածներից զատ Մոսկվայում նրանք պատրաստվում են քննարկել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցեր: Ամենայն հավանականությամբ խոսք է լինելու նաև պաշտպանական ոլորտում փոխգործակցության մասին: Կարևորագույն խնդիրների շարքում հարկ է նշել այն փաստը, որ Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին Էրդողանն արդեն հայտարարել է: «Մենք ցանկանում ենք լիովին հանել սահմանափակումները մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, թեև որոշ ուղղություններով ու որոշ խմբերի համար նման ռեժիմն արդեն գործում է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Մոսկվայում բանակցող կողմերը չեն շրջանցի նաև իրադարձությունների թելադրանքով առաջին պլան մղված մտահոգությունները: Իսկ նման անհանգստության պատճառ կարող է դիտվել Ճապոնիայի աղետաբեր երկրաշարժը, ինչը Թուրքիայում անարձագանք չի մնացել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի աջակցությամբ այդ երկրում կառուցվում է առաջին ատոմակայանը: Եվ այժմ Անկարան պատրաստվում է դիմել Ռուսաստանին` խնդրելով վերանայել ատոմակայանի անվտանգության համակարգին ներկայացվող պահանջները:
Ահա այս խիստ գործնական ու լարված շփումների ֆոնի վրա էլ ի հայտ է գալիս մի կնճիռ, որի սկզբնաղբյուրը Հայաստանում է: Բանն այն է, որ այսօր 1921 թվականի Մոսկվայի` ռուս-թուրքական պայմանագրի 90-րդ տարելիցն է: Այդ չարաբաստիկ պայմանագիրը, որի արդյունքում մեր երկիրը տրոհվեց, մինչ օրս շարունակում է մնալ հայ-թուրքական ու ռուս-հայկական հարաբերությունների մռայլ էջերում: Եվ այժմ Հայաստանում կարծում են, որ Էրդողանի այցի ամսաթվային համընկնումը բոլորովին էլ պատահականություն չէ և դա հատուկ է կազմակերպվել` հիշեցնելու Մոսկվայի ամոթալի պայմանագրի ստորագրումը։ Ավելին ասենք: Նույնիսկ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ղարաբաղի հարցով Սոչիի բանակցություններից հետո Մոսկվայում ռուս-թուրքական զույգը համաձայնության կգա այն խնդրի շուրջ, թե ինչ է ստանալու Ադրբեջանը իր դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Մի խոսքով, մի մեծ դավադրություն, որի արդյունքում ինչպես նախորդ, այնպես էլ այս դարասկզբին Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների թակարդում:
Թե որքանով է նման բացատրությունը հիմնավոր և ինչ է դրանից հետևում, դժվար է ասել: Բայց այս կարգի մտքերը հարուցեցին Մոսկվայի տարակուսանքը: Արձագանքելով հայերի մտահոգությանը, ռուսները շտապեցին պարզաբանել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա չի կարելի պայմանավորել պատմական ենթատեքստով: «Հնարավոր է, թուրքական կողմը պատմական ինչ-որ շեշտադրումներ մտածել է, սակայն նույնը չի կարելի ասել ռուսական կողմի մասին»,- հայտարարեց ռուսաստանյան Ռազավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, Ռուսաստանը որևէ կերպ ցանկություն չունի վիրավորել հայ ժողովրդի զգացմունքները: Իսկ ահա հայերը, պարզվում է, արդեն վիրավորվել են:
Ի դեպ, այսօրվա հետ համընկնող ևս մի տարելիցի մասին կարելի է խոսել: Լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարության 8-րդ տարին: Սակայն այս զուգադիպության առնչությամբ հայկական կողմը դեռևս որևէ առարկություն չի հնչեցրել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առաջընթաց հանուն ոչինչի՞

24 Հնվ

Համաձայն տարածված տեղեկատվության, այսօր Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի քննարկման գլխավոր թեման, ինչպես դա լինում է սովորաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Փաստացի սա եռակողմ շփումների այս տարվա մեկնարկն է` պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ: Թերևս կարելի է նաև ռուսական կողմի այս քայլն ընկալել իբրև հիշեցում այն մասին, որ նա շարունակում է պահպանել իր որոշիչ դերակատարումը Կովկասյան տարածաշրջանում, ինչի մասին օրեր առաջ բաց տեքստով հայտարարերց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դեռ երկու շաբաթ առաջ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով սպասվելիք բանակցությունների մասին, նա իր ելույթում առանձնակի շեշտադրությամբ արտասանեց հետևյալ միտքը. «Կարգավորման այս էտապում ամենակարևորը հարցին չխանգարելն է, որովհետև երբ ներգրավվում են այնպիսի ամբիոններ, ինչպիսին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, հարցը քննարկումների դաշտից հասարակական բանավեճի դաշտ է տեղափոխվում»: Ռուս նախարարի խոսքից կարելի էր հետևություն անել, որ միջնորդ միջազգային կառույցների մարտավարությունն անարդյունք է, նրանց որդեգրած հրապարակային գործունեությունը հակամարտության թեմայի շուրջ բոլորովին էլ չի նպաստում տեսակետների մերձեցմանը, այլ, ընդհակառակն, ավելի է բարդացնում մոտեցումները և սրում կողմերի միջև եղած հակասությունները:
Իսկ այս դեպքում ո՞րն է ռուսական «մոդուլի» գերազանցությունը և մասնավորապես այսօր ի՞նչ օրակարգով են նրանք պատրաստվում կողմերի հետ քննարկման նստել: Նախօրոք հրապարակված լրատվության համաձայն, հանդիպման տրամաբանությունը կառուցված է փոքր քայլերով տեղաշարժվելու հեռանկարի վրա: Ըստ ծրագրի, երեք երկրների արտաքին գործերի նախարարները այս շփումների ժամանակ ևս ձգտելու են գտնել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ, եթե համեմատելու լինենք մյուս` արդեն իսկ համաձայնեցված հարցերի հետ, սակայն համարվում են շատ ավելի բարդ:
Նպատակն, իհարկե, խրախուսելի է: Բայց այլ հարց է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ տրամադրվածությամբ է գնում այդ երկխոսությանը և որքանով է պատրատ կառուցողական դիրքորոշում դրսևորել: Առաջին հերթին մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ (ինչպես արդեն շատ անգամներ ականատես ենք եղել) բանակցություններից առաջ հայ-ադրբեջանական շփման գոտում իրավիճակը կտրուկ լարվեց: Բազմապատկվեցին ինչպես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, այնպես էլ երկուստեք կորուստներ ունեցան: Իսկ դա ներկա պահին կարող է նշանակել միայն մի բան. Ադրբեջանը նախկինի պես սադրիչ գործողությունները կիրառվում է իբրև բանակցային գործընթացի վրա ճնշման մեխանիզմ, ինչն էլ իր հերթին մղում է այն հետևությանը, որ Բաքուն այս պահին առավել արդյունավետ ազդակ կամ խաղաղ մրցակցության միջոց չունի:
Այդ բանը տեսնում ու հասկանում են Հայաստանում: Եվ առաջին հերթին հասկանում են այն, որ մոտ ժամանակներս խաղաղ երկխոսությունից որևէ լուրջ ակնկալիք ունենալը միամտություն կլինի: Քանի դեռ կողմերն ունեն ծայրահեղորեն իրարամերժ մոտեցումներ ու հակոտնյա գործելաոճ, ի՞նչ փոխզիջման կամ համաձայնության մասին կարող է խոսք գնալ: Սա է պատճառը, որ այսօրվա եռակողմը ժամանակից շուտ արդեն կնքվել է «հերթական հանդիպում» ոչինչ չասող ու ոչինչ չխոստացող անունով: Մեծ է հավանականությունը նաև այն բանի, որ վաղը պաշտոնական լրատվությունը կծանուցի, թե Մոսկվայի բանակցություններից հետո ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ մի քայլ առաջընթաց է գրանցվել, իսկ մասնակիցները վստահեցրել են, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դիվանագիտական շփումների միջոցով հասնել ցանկալի հանգուցալուծմանը: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ իրականության մեջ Ադրբեջանն իր քաղաքականությամբ նպատակ ունի մշտական լարվածության մեջ պահել բանակցային գործընթացը, հաստատել իր այն թեզը, թե պատերազմը դեռ չի ավարտվել ու ցանկացած պահի այն կարող է վերսկսել:
Հատկանշական է, որ Մոսկվայի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղակի հրաժարվել է որևէ մեկնաբանություն կամ կանխատեսում անել հնարավոր արդյունքների մասին: Փոխարենը այդ երկրի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին բարձր է գնահատել Ռուսաստանի նախաձեռնությունը` գտնելով, որ այն էական դեր ունի, քանի որ Ռուսաստանը նպաստել է հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանցի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս անցկացվող նման հանդիպումների նախաձեռնությունները կոորդինացված են համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև: Իսկ ահա այն մասին, թե որքանո՞վ է իրատեսական բեկում ակնկալել այդ տեսակցություններից, Գուրբանլին ասել է, որ դրա համար անհրաժեշտ է գերտերությունների ճնշումը, և կտրուկ փոփոխություններ բանակցություններում կարող են լինել միայն այն դեպքում, եթե գերտերությունները ցանկանան դա:
Ստացվում է, որ համաձայն Բաքվի պատկերացումների, ամեն բան որոշելու են արտաքին ուժերը, իսկ երկկողմ կամ եռակողմ բանակցությունները սոսկ խնդրի ձևական կողմն են, մի շարունակական արարողակարգ, որից չի կարելի խուսափել, քանի որ այդ դեպքում ապակառուցողականի պիտակը վաստակելու սպառնալիքը կա:
Ասվածին հավելենք նաև, որ արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, թե արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո պետք է ակնկալել նույն երկրների առաջին դեմքերի անխախտ ձևաչափով բանակցությունները: Բայց եթե դիվանագետների շփումները նշանակալի արդյունքի չհանգեցնեն, ապա նախագահներին հազիվ թե հաջողվի որևէ ձեռքբերում գրանցել: Դա արդեն կլինի նույն բանի կրկնությունը, պարզապես մեկ աստիճան բարձր մակարդակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պատերա՞զմ եք ուզում, դուք այն կստանաք»

16 Դկտ

Կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր: Մոսկվայում ծայրահեղ ազգայնականների ելույթներից ու անկարգություններից հետո տուժված կողմը` այսինքն նրանք, ում տեղացիները անվանում էին կովկասցիներ կամ սևեր, հայտարարեցին, որ պատահածն անպատիժ չի մնա և դեկտեմբերի 15-ին նախատեսել են Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրիժառության ակցիա: Մի քանի օր շարունակ լուրեր են շրջանառվում, որ Կովկասից Մոսկվա են ժամանում մարդկանց մեծ խմբեր` ազգայնամոլներից վրեժ լուծելու համար, իսկ ինտերնետային կայքերը հեղեղված էին սպառնալիքներով ու հակառուսական արտահայտություններով: Ֆան-ակումբներից մեկի կայքէջում ուղղակի հարցնում էին. «Պատերա՞զմ եք ուզում, դուք այն կստանաք»:
Պատերազմն, իհարկե, տեղի չունեցավ: Բայց զգուշացումները հենց այնպես չէին: Նախանշված օրը Մոսկվան հիշեցնում էր մի քաղաք, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարված և կամ սահմանվել էր պարետային ժամ: Քաղաքի ոստիկանությունը պատրաստվածության բարձր մակարդակի էր բերվել՝ կանխելու արմատական հայացքներ ունեցող երիտասարդների կողմից իրականացվող սադրանքները, ամենուր շրջում էին հատուկջոկատայինները, սակայն նույնիսկ նրանց ներկայությունն ի զորու չեղավ կանխելու ծրագրվածը:
Երեկոյան քաղաքի Կիևյան կայարանի հրապարակում, որտեղ ուժեղացված հսկողություն էր, տեղի ունեցան առաջին բախումները: Այնուհետև ամբողջ գիշեր հակասական լուրեր էին ստացվում քաղաքի տարբեր ծայրերից: Մերթ «Եվրոպական» առևտրի կենտրոնի առջև էին բախումներ արձանագրվում սլավոնական ու կովկասյան արտաքինով երիտասարդների միջև, մերթ կովկասցիների մեծ խմբեր էին հավաքվում Լուժնիկի շրջանում, մերթ ընդհարումներ էին տեղի ունենում «Սմոլենսկայա» հրապարակում, մերթ հաղորդվում էր, թե 350-400 ազգայնականներ փորձել են խափանել Մեծ Դորոգոմիլովսկի փողոցի երթևեկությունը կամ մարդիկ են կուտակվել «Աերոպորտ» կայարանում: Մի խոսքով, ոստիկանությունն իրականում անզոր էր կանխելու «բեսպրեդել» կոչված տարերային երևութը: Օրվա վերջում խոսվում էր 30 տուժածների և մեկ զոհի մասին: Ձերբակալվել էին անկարգության շուրջ 1200 մասնակիցներ: Առգրավել էին գազային ատրճանակներ, մահակներ, սառը զենք, երկաթե ձողեր և նույնիսկ սամուրայի թուր: Նույն ժամանակ ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ համանման բախումներ են տեղի ունեցել նաև Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում և երկրի այլ քաղաքներում:
Բոլորն են հասկանում, որ սա դեռևս ընթացք է: Ոչինչ չի ավարտվել, այլ, ընդհակառակն, նոր լիցքեր ու նոր որակներ է ձեռք բերելու տևական ժամանակների համար: Այս օրերին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հորդորում էր մարդկանց վերահսկել զգացմունքները, հակառակ դեպքում «բավական է մեկ անգամ չդիմանալ, և դատապարտված ենք հավերժ թշնամանքի»: Սակայն արդյո՞ք անկեղծ էր նրա մտահոգությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ ռուսական վերնախավում քչերին է անհանգստացնում հասարակության ներսում քսենոֆոբիայի դրսևորման վտանգը: Նույնիսկ նախագահ Դ. Մեդվեդևը այդ հարցի շուրջ խոսելիս ընդամենը հիշատակեց այն հանգամանքը, թե Ռուսաստանը չի կարող «յոլա գնալ» առանց աշխատող միգրանտների, ու դեռ հավելեց, որ նրանց ներգրավվածությունը չպետք է ռուսաստանցիների հաշվին լինի։ Կարելի էր կարծել, որ մայրաքաղաքում ծայր առած խժդժությունները հրահրվել էին սոցիալական հողի վրա և սոսկ կենցաղային անհարմարություններ էին: Վարչապետ Պուտինն ընդհանրապես հրաժարվեց խոսել այս նյութի մասին` առիթ տալով մտածել, որ եթե պետության կողմից ռեալ կանխարգելում չկա, ուրեմն այդ գործողությունները տեղի էին ունենում հենց վերևների թողտվությամբ:
Ի դեպ, անպատասխան հարցերը նոր չէ, որ զանազան հավանական ու անհավանական ենթադրությունների տեղիք են տալիս: Օրինակ, Վրաստանի խորհրդարանում այս օրերին կարծիքներ հնչեցին այն մասին, թե արմատական ազգայնականության սարսափելի դրսևորումները, որ եղան Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, կրում են «Պուտին» և «Մեդվեդև» անվանումները: Վրացիներն, իհարկե, կարող են նաև ավելի թունդ բաներ ասել ռուսների հասցեին: Իսկ ի՞նչ են մտածում մեր հայրենակիցներն այնտեղ և այստեղ:
Ռուսաստանի հայերի միությունը մոսկվաբնակ հայերին կոչ արեց չտրվել սադրանքներին ու չմասնակցել կովկասցիների կողմից կազմակերպված զանգվածային ակցիաներին: Բայց ոչ բոլորը ցանկացան հնազանդվել այդ պահանջին: Ճիշտ է, նրանք մինչ այս պահը առանձնապես ակտիվ մասնակցություն չեն ունենցել իրադարձություններին, այնուհանդերձ հայտնի է, որ մեծ մասը խուսափում է օգտվել հասարակական տրանսպորտից, հատկապես` մետրոյից։ Սա առայժմ չես անվանի խուճապային տրամադրություն, սակայն տագնապն առկա է։
Մոսկվայում ՀՀ դեսպանատնից երեկ հայտնեցին, թե շուտով կատարվածի առնչությամբ Հայաստանի դեսպանատունը և ԱԳՆ-ն հանդես կգան հայտարարությամբ, որում կներկայացնեն դեպքերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն: Իրենց սովորության համաձայն, մեր դիվանագետները կամ ընդհանրապես ոչինչ չեն ասում, կամ խոսում են այն ժամանակ, երբ նրանց խոսքն այլևս որևէ արժեք չի ունենում: Այնպես որ, դեսպանատան հաղորդածը հազիվ թե որևէ նոր բան հավելի ասվածին:
Վերադառնալով ազգային հողի վրա տեղի ունեցող վերջին բռնություններին, նկատենք, որ դրանք այս անգամ լիովին «կովկասատյացության» թույնով ներարկված չէին: Միջէթնիկ բախումներն ուղղված էին համարյա բոլոր օտարերկրացիների դեմ` լինեն դրանք չեչեններ, դաղստանցիներ, հայեր ու վրացիներ, թե Միջին Ասիայի երկրների ներկայացուցիչներ, մոլդովացիներ և այլն: Այսինքն նախկին` «կովկասյան ազգության ներկայացուցիչների» նկատմամբ վերաբերմունքը փոխության է ենթարկվել ու դրա հետ մեկտեղ ձեռք է բերում քաղաքականացվելու միտումներ: Առանցքային կարգախոսի իմաստն այժմ կայանում է այն բանում, որ երկրի տերը ռուսներն են, այլ ոչ թե ռուսաստանցիները: Թե ինչի դա կհանգեցնի` դժվար չէ կռահել: Արդյունքում ոչ միայն հալածվող մարդիկ լքեն Ռուսաստանը` վերադառնալով իրենց երկրները, այլև նույն վերաբերմունքին կսկսեն արժանանալ այն ռուսները, որոնք գտնվում են մյուսների հողում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մոսկովյան կրակները և դրանց ծուխը

13 Դկտ

Հինգ օր շարունակ Մոսկվան չէր հանդարտվում այն բանից հետո, երբ «Սպարտակ» ֆուտբոլային թիմի խաղի ավարտին Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք ծագեց հյուսիսկովկասցիների ու ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև։ Վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակով սպանեց մոսկվացի Սվիրիդովին: Այս պատահարը բավական էր, որպեսզի դրանից զայրացած Ռուսաստանի մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբների երկրպագուները որոշեին Մոսկվայում «ռուս մարդկանց» ակցիա կազմակերպել: Մի քանի հարյուր երիտասարդեներ հավաքվեցին Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ մասնակցելու չարտոնված ցույցին։ Իսկ այն, որ ներկայացված հրաշալի հնարավորությունը լիովին օգտագործեցին քաղաքի ծայրահեղական-ազգայնական խմբավորումները, թերևս կարելի էր կանխատեսել առանց դժվարության: Բանն այն է, որ երթի անվանումն ինքնին դուրս էր ամեն կարգի սպորտային հետաքրքրությունների շրջանակներից, և հետագայում դրա կազմակերպիչները որքան էլ փորձեին արդարանալ, թե իրենք որևէ ընդհանուր բան չունեն շովինիստների հետ, նրանց խոսքերին հավատ ընծայելն այնքան էլ հեշտ չէ: Ի վերջո, հենց այդ խաղաղ ֆուտբոլասերներն էին, որ առաջինը բացականչեցին «Ռուսներ, առաջ», ինչին անմիջապես հաջորդեցին ազգայնականների առաջնորդներից Դմիտրի Դեմուշկինի կողմնակիցների պահանջ-բացականչությունները`«Կորչեն կովկասցիները»: Նույնն այս Դեմուշկինն ու նրա նմաններն էին, որոնք քաղաքային իշխանություններին կոչ էին անում լսել երկրպագուների կարծիքը։ «Նրանք հասկացնում են, որ եթե միգրացիոն քաղաքականության մեջ կարգուկանոն չմտցվի, ապա կարող է պայթյուն լինել, որը դժվար կլինի կանգնեցնել»,- իրենց քայլերը փորձում էին հիմնավորել նրանք և նույն պահին էլ սեփական պատկերացումների շրջանակներում «կարգուկանոն» էին հաստատում միգրացիոն քաղաքականության մեջ` մետրոպոլիտենի կայարաններում, հրապարակներում ու փողոցներում ծեծելով ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիներին, վիրավորելով ու ծաղրուծանակի ենթարկելով կովկասցիներին: Այդ նույն ժամանակ արդեն մի քանի հազարի հասած ամբոխին հրահանգ տրվեց գրոհել ոստիկանների վրա ու ջարդել ձեռքի տակ եղած ամեն բան: Իրավապահների և ցուցարարների միջև սկսեցին բախումները: Նշենք, որ միաժամանակ ֆուտբոլոասերների անվան տալ սափրագլուխների կողմից ցույցեր ու անկարգություններ հրահրվեցին նաև Սանկտ Պետերբուրգում: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, 19 մարդ հոսպիտալացվեց: Նրանցից մեկը վախճանվեց հիվանդանոցում: Մոսկվայի ոստիկանության տվյալներով, հանրահավաքից հետո ընդհանուր հաշվով ձերբակալվեցին 65 մարդ: Սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ այս թվերն անհամեմատ ավելին են:
Այսօր Ռուսաստանի իշխանությունները` նախագահից մինչև ՆԳ նախարար ու շարքային ոստիկան վրդովված և տարակուսած պատասխաններ են փնտրում երկրի մայրաքաղաքը մի քանի օր շարունակ քաոսային վիճակում պահած դեպքերի առթիվ: Եթերը հեղեղված է զանազան գործիչների ու մտավորականների դատապարտող ելույթներով, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող մխիթարիչ կամ հուսադրող լինել ոչ տուժողների, ոչ սադրիչների համար: Հասկանալի է նաև, որ այս մի քանի օրերի ընթացքում ծեծված ու հալածված կովկասցիների պաշտպանության համար ոչ ոք ցույցեր չի կազմակերպի և չի բողոքի նրանց իրավունքների ոտնահարման դեմ: Սա էլ արդարության մեկ ուրիշ դեմքն է` վելիկոռուսականության դիմագծերով:
Ինչ խոսք, մեկ մարդու կյանքն արժանի է այն բանի, որպեսզի երկիրը ցնցվի, և ռուս ֆուտբոլասերի մահը ողբերգություն է ամեն դեպքում: Սակայն այդ դժբախտությունը սոսկ երկար ու անվերջանալի շղթայի ընդամենը մի օղակն է, որն իր ետևից թողել է բազում մահեր, խեղված ճակատագրեր, չպատժված հանցագործություններ, որոնց սնուցող աղբյուրը միշտ և ամենուր մեկն է` ազգատյացությունը: Ով` ով, բայց հայաստանցիներս լավ գիտենք, թե դա ինչ բան է և չենք մոռացել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր Ռուսաստանի տարբեր անկյուններում այդ չարիքի զոհերն են դարձել:
Սակայն արդյո՞ք դա չարիք է միայն նրանց համար, ովքեր սպանվում կամ խոշտանգվում են: Ռուսաստանի նման բազմազգ պետության ներսում առաջին հայացքից նույնիսկ անհեթեթ է հնչում «Ռուսաստանը` ռուսներին» կարգախոսը և հասկանալի է դառնում, որ ազգայնականների պայքարն ամենևին էլ ուղղված չէ միայն միգրանտների կամ կովկասցիների դեմ: Դրա արմատները շատ ավելի հեռուն են գնում` հասնելով մինչև անթույլատրելի խորությունների, որոնք առաջին հերթին վտանգավոր են հենց ռուսաստանցիների համար: Եվ այն ներքին քաղաքական ուժերն ու կառույցները, որոնք այսօր նյութապես ու բարոյապես խրախուսում են նացիստական լոզունգներով և գաղափարախոսությամբ առաջնորդվող խմբերին, շատ ավելի վտանգավոր թշնամիներ են ռուսների համար, քան Ռուսաստանի իրական ու երևակայական հակառակորդները կարող են լինել:
Ատելությունը ատելություն է ծնում: Խտրականությունը փոխադարձվում է: Վախն ու անպաշտպանվածությունը ջնջում են վստահության հետքերը: Սակայն դեպի ներս բացված ատելության վերքերը անբուժելի են:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍԵՎԱԿ ԵՎ ՍՏԱԼԻՆ. ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

17 Հկտ

Ստալինյան տոտալիտար ռեժիմի պայմաններում ծնունդ առնող մշակույթը չէր կարող լինել լիարյուն, ինքնաբուխ և ճշմարտացի: 1930-50-ական թվականներին խորհրդային արվեստագետից պահանջվում էր հետամտել միայն մեկ նպատակ` շեփորել կայսրության առավելությունները, երկրի առաջնորդների ու կոմկուսի որդեգրած գծի անսխալությունը: Նրանք, ովքեր համարձակվեցին չհնազանդվել այդ թելադրանքին, հատուցեցին իրենց կյանքով: Եվ ուրեմն բռնությունների, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո կեղծ կուռքերի փառաբանումն արվեստագետների ու գրողների համար այլ բան չէր, քան գոյության իրավունքի վերջին անցաթուղթը: Այդ իսկ պատճառով էլ այսօր` տասնամյակների հեռվից, երբ փորձեր են արվում գնահատել դրանք իբրև մեղանչում սեփական խղճի և համոզմունքների առաջ, ապա նման դատավճիռները ոչ միայն արդարացի չեն, այլև պատեհապաշտական դրսևորում են` հրապարակ բերված հետին ամսաթվով: Բացառությամբ առանձին դեպքերի, երբ գործ ունենք երդվյալ ջատագովների ու հաճկատարների հետ, այդ ստեղծագործական ու գաղափարական նահանջները պետք է մակաբերվեն ոչ այլ կերպ, քան իբրև հարկադրական տուրք ժամանակի սևեռումներին ու կաղապարված պատկերացումներին: Միայն ու միայն նմանօրինակ մոտեցման համատեքստում է հնարավոր անաչառ հայացք նետել մեր մշակույթի երախտավորների ժառանգության այն հատվածի վրա, որ լույս աշխարհ եկավ հոգևոր ամլության այդ ժամանակաշրջանում:
Շատերի հետ մեկտեղ նման խոտորումներից զերծ չմնաց նաև Պարույր Սևակը: Մինչ օրս անտեսվել կամ միտումնաբար շրջանցվել են Սևակի վաղ շրջանի այն գործերը, որոնք կրում են մարտնչող սոցռեալիզմի և սխեմատիզմի կնիքը: Դրանք երբեք չեն ընդգրկվել գրողի երկերի հատորյակներում, առանձին ժողովածուներում, այդ մասին չի հիշատակվել կենսագիրների ու գրականագետների ուսումնասիրություններում: Առաջին հայացքից նույնիսկ անհավատալի պիտի թվա հենց միայն այն միտքը, որ Պարույր Սևակը կարող էր բանաստեղծություններ ձոնել Իոսիֆ Ստալինին և սիրելի կուսակցությանը: Սակայն դա անժխտելի փաստ է: Եվ այսօր դրանց մասին խոսելու անհրաժեշտությունը պայմանավորում ենք ոչ միայն անհայտ էջերը բացահայտելու ցանկությամբ, այլև այն պարզ տրամաբանությամբ, որ գրողի յուրաքանչյուր գործ նրա ստեղծագործական շղթայի մի բաղկացուցիչն է, առանց որի թերի կլինի թե տաղանդի անցած ճանապարհի և թե նրա աշխարհայացքի ձևավորման հոլովույթի ընկալումը:
Սևակի` Ստալինին ձոնված բանաստեղծություններից առաջինի գրության շարժառիթի մասին կա մի պատմություն, որը հաստատվում է ժամանակակիցների վկայություններով: 1951 թ. գրողների միության վարչության պլենումի ժամանակ այլոց շարքում քննադատական խոսքեր են հնչում նաև Պարույր Սևակի հասցեին: Բոլորն էլ հասկանում էին, թե բանաստեղծի համար ինչ հետևանք կարող էր ունենալ նման «ուշադրությունը»: Եվ ահա այդ նույն գիշեր մայրաքաղաքի Սվերդլովի փողոցում Սևակի վարձած բնակարանի դուռը թակում են: Շեմքին կանգնած էր Նաիրի Զարյանը: Նա եկել էր խորհուրդ տալու իր կրտսեր գրչընկերոջը, որպեսզի վերջինս Ստալինին նվիրված բանաստեղծություն գրի: Սևակը սկզբում կտրուկ մերժում է առաջարկը: Սակայն Զարյանը համառում է և զգուշացնում, որ հակառակ դեպքում նրան կարող են ձերբակալել: Ընտրություն չկար: Ստիպված էր գործել իր կամքին հակառակ:
Սակայն ի՞նչ գրել:
1950 թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակի օրը Երևանում աննախադեպ հանդիսություններով տեղի էր ունեցել Ստալինի հուշարձանի բացման արարողությունը: Այն օրերի մամուլը գրել էր. «Այդ հոյակապ մոնումենտի մեջ մարմնացել է հայ ժողովրդի անհուն սերն ու անձնվիրությունը իր ազատարարին, սովետական ժողովրդի փառահեղ հաղթանակների ոգեշնչող ու կազմակերպիչ իմաստուն ընկեր Ստալինին…»: Եվ Սևակը որոշում է գրության նյութ դարձնել հենց այդ իրադարձությունը: Այդպես ծնվեց «Առաջնորդի մոնումենտը» բանաստեղծությունը:

ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՆՈՒՄԵՆՏԸ

Այս հինավուրց հայտնի հողում,
Ուր Արարատն է շողշողում,
Երազանքով ու տքնությամբ բույն է հյուսել մի ժողովուրդ,
Որ սիրում է մուրճ ու մանգաղ, խոփ ու բրիչ, բահ ու գրիչ,
Որ հավատի երգ էր հյուսում իր ցավերից ու վշտերից,
Որ կերտում էր, կառուցում էր, համր քարին լեզու տալիս,
Իր հույսերին տալիս էր ձև, իր հավատին՝ ամուր խարիսխ….
Այսպես՝ դարեր նա կառուցեց, կառուցածն իր տեսավ կործան,
Նա մարտնչեց հերոսաբար, ընկավ, նորից վեր բարձրացավ,
Եվ անրջեց իր հողը սուրբ, իր ապագան փրկված տեսնել
Աղետներից, կործանումից ու ձեռքերից դաժան ու սև:
Եվ նա տեսավ: Մեծ Ռուսիայից Հոկտեմբերյան այգը ծագեց,
Ալիքվելով՝ Նոյեմբերին նա¨ այստեղ փայլատակեց:
Հզոր կամքով մեծ Լենինի, Ստալինի ձեռքով պողպատ
Իմ ժողովուրդն արյունաքամ, իմ ժողովուրդն սպիապատ
Վերածնվեց, նորից կերտեց ու կառուցեց՝ հավատացած,
Որ սյուները էլ չեն ջարդվի, կամարները չեն թափվի ցած,
Որ իր բախտի, իր գալիքի լայն կամարը հրաշալի
Խարսխված է եղբայրության սիրաշաղախ սյունաշարին,
Որ կառուցման իր սեգ ոգին ազատված է արդեն հավետ,
Որ խոյանք է նրան տալիս մի հանճարեղ ճարտարապետ,
Մի մարդ , որին պարտական է իր ներկայով և գալիքով….
Եվ ժողովուրդն իմ շինարար , բազմադարյան իր տարիքով
Երեսնամյա ջահելության իր կորովով անհատնելի,
Իր կառուցման ամբողջ ուժով, ճարտարությամբ իր մատների,
Պայծառ՝ նման իր երազին և անխորտակ՝ իր հույսի պես
Հրաշագործեց մի սեգ Քանդակ, մի Մոնումենտ չքնաղ ու վես:

Կառուցում չէ դա հասարակ՝ կերտված քարից ու շաղախից,
Մեր երազն է դարձել սեգ սյուն, մեր հավատը՝ հեղյուս ու խիճ:
Պատվանդան է դարձել նրան այն ամենը բարձր ու վսեմ,
Ինչ ժողովուրդն իմ հինավուրց պահպանել է հոգում լուսե,
Եվ արդ, ահա,երբ փրկվել է իր այսօրը և ապագան,
Մարմնավորել իր հույսերը, երազանքներն անապական,
Իբրև պալատ կամարակապ և սյունաշար գեղաքանդակ
Դարձըրել է սեգ պատվանդան, դրել նրա ոտքերի տակ:
Այդ փառահեղ պատվանդանը չորս վերելքով է բարձրացել.
Ասես նրանք չորս հարկեր չեն, այլ չորս փուլ են կացութաձև,
Որոնց վրա կանգնել է նա՝ Առաջնորդը և հայրը մեր,
Որպես կյանքի խորհրդանիշ, կոմունիզմի համբավաբեր:

Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:

Գլխաբաց է: Եվ գլխարկը կարծես նոր է գլխից հանել,
Ողջունել է կարծես հենց նոր կամ ողջույններ է ընդունել:
Եվ գլխարկը ձեռքին է դեռ, դեռ չի ծածկել… ինչպես ծածկի,
Երբ ողջույն են տալիս նրան ոչ թե միայն իմ քաղաքի,
Ոչ թե միայն իմ աշխարհի բոլոր մարդիկ մոտ ու հեռու-
Ջահելները մեր խանդավառ, աղջիկները մեր թռվռուն,
Մեր հայրերը, մայրերը մեր, զավակները մեր սիրասուն:
Ջերմ ողջույն են տալիս նրան բազմագույն ու բազմալեզու
Բոլոր մարդիկ՝ հողագնդի գոտիներից անծայրածիր.
Բոլոր նրանք, որ ցանում են ու մնում են առանց հացի,
Բոլոր նրանք, որ այլևս նավերը չեն բեռնաթափում,
Իմանալով, որ հակերում արթուն մահն է սուտ մրափում.
Բոլոր նրանք՝ որդեկորույս մայրեր տանջված, քույրեր տրտում,
Կորստի ցավն իրենց հոգում, վշտի բեկորն իրենց սրտում.
Բոլոր նրանք, որ զարթնել են , թշնամու դեմ ելել ոտի-
Նեգրը, որի բախտը սև է, ավելի սև, քան իր մորթին,
Բազմաչարչար աֆրիկացին, որ Կոչի տակ խաղաղության
Թանաքոտած իր մատով է դրոշմում իր երազը թանկ.
Կորեացին, որ իր հողը իր արյունով է պաշտպանում,
Սեգ չինացին, որ կռվում է Տիբեթական լեռնաշխարհում
Եվ չինական վիթխարի տան ետնադուռն է ամուր փակում
Նրանց առաջ, որ դոլարով այդ դռներն են անվերջ թակում.
Եգիպտոսը, ուր համրացած սֆինքսներն ու բուրգերն արդեն
Քիչ է մնում առնեն լեզու և օտարին դուրս վռնդեն,
Հին Հելլադան, խեղճ Հելլադան, որտեղ հյուծված ու մերձիմահ
Զնդաններում մորթվող իրենց որդիների կյանքի համար
Հույն մայրերին լոկ մնում է մի վառ հույսով նստել գրել
Արցունքներից շաղված նամակ և ուղարկել նրան՝ Կրեմլ….
Ջերմ ողջույն են հղում նրան Չինաստանից մինչև Հռոմ.
Նորվեգական սառույցներից մինչ սառցապատ Երկիրն Հրո:
Ողջունում են նրան մարդիկ սրտով մաքուր, անապական,
Ողջունում են պատմությունը, ողջունում է ինքն ապագան…
Ահա ինչու գլխաբաց է ու գլխարկն է բռնել ձեռքին,
Կարծես ողջույն է ընդունում և ողջունում է ամենքին:

Կանգնած է նա բարձր ու վսեմ՝ համազգեստով զինվորական
Կանգնած է նա՝ գլուխը բաց, այնպես ջահել ու առնական:
Իսկ նրա շուրջ՝ ծառ ու ծաղիկ, կանաչ անտառ, զբոսարան,
Իսկ նրա շուրջ՝ աղբյուր, առու, իսկ նրա շուրջ՝ գյուղ ու ավան:
Անապատ էր երեկ այստեղ՝ ծածկված դեղին աղվամազով,
Քամու շնչից քաղաք խուժող թանձր փոշով ու ավազով:
…Ուր հասնում է միտքը նրա՝ ընդհատում է ավազն իր չուն,
Եվ սունկի պես՝ նոր ավաններ, քաղաքներ են հանկած աճում
Ահա այնպես, ինչպես հիմա, երբ Երևանը առնացի
Իր բազուկներն է փաթաթում բլուրների պարանոցին՝
Միշտ ձգտելով, տարածվելով դեպի վերև, դեպի հեռուն,
Որ այս Քանդակը բարձրանա մի օր արդեն իր կենտրոնում…
Եվ հայրական գուրգուրանքով նայում է նա Երևանին,
Պալատներին նրա շքեղ և արձանին այն անվանի:
Այնտեղ Լենինն է բարձրանում պատվանդանի վրա քարե,
Տիտանական իր կեցվածքով, լայն ճակատով իր հանճարեղ:
Նայում է նա դեպի այստեղ՝ բարձունքները Քանաքեռի,
Այստեղ է նա կարծես հառել սուր հայացքը իր աչքերի:
Նայում է նա ուղիղ այստեղ այնպես, կարծես ցույց է տալիս
Իր հանճարի ժառանգորդին, քեզ-Առաջնորդ, քեզ- Ստալին,
Մեզ- աշխարհում միակ մարդուն, ում սիրով է նա վստահել
Իր գործը մեծ, իր երկիրը և աշխարհի բախտը ջահել:

Պետք է ասել, որ «Առաջնորդի մոնումենտը» եղավ Սևակի` Ստալինին ձոնված առաջին, բայց ոչ վերջին ստեղծագործությունը: Նույն տարիներին նա մի քանի անգամներ ևս անդրադառնում է «ժողովուրդների հոր» կերպարին: Իսկ երբ 1953 թ. մարտին Ստալինը վախճանվեց, շատերի նման Սևակը ևս գրիչ վերցրեց` բանաստեղծելու խորհրդային երկրի ղեկավարի կորուստը.

ԽՈՍՔ ՎՇՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ
Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծին անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացընող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում…

Այսօր թաղում են նրան…Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել:
Կդադարեն հինգ րոպե, որ այնուհետ առանձին
Զորեղությամբ տրոփեն հանուն նրա սուրբ գործի:
Այսօր ամբողջ հինգ րոպե կդադարի և շարժում,
Եվ աշխատանք՝ իմ երկրի ամեն ծայրում ու մասում:
Կդադարի հինգ րոպե, որ այնուհետ անդադար
Մեր հաղթարշավն ընթանա մի կատարից նոր կատար:
Այսօր գուցե հինգ րոպե նենգ թշնամու կրակին
Վյետնամցին չի տալու պատասխանն իր շեշտակի:
Կորեացին հինգ րոպե զենքը կրծքին կսեղմի,
Որ դադար տա վրեժին և իր կսկիծը մեղմի:
Լոկ հինգ րոպե, որ հետո դադարի տեղ կարճատև
Թշնամական դիրքերում գնդակները ճարճատեն,
Գնդակները կռվողի վիշտը փոխեն վրեժի…
Այսօր գուցե հնդկացին անվերադարձ որոշի
Իր ճանապարհը կյանքում և իր կյանքը՝ աշխարհում-
Որ չքանա իր հողից անդրծովյան վաշխառուն:
Խեղճ, ալեզարդ հույն մայրեր…Ձեզ հասկանում եմ հիմա.
Իբրև վերջին հույս ու ճար էլ ո՞ւմ գրեք դուք նամակ,
Էլ ո՞ւմ խնդրեք մայրաբար, որ նա փրկի ձեր որդուն…

Վիշտը կծիկ է դարձել ողջ աշխարհի կոկորդում…
Բայց խոր սգի այս պահին մեր վշտի ցավը ահեղ
Իր տակ այն մեծ ու խորունկ գիտակցությունն է պահել,
Որ հանճարներ ամփոփող Դամբարանը Մոսկվայում
Սրբատեղի լինելով և այլ բան է վկայում:
Վկայում է այն մասին, որ աշխարհում բովանդակ,
Ամենուրեք, մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ
Ապրում է այն, ինչ արդեն դամբարանում չես պահի,
Ինչ անմահ է, անվախճան և ենթակա չէ մահի.
Այն, որ անունը նրա, ում թաղում ենք մենք այսօր,
Ինչպես առաջ՝ այսուհետ խոր հավատով ու հույսով
Պիտի հավետ ողողի բոլոր նրանց, ում համար
Վշտի մեջ են ու ցավի ոչ թե մեկ, այլ երկու մայր-
Մայր, որ ծնել է նրանց և հայրենիք հարազատ,
Որ գերված է, բայց մի օր պիտի լինի հար ազատ…

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում:
Նա մեր հոգում է կիտվում, ինչպես մեր սերն անհատակ,
Որ ի հեճուկս մահի միշտ կմնա թարմ ու տաք:
Նա մեր հոգում կարծրանում ու դառնում է սուրբ երդում,
— Վշտի կծիկ չթողնել ողջ աշխարհի կոկորդում…

Ստալինյան բռնատիրությունն ավարտված էր: Հաջորդեցին «ձնհալի» տարիները: Հետագայում Պարույր Սևակը պիտի գրեր, որ անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության 20-րդ համագումարը բացեց իր աչքերը: Դժվար է ասել, թե որքանով էր դա մոտ իրականությանը: Գուցե նա խտացնու՞մ էր գույները, գուցե դրանից էլ շատ առաջ էր հասկացել, թե ինչ էր կատարվում երկրում և ով էր դրա գլխավոր մեղավորը: Ամեն դեպքում 1962-ի գարնանային մի առավոտ շատերի պես Սևակն էլ տեսավ, որ այլևս չկար գոռ պատվանդանից քաղաքը հսկող հուշարձանը: Իսկ այն օրերի սփյուռքի թերթերն այսպես ավետեցին կատարվածը. «… Ստույգ աղբյուրե կիմանանք, որ Երևանի մեջ Արաբկիրի բարձունքին վրա հաստատված Ստալինին արձանը ( մեր օրերու Բահաղ չաստծո կուռքը) վերջերս վար առնված է: Ցավով կիմանանք նաև, որ տապալման գործողության ընթացքին արկածով մահացած է հայ զինվոր մը, որ Ստալինի վերջին զոհն է: Արձանը տապալելեն ետք ճմլված է հայկական հրասայլերով և կտորները նետված Զանգու գետին մեջ: Այժմ Երևան ունի «մաքուր երկինք մը»: Որու՞ն արձանը պիտի բարձրանա այդ հոյակապ բարձունքին վրա- Զորավար Անդրանիկի՞, Մեսրոպ Մաշտոցի՞, Սասունցի Դավիթի՞, Աղասի Խանջյանի՞ թե Անծանոթ Զինվորի»: («Սփյուռք», 17.5.1962 թ.):
Թափուր պատվանդանների, պսակազերծված հերոսների և հետայսու սրբագրված գալիքի սպաման արձագանքը պիտի դառնար Սևակի մեկ այլ բանաստեղծություն` գրված 1961-ի նոյեմբերին.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

…Երեկ ես խորհրդակցեցի Իլյիչի հետ, կարծես թե կենդանի
կանգնել էր նա իմ դեմ և ասում էր. Ինձ համար տհաճ է լինել Ստալինի
կողքին, որն այնքան չարիք պատճառեց պարտիային:
(Դ. Ա. Լազուրկինայի ելույթից ՍՄԿՊ 22-րդ համագումարում):

Օրացուցային ոտանավորի ուխտյալ թշնամի՝
Ես հիմա հանկարծ իմ ձեռքը դեպի գրիչն եմ տանում:

Ըստ օրացույցի աշուն է հիմա,
Բայց գարնանային մի տաքուկ քամի
Իմ լուսամուտի օդանցքն է բանում,
Ու ես լսում եմ մի համատարած- համաերկրային
Անսահման շշուկ.
— Շնորհակալություն:

Շնորհակալություն՝ միշտ սպասելի, բայց անակնկալ
այս օրվա համար,
Այն քառակուսի պատվանդանների անխոս բերանով,
Որոնք այսուհետ չպիտի տնքան
Զույգ սապոգների ծանրության ներքո:

Շնորհակալություն՝ «հայր» բառի կողմից,
Որ յոթ հոլովով խոշտանգվում էր միշտ՝
Մակդիր դառնալով
Մեր արդար, անմեղ բազում հայրերին
Անլուր լլկողի անվանը ծանոթ.
Նաև ապշահար արևի կողմից,
Որ պարտավոր էր դառնալ ածական,
Եվ շքանշան- մի կրծքի վրա,
Ուր մարդկայինը դարձել էր կարծես սառուցյալ բևեռ-
Հալոցք չէր տալիս արևը նույնիսկ:

Շնորհակալություն՝ և մեր հավատից,
Որ վիրավորվեց, խոցվեց տարիներ,
Բայց երբեք, երբեք չմեռավ, ապրեց
Եվ պիտի հավերժ մեզ ապրեցնի:

Շնորհակալություն՝ և լեզվի լեզվից,
Այն տառապյալի,
Որ պիտի լռեր,
Ոչ, և լռելու իրավունք չուներ,
Քանզի «լռելն էլ քննադատության ձև էր» համարվում:

Շնորհակալություն՝ նաև այս բառի
«Շնորհակալության» անունից անգամ,
Որ այսքանից ետ հնչում էր անվերջ՝
Մեր խեղճ շուրթերը միշտ խարանելով…

Շնորհակալություն՝ այն վաղվա համար,
Որ խոստացված չէ, այլ ծրագրված,
Եվ որտեղ պիտի մենք հասնենք՝ արդեն
Մաքրված կեղտից,
Հնի ժանտ աղտից,
Եվ այն արյունից,
Որ սուր նշտարի կարիք չի զգում:

Դանակի նման մաշվում են նաև՝
Ու բթանում են բառերն էլ կյանքում,
Սակայն ոչ երբեք շատ գործածվելուց,
Այլ լոկ անհարկի գործի դրվելուց:

Մեր արյամբ օծված սրտերի վրա,
Որպես մի յուղված հեսանաքարի,
Սրվում է այսօր նրանցից մեկը.
— Շնորհակալություն,
Շնորհակալություն…


Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: