Tag Archives: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

17 Դկտ

Ես օգնություն չէի ակնկալում ուրիշներից և հույսս չէի դնում երջանիկ պատահականության վրա, բայց իմ ներսում հետզհետե ձևավորվում էր կամային համառությունը, և որքան դժվարին էին դառնում կյանքի պայմանները, այնքան ավելի ամուր և նույնիսկ ավելի խելացի էի զգում ինքս ինձ: Ես շատ վաղ հասկացա, որ մարդուն մարդ է դարձնում շրջապատող աշխարհի հանդեպ նրա դիմադրությունը:1

ԳՈՐԿԻՆ ԵՐԵՎԱՆԸ ԼՔԵՑ ԱՌԱՆՑ ՀՐԱԺԵՇՏԻ

10 Հլս

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»: Ժամանակին առիթ եմ ունեցել լսելու պնդումներ, թե Գորկին այս տանն ընդհանրապես չի եղել, բայց քանի որ նախատեսված էր, որ նա այստեղ գիշերեր, այդ պատճառով էլ ցուցանակը հետագայում տեղադրել են: Սակայն իրականությունն այլ բան է ասում: Եվ ոչ միայն ցուցանակի մասին:2013-04-30 093
1928 թվականի ամռանը անսպասելի լուրը տարածվեց երկրով մեկ. «Գորկին Հայաստան է գալիս»: Հեղափոխության երգիչն ու մրրկահավը, Լենինի ու Ստալինի մտերիմը, սովետների երկրի թիվ մեկ գրողը պիտի այցելեր հայերի հողը: Համաձայն պաշտոնական տեղեկության, Գորկին հուլիսի 25-ի առավոտյան Թիֆլիսից Ղարաքիլիսա (Վանաձոր) էր ժամանելու: Նրան դիմավորելու համար շտապ այնտեղ մեկնեցին Ժոմկոմխորհի նախագահ Ս. Տեր- Գաբրիելյանը, Լուսժողկոմ Ա. Մռավյանը և Կենտգործկոմի քարտուղար Ռ. Դաշտոյանը: Օրն անձրևային էր, սակայն լուսաբացին քաղաքի երկաթուղային կայարանում դիմավորելու համար հավաքվել էր հսկա բազմություն՝ պաշտոնական դեմքեր, գրողներ, երկաթգծի բանվորներ, արհմիությունների ներկայացուցիչներ, կոմերիտականներ ու պիոներներ:
Եվ ահա ուժգին սուլոցով կառամատույց է մտնում գնացքը: Մարդիկ բուռն ծափահարություններով և ուռաներով դիմավորում են նրա մուտքը: Շարժակազմը կանգ է առնում: Դռները բացվում եմ: Բոլորն անհամբերությամբ սպասում են: Բայց Գորկին չկա: Անցնում են րոպեները: Ոչ մի շարժում, վագոնից ոչ ոք դուրս չի գալիս: Ստիպված որոշում են պարզել, թե ինչ է կատարվում: Գրող Վահրամ Ալազանը համընդհանուր շփոթմունքին հաջորդած պատկերն այսպես է ներկայացնում. «…Մտնում ենք ներս: Ահա կարմիր պղնձագույն դեմքը ծռած՝ հանգիստ կերպով թեյ է խմում: Դրսում` հուզմունք ու համբերահատություն: Ներսում` հանգիստ ու անտարբերություն»:
Այդ պահվածքի մեջ վիրավորական երանգներ կային, բայց ինչ-որ մեկը որոշեց եղածը վերագրել Գորկու բացառիկ համեստությանը, բազմությունն էլ այդ խայծը կտցեց, և երբ վերջապես նա դուրս ելավ վագոնից, հավաքվածների խնդության ու խանդավառության փոթորիկը պայթեց օդում: Ալեքսեյ Մաքսիմովիչը նստեց մեքենան և նրան կայարանից տարան քաղաքի հանգստյան տուն: Նա լուսանկարվեց հանգստացողների հետ, իսկ տեղի պարտիզպանը երկու մեծ ծաղկեփունջ նվիրեց գրողին: Այնուհետև Գորկին ուղղություն վերցրեց դեպի Դիլիջան՝ ճանապարհին մի կարճ կանգառ անելով Վարդանլու գյուղի մոտ գտնվող պիոներական ճամբարում:Gorki-Hayastan
Տոնական ու հանդիսավոր տրամադրություն էր նաև Դիլիջանում: Շարված էր զորքը, սպասում էին տեղացիներն ու հյուրերը: Քաղաքի նոր հյուրանոցի շենքի առաջ կայացավ դիմավորման միտինգը: Հնչեցին ելույթներ, որից հետո Գորկին մի փոքր զբոսնեց ու կարգադրեց ճանապարհ ընկնել: Առջևում Սևանն էր: Հետագայում նա իր ուղեգրության մեջ այսպիսի գրառում պիտի կատարեր.
«Դիլիջանի դաշտում ընկերներից ինչ-որ մեկը կիսաձայն ասաց.
— Թուրքերն այստեղ շատ հայերի են կոտորել:
— Դե ինչու՞ այդ մասին հիշել այսպիսի գեղեցկության գրկում,- պատասխանեցին նրան:
Այո, զարմանալի գեղեցիկ է: Կարծես լեռները գրկել ու պահպանում են դաշտը կենդանի էակների սիրով ու քնքշությամբ»:
Գորկին հիացած էր Հայաստանով, բայց ոչ նոր ժամանակների հայաստանցիներով, ովքեր փորձում էին ամեն կերպ շրջանցել անցյալի «անհարմար» փաստերը: Իր գրառումներում գրողն այդ մարդկանց հեգնանքով անվանում էր «պարոնայք հումանիստներ, իդեալիստներ ու մշակույթի պահապաններ», որոնց դավանած արժեքները հիմնված էին ցինիզմի վրա: Իսկ հիմա նա պիտի տեսներ նաև նոր ժամանակների գյուղերն ու դրանց բնակիչներին, որոնց ծայրահեղ աղքատությունը ցնցում է Գորկուն: Երբ կանգ են առնում Ելենովկայում (այժմ՝ Սևան քաղաք), նրան տանում են դիտելու լիճը, ծանոթանալու ձկնաբուծության փորձերի և գիտական աշխատանքների հետ, սակայն թանկագին հյուրի համար անջնջելի են մնում իր զրույցները տեղաբնակների հետ, որոնք ապրում էին միջնադարի կենցաղով ու անտեղյակ էին մեծ աշխարհի անցուդարձից:
Օրվա երկրորդ կեսին Մաքսիմ Գորկին արդեն Երևանում էր: Այստեղ նրա համար նախատեսել էին գերհագեցած ծրագիր: Սկզբում հանդիսավոր նիստն էր Կուլտուրայի տանը, հետո գրողը ծանոթացավ Երևանի արդյունաբերական և կուլտուրական կյանքին: Պատմության թանգարանում տպավորված էր մագաղաթե ձեռագրերով, պատկերասրահում հիացավ Մարտիրոս Սարյանի կտավներով: Այնուհետև մամուլը հայտնում էր. «Նախաճաշից հետո պրոլետգրող Եղիշե Չարենցը Մաքսիմ Գորկուն մատուցեց իր «Երկիր Նայիրի» գրվածքի ռուսերեն թարգմանությունը: Գորկին շնորհակալություն հայտնեց Չարենցին և խոստացավ նամակ գրել նրան այդ գրքի մասին, որը նա սկսել է կարդալ դեռ Իտալիայում»:Մաքսիմ Գորկու դիմավորումը դիլիջանում
Գորկուն ուղեկցեցին հիդրոկայան, բամբակազտիչ գործարան, ապա գնացին Ձեթ- օճառի գործարան: Մի զավեշտալի դրվագ կա՝ կապված այդ այցի հետ: Գործարանում նա առանձին ուշադրությամբ էր դիտում մեքենայի ամեն մի շարժումը: Ափի մեջ բռնում էր բամբակի հունտը, գցում ատամի տակ, ծամում, վերցնում էր թեփը, քուսպը, ուշադիր զննում էր ամեն բան: Այդ ժամանակ որոշում են նրան ցուցադրել բանվոր «արձանագործի» կերտած Լենինի օճառե կիսանդրին: Գորկին վերցնում է քանդակը, շուռումուռ է տալիս և հանկարծ ասում է, որ իրեն առավելապես հետաքրքրում է օճառի որակը: Դրա համար էլ պոկում է Լենինից մի փոքրիկ կտոր, թրջում շրթունքներում, ապա սկսում է մատներով տրորել: Մինչ ներկաները ապշած դիտում էին, թե ինչպես էր անարգվում հեղափոխության մեծ առաջնորդը, Գորկին շարունակում է աշխուժորեն բացատրել, թե ուզում էր ընդամենը իմանալ՝ փրփուր տալի՞ս է այդ օճառը, որից իր սիրելի ընկերոջ կիսանդրին էին կերտել:
Այցելությունների կարևոր վայրերից մեկն էլ դառնում է «Արարատ» գինու գործարանը, որի նկուղներում հիացած հյուրը առատորեն համտեսում է տակառների թունդ պարունակությունը: Ասում են, թե հենց այստեղ էլ նա արտասանել է իր նշանավոր խոսքերը. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան բարձրանալ «Արարատի» նկուղից»:
Հենց այդպես՝ գինովցած էլ Գորկին գնաց մասնակցելու մեծ միտինգին, որ կայացավ քաղաքային այգում, շուրջ 10 հազար երևանցիների ներկայությամբ: Փոթորկալից օվացիաներով, խնդության բացականչություններով և համատարած ուրախությամբ դիմավորեցին նրան, Գորկին մի ճառ արտասանեց, որն ըստ էության խորհրդային երկրի ու հեղափոխության գովքն էր: Իսկ երեկոյան նույն այգում նրա համար մեծ համերգ տվեցին: Կոնսերվատորիայի սաները կատարեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ պարախումբը ցուցադրեց Սասունցիների պարը: Սա անջնջելի տպավորություն թողեց Գորկու վրա: Հետագայում նա այդ տեսարանը պիտի վերհիշեր այսպիսի գույներով. «Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»:caption
Համաձայն այդ օրերի մամուլի տեղեկություների, երեկոյան ժամը 9-ին Մ. Գորկին Մյասնիկյանի անվան գրադարանում տեսակցություն է ունեցել Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի, Աշխատավորական գրողների միության անդամների և մամուլի աշխատակիցների հետ: Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ իրականում հանդիպումը կայացել էր Բանկոոպի թեյարանում: Դատելով արձագանքներից, զրույցն այնքան էլ աշխույժ և հետաքրքիր չի անցել՝ հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ: Օրվա անցուդարձից հոգնած ռուս գրողը իր գործն ավարտած մարդու շտապողականությամբ հեռացել է հավաքից և գնացել էր իրեն հատկացված բնակարանը՝ հենց այն տունը, որտեղ այսօր ցուցանակն է փակցված: Իսկ երբ առավոտը բացվեց, նա արդեն Երևանում չէր: Գորկին Թիֆլիս էր մեկնել՝ առանց հրաժեշտ տալու:
Իբրև վերջաբան՝ այս պատմությանը կցենք այդ օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված լուրը՝ «Մաքսիմ Գորկին Հայաստանում» վավերագրական ժապավենի մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «Մաքսիմ Գորկին Երևանում» կինոժապավենը կիսով չափ միայն կարող է գոհացուցիչ համարվել, որովհետև միանգամայն անհայտ պատճառներով խրոնիկայում բոլորովին բացակայում են Երևանում գրողի մնալու կադրերը, օրինակ` գործարանները, հիդրոկայան, թանգարան այցելելը: Վերջապես այն վիթխարի միտինգը, որը կազմակերպվել էր Կոմունարների այգում Մաքսիմ Գորկու մասնակցությամբ , ապա` հանդիսավոր ընդունելությունը, օվացիաները, որոնք ցույց տվին բազմահազար ընթերցողները մեծ գրողին:
Ինչ վերաբերվում է հանված կադրերին, չի կարելի չխոստովանել, որ հաջող են թե լուսանկարները, թե մոնտաժի սյուժետային կառուցվածքը և թե դինամիկ լինելը` չնայած աննպաստ պայմաններին»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ0_7bc7e_3e553f5a_L

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ

2 Դկտ

Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է:

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ
1928 թ.

picresizer

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

16 Սպտ

Չէ՞ որ կան մարդիկ, որոնց համար կյանքում ամենաթանկ և ամենալավ բանը իրենց հոգու կամ մարմնի որևէ հիվանդությունն է: Նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում դրանով են զբաղվում և միայն դրանով են կենդանի. նրա պատճառով տառապանք կրելով` նրանք դրանով են սնվում, ուրիշներին գանգատվում են այդ հիվանդությունից ու դրանով մերձավորների ուշադրությունը դարձնում իրենց վրա: Դրա համար իբրև հատուցում մարդկանց կարեկցությունն են վաստակում ու դրանից բացի ոչինչ չունեն: Վերցրեք նրանցից այդ հիվանդությունը, բժշկեցեք նրանց, և նրանք կդժբախտանան, որովհետև կզրկվեն ապրելու միակ միջոցից, այն ժամանակ նրանք ներքուստ դատարկ կլինեն: Երբեմն մարդու կյանքն այնքան աղքատ է լինում, որ նա ակամայից ստիպված է լինում գնահատել իր արատը և նրանով ապրել. և կարելի է ասել, որ մարդիկ հաճախ ձանձրույթից են արատավոր դառնում:

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

6 Նյմ

… Մարդ ինչքան շատ է դառնություն ճաշակել, այնքան ավելի մոլեգնաբար է ծարավում քաղցրի: Իսկ մենք, հնացած առաքինությունների քղամիդ հագած և մեր մեծամտության ու կատարյալ անմեղանչականության համոզմունքի մշուշի միջով միմյանց վրա նայելով՝ այդ բանը չենք հասկանում:
Դուրս է գալիս մի բավական հիմար և… շատ դաժան բան: Իբրև թե՝ ընկած մարդիկ են… Իսկ ընկած մարդիկ ի՞նչ են: Ամենից առաջ՝ մարդիկ, նույն ոսկորը, արյունը, նույն միսը և նույն ջղերը, ինչ որ մենք ունենք: Այս մասին ամբողջ դարեր է, որ օրը օրին ասում են մեզ: Իսկ մենք լսում ենք և… սատանան գիտի, թե ինչքան անհեթեթ բան է այս բոլորը: Իսկապես, մենք ինքներս էլ ընկած ենք, և թերևս, մինչև անգամ շատ խորն ընկած… կատարյալ մեծամտության և այն համոզմունքի անդունդը, թե մեր ջղերը և ուղեղը գերազանց են այն մարդկանց ուղեղից ու ջղերից, որոնք միայն նվազ խորամանկ են, քան մենք, ավելի վատ են կարողանում լավ ձևանալ, քան մենք ենք ձևանում… Սակայն բավական է այս մասին: Այնքան հին է այս բոլորը… որ մինչև անգամ ասելն ամոթ է…

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

5 Ապր

Հոյակապ պաշտոն է մարդ լինել աշխարհում: Ես չգիտեմ ոչ մի գրքային ճշմարտություն, որ ինձ համար ավելի թանկ լիներ մարդուց: Մարդը տիեզերքն է, և հավիտյանս կեցցե նա, որ իր մեջ կրում է բովանդակ աշխարհը: Կյանքի բոլոր ծանր պահերին, նրա բոլոր դժվար րոպեներին իմ սիրտը միշտ երգել է մեկ հիմն. «Կեցցե մարդը»: Մարդու կատարելագործման մեջ է կյանքի իմաստը: Մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք սովորի զմայլվել մարդով` որպես մեր մոլորակի ամենագեղեցիկ ու հրաշալի երևույթի, մինչև այդ ժամանակը մենք չենք ազատագրվի մեր կյանքի նողկալիությունից ու կեղծիքից: Հարգեք միմյանց` չմոռանալով, որ յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է կառուցողի իմաստուն ուժը և որ հարկավոր է նրան տալ զարգանալու և բարգավաճելու ազատություն: Մարդուն փաղաքշելն ու գովաբանելը երբեք վնասակար չէ: Դա բարձրացնում է նրա հարգանքն իր նկատմամբ, նպաստում է իր ստեղծագործական ուժերի հանդեպ վստահության խթանմանը: Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա «խոզ է», ապա նա ի վերջո իրոք կխռնչա:
Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորին, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ` գումարած էլի ինչ-որ բան: Հարկավոր է ապրել անմատչելի որևէ բանի մշտապես սիրահարված: Մարդը բարձրահասակ է դառնում այն բանից, որ ձգտում է վեր: Կյանքն ամենից ավելի կատարյալ ու հետաքրքիր է այն ժամանակ, երբ մարդը պայքարում է նրա դեմ, ինչը իրեն խանգարում է ապրել: Կյանքն առաջ է շարժվում: Ով նրա ետևից չի հասնում` մնում է միայնակ:

%d bloggers like this: