Tag Archives: Միասնական Ռուսաստան

Մեդվեդև, թե՞ Պուտին

25 Ապր

Վերջին օրերին աշխարհին մատուցվեց ևս մի գայթակղիչ ու հետաքրքիրական ինտրիգ, որը կարող է երկար ժամանակ զբաղեցնել քաղաքական գլուխկոտրուկների սիրահարներին: Ռուսաստանի առաջնորդներն առաջին անգամ խոսեցին 2012 թվին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորության մասին: Առաջինը «լռության ուխտը» խախտեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Չինաստան այցելության նախօրեին CCTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չբացառեց, որ կառաջադրվի նախագահական հաջորդ ժամկետի համար: «Ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ նախագահական նոր ժամկետի համար: Որոշումը կընդունվի շատ մոտ ապագայում, քանի որ մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել»,- նշեց ՌԴ նախագահը` դրա հետ մեկտեղ հարկ համարելով խոսել նաև իր և վարչապետ Պուտինի տարբեր դիրքորոշումների, Ռուսաստանի զարգացման ուղիների և գործադրվող մեթոդների հարցում ունեցած տարբեր մոտեցումների մասին:
Մեկ օր անց վարչապետ Վլադիմիր Պուտինը պատասխան քայլը կատարեց` լրագրողներին հայտնելով, թե իրենք երկուսն էլ` և Մեդվեդևը, և ինքը, չեն բացառում, որ կառաջադրվեն: Սակայն, ըստ նրա, մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, ու ճիշտ չէ այսքան վաղ հայտարարել դրա մասին, քանի որ թե կառավարությունում, թե նախագահի աշխատակազմում մարդիկ չեն կարողանա բնականոն աշխատել: Պուտինը նաև նշեց, որ թեկնածության առաջադրման որոշումը կպայմանավորվի նախընտրական շրջանում տնտեսական, քաղաքական ու հասարակական ընթացիկ իրավիճակով։
Կարելի է Պուտինի այս խոսքերի մեջ թաքնված հանդիմանություն նկատել` ուղղված Մեդվեդևին, ով փաստորեն դեպքերից առաջ ընկած խոսեց ամենակարևորի մասին` անտեսելով դրա հետևանքները: Իսկ հետևանքներն իրենց ուշացնել չտվեցին: Հաջորդ քայլը եղավ այն, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հայտարարեց, որ իրենց համար վարչապետ Վլադիմիր Պուտինը գերակա թեկնածուն է 2012թ. նախագահական ընտրություններում: Թիկունքում որևէ ծանրակշիռ քաղաքական թիմ չունեցող Մեդվեդևի համար սա լուրջ նախազգուշացում էր: Մյուս կողմից էլ ուժերի իրական հարաբերակցության պատկերն էլ ավելի ընդգծեց տարբերությունները: Նույն օրերին անցկացված համառուսաստանյան հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ, Պուտինին վստահում էր բնակչության 53 տոկոսը այն դեպքում, երբ Մեդվեդևի վստահության վարկանիշը 46 տոկոսի սահմաններում էր: Ճիշտ է, հարցն այստեղ իր մյուս կողմն էլ ուներ: Բանն այն է, որ թե Մեդվեդևի, և թե Պուտինի պարագայում ժողովրդական վստահության ցուցանիշը հասել էր իր «պատմական» նվազագույնին: Ընդամենը մեկ տարի առաջ նրանք ունեին համապատասխանաբար 62 և 69 տոկոսի վարկանիշ: Սակայն այս հանգամանքը տվյալ պարագայում եղանակ չի փոխում: Կան շատ ավելի մեծ հարցականներ, որոնց պատասխաները որոնում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Առաջին հերթին ամենքը փորձում են պարզել, թե արդյո՞ք Պուտինի ու Մեդվեդևի միջև առկա տարաձայնությունները լուրջ են: Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է դառնում, որ նախագահը ջանում է հնարավորինս անկախ քաղաքականություն վարել: Բայց ոչ պակաս ակնհայտ է նաև այն, որ նրա «անկախությունը» սահմանափակող ու վերահսկող շրջանակներ կան, այլ կերպ ասած, եթե հակասություններ իրոք գոյություն ունեն, ապա դրանք երկուստեք շատ հավասարակշռված են գլուխ բարձրացնում` հավանաբար առաջնորդվելով այն բանի գիտակցումով, որ միայն նրանց երկուսի միասնությունը կարող է պահել իրենց իշխանությունը և դրա հաջորդականությունը:
Շատերն են այսօր սիրում արձանագրել, որ Մեդվեդևը առավել ժողովրդավարական հայացքների կրողն է, նորարարական մոտեցումներ ունի և նման բաներ, իսկ ահա Պուտինն իր հայացքներում ավելի շատ «կոնսերվատիվ և սովետական բռիության տարրեր ունի»: Ինչ խոսք, նրանք երկուսն էլ
տարբեր տեսակի, տրամաչափի և ինքնադրսևորման տարբեր աստիճանների վրա գտնվող գործիչներ են, միանգամայն այլ աշխարհընկալումներով և մտածողությամբ: Ոմանք նույնիսկ հակված են պնդելու, որ Մեդվեդևի պարագայում կարծես թե գործ ունենք ոչ թե գործչի, այլ գործիչ դառնալու անկեղծ ցանկություն ունեցող մեկի հետ: Իսկ Պուտինն այսօր նման խնդիր կարծես թե չունի, փոխարենն ունի գործոն լինելու խնդիր: Եվ հենց այդ տարբերությունն էլ ենթադրում է տարբեր վարքեր:
Սակայն ամեն դեպքում թվարկված կարծիքները մնում են ենթադրությունների ու կռահումների ոլորտում: Ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը` «Ռուսաստանյան քաղաքականությունը շատ փակ քաղաքականություն է, և թե ինչ է իրականում կատարվում Կրեմլում` ոչ ոք չգիտի: Մենք չգիտենք, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինն ու Մեդվեդևը 2008 թվականին, չգիտենք, թե ինչ պայմաններով է Մեդվեդևը ստանձնել Պուտինի ժառանգորդի դերը»: Չիմանալով հանդերձ` վերլուծաբաններին մնում է իրենց հետևություններում առաջնորդվել այն փաստերով և իրողություններով, որոնք գտնվում են տեսանելի դաշտում: Իսկ դրանք ներկա պահին հուշում են այն մասին, որ Մեդվեդևը նախագահության երկրորդ ժամկետի ռեալ շանսեր չունի:
Խնդիրին ուշի ուշով հետևող Արևմուտքը ևս փորձում է հարցերին պատասխան տալ: Ահա թե ինչ է գրում այդ մասին The New Times հանդեսը. «Մեդվեդևը շատ քիչ ժամանակ ունի, և ժամանակը այսօր Պուտինի օգտին է աշխատում: Մեդվեդևը պետք է շտապի, պետք է փորձի քաղաքական ու գործարար վերնախավին համոզել, որ ինքն է Ռուսաստանի տերը, իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել»:
Այն, որ Ռուսաստանի նախագահի ընտրության հարցը միայն ռուսների անհանգստության առարկան չէ, դա պարզաբանելու կարիք չկա: Աշխարհի հզորագույն երկրներից մեկում սպասվող յուրաքանչյուր փոփոխություն այսպես թե այնպես իր անդրադարձն է ունենալու նաև մյուս երկրների վրա: Եվ ուրեմն վերջինները ևս արդեն իսկ պատրաստ են դիտարկել հնարավոր շրջադարձերի թեր և դեմ կողմերը, ու առաջին հերթին նրանք, ովքեր Մոսկվայի հետ խնդիրներ ունեն: Այդպիսի երկրներից մեկն էլ Վրաստանն է, որտեղ կարծում են, թե իրենց համար ավելի ձեռնտու է, եթե Ռուսաստանի նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը: Իսկ այդ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հաճույքով բացում է նման կողմնորոշման փակագծերը. «Հիշեք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել է բանակցել Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հաշվի առնելով, որ հենց Պուտինն է ընդունել վրացական ընդդիմությանը, չեմ բացառում, որ նա բանակցություններ կվարի Սահակաշվիլիի հետ»,- հայտարարել է Շևարդնաձեն:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի վերնախավում և ո՞ր թեկնածուի օգտին պիտի արտահայտվեն մեր հանրապետության քաղաքական ուժերը: Այստեղ դեռևս լռում են: Հավանաբար վաղ է այդ մասին բարձրաձայն խոսելու համար: Պետք է կարծել, որ հայաստանյան առաջին կարծիքները լսելի կլինեն միայն Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն այս տարի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: