Tag Archives: Մարտին Միքայելյան

ՍԱՐՅԱՆԸ…

29 Հկտ

Եթե լուսավորության բնագավառի մեր խելոքները լայնախոհ լինեին, դպրոցական դասագրքերի մեջ կհրատարակեին հայ մանրանկարչության նմուշները, Սարյանի 1900-1910-ական թվականների գեղանկարների վերատպությունները: Այդպիսով, հայությունը կմոտենար իր անկրկնելի ստեղծագործություններին, և գուցե թե դարավոր մշակույթի տերը դառնար: Մեր ազատ արվեստը, այսինքն մանրանկարչությունն ու Սարյանը, չեն քարոզվում, տարածվում աշակերտության մեջ, որովհետև խելոքները կարծում են, թե երեխաների ու պատանիների ճաշակը այդպիսով կարող է փչանալ: Որովհետև բոլոր պրոֆեսորները կարծում են, թե նկարիչը նախ պետք է կարողանա տիրապետել ծավալին, լուսաստվերին, հեռանկարին, ապա նոր մտածի ազատ նկարչության մասին: Սակայն, դժբախտաբար, գեղանկարչի, քանդակագործի մասնագիտություններին հմտորեն տիրապետողները արվեստի մեջ ավելի հաճախ նմանվում են պատահականորեն ծովի առջև հայտնված այն «լողորդին», որը օվկիանոսներով նավարկել է զանազան մեծ նավերով, սակայն երբեք որևէ գետի մի ափից մյուսը չի անցել լողալով:
Ես ուզում էի խոսքս սկսել «Սարյանն իմ մեջ ապրում էր շատ վաղուց» և անմիջապես պատկերվեց, թե ինչպես հայ մանուկների (օ, նրանք բոլորը չափազանց տաղանդավոր են մինչև զանազան դպրոցների և կասկածելի կենտրոնների շեմերից ներս մտնելը), հայ պատանիների մեջ կապրեր Սարյանը, եթե «Այբբենարանի» մեջ տեսած լինեին 1907-ին նկարված «Հովազները» կամ «Հեքիաթներ ու երազներ» շարքի որևէ նկար:
Դասագրքերի մեջ չկա մեծ ու անկրկնելի Սարյանը (վաղ շրջանը), հեռուստատեսության, լրագրերի, առօրյա խոսակցության մեջ հայ արվեստը մոտավորապես սկսվում է Այվազովսկու պատկերներով և վերջանում է Էմիլ Գազազի քանդակներով: Ահա թե ինչու հայ մարդու մեջ հայ մանրանկարչությունը ոչ մի տեղ չի զբաղեցնում: Ահա թե ինչու նա վազում է տեսնելու Սալվադոր Դալիի նկարները, մինչդեռ արվեստի պատմության համար շատ ավելի կարևոր մեկի` Ջորջո Դը Կիրիկոյի ցուցահանդեսը, որը տարիներ առաջ բացվեց Ազգային պատկերասրահում, նա այդպիսի մղումով չտեսավ:
Իսկ Հայաստանի, Ջավախքի և հայոց մյուս աշխարհների մեջ ծնված պատանին մանրանկարչության, Սարյանի, Կալենցի, գույնի մյուս վարպետների կարիքը զգում է օդի ու ջրի նման: Բայց այդ պատանին հասակ է առնում գաղափարական, հոգեբանական, բարոյական անիմաստ ու անպետք կաղապարներով և հետո բոլորովին չի համոզվում, թե ծավալ ու հեռանկար չունեցող հայ մանրանկարիչը շատ ավելի արվեստագետ է, քան ծավալի և հեռանկարի հնարավորությունները չարաշահած Սալվադոր Դալին և մյուսները:
Երբ ես աշխատում էի Սարյանի թանգարանում, այսինքն` 1968-ից մինչև 1970-ական թվականների սկիզբը, աշխարհում երբեմն փայլատակում էր միտքը, արվեստը, նույնիսկ արդարության ձգտող մարդկային կամքը: Ֆելինին և Անտոնիոնին այն ժամանակ նկարում էին իրենց ֆիլմերը, պետությունների ղեկավարները ամաչում էին Ժան Պոլ Սարթրից, Փարիզում, Բեռլինում ուսանողներն ապստամբել էին դասախոսների դեմ, Սարյանը երևանյան իր արվեստանոցում երբեմն հիշում էր (արդյո՞ք հիշում էր) 1910-ական թվականների նարնջագույն լույսերն ու ուլտրամարին ստվերները, Փարաջանովը նկարահանում էր «Նռան գույնը»: Երևանում խոսում էին ռուսերեն թարգմանված Կաֆկայի, Սարթրի, Կամյուի, Սոլժենիցինի, Հրանտ Մաթևոսյանի, Մինաս Ավետիսյանի ու Պարույր Սևակի մասին, որոնց դարանակալ սպասում էր ոչ թե թատրոնի, այլ կյանքի ողբերգությունը:
Թբիլիսիից Արտեմ Ալիխանյանի հովանավորությամբ Երևան էր տեղափոխվել նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջոտտոն): Պատմում էին, իբրև թե Սարյանը Մոսկովյան (այժմ`Սարյան) փողոցում հանդիպում է թիֆլիսահայ այս նկարչին.
— Բարև, Միքելանջելո:
— Վարպետ ջան, ես Ջոտտոն եմ, Միքելանջելոն չեմ,- արդարանում է Ջոտտո Գրիգորյանը:
— Ա՜յ, տղա,- ասում է Սարյանը, դու ո՛չ Միքելանջելոն ես, ո՛չ էլ Ջոտտոն: Դու Գևորգ Գրիգորյանն ես:
Սարյանի թանգարանը բացվեց 1967 -ին: Իմ ավագ գործընկերներ Շահեն Խաչատրյանը և Ռուդոլֆ Խաչատրյանը չկամեցան, որ ես իրենց հետ մասնակցեմ Ջոտտո Գրիգորյանի ծննդյան տոնին, ուր, ի միջի այլոց, ներկա էր եղել Պարույր Սևակը: Ռուդոլֆին ճանաչում էի ուսանողական տարիներից: Նրա արվեստանոցում առանձնանում էր Սարյանի հետ իր լուսանկարը: Սակայն ինքն անընդհատ խոսում էր Երվանդ Քոչարի, Վահրամ Փափազյանի մասին և ընդգծված ասում.«Մա՛նչս,- ասաց Փափազը,- կանանց չեմ սիրում»:
— Տղաներ,- մի քիչ հարբած ասում էր նա Ռազմիկ Դավոյանին և ինձ,- տասը տարի հետո Երևանը կդառնա Փարիզ: Տասը տարի հետո նա ապրեց Մոսկվայում և Լոնդոնում ու իր ցուցահանդեսի այցելուների համար դարձավ երևույթ` Երևանում ծնված մի հայ, որը գույնի նկարիչ չէր և ստեղծում էր ուշադրություն գրավող ձևածավալներ` համարյա Իսլանդիայում ծնված հետաքրքիր մեկի նման:
Երբ 1968-ին ես հասա Սարյան թանգարան, իմ իմացած սիրելի, ծանոթ նկարչի պատվանդանը գրավել էր մի հետաքրքիր ծերունի, բայց բոլորովին անծանոթ մեկը, որի դռները իմ առջև, համենայն դեպս, գոց էին: Ես նրա հետ խոսում, կատակում էի, բայց զգում էի ներքուստ, որ թանգարանի գիտաշխատող այսինչ այսինչյանս հռչակավոր նկարչի համար որևէ հետաքրքրություն չէի ներկայացնում: Նա ուշադիր էր թանգարանի այցելուների հանդեպ անկախ նրանց գիտական, կրթական, բարոյական մակարդակից, հարազատի նման զրուցում էր Մոսկվայից ժամանած ճանաչված գիտնականների, արվեստագետների հետ, իսկ խորհրդային կառավարության ղեկավար Ա. Կոսիգինին ու նրան ուղեկցող պաշտոնյաներին ուղղակի ապշեցրեց իր փայլուն ռուսերենով ու ոչ սովորական մարդու հատկանիշներով:
Հին ծանոթների նման ընդունում էր Վիլհելմ Մաթևոսյանին, Շահեն Խաչատրյանին: Ես երբեք չէի խախտում ինձ համար սահմանված սահմանը: Այլապես կասեի.- Վարպետ, ես պատանի ժամանակ փորձում էի նկարել Ձեզ նման: Դուք դեռևս 1961-ին այցելեցիք մանկավարժականի մեր նկարչական կուրսը, իմ նկարի առջև, համենայն դեպս, մի քիչ երկար կանգնեցիք: Հետո կավելացնեի, թե 1965-ին Շահեն Խաչատրյանը «Ավանգարդ»-ում գրել է «Մարտին Միքայելյանն ունի պայծառ նուրբ ներդաշնակություն»: Նաև կարող էի ցույց տալ իր հետ մեր կուրսի լուսանկարը: Բայց դրա կարիքը բոլորովին չկար: Սարյանի թանգարանի աշխատակիցը պետք է զուսպ ու կրթված լիներ:
Առաջին ամիսների աշխատանքով ոգևորված Փարիզի «Աշխարհ» թերթը թանգարանի մասին հրապարակեց ծավալուն, տեղեկատվական, և իհարկե, «ջրով լի» մի հոդված Թորոս Թորանյանի ստորագրությամբ:
Թանգարանն այցելուի պակաս չէր զգում: Էքսկուրսիաները վարում էինք տնօրեն Շահեն Խաչատրյանը, ֆոնդապահ Լուսիկ Միրզոյանը և տողերիս հեղինակը: Հատկապես պատվավոր հյուրերին թանգարանի ցուցասրահներով ուղեկցում էր Շահեն Խաչատրյանը: Շատ քիչ էր պատահում, որ նշանավոր մարդկանց ես ուղեկցեի:
Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին հետաքրքրեց իմ խոսքը, Առնո Բաբաջանյանն ինքն էր խոսում իմ փոխարեն, իհարկե, ոչ թե Սարյանի նկարների , այլ իր և Զարիկի «քաջագործությունների» մասին, Լուսինե Զաքարյանը չէր դիմանա էքսկուրսիային, եթե Խորեն Պալյանը հայացքով չհասկացներ`«Անհարմար է, Վարպետի թանգարանում ենք, մի քիչ էլ դիմացիր, հիմա դուրս կգանք դեպի ազատություն»:
Այցելուները մեծ ուշադրությամբ լսում էին հատկապես տնօրենի բացատրությունները: Նրա խոսքին հետևողները հատկապես հուզվում էին, երբ պատմում էր 1915-ին Էջմիածնում ապաստան գտած փախստականների և Սարյանի հոգեկան ծանր ապրումների մասին:
Ես կարծում եմ, Սարյանն այնքան շքեղ էություն է, և նրա արևն ու լույսը այնքան կուրացուցիչ են, որ բացարձակապես կարիք չկա մեր ողբերգական մեծ էջի, նաև մեծ նկարչի կյանքի մի դրվագի մասին (մանավանդ այնքան է վատացել, որ վերադարձել է Թիֆլիս) խոսել «Սֆինքս», «Պարսկաստան»,«Գիշեր», Եգիպտոս» անզուգական պատկերների ներկայությամբ: 1910-ական թվականների սարյանական կտավների կենսական էներգիան այնքան զորեղ է, այնքան կենսահաստատ, որ պետք չէ բարձրաձայնել մի թեմայի մասին, որը հասկանալի պատճառով Սարյանի նկարներում արտաքուստ շեշտված չէ, բայց մեծ արվեստով ու շնչով արտահայտված է Վարուժանի ու Սիամանթոյի ստեղծագործություններում:
Սարյանի պատկերներում եղեռնի թեման փնտրելը նման է խոշորացույցով «Մատյան ողբերգության»-ի մեջ «հայ » բառը որոնելուն: Սակայն, դժբախտաբար, մեր մտավորականության մեծամասնությունը չեն բացատրում, թե հայրենասեր հայը նա չէ, որն անպայման ձեռք է զարկում եղեռնի, Անդրանիկի, Նժդեհի թեմաներին: Իսկական հայը նա է, ով ստեղծում է միջազգային մակարդակի արժեքներ ցանկացած բնագավառում: Նկարչությունը լուսանկարչություն կամ կինո չէ, որպեսզի ամենայն մանրամասնությամբ ներկայացնի նյութը: Ահա թե ինչու խորքի մեջ հայի ճակատագիրը ներառած Արշիլ Գորկու հոյակապ ժառանգությունը ամբողջովին տարբերվում է եղեռնը ներկայացնող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից:
Այդպես էլ չհասկացանք, որ ազգայինը խորքում պիտի փնտրել, այլ ոչ թե արտաքին նշանների մեջ: Մի՞թե պարզ չէ, թե Պետրոս Դուրյանի «Թրքուհին» շատ ավելի է հարստացնում, նաև զարդարում հայ գրականությունը, քան հայությանն ու Հայաստանին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ: Մարդս կշիռ պիտի ունենա Արարատ նկարելու և Հայաստան բառը արտաբերելու համար, ինչպես Սարյանն ու «Ես իմ անուշ Հայաստանի…»-ի հեղինակը: Դժբախտաբար, հայության երևելիները կորած են բաժակաճառերի, գերադրական աստիճանի ածականների, ոչինչ չորոշող որոշիչների կույտի մեջ:
Խոսե Օրտեգա Ի Գասետը գերմանացի բարեկամին ուղղած նամակի մեջ մեղադրում էր գրականագետներին, որոնք Գյոթեի գործը վերլուծելու փոխարեն չարաշահում էին « հանճար», «տիտան» բառերը, ստեղծում գրողի անհասկանալի մոնումենտը:
Պրոֆեսիոնալ ու տաղանդավոր տեսաբանը Շեքսպիրի մասին անգամ խոսելիս զգուշությամբ է գործածում ածականները: Մերոնք երկու հոգով երկու էջ սովորական մի առաջաբան են գրել ճանաչված նկարչի ու քանդակագործի մասին, յոթ անգամ օգնության են կանչել «հանճարեղ» ածականին, «հանճար» գոյականին: Սարյանը նույնպես ծածկված է ոչինչ չասող բառակույտերով, հողի, արևի, հայրենասիրության մասին սովորական դատողություններով:
Հուշեր Սարյանի մասի՞ն… Զգուշությամբ ու կասկածանքով եմ վերաբերվում բոլոր գրածներին: Անդրեյ Բիտովի գրածը, (որը հատված է գրքից), իհարկե, տաղանդավոր է : Բայց դա նրա բազմակողմանի հայացքն է: Նա այդպես հետաքրքիր կարող էր գրել նաև անտառապահի կամ այգեպանի մասին:
Դժբախտաբար, Սարյանի մասին չունենք հուշագրություն, որը ճշմարտացի լինի կամ այնքան վստահություն ներշնչի, որքան Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ»-ը կամ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքերը:
Ռուզան Սարյանի հրատարակած «Նամակները» ընթերցելուց հետո մտածում ես, որ Սարյան Մարտիրոսը բոլորովին ուրիշ մի մարդ է`շատ տարբեր Մաթևոսյանի զրուցակցից և Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ տարբեր տեղեր գնացած ալեզարդ ծերունուց: Մաթևոսյանն ու Խաչատրյանը իսկապես եղել են Սարյանի մտերիմները, բայց նրանց խոսքը` իրարից խիստ տարբեր, կրում է կանխամտածված կերպարի ազդեցությունը: Առաջինի դեպքում կարծես խոսում է Օքսֆորդի համալսարանի մի հայ պրոֆեսոր, երկրորդի դեպքում Սարյանը կարծես պերեդվիժնիկ է կամ մի Գևորգ Բաշինջաղյան: Անկասկած, և՛ պերեդվիժնիկ ռուս նկարիչը, և Գևորգ Բաշինջաղյանը և՛ այս երկու հայ արվեստաբանները հարգանքի են արժանի: Բայց Սարյանը բոլորովին ուրիշ մեկն է, եղբա՛յր: Կարդացեք Նինա Թազեխուլախովային ուղղված նամակները, մի անգամ ևս ուշադիր նայեք «Փողոց. Կոստանդնուպոլսի» վերատպությունները, հետո անմիջապես ընթերցեք վերոհիշյալ հեղինակներին, տեսեք, մտածեք՝ արդյո՞ք խոսքը ձեր զգացած Սարյանի մասին է:
Ինչու չեմ սիրում Սարյանի մասին հուշերը, որովհետև ինձ հետաքրքրում է մերկ ճշմարտությունը կամ Բիտովի նման տաղանդավոր մարդու «հնարածը»: Որքան էլ Վիլհելմ Մաթևոսյանը և Շահեն Խաչատրյանը «Սարյանին խոսեցրել են», գրել են սիրով, մոռացել են, որ ընթերցողը շատ ավելի առաջադեմ է, ապա այդ խոսքը պիտի ասեր «Գիշեր. Եգիպտոս», «Փյունիկյան արմավենի» նկարների հեղինակը և ոչ թե Հայկ. ՍՍՀ Գերագույն Սովետի նստաշրջանը բացող, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՍՍՀՄ ժող. նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը:
Ինձ համար Սարյանը ամենամեծ հայ գեղանկարիչն է: Սակայն ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ է ասում ստալինյան մղձավանջի միջով անցած երբեմնի մեծաքանքար նկարիչը, որը 1940-50 -ական, նույնիսկ 60-ական թվականներին ստիպված էր նկարելու «Չարենցի կամարի» նման պատկերներ: Իսկ մենք, սիրելիներս, որքան էլ երևակայենք Անդրեյ Բելիի նման, շփվել ենք ոչ թե 1909-ին վրձնած «Տապ. Վազող շունը» հոյակապ նկարի, այլ «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» պետական մրցանակակիր կտավի հեղինակի հետ: Այնպես որ այն հռչակավոր մարդը, որի հետ 1967-1970 ական թվականներին ճակատագրի բերումով շփվեցի նաև ես, իմ իմացած, «ճանաչած» մեծատաղանդ նկարչից շատ էր տարբերվում:
Անկասկած, 1920-1970 ական թվականների նրա գեղանկարը և այդ տարիների իր ապրած կյանքը մեզ համար անկրկնելի արժեք է ներկայացնում: Սակայն իմ համեստ կարծիքով, վերջին պատկերը, որով Սարյանը հարստացրեց 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստը, դա Տրետյակովյան պատկերասրահում գտնվող «Լեռներ: Հայաստան» պատկերն է, վերջին տաղանդավոր գեղանկարը` Ջոն Ստեյնբեկի դիմանկարը (1963թ.): Այնպես որ, բոլորովին անհարմար չէ գիտակցել, թե մեծ Սարյան ասելով մենք հատկապես նկատի ունենք նկարչի վաղ շրջանը: Ի դեպ , ասեմ, որ Սարյանի սերնդակիցներից շատերի վաղ շրջանը նույնպես շատ ավելի հետաքրքիր է ուշ շրջանի ստեղծագործությունների համեմատությամբ: Եթե Սարյանի ու Նիկոլայ Ռերիխի դեպքերում այդ իրողությունը բացատրել կարելի է (Սարյանը ստեղծագործում էր հակաժողովրդական ռեժիմի պայմաններում, Ռերիխը ռուսական–հյուսիսային իր արմատներից հեռանալով դարձել էր գուրու), ապա հեշտ չէ բացատրել Ռուսաստանից Փարիզ փախած (ինքն է խոստովանել «Իմ կյանքը» գրքում), Մարկ Շագալի ֆրանսիական շրջանի պատկերների քաղցր, գեղանկարչության տեսանկյունից թույլ վիճակը կամ Վասիլի Կանդինսկու վերջին շրջանի պատկերների ազատ աբստրակցիայից հեռանալու, «մաթեմատիկական ճշգրտության վերածվելու» իրողությունը:
Կարծեմ , թե անարդար է ազատության մեջ ստեղծագործած այս մարդկանց ժառանգությունը համեմատել երկաթե վարագույրով ծածկված թեկուզ լայնարձակ տարածքում ապրած Սարյանի պատկերների հետ: Սարյանը, Պյոտր Կոնչալովսկին, Վերա Մուխինան ունենային վերոհիշյալների ազատությունը, խորհրդային արվեստը բոլորովին ուրիշ ընթացք կունենար: Բայց 1968-ին Սարյանին այցելած Ալեքսեյ Կոսիգինն ու նրան ուղեկցող պաշտոնական անձինք այս ամենին անտեղյակ, ակնածանքով դիտում էին ՍՍՀՄ ժողովրդական նկարչի նվերը`«Արարատը ամպերի մեջ» կտավը, որովհետև, լավ չեմ հիշում աջ, թե ձախ անկյունում ստորագրված էր`Մարտիրոս Սարյան:
Սարյանը գեղեցիկ ծերունի էր` նկարելու պահին առյուծի նման, մենակության մեջ` մի խաղաղ այգեպան: Ձեռքերն ասես տաշել, քանդակել էին քամիներն ու հողմերը, իննսունամյա մարդու մատների մեջ ուժ, գեղեցկություն և կամք կար: Երևի Միքելանջելոյի ձեռքերն այդպիսին էին:
Սակայն երբեմնի վիթխարի Սարյանը, Գոգենի, Վան-Գոգի, Սեզանի թեև կրտսեր, բայց հարազատ եղբայրը 1930-ից հետո հատկապես ստիպված ապրել էր իր արվեստին անհարիր մի կյանք: Համենայն դեպս, 1967-1970-ական թվերի նրա ապրած օրերը նման էին միմյանց: Ստիպված էր օտար երկրներից, Մոսկվայից եկած հյուրերի հետ շփվելու: Սրանք հիմնականում արվեստից հեռու մարդիկ էին: Սարյանն իր ուսուցիչ Կորովինի նման նուրբ էր ու քաղաքավարի, զուրկ էր Գոգենի և Պիկասոյի «անհրաժեշտ վայրենությունից» և քաղաքավարության զոհ էր դառնում: Կատակում էր բոլորի հետ:
Այդպիսի ձանձրալի ընդունելություններից հոգնել էր և հաճախ կրկնում էր ինքն իրեն. «Գագարինը թռավ տիեզերք,- ասում էր նա հյուրերին և ձեռքը բարձրացնում վերև,- բայց երկրագունդը, հո՛ղն է մեր մայրը»,- այս անգամ ձեռքն ուղղում էր ներքև: Հյուրերը լսում, գնում, գրում էին իրենց լրագրերի մեջ, պատմում հարազատներին:
Մի օր ես նրան ուղեկցեցի Նկարիչների միության ցուցահանդես: Բոլորն անմիջապես շրջապատեցին նրան: Մոտեցավ Գաբրիել Գյուրջյանի մեծ չափերի մի կտավին, ուր պատկերված էր կալսիչը և սրան աշխատեցնող տրակտորի կեսը.
— Բա տրակտորի մյուս մասն ու՞ր է,- հարցրեց խորամանկ ժպիտով:
Այսպիսի շատ կատակներ եմ հիշում: Բայց կարծում եմ, դրանք երբեք էլ չեն հանձնվի թղթին: Որովհետև առանց այն էլ ոչինչ չասող այպիսի մանրուքները մեծ տեղ են զբաղեցնում զանազան հուշագիրների հուշերում: Իսկ հուշ գրելը ամեն մեկի բանը չէ: Օ՜, իսկ հուշ գրելու համար երևի հարկ կլինի վերստին ծնվել, բայց այս անգամ իբրև տաղանդավոր մեկը: Անդրեյ Բիտովի նման:

ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Արվեստաբան, նկարիչ

%d bloggers like this: