Tag Archives: ՄԱՐԿ ՏՎԵՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ

10 Դկտ

1868 թ հունիսի 23-ին ամերիկացի գյուտարար Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզը ստացավ արտոնագիր իր նոր սարքի համար, որը առաջին գրամեքենայի նախահայրն էր: Արտադրությունը սկսվեց մի քանի տարի անց և 1874 թվականին դուրս եկավ շուկա: Մարկ Տվենը ձեռք բերեց դրա փորձնական օրինակը մինչև մասսայական ատադրությունը: Նրա գրամեքենան կրում էր Remington №1 անվանումը: Հենց դրանով էլ գրողը լույս աշխարհ բերեց «Թոմ Սոյերի արկածները» վեպը: Ավելի ուշ հրատարակիչները վերհիշեցին, որ Տվենից մեքենագիր վիճակում ստացված առաջին գործը եղել է 1875 թվականին «Ատլանտիկ մանթլի» հանդեսում տպագրված «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը: Ամեն դեպքում, հեղինակն իր ինքնակենսագրականում հպարտությամբ գրել է. «Ես առաջին մարդն եմ, ով գրամեքենան օգտագործել է գրականության մեջ»:

aY6yJeivDm3nT39ICmb2FA-article

ՄԱՐԿ ՏՎԵՆ

8 Դկտ

Պարիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի նայում:
Երգիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի լսում:
Սիրիր այնպես, ասես քեզ երբեք չեն դավաճանել:
Եվ ապրիր այնպես, ասես այս աշխարհը դրախտ է:

Luck-Mark-Twain

ԳԻՍԱՍՏՂԻ ՀԵՏ

29 Հլս

1835 թվականին մեր մոլորակի կողքով անցավ Հալլեի գիսաստղը: Այդ դեպքից 2 շաբաթ անց ծնվեց Մարկ Տվենը: 1909 թվականին Տվենը գրեց. «Ես աշխարհ եկա գիսաստղի հետ, նրա հետ էլ կհեռանամ, երբ եկող տարի կրկին հայտնվի»: Այդպես էլ եղավ: Գրողը մահացավ 1910 թ. ապրիլի 21-ին, Հալլեի գիսաստղի հայտնվելու հաջորդ օրը:

m-tven-7

 

ՄԱՐԿ ՏՎԵՆ

6 Հնս

Հաշվենկատությունը ընդհանուր ոչինչ չունի խելքի հետ: Խելքն այստեղ նույնիսկ խանգարում է, այստեղ պետք է զգալ, այլ ոչ թե դատել: Որքան մարդ հաշվենկատ է, այնքան քիչ ուղեղ ունի: Այդ որակն ամբողջովին վերաբերում է նաև զգացմունքների ոլորտին:lugjeto-obicno-ja-odbivaat-prvata-ponuda-bez-ogled-na-toa-kakva-e-najdobroto-od-mark-tven-01

ՄԱՐԿ ՏՎԵՆ

11 Փտր

Աշխարհի լավագույն սուսերամարտիկը կարող է չվախենալ աշխարհի երկրորդ սուսերամարտիկից: Նա պետք է վախենա անվարժ մարտիկից, ով երբեք իր ձեռքում սուսեր չի բռնել: Հատկապես անփորձը կանի այն, ինչը պետք չէր անել: Եվ շատ դեպքերում փորձառու սուսերամարտիկը պարտություն կկրի:grafika1

ՄԱՐԿ ՏՎԵՆ

5 Փտր

Գիտե՞ք, ես հասկանում եմ հավատարմությունն իբրև հավատարմություն հայրենիքին, այլ ոչ թե հաստատություններին ու կառավարողներին: Հայրենիքն իրական է, ամուր, մշտական: Հայրենիքը պետք է պահպանել, հոգ տանել նրա համար, լինել նրան հավատարիմ: Իսկ հաստատությունները… մի տեսակ արտաքին բաներ են, հագուստի նման, իսկ հագուստը կարող է մաշվել, պատռվել, դառնալ անհարմար, դադարել մարմինը պաշտպանել ցրտից, հիվանդություններից, մահից: Հավատարիմ լինել փալասին, փառաբանել փալասը, խոնարհվել փալասի առաջ, մեռնել փալասի համար` դա հիմար հավատարմություն է, կենդանական հավատարմություն…cropped-mark-twain-102509

ՄԱՐԿ ՏՎԵՆ

17 Հլս

Սատանան բազում անգամներ է ինձ ասել, որ մարդկային կյանքը մշտական, մշտատև ինքնախաբեություն է: Օրորոցից մինչև գերեզման մարդիկ ներշնչում են իրենց կեղծ պատկերացումներ, դրանք իրականության տեղ են ընդունում և դրանցից կառուցում են երևակայական աշխարհը: Մարդկանց անհնար է հասկանալ: Ստիպված ես ընդունել նրանց այնպես, ինչպես կան: Ճշմարիտ եմ ասում, երբեմն ուզում ես կախել մարդկային ողջ ցեղը, որպեսզի վերջ տաս այս կատակերգությանը: Մարդու արարումը հրաշալի և ինքնատիպ մտահղացում էր: Սակայն դրանից հետո ստեղծել ոչխարին` նշանակում է կրկնվել…

Կան միայն երկու տեսակ իմաստուններ: Առաջինները ինքնասպան են լինում, մյուսները խմում են, որպեսզի լռեցնեն մտքերի ձայնը: Միայն մեռածները ունեն խոսքի ազատություն: Միայն մեռածներին է արտոնված ասել ճշմարտությունը:

mark-twen

ՄԱՐԿ ՏՎԵՆ

28 Փտր

ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի խմբագրություն,
Ես կարդացի իրավահավասարություն պահանջող հանրագիրը ստորագրած կանանց երկար ցուցակը (200 անուն) և, ինչպես ընտանիքի ամուսին ու հայր, պիտի վճռական բողոք արտահայտեմ ընդդեմ այդ գործի: Միանգամայն աննպատակահարմար է կանանց ձայնի իրավունք տալը, և դժվար թե լավ բան ստացվի, եթե նրանց թույլատրվի զբաղեցնել պետական պաշտոններ: Դուք, ինչպես և ես, հասկանում եք, որ եթե նրանց իրավունք տրվի, ապա անդորրի մի սպասեք: Նրանք երկիրը կհասցնեն անկման: Կանայք սիրում են կրքոտությամբ զբաղեցնել ամեն կարգի պաշտոններ: Նրանց դուր է գալիս կոչվել «Միսիս Սմիթ` բարեգործական ընկերության նախագահ», կամ` «Միսիս Ջոունս` սովյալ հնդկացիներին օգնող միջազգային ասոցիացիայի քարտուղար», կամ թե` միսիս այսինչ` այսինչ միության գանձապահ: Նրանց ամենից շատ գայթակղում է մեծարանքը, և այսպես ուղղակի արբենում են մեծաշուք կոչումների դյութիչ հնչյուններով: Նրանք հավերժ ձևավորում են ամեն տեսակի բարեպաշտական ընկերություններ ու միություններ, որպեսզի հետո ծեծկռտուք սարքեն նախագահական տեղի համար: Նրանք այնքան են սիրում զբաղեցնել պատվավոր պաշտոններ, որ պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել: Իսկ տվեք նրանց ձայնի իրավունք և թեկուզ մեկ անգամ բաց թողեք օրենսդիր մարմնում, այնժամ կտեսնեք` ինչ կկատարվի: Նրանք կտարվեն իրենց նոր գործունեությամբ, ձեզ համար կհիմնեն հազարավոր նոր ընկերություններ, և հարկատուներին կներկայացնեն այնպիսի հաշիվ, որ կցնցի ձեր զգացմունքները մինչև ձեր գրպանի խորքը: Պետական բյուջեի առաջին իսկ նախագիծը ձեզ կհասցնի սպիտակ տենդի: Հաստիքների սովորական կարգացուցակի փոխարեն (դատավորներ, պետքարտուղար, նախարարներ, գերագույն դատարանի գրագիր),- դուք կստանաք ահա մոտավորապես այսպիսի տարեկան նախահաշիվ.
Բարեգործական ընկերության նախագահուհի- 4 հազ. դոլար,
Նախագահուհու տեղակալներ (յուրաքանչյուրին)- 2 հազ. դոլար,
Կանանց համատեղ աղոթքների միության նախագահուհի- 3 հազ. դոլար,
Պոունի ցեղի մոտ անգրագիտության վերացման ընկերության նախագահուհի- 4 հազ. դոլար,
Էսկիմոսների շրջանում գեղեցիկ գրականության տարածման կանանց ընկերության նախագահուհի- 5 հազ. դոլար,
Կրինոլինների դեպարտամենտում նորաձևության գլխավոր օրենսդրուհի- 10 հազ. դոլար,
Կեղծամների դեպարտամենտում նորաձևության գլխավոր օրենսդրուհի- 10 հազ. դոլար,
Կանանց սանրվածքի համար երիժնակի յուղի գծով գլխավոր տեսչուհի- 10 հազ. դոլար,
Կապագլխարկների և գլխարկների դեպարտամենտում գլխավոր օրենսդիր- 50 հազ. դոլար:
Անիշխանություն ու քաոս` ահա թե ինչ կբերի այդպիսի նախահաշիվը: Միսսուրի նահանգում չի մնա ոչ մի կին, որ դեն չնետի ամեն ինչ հանուն Կապագլխարկների և գլխարկների դեպարտամենտում օրենսդրուհու պաշտոնի: Եվ, ի տարբերություն տղամարդկանց, որոնք եթե քննադատում են, ապա միայն իրենց նախորդների քաղաքական սխալները, կանայք կնետվեն քրքրելու հակառակորդի ողջ անձնական կյանքի պատմությունը: Ես գոնե գիտեմ նրանց ցեղը: Իմ կինը ճիշտ այդպիսին է:
Երեք օր չի անցնի նախընտրական արշավի սկզբից, և արդեն որոտաձայն կհայտարարեն, որ մեր ողջ նահանգում գոյություն չունի մի կին, որը կարող է «տիպար» հանդիսանալ: Իսկ դուք կարծում եք հաճելի՞ է ինձ համար լսել այդպիսի ակնարկ, եթե դա պիտի վերաբերի նաև իմ կնոջը: Իսկ ընդդիմության թեկնածուհիների՞, դե նաև ուրիշների համա՞ր: Անկեղծ ասած, ես ինքս էլ գիտեմ, որ իմ կյանքի ընկերուհին բոլորովին էլ տիպար չէ, հատկապես կրոնի հարցերում, բայց ես ամենևին չեմ ցանկանում, որ քաղաքական արշավի ժամանակ այդ մասին բոլորն իմանան: Ազնվորեն ասած, ես չգիտեմ, որ այդպիսի կինը, ինչպիսին իմն է, կարող է ապագայում տաղանդներ հանդես բերել, թեև, ով գիտե, եթե նա զբաղվի ինքնակատարելագործմամբ, ապա գուցե նաև ապագայում դառնա այլոց համար կանթեղ, բայց ես միայն վախենում եմ, որ այդ կանթեղը բավականին շատ է ծխահարելու: Ոչ, ես մնում եմ իմ կարծիքին: Կանանց մասնակցությամբ ընտրարշավը մեզ սպառնում է աղետով:
Ահա, պատկերացրեք, պերճաշուք ջահերով երթ` այսպիսի ցուցապաստառներով ու կարգախոսներով.
«Ոչ ոք, ինչպես Ռոբբինսը: Քվեարկեք Սալլի Ռոբբինսի օգտին` միակ բարեգործ թեկնածուն այդ պաշտոնում»:
«Առաքինություն, համեստություն, հայրենասիրություն: Թող մեծ ազգը պաշտպանի Մերի Սենդերսին` բարոյականության և առաջադիմության ջատագովին, անբասիր վարկի տեր միակ թեկնածուին»:
«Քվեարկեք Ջուդի ՄաքԳիննիսի` անկաշառի օգտին: Ինը երեխաների մայր: Իններորդը` կրծքի երեխա»:
Ընտրության օրը ամուսինը կհարցնի դայակին.
— Ի՞նչ է պատահել փոքրիկին:
Իսկ սա կպատասխանի.
— Փոքրիկի՞ն: Դե նա առավոտից այնպես տկար է:
— Իսկ ու՞ր է չքվել մայրը:
— Գնացել է Սալլի Ռոբբինսի համար քարոզչության:
Կամ էլ ահա թե ինչպես կզրուցեն տիկնայք` աղախին վարձելիս.
— Ճաշ եփել կարողանու՞մ ես:
— Կարողանում եմ:
— Իսկ լվացք անե՞լ:
— Կարող եմ:
— Իսկ տուն հավաքե՞լ:
— Դա էլ եմ կարողանում:
— Լավ, իսկ ու՞մ ես ձայնդ տալու գլխարկների գծով ամենագլխավորի ընտրություններին:
— Ջուդի ՄաքԳիննիսին:
— Ի՞նչ: Դուրս իմ տնից…
Կանայք խառնվում են քաղաքական քննարկումներին, փոխանակ քննարկեն տարազները, թողնում են տնային գործերը, որպեսզի գնան ու խմեն թեկնածուների հետ: Ամուսինները ստիպված են դայակություն անել նորածիններին, մինչ իրենց կանայք վազվզում են ընտրական տեղամասերում: Իսկ գլխավորը, նահանգապետի ընտրություններում գեղեցիկ, շքեղ բեղերով թեկնածուն առանց դժվարության կհաղթի անբարետես, թեև ավելի խելացի մրցակցին: Իսկ պատանյակը, որ կարողանում է գեղեցիկ վալս պարել, ավելի շուտ կդառնա ոստիկանապետ, քան խելացի, էներգիայի ու կամքի տեր տղամարդը:
Ըստ երևույթին յուրաքանչյուրը, ով թերթում գրքում է «ժողովրդի բարօրության» մասին, առաջին հերթին նկատի ունի անձնական հետաքրքրությունները, և ես այստեղ բացառություն չեմ: Այո, ես չեմ ցանկանում ընդլայնել կանանց իրավունքները: Իմ կինն առանց այդ էլ զբաղեցնում է 19 պաշտոն բոլոր այդ գրողի տարած կանանց ընկերություններում` ինձ վրա բարդելով իր ողջ գրասենյակային հոգսը: Իսկ եթե մենք դեռ նրա համար քաղաքականություն ներթափանցելու հնարավորություն էլ ստեղծենք, այն ժամանակ կինս այնտեղ էլ անկասկած կցանկանա ինչ-որ պաշտոն ստանալ, թեկուզ և հիմարագույնը: Այն դեպքում ես կորած եմ: Նա ի վերջո գլուխը կկորցնի, և նույնիսկ այն միակ պարտավորությունը, որից ես մինչև այժմ խույս եմ տվել, նույնպես կընկնի ինձ վրա, և դա արդեն իմ ընտանիքի համար կործանում կլինի: Ախր ես որպես կերակրող բոլորովին բանի պետք չեմ:
Անկեղծորեն Ձեր` Մարկ Տվեն:

ՄԱՐԿ ՏՎԵՆ

23 Փտր

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկայում, եթե դուք կրոն եք ընտրում համաձայն ձեր խղճի պահանջի, ապա դուք դյուզն-ինչ պարտավոր չեք հետաքրքրվել` ինչ-որ մեկը ձեր ընտրությանը հավանություն տալի՞ս է, թե ոչ: Ավստրիայում և մի քանի այլ երկրներում այդ բանն այլ կերպ է: Այնտեղ պետությունն է որոշում, թե որ հավատին դավանեք. դուք ինքներդ այնտեղ ձայնի իրավունք չունեք: Հայրենասիրությունը նույն կրոնն է. սեր դեպի հայրենիքը, հավատարմություն նրա դրոշին, զոհաբերվելու պատրաստակամություն հանուն նրա պատվի և բարգավաճման:
Բացարձակ միապետության պայմաններում հայրենասիրությունն արդեն պատրաստի վիճակում մատուցվում է միապետի իշխանության հպատակներին: Անգլիայում և Ամերիկայում հայրենասիրությունը պատրաստի վիճակում քաղաքացիներին է մատուցվում թերթերով ու քաղաքականությամբ:
Նման թերթերով ու քաղաքականությամբ սարքված հայրենասերը լռելյայան ործկում է այն բանից, ինչը ներս են խծկել` այնուհանդերձ կուլ տալով դա և ուժերի ներածին չափով ճիգ գործադրելով պահել այն ստամոքսում: Ցնորամիտ մեղմաբարոներ:
Երբեմն ինչ- որ մի խեղճ, անիմաստ քաղաքական վայրիվերո փոփոխությունների սկզբում նա սաստիկ ցանկանում է վրդովվել, սակայն այդ բանը չի անում. նա այդքան հիմար չէ: Նա գիտի, որ դրա համար իրեն կմերկացնի նա, ով իրեն սարքել է. նա, ով սարքել է իր հայրենասիրությունը` անհետևողական, սանձարձակ կրտսեր խմբագիրը այն գավառական թերթոնի, որը նա կարդում է: Ու այդ վեցդոլարանոց կրտսեր խմբագիրը մամուլի կեղտով կզրպարտի իրեն և դավաճան կանվանի: Իսկ դա ախր ահավոր է: Եվ հայրենասերը դողալով, վախով պոչն իրեն է քաշում: Մենք գիտենք (դա քաջ հայտնի է), թե ինչպես երկու-երեք տարի առաջ ինը տասնյակ մարդկային պոչեր Անգլիայում և Ամերիկայում հենց այդպիսի ժեստ արեցին: Այլ կերպ ասած`ինը տասնյակ հայրենասերներ Անգլիայում և Ամերիկայում դավաճաններ դարձան այն վախից, թե իրենց դավաճան կկոչեն: Մի՞թե ճիշտ չէ: Զվարչալի է, չէ՞:
Թեև ասեն, ոչ ոք դրա մեջ ամոթալի ոչինչ չի տեսել: Մարդը միայն հազվադեպ, միայն չափազանց հազվադեպ է հաջողությամբ պայքարում այն բանի դեմ, ինչը իրեն թելադրվել է քարոզչության կողմից. չափից ավելի անհավասար են ուժերը: Երկար տարիներ շարունակ, եթե ոչ միշտ, Անգլիայում և Ամերիկայում քարոզչությունը անընդհատ զրկել է մարդուն անկախ քաղաքական մտքի իրավունքից և սվիններով է դիմավորել այնպիսի հայրենասիրությունը, որ հիմնված է իր սեփական դրույթների, դատողությունների, փաստարկների վրա, հայրենասիրություն, որը պատվով է անցել նրա խղճի հնոցով: Եվ ի՞նչ: Արդյունքում հայրենասիրությունը դարձել է ոչ ավել, քան չգործածված ապրանքը` երկրորդ ձեռքից ստացված: Հայրենասերը չգիտեր` երբ և որտեղից է վերցրել իր հայացքները, ասենք դա նրան չէր էլ դիպչում, քանզի շուտով նա նրանց հետ էր, ովքեր, իր կարծիքով, մեծամասնություն էին կազմում, զի միայն դա է կարևորը, հուսալին, հարմարը: Եթե դուք, ընթերցող, ենթադրում եք, որ ձեր ծանոթների շրջանում կգտնվեն գոնե երեքը, որոնք իսկապես ունեն որոշակի փաստարկներ դավանելու հայրենասիրությանը հատկապես իրենց օգտին, և նրանք կարող են դրանք ձեզ ասել, ապա դուք մոլորված եք: Ավելի շուտ, դուք կհայտնաբերեք, որ ձեր ծանոթները ստացել են հայրենասիրության իրենց օրապահիկը ընդհանուր կերակրամանից և այդ «կերի» պատրաստմանը մասնակցություն չեն ունեցել:
Քարոզչությունը ընդունակ է հրաշքներ գործել: Նա դրդեց ամերիկացիներին հակադրվել Մեքսիկական պատերազմին, հետո դրդեց նրանց` համաձայնել այն բանի հետ, ինչը եղել է իրենց կարծիքով, մեծամասնության կարծիքը (մեծամասնության հայրենասիրությունը սովորական հայրենասիրություն է), և մեկնել կռվելու այնպես, ասես ոչինչ չի եղել: Մինչև Քաղաքացիական պատերազմը դա ստիպեց Հյուսիսին հաշտվել ստրկատիրության հետ և կարեկցանքով վերաբերվել ստրկատերեի շահերին: Նրանց շահերից ելնելով` դա ստիպեց Մասսաչուսեթսին ֆեդերալ դրոշի ներքո օպոզիցիոն դիրք բռնել: Ու տեսնելով նրանց վրա պառակտիչների դրոշը` Մասսաչուսեթսը հրաժարվեց այն ամրացնել իր կապիտոլիայի շենքին: Իսկ հետո հետզհետե քարոզչությունն այս նահանգում այլ կողմի վրա թեքվածք տվեց, և մասսաչուսեթցիները ատելությամբ սլացան դեպի Հարավ, որպեսզի կռվեն այն նույն դրոշի ներքո, որը նախկինում դեմ էր իրենց իսկ շահերին:
Քարոզչությունը կարող է ամեն ինչ: Նրա իշխանության ներքո է յուրաքանչյուր թռիչք և յուրաքանչյուր անկում: Անբարոյականը նա վերածում է բարոյականի, իսկ բարոյականը կարող է հայտարարել անբարոյական: Նա կարող է ավերել սկզբունքները և վերաստեղծել դրանք, կարող է հրեշտակներին ցածրացնելով հասցնել հասարակ մահկանացուներին ու մահկանացուներից հրեշտակներ ստեղծել: Եվ այդ հրաշքներից յուրաքանչյուրը նա ձեզ համար կարող է արարել եղած-չեղածը մի տարում, նույնիսկ կես տարում:
Բայց եթե այդպես է, ապա նա նաև կարող է մարդկանց մեջ ստեղծել ինքնուրույն հայրենասիրություն ձևավորելու կարողություն, հասունացնել դա գլխում և սրտում, հիմնել սեփական, այլ ոչ թելադրված սկզբունքների վրա: Կարող է դաստիարակել մարդկանց այնպես, որ նրանք հայրենասեր չդառնան հրամանով, նման այն բանին, ինչպես ավստրիացիներն են դավանում իրենց կրոնին:

Թարգմ. Հ. Չարխչյան

%d bloggers like this: