Tag Archives: մոլագար

ՍԵՔՍՈՒԱԼ ՄՈԼԱԳԱՐԸ` «ՌԵԺԻՍՈՐԸ»

4 Հնվ

Գնդակահարության պատի տակ կանգնած Վալերի Հասրաթյանը մահից վայրկյաններ առաջ հազիվ թե պարուրվել էր մանկության մասին այնպիսի պայծառ հիշողություններով, ինչպես Մարկեսի վեպի հերոսը: Եվ դա հավանաբար նաև այն պատճառով, որ Հասրաթյանը գնդապետ Աուրելիանո Բուենդիան չէր, այլ ոչ ավել, ոչ պակաս` սեքսուալ մոլագար էր և սերիական մարդասպան: Շատ ավելի ուշ քրեագետները պիտի հաստատեին, որ նրա դեպքը իր տեսակի մեջ բացառիկ էր: Իսկ մինչ այդ Դատական հոգեբանության ինստիտուտում բժիշկները մանրակրկիտ ուսումնասիրել էին նրա կենսագրության բոլոր դրվագները, երկար զրույցներ ունեցել հանցագործի հետ:man-11

Ո՞վ էր երևանցի այդ երիտասարդը, որի անփառունակ համբավը և նույնքան անփառունակ «ժառանգությունը» այդպիսի ուշադրության էր արժանացել:

Ծնվել էր 1958 թվականին, բարեկիրթ և բարեկեցիկ ընտանիքում: Նրա հանդեպ միշտ եղել էր շեշտված ուշադրություն ու հոգատարություն, սակայն հարազատները դեռ մանկուց չէի կարող չզգալ Վալերիի ընդգծված հետաքրքրությունը դեպի սեքսը: Ասում են, թե նույնիսկ մանկապարտեզի դաստիարակներն էին նկատել, որ երեխան ավելի հակված էր առանձնանալ աղջիկների խմբի հետ, իսկ մոլագարը մահից առաջ հոգեբաններին խոստովանել էր, թե սիրում էր տուն գնալ լեփ-լեցուն ավտոբուսներով, որպեսզի այնտեղ սեղմվեր, շոշափեր կանանց:pizap.com13877109896121

Տղամարդ համարվելու առաջին մկրտությունը նա ստացել էր 13 տարեկանում` իրենից 15 տարով մեծ կնոջ հետ: Մեկ տարի հետո նրա շփումներն արդեն պարբերական բնույթ էին կրում: Լինելով բավականին խելացի, կիրթ, շփվող և կենսախինդ, նրա համար մեծ դժվարություն չէր ներկայացնում հրապուրել հասակակից աղջիկներին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական հոգեբանության բաժինը: Կարճ ժամանակում համակուրսեցիների շրջանում փլեյբոյի և սրտակերի համբավ ձեռք բերեց` մշտապես տարված լինելով նոր թիրախների որոնմամբ: Սակայն հենց այդ տարիներին էլ նրա մոտ հետզհետե նվազում էր հետաքրքրությունը հասակն առած կանանց նկատմամբ` փոխարենը բուռն տարփանք տածելով անչափահաս աղջիկների հանդեպ: Պատահական չէ, որ հենց այդ շրջանում նա խորապես ներշնչվել էր այն մտքով, որ իր և Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի հերոսի միջև մեծ ընդհանրություններ ու նմանություններ կային: Չի բացառվում, որ ինչ-որ մի պահի թերևս նաև գիտակցել էր, որ անզուսպ կիրքը և սևեռումները ոչ մի լավ բանի չէին հանգեցնի, բայց ընթացքը կասեցնելու համար նա այդպես էլ իր մեջ ուժ չգտավ:man-9

Բուհն ավարտելուց հետո Վալերի Հասրաթյանը որոշ ժամանակ իբրև մանկավարժ-դաստիարակ աշխատեց հիվանդ երեխաների գիշերօթիկ դպրոցում, իսկ 1981 թվականին ամուսացավ մոսկվաբնակ մի աղջկա հետ և բնակության տեղափոխվեց Ռուսաստանի մայրաքաղաք: Այդ ժամանակից էլ սկսվեց Վալերիի քրեածին գործունեության շրջանը: Բավական է ասել, որ երկու անգամ`1982-ին և 1985-ին Հասրաթյանին դատապարտեցին անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար: Բանտից դուրս գալուց հետո  նրան արտաքսեցին Մոսկվայից և գրանցման վայր տրվեց Բելգորոդի մարզի Վալեյկի բնակավայրը: Բայց մի՞թե տեղի փոփոխությունը կարող էր ինչ-որ կերպ անդրադառնալ սանձարձակ մոլագարի վարքի վրա: 1988 թվականին նա կրկին վերադարձավ Մոսկվա: Կինը հրաժարվել էր անբարոյական ամուսնուց: Հասրաթյանը ստիպված էր գտնել նորին: Եվ այդ նորը չուշացավ: Մթերային խանութի աշխատակից, 40-ամյա Մարիա Մակիևան չէր էլ կարող կռահել, թե ինչ ճակատագրական սխալ էր թույլ տալիս` իր կյանքը կապելով կովկասցի անծանոթի հետ: Մարիան և նրա 14-ամյա դուստրը շատ շուտով դարձան Վալերիի պատանդները` հերթով բավարարելով սեքսուալ մալագարի մարմնական պահանջները: Իսկ այնուհետև նոր ընտանիքի անդամները նաև մեղսակիցներն էին, ովքեր նոր թեկնածուներ էին որոնում «մեծերի համար ֆիլմի» դերակատարման համար:man-3

Վալերի Հասրաթյանի նախընտրելի «որսատեղը» Մոսկվայի «Մանկական աշխարհ» հանրախանութն էր, որտեղ միշտ էլ կարելի էր հեշտությամբ գտնել գեղեցկատես աղջնակների և գավառից եկած միամիտ, անփորձ կենակցուհիների: Հենց այս թատերաբեմում էլ Վայերին ձևավորեց իր նոր դերը` ներկայանալով որպես «Մոսֆիլմ» կինոստուդիայի պրոդյուսերի օգնական կամ ռեժիսոր, ով նոր դեմքեր է որոնում ապագա կինոնկարի համար: Օգտագործելով կեղծ վկայականը, որտեղ նրա անունը Սվյատոսլավ Չապլիգին էր, հանցագործն իր զոհերին կերակրում էր հորինովի հեռանկարներով` խոստանալով կախարդական ուղևորություններ Վենետիկ, Փարիզ, Բեռլին, մեծ գումարներ, փառք և ճանաչում: Եվ այդ փորձված խայծը համարյա միշտ արդյունք էր տալիս:man-2

Ինչ վերաբերում է Հասրաթյանի մշակած սցենարին, ապա հետագա իրադարձությունները զարգանում էին հետևյալ կերպ: Իր զոհին նա առաջնորդում էր Մարիա Մակիևայի բնակարան, որը ներկայանում էր իբրև ասիստենտ: Ու մինչ վերջինս փորձնական նկարահանումների համար լույսն էր կարգավորւմ և տեղադրում էր տեսախցիկը, Վալերին հյուրին մատուցում էր իր ձեռքով պատրաստած սուրճը: Հյուրասիրությունից շոյված կանայք չէին էլ կարող ենթարել, որ բաժակի մեջ նա նախապես լցրել էր հոգեմետ դեղի փոշի, ինչը կարճ ժամանակ անց խմողին հասցնում էր անզգայացման: Հենց այդ պահից էլ սկսվում էին «նկարահանումները»: Ավելի ուշ ոստիկանությունը պիտի ճշտեր, որ դեղերի բաղադրությունը Հասրաթյանը ճշտել էր «ԽՍՀՄ-ի բժշկական պրակտիկայում կիրառվող դեղամիջոցների տեղեկագրից»: Իր գործն ավարտելուց հետո նա զոհին տալիս էր դեղի ևս մեկ չափաբաժին, որպեսզի վերջինս չկողմնորոշվեր, թե ուր էր եկել, թալանում էր նրան (քանի որ ոչ մի տեղ չէր աշխատում, իսկ ապրել պետք էր) և խճճված նրբանցքներով հանում էր փողոց: man-1Պետք է արժանին մատուցել հնարամիտ մոլագարին, քանի որ տուժածներից շատ քչերին էր հաջողվում (այն էլ` աղոտ կերպով) վերհիշել, թե որտեղ էին եղել և ինչ էր կատարվել իրենց հետ: Իսկ Հասրաթյանի կեղտոտ խաղերը շարունակվում էին ու ձեռք էին բերում նոր որակներ: Շատ անգամներ աղջիկները նրա տանը պահվում էին մի քանի օր շարունակ: Պատմում են, որ մի անգամ նույնիսկ նա «նկարահանման պավիլոն» էր բերել միանգամից երկու  աղջկա, իսկ նրա զոհերից մեկ ուրիշն արդյունքում հղիացավ ու զավակ լույս աշխարհ բերեց:

Դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին, դրանց քանակն արդեն տասնյակներով էր հաշվվում: Սակայն սրա հետ մեկտեղ ավելանում էին նաև վկաներն ու նրանցից սպասվող վտանգը: Շատ լավ գիտակցելով հետևանքների մասին` Հասրաթյանն ի վերջո վճռեց. այսուհետև զոհերին սպանել է պետք: Հերթական աղջկան բռնաբարելուց և թալանելուց հետո նա 80 դեղահաբերից լուծույթ պատրաստեց, տուժածին ստիպեց խմել և նրան նստացրեց էլեկտրագնացքը: Ու աղջիկը սլացավ մահվանն ընդառաջ:man-7

Վալերի Հասրաթյանի քրեական գործում մատնանշվում է 3 դաժան սպանության և 5 սպանության փորձի դրվագ: Իսկ ընդհանրապես իրավապահները 18 բողոք էին ստացել տարբեր քաղաքացիներից:

Հանցագործին գտնելու և որսալու շանսերը մեծ չէին: Բոլոր վկաները սոսկ ժլատ տեղեկություններ էին հաղորդում, դժվարանում էին վերհիշել այնպիսի բաներ, որոնք կօգնեին միլիցիայի աշխատակիցներին: Դա երբեմն նույնիսկ հանգեցնում էր ժամանակի և ջանքերի ավելորդ վատնումի, ինչպես պատահեց այն դեպքում, երբ հիմք ընդունելով մոլագարի` «Մոսֆիլմի» ծառայող ներկայանալու հանգամանքը, իրավապահները օրեր անցկացրեցին կինոստուդիայի կադրերի բաժնում` թերթելով հազարավոր թղթապանակներ: Չէր օգնում նույնիսկ Հարաթյանի ֆոտոռոբոտը: Ստիպված էին որոնումները ծավալել այլ ուղղությամբ: Հսկողություն սահմանվեց այն վայրերում, որտեղ նրա հայտնվելն առավել հավանական էր` «Մանկական աշխարհում», Պուշկինի փողոցում, Պոկրովսկի պասսաժում: Այնտեղ ժամեր շարունակ զբոսնում էին ձանձրացող աղջիկները, որոնք իրականում միլիցիայի աշխատակիցներ էին: Մինչդեռ Հասրաթյանը չկար ու չկար:man-6

1990  թվականին վերջապես բախտը ժպտաց խուզարկուներին: Միլիցիա ներկայացած անչափահաս աղջիկներից մեկը ոչ այնքան վստահ ցույց տվեց փողոցն ու տունը, որտեղ «նկարահանումներ» էին ընթացել: Այդ վայրում սահմանվեց շորջօրյա հերթապահություն: Եվ մի օր հայտնվեց նա, ով շատ նման էր վկաների նկարագրած մոլագարին: Երբ վերջինս պատրաստվում էր մեքենա նստել` միլիցոները մոտեցավ նրան ու հեռվից ձայն տվեց.

— Ռեժիսոր, իջիր, հասել ենք…

Թույլ դիմադրությունից հետո Հասրաթյանին ձեռնաշղթաներ հագցրին ու հրեցին դեպի մեքենան: Դեպի Պետրովկա 38 ընթացող մեքենայում մոլագարն ասաց.

— Սպանություններո՞վ եք հետաքրքրվում: Պատրաստ եմ պատմել:

Եվ պատմեց: Միայն թե դա զղջցող մարդու անկեղծ խոստովանություն չէր, այլ վախ: Մոլագարը սարսափում էր այն մտքից, որ իրեն կնետեն ընդհանուր բանտախուց և այդ ժամանակ դատաստանը կտեսնեն քրեական հեղինակությունները` չգրված բանտային օրենքների ու պատիժների կիրառմամբ: Հաջորդ օրն իսկ նա արդեն քննիչներին առաջնորդում էր այն վայրը, որտեղ դանակահարել էր 16-ամյա որբ աղջկան, պատմում էր, թե ինչպես է լոգարանում խեղդել մի ուսանողի:

Դատարանը նրան մահվան դատապարտեց: Ավելի ճիշտ, դատարանի վճռից առաջ հանցագործն ինքը այդ պատիժը խնդրեց: Նա վճիռը չբողոքրարկեց և ներման դիմում չներկայացրեց… Մարիա Մակիևային նույնպես դատեցին: Նա 10 տարի անցկացրեց ճաղերի ետևում:

Այսօր էլ քրեագետները շարունակում են պնդել, որ Վալերի Հասրաթյանի դեպքը, ի տարբերություն այլ սեքսուալ մոլագարների, իր նմանը չունի, քանի որ «Ռեժիսորն» իր զոհերին չէր փնտրում այսպես կոչված «ռիսկային խմբերում», նա ընտրյալները ոչ մարմնավաճառներ էին, ոչ դժվար դաստիարակվող անչափահասներ, ոչ հարբեցողներ, ոչ հասարակության տականքներ: Բոլոր զոհերը խելացի, կարգապահ, դաստիարակված ու ազնիվ աղջիկներ էին: Պարզապես նրանք շատ էին ուզում նկարահանվել կինոյում…

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆrezhisser-smerti-1

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՄՈԼԱԳԱՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

4 Նյմ

1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծե թե ի միջիայլոց. Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:

Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլգար մարդասպանը, նրա անունը պիտի հայտնվեր Սովետական մեծ հանրագիտարանի էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում: Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից:manyak-1

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը` ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեյանը թատրոնում ծանոթանում է պարուուհի Ալևտինա Դմիտրևնայի հետ, հանուն որի լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատաց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում…

Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ իր հերթին յուրահատուկ բողոքի ձև էր` ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու  անարդարության դեմ:

Այս հարցերի ճշմարիտ պատասխանը մենք թերևս երբեք չիմանանք: Իսկ 1963-ի ձմռանը, երբ Վլադիմիր Իոնեսյանը քայլում էր դեպի հանրախանութ` տուրիստական կացին գնելու համար, նա նկասկած արդեն վճռել էր իր անելիքըmanyak-3

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխա միայնակ էր ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոցը: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ: Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա կնոջը, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Օրեր անց նույն քաղաքում նա հրձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա:

Իվանովոյի դեպքերն ի վերջո սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիա Խրուշչովը:

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում էր իր «հունձը»: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում դեկտեմբերի 28-ին նա կացնահարեց 11-ամյա Ալեքսանդր Լիսովցին: Սպանությունը որքան դաժան էր, նույնքան էլ անիմաստ. մոլագարը հեռացավ` իր հետ ոչինչ չտանելով: Ամանորի տոների կարճ դադարից հետո նա վերստին գործի անցավ և ունվարի 8-ին Շերեմետևյան փողոցում սպանեց 46-ամյա Մարիա Երմակովային` կացնի 20 հարված հասցնելով կնոջը: Այս անգամ «Մոսգազի» ավարը փոքր-ինչ ավելին էր. Իոնեսյանն իր հետ տարավ սեղանի ժամացույցն ու հեռուստացույցը:manyak-2

Օրը ցերեկով կատարված հանցագործությունն ականատեսներ ունեցավ: Բնակիչներից ոմանք իրավապահներին պատմեցին, որ տեսել են, թե ինչպես կովկասյան արտաքինով երիտասարդը` հեռուստացույցը ձեռքին, նստել է մի բեռնատար մեքենա: Բեռնատարն արագ գտան: Վարորդը պատմեց, թե որտեղ է իջեցրել իր ուղևորին: Ճշտելով բնակարանը, խուզարկուները ներխուժեցին տուն սակայն այնտեղ գտան միայն Ալևտինա Դմիտրևնային: Նրան ձերբակալեցին ու նետեցին մենախուց: Հարցաքննության ժամանակ վերջինս պատմեց, որ Իոնեսյանը շտապ մեկնել է Կազան, և շուտով ինքն էլ պիտի գնա այնտեղ: Սա նպաստավոր վիճակ էր: Անմիջապես որոշում կայացրեց քրեական հետախուզության աշխատակիցներից մեկին գրիմավորել և Ալևտինայի կերպարանքով գնացք նստեցնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Կազանի կայարանում 1964 թ. հունվարի 12-ին սիրուհուն դիմավորելու եկած մարդասպանը ձերբակալվեց…

Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 ժաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը, իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը:

Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ` կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել:616592

Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23.00-ին  Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր:

Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց և կինն ազատ արձակվեց:

Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ժեկ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆmanyak-6

%d bloggers like this: