Tag Archives: մանրապատում

ԺԱՄԱՆԱԿԸ

4 Ապր

Կկուն ձայն էր տալիս: Տղան մոտեցավ ծառին, գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Կկու, կկու, ինձ քանի՞ տարվա կյանք է մնացել:
Կկուն կանչեց:
— Մեկ,- հաշվեց տղան:
Կկուն նորից կանչեց:
— Երկու,- ասաց տղան:
Կկուն նայեց ներքև, լռեց, թևերը թափ տվեց ու թռավ-գնաց:
Իսկ այս կարճ պատմությունն էլ եկավ ասելու, որ քո ապրելու ժամանակը մարդկանցից հարցրու, ոչ թե թռչուններից:

Հ. Չարխչյան

ՀԵՌԱԽՈՍԸ

29 Մրտ

(դրամա ցանկացած թվով գործողությամբ)

Ա.- Ալո, բարև ձեզ:
Բ.- Բարև ձեզ:
Ա.- Սահակը տա՞նն է:
Բ.- Այստեղ Սահակ չկա:
Ա.- Ինչպե՞ս թե չկա, երբ ինձ նրա համարն են ասել:
Բ.- Ուրեմն սխալվել են:
Ա.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Բ.- Չգիտեմ, դա ձեր գործն է:
Ա.- Ինչպե՞ս թե` իմ գործն է: Հիմա ես ինչպե՞ս գտնեմ Սահակին:
Բ.- Գտեք` ինչպես կուզեք:
Ա.-Դե իհարկե, եթե բոլորն էլ ձեզ պես մտածեն…
Բ.- Իսկ ի՞նչ կհրամայեք անել:
Ա.- Ես ոչինչ չեմ հրամայում: Ես Սահակին եմ ուզում:
Բ.- Ուրեմն փնտրեք ճիշտ համարը:
Ա.- Ինչու՞ փնտրեմ, եթե ինձ արդեն ասել են:
Բ.- Քաղաքացի, դուք ի՞նչ է, չլինի՞ ծաղրում եք:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես պարզապես շատ կարևոր գործ ունեմ:
Բ.- Ուրեմն զբաղվեք ձեր գործով:
Ա.- Առանց Սահակի չեմ կարող:
Բ.- Խնդրեք մեկ ուրիշին, թող օգնի:
Ա.- Ու՞մ դիմեմ: Դուք, օրինակ, կօգնեի՞ք:
Բ.- Դե եթե անհրաժեշտ լիներ… Իսկ ի՞նչ է պետք անել:
Ա.- Ուզում եմ Սահակին գտնել:
Բ.- Բայց ախր ես ոչ մի Սահակ չեմ ճանաչում:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ են ձեր համարն ինձ տվել:
Բ.- Ես ի՞նչ գիտեմ: Սխալմունք է, պատահականություն:
Ա.- Առաջներում երբեք նման բան չի եղել:
Բ.- Ոչինչ, ամեն բան առաջին անգամից է սկսում:
Ա.- Միայն չփորձեք ինձ մխիթարել:
Բ.- Իսկ ես չեմ էլ փորձում:
Ա.- Իզուր: Կարելի էր ավելի մեծահոգի լինել:
Բ.- Եվ դուք դեռ բողոքու՞մ եք ինձնից, որ ձեզ հենց սկզբից գրողի ծոցը չուղարկեցի…
Ա.- Մի կոպտեք:
Բ.- Իսկ դուք մի չարաշահեք համբերությունս:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես մարդ եմ փնտրում:
Բ.- Նա այստեղ չէ:
Ա.- Իսկ ու՞ր է:
Բ.- Չեմ ասի:
Ա.- Ինչպես թե` չեք ասի:
Բ.- Հենց այդպես: Գաղտնիք է:
Ա.- Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս գիտեք նրա տեղը:
Բ.- Դե իհարկե: Ես միակն եմ, որին նա տեղեկացնում է այդ մասին:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ հենց սկզբից չասացիք:
Բ.- Իսկ ես պարտավոր չեմ ամեն պատահական զանգահարողի տեղեկություններ հաղորդել:
Ա.- Ես պատահական մեկը չեմ:
Բ.- Դա դեռ հարց է:
Ա.- Ի՞նչ է, ինձ չե՞ք հավատում:
Բ.- Իհարկե ոչ:
Ա.- Ինչու՞:
Բ.- Պատճառներ ունեմ:
Ա.- Ի՞նչ պատճառներ:
Բ.- Հիմնավոր:
Ա.- Բայց ես չվստահելու առիթ չեմ տվել:
Բ.- Տվել եք:
Ա.- Ե՞րբ:
Բ.- Քիչ առաջ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իզուր: Բայց ոչինչ, վաղը Սահակն ինքը կհիշեցնի:
Ա.- Չեմ հասկանում, դուք ի՞նչ եք ուզում ինձնից:
Բ.- Ախ, դուք չեք հասկանում… Ոչինչ, դրա ժամանակն էլ կգա:
Ա.- Սատանան տանի, ես այս ու՞ր եմ զանգահարել:
Բ.- Ինչպես թե` ուր: Սահակենց բնակարանը:
Ա.- Ի՞նչ Սահակ:
Բ.- Նա, որին փնտրում եք:
Ա.- Ես ոչ մի Սահակ էլ չեմ փնտրում:
Բ.- Այդ դեպքում ինչու՞ եք զանգահարել այստեղ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իսկ ո՞վ պետք է հիշի:
Ա.- Չգիտեմ: Դուք, օրինակ, հիշու՞մ եք:
Բ.- Հիշում եմ: Ձեզ Սահակն էր պետք:
Ա.- Իսկ հիմա պետք չի:
Բ.- Ինչպե՞ս թե: Չէ՞ որ կարևոր գործ ունեիք:
Ա.- Դա իմ պրոբլեմն է: Քիչ առաջ ունեի, հիմա չունեմ:
Բ.- Ուրեմն Սահակին էլ չե՞ք ուզում:
Ա.- Մի՞թե հասկանալի չէ: Ոչ:
Բ.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Ա.- Ի՞նչ պիտի անեք: Ցած դրեք խոսափողը: Առանց այդ էլ կես ժամ է զբաղեցնում եք ինձ:
Բ.- Ե՞ս եմ զբաղեցնում…
Ա.- Իհարկե: Եվ այլևս չփորձեք պարապ հարցերով ինձ անհանգստացնել…
(Ցած է դնում խոսփողը)

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԴՈՒՌԸ

28 Մրտ

Տանը բազմոցին մեկնված թերթ եմ կարդում, մեկ էլ լսում եմ` դուռն են ծեծում: Վեր կացա, որ գնամ բացեմ, հետո մտածում եմ. «Ասենք թե բացեցի: Իսկ եթե դռան ետևում անբանի մեկն է, որ բանուգործ չունի ու եկել է օրս փչացնելու: Ես ինձ համար նստել, թերթ եմ կարդում, իսկ նա գալու է, դատարկ-դատարկ խոսելու է մի քանի ժամ, գնալուց հետո էլ գլխացավից բացի ուրիշ ոչինչ չի մնալու: Չէ, չեմ բացի»:
Ես այսպես մտածում եմ, իսկ նա շարունակում է դուռը ծեծել: Նորից քայլ եմ անում դեպի դուռը, բայց էլի կանգ եմ առնում. «Թող ծեծի` որքան ուզում է, չեմ բացելու: Լավ բանի համար հիմա ո՞վ է ուրիշի տուն գնում: Կամ աղն է պակաս, կամ մաղը: Կարող էր, չէ՞, գալուց առաջ զանգահարել, զգուշացնել: Իսկ եթե ավազակներ են, որ եկել են օրը ցերեկով ինձ թալանելու: Հազար տարի էլ անցնի` միևնույն է, բացող չկա»:
Շվարել կանգնել եմ: Իսկ նա դուռն արդեն ավելի ուժգին է թակում: Հիմա էլ ուրիշ բան եմ մտածում. «Լավ, իսկ եթե դռան ետևում ոչ մի անբան ու ավազակ էլ չկա՞, այլ կամեցող մեկն է, որ կարևոր լուր է հաղորդելու: Իսկ եթե մերոնցից մեկնումեկին դժբախտություն է պատահե՞լ ու շտապ օգնություն է պետք: Ի՞նչ եմ առել, արձանի պես ցցվել այստեղ, երբ պետք է իսկույն դուռը բացել, իմանալ` ի՞նչ է եղել»:
Ես միջանցք եմ նետվում, արագ պտտում եմ փականը, ետ եմ հրում դուռը, իսկ շեմքին արդեն ոչ ոք չկա:

Հովիկ Չարխչյան

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ-2

25 Մրտ


Այնտեղ, ուր գերիշխում են բնության օրենքները, հարկ չկա հիասթափվելու նրանից, որ դրանք գերիշխում են: Մարդն ապրում է, որովհետև ապրում է: Մնացյալը գալիս է հետո` հանուն… վասն… ի նոցա… հաղագս… Այսպես մարդիկ փորձում են արդարացնել իրենց գոյությունը: Եվ քանի որ արդարացումը մեղքի իրավահաջորդն է, ստացվում է, որ ցանկացած գոյություն մեղք է:
Ամբոխին ևս իր գոյությունն արդարացնել է պետք: Հենց դրա համար էլ ծնունդ են առնում գաղափարները` մեկը մյուսից հրապուրիչ, ազնիվ, խելացի: Սակայն մինչ օրս դրանից աշխարհն ավելի լավը չի դարձել, որովհետև գաղափարն ապաշխարանք է, որով ազատվում են հին մեղքերից` նոր մեղքեր գործելու համար:

* * *
Բարոյախոսությու՞ն եք փնտրում: Ինչի՞ համար: Աշխարհը հազար անգամ ավելի նյութական է, քան ինքներս կցանկանայինք այն ընկալել իբրև այդպիսին: Խելահեղության պահերը միշտ էլ մնալու են ժուժկալ հոգիների շռայլությունը: Եվ կատարելությունն էլ լինելու է եղածներից լավագույնը, բայց ոչ կատարյալը: Կատարյալն ավելի մոտ է զզվելիին: Էության ու փաստի այս տարանջատում-մեկուսացումը երբ դուրս է սահում հիշողության դաշտից, երբ կիսվել-երկատվելը այլևս ցավ չի պատճառում, մեզ համար մնում է միայն բառը, որ հետզհետե գոյությունը վերածի արձանագրված փաստի, բայց ոչ խորհրդի, ուր իմաստը խնդիր չէ, քանի որ գաղտնիքն է իմացվել:

* * *
Մի ժամանակ լեռներում գայլը հարձակվում էր հոտի վրա, ճանկում ոչխարներից մեկ-երկուսին ու անհետանում: Ու մի օր էլ հովիվները զենքերն առան, ելան սարերը ու սպանեցին գայլին: Օրեր անցան, և հանկարծ ահավոր համաճարակ բռնկվեց հոտում` կոտորելով հարյուրների: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ հետապնդող գայլը ճանկում էր հոտից հետ ընկած թույլ ու տկար կենդանիներին` այդպիսով ախտահանելով ողջ հոտը: Ու միայն այն ժամանակ հովիվները հասկացան, որ գայլը հոտի առողջությունն էր: Գայլը:

* * *
Եթե որևէ հիմարություն կրկնում են շատերը, դա կոչվում է հասարակական կարծիք: Եթե այդ հիմարությունը հաստատվում է մեկ այլ հիմարությամբ, այն անվանում են ճշմարտություն: Մարդկանց մեծամասնությունը ճշմարտությունը գերադասում է հիմարությունից ճիշտ այնպես, ինչպես, ասենք, մահանալը` զոհվելուց, կամ դեգերելը` թրևելուց: Նրանք սիրում են ճշմարտությունը որոնել այնտեղ, որտեղ այն երբեք չի լինում: Որոնել անվերջ, անդադրում, համակիրների խրախուսող հայացքի ներքո, նրանց աջակցությամբ ու մասնակցությամբ: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ այն, ինչ նրանք անում են, կոչվում է բարոյական պարտք…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)

ՀՐԴԵՀԸ

24 Մրտ

Մի անգամ Հալեպում մի շուն տաջիկ… Չէ, չեղավ, այս մասին կարծես արդեն ինչ-որ մեկը պատմել է: Երանի նրան, կամ գուցե երանի նրան, ով ոչինչ չի գրում, ով մտքին եկածը մի խուլ անկյունում պատմում ու մոռանում է…
Մի տարի աշնանը մեր գյուղի խոտի դեզը ինչ-որ բանից բռնկվել, այրվում էր: Ողջ գյուղը` մեծ ու փոքր եկել, խմբվել էին դեզի շուրջ, քափ-քրտինք մտած դույլերով ջուր էին հասցնում, ձմեռվա պաշարն էին փրկում: Մուր ու ծխի մեջ մարդիկ գնում-գալիս ու… լաց էին լինում: Խոտն էին հետ քաշում ու լաց էին լինում: Խոտն իրենցը չէր, սեփական չէր, մասնավոր չէր,- կոլխոզինն էր: Բայց մարդիկ լաց էին լինում, ու նրանց արցունքների առաջ հսկա բոցերը թուլանում, դառնում էին մոմի ճրագ, որի փչել-հանգչելը մեկ էր լինելու:
Հիմա հազար անգամ մեծացել է կրակը, ծուխը ելել, երկինքն է բռնել: Ու՞ր են, ի՞նչ եղան նրանք, ինչու՞ այդքան քչացան «ջուր հասցնողները»:

Հովիկ Չարխչյան

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

9 Մրտ

Մի գյուղացի ուզում է իր կովը մորթել, բայց դե ձեռքը չի գնում: Ստիպված վեր է կենում, կանգնում է փողոցում, որ հարմար մեկին գտնի, կանչի, իր մորթն անի: Կանգնում է: Մեկ էլ տեսնում է` վռազ-վռազ մեկը գալիս է: Մոտենում է, թե` ախպեր ջան, կով ունեմ, ուզում եմ մորթել, բայց սիրտս չի տանում, չե՞ս օգնի: Էս անցորդն էլ թե` այ բարեկամ, բա ափսոս չի՞ խեղճ կենդանին, որ մորթում ես: Վաղը-մյուս օրը կաթ կտա, կաթից մածուն կքամես, պանիր ու կարագ կառնես, իսկ մորթելը միշտ էլ կա: Արի մտքիցդ հանի…
Ասում է ու գնում:
Գյուղացին մի քիչ էլ է կանգնում: Մեկ ուրիշն է գալիս: Մոտ է գնում, թե` ախպերս, չե՞ս օգնի կովս մորթենք: Սա էլ նախորդի պես վրա է տալիս, թե ո՞նց կարելի է էդ անմեղ անասունի լույսը խավարեցնել, աշխարհը` լեն ու բոլ մի դաշտ, մի տեղ կապիր, թող խոտն արածի, իր բարիքը տա, համ դու կլիանաս, համ էլ ինքը կապրի:
Ասում ու շարունակում է ճամփան:
Խեղճ գյուղացին էլի մի քանիսին է խնդրում ու նույն երգն է լսում: Վերջը, իրիկվան մոտիկ, տեսնում է` դիմացից մեկը գալիս է: Հույսը կտրած մոտենում է, թե ախպեր ջան…
Էս անցորդը հենց մորթելու անուն է լսում, դանակն առնում, ներս է մտնում, որ կովին գետնովը տա, հանկարծ գյուղացին վրա է ընկնում, թե` այ անաստված, էս ի՞նչ ես անում, բա իմ կարագը, կաթն ու պանիրը…
Շվարած մարդը նայում է սրան, նայում է կովին ու տարակուսած թողնում-գնում է:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կենդանիներն էլ իրենց ճակատագրի շրջադարձերն ունեն:

Հովիկ Չարխչյան

ՍՈՒԳԸ

8 Մրտ

Մի տուն մի օր մի սուտ բանից փուլ եկավ: Տանտերը նստեց, որ սուգ անի, մեկ էլ մի մարդ եկավ, թե` մի ողբա, մի ճար կանենք: Ու գնաց: Տանտիրոջ սիրտը տեղն ընկավ, մի աչք դառավ, ճամփեն պահեց: Մի տարի անցավ` ոչ մի լուր չառավ: Նստեց, որ մի կարգին սուգ անի, մեկ էլ տեսավ` էն նույն մարդը հրեն մեկին էլ առած գալիս է: Եկան, հասան, բարև տվին, հետո էլ թփթփացրին տանտիրոջ ուսին, թե` անհոգ մնա, մի բան որ ասել ենք, ուրեմն մի բան կանենք, ձեռքներս հո քարի տա՞կ չի: Մի-մի բաժակ էլ բան խմեցին ու գնացին: Սրանք գնացին, տանտերն էլի մենակ մնաց: Սպասեց-սպասեց, ոչ մի լուր չառավ, սուգ անելը եկավ: Այն է` ուզում էր նստել, ողբը կապել, մեկ էլ տեսավ մի անծանոթ մարդ է գալիս: Սա եկավ, շուրջը նայեց, թե.
— Էս ի՞նչ է, տունդ փու՞լ է եկել:
— Հա:
— Դե որ հա, արի մի ճար անենք, ոտքի հանենք:
Ասաց, գնաց: Գանաց` չեկավ: Սա որ չեկավ, տանտերն էլի իր տեղն արեց, նստեց, որ… Մեկ էլ տեսավ հեռվից… Սա էլ գնաց: Գնաց չեկավ… Այսպիսի բաներ:
Իսկ այս պատմությունը եկավ ասելու, որ սուգը էսօր-էգուց չեն գցի:

Հովիկ Չարխչյան

ԵՐԳԸ

7 Մրտ

Իսկ լսե՞լ եք այսպիսի պատմություն: Մի օր հանճարեղ երաժիշտը մի հանճարեղ երգ գրեց: Մարդիկ լսեցին ու չհավանեցին: Հանճարեղ երաժիշտը երկրորդ երգը հորինեց: Բոլորը կրկին դժգոհ մնացին: Երաժիշտը հորինեց երրորդը, չորրորդը, էլ ավելի լավն ու հանճարեղը: Դարձյալ դժգոհ էին մարդիկ: Եվ հուսահատված երաժիշտն իր վհատության ժամին թղթին հանձնեց մի երգ, որն ամենևին էլ լավը չէր, իսկ եթե անկեղծ լինենք, պարզապես խոտան էր: Ամբոխը ցնծությամբ ընդունեց նոր երգը, և օրեր շարունակ ամենքի շուրթերին այդ մեղեդին էր: Եվ հասկացավ հանճարեղ երաժիշտը, որ հանճարեղ լինել բոլորն էլ կարող են: Շատ ավելի դժվարը հանճարեղ չլինելն է:

Հովիկ Չարխչյան

ՊԱԿԱՍԸ

6 Մրտ

Կար-չկար` ինչ-որ բանի պակաս կար: Ու այդ պակասը այնքան շատ էր, որ չգիտեին, թե ուր լցնեն: Փնտրեցին-փնտրեցին, վերջապես գտան մի տեղ, որը ոչ մի տեղն էր: Բայց այդ ոչ մի տեղի տեղը ոչ ոք չգիտեր, բացի ոչ մեկից: Եկան, գտան այդ ոչ մեկին, խնդրեցին-աղաչեցին, թե` ի՞նչ կլինի, մեզ ասա դրա տեղը, մենք ոչ մեկին չենք ասի: Սա էլ չեմուչում արեց, թե` մինչև մի բան չտաք` չեմ ասի: Գնացին, որ մի բան գտնեն, բերեն, տան սրան: Ուր ասես, որ չհարցրեցին` ուրիշ ինչ ասես կար, բայց ոչ մի բան չկար: Վերջը հանդիպեցին մեկին, սա էլ ասաց, որ չգիտեմ որտեղ ոչ մի բան է տեսել, բայց ինչ իմանաս` ու՞մ մոտ է: Սրանք էլ վեր կացան, գնացին չգիտեմ որտեղ, տեսան ոչ մի բան էլ չկա, բայց այնքան պակաս բան կա, որ չեն իմանում ` ինչ անեն: Ճարները կտրած առան սրանց պակասը, բերեցին, խառնեցին իրենց պակասին ու հետո վեր կացան, որ գնան, մի տեղ գտնեն, եղածը լցնեն: Ու մնաց այս պատմությունը` ասելու, որ եթե մի բան չես իմանում ` մի ասա:

Հովիկ Չարխչյան

ՔԱՐԸ

6 Մրտ

Երկու մարդ փողոցում վեճի են բռնվում: Մեկը` հաղթանդամ, լայնաթիկունք մի հսկա, մյուսը` ոնց որ սովի տարին ծնված: Վեճի են բռնվում: Իրար ինչ ասես, որ չեն ասում: Մեծ բազմություն է հավաքվում: Մարդկանց մի մասը հսկային է պաշտպանում, մյուսները` էս խեղճ ու կրակին: Բացմությունը դիտում է, իսկ սրանք գոռգոռում են փողոցով մեկ: Վերջն էլ, երբ համբերությունը հատում է, էս պուճուր մարդը դես է նայում, դեն է նայում, կողքին ընկած մի գեղեցիկ, հղկված քար է տեսնում, վերցնում է այս քարն ու ուղիղ հսկայի ճակատին: Հսկան կոճղի պես փլվում է փողոցում, բազմությունն էլ գոհացած ցրվում-գնում է:
Իսկ այս պատմությունը մեկ անգամ էլ է հավաստում, որ տաշած քարը գետնին չի մնա:

Հովիկ Չարխչյան

ԿՐԱԿԸ

4 Մրտ

Սարի գլխից օր ու գիշեր բոց էր ելնում: Մարդիկ նայում ու գլուխ չէին հանում, թե ինչ հրաշք է: Ու մի օր էլ մեկն ասում է.
— Պիտի գնամ` տեսնեմ, թե այդ ի՞նչ գաղտնիք է:
Ելնում է ու գնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ոչ ոք նրան չի տեսնում:
Մարդկանց նորից համակում է անորոշությունը: Նայում են սարի կատարից ելնող կրակին ու ոչինչ չեն հասկանում: Վերջապես մեկը առաջ է գալիս, թե` հերիք է, ես եմ գնալու կրակի ակունքը գտնեմ: Էն գնալն է, որ գնում է: Այդ օրվանից ոչ ոք նրան չի տեսնում:
Անորոշությանը գումարվում է տագնապը: Կրակե լեզուները հեռվից այրում են հորիզոնը, և ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համբերությունը հատած մեկն էլ է ելնում, թե` բավական է, ինչքան հանդուրժեցինք, այս անգամ նրա վերջը կգա: Ասում ու ճամփա է ընկնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ետ չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կրակի հետ խաղ չեն անի:

Հովիկ Չարխչյան

ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆԸ

2 Մրտ

Այսպիսի պատմություն լսե՞լ եք. մի գյուղում երկու արտ է լինում` վերինն ու ներքինը: Վերին արտին տաք աչքով են նայում, և ցորենը ամռանը ծփում է փարթամ ու դեղին: Իսկ ներքին արտին ժամանակ է լինում, որ իսկի ջուր էլ չեն տալիս, դրա համար խանձվում է արևի տակ, սմքում ու չորանում: Դե, գյուղին էլ մի արտի տվածը հերիք չի անում:
Բայց գալիս է մի օր, որ պատահմամբ քանդվում է առվի թումբը, ջուրը հոսում, ողողում է ներքին արտը, հողը փափկում է հաճույքից, սերմը ուռչում է հրճվանքով: Կանաչում է ներքին արտի ցորենը, ձգվում է վեր ու դեղին ալիք է տալիս ամառվա արևի տակ: Գյուղը ցնծում է. Հիմա որ հաստատ առատ հունձք է լինելու, հիմա որ հաստատ կուշտ փորով հաց կուտեն:
Բայց ցնծության ամենաթեժ պահին ելնում է մեկը` թե էս ի՞նչ եք անում, այ ժողովուրդ, այսքանից հետո ո՞նց եք հանդուրժում, որ աճի վերին արտի ցորենը: Բա նա չէ՞ր, որ խմում էր ներքին արտի բաժին ջուրը, նա չէ՞ր մեղավորը, որ մենք էսքան քաղցած մնացինք:
Ու որովհետև գյուղում նրանից ավելի բարձր խոսող չկար, ելնում են մարդիկ ու փակում են վերև հոսող առուների ձանապարհը: Չորանում է վերին արտը, դառնում անապատ: Եվ ինչքան էլ առատ է լինում ներքին արտի բերքը, գյուղը դարձյալ նույն սովածն է մնում, որովհետև մի արտի տվածը հերիք չի անում:
Այս տխուր պատմությունն էլ ձեզնից մի խնդրանք ունի. որտեղ տեսնեք մեծ արտը վերինի ու ներքինի բաժանող մարդուն, կախ տվեք առաջին իսկ պատահած սյունից: Ու դուք էլ, եթե նեղություն չի, բացեք առուների բոլոր թմբերը:

Հովիկ Չարխչյան

ԱԹՈՌՆԵՐԸ

1 Մրտ

Շատ ժամանակներ առաջ աշխարհում մի մեծ իրարանցում եղավ: Այնքան մեծ, որ երբ ամեն բան հանդարտվեց, տեսան, որ ոչինչ իր տեղում չէ: Ու նրանք, ովքեր կոչված էին կարգի բերելու աշխարհը, փութաջանորեն գործի անցան: Նախ աթոռներից սկսեցին: Հավաքեցին բոլոր մեծ ու փոքր աթոռները, լցրեցին մի տեղ ու սկսեցին բաժանել: Մինչև կարողացան վերջին աթոռն անհրաժեշտ տեղում դնել, հոգնեցին: Շատ հոգնեցին այդ բազմաչարչար մարդիկ: Այնքան հոգնեցին, որ մոռացան մնացած բոլոր հոգսերը: Եվ ցանկացան հանգստանալ: Ու հենց այդ ժամանակ, ոնց որ պատիժ, լույս աշխարհ ընկավ մեկը, ով ահագին աղմուկ-աղաղակ բարձրացրեց: Այդ մարդն անծանոթ չէր: Երբ աշխարհը խառնում էին, ամենամեծ գործը նա արեց: Իսկ հիմա, այ քեզ անարդարություն, ամեն մեկն առել էր իր աթոռը, հանգիստ նստել, իսկ նա ոտքի վրա էր մնացել:
Հավաքվեցին նորից ժրաջան մարդիկ ու սկսեցին համոզել մոռացված մարդուն, որ նա ուշացել է, որ թող հետո գա, երբ նորից ամեն ինչ կսկսվի սկզբից:
Ու շատ նեղացավ այդ մարդը: Այնքան նեղացավ այդ մարդը, որ էլ ասելու չի: Հենց հիշում ենք` մարդու սիրտ է մղկտում: Իսկ այս պատմությունն էլ գալիս է ասելու, որ նեղացկոտությունը բնավորության վատ գիծ …

Հովիկ Չարխչյան

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

28 Փտր

Լարախաղացը երկու սյուներից պարան կապեց ու ասաց.
— Ես կարող եմ երկու ոտքով քայլել պարանի վրա:
— Չես կարող,- ասացին հավաքված մարդիկ:
Լարախաղացը վեր մագլցեց ու վազ տվեց պարանի վրայով: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ մի ոտքով քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- չհավատացին մարդիկ:
Իսկ լարախաղացը նորից բարձրացավ ու մեկ ոտքով ցատկոտեց պարանին: Մարդիկ տեսան ու զարմացան:
— Ես կարող եմ առանց որևէ ոտքի քայլել պարանի վրա,- ասաց լարախաղացը:
— Չես կարող,- հակառակվեցին մարդիկ:
Լարախաղացը վեր բարձրացավ, կանգնեց, երկու ոտքերը կտրեց պարանից, ներքև ընկավ ու մեռավ:
Մարդիկ տեսան, զարմացան և համոզվեցին, որ անսահման են մարդկային հնարավորությունները:

Հովիկ Չարխչյան

ՓՈՍԸ

28 Փտր

Լինում է, չի լինում, մի քանի տարեկան մի մարդ է լինում, որի տարիքն այս պատմության հետ ոչ մի կապ չունի: Մի անգամ այս մարդու գլխին մի մեծ փորձանք է գալիս. ընկնում է փոսը: Փոսը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, բայց քանի որ մարդն ընկել է, հո չե՞նք կարող դրա մասին լռել: Շատ է չարչարվում այս մարդը, բայց դուրս գալ չի կարողանում: Մեծ բազմություն է հավաքվում նրա շուրջը: Բազմությունը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, բայց մենք նրանց հո չե՞նք կարող անտեսել: Շատերն են փորձում օգնել դժբախտ մարդուն, բայց ոչինչ չի ստացվում: Ու այդ ժամանակ փոսին է մոտենում փողկապ կապած մի մարդ: Փողկապը այս պատմության հետ ոչ մի կապ չունի, պարզապես փողկապավոր մարդը սկսում է մխիթարանքի խոսքեր ասել: Շատ է հուզվում փոսի մեջ ընկած մարդը: Այնքան է հուզվում, որ արտասվում է ոչ այն է ուրախությունից, ոչ այն է տխրությունից: Արտասուքն էլ, ինչպես գիտեք, հենց այնպես չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ քայլելիս ոտքի տակ նայել է պետք:

Հովիկ Չարխչյան

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

27 Փտր

Մարդ ու կին են լինում: Ապրում են հաշտ ու խաղաղ: Մի օր էլ այդ մարդը վերցնում ու սպանում է կնոջը: Վիշտ, արտասուք, ողբ… Բայց դե` էլ ի՞նչ, կինը մեռել է: Շատ չանցած սա մի նոր կին է բերում: Ամեն բան կրկին իր հունն է ընկնում, ապրում են երջանիկ: Ու մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր նոր կնոջը: Անհատակ ցավից մղկտում է սիրտը, կտոր-կտոր լինում: Բայց դե` էլ ի՞նչ, կինը չկա… Ամիսներ անց մարդը նորից է ամուսնանում: Երրորդ կինը դատարկված տունը լցնում է խինդով ու երջանկությամբ: Հաշտ ու խաղաղ օրերը հաջորդում են մեկը մյուսին: Եվ մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր կնոջը: Խորունկ սուգը պատում է նրան, թվում է` աշխարհը մեկեն դատարկվեց: Բայց դե` էլ ի՞նչ…
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ անքննելին են սիրո գաղտնիքները…

Հ. Չարխչյան

ՄԵԽԸ

24 Փտր

Մարդու ոտքը մեխ էր մտել: Գնաց բժշկի մոտ.
— Բժիշկ, ոտքիս մեխը հանիր, շատ է ցավում:
Բժիշկը ուշադիր զննեց ու զարմացած ասաց.
— Ինչ մեծ մեխ է…
— Բժիշկ ջան, ախր ցավում է, շուտ արա, է,- չդիմացավ մարդը:
Բժիշկը ուշադիր զննեց ու հարցրեց.
— Որտեղի՞ց ես ճարել այս մեխը:
Մարդը տանջվում էր: Աղերսանքով բժշկի ոտքերն ընկավ.
— Փրկիր, էլ չեմ դիմանում:
Բժիշկը ուշադիր զննեց ու ասաց.
— Սա տանիքի մեխ է, իսկ ինձ դուռն ամրացնելու համար էր պետք:
Մարդը անզորությունից լաց եղավ: Իսկ բժիշկն իր մտքերի հետ էր.
— Չես պատկերացնի, թե ինչ անտանելի է ճռում մեր դուռը…
Մարդը ցավից ուշաթափվեց: Բժիշկը ուշադիր զննեց ու ափսոսանքով հոգոց հանեց.
— Բայց ինձ երկու մեխ է պետք, իսկ այստեղ ընդամենը մեկն է:
Մարդը արյունաքամ եղավ ու մեռավ: Բժիշկը շատ տխրեց նրա համար ու տրամադրությունն ընկավ:
Իսկ այս պատմությունն էլ եկավ ասելու, որ մարդկանց տխրեցնելը հեշտ է, ուրախացնելն է դժվար:

Հովիկ Չարխչյան

ԱՐԴԱՐԱԲԱՐ

24 Փտր

Եկեղեցում մի մարդ ծունկի էր եկել ու երկյուղածությամբ աղոթում էր: Մեկը մոտեցավ նրան ու հարցրեց.
— Դե, ինչպե՞ս է, օգնու՞մ է:
— Ի՞նչը,- հարցրեց հավատացյալը:
— Աղոթելը:
— Աղոթելն օգնում է, իսկ Աստված՝ ոչ,- պատասխանեց ծնրադիր մարդն ու հետաքրքրվեց:- Իսկ քե՞զ:
— Իսկ ինձ հավանաբար Աստված է օգնում, քանի որ աղոթել չգիտեմ:
Եվ սա է նաև արդարաբարը, քանի որ սա է արդարաբարը:

Հովիկ Չարխչյան

 

ԶՐՈՒՅՑ

23 Փտր

Գյուղից քաղաք գնացող ճանապարհին Պողոսը հանդիպեց Պետրոսին:
— Բարի օր,- ասաց Պողոսը։
— Բարև,- ասաց Պետրոսը։
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը քաղաքից է գալիս:
— Քաղաքից,- ասաց Պետրոսը,- իսկ դու որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց նա, թեև գիտեր, որ Պողոսը գյուղից է գալիս:
— Գյուղից,- ասաց Պողոսը:
— Հիմա ու՞ր ես գնում,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը քաղաք է գնում:
— Քաղաք,- ասաց Պողոսը:- Իսկ դու ու՞ր ես գնում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը գյուղ է գնում:
— Գյուղ,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ կա գյուղում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ գյուղում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պետրոսը:- Իսկ քաղաքում ի՞նչ կա,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ քաղաքում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պողոսը:
— Էլ ինչու՞ էիր գյուղ գնացել,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը գործով էր գյուղ գնացել:
— Գործով,- ասաց Պողոսը: -Իսկ դու ինչու՞ էիր քաղաք գնացել,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը նույնպես գործով էր քաղաք գնացել:
— Գործով,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ գործով,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը անձնական գործով էր քաղաք գնացել:
— Անձնական,- ասաց Պետրոսը:- Իսկ դու ի՞նչ գործով էիր գնացել,- թեև գիտեր, որ Պողոսը անձնական գործով էր գյուղ գնացել:
— Անձնական,- ասաց Պողոսը…
Իսկ դու, սիրելի ընթերցող, դատարկ բաներից իզուր տեղը մի սրտնեղիր. մարդ են, էլի, իրենց համար կանգնել, զրույց են անում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԵՔԻԱԹԻ ՎԵՐՋԱԲԱՆ

22 Փտր

Հեքիաթները լինում են երեք տեսակ՝ լավ հեքիաթներ, շատ լավ հեքիաթներ և ոչ այնքան: Վատ հեքիաթներ չեն լինում, քանի որ դրանց արդեն հեքիաթ չես անվանի: Ինչպես աշխարհում ամեն բան, սրանք էլ իրենց ավարտն ունեն: Եվ հենց հեքիաթի ավարտն է, որ իր մեջ պարփակում է ողջ պատմության հմայքը: Հեքիաթի վերջաբան կուզե՞ք լսել:
… Երկնքից երեք խնձոր ընկավ ու երեքն էլ՝ մեկի գլխին: Մարդը ցավից գլուխը բռնեց, հետո հավաքեց խնձորներն ու ասաց.
— Տեսնես ինչու՞ հենց իմ գլխին թափվեցին խնձորները:
— Ուրեմն դու հեքիաթ ես պատմել,- ասացին նրան:
— Չեմ պատմել,- ասաց տուժողը:
— Ուրեմն այդ հեքիաթը դու ես հորինել:
— Ես չեմ հորինել,- հրաժարվեց խնձորով մարդը:
— Իսկ դու մի հուսահատվիր,- ասացին նրան,- որովհետև երբեք ուշ չէ այդ ամենն անելու համար:
Եվ սա պատահեց, քանի որ անկայուն էր երկինքը ու անհեքիաթ ժամանակներ էին երկրի վրա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: