Tag Archives: ՄԻՇԵԼ ԲՐՅՈՒՏՈՐ

ՄԻՇԵԼ ԲՐՅՈՒՏՈՐ

16 Նյմ

ԵՐԱԶՆ ՈՒ ՄՇՈՒՇԸ

Արթնանում եմ: Գիշերն անցել է: Ես երազ եմ տեսել: Ես հիշում եմ երազի մասին, և այն հյուսվում է այն ամենին, ինչ ես տեսնում եմ: Եթե ես ուզում եմ պատմել, ապա գուցե թե այն բանի համար, որպեսզի նրանից ազատվեմ, զատեմ այն մնացյալ ամեն ինչից, որպեսզի օրը բացատրվի՞: Քանի դեռ ես այն պատմում եմ, նա ցրվում է: Թեպետ ինչ-որ բան ինձ այնքան է ապշեցրել, որ ես հաճույքով նախաճաշի շուրջ կպատմեմ հարազատներիս: Իհարկե հարթ չստացվեց: Եվ նախադասություններն այն չեն, և այն դասավորությամբ չեն: Բառերը հուսախաբ արին: Պետք է սկզբից սկսել, բայց արդեն ժամանակ չկա, և այժմ չեմ հիշում և չեմ էլ ուզում: Որքան բան խոստացավ`այնքան զվարճալի, այնքան սարսափելի, այնքան գեղեցիկ երազ… Բոլորը հիասթափված են, մնացել է անբավարարվածության զգացողությունը:
Սակայն, այդուհանդերձ, օգտվել դրանից չկարողացա, բայց քշել` նույնպես: Թաքնվում ու ծանակում է ինձ: Մեկ էլ տեսար` դուրս է պրծնում մեկ փողոցում, մեկ ճանապարհին, մեկ էլ գրքից: Հիշողությունը գրգռում և հետապնդում է ինձ: Ե՞րբ եմ ես եղել այս տանը: Որտե՞ղ եմ ես այն ժամանակ զրուցել: Ոչ, չի կարող պատահել, կեսօրին ես միանգամայն այլ բանով էի զբաղված: Դա հիշողության խաբսն է, երազ: Երբեմն ինձ հաջողվում է հիշել հենց այն գիշերը, երբ ես տեսել էի այդ երազը, բայց հետո ես չեմ հասցնում: Օրը փութացնում է: Հենց որ ես երազի հիշողության նման մի բան եմ հայտնաբերում, ես դա բանադրանքի եմ ենթարկում:
Ամենից շատ խանգարում են այն երազները, որոնք ամենալավն են իրականության դիմակ առնում: Հաճախ այնտեղ հայտնվող դրվագներն անզանազանելի են ամենատափակ առօրյա կյանքից… Երազը ֆիքսելու համար ինձ հարկ է նրան գործածական մեկնաբանություն տալ, ամենից հաճախ` կրոնական: Այնժամ երազը երկրորդ կյանք կառնի, որ երբեմն ներթափանցվում է առաջինի մեջ, բայց մեկը մյուսից պիտի զանազանվի որոշակի ակնհայտ նշաններով: Եթե դեռ չի կարգավորվել կազմակերպված պատումների միասնությունը, որին կարելի է հավելել երազի դրվագները, վերջինս շատ դեպքերում, որքան հնարավոր է, պետք է վերացվի: Այնժամ դա, ինչպես ընդունված է, կհամարեն բանականության թերություն, ավաղելի, քանզի ներհատուկ է բոլորին, հիվանդություն, որի առաջին նախանշանների դեմ հարկ է պայքարել:
Արթնանալուց հետո երազը պատմելը հենց դրա դեմ մարտնչելու փորձի մի մասն է, ինչը համարյա միշտ անհաջողությամբ է ավարտվում: Որպեսզի այդպիսի պատմությունը կայանա, հետաքրքրի, անհամ վրիպանքի, կոպիտ ստի տեսք չառնի, մի բոլուկ թյուրիմացություններ չծնի, այն պարտադիր պետք է ներկայացնի երազի հաստատումը, ապացուցի, որ դա հենց այն է: Պատմողից պահանջվում է համոզել այն բանում, որ նա հիանալիորեն գիտի, որ դա «սոսկ երազ է», որ այլ կերպ «անհնար է»: Նշանները, որոնցով լեցուն է երազը, նույնիսկ, եթե դրանք սովորաբար չեն նշվում, դրանց ծուղակն ընկած հիշողությամբ` անսովոր համակցումները, մեր ապրած տագնապների և հաճույքների հիմնական աղբյուրները:
Ինչ-որ բան տեղից շարժվում է, ակնհայտորեն ոչ այնտեղ, ուր հարկն է` ցերեկով մենք երևի թե կհասկանայինք, որ այդպիսի բաները չեն համակցվում, չեն միավորվում: «Ձեզ ախորժանք են պատճառում երազները»,- այդպես է սկսում Բոդլերը: Երազի մյուս ոչ անկարևոր ասպեկտը` նրա զավեշտականությունն է: Ընդմեջ տափակ դրվագների` հանկարծ ինչ-որ անհեթեթություն: Ամեն ինչ կարգին է` դա ընդամենը երազ է: Բայց այնքան ծիծաղելի, համարյա ամաչելու աստիճանի: Երբեմն առավոտյան պատմողը մեկ էլ փռթկում է շվարած սեղանակիցների մոտ եւ հանկարծ սսկվում է՝ գիտակցելով, որ մնացածները կարող են իրեն չհասկանալ, իսկ այն, ինչ նրա ծիծաղն է հարուցում, նրանց կշտամբանքին կարժանանա…

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: