Tag Archives: միջնորդ

Երեքը նավակում՝ չհաշված անհեթեթությունը

27 Հկտ

Այն թյուր կարծիքը, թե քաղաքական հարաբերություններում բոլոր քայլերը լինում են նախապես կշռադատված և հետապնդում են որոշակի նպատակներ, օր-օրի կորցնում է իր հավաստիությունը՝ բախվելով այնպիսի իրավիճակների, որոնք հնարավորություն չեն թողնում նույնիսկ նվազագույն լավատեսության համար: Այս բանում հերթական անգամ համոզվելու պատեհություն մեզ ընձեռեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում (նա սիրում է հաճախակի լինել հարևան երկրում): Եվ ահա այդ հարազատ հարկի ներքո, իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում նա անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին: Վաշաձեն ասաց, որ Վրաստանը, եթե հարկ լինի, պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը: «Բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափ պետք է պահպանել, յուրաքանչյուր բանակցություն ավելի լավ է, քան բաց կամ սառեցված հակամարտությունը»,- բացատրեց նա՝ օրինակ բերելով իրենց դառը փորձը՝ 2009 թվականից ընթացող ժնևյան բանակցությունները, որոնք ցայժմ ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է իրենց ճանաչել հակամարտող կողմ։ Եվ չնայած այդ ամենին՝ Վրաստանը դեռ անում է ամեն ինչ՝ բանակցությունների ժնևյան ձևաչափը պահպանելու համար, ինչն էլ վրաց նախարարը խորհուրդ տվեց մեզ: «Ես կարծում եմ, որ նույնը պետք է վերաբերի մյուս բոլոր բանակցություններին, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցություններին։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել կամ առաջարկել իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, այն անհնար է մասնատել։ Հարավային Կովկասի երեք երկրները պետք է հասկանան, որ գտնվում են մեկ նավակում, և մեր ինքնիշխանությունն անքակտելիորեն կապված է։ Եթե երբևէ զգացվի այս հակամարտության կարգավորման գործընթացում մեր աջակցության կամ միջնորդության կարիքը, ապա մենք պատրաստ ենք դրան»։
Արդեն դժվար է վերհիշելը, թե սա որերորդ անգամն է, երբ Վրաստանը առաջարկում է հանդես գալ միջնորդի դերում: Նախորդ բոլոր դեպքերում Հայաստանը հնարավորինս նրբանկատորեն պատասխանել էր, որ Թբիլիսիի մասնակցության ու միջամտության կարիքը չի զգացվում: Բայց այժմ պարզվում է, որ այդքանը բավարար չի եղել, և վրացիների համառությունը կարող է շատերի նախանձը շարժել: Եվ այնուամենայնիվ, թերևս կարիք կա լսելու և հասկանալու այս անիմաստ կրկնության իմաստը: Ի վերջո ի՞նչն է մեր հարևաններին ստիպում լինել այսչափ հետևողական ու նախանձախնդիր, առավել ևս, որ նրանք հրաշալի հասկանում են՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ նույն նավակում գտնվելու հեռանկարը հազիվ թե մեզ ոգևորի: Երբեք չես իմանա, թե ինչ կարող է քեզ հետ պատահել հաջորդ վայրկյանին:
Ամենասկզբում պետք է միանգամից արձանագրել, որ վրացիների այդ կարգի հայտարարությունների տակ չկա ու երբեք չի եղել ոչ մի էական բան: Նրանք ոչ կարգավորման մշակված տարբերակ ունեն, ոչ միջնորդական առաքելության փորձ և ոչ էլ այնպիսի վարկ, որը կարողանար հույս ներշնչել, թե գործ ենք ունենալու անաչառ ու հավասարակշռված միջնորդի հետ: Մի խոսքով, Վաշաձեի ու մյուսների նմանատիպ առաջարկները սոսկ ձևական բնույթ են կրում և ոչ ավելին: Մյուս կողմից պետք է նկատել, որ ակնհայտ հակասություն կա դիվանագետ-խորհրդատուի խոսքերում: Մի կողմից նա առաջարկում է պահպանել բանակցությունների առկա ձևաչափը, ընդ որում, հրաշալի հասկանալով, որ տվյալ պարագայում խոսք կարող է գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող գործընթացների մասին, և նույն պահին էլ հրամցնում է իր երկրի ներկայությունը, որը ոչ միայն որևէ առնչություն չունի Մինսկի խմբի հետ, այլև դրանով իսկ արդեն փոփոխության կենթարկի սահմանված ու ընդունելի ձևաչափը:
Եվ ուրեմն ինչու՞ է Վաշաձեն այդ միտքը կրկնում նորից ու նորից: Այսօր շատերն են հակված կարծելու, որ եղածին դժվար է այլ որակում տալ, քան պարզապես տուրք քաղաքավարությանը: Այսինքն Վրաստանն այս կերպ ցանկանում է ակնարկել, որ իր համար շատ ավելի շահեկան ու նպաստավոր կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաշտության եզրեր գտնեին: Այսպիսի տրամադրության երկրորդ շերտն էլ Թբիլիսիի այն համոզմունքն է, թե տարածաշրջանում իր դիրքերը հատուկ վերաբերմունքի են արժանի, քանի որ կարողանում է քիչ թե շատ լավ հարաբերություններ պահպանել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ:
Եթե նման բարի մտադրություններով առաջնորդվելու լիներ մի այնպիսի երկիր, որը հարևանների համար ոչ մի խոչընդոտ չի հարուցում, դա դեռ կարելի էր հասկանալ: Բայց մի՞թե Վրաստանը հենց այդ երկիրն է: Այն, որ այսօր Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ճանապարհներն արտաքին աշխարհի հետ կտրված են, արդյո՞ք հենց նույն Վրաստանի և նրա բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով չէ: Էլ չենք խոսում այն անթիվ տհաճ անակնկալների մասին, որ մեզ ամեն քայլափոխի մատուցում են եղբայր վրացիները: Ու եթե ասվածին էլ գումարենք փաստը, որ Վրաստանն ինքը միջնորդի կարիք ունի ռուսների, աբխազների, օսերի և մյուսների հետ լեզու գտնելու խնդիրներում, ապա նրա մասնակցությունը Ղարաբաղի հարցում կամ այլ հարթությունների վրա ուղղակի վերածվում է նոնսեսի:
Մի բան էլ: Երեկ Ազգային Ժողովում խոսք բացվեց Հայաստան-Վրաստան առնչությունների և հարևան երկրի նախագահի մի շարք հայտարարությունների մասին, որոնք այլ բան չէին, քան մեր հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ: Եվ ահա այս առթիվ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման պատասխան հնչեցրեց: «Հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը պետք է զգուշորեն մեկնաբանել… Հայաստանը պետք է անի հնարավորը հայ-վրացական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Ուստի մեր կողմից նպատակահարմար չէ հակառակ հայտարարություններն անելը: Վրաստանի քաղաքական իշխանության հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք և մտադիր ենք հետայսու ևս զարգացնել դրանք»:
Վարչապետը, ով այսպես է պատկերացնում միջպետական հարաբերությունների բարոյական և էթիկական ասպեկտը, ոչ միայն վարչապետ լինելու, այլև քաղաքական դաշտում գտնվելու իրավունք չունի: Հանուն հարաբերվելու վիրավորանք կուլ տվող երկիրը երբեք արժանի չի լինի հարգանքի և նրա հետ երբեք սեղան չեն նստի հավասարը հավասարի իրավունքով: Իսկ Տիգրան Սարգսյանը կարծես թե դեմ չէ ընդմիշտ գտնվել ստորացված վասալի կարգավիճակում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…

13 Ապր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները մեր տարածաշրջան վաղուց այլևս իրադարձություն չեն: Երբ տեսանելի չէ արդյունքը, շատ դժվար է համոզել հանրությանը դրանց կարևորության իմաստը: Այնպես որ, այս անգամ էլ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությունը Երևանում կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ անսովոր մի հանգամանք: Բանն այն է, որ ժամանումից առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա: Սակայն թե նախագահի մոտ, թե արտգործնախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ էական ոչինչ չասվեց բուն բանակցային գործընթացի, առավել ևս` հիմնարար սկզբունքների առումով: Նույն էր փաստում նաև ԱԳ նախարարության տարածած տեղեկատվությունը` վկայելով, որ զրույցները բացառապես ընթացել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված զինանդադարի խախտումների և դրանց վերահսկողության մասին: Սրանից զատ հայկական կողմը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի` Ադրբեջանի կողմից աղավաղման ու այդ փաստաթուղթն իբրև սեփական ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնող միջոց ծառայեցնելու փորձերի վրա: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն այս առիթով ասել էր, որ «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Ստացվում էր այնպես, որ համանախագահներն այցելության որևէ հստակ ծրագիր չունեին, կամ կարելի է ասել` նրանց այցն ավելի ընդհանրական էր և խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակ չկար: Դատարկ ձեռքերով Կովկաս ժամանած միջնորդներին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ տեղում իրենք քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին, նաև արծարծել առաջիկայում արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման: Իսկ սա կարող է ներկա պահին նշանակել միայն մի բան. գլխավոր թեման իր տեղը զիջել է առանձին վերցրած մեկ խնդրի և այդ խնդիրն է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարումը: Սա իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իրավիճակում միանգամայն անիմաստ է խոսել կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու մասին, և ամենաառաջնայինն այժմ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է դուրս գալ վերահսկողությունից:
Երեկ երեկոյան համանախագահներն արդեն Ստեփանակերտում էին, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դռնփակ զրույցի ավարտից հետո լրագրողներին տեղեկացվեց, որ միջնորդներն այս անգամ ճեպազրույց չեն ունենա: Իսկ այսօր, հատելով շփման գիծը, նրանք մեկնելու են Բաքու: Ադրբեջանում վերջիններիս շատ ավելի դժվարին երկխոսություն է սպասվում: Հեշտ չէ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին համոզել մի երկրի նախագահի, ով օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերով փաստացի կոչ արեց միջազգային հանրությանը ռմբահարել Լեռնային Ղարաբաղն ու անվտանգության գոտին` համաձայն լիբիական սցենարի: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական վերնախավում նկատելի է մի տենդենց, որի համար հիմք են ծառայում կարծիքներն այն մասին, թե աճել է եվրոպական կառույցների հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ Բաքվում նաև մտածում են, թե չպետք է հույս դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցները կաջակցեն Ադրբեջանին: «Գերտերությունները ցայժմ երկակի, երբեմն նաև եռակի ստանդարտներ են կիրառում: Եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տանում ոչ միայն Բաքուն, այլև` Թբիլիսին և Երևանը»,- ասում են ադրբեջանցիները և անմիջապես հավելում, որ Եվրոպան մտադիր է զբաղվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ դրա վրա վերահսկման բանալիների հայտնաբերման փնտրտուքով, քանի որ Արևմուտքը երկրագնդի «թեժ կետերի» նկատմամբ համակարգային մոտեցման կարիք է զգում:
Այստեղ ավելորդ չէ վերհիշել օրեր առաջ գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը, ուր նշված էր, թե միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը Ղարաբաղի հարցում մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկեր է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարարման և Nabucco նախագծի իրականացման հարցում:
Թերևս երկու տեսակետներն էլ զուրկ չեն իրատեսության ատաղձից: Չի կարելի ժխտել, որ Եվրոպային առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն նույն Եվրոպան նաև գիտակցում է, որ ներկա պահին անցանկալի հետևանքները կասեցնելու համար նա Հարավային Կովկասի տարածաշրջանում բավարարար լծակներ չունի: Եվ այս տեսանկյունից համանախագահների հաճախակի դարձած այցելությունները մի տեսակ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ լրացնելու այդ բացը, թեև հազիվ թե դրանք հաջողությամբ պսակվեն: Սահմանային գոտուց ստացվող վերջին ամփոփագրերը լավատեսության համար հիմքեր չեն թողնում: Միայն անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց: Եվ այս ահագնացող հրակոծությունները սաստելու համար այսօր ընդամենը շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Միջնորդը նաև հսկիչ է

30 Նյմ

Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին քաղաքական պատասխանատուների մի հսկա խումբ ասես հերթի է կանգնել` Ղարաբաղի խնդրի ապագայի մասին իր ծանրակշիռ խոսքն արտասանելու համար: Դա հիշեցնում է նախընտրական շրջանի քարոզչության վերջին օրը, երբ ցանկալի թեկնածուի հասցեին հնչեցնում են ամենանվիրական գովեստներն ու բառերը, բոլորին ստիպում են մեկ անգամ ևս հիշել ու մտապահել նրա անունը: Եվ հիմա էլ կազմակերպիչների ու միջնորդների հետևողականությունն այնքան ակնառու է, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե գագաթաժողովի միակ ու բուն նպատակը լինելու է Ղարաբաղը:
Թեև արդեն հայտարարվել է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկներ չեն պատրաստվում ներկայացնել և աշխատանքներն ընթանում են սոսկ հիմնարար սկզբունքների մշակման ուղղությամբ, սակայն շատերին դա չի խանգարում լսարանին ներշնչել այն հավատով, որ Աստանայում և միայն Աստանայում կարելի է ակնկալել բեկումնային փոփոխություն:
«ԵԱՀԿ-ում անկեղծորեն հուսով են, որ կազմակերպության առաջիկա գագաթաժողովը կարագացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը, երբ ընդունել էր Մինսկի խմբի համանախագահներին՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Վերջինս էլի շատ հուսադրող ու ոգևորիչ բաներ արտասանեց լրագրողների համար, բայց նույն պահին էլ նրանից հերթը խլեցին մյուսները, որ էլ ավելի գունազարդեն պատկերը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, օրինակ, վստահ է, որ ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակն այս գագաժողովից հետո կփոխվի: Անշուշտ, նա չի մանրամասնում, թե այդ բանն ինչպես է արվելու, բայց փոխարենն ասում է, որ ձգձգված հակամարտությունները ԵԱՀԿ մտահոգության գլխավոր առականերն են, ինչպես նաև գագաթաժողովի առջև ծառացած գլխավոր առաջադրանքը, և իրենք փորձելու են Ղարաբաղի համար ճանապարհներ գտնել:
Հակամարտությունները կանխող ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերն իր հերթին է կարծում, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովը դրական ազդակ կդառնա ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։ «Չարժե սպասել, որ հարցը կլուծվի այս գագաթաժողովի շրջանակներում, բայց գոնե կարելի է հույս ունենալ դրական մթնոլորտի հաստատման առումով»,- նախորդներից փոքր-ինչ ավելի մեղմ է դատում նա:
Ի տարբերություն Զայբերի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն շատ ավելի մարտական է տրամադրված: «Եկել է էջը շրջելու ժամանակը»,- որոշել է նա և հայտնագործություն կատարածի խանդավառությամբ կիսվում է իր «բացահայտման» մանրամասներով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում ու ոգի երկու կողմից, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, և դա Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդիրն է»:
Վերահսկողի և պատասխանատվությունը ստանձնողի արժանապատիվ կեցվածքով իր նախորդներից ետ չի մնում նաև Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ով խորհրդավորության գույն է հաղորդում գործընթացին` օր առաջ տեղեկացնելով, թե կան հարցեր, որոնք ակտիվ քննարկվում են, և դա համենայնդեպս առիթ է տալիս կարծելու, որ Աստանայի հանդիպումը ինչ-որ առաջընթացի կբերի:
Վերջապես, տանտիրոջ իրավունքով բոլոր շահագրգիռ կողմերի խոսքն է ամփոփում Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ժիգալովը, որի համար չափազանց կարևոր է Աստանայում ընդունվելիք հռչակագրի բովանդակությունը, և նա արդեն իսկ հուսով է, որ իրենց իրապես կհաջողվի հասնել կոնսենսուսային ձեւակերպումների, քանի որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հասկանում են, որ անհրաժեշտ է մեծացնել հակամարտությունների վաղ կարգավորման ներուժը: Այս համատեքստում «կձգտենք դրական ներդրում ունենալու որոշակի փորձերի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը ճիշտ արտացոլվի գագաթաժողովի փաստաթղթերում, և հուսանք, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է նա:
Թվում` բարենպաստ մթնոլորտի ձևավորման համար արված է ավելին, քան կարելի էր ակնկալել: Բոլորը հետևողական են, բոլորը մտահոգ են մեր ապագայով ու պատրաստ են անշահախնդրորեն օգնել փակուղուց դուրս գալու համար: Ու գուցե թե նրանք իսկապես ունեն տարակուսելու իրավունք, քանի որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում քչերն են պատրաստ կիսելու այդ սրտապնդող ավյունը: Հակամարտող կողմերի համար սա պարզապես դիտվում է իբրև հերթական մի վայր, որտեղ կհավաքվեն, կխոսեն ու առաջ կանցնեն` ամեն բան թողնելով նախկինի պես: Առայժմ կողմերի հոռետեսությունը խարխլող միակ առիթը Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի պատմությունն է, ինչը պատճառ դարձավ մտածելու, թե ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին դրանց հայտնվելն ամենևին էլ պատահականություն չէր, և այդ աղմկահարույց էջերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում` մասնակից կողմերի վրա ճնշում բանեցնելու իմաստով: Սակայն այժմ դրա համար ինչ-որ մեկին մեղադրելու համար ոչ միայն չափազանց ուշ է, այլև հարմար հնարավորություն մեկ անգամ ևս վերհիշելու, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցներն ընդունելի են ու արդարացված:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստրախան. Աստանայի նախերգանքը՞

25 Հկտ

Չորս ամիս առաջ Ադրբեջանի նախագահը Հայաստանին սպառնաց, որ եթե վերջնական համաձայնություն ձեռք չբերվի, այդ դեպքում Բաքուն հայերի հետ կխոսի ուրիշ լեզվով: Այդ լեզուն թերևս Չայլուի դիվերսիոն գործողությունն էր, որ իրականացվեց այն բանից հետո, երբ Ալիևը խիստ դժգոհ վերադարձավ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից: Իսկ այժմ հայտնի է դառնում, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Առայժմ քիչ բան է ասվում հանդիպման օրակարգի մասին, սակայն երկու հանգամանք արդեն իսկ ակնհայտ են: Նախ, Ալիևի վերադարձը հին տաշտակի առաջ ամենապերճախոս վկայությունն է այն բանի, որ ռազմաշունչ հռետորաբանությունը օճառի պղպջակի արժեք ունեցավ: Եվ երկրորդ, Մոսկվան շարունակում է հետևողական լինել իր միջնորդական պարտավորությունների հարցում առավել չափով, քան Մինսկի խմբի անդամ մեկ այլ երկիր:
Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ Աստրախանից կողմերն առանձնապես մեծ սպասելիքներ ու նոր զարգացումների ակնկալիքներ չունեն: Նույնիսկ քիչ հավանական է համարվում, որ այնտեղ նրանց թարմ առաջարկներ արվեն կամ փաստաթղթեր ստորագրվեն: Ամեն դեպքում, դրա համար հիմքեր կարծես թե չկան: Դիրքորոշումներն այքան հակադիր ու ծայրահեղ են, որ միջնորդներից այդ պահին կպահանջվի ոչ այնքան գործնական ծրագրերի արծարծում, որքան քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտի ձևավորում:
Այդ դեպքում ո՞րն է երկխուսության հրավերի իմաստը, ինչու՞ է Մոսկվան նախաձեռնել արդեն իսկ դատապարտված եռակողմ տեսակցությունը: Եթե ներկա իրավիճակը համեմատելու լինենք Սոչիի հունվարյան և Պետերբուրգի հունիսյան հանդիպումներին նախորդած իրավիճակների հետ (ընդհանուր առմամբ, Ս. Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո այս մեկն արդեն հիշատակված ձևաչափով 7-րդ հանդիպումը կլինի), ապա անժխտելի է, որ ժամանակի ընտրությունը լավագույնը չէ: Սակայն հենց այստեղ էլ պիտի փնտրել բոլոր հարցերի պատասխանը: Փաստորեն Աստրախանում կայանալիք հանդիպումը առաջընթաց պիտի համարել թեկուզ նրա համար, որ բանակցությունները կշարունակվեն, չեն հայտնվի անելանելի փակուղում: Վերջին շրջանի լարվածությունը չէր կարող չանհանգստացնել ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ոչ գերտերություններին: Եվ նրանք այժմ մի տեսակ փորձում են փրկել գործընթացի խորտակվող նավը։ Իսկ Մոսկվան այս հանդիպումը համաձայնեցրեց միջնորդների հետ: Անկասկած, Մեդվեդևը հասկանում է, որ այժմ հռչակագրեր հրապարակելու պահը չի, լավագույն դեպքում կողմերին կարելի է ներկայացնել որևէ կամ նմանօրինակ մի բան: Իսկ մեծ հաշվով Աստրախանը պիտի հող նախապատրաստի Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունավետ ելքի համար:
Այս բանը գիտակցում են նաև Բաքվում: Պատահական չէր, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարկ համարեց խոսել ոչ թե մոտակա, այլ հեռակա հանդիպման մասին: ,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս նման փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սրա հետ մեկտեղ Մամեդյարովը շտապեց արձագանքել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ բանակցային գործընթացի ձախողման դեպքում ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին հայտարարությանը: ,- շեշտեց նա:
Այն, որ ադրբեջանցիները սկսել են անհանգստանալ մեր սխալների համար, միանգամայն նոր բան է: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք դեռ չգիտեն, թե ինչպես պիտի արձագանքեն, եթե Հայաստանն այնուամենայնիվ կատարի ճանաչման քայլը: Մյուս կողմից ռուսների հետևողականությանն էլ վերաբերվում են որոշակի զգուշավորությամբ: Մեկ շաբաթ առաջ Դովիլում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե Ռուսաստանն ունի մեծ պոտենցիալ հակամարտություններ կարգավորելու համար: Իսկ թե հօգուտ ո՞ր կողմի այդ պոտենցիալը կգործադրվի, դա դեռ հարց է: Գուցե նաև սա՞ էր պատճառը, որ Աստրախան մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական սպառնալիքները հնչեցրեց` խոստանալով ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ ,- ասաց նա։ Հետաքրքիր է, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ կա հասնել Աստրախան, եթե լուծման բանալին արդեն գտնվել է:
Ռուսական նոր նախաձեռնությանն Արևմուտքն արձագանքեց դրականորեն: Այստեղ նույնպես անհանգստություն էր հարուցել բանակցությունների շուրջ ակտիվության աստիճանական անկումը: Ձգձգվող հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը հակամարտող կողմերին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել, իսկ բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամուտը համոզված է, որ եկել է բանակցային գործընթացն աշխուժացնելու ժամանակը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: