Tag Archives: Մեդվեդև

Այս անկանխատեսելի Ռուսաստանը

26 Դկտ

Տարեմուտից հաշված օրեր առաջ, երբ թվում էր, թե քաղաքական կյանքում հազիվ թե լինեն կտրուկ շրջադարձեր կամ այնպիսի դեպքեր, որոնք կծանրաբեռնեն դեպի լիցքաթափում գնացող ուղեղները, մի իսկական գլուխկոտրուկ առաջադրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս հարցազրույց էր տվել ադրբեջանական «AzTV» հեռուստաընկերությանը (ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան 50-ամյակի առիթով), և այդ հարցազրույցում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չափազանց անսպասելի մտքեր էր արտահայտել: Մասնավորապես, նա ասել էր, թե ինքը համոզված է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն գոյություն ունի: «Դա, թերևս, հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որը ներկա պահին հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց ցանկությունից ու հնարավորությունից, և պետք է ուղիղ ասել, որ հեշտ որոշումներ չեն լինում»,- հայտարարել էր Մեդվեդևը:
Այն ժամանակ, երբ ամենքը խոսում են կարգավորման գործընթացում ակտիվության անկման, փակուղային իրավիճակների, միջնորդ երկրների ձեռնարկած քայլերի անարդյունավետ լինելու մասին, այդ միջնորդներից մեկը (ընդ որում, ամենահետևողականը) հանկարծ պնդում է, թե խնդրի լուծման շանսերը մեծ են և այդ բանը կարելի է անել նույնիսկ այս պահին: Մեդվեդևը նաև ասել էր, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը՝ հավելելով, թե ինքը այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցում: Խոսելով անցած տարիների ջանքերի մասին և հիշեցնելով, որ իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափով ութ հանդիպում է տեղի ունեցել, Ռուսաստանի նախագահը նշել էր. «Հաջողվել է ուղիղ կերպով դնել բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումը տարբերվում է, սակայն դնել ազնիվ, բաց կերպով և ներկայացնել բոլոր փաստարկները»:
Կարելի է կարծել, թե Մեդվեդևն ինչ-որ բան գիտի, ինչից անտեղյակ է հանրությունը, այդ պատճառով էլ նրա խոսքերը համեմված են այս կարգի ինքնավստահությամբ: Մյուս կողմից, դիտարկելով ներկա իրավիճակը, մոտ ապագայում սպասվող զարգացումները և հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, խիստ դժվար է կիսել նրա լավատեսությունը, քանի որ դրա համար որևէ նախադրյալ կարծես թե չկա: Սրա հետ մեկտեղ չի կարելի աչքաթող անել և այն, որ Ռուսաստանն ինքը այս պահին հայտնվել է լուրջ ընտրության առաջ, և դրա ելքը անպայման իր անդրադարձը կունենա ինչպես երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այնպես էլ մեր տարածաշրջանում դրա ներգործության վրա: Այս առթիվ դիտորդներն ու վերլուծաբաններն արդեն իսկ մռայլ կանխատեսումներ են կատարում:
Համաձայն այդ կարծիքների, հատկապես նոր՝ 2012 թվականին է որոշվելու, թե Արևմուտքը պատրա՞ստ է Ռուսաստանին ընդունելու որպես հավասարազոր գործընկեր Եվրամիության կազմում: Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո ձևավորվել է որոշակի տրամադրվածություն, ինչը հուշում է, թե հատկապես Միացիալ Նահանգներն այնքան էլ հակված չէ Մոսկվային դիտել որպես իրավահավասար գործընկեր։ Քաղաքագետները արձանագրում են նաև, որ Մոսկվան հետզհետե կորցնում է դիրքերը ավանդաբար ռուսամետ համարվող երկրներում: Ներկա պահին նրանք նկատի ունեն Սիրիային ու Լիբիային, սակայն ապագայում դրանց ցանկը կարող է համալրվել նոր անուններով: Մի խոսքով, ժամանակն աշխատում է ընդդեմ Ռուսաստանի: Եվ որպեսզի այդ կորուստները չբազմապատկվեն կամ գոնե հասցվեն նվազագույնի, Ռուսաստանից պահանջվում է ձեռք առնել շուտափույթ քայլեր: Իսկ քայլերից մեկն էլ պիտի լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Միայն այս պարագայում ռուսները կկարողանան վերահաստատել ու ամրապնդել իրենց դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում:
Բայց այստեղ էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կարող է թվալ: Արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, որ իբր խնդրի էությունը լինելու է հետևյալը. որոշակի տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր ռազմավարական դիրքերն այդ երկրի տարածքում: Սակայն մի՞թե դա կարող է բխել Մոսկվայի շահերից: Մի՞թե հստակ չէ, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, իսկ երբ Ադրբեջանը լուծի իր խնդիրը, նրան այլևս խիստ անհրաժեշտ չի լինի պահպանել Ռուսաստանի հետ ձևավորված սերտ կապերը:
Նման հետևություններն առաջին հայացքից միանգամայն տրամաբանական պիտի դիտվեն: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել ընտրություններով, և որ Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը:
Խիստ անպատեհ պահի արված խիստ անպատեհ այս պնդումը Երևանում փորձեցին չտեսնելու տալ, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ստիպված եղան անդրադառնալ դրան, հորդորեցին չշփոթվել, քանի որ ի վերջո այս հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա էլ հասկանալ կարելի է, քանի որ ոչ մի երկիր դեռևս չի ճանաչել ԼՂ-ի ամբողջականությունը: «Այսօր ՌԴ-ը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, վաղը կճանաչի Լեռնային Ղարաբաղինը»,- ինքնավստահ տոնով շեշտեցին որոշ պաշտոնյաներ՝ խնդիրը համարելով փակված:
Միայն թե խնդիրը մնում է բաց, իսկ Մեդվեդևի վերջին մտքերը Ղարաբաղի մասին ոմանց արդեն իսկ մղել են այն համոզմանը, որ ղարաբաղյան գործընթացում ներկա պահին միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, Ռուսաստանն է: ՌԴ նախագահը կամա թե ակամա դրդեց այն կարծիքին, որ ի տարբերություն Մոսկվայի, մյուս խաղացողմերի պահվածքը քիչ թե շատ կանխատեսելի է: Եվ այս պարագայում անորոշ է մնում, թե որ կողմի վրա կարվեն խաղադրույքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երբ հզորները գժտվում են

28 Նյմ

Մեծ էր հավանականությունը, որ Վաշինգտոնի կողմից եվրոպական երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման քայլերն ի վերջո Ռուսաստանի կողմից պիտի ունենային հենց այնպիսի հակազդեցություն, ինչպիսին օրերս հնչեցրեց այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Եվ իզուր էր ԱՄՆ-ն այդքան երկար ու համառ պնդում, թե իբր ցանկանում է հիմնել ցամաքային ու ծովային հակարթիռային պաշտպանության համակարգ՝ ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին Իրանի ու Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից պաշտպանելու համար, ինչը բոլորովին էլ ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ: Այն, որ իրանական ու կորեական հրթիռներն ի զորու չեն հաղթահարել նման հեռավորությունը, բոլորը գիտեն: Ու այս կարգի հեքիաթներով ոչ ոք, առավել ևս՝ Ռուսաստանը, խաբվել չի ցանկանում: Փոխարենն ի սկզբանե ակնհայտ էր, որ համակարգի ստեղծման միջոցով ԱՄՆ-ը պարզապես փորձում է փոխել աշխարհի մեծ տերությունների ուժային հավասարակշռությունը: Ահա հենց այս հարցում էլ Մոսկվան հնչեցրեց իր կտրական «ոչ»-ը:
Նոյեմբերի 23-ին նախագահ Մեդվեդևը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, թե ինչ եզրահանգման է եկել Կրեմլը Հոնոլոլոյում Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների ղեկավարների նիստի շրջանակներում Բարաք Օբամայի հետ ունեցած ձախողած բանակցություններից հետո: Նշելով, որ ԱՄՆ-ը, իսկ նրա հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները լուրջ պատրաստակամություն հանդես չեն բերել, նա ի պատասխան 5 կետից բաղկացած որոշում առաջ քաշեց՝ ԱՄՆ-ի պաշտպանության վահանի տեղակայման դեպքում իր երկրի ռազմական նախաձեռնությունների մասին: Ըստ դրա, Ռուսաստանը երկրի արևմուտքում և հարավում կտեղակայի ժամանակակից սպառազինության հարվածային համակարգեր, որոնք կապահովեն հակահրթիռային պաշտպանության համակարգի եվրոպական բաղադրիչի կրակային խոցումը: Առաջին նման քայլը կդառնա «Իսկանդեր» հրթիռային համակարգի ծավալումը Կալինինգրադի մարզում: Հարավային սահմանների վերաբերյալ առայժմ ստույգ ոչինչ չի ասվել, բայց չպետք է մոռանալ, որ հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի գլխավոր բաղադրիչը Գաբալայի կայանն է: Ռուսները նաև խոստացան մշակել միջոցառումների համալիր, որն անհրաժեշտության դեպքում կապահովի հակահրթիռային պաշտպանության տեղեկատվական և կառավարման համակարգերի խափանումը: Մեդվեդևը չբացառեց, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Ստրատեգիական-հարձակողական զինատեսակների վերաբերյալ պայմանագրից: Ու թեև Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ Նահանգների հետ իրենք դեռ կարող են համաձայնության հասնել, սակայն նրա այս քայլը արդեն իսկ արժանացել է «Սառը պատերազմը վերադառնում է» ահազանգին:
Ասել, թե Մեդվեդևի հայտարարությունները բուռն ռեակցիա առաջ բերեցին ԱՄՆ-ում, այնքան էլ ճիշտ չէ: Ըստ էության Վաշինգտոնը պատրաստ էր լսելու նման պատասխան, այդ իսկ պատճառով էլ թե Պենտագոնի, թե Ազգային անվտանգության խորհրդի ու Պետդեպարտամենտի պաշտոնյաների՝ իրար հաջորդած ելույթներում կրկնվեց այն, ինչն արդեն բազմիցս հնչել էր: ԱԱԽ-ի ներկայացուցիչ Թոմի Վիտորը հայտարարեց, որ ռուսական դիրքորոշումը չի փոխի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ հիասթափված է Մոսկվայի այս հայտարարությամբ, ու ընդգծեց, որ նման հայտարարություններն իրեն հիշեցնում են «ոչ հեռավոր անցյալը» և հակասում են ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը: Իսկ որպեսզի «ոչ հեռավոր անցյալի» մասին հիշողություններն էլ ավելի շոշափելի լինեին, նախ ԱՄՆ-ն, ապա և Մեծ Բրիտանիան հայտարարեցին Ռուսաստանի հետ ռազմական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին` վերջինիս մեղադրելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մեջ:
Ինչ խոսք, այս կարգի մեղադրանքներն ու դրանց հաջորդած քայլերը ապագայում կբազմապատկվեն ու կծավալվեն, իսկ մինչ այդ բոլորը շարունակում են քննարկել Մեդվեդևի խոսքերը, որոնք նախագահության տարիներին այդ կապակցությամբ նրա կատարած ամենախիստ արտահայտություններն են եղել: Սրա առթիվ «Կամերսանտ» օրաթերթը գրել է. « Մեդվեդևը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անվտանգությանը վնասելու մեջ է մեղադրել և նախատել է նրանց՝ հիշյալ համակարգի էության մասին Մոսկվային երաշխիք չներկայացանելու համար: ԱՄՆ-ը սին հավակնությամբ և որոշ երկրների հրթիռային սպառնալիքի պատրվակներով, իսկ իրականում իր տարածամոլական ծրագրերի համար որոշել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վահան տեղակայել»:
Ի դեպ, Մեդվեդևի մեկ այլ նախատինք էլ անմիջականորեն առնչվում էր եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ստրկամիտ կեցվածքին: «ԱՄՆ-ի կողմից եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգը զգալի չափով պարտադրված է Եվրոպային»,- հայտարարել էր ՌԴ նախագահը՝ չտալով անուններն այն ղեկավարների, որոնք, նրա խոսքով՝ գանգատվում էին, թե այդ հարցում իրենք աննշան դեր են խաղում: Ու թեև այժմ արևմտյան դիտորդները նշում են, որ այս կերպ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև պառակտում մտցնելով Մեդվեդևը կարող է գրգռել եվրոպական պետություններին, հատկապես խորհրդային բլոկի նախկին անդամներ Լեհաստանին ու Ռումինիային, քանի որ նրանք Իսպանիայի հետ միասին համաձայնություն են տվել իրենց տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներ տեղակայելուն, սակայն նրանք էլ երևի հոգու խորքում կիսում են այն կարծիքը, որ Մեդվեդևի խոսքերում ճշմարտության չափաբաժինը նշանակալի է:
Կա նաև ներկա իրավիճակի մեկ այլ մեկնաբանություն, համաձայն որի Մեդվեդևը, ով դեռ երեք տարի առաջ Օբամային կոչ Էր անում «վերաբեռնել» Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, վերջին ժամանակներս հակված է ձայնակցել վարչապետ Վլադիմիր Պուտինի հակաարևմտյան հռետորաբանությանը: Իսկ նրա վերջին՝ սպառնալից հայտարարությունը գնահատվում է որպես դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների և դրանից հետո կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ներքին լսարանին հաճոյանալու փորձ:
Վերջին մտքի հետ դժվար է համաձայնել, քանի որ իրավիճակը շատ ավելի լուրջ է և շատ ավելի հին արմատներ ունի, քան նախընտրական հռետորաբանության շրջանակներն են թույլատրում: Այդ լրջությունը լիովին զգացող ուժերը ներկա պահին ջանքեր են գործադրում փակուղուց ելք գտնելու համար: Մասնավորապես Ֆրանսիան արդեն կողմերին կոչ է արել «շտապ սառեցնել ուղեղները» հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգերի հարցում, և հիշեցրել է առաջնահերթությունների մասին` «երկխոսություն ու համագործակցություն Ռուսաստանի հետ` ՀՀՊ-ի հարցով»: ՆԱՏՕ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով երկրի նախագահի կոշտ հայտարարությունը, ասել է, որ ամերիկյան նախաձեռնությանը Ռուսաստանի ռազմա- տեխնիկական պատասխանը կլինի փուլային ու սա չի նշանակում վերադարձ դեպի սառը պատերազմ։ Սակայն Ռոգոզինն այս անգամ կարծես թե հարթեցրել է սուր անկյունները և փորձել է իրավիճակը ներկայացնել հնարավորինս լավատեսական լույսի ներքո: Մինչդեռ առավել իրատեսական տարբերակ է համարվում այն, որ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի հարաբերությունների վերսկսմանը դատարկ էջից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պուտինն ու մենք

28 Սպտ

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում օրերս հնչած այն հայտարարությունը, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 2012 թվականի նախագահական ընտրություններում, իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը կստանձնի վարչապետի պաշտոնը, աշխարհն արդեն ընկալում է ոչ թե իբրև սպասվելիք ընտրությունների արդյունքների հնարավոր տարբերակ, այլ կատարված փաստ: Եվ հենց այդ մտայնությունից էլ բխում են բոլոր կարգի ենթադրություններն ու կռահումները՝ կապված ռուսական քաղաքականության փոփոխությունների ու վերադասավորումների հետ: Ամեն պարագայում, պետք է նկատել, որ գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվել է, «ժողովրդավար» Մեդվեդևը պարտվել է «ավտորիտար» Պուտինին, և Ռուսաստանում վերադառնում է պուտինյան դարաշրջանը: Միայն թե որքանո՞վ է խելամիտ պնդել, թե անհատներն են, որ վճռորոշ դեր են խաղում քաղաքականությունության մեջ, և նրանց փոխատեղումները կարող են էական ազդեցություն թողնել ոչ միայն միջպետական հարաբերությունների այլև ամբողջական տարածաշրջանների գործընթացների վրա, դա խնդրի մյուս երեսն է: Բնականաբար, խոսքն առաջին հերթին մեր գոտու մասին է, և համոզմունքը, թե Պուտինի վերադարձով Ռուսաստանը կակտիվացնի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաև` Հայաստանի հետ հարաբերություններում, նախ և առաջ ծանրակշիռ հիմնավորում է պահանջում: Առայժմ վերլուծաբաններն իրենց վարկածները խարսխում են այն տպավորության վրա, թե Պուտինը ավելի պրագմատիկ մոտեցում ուներ մեր տարածաշրջանի խնդիրներին, քան Մեդվեդևը, այդ իսկ պատճառով էլ նրա նախագահության օրոք Ռուսաստանը կկոշտացնի իր դիրքորոշումը Անդրկովկասում:
Կովկասյան երկրներն ու մերձավոր հարևաններն էլ իրենց հերթին են շտապում գնահատել նոր իրողությունները՝ մի դեպքում հանդես բերելով ընդգծված զսպվածություն և չշտապելով առաջ ընկնել ժամանակից, մեկ այլ դեպքում խախտելով ամեն կարգի պայմանականություն և արտահայտելով մտքեր, որոնք որևէ ընդհանում բան չունեն ռեալ կացության հետ: Այս իմաստով դեռևս ամենասակավախոսը թուրքերն են, որոնք բավարարվեցին սոսկ այն ենթադրությամբ, թե իշխանության փոխանցման ռուսական տարբերակը կարելի է կիրառել նաև իրենց մոտ՝ նախագահ Աբդուլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում: Վրացիներն, ընդհակառակը, ցավով արձագանքեցին կատարվածին, թեև այդ հեռանկարը նրանց համար կանխատեսելի էր: Ամեն դեպքում, Թբիլիսին հարկ համարեց նշել, որ լավատեսության համար հիմքեր չի տեսնում ու համոզված է, որ հետայսու կպահպանվի բացասական անձնավորված վերաբերմունքը Սահակաշվիլու կառավարության նկատմամբ: Իսկ ահա Բաքվում անմիջապես հանգեցին այն տեսակետին, թե Պուտինի վերադարձով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է լիովին փոխվել: Ադրբեջանցիների կարծիքով, Ռուսաստանի ներկայիս նախագահը ավելի շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ, քան Պուտինը: Այսինքն` զգացվում է, որ Մեդվեդևը ավելի լավատես է այդ հարցում, իսկ Պուտինը՝ հոռետես ու ներկայիս ստատուս քվոյի պահպանման կողմնակից: Ամեն դեպքում սա հազիվ թե խանգարի Ադրբեջնին՝ շարունակել իր բալանսավորված քաղաքականությունը վարելու փորձերը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ՌԴ-ին էլ դիտել Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդ:
Գալով Հայաստանին, թերևս հիմքեր ունենք այն տեսակետը հայտնելու, որ Ռուսաստանում իշխանական համակարգի կամ լիդերների փոփոխության հետևանքով մեր երկրի հանդեպ վերաբերմունքի էական փոփոխություններ չեն դիտվի: Երևանում այժմ շատերն են գտնում, որ գոյություն ունեցող մտայնությունն այն մասին, թե ռուս առաջնորդներից մեկն ավելի արևմտամետ է, քան մյուսը, և որ դա ինչ-որ կերպ արտացոլվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, ոչ այլ ինչ է, քան հորինվածք: Բայց սա դեռ չի կարող նշանակել, թե ընդհանրապես պետք չէ որևէ փոփոխության սպասել: Սա նաև չի կարող նշանակել, թե Երևան-Մոսկվա հարաբերություններում չեն գծագրվելու նոր նրբերանգներ: Այլ խնդիր է, թե հատկապես որ դաշտում դրանք կդրսևորվեն:
Որքան էլ զարմանալի էր, բայց Հայաստանում առաջին հերթին սկսեցին խոսել այն մասն, թե Պուտինի թեկնածության առաջադրումը ոչ միայն կփոխի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա, այլև կավելացնի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը: Այդ թեզի կողմնակիցները այն տպավորությունն ունեին, որ Քոչարյանը ավանդաբար համարվել է պուտինյան ոճի գործիչ և, բացի դա, վերջին շրջանում Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը նրանց իրավունք էր տալիս այդպես ենթադրելու: Սակայն վարկածի հեղինակները շրջանցել էին մի կարևոր հանգամանք, ինչն էապես կփոխեր նրանց ենթադրությունների ուղեծիրը: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը չի վերադառնում քաղաքականություն, քանի որ իրականում նա չէր էլ հեռացել ու իր ազդեցությունը միշտ էլ պահպանել էր Ռուսաստանում: Իսկ ահա Քոչարյանի մասին նույն բանն ասել չի կարելի: Այս իմաստով որևէ կապ կամ ընդհանրություն Ռուսաստանի ու Հայաստանի նախընտրական գործընթացների մեջ չկա: Էլ չենք ասում, որ հնարավորությունը, թե Պուտինը կաջակցի Քոչարյանին, միֆական ժանրից է:
Իսկ եթե անհատների թեմայից անցում կատարենք ավելի ծավալուն և կարևոր հիմնախնդիրների, ապա հենց ռուսական քաղաքական շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ Պուտինի վերադարձը Կրեմլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի իրականությանը ավելի մոտ: Սա չի նշանակում, թե այն անմիջապես կլուծվի: Բայց ենթադրում է դրական տեղաշարժեր: Պատահական չէ, որ հատկապես հիմա վերլուծաբանները վերհիշեցին, թե ինչպես էր ժամանակին Պուտինը հայտարարում, որ պետք չէ Ղարաբաղի հարցը կապել Հայաստան-Թուրքիա հարաբերություների հետ: Վերհիշեցին նաև այն մասին, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում քիչ չեն ադրբեջանամետ խորհրդականները, ովքեր փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը Կրեմլում՝ նյութականացնելով այդ կողմնակալությունը: Ինչ վերաբերում է Պուտինի գործելաոճին և նրա կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերին, ապա կարծիք կա, որ նրա վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի, ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշումը կաճի` նոր պատերազմ չսանձազերծելու մտադրությամբ, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կփորձի սառեցնել գործընթացը:
Այս ենթադրությունները հաստատելու կամ մերժելու համար դեռ բավականին ժամանակ կա: Իսկ մինչ այդ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե այս տարվա նոյեմբերին հնարավոր է Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Հայաստան: Ասվում է, որ նրա այցը պայմանավորված կլինի հայ-ռուսական ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրմամբ, որը վերաբերում է Հայաստանի էներգահամակարգին: Մեզ մնում է միայն կռահել, որ երևանյան շփումներն ու զրույցները բացառապես տնտեսական խնդիրներին չեն առնչվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեդվեդևի նամակից մեկ ամիս անց

9 Օգս

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիի իր նստավայր է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տարակարծություններից զերծ պահելու համար Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ այսքանը միանգամայն բավարար է թե հարցադրումների, թե ենթադրությունների և թե հետևությունների համար:
Կազանի ձախողումից հետո երկու նախագահների առաջին հանդիպումը` առանց երրորդ կողմի ինքնին հատկանշական է: Իսկ եթե վերհիշենք նաև, որ Մեդվեդևի հայտնի նամակը` Ղարաբաղի խնդրի մասին, հակամարտող կողմերին հանձնվեց ճիշտ մեկ ամիս առաջ, ապա պետք է կարծել, որ Ռուսաստանը մեկամսյա ժամանակահատված էր տրամադրել քննարկումների նոր փուլ սկսելու համար, իսկ այժմ անցնում է դրա իրագործմանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն այս պահին տրամաբանական է: Նախ` սա եռակողմ բանակցություն չէ, և բացի այդ, օգոստոսի 12-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախանշված է ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այս առիթով արդեն հայտարարվել է, որ դրա շրջանակներում սպասվում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը: Կնշանակի` հենց դա էլ լինելու է հաջորդ քայլը: Իսկ այս երկու հանդիպումների հաջող ավարտի դեպքում կասկած չի մնա, որ ամենաուշը սեպտեմբերին միանգամայն հնարավոր է նոր եռակողմ: Եվ այդ ժամանակ էլ սեղանին կարող է հայտնվել այսպես կոչված մոդիֆիկացված «ճանապարհային քարտեզը», որի ստորագրման պարագայում միայն կարելի է խոսել առաջընթաց քայլի մասին:
Պետք է նաև նկատել, որ առաջին հերթին Ալիևին Սոչի հրավիրելու փաստը պատահական չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամիսուկես առաջ միջնորդների ջանքերը ջուրը նետվեցին հենց նրա «շնորհիվ», և նույնիսկ կարծիք կար, թե Բաքվի այդ քայլից հետո բանակցությունները մեկընդմիշտ կարելի էր ավարտված համարել: Սակայն, որքան էլ դա զարմանալի էր, առաջինն իր մեղքը խոստովանեց Ադրբեջանը` ոչ միայն մեղմացնելով հռետորաբանության տոնայնությունը, այլև ավելի հաճախ շեշտելով, թե իրենք հակված են խաղաղ ուղիներով հասնել խնդրի կարգավորմանը: Այս իմաստով Հայաստանն առավելություն ուներ, քանի որ վերջինիս տեսակետը եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի էր միջազգային հանրության համար, մի բան, որը ոչ մի կերպ չի կարելի ասել պաշտոնական Բաքվի մասին: Ու հիմա Սոչիում ակնկալվում է ծանր ու դժվարին մի խոսակցություն, քանի որ Մեդվեդևից պիտի պահանջվի պատասխան կորզելու հետ մեկտեղ Ալիևին ստիպել, որ նրա պատասխանը լինի նույնքան միանշանակ ու անփոփոխ: Միայն այդ պարագայում է հնարավոր հաստատապես պնդել, թե Ադրբեջանին վերադարձրել են կառուցողական դաշտ:
Ինչ վերաբերում է Մեդվեդևի նամակ-առաջարկությունների բովանդակությանը, որի մասին առայսօր ոչ ոք դեռ ոչինչ չգիտի, ապա այստեղ էլ հարցականները քիչ չեն: Նախ չկա լիարժեք համոզվածություն, որ դրանք բխում են մեր շահերից: Բացի այդ, թեև Հայաստանը իր պատասխանն արդեն տվել է, սակայն վերստին անհայտ է մնում պատասխանի էությունը` համաձայնությու՞ն, թե՞ մերժում: Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի ղեկավարն առիթ ունեցավ մի քանի անգամ անդրադառնալու Ղարաբաղի հարցին, և նրա մտքերը թույլ են տալիս քիչ թե շատ ընդհանուր պատկերացում կազմել հնարավոր դիրքորոշումների մասին: Ըստ Մեդվեդևի, իր մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են իրենց պատմական մաքսիմումին, իսկ այդ հանդիպումների ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Նա պնդել է, որ բանակցությունները շարունակվելու են, և հանդիպումների հաճախականությունը` թե նախարարների, թե նախագահների մակարդակներով, չպետք է նվազի: Նա չի թաքցրել, որ Ռուսաստանն, անշուշտ, իր հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում և հետևողականությունն առաջին հերթին պայմանավորված է հենց այդ փաստով: Միևնույն ժամանակ նկատենք, որ ռուսական պահանջների ամենաբացահայտ արտահայտությունը դարձավ Մեդվեդևի հարցազրույցը ռուս-վրացական պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, որտեղ նա ասաց, թե «5 օր պատերազմելու փոխարեն ավելի լավ է անվերջ բանակցել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին, երբևէ կանցկացվի՞ այնտեղ հանրաքվե կամ ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության համաձայնագիրը»։ Շատերն այս խոսքերի մեջ հանիրավի շրջանցեցին «անվերջ բանակցելու» հեռանկարը, մինչդեռ այն, ինչ կատարվում է արդեն մի քանի տարի, այլ բան չէ, քան Մեդվեդևի մտքերի իրագործումը գործնականորեն:
Նկատենք նաև, որ Ալիև-Մեդվեդև հանդիպումից մեկ օր առաջ ռուսական մամուլում հայտնվեց անանուն աղբյուրներից քաղված այն տեղեկությունը, թե իբր Կազանի հանդիպումը ձախողվել էր, քանի որ «հայ և ռուս դիվանագետները գերագնահատեցին քաղաքական զիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն, և Մեդվեդևը ստիպված եղավ հրատապ կերպով ուղղել իր ենթակաների սխալները»։ Այդպես է դա, թե ոչ, դժվար է ասել: Բայց որ Մեդվեդևի նամակին առաջինը պատասխանեց հենց Բաքուն, իսկ այնուհետև լուրեր շրջանառվեցին, թե ադրբեջանցիները համաձայնել են ռուսական կողմի ներկայացրած դրույթներին, սա ակնհայտ է: Հիշյալ փաստը թերևս ունենա մեկ բացատրություն: Ալիևը գիտակցում է, որ անվերջ չի կարելի «ոչ» ասել: Դա անպայման հակազդեցություն կբերի: Այդ իսկ պատճառով էլ խիստ հարմար է այժմ տալ դրական պատասխան, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, վերանայել տեսակետը` գտնելով քիչ թե շատ ընդունելի պատճառաբանություն:
Սրա հետ մեկտեղ չշրջանցենք այն կարևոր փաստը, որ այժմ բանակցությունների վերսկսման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան երաշխիքներ չի ստացել, որ հակամարտող երկու կողմերն էլ պատրաստ են ստորագրել իրենց ներկայացված փաստաթուղթը: Հազիվ թե Մեդվեդևը նույն սխալը կատարի երկրորդ անգամ` դառնալով Արևմուտքի հեգնանքի առարկան կամ ցուցադրելով իր լիակատար անկարողությունը` գործադրելու առկա լծակները: Առանց այդ էլ նա տեսնում ու հասկանում է միջնորդության մյուս թևերի` ԱՄՆ ու Ֆրանսիայի մտադրությունները` վերանայել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները մեր տարածաշրջանում: Իսկ սա այլ բան չի ենթադրում, քան Ռուսաստանի դերի չեզոքացում: Դա ծանր հարված է Մեդվեդևի ինքնասիրությանն ու անձնական հեղինակությանը, ով հանունի «դեմքի պահպանման» ստիպված է լինելու այս անգամ գործել ավելի խիստ: Այդ խստությունն առաջինը այսօր կճաշակի Ալիևը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսաստանը շտապում է, մյուսները` ոչ այնքան

7 Հլս

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ավետեց բանակցային գործընթացի շարունակման հնարավորության մասին: Նրանք, ովքեր այս ընթացքում շտապել էին հողին հանձնել դրա հույսը, այժմ արդեն գիտեն, որ շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքը կշարունակվի: «Այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, և, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակն է»,- ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` սահմանելով պահի կարևորությունը և թողնելով այն տպավորությունը, որ այս պարագայում այլընտրանքները բացառվում են:
Իհարկե, կարիք չկա ամեն խոսք բառացի ընկալել, առավել ևս, որ թիկունքում արդեն ունենք Կազանի դառը փորձը, երբ բոլորը նույն համառությամբ պնդում էին մոտալուտ ձեռքբերումների մասին: Բայց նաև անհրաժեշտ չէ լիովին թերագնահատել ստեղծված կացության առանձնահատկությունը, ինչն այս անգամ կարծես թե տարբերվում է իր նախորդներից: Իսկ գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ ներկա պահին իրավիճակի շարժիչ ուժը ոչ թե հակամարտող երկրներն են, այլ միջնորդ կողմը: Առաջին հայացքից սա կարող է նույնիսկ աբսուրդի տպավորություն թողնել, սակայն փաստերը այս պարագայում ավելի համառ են: Մի բան անժխտելի է. Ռուսաստանը ոչ միայն չի նահանջում, այլև շտապում է: Եվ այդ փութաջանությունն ունի իր լուրջ պատճառները:
Նույն Լավրովը Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ: Նրա խոսքերով, Մեդվեդևը որպես միջնորդ, ով գործում է` ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը, արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և կտեղեկացնի, թե ինչ է պետք անել: Այստեղ հարկ է հիշել, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ Մեդվեդևը իրեն հեռախոսով ասել է, թե արդեն ուղարկել է խնդրի իր տեսլականը՝ գրավոր ձևով: «Ես կարծում եմ, որ մենք շուտով կստանանք, կտեսնենք՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել»,- ասաց Սարգսյանը:
Կասկածից վեր է, որ ՌԴ նախագահն իր նոր նախաձեռնությունը համաձայնեցրել է Սարկոզիի և Օբամայի հետ: Այս մասին էր վկայում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպենի հայտարարությունը, որ վերջինս արեց` առաջ ընկնելով մյուսներին: Այն ժամանակ Ժյուպենը տեղեկացրեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու՝ այդ հարցում համաձայնության հասնելու համար: «Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի, ՌԴ նախագահի ջանքերը, նա շատ ճիգեր է գործադրել այդ ուղղությամբ և Սոչիում, և Կազանում: Բայց, այդուհանդերձ, այն, որ դա չի հանգեցրել որևէ արդյունքի, ցավալի է: Որքան ես գիտեմ, այժմ լրացուցիչ առաջարկներ են արվելու, որպեսզի ինչ-ինչ համաձայնության հասնեն»,- ասաց նա:
Եվ այսպես, նոր փաստաթուղթն իսկապես կա ու այն կներկայացվի առանց ուշացման: Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափին, ապա այստեղ էլ Ռուսաստանը գտնում է, որ դրա փոփոխումը արդյունավետ չի լինի: Այս իմաստով ռուսներն իրականում արտահայտում են նաև հակամարտող կողմերի համոզմունքը: Որքան էլ վերջիններս երբեմն-երբեմն խոսում են միջնորդական խմբում նոր դերակատարներ ընդգրկելու մասին, այնուամենայնիվ կա ներքին համոզմունքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կայացած ձևաչափ է, իսկ դրա շրջանակներից դուրս հանդիպումները այլ բան չեն, քան ինչ-ինչ մանր ու մեծ դժգոհություններ արտահայտելու կամակորություն:
Իսկ մինչ վրա կհասնի վճռորոշ պահը, կատարվում են նախապատրաստական ու բաղկացուցիչ քայլերը: Սովորության համաձայն հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կողմերին կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և անցնել բանակցությունների փուլին, որի ընթացքում մշակվելու է խաղաղ պայմանագրի նախագիծը: Առաջիկա օրերին նրանք Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն և ապա կժամանեն տարածաշրջան: Սրան զուգահեռ ընթանում են ԱԳ նախարարների փոխայցերը: Նալբանդյանը եղավ Մոսկվայում: Պատրաստվում է այնտեղ մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, իսկ այսօր արդեն Բաքու կժամանի Լավրովը, որն ամենայն հավանականությամբ կգա նաև Երևան:
Ռուսաստանի ամառային ակտիվությունը ոչ միայն համընդհանուր է, այլև գերարագ ռիթմի մեջ: Դա նկատելի է նույնիսկ օվկիանոսից այն կողմ, և երբ ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը եզրակացնում է, թե գլխավոր դերակատարը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Հայաստանը, այլ Ռուսաստանը, սա այնքան էլ չափազանցված դիտարկում չէ: Եվ Վաշինգտոնում, և Եվրոպայում այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ շոշափելի տեղաշարժի հասնելու հեռանկարը նույնացվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ, իսկ որպես եզրահանգում անպայման արձանագրվում է, որ ռուսներն այդ բանը հենց այնպես չեն անում, այլ ծանրակշիռ շահեր ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Բայց նույնիսկ այդ պարագայում դարձյալ քիչ չեն նրանք, ովքեր շարունակում են մռայլ կանխատեսումներ անել և պնդել, որ ինչպես Մեդվեդևը, այնպես էլ նախագահներ Օբաման ու Սարկոզին սիզիփոսյան ջանք են գործադրում: Համաշխարհային լրատվամիջոցները խոսում են դիվանագիտության ձախողման ու Կովկասում նոր պատերազմի ստվերի մասին: Վերջիններս իրենց տեսակետը հիմնավորում են հետևյալ փաստարկներով. «Նախագահ Մեդվեդևը նախորդ մի քանի տարիների ընթացքում շատ կարևոր դեր էր խաղում: Բայց Ռուսաստանի նախընտրական փուլում նրա գործնական մասնակցությունը դրվում է հարցականի տակ: Նույն տրամադրվածությունն ունեն նաև ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք նույնպես պատրաստվում են ընտրությունների: Այնպես որ, եթե առաջիկա ամիսներին համաձայնություն չլինի, ապա բանակցությունները կմղվեն հետին պլան: Ակտիվ բանակցային գործընթացի բացակայությունը երկու կողմերին էլ կխթանի ավելի շատ մտածել ռազմական հակամարտության մասին»:
Սակայն մինչ պատերազմի մասին կանխատեսումներ անելը հարկ է նկատել, որ Մոսկվան կարևոր քայլ կատարելուց առաջ հնչեցրեց իր նախանվագի վերջին ակորդը: Եվ դա այս անգամ արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պատասխանելով Բաքվի ագրեսիայի և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին հարցին` նա ասաց հետևյալը. «Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որոնք նա մեկ տարի առաջ Հայաստանում ասել է նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը»:
Սրանք Հայաստանի համար նշանակալի և պատասխանատու բառեր են: Ակնառու է, որ վերջին օրերին Հայաստանի կեցվածքը նկատելիորեն կոշտացել է: Ընդամենը երեկ փոխզիջումների հնարավորության մասին խոսող Երևանն այսօր արդեն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը պետք է կյանքի կոչվի և ԼՂ խնդիրն այլ լուծում չունի: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր պայմանավորվածություն կրելու է միջանկյալ բնույթ և ընդունված ցանկացած փաստաթուղթը դեռ չի նշանակելու վերջնագիր, սրանցով հանդերձ միջնորդները չեն կարող մոռանալ Հայաստանի նախագահի օրերս արտասանած հռետորական հարցը. «Պե ՞տք է, որ մենք զիջման գնանք մի պետության հետ, որը պատրաստ է մեր վրա զենք ուղղել»:
Բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ այս հարցը կպահանջի իր լիարժեք պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ղարաբաղի, Մեդվեդևի ու հիասթափության մասին

30 Հնս

Կազանի բանակցություններից հետո «Կոմերսանտ» թերթի հայտնի հրապարակումը ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի հիասթափության մասին ոչ ոք պատահական չհամարեց և փորձ չարեց դա գնահատել իբրև ապատեղեկատվություն: Ամեն ինչ միանգամայն համապատասխան էր պահի տրամաբանությանը, իսկ Մեդվեդևի հուսախաբությունը` բնական: Այլ հարց էր, թե գրվածն ու ասվածը ի՞նչ մտադրություններից էին բխում և դրանց հետևանքներն ի՞նչ չափով կարող էին կյանքի կոչվել: «Կոմերսանտը» պնդում էր, թե Ռուսաստանի նախագահն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա հետ մեկտեղ անանուն աղբյուրները հիշատակում էին վերջին նախապայմանը, համաձայն որի Ալիևի ու Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, եթե նախագահները ստորագրեն կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը: Ու թեև հիշատակվում էր բանակցող կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունների փաստը, սակայն ռուսները կարծում էին, որ խնդիրն ամեն դեպքում տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, իսկ դա անթույլատրելի է: «Եթե առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամություն չհայտնեն, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է»,- ասել էր «Կոմերսանտի» զրուցակիցը և հավելել, որ Մեդվեդևը հակամարտության կողմերին փաստացի վերջնագիր է ներկայացրել:
Անշուշտ, այս պատմությունը, եթե այն հավաստի է, իսկապես հիշեցնում է վերջնագրային լեզուն, թեև պետք է նկատել նաև, որ նման հարցերը կոշտ պահանջներով ու ճնշումներով չէ, որ պիտի լուծվեն: Բոլոր դեպքերում հարկ է դիտարկել նաև խնդրի մյուս կողմը, ինչը ենթադրել է տալիս, որ հանդիպման տապալումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Դմիտրի Մեդվեդևի խաղաղարար առաքելության ճակատագրի վրա: Եթե Կազանի նախօրեին Մեդվեդևը մոտ էր արտաքին քաղաքական դաշտում իր մեծ հաջողություններից մեկին, ապա դրա ձախողումը, ինչպես իրավացիորեն նկատել էր Эхо Москвы ռադիոկայանը, ինչ-որ չափով ազդեց նրա հեղինակության վրա: Ի դեպ, այս մասին առավել հաճախ նշում են ռուսական լրատվամիջոցները` հիշեցնելով, որ Ռուսաստանի դերը կարգավորման հարցում կարող է սասանվել: Վերջին երեք տարիներին Մեդվեդևը համարվում էր «գլխավոր միջնորդը» և նրա նախաձեռնությամբ կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 12 հանդիպում: Իսկ այժմ ԶԼՄ-ները գրում են, որ Կազանում փաստաթուղթ չստորագրելը ոչ թե Ռուսաստանի, այլ Մեդվեդևի ձախողումն էր: Բայց սա դեռ ամենը չէ: Օրինակ, ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի վերլուծաբան Յուջին Չաուսովսկին իր «Ռուսաստանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» խորագրով հոդվածում էլ ավելի հեռուն է գնում ու պնդում է, թե Կազանի հանդիպումը ձախողել է անձամբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը: Ըստ վերլուծաբանի, նա ցույց է տալիս, թե փորձում է միջնորդի դերում անել ամեն հնարավոր բան՝ համաձայնագրին հասնելու համար, սակայն իրականում անում է ամեն հնարավոր բան՝ այդպիսի համաձայնագիրը ձախողելու համար։
Սակայն գոյություն ունեն նաև տրամագծորեն ճիշտ հակառակ կարծիքներ, որոնց համաձայն ՌԴ նախագահն ամենևին էլ հիասթափված չէ և դեռ կասի իր խոսքը: Այս տեսակետի կողմնակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ եթե Մեդվեդևը հիասթափված լիներ, այդ մասին կողմերին կասեր հրապարակայնորեն, իսկ հանդիպման անհաջող ավարտը չէր կարող հիասթափության պատճառ լինել ու ստիպել նրան հրաժարվել միջնորդությունից, մի բան, որ թե նրան, թե Մոսկվային զրկվելու է քաղաքական ազդեցության լծակից: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ Մեդվեդևը որոշել է հրաժարվել անձնական միջնորդությունից, ապա Ռուսաստանը ցանկացած պարագայում շարունակելու է ներգրավված լինել ղարաբաղյան գործընթացում որպես Մինսկի խմբի համանախագահ:
Այս իմաստով ադրբեջանցիներն իրենց շատ ավելի ազատ են զգում, քան հայկական կողմը: Նրանք առանձնապես կաշկանդված չեն ռուսական ներկայությունից և ասում են, որ եթե Մեդվեդևը հրաժարվի, դա իրենց այնքան էլ չի հուզի: Նա պարզապես իր տեղը կզիջի Մինսկի խմբի մեկ այլ համանախագահի՝ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին, իսկ Բաքվում դրան համաձայն են: Նրանց համար էականը վերջնական արդյունքն է:
Սակայն հազիվ թե Ռուսաստանը թույլ տա, որպեսզի այլ գերտերություններ կամ երկրներ իրենց վրա վերցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը: Սրա հետ լիովին համաձայն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Շիթսը, որի կարծիքով Ռուսաստանը կշարունակի պահպանել իր ակտիվությունը` համարելով, որ դա բխում է իր իսկ շահերից: «Այդպես են կարծում այնպիսի մարդիկ, ինչպիսին է նախագահ Մեդվեդևը: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի համար շահեկան չէ նոր պատերազմի օջախ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը կհանգեցնի Ռուսաստանի ամբողջական ներգրավմանը»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, Մեդվեդևի հիասթափության պատմությունը առիթ հանդիսացավ բարձրաձայն խոսելու մեկ այլ երևույթի մասին, ինչը պակաս կարևոր չէր: Խոսքն այս դեպքում բանակցային գործընթացում համանախագահներից մեկի կողմից միջնորդի դերի մոնոպոլիզացնելու մասին էր, որը դիտվում է անթույլատրելի, քանի որ հղի է վտանգավոր հետևանքներով: Եվ որքան էլ կողմերից մեկը կամ երկուսը բարձր գնահատեն ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ռուսաստանի ջանքերը, նրանք չեն կարող այդ մասին չմտածել ու զգուշավորություն հանդես չբերել:
Պետք է ենթադրել, որ նշված բոլոր հարցերի պատասխանները ստանալու ժամանակն այնքան էլ հեռու չէ: Հաշվի առնելով հետբանակցային ակտիվության աստիճանը, կարելի է կռահել, որ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք այն բանի, թե որ ուղղությամբ է շարժվելու գործընթացը և արդյո՞ք Մեդվեդևը կլքի իր տեղը այդ շարժման ղեկի մոտից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեդվեդև, թե՞ Պուտին

25 Ապր

Վերջին օրերին աշխարհին մատուցվեց ևս մի գայթակղիչ ու հետաքրքիրական ինտրիգ, որը կարող է երկար ժամանակ զբաղեցնել քաղաքական գլուխկոտրուկների սիրահարներին: Ռուսաստանի առաջնորդներն առաջին անգամ խոսեցին 2012 թվին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորության մասին: Առաջինը «լռության ուխտը» խախտեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Չինաստան այցելության նախօրեին CCTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չբացառեց, որ կառաջադրվի նախագահական հաջորդ ժամկետի համար: «Ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ նախագահական նոր ժամկետի համար: Որոշումը կընդունվի շատ մոտ ապագայում, քանի որ մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել»,- նշեց ՌԴ նախագահը` դրա հետ մեկտեղ հարկ համարելով խոսել նաև իր և վարչապետ Պուտինի տարբեր դիրքորոշումների, Ռուսաստանի զարգացման ուղիների և գործադրվող մեթոդների հարցում ունեցած տարբեր մոտեցումների մասին:
Մեկ օր անց վարչապետ Վլադիմիր Պուտինը պատասխան քայլը կատարեց` լրագրողներին հայտնելով, թե իրենք երկուսն էլ` և Մեդվեդևը, և ինքը, չեն բացառում, որ կառաջադրվեն: Սակայն, ըստ նրա, մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, ու ճիշտ չէ այսքան վաղ հայտարարել դրա մասին, քանի որ թե կառավարությունում, թե նախագահի աշխատակազմում մարդիկ չեն կարողանա բնականոն աշխատել: Պուտինը նաև նշեց, որ թեկնածության առաջադրման որոշումը կպայմանավորվի նախընտրական շրջանում տնտեսական, քաղաքական ու հասարակական ընթացիկ իրավիճակով։
Կարելի է Պուտինի այս խոսքերի մեջ թաքնված հանդիմանություն նկատել` ուղղված Մեդվեդևին, ով փաստորեն դեպքերից առաջ ընկած խոսեց ամենակարևորի մասին` անտեսելով դրա հետևանքները: Իսկ հետևանքներն իրենց ուշացնել չտվեցին: Հաջորդ քայլը եղավ այն, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հայտարարեց, որ իրենց համար վարչապետ Վլադիմիր Պուտինը գերակա թեկնածուն է 2012թ. նախագահական ընտրություններում: Թիկունքում որևէ ծանրակշիռ քաղաքական թիմ չունեցող Մեդվեդևի համար սա լուրջ նախազգուշացում էր: Մյուս կողմից էլ ուժերի իրական հարաբերակցության պատկերն էլ ավելի ընդգծեց տարբերությունները: Նույն օրերին անցկացված համառուսաստանյան հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ, Պուտինին վստահում էր բնակչության 53 տոկոսը այն դեպքում, երբ Մեդվեդևի վստահության վարկանիշը 46 տոկոսի սահմաններում էր: Ճիշտ է, հարցն այստեղ իր մյուս կողմն էլ ուներ: Բանն այն է, որ թե Մեդվեդևի, և թե Պուտինի պարագայում ժողովրդական վստահության ցուցանիշը հասել էր իր «պատմական» նվազագույնին: Ընդամենը մեկ տարի առաջ նրանք ունեին համապատասխանաբար 62 և 69 տոկոսի վարկանիշ: Սակայն այս հանգամանքը տվյալ պարագայում եղանակ չի փոխում: Կան շատ ավելի մեծ հարցականներ, որոնց պատասխաները որոնում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Առաջին հերթին ամենքը փորձում են պարզել, թե արդյո՞ք Պուտինի ու Մեդվեդևի միջև առկա տարաձայնությունները լուրջ են: Վերջին շրջանում չափազանց ակնհայտ է դառնում, որ նախագահը ջանում է հնարավորինս անկախ քաղաքականություն վարել: Բայց ոչ պակաս ակնհայտ է նաև այն, որ նրա «անկախությունը» սահմանափակող ու վերահսկող շրջանակներ կան, այլ կերպ ասած, եթե հակասություններ իրոք գոյություն ունեն, ապա դրանք երկուստեք շատ հավասարակշռված են գլուխ բարձրացնում` հավանաբար առաջնորդվելով այն բանի գիտակցումով, որ միայն նրանց երկուսի միասնությունը կարող է պահել իրենց իշխանությունը և դրա հաջորդականությունը:
Շատերն են այսօր սիրում արձանագրել, որ Մեդվեդևը առավել ժողովրդավարական հայացքների կրողն է, նորարարական մոտեցումներ ունի և նման բաներ, իսկ ահա Պուտինն իր հայացքներում ավելի շատ «կոնսերվատիվ և սովետական բռիության տարրեր ունի»: Ինչ խոսք, նրանք երկուսն էլ
տարբեր տեսակի, տրամաչափի և ինքնադրսևորման տարբեր աստիճանների վրա գտնվող գործիչներ են, միանգամայն այլ աշխարհընկալումներով և մտածողությամբ: Ոմանք նույնիսկ հակված են պնդելու, որ Մեդվեդևի պարագայում կարծես թե գործ ունենք ոչ թե գործչի, այլ գործիչ դառնալու անկեղծ ցանկություն ունեցող մեկի հետ: Իսկ Պուտինն այսօր նման խնդիր կարծես թե չունի, փոխարենն ունի գործոն լինելու խնդիր: Եվ հենց այդ տարբերությունն էլ ենթադրում է տարբեր վարքեր:
Սակայն ամեն դեպքում թվարկված կարծիքները մնում են ենթադրությունների ու կռահումների ոլորտում: Ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը` «Ռուսաստանյան քաղաքականությունը շատ փակ քաղաքականություն է, և թե ինչ է իրականում կատարվում Կրեմլում` ոչ ոք չգիտի: Մենք չգիտենք, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինն ու Մեդվեդևը 2008 թվականին, չգիտենք, թե ինչ պայմաններով է Մեդվեդևը ստանձնել Պուտինի ժառանգորդի դերը»: Չիմանալով հանդերձ` վերլուծաբաններին մնում է իրենց հետևություններում առաջնորդվել այն փաստերով և իրողություններով, որոնք գտնվում են տեսանելի դաշտում: Իսկ դրանք ներկա պահին հուշում են այն մասին, որ Մեդվեդևը նախագահության երկրորդ ժամկետի ռեալ շանսեր չունի:
Խնդիրին ուշի ուշով հետևող Արևմուտքը ևս փորձում է հարցերին պատասխան տալ: Ահա թե ինչ է գրում այդ մասին The New Times հանդեսը. «Մեդվեդևը շատ քիչ ժամանակ ունի, և ժամանակը այսօր Պուտինի օգտին է աշխատում: Մեդվեդևը պետք է շտապի, պետք է փորձի քաղաքական ու գործարար վերնախավին համոզել, որ ինքն է Ռուսաստանի տերը, իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել»:
Այն, որ Ռուսաստանի նախագահի ընտրության հարցը միայն ռուսների անհանգստության առարկան չէ, դա պարզաբանելու կարիք չկա: Աշխարհի հզորագույն երկրներից մեկում սպասվող յուրաքանչյուր փոփոխություն այսպես թե այնպես իր անդրադարձն է ունենալու նաև մյուս երկրների վրա: Եվ ուրեմն վերջինները ևս արդեն իսկ պատրաստ են դիտարկել հնարավոր շրջադարձերի թեր և դեմ կողմերը, ու առաջին հերթին նրանք, ովքեր Մոսկվայի հետ խնդիրներ ունեն: Այդպիսի երկրներից մեկն էլ Վրաստանն է, որտեղ կարծում են, թե իրենց համար ավելի ձեռնտու է, եթե Ռուսաստանի նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը: Իսկ այդ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հաճույքով բացում է նման կողմնորոշման փակագծերը. «Հիշեք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել է բանակցել Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հաշվի առնելով, որ հենց Պուտինն է ընդունել վրացական ընդդիմությանը, չեմ բացառում, որ նա բանակցություններ կվարի Սահակաշվիլիի հետ»,- հայտարարել է Շևարդնաձեն:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի վերնախավում և ո՞ր թեկնածուի օգտին պիտի արտահայտվեն մեր հանրապետության քաղաքական ուժերը: Այստեղ դեռևս լռում են: Հավանաբար վաղ է այդ մասին բարձրաձայն խոսելու համար: Պետք է կարծել, որ հայաստանյան առաջին կարծիքները լսելի կլինեն միայն Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն այս տարի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Բանակցություն հանուն բանակցության

4 Մրտ

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մինչ այս պահը ըստ էության ոչ ոք հստակ չգիտե, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են ընթանալու նոր բանակցությունները: Հայտնի է միայն այն, որ հունվարին երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ օրակարգում եղած մի քանի հարցեր մնացել էին բաց, և այդ ժամանակ որոշում էր կայացվել դրանց քննարկումը շարունակել Սոչիում:
Նախաձեռնող կողմն այս ընթացքում հարկ է համարել տեղեկացնել, որ սպասվող հանդիպումը կորոշի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Պետք է նկատել, որ ճիշտ նույն ձևակերպումն էր գործածվում նախորդ տարի տեղի ունեցած բոլոր եռակողմ ձևաչափով հանդիպումների համար` և հունվարի 25-ին` Սոչիում, և հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում, և հոկտեմբերի 27-ին` Աստրախանում: Ու ինչպես այն ժամանակ էին ռուսները կարծում, որ այդ շփումները թույլ տվեցին մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ու նպաստեցին վստահության միջոցների ամրապնդմանը, այդպես էլ այժմ նրանք գտնում են, որ մարտի 5-ին կայանալիք հանդիպմանը նախագահները հնարավորություն կունենան վերլուծելու, թե ինչպես է ընթացել աշխատանքը գագաթաժողովների միջև ընկած ժամանակահատվածում և որոշելու ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծման տարբերակները:
Իսկ այս ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զանազան ենթադրություններ են հնչում հնարավոր արդյունքների և կամ դրանց բացառման մասին: Իբրև առավել նախընտրելի ձեռբերում, առաջին հերթին ասվում է, որ Սոչիում փորձ կլինի նվազեցնելու շփման գոտում սրվող լարվածությունը: Ոչ առանց հումորի, նկատում են նաև, թե նախորդ հանդիպումներից միակ տարբերությունը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը այս անգամ չի փախչի այնպես, ինչպես վարվել է մի քանի անգամ:
Հայաստանի իշխանությունները կարծում են, որ մարտի 5-ին կողմերը փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել և դրական տեղաշարժ է լինելու ԼՂ բանակցություններում: Դրա հետ մեկտեղ հարկ են համարում հիշեցնել, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ, այն է`պատրաստակամությունը բանակցելու 3 սկզբունքների շուրջ` ուժի չկիրառում, ժողովրդի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Մնալով այն կարծիքին, որ Սոչիում հազիվ թե որևէ հռչակագիր ստորագրվի, փոխարենը նրանք հակված են մտածելու, որ գոնե կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի շփման գծում հանդարտություն պահպանելու շուրջ, ինչը ևս նշանակալի առաջխաղացում կհամարվի:
Այս տեսակետները կիսում են նաև Ղարաբաղի իշխանությունները, սակայն որոշակի լրացումներով: Վերջիններս ընթացիկ տարում ստատուս քվոյի փոփոխության որևէ հիմք չեն տեսնում` ելնելով այն ակնհայտ իրողությունից, որ ներկա պահին չկա մի այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի հիմնարար փաստաթուղթ ստորագրել: Իսկ դա, ըստ Ստեփանակերտի, կարող է լինել միայն այն դեպքում, երբ բանակցային գործընթացին կմասնակցի ղարաբաղյան կողմը: Սրան պետք է հավելել նաև այն գլխավոր փաստարկը, ըստ որի կողմերի դիրքորոշումներում էական մերձեցում չի նկատվում: Եվ պատահական չէր, որ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այդ առթիվ իր դիտարկումները ներկայացնելիս առանձնակի շետադրությամբ ընդգծեց, թե ԼՂ հարցի միակ լուծումը կարող է լինել հակամարտող կողմերի կայացրած քաղաքական որոշումը:
Սոչիի հանդիպումն առավել ընդարձակ համատեքստում դիտարկելու կողմնակիցների համար վերստին բանավեճի նյութ է դառնում ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների խնդիրը: Այդ իսկ պատճառով էլ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եթե ներկա պարագայում Ռուսաստանի համար Ղարաբաղի հարցը իր աշխարհաքաղաքական շահերի հետ կապված խնդիրների լուծում է նախանշում` ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում, ապա Միացյալ Նահանգների համար այդ խնդիրն ունի ավելի գլոբալ նշանակություն: Սակայն այս տեսակետի պաշտպանները նաև չեն բացառում, որ որոշ փուլերում հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունների ներդաշնակեցում:
Գալով Ադրբեջանի պատրաստակամության աստիճանին, հարկ է նկատել, որ ինչպես շատ անգամներ, այս դեպքում նույնպես Ալիևը պատրաստվում է ուղևորվել Սոչի դատարկ թղթապանակով: Նրա որդեգրած մարտավարությունը վաղուց է հայտնի` խուսափել ամեն կարգի պատասխանատվությունից և բոլոր դեպքերում մատնացույց անել հարևանին: Այս կարգի «չեզոք» պահվածքի հակիրճ ձևակերպումն օրերս հրապարակեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման արդյունքները «կախված են Երևանից»: Փոխարենը շատ ավելի լավատես գտնվեցին Միլի մեջլիսի պատգամավորները, որոնց կարծիքով բացառված չԷ, որ կողմերը ընդհանուր հայտարարի կգան հակամարտության լուծման հարցում:
Առայժմ հստակ է հետևյալը. ինչ էլ կատարվի Սոչիում, և եթե նույնիսկ այնտեղ հրաշքով մի փաստաթուղթ ստորագրի, որով կողմերը կբացառեն ուժի կիրառումը, դարձյալ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր ռազաշունչ հայտարարությունների ոգուն: Եվ այդ դեպքում մեզ այլ բան չի մնում, քան ներկա պահին բավարարվել նվազագույնով ու կրկնել, որ գոնե բանակցությունների իմիտացիան նախընտրելի է դրանց բացակայությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: