Tag Archives: միտք

ՍՐՏԻ ՈՒ ՄՏՔԻ ՁԱՅՆԵՐԸ

17 Դկտ

Մի աղջիկ գնաց իմաստունի մոտ խորհուրդ հարցնելու:
— Իմ ձեռքը խնդրում են երկու երիտասարդ,- ասաց նա:- Ես չգիտեմ, թե ինչպես վարվել: Սրտիս ձայնը հուշում է մեկին, իսկ միտքս մյուսին է ընտրում:
— Լսիր սրտիդ ձայնին,- ասաց իմաստունը:- Այդ դեպքում եթե նույնիսկ բաժանվես նրանից, միշտ էլ հիացմունքով կարող ես ասել՝ «Ես սիրել եմ նրան», և ոչ թե խորը հիասթափությամբ կխոստովանես. «Ինչ հիմարն եմ եղել…»:70131284_4715354_4bbc23f

ԵՐԵՔ ՀԱԿՈՒՄ

9 Հնս

Մարդկային հակումները երեք ակունք ունեն՝ հոգին, բանականությունն ու մարմինը: Հոգու հակումները ծնունդ են տալիս բարեկամությանը: Մտքի հակումները ծնում են հարգանք: Մարմնի հակումները ցանկություններ են ծնում: Իսկ երեք հակումների միաձուլումից ծնվում է սերը:

Հին հնդկական իմաստնությունVfW38GVrKes

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

3 Նյմ

Միտքը (թող որ նա վաղուց ծագած լինի մեր գլխում), կենդանություն է առնում միայն այն պահին, երբ նրան հավելվում է այնպիսի մի բան, ինչն այլևս չի համարվում մտածողություն ու այլևս տրամաբանական չէ: Այնպես որ մենք զգում ենք նրա իսկությունը ցանկացած արդարացման մյուս կողմում, ինչպես խարիսխ, որով նա բախվել է տաքացած արյանը, կենդանի մսին… Մեծ ընկալումը մտքի լուսավոր շրջանի մեջ կատարվում է միայն կիսով, մյուս կեսը` էության խավար ընդերքում, և այն առաջին հերթին հոգեվիճակն է, որից ամենասուրը միտքը պսակում է որպես ծաղիկ…

Դեպի միտք գնացող բոլոր ճանապարհները գալիս են հոգուց, բայց դրանցից ոչ մեկը ետ չի տանում:robert-musil-110~_v-image512_-6a0b0d9618fb94fd9ee05a84a1099a13ec9d3321

ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ

29 Ապր

ՄՏՔԻ ՊՈԵՄԸ

Երկրի երեսին այնքան լուռ է, որ ընկնում են աստղերը: Մեր սրտում մենք կրում ենք մեր տրտմությունն ու անհնարինի ծարավը: Սիրտը` արմատ է, որից աճում եւ աճում է մարդը, դա հավերժական հույսի եւ սիրահարվածության կացարանն է: Ամենամեծ հրաշքը այն է, որ մենք դեռեւս ողջ ենք, ողջ ենք պաղ անհունում, աստղերով եւ խարույկներով լի, սեւ, ամայի փոսում: Քաոսում, ուր բախվում են միմյանց մոլորակները` հանց թմբուկներ, ուր պայթում են արեւները, ուր մրրկապտույտ բոցավառ խորխորատն է, մենք դեռեւս ուրախ ապրում ենք: Բայց ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ տրվում է հուժկու աշխատանքին: Ահա մենք նստել ու մտածում ենք: Եթե դուք երջանիկ լինեիք, դուք չէիք գա այստեղ: Պաղ անապատային քամին գրկում է երկիրը, եւ մարդիկ սեղմված են միմյանց, յուրաքանչյուրը շշնջում է մյուսին իր հույսն ու հուսահատությունն իր կասկածի մասին, եւ մյուսը լսում է նրան հանց մեռյալ: Յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի մեջ իր սիրտը, եւ նա լսում է ու լսում:
Եթե աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա կա, դա լավ է: Եվ մենք ապրում եւ ուրախանում ենք, քանզի հոգին մարդու միշտ փեսացու է, որ փնտրում է իր հարսին: Մեր կյանքը` միշտ սիրահարվածություն է, վսեմ բոցավառ գույն, ում քիչ է ողջ տամկությունը տիեզերքում: Սակայն կա գաղտնի, թաքնածածուկ միտք, կա մեզանում խոր ջրհոր: Մենք այնտեղ տեսնում ենք, որ և այս կյանքը, այս աշխարհը կարող էր այլ լինել` լավ և հրաշալի, քան կա: Կա ուղիների անվերջությունը, իսկ մենք գնում ենք միայն մեկով: Մյուս ուղիներն ընկած են ամայի ու լայնարձակ, նրանց վրա ոչ ոք չկա: Իսկ մենք գնում ենք ծիծաղկոտ ու սիրասուն ամբոխով` մեկ պատահական ճանապարհով: Բայց կան ուրիշները, ուղիղ եւ հեռավոր ճամփաները: Եվ մենք կարող էինք գնալ դրանցով: Տիեզերքը կարող էր այլ լինել, և մարդը կարող էր շրջել այն առ լավագույն ճամփան: Սակայն դա չկա և գուցե չի լինի: Այդպիսի մտքից սիրտը գոցվում է ու կյանքը սառեցվում: Ամեն ինչ կարող էր այլ լինել, լավ ու վսեմ, և երբեք չի լինի: Եվ ինչո՞ւ աշխարհը չի կարող փրկվել, այսինքն, անցնել այլ ճանապարհի, ինչո՞ւ է նա այդպես հուզվում, փոփոխվում, բայց մնում տեղում: Որովհետև նրա մոտ չի կարող գալ փրկիչը: Եվ երբ գալիս է, եթե գա, չի կարողանա այս աշխարհում ապրել, որ փրկի այն:
Բայց արդյո՞ք աշխարհն ուզում է իր փրկությունը: Գուցե նրան ոչինչ պետք չէ, բացի իրենից, և նա գոհ է, գոհ է, ինչպես դագաղ դրվածը:
Բայց տեսեք: Մենք մարդիկ ենք, այս կույս աշխարհի մի մասը, և ինչպես ենք մենք տոչորվում: Միշտ ուտում ենք և դարձյալ ուզում ենք ուտել: Սիրում ենք, մոռանում ու կրկին սիրահարվում ենք մեր կրակոտ արյամբ: Աճում և տոչորվում է ցողունը: Այրվում ու հանգչում է աստղը, ծիծաղում ու մահանում է մարդը: Սակայն այդ ամենը երևութականություն է, կենաց խաբուսիկ ամպը:
Բայց ահա և կյանքը լարվում է մինչև երկինք, ծայրեծայր լցվում է, հասնում իր եզերքին, այդժամ նա իրեն չի ուզում: Երեկոյան լռությունը մահացու է: Աղջկա ու ճամփորդի երգն՝ անարտահայտելի, մարդու հոգին իրեն չի դիմանում: Երկինքը կեսօրին մոխրագույն է, բայց գիշերով այն պեծկլտում է հանց ջրհորի հատակն, ու անկարելի է նրան նայել:
Մեծ կյանքը չի կարող ակնթարթից երկար լինել: Կյանքը` հիացքի բռնկում է, և դարձյալ խորխորատ, ուր խառնված ու բաց են ճամփաները` առ անսահմանության բոլոր ծագերը:
Աշխարհը տագնապալի է, ուժասպառ և ցասկոտ այն բանից, որ պայթել ու հանգչել է ակնթարթից հետո, լույսից հետո, որ ցմրուր լուսավորել էր բոլոր խորքերը, և մարմրում է ու մարմրում, այրվում է ու այրվում, և կպաղի մի ողջ հավերժություն:
Հենց դրանում է նրա մեղքը: Կյանքի մահացու բարձունքից հետո` սիրո և պայծառատես մտքի` կյանքը լեցվում է, և սափորը նրա պիտի տապալվի: Այդպիսի մարդն ամեն բան սիրել ու ճանաչել է մինչև վերջին հիացքը, և մարմինը նրա պատռվում է հիացմունքի բոցանուտ ուժով: Նա այլևս բան չունի անելու:
Աշխարհը չի ապրում, այլ մարմրում է: Դրանում է նրա ոճիրն ու անքավելի մեղքը: Քանզի կյանքը չպետք է ակնթարթից երկար լինի, որքան երկարում է կյանքը, այնքան ծանր է: Հիմա տիեզերքը կեցած է ուղիղ դժոխքի ճամփին: Խոտի և մարդու մեջ ավելի ու ավելի խիտ սփռվում է խելագարությունը: Գաղտնիքները բազմանում են, և արդեն չի ճեղքում դրանք մտքի խոյը: Տառապանքից առավել մաքուր ու հիասքանչ է տիեզերքի դեմքը, առավել լուռ է երեկոներին, բայց սրտում դրանց համար տեղ չկա:
Ինչու է բռնկվել արեգակը և այրվում է ու այրվում: Նա պիտի որ հրից երկնագույն դառնա ու չապրի ակնթարթը:
Տիեզերքը բոցեղեն ակնթարթ է, որ ճեղքանցել ու վերակառուցել է քաոսը: Սակայն տիեզերքի ուժը այնժամ է ուժ, երբ այն կենտրոնացված է մի հարվածում:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

7 Ապր

Մարդն ինչքան խելոք է, նա այնքան շատ է գտնում ինքնատիպ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն դնում մարդկանց միջև: Իսկ մարդու ամբողջ արժանիքը պարփակված է մտքերում, այն բանում, որ մենք ընդունակ ենք մտածելու: Ուրեմն պետք է ձգտենք ճիշտ մտածել: Դրանում է բարոյականության հիմքը: Մեզ վեհացնում են ոչ թե տարածությունն ու ժամանակը, որոնք մենք չենք կարող լցնել, այլ հենց նա` մեր միտքը: Բանականության թելադրանքներն անհամեմատ ավելի տիրազոր են, քան ցանկացած տիրակալի հրամանները: Վերջինիս նկատմամբ անհնազանդությունը մարդուն դարձնում է դժբախտ, իսկ առաջինի նկատմամբ անհնազանդությունը` հիմար: Ինչի՞ց է, որ կաղ մարդը մեզ չի գրգռում, իսկ մտավոր կաղը գրգռում է: Նրանից է, որ կաղը գիտակցում է, որ մենք ուղիղ ենք քայլում, իսկ մտավոր կաղը պնդում է, որ ոչ թե ինքը, այլ մենք ենք կաղում:
Միտքը փոխվում է այն բառերի համեմատ, որոնք արտահայտում են այդ միտքը: Իսկական պերճախոսությունը չի զգում պերճախոսության մասին գիտելիքի կարիք, ինչպես որ իսկական բարոյականությունը չի զգում բարոյականության մասին գիտության կարիքը: Պերճախոսությունը պետք է լինի հաճելի և բովանդակալից, բայց հարկավոր է, որ այդ հաճելին իր հերթին փոխառված լինի ճշմարտացիից: Պերճախոսությունը մտքի գեղանկարչությունն է:

ԼՅՈՒԿ ՎՈՎԵՆԱՐԳ

8 Փտր

Մեծ գործեր կատարելու համար հարկավոր է ապրել այնպես, ասես չես մեռնելու: Ով չգիտի ժամանակի գինը` նա ծնված չէ փառքի համար: Աշխատանքի արգասավորության գիտակցումը լավագույն բավականություններից մեկն է: Դրա համար էլ ոմանք ապրում են երջանիկ` իրենք էլ դա չիմանալով: Չպետք է վարանել սխալներ կատարելու երկյուղից: Ամենամեծ սխալը փորձառությունից իրեն զրկելն է: Անգիտությունը խելքի թերություն չէ, իսկ գիտելիքը հանճարի հատկանիշ չէ: Եթե միտքը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտվի պարզորեն, դա նշան է այն բանի, որ այն հարկավոր է դեն նետել: Մենք գիտենք ավելի շատ անօգտակար բաներ, քան չգիտենք օգտակարները: Անհնար է մարդկան ետ սովորեցնել ամենաանօգուտ առարկաներն ուսումնասիրելուց: Մեծ հիշողություն ունեցող հիմարը լեցուն է մտքերով և փաստերով, բայց նա չի կարողանում հետևություններ և եզրակացություններ անել: Հենց դրանում է ամբողջ էությունը: Մեծ առավելություն չէ աշխույժ միտք ունենալը, եթե չունես դատողության ստույգություն. ժամացույցի կատարելությունը ոչ թե արագ ընթացքի մեջ է, այլ ճիշտ ընթացքի: Մարդկային միտքն ավելի խորաթափանց է, քան հետևողական, և ընդգրկում է ավելի շատ բան, քան կարող է կապակցել: Մեզ ավելի հեշտ է ձեռք բերել բազմիմացության փայլ, քան հիմնավորապես տիրապետել փոքրաթիվ գիտելիքների: Իսկ խելքի հետ զուգակցված խիզախությունն ավելի շատ է օգնում, քան միայն խելքը` առանց խիզախության: Ուժի գիտակցումը ավելացնում է ուժը: Խելքը մեծ իմաստի է հասնում միայն պոռթկումներով: Խելքը պետք է ոչ թե սահմանափակի, այլ լրացնի առաքինությունը:

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

12 Դկտ

Որ մեր սուբյեկտիվությունն անհամեմատ ավելի կարևոր է մեր երջանկության և առողջության համար, պարզորոշ հաստատվում է այն իրողությամբ, որ, օրինակ, քաղցը լավագույն խոհարարն է, կամ որ տարեցն անտարբեր է նայում պատանության աստվածուհուն` կնոջը, և ի վերջո այդ ամենը հաստատվում է հանճարի կամ սրբի կյանքով:
Հատկապես առողջությունն այնքան է գերակայում բոլոր արտաքին բարիքներին, որ առողջ չքավորը հիվանդ արքայից ավելի երջանիկ է: Հանդարտ, ուրախ զվարթությունը, որը լավ առողջության և ճիշտ դատող խելքի հետևանք է, զուսպ կամքը և այդ ամենի հետ մաքուր խիղճը. ահա այն բարիքները, որոնց չեն կարող փոխարինել ոչ մի պաշտոն ու հարստություն: Այն, ինչ նշանակում է մարդն իր իսկ համար, ինչն ուղեկցում է նրան նույնիսկ միայնության մեջ, և որը չի կարող նվեր տրվել կամ խլվել, ակնհայտորեն ավելի էական է իր ունեցածից և այն բանից, ինչով նա ներկայանում է ուրիշ մարդկանց: Խելացի մարդն իր մտքերի և երևակայության մեջ կգտնի հրաշալի զվարճալիքներ, նույնիսկ երբ մենակ է, իսկ ահա զրուցակիցներին, ներկայացումները, ճամփորդություններն ու զվարճություններն անվերջ փոխելը անգամ տխմարին չեն ձերբազատի իրեն հոշոտող ձանձրույթից: Լավ, հավասարակշռված, զուսպ բնավորություն ունեցող մարդը նույնիսկ ծանր պայմաններում կարող է իրեն բավարարված զգալ, ինչին վիճակված չէ հասնել ագահ, նախանձ և չար մարդուն, որքան էլ նա հարուստ լինի:

%d bloggers like this: