Tag Archives: մեխ

ՄԵԽԵՐՆ ՈՒ ՀԵՏՔԵՐԸ

10 Դկտ

Կար-չկար՝ մի բռնկուն ու անզուսպ երիտասարդ կար: Մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց ու պատվիրեց ամեն անգամ, երբ նա չկարողանա զսպել իր զայրույթը, ցանկապատի սյան վրա մեկական մեխ խփի: Առաջին օրը սյան վրա տասնյակից ավել մեխեր կային: Հետագա օրերին երիտասարդը հետզհետե կարողացավ հույզերը սանձել ու մեխերի թիվն էլ գնալով պակասում էր: Նա հասկացավ, որ իրեն զսպելն ավելի դժվար չէ, քան մեխելը:
Վերջապես վրա հասավ օրը, երբ տղան ինքնատիրապետումը բոլորովին չկորցրեց: Նա շտապեց այդ մասին հայտնել հորը: Այս անգամ հայրը պատվիրեց յուրաքանչյուր անգամ, երբ նա կկարողանա իրեն զսպել, մեկական մեխ դուրս քաշի ցանկապատից: Օրերն անցան և վրա հասավ պահը, երբ այլևս ոչ մի մեխ չէր մնացել սյան վրա: Այդ ժամանակ հայրը բռնեց որդու ձեռքը, տարավ նրան ցանկապատի մոտ և ասաց.
— Դու կարողացար հաղթահարել դժվարին խնդիրը: Բայց տեսնու՞մ ես, թե սյան վրա որքան անցքեր են գոյացել: Երբ մարդուն չար խոսք ես ասում, նրա հոգում էլ այդպիսի վերքեր են մնում, ինչպես այս անցքերը: Եվ այլևս կարևոր չէ, թե հետո քանի անգամ ներում կհայցես: Հետքերը միշտ մնալու են:xgvozdi-jpg-pagespeed-ic-dozwmq0fhn

ՄԻ ՄԵԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ

15 Օգս

Մի մեխի պատճառով, մի պայտ ընկավ:
Մի պայտի պատճառով մի ձի ընկավ:
Մի ձիու պատճառով մի ձիավոր ընկավ:
Մի ձիավորի պատճառով մի ճակատամարտ տանուլ տրվեց:
Մի ճակատամարտի պատճառով մի պատերազմ տանուլ տրվեց:
Մի պատերազմի պատճառով մի հայրենիք ոչնչացավ:

Եվ այս բոլորը այն մարդու պատճառով, ով մեխը լավ չէր ամրացրել պայտին:

 

ՃԱՊՈՆԱԿԱՆa90AuLTP1FU

ՄԵԽԸ

24 Փտր

Մարդու ոտքը մեխ էր մտել: Գնաց բժշկի մոտ.
— Բժիշկ, ոտքիս մեխը հանիր, շատ է ցավում:
Բժիշկը ուշադիր զննեց ու զարմացած ասաց.
— Ինչ մեծ մեխ է…
— Բժիշկ ջան, ախր ցավում է, շուտ արա, է,- չդիմացավ մարդը:
Բժիշկը ուշադիր զննեց ու հարցրեց.
— Որտեղի՞ց ես ճարել այս մեխը:
Մարդը տանջվում էր: Աղերսանքով բժշկի ոտքերն ընկավ.
— Փրկիր, էլ չեմ դիմանում:
Բժիշկը ուշադիր զննեց ու ասաց.
— Սա տանիքի մեխ է, իսկ ինձ դուռն ամրացնելու համար էր պետք:
Մարդը անզորությունից լաց եղավ: Իսկ բժիշկն իր մտքերի հետ էր.
— Չես պատկերացնի, թե ինչ անտանելի է ճռում մեր դուռը…
Մարդը ցավից ուշաթափվեց: Բժիշկը ուշադիր զննեց ու ափսոսանքով հոգոց հանեց.
— Բայց ինձ երկու մեխ է պետք, իսկ այստեղ ընդամենը մեկն է:
Մարդը արյունաքամ եղավ ու մեռավ: Բժիշկը շատ տխրեց նրա համար ու տրամադրությունն ընկավ:
Իսկ այս պատմությունն էլ եկավ ասելու, որ մարդկանց տխրեցնելը հեշտ է, ուրախացնելն է դժվար:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: