Tag Archives: Մլադիչ

Երբ հերոսից մինչև ոճրագործ կես քայլ է

31 Մյս

Սերբիայի Հանրապետության զինված ուժերի շտաբի նախկին պետ Ռատկո Մլադիչի ձերբակալությունը գուցե և չունեցավ այն հնչեղությունը, ինչ, ասենք, Բեն Լադենի սպանությունը, սակայն կատարվածի քաղաքական հետևանքները կարող են ոչ պակաս էական լինել առաջին հերթին հենց սերբերի և հետո միայն Եվրոպայի համար: Մոտ երկու տասնամյակի վաղեմություն ունեցող իրադարձությունների այսօրվա արձագանքը և նախկին Հարավսլավիայի ռազմական թատերաբեմի վերջին ակնառու դեմքերից մեկի հայտնաբերումը հերթական անգամ ի հայտ բերեցին այն հակասությունների իրական պատկերը, ինչը հազիվ թե հաջողվի քողարկել կամ մոռացության տալ` ի հեճյուկս ներկա ժամանակների պահանջների և թելադրանքների:
Մլադիչը հետախուզման մեջ էր 1996 թվականից: Վերջինս սերբական բանակի գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 1992-ին և ղեկավարեց ռազմական գործողությունները շուրջ 4 տարի: Մի քանի օր առաջ գեներալին գտան Բելգրադից 70 կմ հեռավորությամբ գտնվող Լազարևո գյուղում, որտեղ թաքնվել էր Միլորադ Կոմադիչ անվան տակ: Ասում են, թե նրա արտաքինն անճանաչելիության աստիճան փոխված է. նա եղել է երկար մորուքով, խիստ ծերացած, հիվանդ ու կաթվածահար ձեռքով: Դիմադրություն ցույց չի տվել` չցանկանալով վնասել իրեն տանելու եկած երիտասարդ տղաներին:
Մլադիչը բոլորից լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասվելու իշխանությունների պահանջին ենթարկվելու պարագայում: Եվ այդ տագնապն անհիմն չէր: Ձերբակալումից անմիջապես հետո որոշում կայացվեց նրան հանձնել նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային դատարանին, որտեղ վերջինիս նկատմամբ ռազմական ոճիրների, ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանք է առաջադրված: Մասնավորապես, նա մեղադրվում է 1995թ. Սրեբրենիցայի 8 հազար մուսուլմանների գնդակահարությունն իրականացնելու համար։ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն այդ առթիվ շտապեց ի լուր Արևմուտքի հայտարարել, թե «Սերբիան մաքրեց իր վրայի մեծ բիծը»:
Տադիչն ակնհայտորեն շտապում է: Դեռ հայտնի չէ, թե իրականության մեջ նրա վարչակարգը ինչպիսի խարան է պատրաստվում կրել այս որոշմամբ, և սերբ ժողովուրդն ինչն է համարում բիծ ու ինչը` մաքրություն: Առաջին բանը, որ Սերբիայի իշխանությունների որոշման առթիվ ընդգծեցին վերլուծաբանները, այն էր, որ Մլադիչի ձերբակալությունը սոսկ «մանրադրամ» է Սրբիայի` Եվրամիությանը անդամակցելու գործում: Սա նաև Տադիչի թիմի հնազանդության, ստրկաբար Արևմուտքի ցանկություններն ի կատար ածելու վկայությունն է: Բելգրադն առայսօր իրեն դուրս է զգացել եվրոպական քաղաքականության ընդհանուր ուղղությունից, իսկ Բրյուսելից մշտապես նրան հիշեցրել են, որ դրա պատճառներից մեկն էլ բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Մլադիչին ձերբակալելու գործում հաջողության բացակայությունն է: Այս շարքում ամենահամառը Նիդեռլանդների դիրքորոշումն էր, որը սերբերից պահանջում էր ամեն գնով գտնել ու հանձնել Մլադիչին։
Ու հիմա Տադիչն իզուր է ջանում իր երկրի հանրությանը այլ կերպ մատուցել իրերի վիճակը: «Մենք փակեցինք այս էջը` նվիրված Ռատկո Մլադիչին` ելնելով մեր սեփական ներքին նկատառումներից, և ոչ նրա համար, որ ձերբակալությունը ծառայի որպես մանրադրամ որոշակի գործողությունների համար: Դա արեցինք ինքներս մեզ համար, և ոչ Եվրամիության, կամ Հաագայի դատարանի համար… Մենք դա արեցինք այն բանի համար, որպիսզի ստեղծենք առավելագույնս նպաստավոր պայմաններ արտասահմանյան ներդնողների գործնեության և մեր բնակչության կյանքի համար»:
Յուրաքանչյուր սերբի համար սա ապազգային մտածողության դասական օրինակ պիտի դիտվեր, որտեղ խեղաթյուրված է արժեքային համակարգը, որտեղ ստամոքսի պահանջները վեր են գիտակցական, պատմական հրամայականից: Սա նաև ազգային արժանապատվության ու վարկի ծանր վիրավորանք է, որ չի մեղմվի ոչ Եվրամիության խաբուսիկ գրկում, ոչ բարեկեցիկ կյանքի թմբիրի մեջ: Պատերազմն իր օրենքներն ունի և դրանցից կարևորագույնը` օրենքի բացակայությունն է: Չկա օրինական պատերազմ, չկան արտոնված սպանություններ, ռմբահարումներ, արտոնված մահեր: Կա միայն մեկ խնդիր` հաղթել ամեն գնով, քանի որ պարտվողն արդեն զոհ է: Սերբերը պատերազմում էին, քանի որ ցանկանում էին ապրել և ունենալ հայրենիք: Պատերազմում էր նաև Մլադիչը, քանի որ այդ երկրի զինվորն էր: Եթե նա չի պատրերազմել այնպես, ինչպես հարկն է, նրան դատել կարող է միայն իր ժողովուրդը, և ոչ երբեք Հաագայի դատարանը, որտեղ առաջնորդվում են ոչ թե իրավական նորմերով, այլ քաղաքական պատեհապաշտությամբ:
Իսկ ո՞վ է վաղը կռվելու Սերբիայի համար, եթե հանկարծ այդպիսի անհրաժեշտություն ծագի: Ինչպե՞ս է կռվելու: Էթիկայի դասագիրքը ձեռքն առա՞ծ, բարոյախրատական պոստուլատներ արտասանելո՞վ, հումանիստական կեղծ խրատների տա՞կ, հաջորդ օրը Հաագայի դատարանին հանձնվելու սպառնալիքն աչքի առա՞ջ: Իսկ Բելգրադի բնակելի թաղամասերը ռմբահարող ՆԱՏՕ-ի օդաչուներից քանի՞սը տեսան Հաագայի դատարանի դռները: Կամ գուցե սերբերին մեռնել անհրաժեշտ էր, իսկ ալբանացիների մահը` սրբապղծությու՞ն… Այս հարցերին պատասխաններ պետք չեն: Դրանք վաղուց կան…
Ասում են` բանտարկված Ռատկո Մլադիչը դատարանին խնդրել է իր խուց բերել Գոգոլի, Տոլստոյի և Տուրգենևի գործերը, ինչպես նաև ելակ և հեռուստացույց: Այսպիսի հոգեկան հանգստությունը հարիր է միայն այն մարդուն, ում խիճը հանգիտ է, համոզմունքներն` անսասան: Մլադիչը չի դավաճանել: Նրան են դավաճանում: Իսկ Սերբիայի քաղաքների փողոցներում ու հրապարակներում արդեն մի քանի օր է` բողոքի ցույցեր են անում նրանք, ում համար Մլադիչը ոչ թե ռազմական հանցագործ է, այլ ազգային հերոս: Բելգրադում կայացած ակցիայի հազարավոր մասնակիցներ վանկարկում են` «Դադարեցրեք դավաճանությունը»: Արմատականները ձերբակալությունը որակում են որպես «հարված սերբերի ազգային շահերին», հայհոյում երկրի «արևմտամետ վարչակազմին» և ընդվզում «Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից Սերբիայի օկուպացման» դեմ: Անվտանգության մարմինները դաժանորեն ճնշում են այդ ցույցերը, կան տասնյակ վիրավորներ ու ձերբակալվածներ: Հենց այդ գիշերային փողոցների քաոսի մեջէ վճռվում սերբերի արժանապատիվ կյանքի իմաստը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: