Tag Archives: Մաշտոց

ՍՎԻՆԱՀԱՐ ՄԱՇՏՈՑԸ

17 Փտր

Գյուղը դիմադրում էր համառորեն, մինչև վերջին շունչը: Բայց ուժերն անհավասար էին, և թշնամու հրոսակները ներխուժեցին բնակավայր ու կոտորեցին բոլորին: Երբ նրանք հեռացան, ջարդից փրկվածները ետ եկան, որ ավերված ու մոխրացած տներից դուրս բերեն իրենց հարազատների դիերն ու հողին հանձնեն: Նրանց հետ էր նաև Ներսես եպիսկոպոս Դանիելյանը: Եվ ահա այս ականատես հոգևորականը պատմում է, որ սպանվածների մեջ գտնում են նաև Տեր Պետրոսի հոշոտված մարմինը:
Երբ քահանային պատանքելու համար փորձում են հանել նրա վերարկուն ու պարեգոտը, հանկարծ հագուստի տակ հայտնաբերում են կրծքին սեղմված ու արյունոտված մի Մաշտոց: Տեր Հայրը իր մարմնով ծածկել էր ծիսարանը, սակայն թշնամու սվինը խոցել էր ոչ միայն նրան, այլև գիրքը:
Ասում են, որ իր տեսածից ցնցված եպիսկոպոսը սվինահար Մաշտոցը վերցնում է իր հետ և շրջում է գյուղեգյուղ՝ դա ցույց տալով ապրողներին ու դրանով մկրտելով մանուկներին: Ասում են նաև, որ նրա մկրտած առաջին նորածնի անունը դնում են Սվին:
Գյուղը, որտեղ կյանքի գնով փրկում էին գիրքը, Ադանայի մոտ գտնվող Հասան Բեյլի բնակավայրն էր: Իսկ Սվինահար Մաշտոցի մասին պատմում են, որ այն հանձնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկսարանին այն բանից հետո, երբ կոտորածների զոհ դարձավ նաև Ներսես եպիսկոպոսը: Սակայն, որոշ տեղեկություների համաձայն, վիրավոր գիրքն այլևս չկա:

© Հովիկ ՉարխչյանСуренянц,_«Попранная_святыня»,_1895

ԼԵՈ

24 Հկտ

Արյուն-ավերանքի դարեր եկան ու գնացին, գահեր հիմնվեցին, գահեր խորտակվեցին, ազգաբնակչությունը սպառվելու չափ ջնջվեց, ստրկության ամենադաժան լուծեր կրեց իր վզին: Բայց խավարի ու անեծքների մեջ չէին մարում կենդանության կրակները: Դրանք ամեն ժամանակ, ամեն տեղ միևնույն կերպարանք ունեին՝ Մաշտոցյան գիրը: Մեր հազարամյա անցյալի այն երկար ճանապարհին, որի վրա փռված են մեր անհուն տառապանքները, ոչ բանակներ ունեինք մեր պահպանության համար, ոչ ուժ, ոչ էլ դրսի օգնություն, այլ մի հատիկ բան միայն՝ Մաշտոցյան գիրը:59030_b

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

27 Հկտ

… Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:
Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ:
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ…
Այս «քանի որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»:
…Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: Գուցե: Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է:
Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից:
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…

%d bloggers like this: