Tag Archives: մաղթանք

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Դկտ

2011-Ը «ՑԱՆՔԻ» ՏԱՐԻ Է

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 2011-ը համարում է «ցանքի» տարի: Նրա խոսքերով` մենք մի ամբողջ տարի սերմեր էինք նետում, որի պտուղները պետք է հավաքենք գալիք տարում: Իսկ բերքը ինչպիսին կլինի, կապված է նրանից, թե ինչ սերմեր նետեցինք մենք, այսինքն`մեր հավաքած բերքի համար որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա:
Իսկ տոնը գրականագետը պայմանակություն է համարում, քանի որ, նրա խոսքով, ժամանակի հոսքը չի ճանաչում այդպիսի դադարներ, ամեն վայրկյանն իսկ նույն արժեքն ունի ժամանակի համար, իսկ տոնը հորինել են մարդիկ, ուրեմն մարդիկ հենց իրենք պետք է արժևորեն իրենց իսկ ստեղծած տոնը:
«Նոր տարին պետք է մեզ դարձնի մի քիչ ավելի խելամիտ, մի քիչ ավելի շրջահայաց, մի քիչ ավելի սթափ»,-նշեց գրականագետը` ավելացնելով, որ բոլորը շատ լավ հասկանում են`առաջիկայում մեզ դժվարին տարի է սպասվում, փոփոխությունների, վերագնահատումների տարի:
«Կուզեի գալիք տարին մեր երկրի համար խաղաղ ընթացքի տարի լինի, նվազագույնն եմ ցանկանում, որ եթե առավելագույնը լինի, էլ ավելի բավարարված զգամ ինձ որպես քաղաքացի: Ուզում եմ մեր ժողովուրդը մեծ ցնցումներ չապրի»,-ասաց Հովիկ Չարխչյանը`հիշեցնելով, որ թեև մարդիկ հիացած էին արաբական գարունով, հեղափոխություններով, հեղաշրջումներով, բայց այդ նույն մարդիկ տեսան դրա հետևանքները, հեղափոխությունները եկան անցան, բայց ոչինչ չխաղաղվեց, արյունը շարունակվեց հոսել:
«Ուզում եմ մեր քաղաքացիների մեջ տագնապը յուրաքանչյուր փոփոխությունից եկող հետևանքների մասին, այնուամենայնիվ, մնա: Ես շատ լավ հասկանում եմ, որ ժամանակի ընթացքը պահանջում է այդ փոփոխությունները, պետք է անընդհատ առաջ շարժվենք, տեղաշարժվենք, նոր բարձունքներ նվաճենք, ազատություններ ձեռք բերենք, որի պակասը ունենք, արդար ընտրություններ ունենանք, որին սպասում ենք ու ցանկանում:
Մեր յուրաքանչյուր քայլը պետք է կշռադատված լինի, պետք է շախմատիստի նման մեկ քայլ առաջ տեսնենք, արդյոք մենք դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ ենք գնում, եթե այդ շրջահայացությունը չեղավ, եթե մենք ընդամենը այսրոպեական խնդիրներ լուծեցինք ու առաջնորդվեցինք այս րոպեի պահանջներով, մենք հաստատ որևէ հաջողության չենք հասնի: Իմ ժողովրդին մաղթում եմ լինել սթափ, շրջահայաց, խելամիտ, դա շատ անհրաժեշտ է մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը»,-մաղթեց Հովիկ Չարխչյանը:

Թող գալիք տարին լինի Բարի տարի

1 Հնվ

Հրապարակախոս Հովիկ Չարխչյան. «Սովորաբար ամենակարևոր բառերն ասվում են ամենավերջում։ Վերջում, բայց ոչ վերջին անգամ։ Եվ հավանաբար դա է պատճառը, որ հույզերը փոքր-ինչ ավելին են լինում, որ ժպիտներին մի քիչ լրջություն է խառնվում, և հին տարվան հրաժեշտ տալու խորհուրդն էլ ոչ թե բաժանում, այլ մերձեցնում է բոլորիս։ Տոնը մեզնից պահանջում է ընտրել ամենաջերմ մաղթանքները, ամենամեծ երազանքները, ամենանվիրական ցանկությունները: Իսկ ես այս պահին ուզում եմ մի կողմ թողնել լավագույնները և իմ հայրենակիցներին դիմել պարզ, սովորական, հասարակ մի խնդրանքով. մի չարացեք: Ամենածանր ու անելանելի պահերին անգամ մի ապավինեք չարությանը: Նա վատ խորհրդատու է: Ես համոզված եմ, ձեր իմաստնությունը կհուշի ավելի խելամիտ ուղիներ, ձեր մղումները կգտնեն ավելի ազնիվ լուծումներ, ձեր նպատակի վերջնագծին կհասնեք առավել շրջահայաց մտքով և անկաշառ սրտով: Բայց ոչ չարության հետ: Եվ թող գալիք տարին լինի Բարի տարի»:

http://www.1in.am/arm/armenia_society_5911.html

%d bloggers like this: