Tag Archives: մենակ

ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ

14 Մրտ

ԱՍՏԾՈ ՄԵՆԱԿԸ

… Ոչ մի մահկանացու չի կարող ասել, թե ինչպես և ինչու կգա դեպի մեզ սիրո ծաղիկը՝ հաղթությամբ թե պարտությամբ, խնդությամբ թե խենթությամբ: Սակայն ես գիտեմ, որ վերջում (մեզ՝ անտուններիս, անդուռներիս, մենակյաց թափառականներիս համար՝ հավիտյանս վերջում) հավերժ սպասում է մեր եղբոր՝ Մենության խավարչտին դեմքը:
Բայց հին հրաժարումներն ընկնում են, հին ուխտերը՝ կանգնում, և մենք, որ կորած էինք, հարություն ենք առել, մենք, որ կորած էինք, գտնվել ենք նորից, և մենք, որ անմարմին մեռյալներին վաճառեցինք տաղանդ, կիրք և ջահելության հավատ, մինչև որ մեր սրտերը այլասերվեցին, տաղանդը կորավ, հույսերը մեռան, արյունով ետ բերեցինք մեր կյանքերը՝ մթության ու խավարի մեջ, և գիտենք հիմա, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես առաջ էր, և կտեսնենք նորից (ինչպես առաջ տեսանք) շողացող քաղաքի պատկերը: Հեռվից, պայծառ լույսերի հարկաշարքերով նա հավերժ վառվում է մեր աչքերի մեջ, մինչև մենք անցնում ենք կամուրջով, իսկ շուրջը՝ ամեհի ալիքներ ու նավեր: Եվ մենք անցնում ենք կամուրջով, միշտ քեզ հետ, խստադեմ բարեկամ, որ զրուցում ես մեզ հետ և երբեք չես լքում:
Լսիր.
«Մենություն հավիտյան, և աշխարհ: Խավարչտին եղբայր և խստադեմ բարեկամ, խավարի ու գիշերվա անմահական դեմք, որի հետ ապրելու եմ մինչև իմ մահը, ի՞նչ ունեմ վախենալու, քանի դեռ դու իմ կողքին ես: Հերոսական ընկեր, կյանքիս արյունակից եղբայր, խավարչտին դեմք, մի՞թե միասին չենք քայլել միլիոնավոր փողոցներով, գիշերվա մեծ ու կատաղի պողոտաներով, մի՞թե միասին չենք կտրել-անցել փոթորկոտ ծովերը, անհայտ և օտար երկրները և եկել ենք հիմա վերստին զբոսնելու գիշերվա մայրցամաքում և լսելու լռությունն աշխարհի: Բարեկամս, չե՞նք եղել մենք միասին քաջասիրտ և փառավոր: Չե՞նք ճանաչել այս աշխարհում ցնծություն, խինդ ու փառք և չի՞ լինի նույնը, եթե դու վերադառնաս: Վերադարձիր, եղբայր, վերադարձիր գիշերվա զգոնությամբ: Վերադարձիր, խավարի գաղտուկ ու անձայն սրտում: Վերադարձիր, ինչպես միշտ ես վերադարձել՝ վերստին բերելով անհաղթելի ուժը, անմահական լույսը, ցնծալի խինդն ու վստահությունը, որոնք կփոթորկեն այս երկիրը կրկին»:

Թարգմ. Ս. Մկրտչյան

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

3 Ապր

Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:
Ու նա ինձ արդեն չի թունավորում:

Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

%d bloggers like this: