Tag Archives: ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

28 Հնս

Ընդհանրապես սխալներ չեն լինում: Սխալներ լինում են միայն դպրոցականների շրջանում, դրանք ուղղում են և կարմիր մատիտով շեշտում: Ես դեմ եմ այն բանին, երբ ասում են, որ գիտնականը սխալ գործեց: Ի՞նչ սխալ: Դա ճիշտ խոսք չէ, և գիտնականին իջեցնում է աշակերտի մակարդակի: Չէ՞ որ մեզանում սխալներ գտնում են նաև Դոստոևսկու և Տոլստոյի մոտ: Դրանք սխալներ չեն: Կան դրույթներ, որոնք մեզ պատկերանում են առավել կարևոր և նվազ կարևոր, որոնց հետ մենք համաձայն ենք կամ համաձայն չենք: Բայց այն, ինչին մենք համաձայն չենք, բնավ չի նշանակում, թե դա սխալ է: Ես այդ հարցին նույնպես բազմաձայնորեն եմ մոտենում: Այն, ինչ ես ճիշտ չեմ համարում` ավելի շուտ թերություն է:E11A7AA9-6494-4D8C-8583-F0273B43B571_w640_r1_s_cx0_cy8_cw0

ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

27 Նյմ

Իրականում դիմակահանդեսը դերակատարների ու հանդիսականների բաժանում չի ճանաչում: Նա նույնիսկ սաղմնային ձևով բեմ չի ճանաչում: Բեմը կավերեր դիմակահանդեսը (ինչպես և հակառակը` բեմի կործանումը կավերեր թատերական ներկայացումը): Դիմակահանդեսը չեն դիտում, նրանում ապրում են, և ապրում են բոլորը, քանի որ ըստ իր գաղափարի նա համաժողովրդական է: Քանի դեռ դիմակահանդեսը տեղի է ունենում, ոչ մեկի համար այլ կյանք չկա, դիմակահանդեսայինից բացի: Նրանից ոչ մի տեղ չես փախչի, քանզի դիմակահանդեսը տարածական սահմաններ չի ճանաչում: Դիմակահանդեսի ժամանակ միայն նրա օրենքներով, այսինքն` դիմակահանդեսային ազատության օրենքներով կարելի է ապրել: Դիմակահանդեսը տիեզերական բնույթ ունի, դա ողջ աշխարհի առանձնահատուկ վիճակն է, նրա վերածնունդը և նորացումը, որին բոլորն են մասնակցում: Այսպիսին է դիմակահանդեսը` իր գաղափարով, իր էությամբ, որը կենդանի զգացել են նրա բոլոր մասնակիցները: Դիմակահանդեսի այդ գաղափարն ամենից պարզորոշ դրսևորվում և գիտակցվում էր հռոմեական սատուռնալիաներում, որոնք ընդունվում էին որպես իրական և լիակատար (բայց ժամանակավոր) վերադարձ ոսկեդարի սատուռնական երկիրը: Սատուռնալիաների ավանդույթները չընդհատվեցին և կենդանի էին միջնադարյան դիմակահանդեսում, որը տիեզերական նորացման այդ գաղափարը միջնադարյան մնացյալ բոլոր տոնակատարություններից առավել ամբողջական և մաքուր էր մարմնավորում: Դիմակահանդեսային տիպի մյուս միջնադարյան տոնակատարությունները այս կամ այն առումով սահմանափակված էին և իրենց մեջ դիմակահանդեսի գաղափարը պակաս ամբողջական և մաքուր տեսքով էին մարմնավորում. սակայն դրանցում նույնպես այն առկա էր և որպես սովորական (պաշտոնական) կենսակարգի սահմաններից ժամանակավոր ելք էր ընկալվում:
Այսպիսով, դիմակահանդեսն այս առումով ոչ թե գեղարվեստական թատերա- ներկայացումային մի ձև էր, այլ ասես հենց կյանքի իրական (բայց ժամանակավոր) մի ձև, որը ոչ թե պարզապես խաղում էին, այլ որով համարյա թե իրականում ապրում էին (դիմակահանդեսի ժամանակահատվածում): Դա կարելի է և այսպես արտահայտել . առանց բեմահրապարակի, առանց բեմի, առանց դերասանների, առանց հանդիսատեսների, այսինքն` առանց գեղարվեստա-թատերական որևէ առանձնահատկության, դիմակահանդեսում հենց կյանքն է խաղում` ներկայացնելով իր գոյության մեկ այլ, ազատ (արձակ) ձևը, իր վերածնունդն ու վերակենդանացումը լավագույն ակունքներից: Իրական կենսակերպն այստեղ միաժամանակ նաև նրա վերածնված իդեալական ձևն է:
Միջնադարի ծիծաղական մշակույթի համար բնորոշ են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են ծաղրածուներն ու հիմարները: Դրանք սովորական (այսինքն` ոչ դիմակահանդեսային) կյանքում դիմակահանդեսայինի էության հաստատուն, կարծես թե մշտական կրողներն էին: Այդպիսի ծաղրածուներն ու խևերը, ինչպես, ասենք, Տրիբուլեն Ֆրանցիսկ Առաջինի արքունիքում (նա կերպավորված է նաև Ռաբլեի վեպում ), ամենևին էլ բեմահարթակում ծաղրածուի և հիմարի դեր խաղացող դերասաններ չէին (ինչպես հետագայում բեմի վրա Առլեկինի, Գանսվուրստի և այլոց դերերը խաղացող կատակերգու դերասաններն էին ): Նրանք ծաղրածու և հիմար էին մնում միշտ և ամենուր, կյանքում որտեղ էլ հայտնվեին: Որպես ծաղրածու և հիմար` նրանք կյանքի հատուկ` միաժամանակ իրական և իդեալական, ձևի կրող են: Նրանք կյանքի և արվեստի սահմանին են, կարծես ինչ-որ միջանկյալ ոլորտում. նրանք պարզապես տարօրինակ կամ հիմար (կենցաղային իմաստով) մարդիկ չեն, սակայն նաև կատակերգու դերասան չեն:

%d bloggers like this: