Tag Archives: մզկիթ

Բաքվի ու Թեհրանի միջև վազվզող սև կատուն

14 Դկտ

Հետզհետե շատ ավելի դժվար է դառնում հանրությանը համոզել, թե ադրբեջանա-իրանական հարաբերությունները նախկինի պես ջերմ են ու բարեկամական: Երկու երկրները շարունակում են ճաշակել այդ հարաբերությունների իրական պտուղները, որոնք դառն են ու դժվարամարս, իսկ վերջին շաբաթների իրադարձությունները բոլորովին նոր փուլ են կանխորոշում Բաքու-Թեհրան մրցամարտում, որի ավարտը չի նշմարվում, փոխարենը հստակ գծագրվում են դրանից բխող հետևանքները:
Կարելի է պայմանականորեն ասել, որ վերջին զարգացումների համար պատրվակ դարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի Թեհրան կատարած այցը: Ենթադրվում էր, թե այդ առաքելության միջոցով Բաքուն պատրաստվում է «բարիշել» Իրանի հետ ու մոռացության տալ հին վիրավորանքները: Հասանովը 3 օր մնաց Թեհրանում, խոստումների ու երդումների պակաս չզգացվեց, համաձայնություն ձեռք բերվեց լրատվական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության խորացման վերաբերյալ, բայց նրա վերադարձից անմիջապես հետո Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին երկիր մուտք գործել Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմին և ընտանիքի հետ վտարեցին Ադրբեջանից: Հանկարծակիի եկած Իրանի ԱԳՆ-ը փաստի կապակցությամբ չփորձեց թաքցնել հիասթափության աստիճանը: «Մենք զարմացած ենք, որ Ալի Հասանովի` իրանյան այցից կարճ ժամանակ անց նման անհարմար միջադեպ է տեղի ունենում: Հուսով ենք, որ Բաքուն կփոխհատուցի և որքան հնարավոր է շուտ կուղղի իրանցի պաշտոնյայի հանդեպ կատարված անհիմն քայլը»,- հայտարարեց ԱԳՆ-ն, իսկ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ ավելի կոշտ կեցվածք որդեգրեցին՝ պահանջելով, որ Բաքուն ներողություն խնդրի և վերանայի իր որոշումը: «Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ից պահանջում ենք բողոքի նոտա հղել Ադրբեջանի դեսպանին և Թեհրանից վտարել Ադրբեջանի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին»,- նշում էին իրանցի լրագրողները:
Սակայն երկու կողմերն էլ հրաշալի հասկանում էին, որ պատահածը ոչ թյուրիմացություն էր, ոչ էլ բացառիկ դեպք: Առանց այդ էլ Ադրբեջանը վերջին ամիսներին իսլամականներին հալածանքների ենթարկելու հետ մեկտեղ սահմանափակում էր Իրանի` Ադրբեջանում ունեցած կառույցների գործունեությունը, հրաժարվում էր մուտքի վիզա տրամադրել Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին, իսկ Բաքվի մամուլն իր հերթին սկսել էր հաճախ անդրադառնալ այսպես կոչված «իրանական սպառնալիքին»` պնդելով, որ պարսիկները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, և իբրև ասվածի հիմնավորում մեջբերում էին արևմտյան թերթերում շրջանառված այն տեղեկությունը, թե իբր Իրանը նախատեսում է 2012-ին երկու խոշոր ահաբեկչական ակտ և մեկ սպանություն իրականացնել Ադրբեջանում, որոնք հանգեցնելու են բնակչության շրջանում քաոսային իրավիճակի ստեղծմանը: «Դա էլ իր հերթին նպաստելու է Ադրբեջանում զանգվածային անկարգությունների ու դժգոհությունների ալիքի բարձրացմանը: Երկրում կայունությունը խախտվելու է, ինչն էլ ստիպելու է իր հեղինակությունը կորցրած նախագահ Իլհամ Ալիևին հրաժարական տալ»,-գրում էին այդ աղբյուրները՝ «գունավոր հեղափոխությունների» կիրառման տեխնոլոգիաներում իրենց հմտության աստիճանը վերագրելով Իրանին: Մի խոսքով, մեղադրանքների պակաս չկար:
Մինչ ադրբեջանցիները փորձում էին հավաստիացնել, թե Իրանն անհիմն կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հետախուզական տվյալներ հավաքելու համար, Թեհրանն իր հերթին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, մատնացույց էր անում ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակվում է զինվել իսրայելական զենքով: Դրա հետ մեկտեղ իրանցիներին ափերից դուր է հանում Ադրբեջանի հակաիրանական դրսևորումների հիմքում ընկած այն կարևոր հանգամանքը, ըստ որի Բաքուն այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի»՝ Իրանական Ատրպատականի տարածքի հանդեպ հավակնություններ ունի:
Ասվածին կարելի է գումարել նաև կրոնական գործոնի առկայությունը: Գաղտնիք չէ, որ Իրանի այաթոլահները հաճախ են իրենց ելույթներում շեշտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության «հանցագործ ու հակաիսլամական» լինելու հանգամանքը: Իսկ օրերս Իրանում ազդեցիկ «Անսարի-Հզբոլլահ» կազմակերպության Թավրիզի բաժանմունքի ղեկավար, ախունդ Ռուհուլլահ Բեջանիի՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հղած նամակն ընդհանրապես յուղ լցրեց առանց այդ էլ բորբոքված կրակի վրա: Նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ արտահայտություններով լի նամակում «Հզբոլլահ»-ի ներկայացուցիչը վերջնագիր էր ներկայացրել Ահմադինեժադին՝ նշելով, որ Ադրբեջանի գոյությունը մեծ սպառնալիք է Իրանի համար: «Ադրբեջանում մզկիթները քանդվում, նրանց տեղում սինագոգներ են կառուցվում: Կրոնական ղեկավարները նետված են բանտերը, արգելված է կրոնի քարոզչությունը: Դուք պետք է այնպես հնազանդեցնեք Իլհամ Ալիևին, որպեսզի նա նման սխալներ չգործի, հակառակ դեպքում մենք այդ երկրի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ճակատագրին կարժանացնենք: Առաջին քայլը կլինի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի լրտեսական որջի վերածված Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դեմ»,- սպառնացել էր Թավրիզի ախունդը:
Մեջբերված փաստերից հետո արդեն նույնիսկ ավելորդ է հիշատակել, թե ինչպես Իրանի ադրբեջանցիները Թավրիզի ֆուտբոլային մարզադաշտերում ցույցերի ալիք բարձրացրին, ինչպես է ադրբեջանական մամուլը հոդվածներ հրապարակում` պնդելով, թե իբր Իրանը նախատեսում է ձախողել ադրբեջանական «Եվրատեսիլ-2012»-ը, ինչպես է Բաքուն պատրաստվում լույս ընծայել հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ, որը ֆինանսավորվում է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադի) կողմից, ինչպես Ստոկհոլմում կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Գաֆար Ալիևը հայտարարեց. «Փոխանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելու, Իրանը մեր երկրի հանդեպ իրականացնում է ճնշման ու սպառնալիքների անընդունելի քաղաքականություն` խորացնելով ու զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ», և նմանատիպ այլ դրսևորումներ:
Ի վերջո, ինչպիսին էլ լինի ու գնահատվի այս լարվածության պատճառահետևանքային կապը, ներկա պարագայում հստակ է նաև այն, որ արևմտյան որոշ ուժերի ձեռնտու է Իրանի նկատմամբ լարված տրամադրությունների ստեղծումը, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ ուղղված անդրօվկիանոսյան ծրագրերի իրագործման նպատակով: Իսկ Ադրբեջանը Իրանի շուրջ սեղմվող օղակի կծկումների պայմաններում ջանում է շահել կրկնակի չափով՝ դուր գալ Արևմուտքին և հարվածել մրցակից հարևանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մզկիթներն ընդդեմ վանքերի

2 Փտր

Օր-օրի ամրապնդվող ու խորացող վրաց-թուրքական հարաբերությունների վերջին դրսևորումներից մեկը պետք է համարել այն նախագիծը, որի շուրջ արձանագրություն է կազմվել Թուրքիայի և Վրաստանի կառավարական հանձնաժողովների միջև: Համաձայն դրա, Թուրքիան ծրագրում է հարևան երկրում վերականգնել երեք և կառուցել մեկ մզկիթ, իսկ վրացական կողմը հնարավորություն կստանա 4 հնագույն վրացական եկեղեցի վերականգնել Թուրքիայում: Հիշյալ նախագծի խոցելի կողմերն արդարացնելու համար օրերս Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան հարկ համարեց պարզաբանել, թե իրենք ստիպված են գնալ նման աննախադեպ քայլի «Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները փրկելու համար»: Այդ մասին հաղորդելով, «Գրուզիա Online»-ը նաև հավելում էր, որ երկկողմ ծրագրի պայմանները հասարակայնությանը հայտնի կդառնան այն բանից հետո, երբ այն ստորագրվի:
Առաջին հայացքից նման պայմանավորվածության մեջ ոչ մի արտասովոր, առավել ևս` անհանգստացնող բան չէր նկատվի, եթե չլիներ տեղեկատվությունն այն մասին, որ Քոբուլեթիի շրջանում 1940 թվականին այրված մզկիթը վերականգնելուց ու Բաթումիի թուրքական բաղնիքը վերագործարկելուց զատ թուրքական կողմը պատրաստվում է մզկիթներ վերականգնել նաև Սամցխե-Ջավախեթիում և Ախալցխայում: Գերազանցապես հայերով բնակեցված այդ տարածքներում մուսուլմանական հոգևոր կառույցների գործարկումը հազիվ թե պիտի բխի տեղի բնակչության կրոնական պահանջներից: Եվ հենց այդ ակնառու անհամապատասխանությունն էլ տագնապ է հարուցում ոչ միայն Ջավախքում:
Պետք է ասել, որ Վրաստանի ղեկավարությունն ի սկզբանե թաքցնում էր պայմանավորվածության բովանդակությունը և, ըստ վրացական աղբյուրների, նույնիսկ արգելել էր տեղի հեռուստաընկերություններին ռեպորտաժներ ու տեսանյութեր պատրաստել այդ թեմայով: Առաջին հերթին իշխանությունները խուսափում էին բարձրաձայն խոսել այն մասին, թե Թուրքիայի տարածքում գտնվող վրացական կոթողներին ինչ անմխիթար վիճակում էին: Իսկ այն, թե ինչ էր պահանջում Թուրքիան Վրաստանից վրացական կոթողների վերականգնման դիմաց, ընդհանրապես փակ թեմա էր հայտարարված և դրա մասին որևէ խոսք չէր գնում: Ավելին ասենք: Թուրք-վրացական պաշտոնական հանդիպումները գաղտնի էին տեղի ունենում մինչև այն պահը, երբ լուրը հասավ Վրաստանի Պատրիարքությունը, որն էլ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` նշելով, թե իրենք համաձայն չեն թուրքական կողմի ներկայացրած պայմաններին: Եղավ մի պահ, որ շփումները սպառնում էին ավարտվել գժտությամբ ու սկանդալով: Բանն այն է, որ վրացական կողմն այդ ժամանակ Անկարայից պահանջում էր վերականգնել Վրաստանի պատմական Լազեթիում գտնվող «Արդաշեն» մենաստանը, իսկ պատմական Խախուլիից դուրս բերել մզկիթը: Հետո բանակցությունները սկսեցին ձգձգվել, տարաձայնություններն ավելանալ, մինչև որ վերջապես կողմերին հաջողվեց գտնել նախընտրելի «ոսկե միջինը»:
Սակայն վերադառնանք Ջավախքի և ընդհանրապես Վրաստանում հայկական հուշարձանների կացությանը: Մեզ համար նորություն չէ, որ այդ երկրում հայկական եկեղեցիների ավերման, դրանց պատկանելիության հարցը կասկածի ենթարկելու ընդհանուր ֆոնի վրա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է նաև Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանները թուրքական համարել, ինչպես նաև արտառոց չդիտարկել իր երկրում այլադավանների հոգևոր կենտրոնների կառուցման հանգամանքը: Նորությունը թերևս կարող է համարվել այն, որ Վիրահայոց թեմը տեղյակ չէ փաստին, թե պաշտոնական Թբիլիսին պատրաստվում է Թուրքիային Սամցխե-Ջավախքում ու Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն տրամադրել։ Այս մասին արդեն հայտարարել է Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Առաքելովան: «Այդ հարցի վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել։ Մզկիթներ վերականգնելու և կառուցելու լուրերը բամբասանքի մակարդակի վրա են։ Մեզ ոչ ոք այդ մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդել։ Մեզ առհասարակ հայտնի չէ, որ վրացական ու թուրքական կողմերի միջև նման պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է նա: Հայ եկեղեցու ներկայացուցիչների մշտական անտեղյակությունն այլ խոսակցության առարկա է: Իսկ հիմա ուղղակի փորձենք հասկանալ, թե Թբիլիսին ի՞նչ շահեր է հետապնդում` թուրքերին Ջավախքի ճանապարհը ցույց տալով: Հիմնական միտումները կարող են լինել երկուսը: Մի դեպքում դա հայերի հանդեպ խտրական քաղաքականության ջրաղացին հերթական ջրի չափաբաժինն ավելացնելու պահանջն է, իսկ մյուս դեպքում կարող է վերաբերել թուրք- մեսխեթցիններին այս շրջանում վերաբնակեցնելու նրանց նպատակների ու ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների հետ: Պարզից էլ պարզ է, որ երբ մզկիթ է կառուցվում կամ վերականգնվում մի վայրում, ուր չկան հավատացյալներ, ապա մնում է մտածել, որ այդ հավատացյալներին «ներմուծելու» քայլը դառնալու է հաջորդը: Իսկ մզկիթները վերականգնելու միջոցով մուսուլմանականնների համար Ջավախքը հրապուրիչ դարձնելու փորձը միայն կնպաստի ծրագրված ներհոսքին: Սա է պատճառը, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն արդեն միաբերան ասում են. «Դա անթույլատրելի է, հետեւաբար չի կարելի թույլ տալ, պետք է պայքարել նման ծրագրերի դեմ, որոնք ուղղված են Ջավախքի ու Հայաստանի հայերի դեմ»:
Ի դեպ, հավելենք, որ ներկա պահին Վրաստանում կա մոտ 300 մզկիթ: Դրանցից մոտ հարյուրը գտնվում են Բորչալուում՝ ադրբեջանցիների համահավաք բնակության տարածաշրջանում: Բոլոր մզկիթները գործում են, դրանցից ոչ մեկը չի փակվել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: