Tag Archives: մաքսանենգություն

Ուրանի հետ խաղ են անում

9 Նյմ

Դժվար է ասել, եթե չլինեին օտարալեզու ԶԼՄ-ների հրապարակումները, մենք երբևէ կիմանայի՞նք այն, ինչ, օրինակ, The Telegraph-ի կամ The Guardian-ի լրագրողներին հայտնի էր ամենայն մանրամասնությամբ: Սակայն միայն այն բանից հետո, երբ հիշատակված աղբյուրները տպագրեցին սենսացիոն պատմությունը, մեր իշխանությունները հարկ համարեցին ասել. այո, Հայաստանի ու Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում բացահայտվել է հարստացված ուրանի մաքսանենգության դեպք, կան ձերբակալվածներ: Եվ պարզվեց, որ դեռևս 8 ամիս առաջ` մարտին Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել էին իրենց վտանգավոր գողոնը վաճառել մարդկանց, որոնք նրանց ներկայացել էին որպես իսլամական ահաբեկիչներ: Հայերն, իհարկե, թքած ունեին` իրենց գնորդը ծայրահեղական կլինի, թե պահպանողական, և սիրով ձեռնամուխ են եղել ,,սաղացնելու,, գործընթացին: Ապրիլին սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված ,,Մալբորոյի.. տուփի մեջ զետեղելով 18 գրամ մինչև 89,4 տոկոս հարստացված ուրանը, նրանք գնացքով հասել էին Թբիլիսի, միջուկային նյութով հետաքրքրված մի ,,լուրջ.. կազմակերպության անդամի ներկայացրել իրենց ապրանքը և դրա դիմաց պահանջել ոչ ավել, ոչ պակաս`8 միլիոն դոլար: Ընդ որում, կոմերսանտները պնդել էին, թե եղածն ընդամենը փորձանմուշ է ու որ իրենք կարող են հայթայթել նույնիսկ 120 գրամ ուրան: Քիչ ավելի ուշ` տեսնելով, որ գնի հարցում չափն անել են, նվազեցրել էին մինչև 1,5 միլիոն ու հենց այդ պահին էլ վրա էր հասել խոր հիասթափությունը: Հյուրանոցի համարի դուռը բացվել էր, ներս էին լցվել վրացի իրավապահներն ու ի չիք էին դարձրել հայերի ռադիոակտիվ երազանքը: Շուտով հայտնի էր դարձել, որ գնորդն էլ վրացական հատուկ ծառայությունների աշխատակից էր եղել:
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փակ դատավարության ժամանակ հրապարակվեցին հայ անունները` Հրանտ Օհանյան, ով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնում գիտաշխատող է եղել, գործարար Սմբատ Տոնոյան և այս գործին առնչություն ունեցող, Հայաստանում ձերբակալված Գարիկ Դադայան, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ք.օր.-ի 215 հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն): Հիմա արդեն նրանք բոլորն էլ իրենց մեղավոր են ճանաչել:
Սակայն այս ամբողջ պատմության արժեքը կխամրեր, եթե այն զետեղվեր սովորական քրեական գործողության շրջանակներում: Մինչդեռ ամեն բան շատ ավելի ընդարձակ հարթության վրա է դիտարկելի: Կծիկը քանդվել է, և տարբեր ուղղություններով ձգված թելերը նորանոր առնչություններ են բացահայտում` առիթ տալով մի շարք բազմիմաստ հետևություններ կատարելու:
Արևմուտքում արդեն շտապեցին արձանագրել, որ այն կարծիքը, թե ատոմային մաքսանենգները առաջվա պես շատ ակտիվ են նախկին Խորհրդային Միության սահմաններում, հորինվածք չէ, և հիմա Հայաստանը կարող է դիտարկվել իբրև դրա օջախներից մեկը: Նման պարագայում քիչ հետաքրքիր է, որ խոսքը ռազմական ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի մասին է, մի բան, որը Հայաստանում տեխնիկապես ստանալ ուղղակի հնարավոր չէ: Կարևորն այստեղ աղմուկն է ու մեղավորների մատնանշումը: Տվյալ դեպքում ստվերում կմնա այն փաստը, որ վտանգավոր բեռը ստացվել էր Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Դեռ տարիներ առաջ տեղեկություններ էին հրապարակվել, այն մասին, որ հիշատակված գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացում էր արձանագրվել:
Նման կերպ կհիշեն միայն այն մասին, որ դեռևս այս տարվա գարնանը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, թե իր երկրի հատուկ ծառայությունները բացահայտել ու խափանել են գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Եվ ոչ մի բառ այն մասին, որ ոչ մի ծայրահեղական էլ իրականում չկար: Ու քանի որ մենք չափազանց քիչ բան գիտենք ատոմային մաքսանենգության ոլորտում ապօրինի առևտրի և այն մասին, թե որքան գողացված նյութեր են գտնվում շրջանառության մեջ, ապա այդ չիմացությունն իր սև գործը կկատարի: Եթե մասնագետը տեղյակ է, որ նման քանակությունը բավարար չէ ատոմային ռումբ ստեղծելու համար, ապա ոչ մասնագետներին առանձնապես դժվար չէ համոզել, թե իբր հայերի ձեռքում եղած չափաքանակը բավարար էր դա օգտագործվել միջուկային մարտագլխիկի մեջ, իսկ խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար նաև հավելել, որ հարստացված ուրանը կարելի է օգտագործել ռազմական նպատակներով, որի մեկ կրիտիկական զանգվածը բավարար է Հիրոսիմայի աղետը կրկնելու համար:
Եկեք նաև հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ նույն Արևմուտքում հայտարարեցին, թե Հայաստանը տարանցիկ ճանապարհ է հանդիսանում ռազմական նպատակներով օգտագործվող հարստացված ուրան-235-ի համար: Իբրև ասվածի հիմնավորում մեջբերվում էր ԱՄՆ գլխավոր դատախազության եզրակացություններից մեկը, որտեղ խոսք էր գնում Կոլումբիայի ահաբեկիչներին ուրան փոխանցելու երթուղու մասին` նշելով հետևյալ մեխանիզմը. հարստացված ուրանը Հայաստանից տեղափոխվել է Ռումինիա, որտեղից էլ իր ճամփան շարունակել է Դանիա-Հոլանդիա-Անթիլյան կղզիներ-Կոլումբիա երթուղով: Իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը` հրապարակելով Ահաբեկչության դեմ պայքարի 2009 թվականի տարեկան հաշվետվությունն ըստ երկրների, Հայաստանին վերաբերող հատվածում գրում էր, որ թեև մեր երկիրը առաջընթաց է արձանագրել զանգվածային բնաջնջման զենքի թրաֆիքինգի դեմ պայքարում, այդուհանդերձ ,,համատարած կաշառակերությունը շարունակեց խոչընդոտել օրենքների լիակատար իրագործմանը, որոնք կբարելավեին հակաահաբեկչության ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակն ու ահաբեկչական գործողություններին արձագանքելու հնարավորությունները,,:
Ահա այսպիսի բաներ: Իսկ շարադրված պատմության մեջ իսկական սենսացիայն ոչ թե այն է, որ երեք հայեր որոշեցին ուրան վաճառել, այլ այն, որ Հայաստանում նման բան կա ու դա կարելի է առանց դժվարության ձեռք բերել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: