Tag Archives: ՄԱՐԿԵՍ

ՄԱՐԿԵՍԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

12 Մրտ

(հատված հարցազրույցից)

— Ի դեպ, դուք վախենու՞մ եք ծերությունից:
— Ծերությունից ես չեմ սարսափում: Իմ ընտանիքում բոլորը երկարակյացներ են, հայրս մեռավ 84 տարեկանում և միանգամայն սթափ գիտակցությամբ, մայրս 82 տարեկան է, բայց պայծառ գլուխ ունի: Ընդհանուր առմամբ ես հուսով եմ, որ եթե ապրեմ մինչև այդպիսի տարիք, գեներն ինձ կապահովեն հստակ մտածողությամբ: Մնացածն ինձ չի հուզում: Գլխավորն այն է, որ գլուխն աշխատի:
— Իսկ դուք մահից վախենու՞մ եք:
— Մահից՝ ոչ, չեմ վախենում: Մեռնելուց՝ այո: Որպես գրող ես սարսափում եմ, որ իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը,- իսկ դա մահն է լինելու,-ես չեմ կարողանա նկարագրել:
— Ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում կրոնն ու աստված:
— Ավաղ, աստված իմ կյանքում ոչ մի տեղ չի գրավում: Ցանկանում եմ հուսալ, որ եթե աստված գոյություն ունի, ապա գուցե ես նրա կյանքում ինչ-որ տեղ զբաղեցնեմ…

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

10 Դկտ

Ես մանրբուրժուական գրող եմ, և իմ տեսակետը միշտ եղել է մանրբուրժուական: Դա իմ մակարդակն է: Իմ ռակուրսը: Եթե ես չդառնայի գրող, ապա կցանկանայի դաշնակահար լինել որևէ գիշերային ակումբում: Այնտեղ ես կօգնեի սիրահարներին, որ նրանք էլ ավելի ամուր սիրեին միմյանց:
Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ գոյություն ունի ինչ-որ մեկը, ով ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ նա սկսի սիրել ինձ այս խոսքերի համար: Ես միշտ երազել եմ հորինել «օճառային» օպերաներ: Ինձ նման մարդկանց համար, ովքեր մի բան են ցանկանում՝ որ իրենց սիրեն կատարած գործի համար, «օճառային» օպերան վեպից ավելի արդյունավետ է: Ես փորձել եմ հեքիաթներ գրել, բայց բան դուրս չեկավ: Դրանցից մեկը ես տվեցի իմ որդուն, երբ դեռ փոքր էր: Նա հեքիաթն ինձ վերադարձրեց այս խոսքերով. «Հայրիկ, դու մտածում ես, որ երեխաները լրի՞վ բութ են»: Պետք է ականջալուր լինել երեխայի ձայնին, որը դու էլ եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռ գոյություն ունի քո ներսում ինչ-որ տեղ: Եթե մենք ականջ դնենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կվերագտնեն իրենց փայլը: Եթե մենք կորստյան չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի խաթարվի նաև մեր կապը կյանքի հետ…

ԱՅՍՊԵՍ ԳՐՎԵՑ «ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ»

24 Հկտ

«… Ես ունեի կին և երկու փոքր տղա: Ես աշխատում էի գովազդող մենեջեր և խմբագրում էի կինոբեմագրեր: Բայց գիրք գրելու համար անհրաժեշտ էր հրաժարվել աշխատանքից: «Հարյուր տարվա մենություն» վեպն սկսելուց մի քանի ամիս առաջ մեքենա էի գնել: Ես գրավ դրեցի մեքենան և գումարը տվեցի կնոջս` Մերսեդեսին՝ ենթադրելով, թե դա կբավականացնի գիրքը գրելու մոտավորապես վեց ամսվա ընթացքում: Բայց «Հարյուր տարվա մենություն»-ը գրելու համար ինձ պետք եղավ մեկուկես տարի: Ամեն օր այսպես թե այնպես նա ինձ համար հայթայթում էր թուղթ, սիգարետ, ամեն բան, ինչ անհրաժեշտ էր աշխատանքի համար: Երբ դրամը վերջացավ, նա ինձ ոչինչ չասաց: Ավելին` ինձ համար մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս է նա կարողացել համոզել մսագործին, որ պարտքով միս տա, հացավաճառին, որ հաց տա և ինչպե՞ս է համոզել տանտիրոջը, որ նա ինը ամիս չվերցնի բնակվարձը: Այդ ամենը նա է հոգացել, և ես ոչմի հոգս չեմ ունեցել: Երբ գիրքն ավարտված էր, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո հսկայական գումար: Շրջապատում խոսում էին, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկացան մասնակցության իրենց բաժինն ունենալ: Բնագիրը հրատարակիչին ուղարկելու համար անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ մնացել էր ընդամենը 80-ը: Այդ ժամանակ ես գրավ դրեցի հարիչը և Մերսեդեսի ծամհարդարիչը: Իմանալով այդ մասին` նա ասաց. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:
Վեպի տպագրությունից հետո ամեն ինչ ինձ համար միանգամայն այլ տեսք ստացավ: Որովհետև փառքը միշտ աղավաղում է իրականության զգացողությունը»:

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

22 Հկտ

ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ

Եթե Տեր Աստված մի պահ մոռանար, որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին, թե ինչ եմ ասում:
Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ:
Ես քիչ կքնեի, երկար կերազեի՝ գիտակցելով, որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կքայլեի, երբ ուրիշները հրաժարվում են քայլել, ես կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են: Եվ ի՜նչ հաճույք կստանայի շոկոլադով պաղպաղակից:
Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, վեր կկենայի արևի առաջին իսկ շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:
Աստվա՛ծ իմ, եթե գոնե մի քիչ ժամանակ ունենայի, ես իմ ատելությունը կսառցապատեի և կսպասեի, թե երբ արևը կծագի:
Ես կնկարեի աստղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի` կարդալով Բենեդետիի բանաստեղծությունները, և Սեյրայի երգը կդառնար իմ լուսնային սերենադը: Վարդերը ես կցողեի իմ արցունքներով, որպեսզի զգայի նրանց փշերի ցավը և նրանց թերթիկների կարմիր համբույրը:
Աստվա՛ծ իմ, եթե միայն ես մի քիչ կյանք ունենայի… Մեկ օր անգամ բաց չէի թողնի, որպեսզի սիրեի մարդկանց, որպեսզի նրանց հայտնեի իմ սիրո մասին, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ կհամոզեի, որ սիրում եմ իրեն, սիրով կապրեի սիրո մեջ:
Մարդկանց ես կապացուցեի` որքան սխալ են, երբ մտածում են, թե ծերության հետ մեկտեղ իրենք դադարում են սիրել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
Երեխային ես թևեր կտայի, և ինքս էլ նրանց կսովորեցնեի թռչել:
Ծերունիներին կսովորեցնեի, որ մահը վրա է հասնում ոչ թե ծերությունից, այլ մոռացումից:
Մարդիկ, չէ՞ որ ես ևս ձեզանից շատ բան եմ սովորել:
Ես իմացա, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է ապրել լեռան կատարին՝ գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան սպասում է վայրէջքի ժամանակ:
Ես հասկացա, որ երբ նորածինն առաջին անգամ իր փոքրիկ թաթիկով բռնում է հոր մատը, նա այն բռնում է մեկընդմիշտ:
Ես հասկացա, որ մարդը մարդուն վերից վար նայելու իրավունք ունի սոսկ այն նպատակով, որպեսզի օգնի նրան ոտքի կանգնելու:
Այնքա՜ն բան եմ ես ձեզանից սովորել, բայց, ճիշտն ասած, այդ ամենի օգուտը քիչ է, որովհետև, դրանցով լիքը լցնելով սնդուկը, ես մեռնում եմ…

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

28 Մրտ

… Հիշողությունները: Իմ գրքերը միշտ իմ էության մասնիկներն են, ամեն նախադասություն, ամեն մանրամասնություն ծնունդ է առնում մի իրական եղելությունից: Անշուշտ, իմ հիշողությունը թեմատիկ է: Այսքանով հանդերձ ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ Գարսիա Մարկեսը ռեալիստ գրող է և զուրկ է երևակայությունից: Հետո երբեմն պատահում է, որ նա հասնում է ռեալիզմի սահմանից մեկ միլիմետր այն կողմ… Ի վերջո, իմ գրելու տեխնիկան միշտ գալիս է արհեստից` լրագրությունից: Իրական դեպքերը որսալու և լուսանկարելու նույն եղանակն է: Հետո վրա է հասնում բանաստեղծությունը և փրկում է կրոնը: Լրագրությունը ընթանում է դեպի գրականություն և հակառակը: Ես եղել եմ լրագրող, հրատարակիչ, երգիչ, կինոռեժիսոր, ու միշտ ասում էին. «Զգուշացիր, այդ բոլորը սպանելու են գրականությունդ»: Ոչ: Գրողին, ով կարողանում է պատմել, ոչ ոք չի կարող սպանել: Նույնիսկ մահը:
Հիշողությունը պահպանում է իսկական հիշատակներ, կարևորները: Սարսափելին եղելությունը արձանագրելն է: Երբեմն երևում է, երբեմն թաքնվում: Մի օր փողոցում տաքսի եմ տեսնում, չեմ կանչում, քանի որ լիքն է: Հետո մոտենում եմ ու տեսնում, որ դատարկ է: Վարորդին ասում եմ. «Մի մտահոգվեք, կախարդանք է, որ հաճախ է պատահում»: Դեպքը պատմում եմ Լուիս Բունյուելին: Ասում է. «Գեղեցիկ է, բայց պատմություն չէ»: Իսկ հետո գալիս է գրելու մղձավանջը: Ամեն առավոտ երկու ժամ ստամոքսի ցավեր, վերջապես հանկարծակի ինչ-որ բան է սկսում հայտնվել: Գիրը հորդում-ցայտում է ջրի պես: Գիրը սաղմնավորվում է, բայց երբեմն գրիչը քեզ տանում է, սավառնում:
… Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

28 Փտր

ՄԵՐ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում արվեստագետներին գրեթե ոչինչ հարկ չի լինում հորինելու: Նրանց կացության դժվարությունը կայանում է հակառակ պարագայում. ինչպե՞ս անել, որ իրենց պատկերած իրականությանը հավատան: Եվ այսպես եղել է միշտ: Մեր պատմության ամենասկզբից մեր գրականության մեջ չկան գրողներ, որոնց ավելի քիչ են հավատացել, բայց որոնք այնպես ձգտել են լինել ճշմարտացի, որքան Վեստ Ինդիայի նվաճման ժամանակագրության հեղինակները: Քրիստափոր Կոլումբոսի օրագիրը գրական այդ ժանրի հնագույն ներկայացուցիչն է: Սկսենք նրանից, որ մենք բացարձակապես համոզված չենք, թե իսկապես նրանք գոյություն ունեցել են, որքանով որ մեզ է հասել պադրե Լաս Կասասի գրչին պատկանող նրանց մեկնակերպը, որը հաստատել է, թե դրանք ընդօրինակներ են իրեն հայտնի բնօրինակից: Համենայն դեպս, ըստ այս վարկածի, նվազ համոզիչ են մատուցվում շշմեցուցիչ հրաշքները, որոնք Կոլուբոսը ստիպված էր գրանցել, որպեսզի համոզի կաթոլիկ պետերին իր հայտնագործության նշանակության հարցում: Կոլուբոսն ասում է, որ մարդիկ, որոնք դուրս են եկել դիմավորելու իրեն 1492 թվի հոկտեմբերի 12-ին, «մորեմերկ» էին:
Մյուս ժամանակագիրները նույնպես հաստատում են, որ Կարիբյան ավազանի բնիկները, որոնք դեռ իրենց անվտանգ էին զգում քրիստոնեական բարոյականությունից, զբոսնում էին մերկանդամ, ինչը բոլորովին բնական բան էր արևադարձայինների համար: Չնայած դրան, Կոլումբոսի կողմից Բարսելոնի արքայական պալատ բերված «նմուշները» հագել էին նկարազարդված արմավենու տերևներ և փետուրներ, մանյակներ` շինված արտասովոր կենդանիների ատամներից ու մագիլներից: Սա, թվում է, շատ պարզ բացատրություն ունի: Կոլուբոսի առաջին ճանապարհորդությունը, նրա հույսերին հակառակ, ավարտվեց տնտեսական կրախով: Նա ոչ միայն չգտավ թագուհուն խոստացած ոսկին, այլ նաև կորցրեց իր նավերի մեծ մասը, նա չկարողացավ բերել հսկայական արժեք ունեցող իր հայտնագործության ոչ մի ապացույց, և ընդհանրապես` ոչինչ, որ կարողանար արդարացնել այդքան երկար ու թանկ ճամփորդությունը:
Էլդորադոյի մասին լեգենդը ամենագեղեցիկը, զարմանալին ու վճռականն էր մեր պատմության համար: Այդ երևակայական երկրի որոնումների ժամանակ կոնկիսադոր Գոնգալու Խիմենես դե Կեսադան նվաճեց համարյա կեսը նրա, ինչն այսօր հանդիսանում է Կոլուբիան, իսկ Ֆրանսիսկո դե Օրելյանան հայտնագործեց Ամազոնը: Ինչն առավել ֆանտաստիկ է, նա հայտնագործեց գետը` նավարկելով վերին հոսանքից դեպի գետաբերանը, մի ուղղությամբ, որը հակառակ է այն ձևին, որով սովորաբար հայտնագործվել են բոլոր գետերը: Սակայն Էլդորադոն հանելուկ կմնա բոլոր ժամանակների համար: Ճիշտ այդպես էլ ոչ ոք կարծես թե ոչինչ և երբեք չի իմանա այն տասնմեկ հազար գուանակոների մասին, որոնք` յուրաքանչյուրը 100 ֆունտ ոսկու բեռով, մի անգամ ուղարկվել էին Կուսկոյից, որպեսզի վճարեն ոմն Ատուալպե կառավարչի տուրքը, բայց այդպես էլ չժամանանեցին նշանակված կայանը: Կոնկիսադորների նմանատիպ դյուահավատությունը ամբողջովին բացատրելի է, եթե հիշենք այդ դարում թագավորող մետաֆիզիկական տենդը և գրական ջերմախտը, որոնցով համակված էին ասպետական վեպերը: Գուցե միայն դրանով են բացատրելի Ալվարո Նունեսա Կաբես դը Վակի արտասովոր արկածները, որոնց նապատակը ավելի ազնիվ ու պոետական էր, քան Էլդորադոյի ոսկին: Նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության աղբյուրը:
… Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը գրականության առաջ դնում է մեր անսահման իրականությունը, բառերի անհամապատասխանությունն է: Երբ մենք խոսում ենք գետի մասին, եվրոպացի ընթերցողը ունակ չէ պատկերացնել ավելի ահռելի գետ Դանուբից բացի, որի երկարությունը 2850 կմ է: Նրա համար դժվար է պատկերացնել Ամազոնի ռեալությունը (որի երկարությունը ավելի քան 7000 կմ է), մինչև այն չնկարագրվի: Երբ մենք գրում ենք «ամպրոպ» բառը, եվրոպացիները պատկերացնում են ամպրոպն ու կայծակը, բայց նրանց համար դժվար է երևակայել, թե ինչ երևույթ մենք նկատի ունենք: Նույնը կատարվում է «անձրև» բառի հետ: Անդերում, ֆրանսիացի Ժավյե Մարիմիրի վկայությամբ, հորդառատ անձրևները անդադար թափվում են 5 ամիս: «Նրանք, ովքեր չեն տեսել այդպիսի ամպրոպներ,- գրում է նա,- չեն կարող պատկերացնել դրանց կատաղիությունը: Անթիվ ժամեր դրանց հաջորդում են կայծակները, և մթնոլորտը դողում է անվերջ որոտներից, որոնց արձագանքում են անհամար լեռները»: Դժվար է սա համարել վարպետորեն արված նկարագրություն, բայց բավարար է, որ ամենաթերահավատ եվրոպացին ցնցվի ահից:
Որպեսզի լիովին պատկերացվի մեր իրականության ողջ անսահմանությունը, մենք ստիպված պետք է ստեղծենք նոր բառեր: Դրա անհրաժեշտությունը հավաստում են անթիվ օրինակներ: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ.-Վ. Ապ դե Գրաֆֆը, ով այս հարյուրամյակի սկզբին հետազոտել է Ամազոնի գետաբերանը, գրել է, որ նա գտել է այնպիսի տաք աղբյուրներ, որոնց մեջ իջեցված ձուն եփվում էր ընդամենը 5 րոպեում և, որ որոշ տեղերում բավական է ամբողջ ձայնով ասել ինչ-որ բան, որ հեղեղ սկսվի: Ինչ-որ տեղ Կարիբյան ավազանի կոլումբիական ծովափին ես հանդիպեցի մի մարդու, ով անձայն աղոթում էր կովի առաջ: Կենդանու ականջներում որդեր կային: Երբ նա ավարտեց աղոթքը, ես տեսա, թե ինչպես կովի ականջներից թափվեցին սատկած որդերը: Այդ մարդը հավաստիացնում էր, որ ինքը կարող է նմանատիպ կուրսեր անցկացնել տարածության վրա ևս, դրա համար բավական է նկարագրել կենդանուն և տեղը, որտեղ գտնվում է այն: 1902 թվականի մայիսի 8-ին արթնացավ Մարտինիկեի Պելե հրաբուխը: Այն մի քանի րոպեում ավերեց Սենտ Պիեռ նավահանգիստը` լավայի տակ թաղելով քաղաքի 30 հազար բնակիչների, բացառությամբ մեկի` Լյուդգար Սիլվարիսի, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին բանտախցի ամուր պատերը, որոնք կառուցվել էին այնպես, որ նա չկարողանա փախչել:
Ինձ անհրաժեշտ կլինեն բազմաթիվ հատորներ Մեքսիկայի անհավանական իրականությունը նկարագրելու համար: Ես արդեն 20 տարի է` ապրում եմ այստեղ, և մինչև այժմ բազմաթիվ ժամեր եմ անցկացնում` դիտելով սափորում թռչկոտող ունդերին: Դրական ռացիոնալիստներն ինձ ասացին, որ ունդերի այսպիսի մոբիլությունը բացատրվում է նրանով, որ դրանց մեջ բնակություն են հաստատել կենդանի թրթուրները: Հրաշքն այն չէ, որ ունդերը շարժվում են և ոչ էլ այն, որ նրանց մեջ թրթուրներ կան, այլ այն, որ թրթուրները հատկապես տեղավորվել են ունդերի մեջ, որպեսզի կարողանան թռչկոտել:
Աներևակայելի իրականությունը իր առավելագույն հզորությանն է հասնում Կարիբյան կղզիների վրա: Այստեղ նախնական տարրերին` պարզունակ միֆերին և մոգերի հավատալիքներին միահյուսվել են մշակույթների այնքան առատ շերտեր: Այս ամենը միաձուլվել է մոգական միասնության մեջ, որի գեղարվեստական առատությունը պարզապես անսպառ է: Միաժամանակ խառնուրդը հաջող կերպով համեմված է աֆրիկյան հզորությամբ և զայրույթով: Աշխարհների այս խաչմերուկում կոփվել է անսահման ազատության զգացումը, առանց աստծո և օրենքի ռեալությունը, որտեղ ցանկացածը և ամեն մեկը ենթադրում է, թե ինքը կարող է անել ամեն ինչ: Գողերը հանկարծ իրենց արքաներ են կարծում, վռնդվածները` ծովակալներ, իսկ կուրտիզանուհիները` նահանգապետի կին: Եվ հակառակը:
Ես ծնվել և մեծացել եմ Կարիբյան ծովափին: Ես գիտեմ այս աշխարհը, յուրաքանչյուր երկիրը, յուրաքանչյուր կղզին, և ահա, թե ինչն է ամենից շատ հիասթափեցրել ինձ. ինձ հետ չպատահեց ոչինչ, որ ավելի սարսափելի լիներ իրականությունից, ոչ էլ ես կարողացա այդպիսի մի բան հորինել: Առավելագույնը, ինչին ես ընդունակ էի, փոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով, և այնուամենայնիվ, իմ գրքերից ոչ մեկում չկա մի տող, որը չհաստատվի փաստերով: Իրականությունը փոխելու իմ փորձերից մեկը խոզի պոչն է, որ այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիանների ընտանիքին «Հարյուր տարվա մենություն» գրքում: Ես կարող էի հորինել ցանկացած բան, սակայն ինձ թվում էր, թե նորածնի համար հորինած խոզի պոչը ամենաքիչը կհամընկնի իրականության հետ: Սակայն հենց որ վեպը հայտնի դարձավ երկու Ամերիկաների տարբեր մասերում, սկսեցին երևան գալ պոչ կրողների խոստովանությունները: Բարանկիլեում մի երիտասարդ հայտարարեց այդ մասին թերթով: Նրա հայտարարությունն այս առիթով ավելի զարմանալի էր, քան ինքը` պոչիկը: Նա ծնվել է պոչիկով, բայց երբեք չի ցուցադրել այն ոչ ոքի, քանի դեռ չի կարդացել «Հարյուր տարվա մենությունը»: «Ես չէի ցանկանում այդ մասին ոչ մեկի պատմել, որովհետև ամաչում էի,- ասել է նա:- Բայց հիմա վեպը կարդալուց և դա ընթերցողներին լսելուց հետո հասկացա, որ պոչը կատարելապես բնական բան է»: Շատ չանցած` մի ընթերցող ինձ ուղարկեց թերթի կտրվածք, որտեղ խոսվում էր սեուլցի մի աղջկա մասին, ով նույնպես ծնվել էր պոչիկով, բայց վեպում իմ արած ենթադրությանը հակառակ, աղջկա պոչիկը կտրել էին, և նա կենդանի էր մնացել:
«Նահապետ աշուն»-ի նախապատրաստական փուլը ամենաբարդն էր իմ գրական փորձում: Համարյա 10 տարի ես կարդացի ամեն բան, ինչ կարողացա գտնել լատինամերիկյան բռնապետների և հատկապես նրանց մասին, ովքեր իշխել են Կարիբյան ավազանում, որպեսզի գիրքը որքան հնարավոր է քիչ հիշեցներ կյանքը: Սակայն յուրաքանչյուր քայլը հիասթափություն եղավ: Վենեսուելական բռնապետ Խուան Վիսեատե Գոնեսն օժտված էր այնպիսի ինտուիցիայով, որը չեզոքացնում էր ցանկացած մոգական շնորհ: Հայիթյան բռնապետ դոկտոր Դյուվալյեն արտաքսեց երկրից բոլոր սև շներին, որովհետև նրա թշնամիներից մեկը, փորձելով փրկվել հետապնդումից, դիմակավորվեց սև շան մորթով: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց սեփական ոտքը` թաղման արարողությունն ուղեկցելով ճոխ մեծարանքներով: Լոպե Ագիրրեի կտրված ձեռքը գետը նետեցին, և ով տեսնում էր այն, սարսափից դողում էր` ենթադրելով, թե ձեռքը դեռ ի վիճակի է թափակարել դաշույնը: Անաստասիո Սոմոսա Գարսիան ուներ գազանանոց` թեթև ցանցով բաժանված վանդակներով: Վանդակի մի մասում վայրի գազաններն էին, իսկ մյուսում` Սամոսայի քաղաքական հակառակորդը: Մաքսիմելյան Էռնանդո Մարտինեսը (սալվադորյան բռնապետ-աստվածաբան) հրամայեց փողոցային բոլոր լապտերներին կարմիր թղթե թասակներ հագցնել, որպեսզի հաղթահարվի կարմրուկի համաճարակը:: Նա օգտագործում էր ճոճանակ, որը պահում էր ուտելիքների վրա ճաշելուց առաջ, որպեսզի որոշի` թունավորվա՞ծ է, թե՞ ոչ: Մորասանի արձանը, որ մինչ օրս էլ կանգնած է Տեգուսիգալաեում, իրականում մարշալ Նեյինն է: Երբ պաշտոնական անձիք ժամանեցին Լոնդոն, որպեսզի պատվիրեն անհրաժեշտ արձանը, եկան այն եզրակացության, որ ավելի էժան է գնել պահեստում մոռացված արդեն պատրաստի արձանը, քան պատվիրել Մորասանինը…

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

22 Փտր

Այժմ ես ավելի շատ եմ շտապում: Առաջներում ես, ըստ սովորության, ասում էի. «Այդ կարող եմ անել 20 կամ 30 տարի հետո», սակայն այժմ գիտեմ, որ ես չունեմ այդ 30 տարվա պաշարը: Թեպետ աշխատում եմ հաղթահարել դա, երբ նստում եմ գրասեղանի առջև: Ոչ մի բան ինձ չի կարող ստիպել հրաժարվել նրանից, ինչ ես անում եմ: Ես գրում եմ, և դրանում իմ ամբողջ կյանքն է:
… Ես ունեցել եմ անսովոր մանկություն: Ես մեծացել եմ սնահավատ մարդկանց միջավայրում, որոնք օժտված էին հարուստ երևակայությամբ: Նրանք ապրում էին պատրանքների մշուշոտ աշխարհում: Իմ տատիկը, օրինակ, միանգամայն բնականորեն գիշերները ինձ պատմում էր այնպիսի հեքիաթներ, որոնցից մազերս բիզ-բիզ էին կանգնում: Իմ պապը մի վիթխարի ծերուկ էր, որն ասես սավառնում էր ժամանակի մեջ, և ես նրան շատ էի սիրում: Ութ տարեկան էի, երբ նա մեռավ: Ես շատ ծանր ապրեցի նրա մահը: Նա պատմում էր ինձ իր կյանքի և այն ամենի մասին, ինչ կատարվում էր մեր գյուղում ու գավառում` սկսած անհիշելի ժամանակներից: Նա մանրամասն պատմում էր նաև իր մասնակցած պատերազմների և ուրիշ իրադարձությունների մասին, որոնք խորը հետք էին թողել Կոլումբիայի կյանքում:
Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

3 Փտր

ՊՈԵԶԻԱ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Անցայալ տարի իմ մտերիմ ընկերներից մեկի կրտսեր աղջկան գրականության մի ուսուցիչ հայտնել էր, թե ավարտական քննությունը լինելու է «Հարյուր տարվա մենության» շուրջ: Աղջիկը վախեցել էր, որովհետև ոչ միայն չէր կարդացել գիրքը, այլ նաև դեռ ուրիշ, ավելի լուրջ առարկաներից պետք է քննություն հանձներ:
Բարեբախտաբար, նրա հայրն ուներ գրական ծանրակշիռ գիտելիքներ ու բանստեղծական զգացողություն, ինչպես ոչ ոք, և աղջկա հետ այնքան եռանդուն պարապեց, որ սա քննության ներկայացավ գիտելիքներով թերևս ավելի լավ զինված, քան որևէ դասատու: Սակայն դասատուն տվեց մի անսպասելի հարց. ի՞նչ է նշանակում շրջված տառը «Հարյուր տարվա մենության» վերնագրում: Այդ վերաբերում է Բուենոս Այրեսի հրատարակությանը, որի շապիկը Վինսենտե Ռոխոն նկարազարդել էր` վերնագրի մի տառը շրջված, որովհետև այդպես էր հուշել նրա ազատ ու բարձր երևակայությունը: Աղջիկը, պարզ է, չի իմացել` ինչ պատասխանի: Երբ այդ մասին պատմեցի Վինսենտե Ռոխոյին, նա ասաց, որ ինքը նույնպես չէր կարողանա պատասխանել: Այդ նույն տարի իմ որդի Գոնսալոն պետք է պատասխաներ գրականության մի հարցաթերթիկի, որը մշակվել էր Լոնդոնում` ընդունելության քննության համար: Հարցերից մեկը վերաբերում էր աքաղաղի սիմվոլիկային «Գնդապետին ոչ ոք նամակ չի գրում» գրքից: Գոնսալոն, որ շատ լավ գիտեր մեր տան ոճը, այսպես պատասխանեց. «Դա ոսկեձվիկ աքաղաղ էր»:
Ավելի ուշ իմացանք, որ ամենաբարձր գնահատական ստացող աշակերտը պատասխանել էր այնպես, ինչպես իրեն սովորեցրել էր իր ուսուցիչը, որ գնդապետի աքաղաղը ճնշված ժողովրդի խորհրդանիշ է: Այդ իմանալով` ես մեկ անգամ ևս ուրախացա իմ քաղաքական երջանիկ աստղով, քանզի ավարտը, որ ես պատկերացրել էի այդ գրքի համար, կայանում էր իր աքլորի վիզը ոլորելու և նրանից մի լավ ապուր պատրաստելու մեջ:
Տարիներ շարունակ ես հավաքում եմ այդ մարգարիտները, որնցով գրականության վատ դասատուները փչացնում են երեխաներին: Ես գիտեմ մի շատ բարեխիղճ ուսուցչի, որը համարում էր, որ անմարդկային, կոպիտ ու ագահ տատը, որ շահագործում էր միամիտ Էրենդիրային` իր պարտքը մարելու համար, կապիտալիզմի անհագուրդության խորհրդանիշն է: Մի կաթոլիկ պրոֆեսոր ուսուցանում էր, որ չքնաղ Ռեմեդիոսի երկինք բարձրանալը կույս Մարիամի մարմնի ու հոգու համաբարձման բանաստեղծական փոխակերպումն է: Մեկ ուրիշը լավ դասընթաց կարդաց Հերբերտի` իմ պատմվածքներից մեկի հերոսի մասին, որը լուծում էր բոլորի հարցերը և փող էր բաժանում շռայլորեն: «Դա աստծո հիասքանչ այլաբանությունն է»,- ասաց պրոֆեսորը: Բարսելոնցի երկու քննադատ ինձ զարմացրին այն հայտնագործությամբ, թե «Նահապետի աշունը. նույն կառուցվածքն ունի, ինչ Բելլա Բարտոկի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար: Դա ինձ շատ ուրախացրեց, որովհետև հիացմունք եմ տածում Բելլա Բարտոկի, մանավանդ նրա այդ գործի հանդեպ: Սակայն այդ երկու քննադատի բերած զուգահեռը դեռ չեմ կարողանում ըմբռնել: Հավանայի բանասիրական ֆակուլտետի մի դասախոս ժամեր էր նվիրել «Հարյուր տարվա մենության» վերլուծությանը և եկել էր միաժամանակ հաճելի և ճնշող այն եզրակացությանը, որ գիրքը ոչ մի լուծում չի պարունակում: Դա ինձ վերջնականապես համոզեց, որ մեկնաբանման մոլուցքը ժամանակի ընթացքում դառնում է հորինվածքի մի նոր ձև, որը երբեմն հասնում է հիմարության:
Ես պետք է լինեի բավականին պարզամիտ ընթերցող, որ երբեք չմտածեի, թե վիպասանները ուզում են ասել ավելին, քան ասում են: Երբ Ֆրանց Կաֆկան ասում է, որ Գրեգուար Սամսան առավոտյան արթնացել է` փոխակերպված հսկա միջատի, ես չեմ կարծում, որ դա ինչ- որ բանի խորհրդանիշն է: Եթե կա մի բան, որ ինձ իսկապես հետաքրքրել է, այն է, թե դա ինչ տեսակ կենդանի կարող է լինել:
Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան. և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները: Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:
Ես մեծ հարգանք ու սեր եմ տածում ուսուցչի մասնագիտության նկատմամբ, նաև տանջվում եմ` տեսնելով, որ նրանք հավասարապես զոհ են դառնում դասավանդման մի համակարգի, որ նրանց ստիպում է հիմարություններ դուրս տալ: Ինձ համար անմոռանալի մարդկանցից մեկն այն ուսուցչուհին էր, որ ինձ կարդալ սովորեցրեց հինգ տարեկան հասակում: Դա գեղեցիկ ու խելոք աղջիկ էր, որ չէր հավակնում իմանալ ավելին, քան կարող էր ու, բացի այդ, այնքան երիտասարդ էր, որ ժամանակի ընթացքում դարձավ ավելի փոքր, քան ես: Նա էր, որ դասարանում մեզ համար կարդաց առաջին բանաստեղծությունները, որոնք ընդմիշտ թունավորեցին իմ ուղեղը: Նույն երախտագիտությամբ հիշում եմ միջնակարգ դպրոցի գրականության ուսուցչիս, համեստ ու խոհեմ մի մարդու, որը մեզ առաջնորդում էր հետաքրքիր գրքերի լաբիրինթոսով, առանց հատուկ մեկնաբանումների: Այդ մեթոդը թույլ էր տալիս նրա աշակերտներին ավելի ազատ ու ինքնուրույն մասնակցել պոեզիայի հրաշքին: Մի խոսքով, գրականության դասընթացը երբեք չպետք է լինի ոչ այլ ինչ, քան ընթերցանության լավ ուղեցույց:
Յուրաքանչյուր այլ հավակնություն ծառայում է միայն երեխաներին ահաբեկելուն: Այստեղ ես հավատում եմ հնարագիտությանը:

Թարգմ. Հակոբ Սիմոնյանի

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

17 Հկտ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՐԿԵՍԻՑ
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:

%d bloggers like this: