Tag Archives: մենամարտ

ՄԵՆԱՄԱՐՏ ՄԵՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

8 Նյմ

Պատմության մեջ ամենաանհեթեթ մենամարտը թերևս նա է, որ տեղի է ունեցել 1806 թվականին, Անգլիայում: Գինետներից մեկում վիճաբանում են երկու ջենթլմեն` Համֆրի Հովարտը և կոմս Բերիմորը: Հաջորդ առավոտյան նշանակվում է նրանց մենամարտը: Եվ ահա հայտնվում է Հովարտը` բոլորովին մերկ: Նա մտադրություն չունի որևէ մեկին ծաղրելու, պարզապես մասնագիտությամբ լինելով վիրաբույժ` գիտի, որ երբեմն մահը վրա է հասնում ոչ թե գնդակից, այլ գնդակի հետ մարմին ներթափանցած հագուստի ծվեններից, որոնք վարակի աղբյուր են ծառայում: Դրա համար էլ մերկացել է:
Կոմսն իր հերթին չի ցանկանում պատմության մեջ մնալ իբրև մեկը, ով մերկ մարդ է գնդակահարել: Այդ պատճառով էլ ախոյանները զենքերը վայր են դնում և բաժանվում են խաղաղությամբ:

0_77d384_4df3a8ab_XL

ԴՅՈՒՄԱՆ ՎՐԻՊԵՑ

18 Սպտ

Գրողներից շատերն են մասնակցել մենամարտերի, սակայն նրանցից ոչ ոք չի վարվել այնպես, ինչպես դա արեց Ալեքսանդր Դյուման: Իր ախոյանի հետ նրանք պիտի վիճակ քաշեին: Ում բաժին հասներ ճակատագրական թերթիկը, նա պիտի ինքնասպան լիներ: Ստացվեց այնպես, որ վիճակն ընկավ Դյումային: Դյուման ատրճանակը ձեռքին առանձնացավ հարևան սենյակում: Քիչ անց հնչեց կրակոցը: Բայց հետո Դյուման վերադարձավ մասնակիցների մոտ և ասաց. «Ես կրակեցի, բայց վրիպեցի»:

4aca774e8218

ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ….

17 Օգս

Մենամարտից հետո մահացու վերք ստացած Պուշկինին բերում են իր առանձնատուն: Անմիջապես նրան է այցելում անձնական բժիշկը՝ Սպասկին: Անում է հնարավոր ամեն բան, սակայն հրաշալի հասկանում է, որ մեծ գրողին փրկել այլևս անհնար է: Որոշ ժամանակ անց Սպասկին ստիպված է լինում այցելել ևս մի հիվանդի: Սա մեծահարուստ առևտրական էր ու իրեն շատ վատ էր զգում: Երբ բժիշկը մոտենում է նրան, հիվանդը բռնում է Սպասկու ձեռքն ու տագնապած հարցնում.
— Ասացեք, բժիշկ, կա՞ որևէ հույս, որ ես կապաքինվեմ:
— Ոչ մի հույս էլ չկա,- զայրացած պատասխանում է բժիշկը:- Եվ վերջապես սա ի՞նչ բան է, բոլորս էլ մեռնելու ենք: Ահա, հենց հիմա Պուշկինն է մահանում: Հասկանու՞մ եք, Պուշկինը: Այնպես որ մենք էլ ձեզ հետ միասին կմեռնենք:
Ասում են, որ հարուստ հիվանդը գլուխը դրել է բարձին ու մեռել է Պուշկինի հետ նույն օրը:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: