Tag Archives: մարդասպան

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՄՈԼԱԳԱՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

4 Նյմ

1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծե թե ի միջիայլոց. Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:

Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլգար մարդասպանը, նրա անունը պիտի հայտնվեր Սովետական մեծ հանրագիտարանի էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում: Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից:manyak-1

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը` ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեյանը թատրոնում ծանոթանում է պարուուհի Ալևտինա Դմիտրևնայի հետ, հանուն որի լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատաց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում…

Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ իր հերթին յուրահատուկ բողոքի ձև էր` ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու  անարդարության դեմ:

Այս հարցերի ճշմարիտ պատասխանը մենք թերևս երբեք չիմանանք: Իսկ 1963-ի ձմռանը, երբ Վլադիմիր Իոնեսյանը քայլում էր դեպի հանրախանութ` տուրիստական կացին գնելու համար, նա նկասկած արդեն վճռել էր իր անելիքըmanyak-3

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխա միայնակ էր ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոցը: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ: Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա կնոջը, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Օրեր անց նույն քաղաքում նա հրձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա:

Իվանովոյի դեպքերն ի վերջո սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիա Խրուշչովը:

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում էր իր «հունձը»: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում դեկտեմբերի 28-ին նա կացնահարեց 11-ամյա Ալեքսանդր Լիսովցին: Սպանությունը որքան դաժան էր, նույնքան էլ անիմաստ. մոլագարը հեռացավ` իր հետ ոչինչ չտանելով: Ամանորի տոների կարճ դադարից հետո նա վերստին գործի անցավ և ունվարի 8-ին Շերեմետևյան փողոցում սպանեց 46-ամյա Մարիա Երմակովային` կացնի 20 հարված հասցնելով կնոջը: Այս անգամ «Մոսգազի» ավարը փոքր-ինչ ավելին էր. Իոնեսյանն իր հետ տարավ սեղանի ժամացույցն ու հեռուստացույցը:manyak-2

Օրը ցերեկով կատարված հանցագործությունն ականատեսներ ունեցավ: Բնակիչներից ոմանք իրավապահներին պատմեցին, որ տեսել են, թե ինչպես կովկասյան արտաքինով երիտասարդը` հեռուստացույցը ձեռքին, նստել է մի բեռնատար մեքենա: Բեռնատարն արագ գտան: Վարորդը պատմեց, թե որտեղ է իջեցրել իր ուղևորին: Ճշտելով բնակարանը, խուզարկուները ներխուժեցին տուն սակայն այնտեղ գտան միայն Ալևտինա Դմիտրևնային: Նրան ձերբակալեցին ու նետեցին մենախուց: Հարցաքննության ժամանակ վերջինս պատմեց, որ Իոնեսյանը շտապ մեկնել է Կազան, և շուտով ինքն էլ պիտի գնա այնտեղ: Սա նպաստավոր վիճակ էր: Անմիջապես որոշում կայացրեց քրեական հետախուզության աշխատակիցներից մեկին գրիմավորել և Ալևտինայի կերպարանքով գնացք նստեցնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Կազանի կայարանում 1964 թ. հունվարի 12-ին սիրուհուն դիմավորելու եկած մարդասպանը ձերբակալվեց…

Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 ժաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը, իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը:

Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ` կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել:616592

Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23.00-ին  Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր:

Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց և կինն ազատ արձակվեց:

Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ժեկ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆmanyak-6

ԿՈԼԵՏՏ

16 Ապր

ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Երբ Լուիսը սպանեց նրան արճճի փոքր ձուլակտորով, որի տակ զոհը պահում էր փաթեթավորման թղթերը, զգաց, որ շփոթված է։ Կինը պառկած էր վաճառասեղանի հետևում` մի ոտքը ծալված, գլուխը շրջված հետ, ծիծաղելի դիրքով, ինչը չարացրեց երիտասարդին։ Նա թոթվեց ուսերը և քիչ էր մնում ասեր. «Դե վե՛ր կաց, ծիծաղելի տեսք ունես»։ Բայց այդ պահին դռան զանգը հնչեց, և ներս մտավ մի աղջիկ` ասելով.
– Կարկատելու բրդյա սև թելի մի կոճ տվեք, խնդրում եմ։
Նա քաղաքավարի պատասխանեց.
– Վերջացել է, վաղը կունենանք։
Աղջիկը դուրս եկավ` խնամքով ծածկելով դուռը, և Լուիսը նկատեց, որ իր մտքով անգամ չէր անցել, որ նա կարող էր մոտենալ վաճառասեղանին, կռանալ, տեսնել…
Երեկոն իջնում էր` մթնեցնելով գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը։ Դեռևս նշմարվում էին շարքերով սպիտակ ստվարաթղթերը, որոնց կորոզոյից կոճակներ կամ ժապավենի կծիկներ էին փակցված։ Լուիսը գազի լամպը վառելու համար լուցկին մեքենայորեն քսեց ներբանին, հետո սթափվեց և հանգցրեց ոտքի տակ։ Դիմացի գինեվաճառը միանգամից լուսավորեց իր ամբողջ առաջին հարկը, և, ի հակադրություն, գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը մթնեց դեղին լույսով երիզված գիշերվա մեջ։
Լուիսը կրկին թեքվեց վաճառասեղանի վրա։ Անհուն զարմանքով նա համոզվեց, որ իր սիրուհին դեռ այնտեղ էր` ոտքը ծալված, պարանոցը շրջված։ Բացի դրանից մազափնջի նման բարակ ինչ-որ սև բան էր հոսում կնոջ գունատ այտի վրայով։ Նա գետնից վերցրեց քառասունհինգ ֆրանկի մետաղադրամներն ու կեղտոտ թղթադրամները, որ քիչ առաջ այնքան կատաղորեն արհամարել էր, դուրս եկավ, փակեց դուռը, բանալին դրեց գրպանը և գնաց։
Երկու օր նա ապրեց ասես մանկության գրկում, զվարճացավ` դիտելով Սենայի վրայի նավակները և պուրակների դպրոցականներին։ Նա երեխայի նման հրճվում էր և երեխայի նման էլ ձանձրանում։ Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ նախկինի պես տեղավորվել իր խցում։ Շաբաթավճարով վարձած նրա սենյակը դեռ լի էր Փարիզի հուշարձանները պատկերող բացիկների խրձերով, ցատկոտող խաղալիք նապաստակներով և պտղահյութ պատրաստելու մածուկի տուփերով։ Բայց Լուիսը երկու օր ոչինչ չվաճառեց և քնեց մեկ այլ բնակարանում։ Նա վախի զգացում չուներ և լավ էր քնում. օրը նրա համար դյուրին էր անցնում` ծանրաբեռնված միայն այն հաճելի անհամբերությամբ, որ վայելում ես մեծ նավահանգիստներում, երբ զբոսանավում տեղ ես պահել։
Ոճրագործությունից երկու օր անց նա մյուս օրերի պես թերթ գնեց և կարդաց. X փողոցում սպանվել է վաճառողուհին… Նա բարձրաձայն, հասկացող մարդու տեսքով ասաց` վա՛յ, ուշադիր և դանդաղ կարդաց սպանության մասին հոդվածը, նկատեց, որ հանցագործությունը զոհի «խիստ մեկուսի» ապրելակերպի պատճառով արդեն իսկ համարվում էր «առեղծվածային», և ծալեց թերթը։ Նրա առջև դրած կաթով սուրճը սառում էր։ Բարապանը սուլելով փայլեցնում էր վաճառասեղանը, քիչ հեռու մի ծեր զույգ կրուասանները թաթախում էր տաք կաթի մեջ։ Լուիսը մի պահ ափիբերան մնաց` ապշահար ինքնիրեն հարց տալով, թե ինչու այդ առօրյա բաները հանկարծ իրեն այլևս հարազատ ու հասկանալի չեն։ Նրան թվաց, որ եթե ինչ-որ բան հարցնի ծեր զույգին, նրանք կպատասխանեն տարաշխարհիկ լեզվով, և որ մատուցողը սուլելով նայում էր իր մարմնի միջով` առանց նկատելու իր ներկայությունը։
Նա վեր կացավ, փակեց հաշիվը և գնաց կառամատույց, տոմս գնեց դեպի արվարձաններից մեկը, որի անունը նրան հիշեցնում էր թիասպորտի հետկեսօրյան մրցավազքերը։ Ճանապարհորդության ընթացքում նրան թվում էր, թե գնացքը գրեթե չի աղմկում, իսկ ուղևորները խոսում են կիսաձայն:«Միգուցե խլանու՞մ եմ»։
Գնացքից իջնելով` Լուիսը գնեց մի երեկոյան լրագիր, կարդաց նույն հոդվածը, որ առավոտյան լրագրում էր և հորանջեց. «Աստված իմ, ոչ մի առաջընթաց չկա»։
Նա կառամատույցի կողքի փոքրիկ ռեստորանում ճաշեց և տիրոջից հետաքրքրվեց այդ վայրերում աշխատանք գտնելու հնարավորության մասին։ Բայց այդ ձևականությունը կատարեց մեծ դժկամությամբ և իրեն շատ վատ զգաց, երբ ռեստորանի տերը նրան խորհուրդ տվեց այցելել մի ատամնաբույժի, որն ապրում էր մերձակա առանձնատներից մեկում և շատ էր ափսոսում, որ մոտոցիկլետը լվանալու և վիրաբուժական գործիքները եռացնելու համար դեռ երեկ աշխատանքի ընդունված երիտասարդը թողել-գնացել էր։ Չնայած ուշ ժամին, Լուիսը հնչեցրեց ատամնաբույժի դռան զանգը, ներկայացավ որպես մեխանիկական խաղալիքներ պատրաստող, չսակարկեց աշխատավարձի չափը` երկու հարյուր հիսուն ֆրանկ, և նույն երեկոյան պառկեց քնելու ձեղնահարկի փոքրիկ սենյակում, որ պաստառապատված էր մոխրագույն ու կապույտ ծաղիկներով զարդարված այն թղթով, որով ներսից աստառում են էժանագին ճամպրուկները։
Ութ օր նա աշխատեց լաբորատորիայում ոսկրոտ, կարմրահեր, ձիանման ամերիկացի ատամնաբույժի մոտ, որը նրան ոչ մի հարց չէր տալիս և ոտքերը սեղանին դրած` ծխում էր` սպասելով հազվադեպ հաճախորդներին։ Սպիտակ խալաթը հագին` Լուիսը բաց լուսամուտափեղկին հենված մաքուր օդ էր շնչում, և մյուս առանձնատների սպասուհիները ժպտում էին` տեսնելով նրա թուխ, մեղմ դեմքը։
Նա ամեն օր լրագիր էր գնում։ Առաջին էջից արտաքսված «Սպանություն X փողոցում» հոդվածը այժմ հալումաշ էր լինում երկրորդ էջին` գնացքների բախումների և խաբեբեա բախտագուշակների միջև։ Հինգ տող, տասը տող անկիրք հայտնում էին, որ «գաղտնիքը մնում է չբացահայտված»։
Նոսր անձրևից անուշաբույր, ծիծեռնակների ճիչերով լեցուն մի գարնանային օր Լուիսը ամերիկացի ատամաբույժից մի քիչ փող խնդրեց «սպիտակեղեն գնելու համար», ազատվեց սպիտակ խալաթից և վերադարձավ Փարիզ։ Եվ քանի որ ընդամենը հասարակ, չնչին մարդասպան էր` գնաց ուղիղ դեպի գրենական պիտույքների ու փերեզակեղենի խանութը։ Երկաթե փակ վարագույրի առաջ երեխաներ էին խաղում, և ցեխի մեկ շաբաթվա ցայտերը քարացել էին դռան վրա։ Լուիսը դիմացի մայթով երկար հետուառաջ քայլեց և փողոցը լքեց միայն ուշ գիշերով։
Հաջորդ օրը` մի քիչ ավելի ուշ, ուշադրություն չգրավելու համար, նա ետ եկավ և մյուս երեկոներն էլ` ընթրիքից հետո, երբեմն առանց ընթրելու, հավատարմորեն վերադառնում էր հերթապահության։ Լուիսը զգում էր, որ համակված է տարօրինակ հույսով` նման սիրո խռովքին։ Մի երեկո, երբ կանգ էր առել` հայացքը աստղերին հառելու և խորը հառաչելու համար, մի ձեռք մեղմորեն իջավ նրա ուսին։
Նա փակեց աչքերը և առանց շրջվելու, անզգայացած ու երջանիկ ընկավ իրեն հետևող ոստիկանի ձեռքերի մեջ։
Հարցաքննության ընթացքում Լուիսը խոստովանեց, որ ի սրտե զղջում է հանցագործության համար, բայց այն վայրկյանը, երբ իր ուսին զգաց ազատարար ձեռքը, «փոխհատուցում է ամեն ինչ», և որ ինքն այդ պահը կարող է համեմատել միայն այն ակնթարթի հետ, երբ, ինչպես ասաց, «ճանաչել է սերը»։

%d bloggers like this: