Tag Archives: Մարինա Բաղդագյուլյան

«Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը». Հովիկ Չարխչյան

5 Մրտ

«Մեդիալաբի» զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։

— Պարո՛ն Չարխչյան, տրամաբանական կլիներ, որ մեր զրույցն սկսենք գիրք նվիրելու օրից, Ձեր հեղինակած գրքից, առհասարակ, գիր-գրականությունից, մշակույթից: Բայց այն, ինչ կասեմ, հարց չէ, սովորական տեղեկություն չէ, բանավեճի թեմա չէ. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է քաղցից հյուծվող, քաղցից մահացող երեխաների մասին: Ես հասկանում եմ, որ Դուք սոցապ նախարարություն չեք, բայց ի՞նչ պիտի լինի հետո: Ի վերջո, ինչ-որ բան պիտի՞ անել:
— Անկասկած, ինչ-որ բան պիտի անել: Եվ այն, ինչ պիտի արվի, վաղ թե ուշ լինելու է` չեմ կասկածում: Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը: Մեր պատմության մեջ, ցավոք, այդպիսի իրավիճակներ բազմակի են եղել ու հաճախակի, երբ հասարակությունը չի պատկերացրել, թե ո՛ր կողմի վրա պիտի նետվի` ֆիզիկական գոյության խնդի՞ր պիտի լուծի, թե՞ հոգևոր առաջընթացի մասին մտածի: Ժամանակներ կան, երբ «Ի՞նչ եք գրում հիմա» հարցը տեղին չէ, որովհետև ի՞նչ գրելու մասին է խոսքը, երբ մի կյանք փրկելն ավելի կարևոր է, քան մի կտոր գիրքը: Եթե կա մեկ երեխա, որն այսօր կիսաքաղց է, ապա մեղավոր ենք բոլորս. պետք է եղել խոսել` լռել ենք, պետք է եղել արագ գործել` դանդաղել ենք, պետք է եղել ապտակել մեկին` քաղաքավարություն ենք խաղացել: Քանի դեռ կա քաղցած երեխա, այլ անելիք չպիտի լինի, քան այդ երեխայի խնդիրը լուծելն է:
— Վերջերս մեկ խնդիր, կարծես, լուծվեց, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները ավագանու նիստում ստիպեցին իշխող կուսակցության ավագանու անդամներին ու քաղաքապետին շնչել այն գարշահոտը, որն Աստծո ամեն օր շնչում են Նուբարաշենի բնակիչները: Հենց գարշահոտն առան, խնդրի լուծման քայլեր ձեռնարկվեցին: Մինչ այդ բազում դիմումներ են գրվել, բազում անդրադարձնել են եղել, բայց մինչև գարշահոտը քթները չընկավ, մինչև սկանդալ ու բռնության տեսարաններ չեղան, տեղաշարժ չեղավ: Քաղցից մահացող երեխաների պարագայում ի՞նչ պետք է անել` նկարները հրապարակենք, այդ երեխաներին տանենք նրանց առանձնասենյակներ, փող հավաքենք, որբանոցներ հիմնենք… Ի վերջո, 1915 թիվը չէ:
— Այն մտայնությունը, որ այսօր 1915 թիվը չէ, մեր տունը քանդում է: Այսօր 1915 թիվն է: Գուցեև ավելի վատ թիվ է: Ընդամենը մենք մեզ երևակայում ենք, թե ապրում ենք 21-րդ դարում, և այդպիսի խնդիրներ չպիտի լինեն: Նույն կերպ 1915-ին մարդիկ մտածում էին, թե իրենք 20-րդ դարում են, և չեն կարող մասսայական կոտորածներ լինել, քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա, որ Ցեղասպանություն լինի: Պետք չէ նայել օրացույցին, թե ժամանակի որ կտրվածքում ենք ապրում: Պետք է դիմել թույլատրելի և նույնիսկ անթույլատրելի քայլերի: «Մենք այս հարցը կլուծենք օրենքի շրջանակներում,Սահմանադրությանը համապատասխան»` սա իմ ամենաչսիրած արտահայտություններից է: Ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն: Եթե մի տարածքում քաղցից երեխաներ են մահանում, ուրեմն այդտեղ օրենքն ու Սահմանադրությունը պարտվել են: Դուք ճիշտ նկատեցիք` հենց գարշահոտությունն առան, քայլեր ձեռնարկվեցին: Խնդիր լուծվեց, և արդեն կարևոր չէ, թե ինչպես: Նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները: Բայց ամբողջ հարցն այն է, որ ուրիշ միջոց չեն թողել:
— Գիտեի՞ք, որ Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայները ստացել է Նուբարաշենում:
Դե, ուրեմն, թող նուբարաշենցիները մտածեն:
— Բայց կմտածե՞ն:
— Եթե նոր գարշահոտություններ են ուզում, կարող են և չմտածել: 100 տարով ետ գնանք: 1918 թվականին` հայ-վրացական պատերազմի ժամանակ, երբ վրացիները հայկական գյուղեր էին գրավել, հայկական զորքը, որ գնացել էր ազատագրելու հայկական բնակավայրերը, գյուղացիներից օգնություն էր խնդրում թշնամուն գյուղերից հանելու համար: Ժամանակակիցը պատմում է, որ հերթական գյուղն ազատագրելուց հետո գյուղացիները հրաժարվում էին պայքարել հարևան գյուղի համար: Համարում էին, որ մյուս գյուղերի ճակատագիրն իրենց չի վերաբերում: Ցավոք, այդ մտայնությունը նաև այսօր է պահպանվել: Եվ եթե նուբարաշենցին համարում է, թե իր խնդիրը լուծվեց, չարաչար սխալվում է:
— Իսկ այն, որ նուբարաշենցին, մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների բնակիչները, գարշահոտության միջով անցնելով, քաղաքային տրանսպորտի մեջ ճզմվելով, գնացել և ընտրել են գործող քաղաքապետին, այստեղ Ձեր` որպես գրողի անելիքի պակասը, թերացումը չե՞ք տեսնում:
— Բացարձակ չեմ տեսնում: Գրողի, առհասարակ, մտավորականի դերն ու գործառույթն ուռճացվում է: Ավելին է պահանջվում, քան նրանք ընդունակ են անելու: Մտավորականի զենքը խոսքն է: Բայց մտավորականն էլ հասնում է մի կետի, երբ հասկանում է, որ խոսքն այլևս ավարտվել է: Խոսքի գործիքն էլ չի աշխատում: Ու այդ նույն մտավորականը գնում միանում է որևէ ցուցարարի, ընդվզող խմբի: Ուրիշ ի՞նչ կարող է անել: Այդ մտավորականն էլ ունի այն նույն կենցաղային, քաղաքական ու հոգևոր խնդիրները, ինչ մյուսները:
Պահանջել մտավորականից քաղաքական ակտ` տեղին չէ: Մտավորականը կարող է կանգնել ընդվզող քաղաքացու կողքին, վանկարկել այն, ինչ մյուսները, կարող է իր հերթին կոմպրոմիսի չգնալ իշխանության որևէ գործարքի հետ` որպես սովորական քաղաքացի` այն նույն հնարավորություններով ու խնդիրներով, ինչ մյուսներն ունեն:
Դուք քաղցած երեխաների, այդ փաստը բարձրաձայնելու, իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելու մասին եք ասում: Ցանկացած մեկը, որ մարդկային հույզեր ունի, որ ընտանիքից է դուրս եկել, գիտի` ինչ է երեխան, ինչ է երեխայի լացը, ինչ է քաղցից թուլացած երեխայի անգամ լացելու անզորությունը, նրան այդ ամենը բացատրել պետք չէ: Կարծում եք` իշխանությունը չգիտի՞, որ երկրում քաղցից երեխաներ են մահանում: Եվ ի՞նչ կարող եմ անել ես, բացի այն, որ համացանցում կարդալով որևէ երեխայի այս կամ այն պետքի մասին, ինչը տալու հնարավորությունն ունեմ, վերցնեմ ու սուսուփուս հասցնեմ այդ երեխային:
Պետք է հստակեցնենք, թե ով է մտավորականը և ինչ կարելի է նրանից ակնկալել: Ինքս մի բանաձև գիտեմ`եթե ամեն մարդ իր տեղում իր գործը լավ է անում` վերջ, երկիրը փրկված է: Ուրիշ ոչինչ պետք չի անել նորմալ երկիր ունենալու համար: Հնարավոր չէ հայրենասիրություն, մարդկայնություն, ազնվություն սերմանել. մարդու մեջ դրանք կա՛մ կան, կա՛մ` ոչ:
— Իսկ հնարավո՞ր է սեր սերմանել գրքի, ընթերցանության հանդեպ: Փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որպես գիրք նվիրելու օր նշելու որոշումը նկատի ունեմ:
— Սեր` չէ, բայց հետաքրքրություն` հնարավոր է: Դա ես չեմ ասում, վիճակագրությունն է ասում: Նախ` հետաքրքրությունը պիտի լինի, որ հետո արթնանա սերը: Իհարկե, ցուցամոլ հետաքրքրություն էլ կա, բայց ոչինչ, թող դա էլ լինի: Այդտեղ վտանգ չկա:
— Գիրք նվիրելու օրվան ընդառաջ` «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ակցիայի շրջանակներում բավական տարածվեց Ձեր գիրքը` «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» հատորները: Իհարկե, միշտ հետաքրքիր է կարդալ ուրիշի նամակները, մանավանդ, սիրային բովանդակությամբ: Դուք ինչպե՞ս գտաք այդ նամակները:
Իրականում, դա այնքան էլ դժվար չէր: Երբ ես արդեն ունեի այդ նամակները, հասկացա, որ ինձնից առաջ ոչ ոք չէր էլ որոնել: Ընդամենը չէին որոնել: Եթե որոնեին, գուցե ավելին գտնեին, քան ինձ հաջողեց: Վստահ եմ, որ այդպես է: Արդեն 14 տարի է անցել այդ գրքի առաջին հրատարակությունից: Գիրքը կարողացել է իր համար ճանապարհ հարթել: Թող գնա այնտեղ, ուր պիտի հասնի:
— Սուլամիթան ո՞ղջ է:
— Այո՛:
— Նա ստացե՞լ է այդ գրքից:
— Ստացել է:
— Եվ ի՞նչ է ասել:
— Այնպես չէ, որ միանշանակ գոհ էր: Նամակ գրեց ինձ, որտեղ գրքի մասին հետևյալն էր ասում` «Այնտեղ լավն ավելի շատ է, քան վատը»: Իր ձևակերպումն այս էր: Եվ դա բնական է, որովհետև դա իր կյանքն է, իսկ ես ընդամենը պատմողն եմ: Ինչպես էլ պատմեմ, իր համար կիսատ մի բան մնալու է: Եթե Դուք իմ կյանքը փորձեք պատմել` անգամ լավագույն նկատառումներով ու նպատակներով, հաստատ, ինձ գոհացնել հնարավոր չէ: Բաներ կան, որ շատ անձնական են, շատ քոնն են, ու որևէ մեկը չի կարող դա գաղտնազերծել կամ ներկայացնել այնպես, ինչպես դու ես զգացել, դու ես ապրել:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
MediaLab.am

3cc2aff7-7768-1000x708-100-scale

 

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Մյս

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ»

Հարցազրույց գրող Հովիկ Չարխչյանի հետ

— Վերջին մեկ ամսում իրար հաջորդեցին աղետները` հրապարակում փուչիկների պայթյունը, ՀՀԿ գրասենյակը հրդեհը, հետո` պայթյուն Էլեկտրոն գործարանում, հրդեհ Ռազմական ոստիկանության շենքում: Ձեր կարծիքով, սրանք երկնային նախազգուշացումներ չեն?
— Ես շատ ավելի երկրային մարդ եմ ու պայթյունների, հրդեհների պատճառները շատ լավ հասկանում եմ: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք պայմանավորված են մարդկային գործոններով: Սա նշանակում է, որ վերջին տասնամյակներին մենք վատ մասնագետներ պատրաստեցինք: Ու թող որեւէ մեկը չզարմանա, որ այդ աղետների թիվը գնալով ավելանա: Աստված չանի, բայց մենք ավելի վատ միջադեպերի ականատես կարող ենք դառնալ զուտ վատ մասնագետների պատճառով: Մենք բացատրում էինք, որ չի կարելի տնտեսությունը, տեխնիկան, բոլոր մյուս ոլորտները վստահել մարդկանց, ովքեր թերի պատրաստվածության աստիճան ունեն: Վթարների թիվը տասնապատիկ ավելացել է ամենեւին ոչ մեքենաների առատությունից, այլ այն պատճառով, որ վարորդական իրավունք ստանում են անպատրաստ մարդիկ: Ուրիշ տեղ պետք չէ պատճառ որոնել: Ամբողջ երկիրն է ղեկավարվում մարդկանց կողմից, ովքեր, չասեմ տգետ են, բայց թերուս են: Իսկ դա անպայման իր հետեւանքներն ունենալու է: Անխուսափելի է:
— Իսկ ինչ է լինելու Փակ շուկայի հետ? Կկարողանան կանխել հայտնի օլիգարխի ոտնձգությունները:
— Անկեղծ ասած` վերջին շրջանում ես չեմ հիշում մի դեպք, երբ հուշարձանը քանդում էին, եւ հաջողվեր դա կասեցնել: Հաշվի առնելով դառը փորձը` ես մտածում եմ, որ, այնուամենայնիվ, նրանք իրենց մտադրությունը կիրագործեն: Կպահեն ֆասադը` ասելով, թե, ահա, մենք պահպանում ենք հուշարձանը: Մինչդեռ այդ հուշարձանի մի պատը ընդամենը կպահպանվի: Իսկ մնացած ամբողջ կառույցի տեղում կբարձրանան խոստացված 4 հարկերը: Կդառնա անհասկանալի ժամանակակից մի կառույց, ու մենք փաստացի կկորցնենք Փակ շուկան:
— Այդ դեպքում Մշակույթի նախարարություն կոչված կառույցն ինչի համար է, եթե նա ի զորու չէ պաշտպանել աչքի առաջ ոչնչացվող պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը:
— Մշակույթի նախարարությունը արդեն 2 տասնամյակ ոչ մի բանի համար է: Եթե որեւէ մեկը ինձ գոնե մեկ օրինակ հիշեցնել, որ վերջին 20 տարվա մեջ Մշակույթի նախարարությունը որեւէ օգտակար բան է արել այս երկրի համար, ես ներողություն կխնդրեմ իմ ասած խոսքերի համար: Նույնիսկ սովորական գյուղի ակումբի վարիչը շատ ավելին կարող է անել, քան մի ամբողջ համակարգ, որը կոչվում է Մշակույթի նախարարություն: Ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, բայց իրեն ներկայացնում է այդ ոլորտի տերն ու տիրականը: Անհասկանալի մի կառույց, օդից կախված մի հաստատություն, որը խժռում է էս պետության բյուջեի փողերը, բայց ոչինչ չի վերադարձնում դրա դիմաց:
— Այն բանից հետո, երբ բոլորը գլուխ էին ջարդում, թե արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի, թե ոչ, ու հիմա, երբ բոլորը մտահոգված են, թե ինչ է լինելու մեզ հետ, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀՀԿ-ին… Ինչ եք կարծում, երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի?
— Մեծ առումով` ոչինչ չի փոխվել: Կա փոփոխության պատրանք ու կան մարդկային խմբեր, որոնք շահագրգռված են, որպեսզի պատրանքն իրականության տեղ ընդունվի: Որովհետեւ երբ ակնկալիք կա, որ ինչ-որ բան կփոխվի, մարդիկ դառնւմ են պասիվ ու համակվում են սպասողական վիճակով: Ընդամենը սա են ապահովել: Բայց ես համոզված եմ` երկրում ոչինչ չի փոխվել: Իշխանության երկու թեւեր վիճաբանում են պաշտոնական աթոռների համար ու թե ինչով կավարտվի այդ վեճը, որեւէ կերպ չի կարող անդրադառնալ հասարակության առաջնային խնդիրների վրա:
— Ընտրություններից հետո ապատիկ տրամադրություն էր կախված երկրի վրա: Որովհետեւ եթե մյուս ընտրություններին մտածում էինք, որ ընտրությունները կեղծվեցին մի խումբ զեղծարարների պատճառով, ապա այս անգամ ականատես եղանք զանգվածային առուծախի տեսարանի: Դուք ինչ եք մտածում սրա մասին:
— Ես անընդհատ մտածում էի մի հարցի շուրջ` լավ, իսկ ինչու է մեր հասարակությունը դարձել այդպիսին? Ինչու են մարդիկ որոշել, որ իրենց ձայները պիտի վաճառեն: Ընդհանրապես, ում ձայնն է հեշտ գնել կամ վաճառել: Մարդու, ում համար միեւնույնն է, թե ով կգա իշխանության: Կարելի է գնել այն մարդու ձայնը, ով որեւէ որոշում չի կայացրել, թե ում է ընտրելու: Չեմ կարծում, թե մարդիկ ապուշ են ու չեն հասկանում, որ 10 հազար դրամով ոչինչ չի փոխվելու իրենց կյանքում: Պարզապես այլեւս անտարբեր են…
— Իսկ ինչու են մարդիկ դարձել անտարբեր:
— Որովհետեւ ոչնչի չեն հավատում`ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ ապագային, որ փոփոխություններին: Ապագայի տեսիլքը չկա: Մարդիկ չգիտեն ինչ է իրենց կատարվելու վաղը: Նրանք ապրում են միայն այսօրվա օրով, այսօրվա օրն էլ կարելի է գոնե կերակրել 10 հազար դրամով: Իսկ թե առավոտը կբացվի ու ինչ կլինի, նրանց համար միեւնույնն է: Վաղն էլ գուցե փորձեն մի այլ տեղից 10 հազար գտնել: Ու շատ լավ կլինի, որ իշխանությունն էլ, ընդիմությունն էլ այս հարցի շուրջ մտահոգվեն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ իրար հասցեագրեն, թե` դու առար, դու ծախեցիր… Հա, առա, որովհետեւ ծախեցին: Մեկը չէր, երկուսը չէր… Ինչ պատահեց, որ մասսայաբար ծախվեցին?
— Ինչ պիտի պատահի, որ մարդիկ ինչ-որ բանի հավատան, որոշեն, որ հենց իրենք պիտի վիճակ փոխեն, շարժվեն:
— Հավատում են, երբ մեկը ներշնչում է այդ հավատը: Երբ կգա էն անհատը, քաղաքական ուժը, էն հասարակական նախաձեռնությունը, որ, իսկապես, կվաստակի էս ժողովրդի հավատը, էդ ժամանակ ժողովուրդը չի ծախվի: Կկառչի էդ հույսից ու կփորձի գնալ ավելի լավ վիճակի: Իսկ քանի դեռ համատարած հուսահատություն է եւ հուսախաբություն, թող որեւէ մեկին չմեղադրեն էս վիճակի համար, որեւէ մեկը թող դիտորդի վիճակում հանդես չգա: Բոլորն են մեղավոր: Բոլորն անխտիր:

Մարինա Բաղդագյուլյան
«Հայելի.ամ» կայք

%d bloggers like this: