Tag Archives: մեծատոհմիկ

ՍՅՈՒՅ ՍՅՈՒԵՄՈ

17 Դկտ

Դժբախտությունները, որ վրա են հասնում ջրհեղեղներից, հրդեհներից և ավազակներից, փլվում են առաջին հերթին աղքատների գլխին, չարիքները, որ ծնունդ են առնում ունայնամտությունից ու փառասիրությունից, սովորաբար հետապնդում են մեծատոհմիկներին ու հարուստներին: Նույնիսկ պետության ամենանշանավոր այրերը մի անգամ կյանքում նվաստացուցիչ ծանուցագիր են ստանում` երբ նրան հարազատ գյուղ են ուղարկում: Նույնիսկ ռամիկներից ամենաանարժանը մի անգամ կյանքում գովասանքի խոսքի է արժանանում` երբ նա ի հող է դրվում:
Բարի գործոց մեջ հարկ է միայնակ վարժվել: Ահա թե ինչու մարդիկ ըստ ինքյան են բարի դառնում: Չարիք գործելու համար պետք է համաձայնության մեջ լինել: Ահա թե ինչու առևանգիչը միշտ իր հետ հանցակիցներ է վերցնում: Պատահում է, որ կարիքն ու քաղցը ստիպում են վեհանձն այրին օգնություն խնդրել, բայց նա դա արժանապատվորեն է անում: Անելանելի վիճակում կործանվել են նույնիսկ այրերից իմաստնագույնները, բայց նրանք իրենց մասին հավերժական հուշ են թողել:
Հարստությունն ու անվանի լինելը չեն վազում վեհանձն այրի ետքից, քանի որ նա ինքը չի վազում դրանց ետևից: Հաջողությունն ու փառքը անշուշտ վրա կհասնեն նպատակաուղղված մարդուն, որովհետև նրանք պայքարում են դրա համար՝ գետին դեմ առած մարտիկների նման:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

10 Դկտ

«… Մի՞թե ձեր մտքով չի անցել մտածել, թե ինչ դասի են պատկանում այդ կանայք… Մի՞թե դուք չեք նկատել, որ դրանք մեծատոհմիկ տիկնայք են… Ձեր կայազորային արկածների ժամանակ պատահե՞լ է, որ դուք տեսնեք այդպիսի ճերմակ թաթիկներ, այդպիսի ամբարտավան ժպիտ: Ուշադրություն դարձրե՞լ եք այդ շքեղ զգեստների, այդ քնքուշ ձայների, այդ կեղծավոր հայացքների վրա: Օ, իհարկե, դրանք մեծատոհմիկ կանայք են: Նրանց հրամանով է գիշերը մեզ գտել դեմքը գլխաշորով ծածկած պառավը, և մեղրանուշ խոսքերով հմայելով, մեզ բերել այստեղ: Օ, դրանք անկասկած մեծատոհմիկ կանայք են: Նոր էինք ոտք դրել շքեղորեն կահավորված սենյակը, որ տաք էր ու հազվագյուտ բուրմունքներով հագեցած, երբ նրանք նետվեցին մեր գիրկը, փաղաքշեցին, հանձնվեցին առանց աչքը թարթելու և առանց հապաղելու: Այո, այո, նրանք մեր գիրկը նետվեցին, թեև առաջին անգամ էին տեսնում մեզ, և մենք թրջվել էինք անձրևի տակ: Մի՞թե դրանից հետո կարելի է կասկածել, որ դրանք մեծատոհմիկ տիկնայք էին… Սեղանի մոտ նրանք բուռն ու ինքնամոռաց կերպով տրվեցին սիրույն ու արբեցմանը, նրանք հայհոյում էին աստծուն, արտառոց ճառեր արտասանում, նրանց բերանից գարշելի հայհոյանքներ էին թափվում, նրանք կորցրել էին ամոթը, կորցրել էին մարդկային կերպարանքը, մոռացել էին երկրի մասին, մոռացել էին երկնքի մասին: Այո, դրանք մեծատոհմիկ տիկնայք էին, հավատացեք ինձ, խիստ մեծատոհմիկ տիկնայք…»:

%d bloggers like this: