Tag Archives: Մհեր Մկրտչյան

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ

29 Դկտ

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:

Հովիկ Չարխչյանֆռունզ ալի բաբա

ԲԵՄԻ ՎՐԱ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ

17 Հլս

Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը  կոչված էր այս երկրի` Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը` Մհերը այլ կերպ էր լինելու` որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը- Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ, ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադությամբ, դեպքերին ու դեմքերին շատ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում: Եվ Աստծո այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը` Աստծո մի մեծ ստեղծվածք` իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում և ստեղծագործություններում. կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր:

Իր համար ինքն էր գրելու և գրեց, բեմի վրա և բեմից դուրս` նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը` այսօր մեր միջավայրն այդքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը` աշխարհի համար մենք ավելի լավը կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև ու մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեր մեծերը ինչո՞ւ են հեռանում մեծ  փլուզումներից առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում, ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր, որ իրենց ստեղծածն ենք, խուճապային  մեր փախուստի գլխին լինել և մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ, թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆsPTw2ZhyNxg

Հիվանդ հոգու փախուստը «առողջ» բարոյալքումից

21 Հլս

Մեր իշխանավորները և առանձնապես մշակույթի ոլորտը ներկայացնող պատկան մարմինները խիստ են վիրավորվում, երբ տարբեր առիթներով նրանց հանդիմանում կամ անվանարկում են: Նրանք խորապես համոզված են, որ դրանք անարդարացի խոսքեր են, իրենց բնավ էլ արժանի չեն այդ կարգի մեղադրանքներին, և ամեն բան արվում է այնպես, ինչպես հարկն է: Սակայն այս պահին, երբ պատրաստվում եմ գրել դերասանուհի Դոնարա Մկրտչյանի մասին, ինձ համար ոչ միայն միևնույն է, թե ինչ կմտածեն նրանք, ում ուղղելու եմ հանդիմանանքի խոսքերս, այլև անկեղծորեն ցանկություն կա նրանց վիրավորել, քանի որ վիրավորված լինելն առավել տանելի է, քան անամոթ լինելը:
70 տարեկան հասակում վախճանվեց հայ թատրոնի և կինոյի ամենասիրված դերասանուհիներից մեկը` Դոնարա Մկրտչյանը: Այս օրերին լրատվամիջոցների մեծ մասը գրեց, թե մահացել է Մհեր Մկրտչյանի կինը: Այո, Դոնարան նրա կինն էր, Ֆրունզիկի երկու զավակների մայրը: Սակայն նրանք, ովքեր այդպես ներկայացրեցին բոթը, ակամա մատնեցին իրենց պատկանելիությունը մարդկանց այն խմբին, որոնք կամ մարմնավորում են անտեղյակությունը և կամ մարդուն գնահատալի են համարում միայն այն դեպքերում, երբ նա այսինչի ամուսինն է, կամ այնինչի բարեկամը:
Դոնարա Մկրտչյանը ինքնահաստատ արվեստագետ էր և հավելյալ ուղղորդումները չէ, որ պիտի լրացնեն նրա անձի ու գործի կարևորությունը: Սակայն վերահաս ողբերգությունը ոչ միայն փոխեց նրա կյանքի ընթացքը, այլև լիովին հեռացրեց իր աշխարհից և իր սպասվելիք վերելքներից: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված դերասանուհին կյանքի վերջին քսանհինգ տարիները անցկացրեց Սևանի հոգեբուժարանում:
1941-ին Լենինականում ծնված Դոնարան 1959-ին ընդունվել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու մեկընդմիշտ ընտրել բեմը: Նրա արտիստական տաղանդն իր վրա կրում էր մեծ բեմադրիչ Վարդան Աճեմյանի վարպետության կնիքը և այն բնատուր կայծը, որ արվեստը պիտի դարձներ առինքնող, խաղը` երկարակյաց, անունը` սիրելի ու մտապահվող: Իսկ հետո Մայր թատրոնի բեմում պիտի մեկը մյուսին հաջորդեին դերերը «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Հանրապետության նախագահը», «Սալեմի վհուկները» և տասնյակ այլ պիեսներում: Հաջողությունը նրան ուղեկցելու էր նաև էկրանի վրա: Ո՞վ այսօր չի հիշում նրա մարմնավորած կերպարները «Կովկասի գերուհին», «Շրթներկ N 4», «Խաթաբալա», «Մհերի արկածները» կինոնկարներում, որոնք լայն ճանաչում բերեցին Դոնարա Մկրտչյանին: Ասվածին գումարենք նաև դերասանուհու բազմաթիվ դերերը, որ խաղացել է հեռուստատեսային թատրոնում, վարել է հեռուստահաղորդումներ, այդ թվում նաև այն տարիներին շատ հանրահայտ «Գարնանային կատակները»` բացահայտելով իր նուրբ հումորն ու կանացի հմայքը:
Նրանք, ում բախտ է վիճակվել բեմի վրա տեսնել Դ. Մկրտչյանի Էսմերալդայի դերակատարումը «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ, կամ Անույշի դերը «Պաղտասար աղբար»-ում և, իհարկե, վերջին խաղը Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսում, որը փաստացի դարձավ դերասանուհու կարապի երգը, երբեք չեն կարող ուրանալ, որ առնչվում էին բարձր արվեստի ու ճշմարիտ արվեստագետի մեծ նվիրումի հետ:
Իսկ հետո ամեն բան փլուզվեց միանգամից: Գտնվելով Սևանի հոգեբուժարանում` Դոնարան այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին, իսկ եթե երբեմն գիտակցությունն արթնության պահեր էր ունենում, ապա նա խոսում էր իր վերադարձի, կրկին բեմ դուրս գալու երազանքի մասին: Պատմում են, որ այդպիսի պայծառացումների ժամերին նա սիրով հիվանդների համար հատվածներ էր ընթերցում իր խաղացած դերերից կամ ցուցադրում էր փոքրիկ պատկերներ:
Ասում են, թե մահը փրկություն է հոգու ցավը կրողների համար: Բայց արդյո՞ք Դոնարա Մկրտչյանն իր մահով ազատվեց հողեղեն տառապանքներից: Այն, ինչ կատարվեց հետո, նույնքան տխուր էր, որքան վախճանը: Սևանի հոգեբուժարանի ղեկավար Գագիկ Կարապետյանը շտապեց դերասանուհու մահվան լուրը հայտնել նրա խաղընկերներին` հուսալով, թե նրանց արձագանքը չի ուշանա և հրաժեշտը կլինի հավուր պատշաճի: Սակայն անցավ երկու օր, իսկ մայրաքաղաքից ոչ մի ձայն չկար։ Ճարահատյալ Կարապետյանն անձամբ կազմակերպեց մահացածի հոգեհանգստն ու հոգեհացի արարողությունները` այդ հաստատության միջոցներով։ Իսկ հետո պարզվեց, որ Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության հարցերով զբաղվող այնուամենայնիվ կա` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Թե ի՞նչ պարտականություններ էր նա ստանձնել, դժվար է ասել, բայց հետևանքը եղավ այն, որ ընդամենը մի քանի հոգի մեկնեցին Սևան, Դ. Մկրտչյանի մարմինը բերեցին Երևան և ընդամենը 10 հոգով նրան հողին հանձնեցին Սպանդարյանի գերեզմանատանը։ Խոսում էին նաև, թե իբր մի քանի դերասաններ ծեծել են բազմաթիվ վերադաս ատյանների դռներ, պահանջել կազմակերպել նրա վաստակին վայել թաղման արարողություն, սակայն այդ դիմումները մնացել էին անպատասխան: Ահա այսպես լքված ու արհամարհված հեռացավ կյանքից մեկը, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում նույնպես ապրեց անտեսված ու մոռացված: Ոչ ոք նրան այցի չէր գնում` ոչ հարազատները, ոչ խաղընկերները, ոչ Մկրտչյանների ընտանիքի անդամները և, բնականաբար, ոչ էլ Մայր թատրոնի ղեկավարներն ու թատերական գործիչների միության պատասխանատուները: Դոնարա Մկրտչյանին նրանք վաղուց էին հրաժեշտ տվել` դերասանուհու մահից շատ տարիներ առաջ: Եվ հիմա էլ այդ նույն տրամաբանությամբ մայրաքաղաքում չպիտի գտնվեր մի բեմ, մի հաստատություն, որտեղ կդրվեր դերասանուհու դին և նրա արվեստի երկրպագուները հնարավորություն կունենային վերջին հրաժեշտ տալու: Չէ, այդպիսի բան չէր լինելու: Ու եթե նման անտարբերությունը սոսկ այն պատճառով էր, որ մարդը հոգեկան հիվանդ էր, ապա քանի՞սը գիտակցեցին, որ հիվանդությունը մեղք չէ, ի տարբերություն այն բարոյալքման ախտի, որով տառապում են շատ ապրողներ:
Այո, իրական ու անբուժելի հիվանդը դուք եք, պարոնայք մտավորական պաշտոնյաներ, որ ձեր չհիմնավորված գոյությամբ կրում եք կյանքը, մահը, վաստակը, արժեքը տնօրինելու և ոտնատակ անելու իրավունքը: Եթե մեռնողը լիներ «չխմազ» մի արտասահմանցի, ով ազգանունից բացի որևէ ընդհանուր բան պիտի չունենար այս երկրի հետ, կամ, ասենք, մի ունևոր տղա, որն իր կյանքում օգտակար ոչինչ չէր արել, բայց կասկածելի պարունակությամբ լի դրամապանակներով ժառանգները պատրաստ լինեին մի քիչ թեթևացնել իրենց գրպանները հոր հիշատակի ու «ազգի հմար», ապա այդ դեպքում համազգային սուգն ապահովված կլիներ: Նույնիսկ կարելի էր մի երեք-չորս հատ Մխիթար Գոշի մեդալ կախել հանգուցյալի վզից, հուշատախտակներ ամրացնել տների ճակատներին ու կիսանդրիներ կանգնեցնել զբոսայգիներում: Այս է ձեր իմացածն ու ձեր անկարողության սահմանը: Միայն ափսոս, որ դեռ չկա այն բժիշկը, ով պիտի գա ու ապաքինի երկիր կոչվող այս ընդարձակ հոգեբուժարանի ձեզ նման կենվորներին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 Դկտ

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

%d bloggers like this: