Tag Archives: մեղեսիկ

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

27 Մրտ

ԻՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ես` Սալվադոր Դալիս, հռոմեական ու առաքելական կաթոլիկս և հոգով միապետականս համեստությամբ ու ցնծությամբ հավաստում եմ, որ ժամանակակից ստեղծագործող երիտասարդության ողջ եռանդը խտանում է միակ առաքինության` բուրժուական մշակույթին հակադրվելու շուրջը:
Ամենագեղեցիկ և ամենախոր մշակութային հեղափոխությունները տեղի են ունեցել առանց բարիկադների: Ընդվզող մոլեգնությունը շիկացնում է միտքը, որ տարածության ու ժամանակի միակ տերն է: Պեղումները այն իսկական հակաբարիկադներն են, որոնք անցյալին հնարավորություն են ընձեռում ապագայի մեջ շրջագայելու. անտիկ շրջանի քանդակագործության վերագտնումով 16-րդ դարում իրականացվեց արդարացիորեն Վերածնունդ կոչված մշակութային հեղափոխությունը: Համանման ամեն մշակութային հեղափոխություն պիտի հանգի նոր ոճի հարաբերակցության: Վերածննդի գագաթնակետը դարձած Լյուդովիկոս 14-րդի ոճը փլուզվեց մի հեղափոխությամբ, որը բուրժուազիային պիտի տար նվաստացուցիչ իշխանություն: Բանվորների համար նախատեսված Լըդուլի գնդաձև ճարտարապետությունը քնարական, ցնորական ու խաղացկուն քաղաքի տեսիլքի մեջ պիտի լքվեր թերահավատ, բանական ու գործնական բուրժուաների կողմից:
Այս նոր հեղափոխության ես ընծայաբերում եմ այն ամենը, ինչ ունեմ, այսինքն իմ խելացնորական-քննադատական մեթոդը, որն ինձ թվում է, բացառապես հարմարեցված է առկա իրադարձությունների բարեբախտաբար իռացիոնալ բնույթին: Այդ մեթոդի լույսի ներքո ինձ թույլ եմ տալիս անել հետևյալ դիտողությունները:

ԳՈՒՅՆԸ
Արդի մշակութային հեղափոխությունների գույնը ոչ թե կարմիրն է, այլ օդ, երկինք, հասունություն հիշեցնող մեղեսագույնը: Դա աշխարհի դարաշրջիկ փոփոխությանը համապատասխանող գույնն է: Ջրհոսի դարաշրջանը, որ ավարտվելու է առաջիկա հազարամյակում, կտեսնի արյունոտ բռնությունների վերացումը: Ներկայումս մենք արդեն սպանել ենք Ձուկը («Աստված մեռել է»), և նրա արյունը գունավորում է կապույտ ծովը` ալիքներին հաղորդելով մեղեսիկի գույն:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Բուրժուական մշակույթը կարող է փոփվել լոկ ուղղահայացորեն: Մշակույթը կարելի է ապաբուրժուականացնել միայն այդ հասարակությունը ապապրոլետարականացնելով, մտածողությունը կողմնորոշելով դեպի բարձրը, ուղղելով դեպի իր օրինական, կատարյալ, աստվածային նախասկիզբը: Հարկ է, որ ի հայտ գա մտքի արիստոկրատիա: Մարդ-թագավորը կարող է իր պալատում հանդուրժել միայն մտքի իշխաններին:
Գործնականում կարելի է հաշվառել բուրժուական մշակույթի հուշարձանները: Ոչ թե քանդել, այլ նոր իմաստ ներդնել դրանց մեջ, փոփոխել նրանց նշանակությունը: Օրինակ, Ավգուստ Կոնտի հուշարձանի տակ ավելացնել մասնատուփ նրա սուրբ Կլոթիլդի, ըստ պոզիտիվիստական զառանցանքի, մարդկության տիրուհու համար: Այդ մասնատուփը կարող է լինել հելիումով լի մեղեսիկե մի օրորոց, որի մեջ հերթով կօրորվեն ամենագեղեցիկ ու մերկ աղջիկները ձմեռային քնի վիճակում` ի մռայլ հաճույք ուսանող-դիտորդների և ի հանգիստ նրանց խստորեն ու գիտականորեն վերահսկվող պատրանքածին փորձերի:
Նույն ձևով առաջարկում եմ որոշ քաղաքների հուշարձանները զարդարել զենք ու զրահ կրող դերասաններով, որոնք Պակո Ռաբանի նման ընդունակ են տոնել Ջրհոսի հազարամյակի գալուստը:

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիբիդոյի որոշ քանակություն ներարկել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաճույքային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածել հասարակական բթության նախարարության` չզրկվելու համար այն ամենից, ինչն արդեն ստեղծվել է: Դրա մեջ ներառնել ֆոլկլորային գովելի պոռնկությունը, բայց դրան ավելացնել լիբիդային և հոգևոր ուժեղ էներգիա: Այսպիսով այդ գերձանձրույթի օջախը ձևափոխել իսկական տարփածին գոտու` ծախու սիրո առաջին օրենսգետ սուրբ Լուիի հովանավորությամբ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտությունների կիբեռնետիկական հանձնաժողովների ակտիվացում` մատերիալիզմին զոհ գնացած մեծ մտքերի վերածննդի ու փառաբանման համար: Օրինակ, Ռեմոն Լուլլի համակցված անիվները, Ռայմունդո Սեբոնդի բնական Աստվածաբանությունը, Պարացելսի աշխատությունը, Գաուդիի միջերկրական գոթականությամբ ներշնչված ճարտարապետությունը, Ֆրանչեսկո Պյուժոլի հիպարքսիոլոգիան, Ռեմոն Ռուսելի հակաժյուլվեռնյան բանաստեղծականությունը, ավանդական միստիկ մտածողության տեսաբաններին, բոլոր ճշմարիտ ներշնչվածներին: Չպղծել նրանց անարդար գերեզմանները: Հանել գերեզմանից և վերստին թաղել, բայց Նիկոլա Լըդուի պատկերացրած ֆուտուրիստների ամենաշքեղ դամբարաններից մեկում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, ուր տեղի է ունենում մշակութային հեղափոխությունը, պիտի ծաղկի երևակայությունը:
Փարիզ, շաբաթ, 18 մայիսի, 1968 թ.
Սալվադոր Դալի:

%d bloggers like this: