Tag Archives: մամուլ

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ

18 Հլս

«Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար աչքերով, հազար հազար ականջներով, հազար հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հասնում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարող կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «կեղտոտ» եք: Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան…»։

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆTomanian

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

10 Նյմ

2 ՄԻԼԻՈՆ։ ԵՎ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ՊԱԿԱՍ

Վիրավորանքի ու զրպարտության մասին օրենքի ապաքրեականացումը դարձյալ ակտիվացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, «Չենք լռելու» հասարակական շարժմանը… Ներկայացվում է վիճակագրություն, թե քանի քաղաքական գործիչ ու օլիգարխ է հայց ներկայացրել լրատվամիջոցների դեմ` ընդ որում, որպես սեփական պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու միակ միջոց դիտելով 2 միլիոն դրամ եւ ավելի ֆինանսական փոխհատուցումը: Կարելի է բողոքել օրենքի փոփոխության դեմ, ոտքերով դոփել հատակին, սակայն իրականությունն այն է, որ մենք` լրագրողներս, եւս շատ խոցելի ենք պրոֆեսիոնալիզմի, գռեհկությունն ու ազատությունը շփոթելու, օբյեկտիվ չլինելու տեսանկյունից: Ազնիվ ու հմուտ քիչ լրագրողների շնորհիվ է, որ լրագրողները եւ լրագրությունն` առհասարակ, դեռ որոշակի հեղինակություն են վայելում: Նման լրագրողներից մեկն է «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա եւ նախկին լրագրող, այժմ` գրող Հովիկ Չարխչյանի հետ փորձել ենք հասկանալ` ինչո՞ւ են լրատվամիջոցներն այսօր այդքան խոցելի: Ի վերջո, քաղաքական պատվերի, կաշառված դատավորների ոչ օբյեկտիվ վճիռների հարեւանությամբ արդար չէ չնկատել, որ լրատվամիջոցներին եւս հատուկ են բոլոր այն արատները, որոնք կան մյուս բոլոր ոլորտներում:

Է.Բ. — Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ` հաշվի առեք, որ լրագրությունը մի կերպ տունը պահելու մասնագիտություն է, ամենացածր վարձատրվող, եթե, իհարկե, գործարքի մեջ չես մտնում եւ փող ես աշխատում լրագրությամբ (թեեւ այսօր հարուստ, օլիգարխ լրագրողներ էլ ունենք): Երբ մամուլի ասուլիսի ես գնում, մոտ 30 երեխաների ես տեսնում, որոնք ձայնագրիչները միացրած` ձայնագրում են: Լրագրությունը նրանց համար դա է: Մի ուսանող ունեի, աշխատում էր, մի օր ասաց. «Ասուլիսի եմ գնում»: Հարցրեցի.«Ո՞ւմ ասուլիսն է»: Ասաց` չգիտեմ: Հասկանո՞ւմ եք:

Հ.Չ. — Երբ զրուցում եմ երիտասարդ լրագրողների հետ, տարակուսում են, երբ, օրինակ, ասում եմ` պետք է գիրք կարդալ: Դե արի մարդուն բացատրի` կա խոսքի մշակույթ, միտքը շարադրելու հմտություն: Մարդկանց մի խումբ իր իմացած 300 բառերի շրջանակում կարող են դարեր շարունակ զբաղվել լրագրությամբ: Թող ինձ ներեն նաեւ իմ ընկերները. ինձ երբեմն ասում են, թե ովքեր են լրագրություն դասավանդում այսօր բուհերում, ու ես ասում եմ` այդ մարդիկ իրենք ունեն ուսանելու, կրթվելու կարիք:

— Հովի՛կ, եթե չեմ սխալվում, հրավիրվել էիք հեռուստատեսություն. ուղիղ եթեր էր, զրուցելու էիք Ձեր նոր գրքի մասին, եւ հաղորդումը սկսվելուց րոպեներ առաջ փորձել էին Ձեզնից էլ ճշտել` ինչի՞ մասին է գիրքը: Եվ, առհասարակ, ի՞նչ է Ձեր անունը:

Է.Բ. — Հետո անունդ էլ են սխալ գրում կամ այնպե՜ս են ներկայացնում… Երբ ես թրաֆիկինգի մասին էի գրում, խնդիրը համակողմանի ուսումնասիրել էի: «Ար»-ով Մերուժան Տեր-Գուլանյանի աղջիկը թոք-շոուի հրավիրեց եւ ինձ ներկայացրեց որպես «մարմնավաճառության փորձագետ»:

Հ.Չ. — «Արմենիա» հեռուստաընկերություն էի հրավիրվել ուղիղ եթերի, եւ գովազդի ժամանակ հաղորդավարն ինձ խնդրում է փրկել իրեն, որովհետեւ հենց նոր ինչ-որ հիմարություն էր ասել, եւ պետք էր իրավիճակը պարզապես փրկել:

— Էդի՛կ, Դուք մեկն ենք այն խմբագիրներից, ովքեր դժգոհ են Վիրավորանքի ու զրպարտության օրենքի ապաքրեականացումից: Մի կողմից` ակնհայտ է, որ այն կարող է ծառայեցվել լրատվամիջոցների դեմ, մյուս կողմից` ինչո՞ւ չարձանագրենք, որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ լրագրողների անկրթությունից, տգիտությունից, ոչ օբյեկտիվությունից պաշտպանվելու անհրաժեշտություն ունեն:

Է.Բ. — Երբ ասում են` լրագրողը պաշտպանված չէ, ամենապաշտպանվածն այսօր մամուլն է: Սոցիալական բոլոր խավերից ամենապաշտպանվածը լրագրողներն են, որովհետեւ նրանք ունեն իրենց զենքը` մի բան լինի, ամբողջ աշխարհն իմանում է: Իսկ եթե, օրինակ, Վարդենիսի ոստիկանության բաժանմունքում մեկը ենթարկվում է բռնության, դրա մասին ոչ ոք չի իմանում: Խնդիրն այն է, որ Վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենքով դրվել է փոխհատուցում` սկսած 2 միլիոն դրամից: Բայց մամուլը, հատկապես տպագիր մամուլը, Հայաստանում այնքան միջոցներ չունի, որ դրա տակից դուրս գա: Հիմա էլ ի պաշտպանություն լրատվամիջոցների` խառնվել է մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ). կարծես այս օրենքի հեղինակն ինքը չէ: Թերթերին պաշտպանելու փոխարեն` ՄԻՊ-ը թող գնա մարդկանց պաշտպանի: Իսկ նա զբաղված է ինքնագովազդով` տեսախցիկների առաջ հաշմանդամի սայլն է քշում, եւ այլն: Եվ հետո, Հայաստանում օրենքի խնդիր չկա, բոլոր օրենքները նորմալ են, եթե աշխատեն: Այսօր ունենք ինֆորմացիա ստանալու ազատության մասին օրենք: Փորձիր քեզ հետաքրքրող որեւէ տեղեկատվություն ստանալ: Մի մրցույթում շահել է բնապահպանության նախարարի` Եղվարդում գրանցված ընկերությունը: Կարո՞ղ եք ինձ բացատրել` ինչպե՞ս կարող է Բնապահպանության նախարարությունը տենդեր հայտարարի եւ շահի նախարարի ներկայացրած հայտը: Իսկ ինֆորմացիան գաղտնի են պահում:

— Անկախ ամեն ինչից` 2 միլիոն կամ ավելի գումար վճարելը բարդ խնդիր է յուրաքանչյուր լրատվամիջոցի համար: Բարդ, բայց ոչ անլուծելի: Եթե մնանք օբյեկտիվության շրջանակներում, ակնհայտ երեւում է` ո՛ր լրատվամիջոցի թիկունքին քաղաքական ո՛ր ուժն է, ո՛ր օլիգարխը:

Հ.Չ. — Գումարի ծավալը` մի կողմ: Մեր արդարադատության համակարգն այնպիսին է, որ նրանից արդարացի վճիռ ակնկալելը բարդ է: Բայց տեսեք` մի կողմում լրագրողներն են, նրանց համակիրները, խոսքի, մամուլի իրավունքի պաշտպանները, մյուս կողմում` իշխանությունները, օլիգախները, մարդիկ, որոնք ոչ մի գնով չէին ցանկանա հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում: Ի՞նչ են ուզում այս երկու խմբերը` առաջինն ուզում է վերահսկելի դարձնել մամուլը, լինել անխոցելի, իսկ լրատվամիջոցներն ուզում են լիակատար ազատություն, անվերահսկելիություն: Առավոտից երեկո չի կարելի լրագրողներին քարշ տալ դատարան, մեծ գումարներ պահանջել, մյուս կողմից էլ` չի կարելի վիրավորել մարդկանց, նրանց զրպարտել, ապատեղեկատվություն հրապարակել: Վերջին շրջանում լրագրողները շատ խորամանկ ձեւակերպումներ են օգտագործում մամուլում. «Ըստ մեզ հասած տեղեկությունների` այսինչ այսինչյանը այսինչ բանն է արել: Մենք ճշտեցինք, որ դա իրականությանը չի համապատասխանում»: Մարդուն վիրավորեցին, զրպարտեցին, բայց վերջին տողով իրենց ապահովագրեցին:

— Նշեցիք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց փորձում է լինել հնարավորինս ազատ: Ինքս մոտ 15 տարի այս դաշտում եմ եւ որքան պատկերացնում եմ` լրատվամիջոցները ոչ այնքան փորձում են լինել լիակատար ազատ, որքան ցանկանում են կամավոր ընտրել իրենց անազատության, կախվածության աստիճանը: Այլ կերպ ասած` հնարավորինս թանկ վաճառել իրենց անազատությունը:

Է.Բ. — Թերթի քաղաքականությունը որոշում է տվյալ թերթի խմբագիրը: Նա լավ գիտի` իր լրագրողն ում հետ ճաշեց, ումից կաշառք վերցրեց հարցազրույցի համար: Յուրաքանչյուր լրատվամիջոց որոշում է իր վիրավորելու, զրպարտելու սահմանները: Ես այս հարցում միշտ մեղադրում եմ իշխանություններին. լրատվամիջոցների անպատասխանատվությունն իշխանությունների անպատասխանատվության հետեւանքն է: Իշխանությունները շատ օպերատիվ արձագանքում են զրպարտանքին: Երբ լուրջ բան ես գրում, չեն արձագանքում: 15 օր առաջ գրեցինք, որ Դաստակերտի պոչամբարը` 1 միլիոն տոննա թունավոր խտանյութ` մեջը, հոսում է դեպի Տոլորսի ջրամբար: Որեւէ արձագանք չկա: Եթե գրենք` «Հանցագործ այսինչ պաշտոնյայի պատճառով Տոլորսի ջրամբար է լցվում 1 մլն տոննա թունավոր խտանյութ», վարչապետը նոր կարձագանքի: Խնդիրը սա է:

Հ.Չ. — Ասում եք` լրագրողները սպասարկում են այսինչի կամ այնինչի շահերը, գումար են վերցնում հարցազրույցի համար, բայց եկեք ֆիքսենք, որ լավ օրից չէ դա:

— Նույն հիմնավորումը կարող է բերել կոռումպացված ցանկացած չինովնիկ:

Հ.Չ. — Չեմ արդարացնում: Կա կոնկրետ հակակրանքի, գաղափարական կողմնորոշման խնդիր: Սակայն դա չպետք է խանգարի անաչառությանը: Եթե լրագրողը հետեւում է էթիկայի կանոններին, ասելիքը դրանից ընդհանրապես չի տուժում: Հակառակը` լրագրողը դառնում է ավելի հարգված, ընթերցվող: Եվ եթե մեծ գումարներ դրանից չես կարող ստանալ, պրոֆեսիոնալիզմը փոխհատուցվում է քո անձի հանդեպ հարգանքով: Ինչ վերաբերում է Էդիկի այն մտքին, թե իշխանությունները չեն արձագանքում լուրջ հոդվածներին, իհա՛րկե չեն արձագանքի: Վիրավորանքին արձագանքում են արագ, քանի որ այդ դաշտում պայքարելը հեշտ է…

— …Եվ շահավետ` կարող ես վաճառքի հանել խոցված արժանապատվությունդ եւ մինչ այդ բոլորին անհայտ «բարի համբավդ»: Եվ այդ ամենը գնահատել 2 միլիոնից ոչ մի լումա պակաս:

Հ.Չ. — ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Արարատից Երեւան էի վերադառնում: Հասանք Արտաշատ: Կարծես արտակարգ իրավիճակ լիներ` կարմիր բերետավորներ, Ոստիկանության մեքենաներ: Կարճ ասած` փակել էին Երեւան եկող ճանապարհը: Գիշերվա ինչ-որ ժամի հասա Երեւան, եւ առաջինը, որ տեսա հեռուստատեսությամբ` Ոստիկանապետն ասում էր` ես ոչ մի ճանապարհ չեմ փակել: Հիմա` ես այդ ամենի ականատեսն եմ: Եթե ասեմ` ես տեսել եմ փակ ճանապարհը, պիտի ասեն` զրպարտում է ոստիկանապետին: Հակառակ դեպքում` սուտ է խոսում ոստիկանապետը: Իսկ քանի՞ անգամ է նա պատժվել: Կամ Պաշտպանության նախարարը քանի՞ անգամ է պատժվել, երբ զինվորի սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Լավ գիտենք` երկրում կան փակ համակարգեր: Օրինակ` մարդ ինչպե՞ս լուսաբանի բանակում տեղի ունեցող իրադարձությունները, երբ մուտքն այդ համակարգ փակ է:

Է.Բ. — Երբ լրագրությամբ ես զբաղվում, ուզում ես ինչ-որ բան փոխել: Թե չէ ամեն օր հայտնի կենդանու պես աշխատում ես, իսկ շուրջդ ոչինչ չի փոխվում: Այս պեդոֆիլի (Սերոբ Տեր-Պողոսյանի.- Լ.Ա.) պատմությանն եմ ուզում անդրադառնալ: Դեռեւս 2,5 տարի առաջ այդ մասին գիտեի` երեխաների անուն-ազգանուններով, գիտեի` ուր է տանում նրանց: Եթե հրապարակեինք, մեզ պարզապես դատի կտային: Ինքն էլ բոլոր նախագահների հետ մոտ է, լուսանկարներ ունի նրանց հետ, լրատվամիջոցներին էլ պարբերաբար փող էր տալիս` փայլուն, լուսավոր հոդվածներ, նկարներ… Մի կողմից` տանջվում ես, գիտես, որ մանկապիղծ է, մյուս կողմից` գիտես, որ թերթդ դրանով կփակվի, որովհետեւ ինքը կառներ ամբողջ դատական համակարգը, քո դեմ քրեական գործ կհարուցեր, քեզ կնստացնեին` մեղադրելով, թե վիրավորել ես ամերիկացի ինչ-որ բիզնեսմենի: Հետո արդեն, երբ կոնկրետ ապացույց ունեի` տեսագրություն, հրապարակեցինք հոդված: (Գիտեք, երբ ես նայեցի էդ տեսագրությունը, առաջին ցանկությունս այդ մարդուն սպանելն էր): Հոդվածից հետո ամբողջ 10 օր իրավապահները լռում էին: Եվ այդ օրերին տարբեր պաշտոնյաների ցանկությամբ հանդիպել եմ իրենց հետ. նրանք փորձում էին պարզել` իրո՞ք ունեմ ես այդ տեսաժապավենը: Ես հասկացնում էի` եթե այդ գործին ընթացք չտրվի, ես այդ վիդեոն, որքան էլ դա էթիկայի խախտում լիներ, կդնեմ համացանցում: Եվ, կարծում եմ, սա օգնեց: Բարեբախտաբար, քրեական գործ հարուցվեց: Ամբողջ Ալավերդին դրա մասին խոսում էր, դրա մասին գիտեին ուսուցիչները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարզային կառույցները, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանապետը: Գիտեին, ու բոլորը մնացել են անպատիժ: Իսկ Սերոբի հետ այսօր պետք է դատվեին շատերը: Չկան նրա թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա ազատ սեքսը: Կասկածում եմ, որ նա ինչ-որ պեդոֆիլ ծերուկների համաշխարհային ցանցի մեջ է: Ի դեպ, նրանք պարբերաբար գալիս էին Հայաստան, եւ ես վստահ եմ, որ Սերոբն այդ երեխաներով «հյուրասիրում» էր նրանց: Պատահական չէ, որ նա պահարանից գաղտնի նկարահանում էր իրենց սեքսը: Ընդ որում` խմբակային: Իսկ այդ մարդն ամեն օր ոստիկանապետի հետ էր հանդիպում, Ոստիկանությանը բարեգործություն էր անում: Երբ արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցրեցինք` ասաց. «Հա՛, ինքը բարեգործություն էր անում»: Ի՞նչ է նշանակում` ոստիկաններին բարեգործություն անել: Կարո՞ղ է մեկը բացատրել` ինչո՞ւ են իշխանությունները նրան` որպես սեփականություն, նվիրել Ամիրյանցի տունը:

Հ.Չ. — Մամուլը մեր երկրում դառնում է համարձակության հետաքրքիր սանդղակ: Այսօրվա ընթերցողը հրապարակումների համարձակությունից է դատում` երկրում ի՞նչ չափով կարելի է համարձակ լինել, բարձրաձայնել սեփական խնդիրները: Օրինակ` մի քանի շաբաթ առաջ ինձ զանգ տվեցին Արցախից ու խնդրեցին գրել, որ երկու զինվոր զորամասից փախել են` սպաների անմարդկային վերաբերմունքի պատճառով: Մեկ ժամ հետո նույն ծնողները զանգահարեցին եւ խնդրեցին այդ մասին չգրել, քանի որ երեխաներին կվտանգեն եւ, որ կփորձեն ներքին կարգով այդ հարցերը լուծել: Մարդիկ տագնապ ունեն` կպատժվեն, եթե անարդարությունը հրապարակային դարձնեն:

— Բանն այն է, որ նրանց անհանգստությունն ամենեւին անհիմն չէ: Զրույցի ընթացքում հիշեցիք արդեն նախկին ոստիկանապետին: Չեմ կարող չհետաքրքրվել` Ձեր կարծիքը պաշտոնանկությունների, հրաժարականների մասին: Թեեւ ամեն ինչ կարծես պարզ է` իշխանությունները չեն էլ թաքցնում, որ սա քայլ է` միտված համակարգի վերարտադրությանը:

Է.Բ. — Ընտրությունների են պատրաստվում: Դատելով Սերժ Սարգսյանի ելույթից` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ վատ էր աշխատում: Հովիկ Աբրահամյանին լսելով` ուզում ես ծիծաղել, երբ ասում է` շտաբի պետն ավելի բարձր պաշտոն է, քան ԱԺ նախագահը:

— Չեք կարող ժխտել` հավատարմությունը ցուցադրելու առումով` ավելի՛ հարմար աշխատանք է, քան ԱԺ նախագահինը:

Է.Բ. — Հասկանալի է: Եթե Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բանի համար պատժվեր, կասեի` փոփոխությունները համակարգային են: Ի վերջո, նա այս երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա երբեք բիզնեսով չի զբաղվել: Նրա կենսագրությանը նայելիս` զարմանում ես` ե՞րբ է հասցրել այդքան հարստություն կուտակել: ԱԺ նախագահը ինչպե՞ս դարձավ միլիոնատեր: Թող ինձ ինչ-որ մեկը բացատրի:

Հ.Չ. — Հավատարմության երդումները ծիծաղելի էին. անգամ սիրող ամուսինները հավատարմության նման երդումներ չեն տալիս միմյանց: Պետական գործիչը առավելագույնս կարող է հավատարիմ լինել իր սկզբունքներին, քաղաքական հավատամքին, լա՛վ, քաղաքական մի ուժի: Բայց վերցնել ու մի անձին երդվել, չափազանց էր: Ես եւս սա ընկալեցի որպես կադրային եւ ոչ երբեք` համակարգային փոփոխություններ: Երկրում, ամեն դեպքում, շարունակվում է որեւէ լուրջ բան չկատարվել:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Նոյեմբեր 8, 2011

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հկտ

ՔԱՆԻ ԴԵՌ ՀԵՏՆԱՄՈՒՏՔԻՑ ԿՄՏՆԵՆ

Բանակում վերջին ամիսների մահվան դեպքերի կապակցությամբ զրուցել ենք գրականագետ, 1996-98 թթ. ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ Հովիկ Չարխչյանի հետ

Պարոն Չարխչյան, Ձեր վերջին հոդվածը բանակում, հատկապես «Եղնիկներում» վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված մահվան դեպքերի մասին է: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում այսօր մեր բանակում:

Մեր բանակում ոչ մի լավ բան չի կատարվում: Սեպտեմբերի 21-ի շքերթի վառ տպավորություններից հետո միանգամից խորը գահավիժում տեղի ունեցավ, և պետք է հոգեբանորեն պատրաստ լինել տեղավորվելու այդ երկու ծայրահեղությունների միջև: Մենք մի դեպքում ասում ենք, որ կայացած բանակ ունենք, հրաշալի տեխնիկա ենք ցուցադրում, մյուս կողմից հասկանում ենք, որ այդ հրաշալի տեխնիկան կիրառելու համար մենք չունենք նույնքան ամուր, նույնքան երկաթե կարգապահությամբ զինուժ, որին կարող ենք վստահել մեր երկրի անվտանգությունը, մեր վաղվա օրը: Բացի այդ, սա մարդկային ողբերգություն է, այնտեղ մեր երեխաներն են սպանվում, ընդ որում` սպանվում են ոչ թե թշնամու գնդակից, այլ սպաների դաժանություններից, խոշտանգումներից, իրենց զինակից ընկերների անմարդկային վերաբերմունքից: Ընդհանուր պատկերը նայելով` հասկանում ես մի պարզ բան` այդ երեխաների անվտանգության համար պատասխանատու է սպայակազմը, որը պետք է ապահովի այդ հարաբերությունների կանոնադրական վիճակը, և եթե սպայակազմը թերանում է, պետք է պատասխանատվության կանչել թիվ մեկ պատասխանատուին`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով արդեն 4-5 տարի է` մի բան է ապացուցում, որ նա պարզապես ընդունակ չէ այդ բարդ կառույցի ղեկավարը լինելու, մարդը չունի այդ ընդունակությունները:

Դուք 1996-98թթ. եղել եք ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ: Ի՞նչ վիճակագրություն կա այն ժամանակ տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ:

Բոլորս գիտենք` այն ժամանակ շատ ավելի բարդ և շատ ավելի անմխիթար վիճակ էր, բայց մենք հասկանում էինք` մի ժամանակահատված էր, երբ բանակը անմիջապես հաջորդել էր պատերազմին և դեռևս իր կայացման փուլում էր, դեռևս ամբողջական վիճակի չէր եկել: Դեռ նոր կամավորական ջոկատներից բանակ էր ձևավորվում, չկային պատրաստի կադրեր, չկար այն ակադեմիան, որն այսօր գործում է, մեր սպաները գնում սովորում էին ռուսական, հունական, եվրոպական այլ երկրների ռազմական ուսումնարաններում, գալիս համալրում էին այդ կազմը, և հրամանատարական կազմի հիմնական մասը հենց այդ կամավոր տղաներն էին: Հասկանալի էր, որ նրանց մեծ պահանջներ ներկայացնել անհնար էր: Օրինակ` հիշում եմ` տարի կար մինչև 200 զոհ էինք ունենում, բայց ամբողջ պրոցեսը նրանում էր, որ մենք տարեցտարի ակնկալում ենք փոփոխություն:

Զինդատախազ Գևորգ Կոստանյանը ասում է, որ դեպքերի աճ չկա, նույնիսկ ասում է, որ առժամանակ հետո իրենք պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգան և ցույց կտան, որ ընդհակառակը, դեպքերի կտրուկ նվազում կա:

Հասարակությունն իր վիճակագրությունն ունի, զինվորական դատախազը` իր, և դրանք իրարից շատ են տարբերվում: Ես ընդամենն իրեն մի հարցով պատասխանեմ` մենք ի՞նչ դեպքերի մասին ենք սովորաբար իմանում, այն դեպքերի մասին, որոնց մասին իմանում է լրագրողը, ոչ թե այն դեպքերի մասին, որ ՊՆ է հայտարարում: Եթե լրագրողները չիմանան, մենք այդ ամենի մասին երբեք չենք իմանա: Բացի այդ, զինդատախազին ուզում եմ հիշեցնել, որ մենք իմանում ենք միայն մահվան դեպքերի մասին, իսկ մյուս հանցագործությունների մասին մենք ոչինչ չգիտենք, ի՞նչ գիտենք այնտեղ ինչքան կանոնադրական խախտումներ, փախուստներ, ինքնախեղումներ և այլ բաներ չեն կատարվում, ինչո՞ւ դրանք չեն հրապարակում:

Վերջերս սակայն բանակում բռնաբարության, հոգեկան խանգարման դեպքեր հանրությանը պարզ դարձան:

Այդ մասին դարձյալ իմացանք այն ժամանակ, երբ գրեցին լրագրողները և այդ մասին բարձրաձայնեցին ծնողները, բայց տասնյակ, հարյուրավոր դեպքեր կան, երբ ծնողները վախենում են այդ մասին բարձրաձայն հրապարակել, և մենք պարզապես չենք իմանում` ինչեր են կատարվում այնտեղ: Ես բավական մոտ եմ կանգնած եղել այդ համակարգին և նախկինում, և հետո էլ, երկու տղա եմ բանակում ունեցել, և անընդհատ տեղյակ եմ այնտեղ ինչ բարքեր են կատարվում, և լավը գիտեմ, կան հրաշալի սպաներ, որոնք իսկապես արժանի են մեր բանակի սպա կոչվելու բարձր պատվին, և նաև գիտեմ այն տականքներին, թափթփուկներին անուն առ անուն. պետք չէ այդպիսի վիճակագրությամբ փորձել ընդհանուր պատկեր ներկայացնել: Դիա՞կ են բերում սահմանից, վերջ, ուրեմն ամեն ինչ վատ է, կարևոր չէ՝ մեկն է, տասն է, հարյուրն է, ողբերգությունը մնում է ողբերգություն, մահերի քանակով չի որոշվում ողբերգության ծավալների մեծությունը կամ ահռելիությունը: Այնպես որ, պարոն Կոստանյանը թող իր վիճակագրությունը պահի իր անձնական օգտագործման համար, հասարակությունը բոլորովին այլ վերաբերմունք, այլ կարծիք ունի այդ ամենի մասին:

Հասարակությունն այս առումով ավելի պահանջատեր է դարձել, պահանջում է նախագահից մինչև նախարար հրաժարական:

Կարևորագույն ձեռքբերում է այն, որ հասարակությունը հասկանում է` բանակը ոչ թե պաշտպանության նախարարությանն է, այլ իրենը, բանակը մերն է: Մենք նրա համար անհանգստանում ենք, մեր սիրտը ցավում է: Այնպես որ, հասարակության ցանկացած արձագանք կարելի է որակել միայն իբրև դրական արձագանք: Երբ բժիշկը գալիս է հիվանդին ասում է, թե նա ինչ հիվանդություն ունի, չի գալիս, որ սպանի նրան, գալիս է`բուժի: Նույնն էլ հասարակությունը, երբ մատը դնում է խոցելի տեղերի վրա և ցույց է տալիս վարակի աղբյուրը, մի նպատակով է ցույց տալիս` որ այդ հիվանդ օրգանիզմը առողջանա: Եվ անիմաստ են բանակի վերանախավի հիվանդագին արձագանքները, ցնցումները, ճղճղանքները, դրանք ոչ մի բանի չեն հանգեցնի: Սա ինքնապաշտպանական ռեակցիա է, բայց ինչի՞ց են նրանք պաշտպանվում, ուրեմն ինչ-որ բան արե՞լ են, որ պաշտպանվում են:

Ավելի շատ հնչում է այն կարծիքը, որ այս ամենը Պաշտպանության նախարարի դեմ է արվում, այս կերպ են նրանք մեկնաբանում:

Սեյրան Օհանյանը դրա կարիքը չունի, որովհետև նա շատ լավ ինքն իր դեմ աշխատում է: Նա այնքան վատ է աշխատում, որ կարիք չկա կողքից միջնորդավորված ինչ-որ բան անել: Սեյրան Օհանյանն մի քանի տարի է պաշտպանության նախարար է, ի՞նչ փոփոխություն է կատարել բանակի միջավայրում: Հասկացա, մի քանի միլիոնի զենք գնեց, յուրաքանչյուր մեկն էլ կարող էր նման գործարք անել, սա արտաքին օղակներում, իսկ բանակի ներքի՞ն օղակներում… ներքին կանոնակարգի մեջ ի՞նչ փոփոխություն է արել: Օրերս մեծ հպարտությամբ հայտարարել էր, որ զինվորներ են մահացել Արմավիրում և մարդկանց գրավոր նկատողություն է տալիս, այ քեզ բան, մահվան դիմաց նկատողություն ես տալիս, ինչ համարժեք, համաչափ է: Առավոտից իրիկուն անողնաշար, անանուն հասարակական խորհուրդներ և կառույցներ են ստեղծում, մի հարցնող լինի` ի՞նչ են դրանք անում, ի՞նչ է դրանց զբաղմունքի առարկան, ովքե՞ր են այդ մարդիկ, որտեղի՞ց են դրանց գտնում, տանում այդ խորհուրդների կազմում ընդգրկում:

Հիմնականում զոհված զինվորների մայրեր են ՊՆ կից հոգաբարձուների խորհրդում` Մարգարիտա Խաչատրյանը, Գրետա Միրզորյանը և այլն:

Մարգարիտա Խաչատրյանին վաղուց եմ ճանաչում, ավելորդ է նրա արած-չարած աշխատանքների մասին խոսել: Ես ընդամենը մի սովորական քաղաքացի եմ, որն անհանգստացած է բանակով, երկրի ճակատագրով, բայց նաև կույր և խուլ չէ, տեսնում է` ինչ է կատարվում առաջնային գծում, թիկունքային մասերում, մեզ ընդամենը ուժեղ ձեռք ունեցող և ուղեղում խելք ունեցող ղեկավարություն է պետք, որ կարողանա այդ ամեն ինչը տեղը դնի, ընդամենը ցանկություն է պետք:

Այսինքն` ելքը ղեկավարության փոփոխությա՞ն մեջ եք տեսնում:

Երբ մեքենան շարժվում է, շատ կարևոր է, թե ով է վարորդը, ըստ դրա որոշում ես` այդ մեքենան ուղիղ ճանապարհո՞վ կգնա, թե՞ դուրս կգա ճանապարհից և անդունդը կգլորվի: Այնպես որ, յուրաքանչյուր պետական մարմին, պետական կառույցի հաջողություն մեծապես կախված է նրանից, թե ով է ղեկավարում այդ կառույցը և ինչպես է ղեկավարում:

Հնարավոր չէ՞ վարորդը սկզբում վատ վարել իմանա, ընթացքում հմտանա:

Երեխաների գլուխն ուտի ու հետո դրա հաշվին հմտանա՞: 20 տարվա անկախություն ունեցող երկիրն իրավունք չունի վատ վարորդներ ունենալու: Երբ վարորդներ էին 91-92 թթ., ասում էին`լավ, երկիրը նոր է ստեղծվել, նոր է կայանում, չունենք պատրաստի կադրեր և այլն, 20-40 տարի հետո էլ ասե՞նք նույնը: Հիշո՞ւմ եք, մի ժամանակ ասում էին անցումային փուլում ենք…

Հիմա էլ են ասում:

Հիմա ոչ ոք չգիտի`այդ անտեր մնացածը ինչքան է տևելու: Մի քանի հարյուրամյակ մենք անունը դնելու ենք անցումայի՞ն, անցումային փուլը չանցա՞վ, թե՞ գուցե հետ ենք նահաջել և վախենում ենք այդ մասին ասել, որ եկանք հասանք այդ գծին, որ պետք է անցնեինք, չանցանք և հետ նահանջեցինք: Մեր բանակը վաղուց պետք է ունենար այդ մարդկանց, ովքեր կարող էին վարպես վարողների նման այդ մեքենան հասցնել իր նպատակակետ, ինչո՞ւ ենք մենք անընդհատ փնտրտուքների մեջ, ինչու ենք անորոշ անձերով և կադրերով համալրում այս հսկայական պատասխանատու կառույցը և հետո ողբում` ինչու այդպես եղավ: Մեր հրամանատարությունը մոլորության մեջ է, մոռանում է, որ այնտեղ մեր երեխաներն են, ովքեր մեծ հնարավորություն ունեն մանրամասն պատմելու` այնտեղ ինչ է կատարվում:

Մենք տեսնում ենք, որ հիմնականում զինվորներ են դատվում, սպանություններն ինքնասպանություն որակվում:

Ինքնասպանվող զինվորը տասնհինգ րոպեում այդ որոշումը չի կայացնում, դրա համար ժամանակ և հանգամանքներ են պետք, դրա համար տրամադրություն և հասունացում է պետք, իսկ ո՞ւր էր այդ ընթացքում հրամանատարությունը, որ չէր տեսում այդ ամենը: Ի վերջո, ՊՆ մեծագույն թերություններից մեկը ռազմական ոստիկանություն և զինվորական դատախազություն փոխկապակցումն է, իրենք իրար վերահսկում են ներսից, պետք է վերացնել այդ կառույցները, պետք է անկախ մարմին լինի, որ կարողանա հետաքննություն անցկացնել և անկախ որոշումներ կայացնել: Զինվորականին ուղարկում են զինվորականին դատելու, իսկ պարզ է, որ այնտեղ շատ հեշտ է մեղքը բարդել մեռած զինվորի վրա: Իսկ անկախ քննչական մարմինը ուրիշ հայացքով կնայեր այդ ամենին: Նման կառույցների գործունեությունը բանակի ներսում համարում եմ աննպատակահարմար և նույնիսկ վնաս հասցնող:

Նաև կարծիք է հնչում, որ բանակում մեր զինվորներին հոգեբաններ և հոգևորականներ են պետք:

Երկուսի գործունեությոնն էլ տեսանք: Ես զորամասերում հանդիպել եմ հոգևորականների, ովքեր բացարձակապես ոչինչ չեն անում: Զրուցել եմ նրանցից մի քանիսի հետ, ասում են` այստեղ ոչ մեկը մեր կարիքը չունի, հրամանատարությունը մեզ անհարգալից է վերաբերվում, առանձնապես չի օժանդակում, իսկ մենք ծառայությունից խուսափելու համար ենք այստեղ, ժամ ենք անցկացնում, գնում տուն, նույնն էլ հոգեբանները:
Ու այնքան ժամանակ, քանի դեռ մեր նախարարը և մյուս պաշտոնյաները մարդկանցից խուսափելու համար կառավարության հետնամուտքից կմտնեն իրենց աշխատավայրերը, այս երկրում ոչ մի բան իր տեղը չի ընկնի, քանի դեռ պաշտոնյան մարդկանց աչքերում ուղիղ նայելու և պատասխանատվություն ստանձնելու ուժը չունի, ինչ առաջընթացի և լավ ցուցանիշների մասին է խոսքը:

Սիրանույշ Պապյան

ԲՈՆԱՊԱՐՏՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

19 Օգս

Մամուլի և լրագրողների մասին խոսելիս կամա թե ակամա մտաբերում եմ պատմության մի դրվագ, որ առնչվում է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հռչակավոր «Հարյուր օրերի» հետ: 1815 թվին Նապոլեոնը փախուստ տվեց իր աքսորավայր Էլբա կղզուց և մի խումբ համախոհների հետ ոտք դրեց Ֆրանսիայի ափերին: Իսկ այնուհետ գահընկեց կայսրի հաղթահարած յուրաքանչյուր կիլոմետրի հետ փոփոխվում էր նաև այդ մասին տեղեկություն հաղորդող թերթերի վերնագրերի հնչերանգն ու վերաբերմունքը. «Հրեշը ազատ է արձակվել», «Բորենին Կաննում է», «Բռնակալը Լիոնում է», «Ուզուրպատորը գտնվում է մայրաքաղաքից վաթսուն ժամ հեռավորության վրա», «Բոնապարտը մոտենում է արագընթաց երթով», «Նորին Մեծությունը Ֆոնտենբլոյում է»… Ահա այսպես: Անցել է ավելի քան 200 տարի, սակայն այս ընթացքում քիչ բան է փոխվել: Կամ համարյա ոչինչ էլ չի փոխվել…

Հ. Չարխչյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

Առաջին ինտերնետային մարաթոնը` գրքի մարաթոն

Ամսաթիվ: 11/03/2011
Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի օգնությամբ մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն կհանգանակեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների և գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել, այլև էական կորուստներ են ունեցել:
Մարաթոնի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ տեղեկացրեց, որ լուրջ նախապատրաստական աշխատանք է տարվել, խմբում ընդգրկված երիտասարդների ներկայությունը հաջողության կարևոր նախապայման է, իսկ նրանց նախանձախնդրությունն ու պատրաստակամությունը էլ ավելի է շեշտում նպատակի կարևորությունը:
— Նման միջոցառման փորձ մեզ մոտ դեռևս չկա, և մեր խմբի անդամները ջանում են անել առավելագույնը` լավ արդյունքներ արձանագրելու համար: Մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված: Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը բազմաթիվ չարենցասերների հետ միասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանգի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին, որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի և կտևի մեկ ամբողջ օր,- տեղեկացրեց Հ. Չարխչյանը:
«Գիրք- 2011»-ի կամավորները ինչպես մարտի 13-ին, այնպես էլ հետագա երեք օրերին կարող են անձամբ այցելել նրանց, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել: Բացի այդ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելի է հանձնել նվիրատրված գրականությունը: Կընդունվեն ցանկացած բովանդակության գրքեր, ամսագրեր, ալմանախներ, քարտեզներ, տեղեկատուներ: Բոլոր նվիրատուների անունները հրապարակվելու են, նշվելու են գրքերի վրա, իսկ նրանց անուններն արձանագրող ցուցակները հանձնվելու են այն գրադարաններին, որտեղ կհանգրվանեն նվիրաբերած գրքերը: Մանրամասների մասին նախաձեռնող խումբը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ: Հավելենք նաև, որ մարաթոնն ունի ոչ միայն մեծ թվով աջակիցներ, այլև ինֆորմացիոն հովանավոր` asekose.am-ը և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագիրը:
asekose. am կայքէջը հանգանակության օրը պարբերաբար կտեղեկացնի ինչպես մարաթոնի ընթացքի, այնպես էլ տվյալ պահի արդյունքների մասին:

Հայաստանում կանցկացվի առաջին ինտերնետային մարաթոնը

Մարտ 11, 2011 | 17:31
Հայաստանում մարտի 13-ին տեղի կունենա առաջին ինտերնետային մարաթոնը` նվիրված գրքին: «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը կտեւի 24 ժամ անընդմեջ՝ սոցիալական ցաների, էլեկտրոնային փոստի եւ տարբեր կայքերի միջոցով։ Այս մասինNEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց մարաթոնի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը։
Մարաթոնի ընթացքում կարելի է նվիրաբերել ցանկացած տեսակի տպագիր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, քարտեզներ եւ այլն։ Չարխչյանի խոսքով՝ մարաթոնի ընթացքում հանգանակված ողջ գրականությունը կուղարկվի հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ և գրադարաններ, որոնք վերջին 20-25 տարիներին ոչ միայն չեն համալրվել նոր գրականությամբ, այլեւ էական կորուստներ են ունեցել։
«Այդ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելի է հանձնել գրականությունը: Բացի այդ կան բազմաթիվ կամավորներ, որոնք պատրաստ են անձամբ այցելել նրանց տուն, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել եւ վերցնել գրականությունը՝ մարաթոնին կամ դրան հաջորդող օրերին»,-ասաց Հ. Չարխչյանը։
Նշենք, որ մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված: Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը կազմակերպիչները բազմաթիվ չարենցասերների հետ միասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանքի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին, որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի եւ կտեւի մեկ ամբողջ օր։

Առաջին ինտերնետային մարաթոնը` գրքի մարաթոն

Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Գիրք-2011»ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցայինտիրույթում, սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի օգնությամբմարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիրգրականություն կհանգանակեն հանրապետության հեռավոր շրջաններիդպրոցների և գրադարանների համար, որոնք վերջին 20-25 տարիներին ոչմիայն չեն համալրվել, այլև էական կորուստներ են ունեցել:Մարաթոնիանցկացման նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ տեղեկացրեց, որ լուրջնախապատրաստական աշխատանք է տարվել, խմբում ընդգրկված երիտասարդների ներկայությունըհաջողության կարևոր նախապայման է, իսկ նրանց նախանձախնդրությունն ուպատրաստակամությունը էլ ավելի է շեշտում նպատակի կարևորությունը:- Նման միջոցառմանփորձ մեզ մոտ դեռևս չկա, և մեր խմբի անդամները ջանում են անել առավելագույնը` լավարդյունքներ արձանագրելու համար: Մարաթոնի անցկացման օրը պատահական չի ընտրված:Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննյան օրն է: Մինչ ակցիայի սկիզբը բազմաթիվ չարենցասերների հետմիասին կայցելենք մեծ գրողի թաղման վայրը, հարգանգի տուրք կմատուցենք Չարենցի հիշատակին,որից անմիջապես հետո մարաթոնը կմեկնարկի և կտևի մեկ ամբողջ օր,- տեղեկացրեց Հ.Չարխչյանը:«Գիրք- 2011»-ի կամավորները ինչպես մարտի 13-ին, այնպես էլ հետագա երեք օրերինկարող են անձամբ այցելել նրանց, ովքեր գրքեր նվիրաբերելու խոստումներ են տվել: Բացի այդմայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն այսպես կոչված «հավաքագրման կետեր», ուր կարելիէ հանձնել նվիրատրված գրականությունը: Կընդունվեն ցանկացած բովանդակության գրքեր,ամսագրեր, ալմանախներ, քարտեզներ, տեղեկատուներ: Բոլոր նվիրատուների անուններըհրապարակվելու են, նշվելու են գրքերի վրա, իսկ նրանց անուններն արձանագրող ցուցակներըհանձնվելու են այն գրադարաններին, որտեղ կհանգրվանեն նվիրաբերած գրքերը: Մանրամասներիմասին նախաձեռնող խումբը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

«Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը կմեկնարկի մարտի 13-ին

Մարտի 13-ին մեկնարկում է «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: Մարաթոնը նպատակ ունի հավաքագրել գրքեր և այն նվիրաբերել Հայաստանի հեռավոր բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին, զորամասերին:
Մարաթոնի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ 24 ժամ ինտերնետային տիրույթում մարդիկ կարող են իրենց ներդրումն ունենալ այս մարաթոնում և գրքեր նվիրաբերել:
Չարխչյանը նշեց, որ ցանկացած ոք կարող է սոցիալական կայքերի, մասնավորապես Ֆեյսբուքի միջոցով տեղեկացնել գիրք նվիրելու իր պատրաստակամության մասին, և իրենց կամավորները կայցելեն նրանց և կվերցնեն նվիրատվությունը:
Չարխչյանը տեղեկացրեց, որ մարաթոնի մեկնարկի օրը իրենք կհրապարակեն կոնկրետ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ևս ցանկացողները կարող են զանգահարել և գիրք նվիրաբերել:
Մարաթոնի ինֆորմացիոն հովանավորները մարաթոնի օրը յուրաքանչյուր ժամը մեկ արդյունքների մասին տեղեկություններ կհաղորդեն:
Ի դեպ, միջոցառումը մեկնարկելու է Չարենցի թաղման վայր այցելությամբ:
«Այդ օրը Չարենցի ծննդյան օրն է, և մենք մեր նախաձեռնությունը նվիրում ենք այդ տարելիցին»,- ասաց հրապարակախոսը:

Գրքի մարաթոն

Մարտի 13-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ տեւելիք մարաթոնի ընթացքում կարելի է նվիրաբերել ցանկացած տեսակի տպագիր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, քարտեզներ, որոնք ուղարկվելու են Հայաստանի հեռավոր բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին, զորամասերին: Հայտնի է, որ այդ գրադարաններն ավելի քան 2 տասնամյակ չեն համալրվել, եղած գրքերն էլ, ժամանակի ընթացքում, բնականաբար, քայքայվում ու մաշվում են: Նախաձեռնող խմբի ղեկավար, գրող Հովիկ Չարխչյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ գիրք նվիրաբերելու ցանկության մասին կարելի է ընդամենը տեղեկացնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, եւ խմբի տասնյակ կամավորներն իրենք կայցելեն, կարձանագրեն նվիրատվությունը եւ կվերցնեն գրքերը: Դրանից բացի, Երեւանում նաեւ կլինեն կոնկրետ հասցեներ, որտեղ հնարավոր կլինի թողնել նվիրատվությունը: «Պարբերաբար ինֆորմացիա կլինի ընթացքի, հավաքված գրքերի ու մասնակիցների մասին: Բոլոր նվիրատու անձանց ու կազմակերպությունների անունները հրապարակվելու են»,- ասաց Հովիկ Չարխչյանը:

Մարտ 12, 2011

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Փտր

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ ՍԱՎԱՌՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ, ՆԵՐՔԵՎ ԻՋԻՐ

Մեր զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

— Պարոն Չարխչյան, Ձեր բլոգում գրեթե ամեն օր համաշխարհային գրականության հայտնի դեմքերի հայտնի և անհայտ մտքերն ենք կարդում: Գալով մեզ, ըստ Ձեզ, այսօր մենք ժամանակակից գրականություն ունե՞նք: Մենք գիտենք, որ Հայաստանը գրքի մայրաքաղաք է հռչակվել 2011-ին, արժանի՞ ենք դրան առհասարակ:

— Համաշխարհային մայրաքաղաք լինելը դեռևս այն փաստարկը չէ, թե երկիրն արժանի է այդ պատվին: Սակայն այդ իրադարձությունը կարող է լավ ազդակ դառնալ այն բանի համար, որ ի վերջո գրականությունը և գրավոր միտքը հայտնվի անհրաժեշտ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի ներքո: Չի կարելի անվերջ խոսել մեր դարավոր ժառանգության մասին և բացարձակապես ոչինչ չանել ներկայի համար: Անցյալի հետ շարունակական կապի խզումը իր ներսում մեծ վտանգներ է պարունակում, սակայն այդ վտանգը տեսանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ բան է գիրն ու գրականությունը: Ցավոք, այսօր երկրի վերնախավը ոչ միայն անտարբեր է, այլ նույնիսկ մի տեսակ արգահատանք է տածում ամեն կարգի մտավոր հարստության հանդեպ:

— Ըստ Ձեզ` նման վերաբերմունքն ինչի՞ արդյունք է: Պետությունն առհասարակ այս գործում ի՞նչ մասնակցություն պետք է ունենա:

— Վերաբերմունքը նախևառաջ արժեքային համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած ահավոր աղճատումների հետևանք է: Մարդկանց համար ավելի թանկ է ստամոքսի ու գրպանի պարունակությունը, քան այն, ինչ կարող էր լինել նրանց հոգիներում ու գլխում: Մոտ օրերս մենք մի խմբով պատրաստվում ենք գրականություն տանել Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկը, որտեղ վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի նոր տպագիր բան մուտք չի գործել: Ահա սա է այն Հայաստանի ճշմարիտ պատկերը, որը պատրաստվում է տեր դառնալ մշակույթի մայրաքաղաք ունենալու կոչմանը: Պետության աջակցությունը պիտի լինի ամենաուղղակի ձևով: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում մշակույթը մշտապես եղել է պետության հոգածության առարկան: Մշակույթը ո՛չ խանութ է և ո՛չ էլ արտադրամաս, որ եկամուտ բերի: Սա աքսիոմա է, ու ապացուցման կարիք այլևս չի զգում: Նա, ով դա դեռ չի հասկացել` տհասության խորագույն ախտով է տառապում:

— Դե, մեզանում մշակույթն անկարևոր ոլորտ է դիտարկվում, դրա համար էլ տվել են կնոջ ձեռքը ղեկավարելու, այլապես իրենք կղեկավարեին, կամ գուցե սա հատո՞ւկ քաղաքականություն է, անմշակույթ քաղաքականություն, արդյունքում` դարձնել զոմբի հասարակություն:

— Տղամարդիկ նրանից ավելի լավը չէին: Մեր վերջին տարիների մշակույթի նախարարների գործունեությունը սկսվում ու ավարտվում էր էլեկտրացանցերում ատրճանակ կրակելով կամ աջ ու ձախ կոչումներ, մեդալներ բաժանելով:
Ես կարծում եմ` պատճառը մեկն է` չիմացությունը: Ինչպե՞ս կարող է մշակույթի, գրականության մասին հոգ տանել մեկը, ով իր կյանքում գիրք չի կարդացել, թատրոն չի գնացել, լսած երաժշտությունն էլ փողոցային ռաբիսն է կամ դրա ավելի վատթար տեսակը:

— Որտեղի՞ց այսքան չիմացություն: Ինչպե՞ս եղավ, որ չիմացողները դարձան իշխանավոր: Մշակույթի նախարարն, օրինակ, քանիցս խոստովանել է, որ չի տիրապետում իրավիճակին:

— Ես այդ տիկնոջն անձամբ չեմ ճանաչում ու չէի ցանկանա դատողություններ անել նրա ինտելեկտուալ կարողությունների մասին: Բայց կա խնդիրների սահմանափակ մոտեցման պահը: Հայաստանը նրանց համար միայն Երևանն է: Իսկ թե ինչ է կատարվում մարզերում, հեռավոր բնակավայրերում, վստահ եմ, որ պատկերացում անգամ չունեն: Իսկ այնտեղ, հավատացնում եմ ձեզ, մարդիկ նույնիսկ մոռացել են մշակույթ բառը: Բառացիորեն ոչինչ չկա: Ոչինչ:

— Իսկ մարզերում գրքեր, նոր գրականություն տանելով, որը առաջիկա օրերին պատրաստվում եք իրականացնել, ի՞նչ կփոխվի, թե՞ նաև քննարկում, հանդիպումներ եք ունենալու մարզի բնակիչների հետ: Եթե չեմ սխալվում, անցյալ տարի մարզերում սկսեցին շրջիկ թատրոններ տանել, Արշակ Երկրորդ բեմադրվեց Վանաձորում, թատերական փառատոն եղավ Կապանում: Այսպես հնարավո՞ր է մշակութային քաղաքականություն իրականացնել:

— Չէ՛, մեր հավակնություններն այդքան մեծ չեն: Մենք փրկիչներ չենք: Մենք ընդամենը ծարավ մարդուն մի բուռ ջուր հասցնող ենք ուզում լինել: Ամեն բան սկսվում է առաջին քայլից: Բայց այդ քայլը պիտի եզակի չլինի, այլ ունենա իր շարունակությունը: Մյուս կողմից` մարդիկ պիտի տեսնեն, զգան ու հավատան, որ իրենք մոռացված չեն, իրենք ևս մաս են կազմում ամբողջին և այդ մշակույթից հասկանում են ոչ պակաս, քան մայրաքաղաքում ապրողները:

— Վարչապետն անընդհատ խոսում է իրականացվող բարեփոխումներից, որ ինտերնետը շուտով մատչելի կդառնա, կհասնի մարզ, հավատո՞ւմ եք: Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է հանկարծ ինտերնետի մատչելիությունը, հասանելիությունը առհասարակ փոխել մարզի դիմագիծը:

— Եթե դուք ինձ հիշեցնեք վարչապետի այնպիսի մի խոստում, որն արդեն իրականացել է, ես էլ կսկսեմ հավատալ այս մյուսին: Ինտերնետի առկայությունը անզոր եղավ նույնիսկ կառավարության ղեկավարի դիմագիծը փոխել, էլ ուր մնաց, թե մարզերում ինչ-որ բան տեղաշարժվի: Ապշում եմ, որ այդ մարդիկ դեռ չեն հասկացել, որ բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուց առաջ նախ պետք է բնակչության տարրական կենսական պահանջները բավարարել և հետո միայն անցնել ֆանտաստիկ-հեքիաթային նախագծերին: Տաթևի գինեսյան ճոպանուղին Զանգեզուրի բնակչության ո՛չ հացը ավելացրեց, ո՛չ ապրուստը: Նույն ճակատագիրն է սպասվում նաև մնացած «նյուվասյուկի»-ական ծրագրերին: Ամպերի մեջ սավառնող վարչապետին ժամանակն է ներքև իջեցնել, որ ոտքը դնի հողին ու հասկանա, թե այդ հողն ինչպես է արդեն փախչում բոլորի ոտքի տակից:
Սիրանույշ Պապյան
Չորեքշաբթի 09.02.2011 |

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

7 Փտր

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԾԱՂՐԱԾՈՒ

Վերջին ժամանակներս այս մասնագիտությունը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել:
Նախ` այն մեդալների արտասովոր առատ բերք է բերում, բայց գլխավորը դափնու տերևն է (որն այնքան քիչ է մեր շուկաներում): Վստահ եմ, որ Կարանդաշի, Պոպովի, Նիկուլինի կանայք այդ մթերքի ետևից շուկա չեն վազում, իսկ դա արդեն ինչ-որ բան է:
Երկրորդ` բոլորին գրավում է այդ մասնագիտության մատչելիությունը, դրա համար էլ հեղինակը, ով որոշ չափով նախկինում առնչվել է կրկեսի հետ, ուզում է մի քանի օգտակար խորհուրդ տալ այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք որոշել են իրենց նվիրել կլոունադայի հին արվեստին: Ահա այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մարդը, ով մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ է հագել:

Հումորը
պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորով օժտված մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև նույնիսկ գրիմավորվել չի կարող: Ծիծաղը կսկսի քննել, խեղդել նրան. ինչպե՞ս է նա` միանգամայն նորմալ մարդը, քթին ներսից վառվող հսկայական կարմիր տանձ կպցնում: Նա չի դիմանա` իրեն տեսնելով հայելու մեջ կանաչ-կարմրավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է միանգամայն լուրջ մարդ լինի:

Կյանքի փորձը
պետք է հնարավորինս մեծ լինի: Դուք պետք է տասնյակ մասնագիտություններ փոխեք` համոզվելու համար, որ պիտանի չեք ցանկացած այլ աշխատանքի և ծառայության համար… Եվ այդժամ ելքը մեկն է` արենան:

Առողջությունը
պետք է կատարյալ լինի, դյուցազնական, ինչպես Ժաբոտինսկունը, քանի որ կրկեսում ձեզ բազում անակնկալներ են սպասում: Դուք համազգեստավորների ավելներից բարձրացած փոշին եք շնչելու:
Ձեր գլխին գմբեթից տրապեցիաներ են ընկնելու, աղյուսներ, պտուտակներ և այլ առարկաներ` վատ ամրացված օդային սարքերից: Կուլիսների ետևում ձեզ կկծեն ելույթի պատրաստվող, ուստի և շատ զգայուն ու ջղային շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում ձեզ այնպես կկերակրեն… Ավելի լավ է` նախապես գրանցվես թերապևտի մոտ:

Ընտանեկան դրությունը
Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ ժամանակ նա դժբախտ սեր չի ունենա, և նրա ստեղծագործության մեջ չի լինի «Ծիծաղիր, խեղկատակ, կործանված սիրո վրա» թեման, իսկ դա նշանակում է` նրա համար արդեն ապահովված է բարեհաճ քննադատությունը:

Ստեղծագործելու կարողություն
պարտադիր չէ, որ ծաղրածուն ունենա, նույնիսկ հակառակը` ծաղրածուն պետք է յուրային լինի, հասարակ (առանց ամեն տեսակ «իզմերի», հակումների ու տատանումների) տղա: Նա պետք է հաճախ կրկնի «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես» և այլ ճշմարտություններ: Ու միայն դրանից հետո ծաղրածուն կհռչակվի կրկեսի իսկական նվիրյալ և գործընկերների մեջ շատ բարեկամներ ձեռք կբերի:

Խաղացանկը
էական չէ և պարզ է: Դեռ ոչ մի ծաղրածու սեփական խաղացանկ չի ունեցել:

Մամուլին
ծաղրածուն պետք է վերաբերվի խստությամբ, մարդասիրաբար, հիացական, խոժոռ և աստվածավախ: Լրագրողները դա սիրում են, հատկապես վերջինը: Լրագրողի աչքում նորմալ ծաղրածուն պետք է գետակինճի նման լինի (տե՛ս Брема, том А, стр.73, с 4 строки сверху до 21 снизу, изд. С.-Петербург, 1911г.), այսինքն` շատ արտասովոր: Եվ այստեղ վրա է հասնում ամենանրբանկատ պահը. արդյո՞ք ինքներդ պետք է հոդվածներ, էսսեներ և այլ բաներ գրեք: Կտրականապես պատասխանում եմ. «Ոչ», ինչը նշանակում է` «Այո»: Պարզաբանում եմ, որ դուք չպետք է գրեք, այլ ձեզ պետք է գրի առնեն և խմբագրեն: Դուք հեղինակն եք, բայց ձեր անվան կողքին համեստորեն տեղ է գտել. «Գրի առավ այսինչը…»: Եվ այդ ժամանակ ձեր առջև կանաչ ճանապարհ է բացված:
Մի տարի անց ի հայտ է գալիս ձեր առաջին գիրքը: Ահա, ըստ իս, մի քանի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է անվանել կրկեսի մասին գիրքը. «37 տարի գլխիվայր», եթե այդ դիրքում եղել եք, կամ` «Բռնիր ձեռքս», «Միշտ քո ատամներում» (նկատի ունեմ կաշվե լեզվակը), և, իհարկե, եթե հիմնավորումներ ունեք` «Այո, ես ծաղրածու եմ»: Անպայման սև տառեր` արծաթավուն ֆոնին… Ինչպես հասկացավ իմ թանկագին ընթերցողը, խորհուրդների այս բաժինը ամենադժվարն է: Փոխարենը դուք անմիջապես մի շարքում եք հայտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վ.Շեքսպիրը, Է.Հեմինգուեյը, Լ.Տոլստոյը և Ե.Սազոնովը:

Որպես ամփոփում
պետք է ասեմ, որ եթե երիտասարդն ունի այս բոլոր անհրաժեշտ հատկանիշները, ապա` բարի երթ:
Նրա կյանքն անամպ կլինի, առանց հիմար տառապանքների` ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս:
Երիտասարդ ծաղրածուն պրեմիերաներից առաջ անքուն գիշերներ և սրտի սպազմ չի ունենա: Եվ մենք բոլորս (ես դա ասում եմ ամենայն լրջությամբ) միայն կնախանձենք նրան:

%d bloggers like this: