Tag Archives: մեքսիկացի

ԽՈՒԱՆ ՌՈՒԼՖՈ

15 Հկտ

ԱՐԱՐՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Դժբախտաբար ինձ պատմություններ պատմող մարդ ես չեմ ունեցել. մեր գյուղում մարդիկ փակ են, այո, այո, միանգամայն փակ, մարդ ասես օտարազգի լինի այնտեղ:
Նրանք զրուցում են, երեկոները նստում են իրենց բեռների վրա՝ իրար պատմություններ ու նման բաներ պատմելու, բայց հենց մեկը մոտենում է, լռում են, կամ սկսում եղանակից խոսել. «Այսօր կարծես թե ամպեր են գալիս էս կողմի վրա…» Մի խոսքով, ինձ բախտ չի վիճակվել մեծերի պատմությունները լսել, և հենց այդ պատճա¬ռով էլ ստիպված եմ եղել ինքս պատմություններ հորինել և վստահաբար կարծում եմ, որ գրական արարման սկզբունքներից մեկը հենց հորինելն է, երևակայությունը: Մենք սուտասաններ ենք, ամեն գրող, ով ստեղծագործում է, սուտասան է, գրականությունն էլ՝ սուտ: Սակայն այդ ստից իրականություն է վերստեղծում: Հետևաբար, իրականությունը վերստեղծելը ստեղծագործելու հիմնական սկզբունքներից մեկն է:
Ես գտնում եմ, որ երեք քայլ կա. առաջինը՝ կերպարի ստեղծումն է, երկրորդը՝ միջավայրի ստեղծումը, որտեղ շարժվելու է այդ կերպարը, և երրորդը՝ թե ինչպես է խոսելու այդ կերպարը, ինչպես է արտահայտվելու: Այս երեք հենման կետերն այն ամենն են, ինչ պահանջվում է պատմություն պատմելու համար: Այժմ ես վախ եմ զգում ճերմակ թղթից, մանավանդ մատիտից, որովհետև ես ձեռքով եմ գրում: Պարզապես խիստ անհատական է լինելու ասածս, թե մոտավորապես որոնք են իմ միջոցները: Երբ ես սկսում եմ գրել, հույսս չեմ դնում ներշնչանքի վրա, երբեք չեմ հավատացել ներշնչանքին, գրելու գործը աշխատանք է` սկսել գրել և տեսնել, թե ինչ է դուրս գալիս և էջեր ու էջեր լցնել շարունակ, որպեսզի հանկարծ հայտնվի այն բառը, որ մեզ տա այն բանի բանալին, ինչ հարկավոր է անել, ինչ որ պետք է դառնա եղածը: Երբեմն լինում է, որ հինգ, վեց, տասը էջ գրում եմ, և չի հայտնվում այն կերպարը, որը կուզենայի հայտնվեր, այն կենդանի կերպարը, որն ինքնըստինքյան պետք է շարժվի: Եվ հանկարծ հայտնվում է ու վեր հառնում. հետևում ես նրան, գնում նրա ետևից: Կերպարի կյանքի կոչվելուն զուգընթաց մարդ կարող է իրեն անծանոթ ճանապարհներով, սակայն կենդանի մնալով, գնալ դեպի մի իրականություն, կամ, եթե ցանկալի է, մի անիրականություն: Միևնույն ժամանակ հաջողվում է ստեղծել այն, ինչ կարելի է ասել, ինչը ի վերջո թվում է, թե տեղի է ունեցել, կամ կարող էր տեղի ունեցած լինել, կամ կարող էր տեղի ունենալ, բայց երբեք էլ տեղի չի ունեցել: Այդ դեպքում, ես կարծում եմ, որ ստեղծագործելու այդ խնդրում հիմնական հարցն է մտածել, թե ի՞նչ գիտես, ի՞նչ ստեր պիտի ասես, մտածել, որ եթե մտնում ես ճշմարտության մեջ, ծանոթ իրերի իրականության մեջ, մի բանի մեջ, որ տեսել ես ու լսել, ուրեմն՝ պատմություն ես անում, ռեպորտաժ:
Ինձ շատ են քննադատել իմ հայրենակիցները, թե ստեր եմ փչում, պատմություն չեմ անում, կամ թե՝ այն ամենն, ինչ պատմում եմ կամ գրում, երբեք էլ տեղի չի ունեցել, և դա այդպես էլ կա: Ինձ համար առաջնայինը երևակայությունն է. այն երեք հենման կետերի ներսում, որոնց մասին խոսում էինք վերը, երևակայությունը շրջապտույտ է կատարում. երևակայությունն անվերջ է, սահմաններ չունի, և պետք է ճեղքել այն տեղը, որտեղ փակվում է շրջանը: Մի դուռ կա միայն, միայն մի դուռ կարող է լինել փախչելու, և այդ դռան միջով պետք է դուրս գալ, պետք է հեռանալ: Այդպես հայտնվում է մեկ այլ բան, որն ինտուիցիա է կոչվում: Ինտուիցիան մարդուս մտածել է տալիս մի բան, որը տեղի չի ունեցել, որը սակայն տեղի է ունենում գրի մեջ:
Ավելի կոնկրետ՝ աշխատում ես երևակայությամբ, ինտուիցիայով և թվացյալ մի ճշմարտությամբ: Երբ դա հաջողվում է, հաջողվում է նաև պատմությունը, որն ուզում ես ճանաչելի դարձնել: Աշխատանքը մեկուսի է, գրականության մեջ չի կարելի կոլեկտիվ աշխատանք ենթադրել, և այդ միայնությունը մարդուս դարձնում է իրեն անծանոթ իրերի մեդիում, սակայն առանց իմանալու, որ միայն ենթագիտակցությունը կամ ինտուիցիան են իրեն մղում ստեղծագործելու և շարունակելու ստեղծագործել:
Կարծում եմ, որ սա է յուրաքանչյուր պատմվածքի, պատմության հիմքը, որ մարդ ուզում է պատմել: Այժմ` մեկ այլ տարր, մեկ այլ ևս շատ կարևոր բան, այն է՝ ցանկանալ ինչ-որ բան պատմել որոշ թեմաների շուրջ: Բոլորս էլ քաջ գիտենք, որ միայն երեք հիմանական թեմա գոյություն ունի՝ սեր, կյանք և մահ: Ուրիշը չկա, այլ թեմա չկա, այնպես որ, թեմաների բնականոն զարգացումն ըմբռնելու համար հարկ է իմանալ, թե ինչպես վերաբերվել դրանց, ինչ ձև տալ, չկրկնել այն, ինչ արդեն ասել են այլոք: Այսպիսով, այն վերաբերմունքը, որ դրսևորվում է պատմվածքի հանդեպ, մեզ թույլ է տալիս (թեկուզ և անվերջ ծեծված թեմա լինի) այլ կերպ ասելու ասելիքը, Վիլգիլիոսից սկսած մինչև չգիտեմ ովքեր, չինացիներն ու ով ասես, նույն բանն ենք պատմում: Սակայն պետք է հիմքը փնտրել, թեմային անդրադառնալու կերպը, և կարծում եմ, որ գրական արարման մեջ այդ կերպը (գրական ձև են անվանում այն) այն է, ինչն ուղղորդում է, խթանում, որ պատմությունը հետաքրքիր լինի և մյուսների ուշադրությունը գրավի:
Ասենք թե՝ պատմվածք կամ գիրք է հրատարակվում. այդ գիրքը մեռած է, հեղինակն այլևս չի մտածում այդ գրքի մասին: Իսկ առաջ, ընդհակառակը, եթե լրիվ ավարտված չէր, գիրքը շարունակ պտտվում էր հեղինակի գլխում. թեման շարունակում է պտտվել մինչև սեփական փորձով հասկանաս, որ դեռ ավարտուն չէ, որ ինչ-որ բան է մնացել ներսումդ, ուրեմն՝ նորից պետք է սկսել պատմությունը, պետք է տեսնես, թե որտեղ է խոտորվել, պետք է տեսնես, թե որ կերպարն է, որ ինքնըստինքյան չի շարժվել: Իմ պարագայում ինքս ինձ պատմությունից ջնջելու յուրահատկություն ունեմ, երբեք այնպիսի պամություն չեմ պատմում, որտեղ անձնական փորձ լինի, կամ ինքնակենսագրական որևէ բան, կամ թե ինքս լսած կամ տեսած լինեմ, ես միշտ պետք է երևակայեմ ու վերստեղծեմ, եթե գոնե հենման մի կետ կա: Սա է առեղծվածը, գրական արարումն առեղծվածային բան է, և գալիս ես այն եզրահանգման, որ եթե կերպարը չի գործում, և հեղինակն է, որ պետք է օգնի նրան ապրել, ուրեմն միանգամից ձախողվում է նա: Ես տարրական բաներից եմ խոսում, Դուք պետք է ներեք ինձ, սակայն սա է եղել իմ փորձը, երբեք ոչինչ չեմ պատմել, որ տեղի ունեցած լինի. իմ հիմքն ինտուիցիան է, և նրա ներսում վեր է ելել այն ամենն, ինչ օտար է հեղինակին:
Խնդիրն, ինչպես արդեն ասացի, թեման գտնելն է, նաև կերպարը և թե ինչ է ասելու և անելու այդ կերպարը, ինչպես է կյանքի կոչվելու: Հենց որ կերպարը պարտադրվում է հեղինակի կողմից, անմիջապես անելանելի փակուղի է մտնում նա: Ամենաբարդ բաներից մեկը, որ ինձ վիճակվել է անել, իրոք, հեղինակի բացառումն է եղել, ինքս ինձ բացառելը: Ես թողնում եմ, որ կերպարներն իրենք իրենց գործեն և ո՛չ իմ միջամտությամբ, որովհետև այդ դեպքում մտնում եմ երկի դեգերումների, խորհրդածությունների մեջ: Մարդ անգամ իր սեփական գաղափարներն է մտցնում, իրեն փիլիսոփա զգում, ի վեջո աշխատում հավատ ներշնչել անգամ իր ունեցած գաղափարախոսության հանդեպ՝ կյանքի կամ աշխարհի մասին, մարդկանց մասին խորհելու իր ձևին, կամ թե որն է սկզբնաղբյուրը, որ պայմանավորում էր մարդու արարքները: Երբ այդպես է լինում, մարդ էսսեագիր է դառնում: Շատ վեպ-էսսեներ գիտենք, շատ գրական երկեր, որ վեպ-էսսեներ են, սակայն որպես հիմանական կանոն, ժանրը, որ ավելի քիչ է հակված դրան, պատմվածքն է: Ինձ համար պատմվածքը վեպից է՛լ ավելի կարևոր ժանր է, որովհետև շատ բան ասելու համար պետք է կենտրոնանալ մի քանի էջի վրա, պետք է ընդհանրացնել, արգելակել. այս առումով պատմվածքագիրը փոքր-ինչ նման է պոետին, լավ պոետին: Պոետը պետք է ձին սանձահարելով առաջ գնա և սանձազերծ չարշավի. եթե սուրում է և գրում զուտ գրելու համար, բառերը դուրս են գալիս մեկը մյուսի ետևից, այդժամ պարզապես ձախողվում է նա: Ամենաէականը հենց ինքն իրեն զսպելն է, սանձազերծ չսուրալը, բառեր չհեղելը. պատմվածքն այս առանձնահատկությունն ունի: Եվ ես հենց պատմվածքն եմ նախընտրում, և հատկապես վեպից, որովհետև վեպը հակված է այդ ճամարտակությանը:
Ասում են՝ վեպն իր մեջ ամեն բան ներառող ժանր է, պարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է, տեղավորվում են պատմվածքներ, թատրոն կամ ներկայացում, փիլիսոփայական, կամ ոչ փիլիսոփայական էսսեներ, մի շարք թեմաներ, որոնցով լցվում է այդ պարկը: Պատմվածքում, ընդհակառակը, պետք է սահմանափակվես, ընդհանրանաս և մի քանի բառով ասես կամ պատմես մի պատմություն, որն այլոք երկու հարյուր էջում են պատմում: Սա է մոտավորապես այն գաղափարը, որ ես ունեմ ստեղծագործելու վերաբերյալ, գրական արարման սկզբունքների վերաբերյալ: Անշուշտ, ներկայացնելու փայլուն օրինակ չէ այն, ինչը ես անում եմ հիմա, այլ Ձեզ հետ խոսում եմ պրիմիտիվ ձևով, որովհետև շատ եմ վախենում մտավորականներից, այդ իսկ պատճառով աշխատում եմ խուսափել նրանցից: Երբ ես որևէ մտավորականի եմ տեսնում, ճամփաս թեքում եմ, և համարում եմ, որ գրողն ամենաքիչը պետք է մտավորական լինի բոլոր մտածողների մեջ, որովհետև նրա գաղափարներն ու մտքերը խիստ անձնական բաներ են և չպետք է ազդեն այլոց վրա, ոչ էլ ստիպեն, որ ուրիշներն անեն այն, ինչը ինքն է ուզում: Եվ երբ այս եզրակացությանն ես հանգում, երբ այդտեղ ես հասնում, եկեք ավարտ կոչենք այն, զգում ես, որ ինչ-որ բան հաջողվել է:
Ինչպես բոլորդ գիտեք, չկա ոչ մի գրող, որ գրի այն ամենն, ինչ մտածում է, շատ բարդ է միտքը տեղափոխել գիր, կարծում եմ, որ ոչ ոք դա չի անում, ոչ ոք չի արել, ուղղակի կան շատ բաներ, որոնք կորչում են զարգացած լինելու պատճառով:

Իսպաներենից թարգմանեց ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԱՍ ՊԱՐԵԴԵՍ

23 Հլս

Եվ վեցերորդ օրը աստված երկնեց մարդուն
Ըստ պատկերի յուրում:
Աստված երկնեց մարդուն
Ու շունչ տվեց նրան,
Տվեց նաև մի սիրտ,
Որը պիտի դառնար մթնում սիրո խարույկ…
Իմ երազը սակայն քեզ նորովի երկնեց
ըստ պատկերի յուրում:
Իմ ծով քնքշությունը քեզ ստեղծեց տարբեր.
Քեզ ողողեց ծովի ծուփ-ծուփ ալիքներով,
Որ լողանան այնտեղ դելֆիններս մաքուր:
Ողջ այն լույսը, որով ներծծված էր հոգիս
Քեզ կերտելուս պահին,
Փոխանցեցի ես քեզ, քո աչքերին:
Ես ուզեցի լուծվել շշուկի մեջ իմ տաք,
Որ գեթ մի պահ հպվեմ քո ճակատին.
Լուսարձակի նման սերս ես ուղղեցի
դեպի խավարամած խորշը հոգուս,
Որ մինչև քեզ ունայն քարանձավ էր միայն:
Հիմա փեթակի պես նա դժժում է լցված
Մի քաղցրագույն մեղրով, որ նմանը չունի:
Իմ երազը փորձեց երկնել քեզ նորովի
Ըստ պատկերի յուրում:
Իմ այրոցքը ուզեց քեզ հալեցնել նորից
Քեզ կերտելու համար.
Ավաղ, վահանված ես այն մետաղով,
Որ չի հալվում սիրո հնոցի մեջ:
Ադա’մ, նունն ես, Ադա’մ,
Ինչ որ էիր օրը ստեղծումիդ.
Դու դեռ կավ ես մի տաք,
Բնազդական ու խուլ,
Առանց աստվածային շող ու շնչի,
Որից պիտի փլվեր կարծր պատը կրծքիդ:
Դու` ստվերում կանգնած,
Քեզ չի դիպել հրաշքն արևային:
Թեև քեզ հետ, բայց դեռ առանց քեզ է Եվան,
Ու դեռ իր դրախտն է նա հորինում անդուլ
Քո շուրջն ու քեզ համար…

ԿԱՐԼՈՍ ՖՈՒԵՆՏԵՍ

23 Մյս

Առեղծվածը կմեռնի, բայց ոչ թե ինչ-որ մեկի մեղքով, այլ հոգեցունց հիացմունքից… Այսպիսի բարձունքում, այսպիսի բարձունքում դու երբեք չես եղել: Այսպիսի անծայրածիր հեռաստաններ դու երբեք չես տեսել: Գետի քո տեսած հատվածը ընդամենը մի չնչին մասն է այն վիթխարի լայնքի, որի գոյությունը դու չէիր էլ ենթադրում… Եվ քեզ փոքր չես զգա, անխռով անորոշության մեջ մտահայելով ու մտահայելով` ամպերի հեռավոր կիտվածքները, ալիքավոր հարթությունը և երկնքի ուղղահայաց թռիչքը… Դու քեզ լավ կզգաս, հանգիստ… ամեն ինչից հեռու: Դու չես իմանալու, որ գտնվելու ես ծովից նոր ազատված հողերի վրա, որոնք ելել են վիթխարի լեռնազանգվածների հետ բախվելու և թույլ տալու երրորդային ժամանակաշրջանին, որպեսզի ճմրթի քեզ մագաղաթի նման… Եվ այս լեռան վրա, մինչև հորիզոն ձգվող հարթավայրերի վերևում, քեզ շատ բարձր կթվաս: Եվ դու քեզ կզգաս գիշերվա մեջ, անկյունում, արևից մոռացված ու ժամանակի մեջ… Այնտեղ վերևում արդյոք այդքան մոտի՞կ են իրար համաստեղությունները, ինչպես թվում են չզինված աչքերով նայելիս, թե՞ բաժանված են իրարից անհաշվելի ժամանակով… Մեկ այլ մոլորակ է պտտվելու քո գլխավերևում, և այդ մոլորակի ու քո ժամանակները միանման են լինելու` հեռավոր ու խավարտչին պտույտն, հավանաբար, հիմա սպառում է իր ժամանակի ինչ-որ հատվածը, ըստ մերկուրիական հաշվարկի միակ տարվա մեկ օրը, որը երբեք չի համընկնելու քո օրերի և տարիների հետ… Եվ այդ այսօրն էլ քոնը չէ, ինչպես նաև քոնը չէ իրականությունն այն աստղերի, որոնց կսկսեն նորից նայել` գուշակելով, թե արդեն հավանաբար կործանված ինչպիսի անցյալի է պատկանում այդ լույսը: Լույսը, որ տեսնում են աչքերդ, լոկ արտացոլանքն է այն լույսի, որը ճամփա է ընկել դարեր առաջ, քո ժամանակի դարերով չափված: Ապրու՞մ է դեռ այդ աստղը… Նա կապրի, քանի դեռ աչքերդ տեսնում են նրան: Եվ կիմանաս, որ նա մեռած է միայն այն գալիք գիշեր, երբ այլևս աչքերդ չի թափանցի լույսը, եթե նա դեռ ապրում է, լույսը, որին ուղարկում էր այն աստղը, երբ դեռ ապրում էր և որին դու տեսել ես միայն որպես արտացոլանքն հեռավոր անցյալի և օրհներգել ես քո հայացքով… Երկար ժամանակ կենդանի կհամարես այն, ինչ մեռել է արդեն: Իր մեռած սկզբնաղբյուրից լույսը գալու է ու հասնելու է այն հեռավոր ժամանակներում, գիշերով, փոքրիկ տղայի աչքերին… Հեռավոր անցյալում ժամանակը, որն հետո լցվելու է կյանքով, գործողություններով, խոհերով, բայց որը երբեք չի կարողանա ամուր կապել իրար անցյալի առաջին կետը գալիքի վերջին կետի հետ… Ժամանակը, որն ապրում է հիշողության միայն առանձին ցայտերի մեջ, ցանկության առանձին թռիչքների մեջ, բայց որը վերանում է այս տարօրինակ էակի մեջ մարմնավորված կյանքի սպառվելու հետ, էակ, ինչպիսին դու ես` երեխա կամ էլ մեռնող ծերունի, որը ինչ-որ կախարդանքով իր գիտակցության մեջ էր միավորել այն գիշեր լեռնալանջով սողացող փոքրիկ միջատներին վիթխարի լուսատուների հետ, որոնք տիեզերքի անծայր լանջերով սուրում էին լռությամբ պարուրված… Այդ խաղաղ պահին ոչինչ չի կատարվի երկրի վրա` լոկ դու ես ու երկնակամարը… Բոլորը կապրեն, կշարժվեն, կբաժանվեն փոփոխությունների հոսանքի մեջ և միաժամանակ կքայքայվեն, կծերանան և կկործանվեն առանց օգնության կանչ ու աղաղակ արձակելու…

(հատված «Արտեմիո Կրուսի մահը» վեպից)

Թարգմ. Հ. Գրիգորյան

%d bloggers like this: