Tag Archives: Միլոշ

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

26 Հկտ

Յուրաքանչյուր բանաստեղծ կախում ունի իր նախորդներից, ովքեր գրել են իր մայրենի լեզվով, նա ժառանգություն է ստանում ոճեր ու ձևեր, որոնք մշակել են իրենից առաջ ապրածները: Միաժամանակ, սակայն, նա զգում է, որ իր սեփական կենսափորձի արտահայտման համար պիտանի չեն վաղեմի այդ միջոցները: Հարմարվելով հներին՝ նա իր խորքում մի ձայն է լսում, որը նախազգուշացնում է հեռու մնալ դիմակավորվելուց և զգեստափոխվելուց: Ընդվզելով` նա էլ իր հերթին կախման մեջ է ընկնում հասակակիցներից, ավանգարդիստական բազմաբղետ ուղղություններից: Ցավոք, բավ է նա հրատարակի իր բանաստեղծությունների առաջին գիրքը, և արդեն կորած է: Որովհետև տպագրական ներկը դեռ չչորացած, այդ ստեղծագործությունը, որն իր հերթին թվում էր ծայրահեղ անձնական, հայտնվում է իբրև ոճերի ենթակայություն, իբրև կախվածություն: Իր խղճի անորոշ հանդիմանանքին պատասխան տալու եզակի միջոցը որոնումները շարունակելն ու նոր գիրք տպագրելն է, որից հետո ամեն բան կրկնվում է, ու վերջ չունի այդ հետապնդումը: Եվ նույնիսկ կարող է պատահել, որ գիրք-գրքի ետևից այդպես թողնելով, ասես օձաշապիկներ, որպեսզի նախկինում արածից փախչի, բանաստեղծը Նոբելյան մրցանակի է արժանանում:
Իսկ ո՞րն է այն հանելուկային իմպուլսը, որը թույլ չի տալիս կանգ առնել այն բանի վրա, ինչը կատարված է, ավարտված: Ես կարծում եմ իրականության որոնումներն են: Այդ բառին ես նաիվ և վեհ իմաստ եմ վերագրում, որն ընդհանուր ոչինչ չունի վերջին հարյուրամյակի փիլիսոփայական բանավեճերի հետ: Դա Երկիրն է, որը Նիլսը տեսնում է սագի մեջքի վրայից և լատինական ներբողի հեղինակը` Պեգասի մեջքից: Անկասկած, Երկիրը կա, և ոչ մի նկարագրություն չի կարող սպառել նրա հարստությունը: Հաստատել այդպես` նշանակում է հենց շեմից մերժել այժմ հաճախ հնչող հարցը` ՙԻ՛նչ է իրականությունը՚, քանզի դա նման է Պիղատոս Պոնտացու հարցին` ՙՈ՞րն է ճշմարտությունը՚: Եթե հակադրությունների զույգերի մեջ, որոնցից մենք միշտ օգտվում ենք, այդքան կարևոր է կյանքի և մահվան հակադրությունը, ապա պակաս կարևոր չէ ճշմարտի և ստի, իրականության և պատրանքի հակադրությունը

%d bloggers like this: