Tag Archives: Մխիթար Գոշ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

25 Սպտ

Բժիշկներից շատերը շատ վնաս են գործում դեղով կամ ուրիշների վրա դեղը փորձելով. կամ չարակամությամբ սպանում են դեղով, կամ անգիտության պատճառով դեղերից վնասակարն են տալիս, կամ անվարժ լինելով` հիվանդությունը չեն կարողոնում ճանաչել և այդ պատճառով հիվանդներին մահացնում են. կամ ծուլանում են) եթե ըստ իրենց ցանկության վարձ չեն ստանում և այդպես վնասում են, կամ աշակերտներին նախանձելով` նրանց ճիշտ չեն սովորեցնում, և նրանք էլ անգիտանալով` բազում մահ են պատճառում. և կամ իրենք, կամ աշակերտների հետ միասին, ուրիշ հիվանդության պատճառ են դառնում. այս բոլոր դեպքերը դիտավորյալ սպանություն պետք է համարել:
Ուրեմն դիտավորյալ սպանողին (եթե չընդունի իր մեղքը) արյան դատաստան լինի: Իսկ եթե անզգույշ սպանություն լինի, անկախ նրանից, խոստովանում է, թե չի խոստովանում, անպարտ է և արյան դատաստանից, և ապաշխարությունից:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

23 Դկտ

ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ
Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.
— Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:
Խնամողը հարցրեց.
— Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։
— Երբ տեսնես ներքին շրթունքս կախված,- ասում է ուղտը,- և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։
— Դու միշտ այդ ես,- պատասխանեց խնամողը,- էլ ինչպե՞ս իմանամ:
Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
— Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
— Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

ՆՈԽԱԶՆ ՈԻ ԳԱՅԼԸ
Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով նրանց, գայլը գալիս, հարցնում է.
— Ի՞նչ եք անում այդտեղ։
Եվ ասում են.
— Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։
Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:
Առակս ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստությամբ ազատվել վտանգից, որ պարսավելի չէ։

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։
Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնու՞մ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

%d bloggers like this: