Tag Archives: Մինսկի խումբ

Ստատուս-քվոն տարբերակ չէ

17 Մրտ

Երբ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելելու են տարածաշրջան, ղարաբաղցիները սկսեցին կռահումներ անել այն մասին, թե արդյո՞ք այս անգամ նրանք կժամանեն Ստեփանակերտ: Արցախում վաղուց են այն համոզմանը, որ Մինսկի խումբն իրականում ասելու ոչինչ չունի իրենց ու միևնույն ժամանակ չի ցանկանում լսել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Այդ պատճառով էլ, հենց բանը հասնում է դեմ առ դեմ քննարկումներին, միջնորդները, վկայակոչելով եղանակային վատ պայմանները, անմիջապես հրաժարվում են գնալ ԼՂՀ:
Սակայն երեկ պարզվեց, որ եղանակն ու համանախագահների տրամադրությունը ներդաշնակ էին, և Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունեց Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին ու Բեռնար Ֆասիեին: Հազիվ թե այս հանդիպմանը հնարավոր լիներ քննության առնել հակամարտության կարգավորմանն առնչվող սկզբունքային ու հիմնարար հարցերը: Նախ, Ղարաբաղը դեռևս տեղ չունի բանակցությունների սեղանի մոտ, և հետո ներկա պահին նրանց համար շատ ավելի կենսական են այսրոպեական հարցերը, քան հեռանկարային մշուշոտ ծրագրերը: Այս իմաստով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրաստակամությունը իսկը նրանց սրտով էր: Ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության և խաղաղության պահպանման գործում, Ղարաբաղի իշխանությունները համանախագահների ուշադրությունը հրավիրեցին հատկապես վերջին շրջանում մահվան ելքով սահմանային բախումների հաճախակիության վրա: Իսկ սա բացառելու համար Մինսկի խումբը կարող է օգտագործել իր իրավասության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները` Բաքվի ապակառուցողական դիքորոշումը փոխելու նպատակով: Նախագահ Բակո Սահակյանի համոզմունքն այս հարցում անփոփոխ է. եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որևէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:
Ասել, թե Ստեփանակերտում այս և մյուս հարցերում ընդգծված լավատեսություն կա, սխալ կլինի: Նույնիսկ այն միտքը, որ հենց խոսք գնա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին ու սկսվի անմիջական բանակցային գործընթացը, Ղարաբաղը պարտադիր կներգրավվի այդ գործընթացում, այստեղ այնքան էլ իրատեսական չեն համարում: Փոխարենը լրջորեն զայրանում են, երբ խնդրի հետ որևէ առնչություն չունեցող երկրներ հանկարծ որոշում են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ և միջամտել առանց այդ էլ հազիվ-հազիվ տեղաշարժվող պրոցեսներին: Ղարաբաղցիների համար նման տհաճ անակնկալ էր Լիտվայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը, նրանց կարծիքով, միայն բացասաբար կազդի, քանի որ երրորդ երկրների սուբյեկտիվ կարծիքը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Իսկ մինչ այդ Մինսկի խումբը շարունակում է Բաքվում և Երևանում հանդիպումներ ունենալ այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ` քննարկվելով Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները: Դրա հետ մեկտեղ համանախագահները կողմերին ներկայացրեցին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացրած դիտարկման եզրակացությունը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի առաջարկով ԵԱՀԿ-ի դիտարկման խումբը 2010 թվականի հոկտեմբերին ուսումնասիրություն էր անցկացրել Ղարաբաղին հարող շրջաններում: Եվ այժմ եկել է դրանց ամփոփման ժամանակը: Ճիշտ է, հիշյալ փաստաթղթի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում, ինչը, ըստ հեղինակների, ունի իր բացատրությունը: «Մենք որոշել ենք չհրապարակել զեկույցը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել փաստաթղթի բովանդակությանը, որից հետո համանախագահները և կողմերը զեկույցի բովանդակությունը կքննարկեն հաջորդ հանդիպմանը»,- իրենց գաղտնապահությունն արդարացնող պարզաբանումներ տվեցին միջնորդները:
Իսկ քանի դեռ մի փաստաթուղթը փակի տակ է, կարելի է ողջ ուշադրությունը բևեռել մյուսի վրա` առաջնային դարձնելով ԵԱՀԿ-ի դիտարկման խմբի զեկույցը, ինչպես նաև լուրջ քննարկում ծավալել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների հեռացման կարևորության շուրջ։ Երևանում ու Բաքվում փոխադարձ մեղադրանքների պակաս չկա: Մինսկի խմբի անդամները այժմ համբերատար լսում են նրանց և այնուհետև նկատում. «Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պայմանագիրը։ Արդեն ավելի քան երկու տարի կողմերին խնդրում ենք հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Եթե մեզ լսեին, այսպիսի միջադեպեր չէին լինի»:
Այժմ որևէ երաշխիք չկա, թե սահմանի երկու կողմերում անմիջապես կլսեն նրանց հորդորը: Իսկ Մինսկի խումբը դեռ կշարունակի պնդել իր կարծիքը:
Եվ կարծես այն բանի համար, որպեսզի համանախագահները տարածաշրջանում իրենց ավելի վստահ զգան, համարյա միաժամանակ հայտարարություններով հանդես եկան Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն ու Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: «Եվրոպական միությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ ստատուս-քվոն տարբերակ չէ»,- իր ղեկավարած կառույցի տեսակետը ներկայացրեց Բարոզուն: Իր հերթին Եժի Բուզեկին ասաց. «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»:
Այս բարի մտադրությունները կյանքի կոչելու թանկ գինը վճարելու են ոչ թե եվրոպացիները, այլ մենք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեքը` նույն նպատակի համար

9 Փտր

Այսօր հերթական աշխատանքային այցով Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն և Իգոր Պոպովը: Սա այս տարվա ընթացքում եռանախագահների առաջին համատեղ այցն է տարածաշրջան: Նրանք Երևանում հանդիպումներ կունենան նախագահ Ս. Սարգսյանի և արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն մինչ այս պահը դեռևս տեղեկություն չկար այն մասին, թե արդյո՞ք համանախագահները կայցելեն նաև Բաքու կամ Ստեփանակերտ, և ի՞նչ «ուղեբեռով» են վերջիններս ժամանում մեզ մոտ: Ահա այսպիսի անորոշության պայմաններում սպասվելիք բանակցությունների համար եզակի հուշում պիտի դառնար օրերս համանախագահ երկրների ներկայացուցիչների հրապարակավ արտահայտած դժգոհությունը ԵԽԽՎ բյուրոյի կողմից ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նրանք մասնավորապես դժգոհել էին ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման կապակցությամբ` նշելով, որ դրա բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ-ի վրա: Մինսկի խումբը նաև կոչ էր արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձևաչափին, դրան մոտենալ հասունության զգացումով: Նման կոշտ բնորոշումներից հետո Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները նշել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների հանրային քննարկումները չեն կարող իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:
Ճիշտն ասած, Մինսի խմբի անկեղծությանն այս հարցում քչերն են հավատում ու վստահում: Եթե նրանք իսկապես անհամաձայնություններ ունեին տվյալ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, ապա ինչու՞ իրենց բողոքը չարտահայտեցին հենց ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ կամ դրանից առաջ, այլ սպասեցին, մինչև կհայտնվեին կատարված փաստի առաջ և նոր միայն հիշեցին իրենց վիրավորված կողմ լինելու մասին: Թերևս չեն սխալվում նրանք, ովքեր այդ պահվածքի մեջ որոշկի փարիսեցիություն են նշմարում: Ամեն դեպքում, այսօր համանախագահները հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու իրենց խմբի գործունեության արդյունավետությունը` ի հակակշիռ նորաստեղծ և հավելյալ կառույցների:
Մյուս կողմից չափազանց անբարենպաստ է ընդհանուր մթնոլորտը: Այլևս գաղտնիք չէ, որ վերջին շրջանում խնդրի կարգավորման քաղաքական էլեմենտը հետզհետե իր տեղը զիջում է ռազմականին, իսկ բանակցությունները նույնանման ընթացքով կորցնում են նախկին կարևորությունն ու նշանակությունը: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում քիչ չէ նրանց թիվը, ովքեր համոզված են, որ միջնորդ երկրները արդեն վաղուց լվացել են իրենց ձեռքերը և առանձնապես լուրջ հույսեր չեն փայփայում, որ կարող են որևէ արդյունքի հասնել: Ասենք, նման հոռետեսներ դրսում էլ կան:
Գուցե իսկապես սովորական զուգադիպություն էր, որ հատկապես համանախագահների այցի նախօրեին Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակեց Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցը: Այդ փաստաթուղթը արձանագրում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է:
Մռայլ կանխատեսումների այդ շարքը շարունակեց նաև International Alert ոչ պետական խաղաղարար կազմակերպությունը: Վերջինիս Եվրասիայի ծրագրերի պատասխանատու Դեսիսլավա Ռուսանովայի տեսակետը քիչ բանով էր տարբերվում նախորդից: «Կարծես ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է: Առաջ գնալու համար անհրաժեշտ է կողմերի կամքը, պետք է առաջարկություններ արվեն, որոնք առավելագույնս կբավարարեն կողմերի շահերը: Իհարկե, առաջարկություններից բացի, անհրաժեշտ են նաև իրական քայլեր, այլ ոչ միայն կոսմետիկ զիջումներ»,- կարծում էր նա` բացահայտորեն ակնարկելով Մինսկի խմբի առաքելության անհաջողությունների երկար շղթան:
Սակայն ումի՞ց է պետք սպասել իրական քայլեր: Հակամարտող երկրները դեռևս հաստատակամ են իրենց որդեգրած դիրքորոշումներում, իսկ օգնել կամ միջամտել ցանկացողները ավելին անել կամ չեն կարող, կամ չեն ցանկանում: Ահա, օրերս Լիտվան հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել, և այդ փաստաթուղթը ստորագրված է խորհրդարանի 50 անդամների կողմից։ Նշվեց նաև, որ մոտ ժամանակներս բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի ու թերևս ընդունվի։ Սակայն որքանո՞վ դա նպաստավոր կլինի մեզ համար: Չմոռանանք, որ Լիտվան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նախկինի պես իբրև շահագրգիռ կողմ են հանդես գալիս նաև Ռուսաստանն ու Թուրքիան: Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Մոսկվայում ՌԴ փախարտգործնախարարի քարտուղար Գ. Բ. Կարասինի ու Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի միջև խորհրդակցություն է տեղի ունեցել
տարածաշրջանային հարցերի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Յաշար Յակիշը հիշեցրեց իր գոյությունը և տեսակետ հայտնեց այն մասին, թե «այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, որին, իմ կարծիքով, ձեռնտու է չկարգավորված հակամարտությունը: ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը: Եթե կա ԵԱՀԿ ՄԽ ջանքերն ակտիվացնելու հնարավորություն, ապա պետք է դրանից օգտվել: Այդ առումով պետք է ջանքեր գործադրեն Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Կարծում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման միակ հույսն է»:
Միակ հույսն այժմ ժամանում է Երևան: Բոլորը նրանից մեծ սպասելիքներ ունեն, սակայն քչերն են պատրաստ օգնելու, որպեսզի ակնկալիքներն իրական դառնան: Եվ այս նույն պատկերը կրկնվում է ավելի քան մեկ ու կես տասնամյակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: