Tag Archives: Մերձավոր Արևելք

Մուբարաքը գնաց: Իսկ հետո՞…

12 Փտր

Երեկ, օրվա երկրորդ կեսին, լրատվամիջոցները տարածեցին վերջին ժամերի ամենաանսպասելի լուրը. Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել։ Այս մասին երկրի պետական հեռուստաալիքով հայտարարեց փոխնախագահ Օմար Սուլեյմանը։ «Այս դժվար պայմաններում, որոնց բախվել է երկիրը, նախագահ Մուհամմեդ Հոսնի Մուբարաքը որոշեց թողնել նախագահի պաշտոնը և Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարեց ղեկավարել երկիրը»,- ասաց նա իր հակիրճ ելույթում։ Մինչ այդ Մուբարաքն ընտանիքով լքել էր Կահիրեն և մեկնել Շարմ էլ-Շեյխի նախագահական նստավայր:
Կատարվեց այն, ինչ վաղ թե ուշ կատարվելու էր: Իր կարևոր հանգրվանին հասավ մի ընթացք, որն անհնար էր կասեցնել և կամ փոխել դրա հունը: Կահիրեի Ազատության հրապարակում եգիպտացիներն ուրախությունից լաց էին լինում, գրկախառնվում ու շնորհավորում միմյանց։ Նրանց թիկունքում էր մնացել 18 երկար ու ձիգ օրերի պայքարը` զոհերով, կորուստներով, հուսալքություններով: Նրանց թիկունքում էին երկրի պատմության վերջին 30 տարիները, որոնք դեռ իրենց վերագնահատման ու վերարժեքավորման ժամանակը կունենան:
Արդեն վաղ առավոտից հազարավոր ցուցարարներ շրջապատել էին մայրաքաղաքի հեռուստակենտրոնը և նախագահական պալատը։ Նախատեսվում էր ուրբաթօրյա աղոթքից հետո անցկացնել իր ծավալներով աննախադեպ բողոքի ակցիա՝ «Մուբարաք, հեռացիր այսօր» կարգախոսով։ Ոմանք պնդում էին, թե երկրի տարբեր քաղաքներում փողոց դուրս եկած ցուցարարների թիվը գերազանցում էր 10 միլիոնը: Ակնհայտ էր, որ հասունանում էր մի իրավիճակ, ինչը կարող էր բռնությունների նոր ալիք առաջացնել։ Եվ թերևս այս մեծ վտանգի գիտակցումն էլ Մուբարաքին հարկադրեց ամբողջապես հանձնել իշխանությունը:
Դրանից անմիջապես հետո Եգիպտոսի Ռազմական ուժերի բարձրագույն խորհրդը տեղեկացրեց, որ բանակը քննարկում է «երկրի ղեկավարման» հնարավորությունները և հետագա քայլերի վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով: Առանձնապես շեշտվեց, որ, բանակը չի պատրաստվում փոխարինել քաղաքացիական իշխանությանը. «Ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդը այլընտրանքը չի հանդիսանում այն օրինական իշխանության, որը ցանկանում է ունենալ եգիպտական ժողովուրդը»: Սա որքան էլ անսպասելի, բայց և այնպես հավասարակշտող ու սթափ որոշում էր:
Հրաժարականի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո Կահիրեի բոլոր բարիկադները քանդվեցին: Քաղաքի կենտրոնից ետ քաշվեցին բանակային ստորաբաժանումները: Գործն արված էր, նպատակն իրագործված: Եգիպտացիները, քաղաքական կամք դրսևորելով, իրականություն դարձրին իրենց ցանկությունը: Իսկ կարո՞ղ են նրանք նույնքան քաղաքական խելամտություն հանդես բերել ճանապարհի մյուս` ոչ պակաս դժվարին հատվածը հաղթահարելու համար:
Քանի դեռ երկիրը գտնվում է հաղթանակի վաստակած էյֆորիայի մեջ, քչերն են այժմ այնտեղ քննարկում կամ խոսում հետագա քայլերի մասին: Սակայն դրանք անխուսափելի են: Արդեն լուրեր են շրջանառվում, որ Ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդն առաջիկայում պատրաստվում է հայտնել խորհրդարանը ցրելու և կառավարության հրաժարականի մասին: Ընդդիմությունն իր հերթին հրապարակ է նետել գործողությունների իր առաջարկը, համաձայն որի երկրին սպասվում է իշխանության փոխանցման մեկ տարվա գործընթաց, իսկ այդ մեկ տարում պետք է գործի փոփոխված Սահմանադրության նախնական տարբերակը և ժամանակավոր կառավարությունը: Սակայն սրանք ընդամենը սևագիր վարկածներ են, և ամեն բան կարող է կատարվել շատ ավելի արագ ու ամենևին էլ ոչ այնպես, ինչպես կցանկանային նրանք: Պատահական չէ, որ ռուս վերլուծաբաններն արդեն իսկ կանխատեսում են, որ սեպտեմբերին սպասվելիք ընտրություններին կարող են հաջորդել նոր հուզումներ ու բռնություններ:
Լուրջ մտահոգություն են դիտվում արտաքին վտանգները, թեև դրանց մասին առայժմ խոսում են միայն դրսում: Այսպես, Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հորդորել է Եգիպտոսի բանակին առավելագույնս զգոն լինել, որպեսզի Սինայի անապատում և Սուեզի ջրանցքում չկորցնի իր վերահսկողությունը, քանի որ դրանց Իսրայելի կողմից վտանգ է սպասվում:
Աննկատ չանցավ նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելութը Հոսնի Մուբարաքի հրաժարականից անմիջապես հետո: Օբաման ասաց, որ Եգիպտոսի ժողովուրդը արտահայտել է իր կամքը` նշելով նաև այն, որ կատարվածը ոչ թե վերջն է, այլ միայն սկիզբը, և որ Եգիպտոսն այլևս նախկինը չի լինի: Այնուհետև նա հիշեցրեց, թե կարևորագույն խնդիրներից է հանդիսանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և երկրում ժողովրդավարության հաստատումը, իսկ Եգիպտոսի իշխանությանը հարկ է մտածել քաղաքական ճգնաժամից դուրս գալու կոնկրետ, հստակ, ոչ երկիմաստ, վստահություն ներշնչող ծրագիր:
Այդ վստահությունն, իհարկե, պիտի առաջին հերթին ներշնչվի ամերիկացիներին և նոր միայն եգիպտացիներին: Վաշինգտոնում միայն այդպես են ըմբռնում ճշմարիտ ժողովրդավարությունը:
Ի դեպ, իսրայելցի քաղաքական գործիչներից մեկը փոխանցել է Մուբարաքի հետ իր վերջին հեռախոսազրույցի մանրամասները, որի ընթացքում արդեն նախկին նախագահը սուր քննադատության է ենթարկել Սպիտակ տանը` պնդելով, թե Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի վարած քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի ծայրահեղականության ու արմատական իսլամիզմի հաղթանակին:
Հավանաբար Մուբարաքը գիտի, թե ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մյունխենյան կուլիսներում աշխուժություն էր

7 Փտր

Անցած հանգստյան օրերը չէին վերաբերում Մյունխենում անցկացվող անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի պատվիրակներին, որոնց չափազանց լարված աշխատանքային առօրյան լի էր բազմաբնույթ քննարկումներով ու հանդիպումներով: Գերմանական այդ քաղաքում արդեն 47-րդ անգամ անցկացվող կոնֆերանսն իրականում նմանատիպ ֆորումներից ամենախոշորն է, և պատահական չէ, որ հաճախ այն համեմատում են Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի հետ: Այս տարի Մյունխենն ընդունել էր շուրջ 350 բարձրաստիճան հյուրերի` երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, կառավարության անդամներ, փորձագետներ, գործարարներ, մենեջերներ: Դրանց թվում էին նաև Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները: Օրակարգում ընդգրկված մեծ թվով հարցերի շարքում առանձնակի ուշադրություն բաժին ընկավ այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք էին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները, Եվրոպայում միջուկազերծ տարածքի ձևավորումը, Մերձավոր Արևելքում հակամարտությունների հաղթահարումն ու զինաթափումը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային այլ մարտահրավերներ` այդ թվում, մասնավորապես, Աֆղանստանում առկա իրավիճակը:
Ինչ խոսք, ծրագրի ֆորմալ շրջանակները նույնպես կարևոր էին: Սակայն բացառապես բոլոր հրավիրյալները նախատրամադրված էին այն համոզմունքով, որ այս համաժողովն, ի տարբերություն շատ գագաթաժողովների, առավել արդյունավետ հարթակ է ոչ պաշտոնական շփումների ու երկխոսությունների համար: Ու պատահական չէր, որ ներկա գտնվող հարյուրավոր լրագրողներ առավելագույն հետաքրքրություն էին դրսևորում հենց նմանատիպ քննարկումների նկատմամբ:
Սերժ Սարգսյանը ևս օգտվեց այդ հնարավորությունից` համաժողովի ընթացքում զրուցելով ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Լիտվայի ու Վրաստանի նախագահների, Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, Ավստրալիայի ԱԳ նախարար Քևին Ջադդի և այլոց հետ: Սակայն Հայաստանի նախագահի հանդիպումներից կարևորագույնը համարվեց նրա տեսակցությունը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պաշտոնական ժլատ տեղեկատվությունը թույլ չի տալիս էական մանրամասներ իմանալ զրույցի և արծարծված թեմաների մասին: Հայտնի է միայն, որ առանցքային են եղել Լեռնային Ղարաբաղին ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը: Հայկական կողմը պատեհ առիթ է ունեցել մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելու ամերիկացիներին`ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար, որից հետո զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին: Գալով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ ամերիկյան դիրքորոշմանը, պետք է ասել, որ այնտեղ դեռևս պահպանվող լավատեսությունը քիչ ընդհանրություններ ունի իրերի ռեալ վիճակի հետ, քանի որ հուսադրող համարյա ոչինչ չկա: Բայց, ամեն դեպքում, Միացյալ Նահանգները ցանկանում է չլինել նահանջողների թվում և նրա համար մի տեսակ հեղինակության խնդիր է շարժիչ ուժի իր կարգավիճակին հավատարիմ մնալը:
Հանդիպման ժամանակ նախագահը և պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող գործընթացներին վերաբերող այլ հարցեր ևս: Սակայն նկատենք, որ նման հանդիպումներ Հիլարի Քլինթոնն ունեցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Առաջինի դեպքում, ինչպես տեղեկացրել էր թուրքական Zaman օրաթերթ, կողմերը քննարկել են Եգիպտոսի վերջին իրադարձությունները և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարը: Այսինքն ոչ մի խոսք հայ-թուրքական շփումների մասին: Իսկ ահա ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ պետքարտուղարը մտքեր է փոխանակել ղարաբաղյան հակամարտության մասին, և առանձնակի շեշտել, թե եկել է բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու պահը: Թե հատկապես ո՞ր ուղղությամբ տեղաշարժվելն է ԱՄՆ-ի համար գնահատվում որպես առաջընթաց, դժվար է ասել: Բայց որ դա անմիջականորեն առնչվելու է էներգետիկ համագործակցության և մերձավորարևելյան խմորումների հետ, սա Վաշինգտոնի թրծված մարտավարությունն է:
Վերադառնալով անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքային առօրյային, թերևս առանձնացնենք Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու փոքր-ինչ անսպասելի ելույթը: Վերջինս ուղղակի հայտարարեց, որ Մյունխեն է եկել, որպեսզի ևս մեկ անգամ Մոսկվային խաղաղության կոչ անի։ Նրա կարծիքով` Եվրոպան ու Միացյալ Նահանգները կարող են միջնորդի դերակատարություն ստանձնել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Երդվյալ թշնամիների հնարավոր հաշտեցման հեռանկարը ներկա պահին շատերին է անիրագործելի թվում, այդ իսկ պատճառով էլ վրացի նախագահի խոսքը հակասական արձագանքների արժանացավ: Ոմանք այն որակեցին իբրև նահանջ, մյուսների խորին համոզմամբ Սահակաշվիլին իր հերթական խաղն է խաղում` խաղաղության աղավնին ձեռքին: Բայց կարծում ենք, որ շատերը այդ պահին կկիսեին ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենի տեսակետը, ըստ որի Հարավային Կովկասի անվտանգությունը բազմաթիվ թելերով շաղկապված է Եվրոպայի անվտանգության հետ, և այդ խնդիրը պետք է դիտարկվի հենց այս դիրքերից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: