Tag Archives: մահ

ՄԱՀ ԾԻԾԱՂԻՑ

23 Սպտ

Կուբացի նշանավոր գրող Խուլիան դել Կասալի ստեղծագործություններն աչքի էին ընկնում իրենց հոռետեսությամբ և մռայլ երանգներով: Սակայն ճակատագրով նրան վիճակված էր վախճանվել… ծիծաղից: 1893 թ. հոկտեմբերի 21-ին բանաստեղծը ընթրում էր իր ընկերների հետ: Ներկաներից մեկը որոշեց անեկդոտ պատմել: Պատմությունն իսկապես զվարճալի էր: Կասալի մոտ սկսեց անվերահսկելի ծիծաղի սուր նոպա, ինչն առաջ բերեց շնչերակի շերտավորում, արնահոսություն: Եվ գրողը մահացավ:

297729_900

Արամի մահը

29 Հնվ

ՅԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ,
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՄԻՆԻՍՏՐ
ԱՐԱՄԻ ՄԱՀԸ,
որ տեղի ունեցաւ յունւարի 29-ին, ցերեկվա ժամը 14 1/2-ին, բծավոր տիֆից թոքատապից. խոստովանահայրը Հակոբ ավագ քահանա Խաչվանքյանն էր: Ամբիցքը այսօր երեկոյեան ժամը 6-ին, իր բնակարանում` ул. Свободы 7 N 6. Թաղման մասին կը յայտարարւի առանձին:
[1919 թ. հունվարի 29]

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 135, թ. 2: Մեքենագիր:MANUKYAN_ARAM_1

ԺՈԶԵՖ ՔՈՆՐԱԴ

24 Հնվ

Ես պայքարում էի մահվան դեմ: Դա ամենաձանձրալի պայքարն է, որ միայն կարելի է պատկերացնել: Այն տեղի է ունենում գորշ դատարկության մեջ, երբ ոտքի տակ հենարան չկա, ոչինչ չկա շրջապատում, չկան հանդիսատեսներ, չկան փայլ ու փառք: Չկա հաղթանակ տանելու կրքոտ ցանկությունը, չկա պարտության հանդեպ ամեհի երկյուղը: Դուք պայքարում եք հոռետեսության անառողջ մթնոլորտում, դուք վստահ չեք ձեր ճշմարտացիության հարցում և էլ ավելի քիչ եք հավատում ձեր հակառակորդի ճշմարտացիությանը:

Հավանաբար ամբողջ իմաստությունը, ամբողջ ճշմարտությունը, ամբողջ անկեղծությունը սեղմված-ամփոփված են այդ անորսալի պահի մեջ, երբ դուք հատում եք մահվան սահմանագիծը:

«Խավարի սիրտը» գրքիցjoseph_conrad_by_artstud

Օգյուստ Ռոդենի մահը

1 Նյմ

Մահից օրեր առաջ Օգյուստ Ռոդենը դիմել էր Ֆրանսիայի կառավարությանը` խնդրելով իրեն մի փոքրիկ կացարան հատկացնել, քանի որ այն վերնահարկում, որտեղ նա էր ապրում, ցուրտ էր և մեծ քանդակագործը բառի բուն իմաստով ցրտահարվում էր: Նրա դիմումներն անպատասխան մնացին: 1917 թ նոյեմբերի 17-ին Ռոդենը վախճանվեց թոքերի բորբոքումից:918808ee452d

Ստեֆան Ցվայգի մահը

1 Նյմ

Իր երկրում ֆաշիստական ռեժիմի հաստատումից հետո ազգությամբ հրեա Ստեֆան Ցվայգը 1935-ին կնոջ հետ հեռացավ Ավստրիայից և հաստատվեց բրազիլական մի փոքրիկ քաղաքում: Համաշխարհային պատերազմի սկիզբը նրանց վհատության գիրկը նետեց:  Հայտնվելով մեկուսացման ու հուսահատության գրկում, Ցվայգը  և նրա կինը որոշում են միասին ինքնասպան լինել: Նրանք ընդունում են քնաբերի մեծ չափաբաժին: Առավոտյան նրանց տան սեղանի վրա գտնում են այս երկտողը. «Թող իմ բարեկամները տեսնեն լուսաբացը երկար գիշերից հետո: Իմ համբերությունը չբավարարեց, ես հեռանում եմ առաջինը»:Zweig-dead

Էդգար Պոյի մահը

31 Հկտ

«Տեր, ընդունիր իմ խեղճ հոգին»,- սրանք Էդգար Պոյի վերջն խոսքերն էին: Նրան գտել էին Բալթիմորի փողոցներից մեկում` անօգնական վիճակում: 4 օր հիվանդանոցում մնալուց հետո Պոն մահացավ: Նրա թաղմանը մասնակցեցին ընդամենը 4 հոգի: Մինչ օրս նրա մահը առեղծված է մնում: Տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում` ուղեղի ուռուցքը: Սակայն այդ վարկածները չեն հաստատվել:Edgar po

ԹՈՄԱՍ ՄԱՆ

27 Սպտ

Փաստացի մահն ավելի շատ առնչվում է մնացողներին, քան գնացողներին, քանզի գիտենք մենք այդ մեջբերումը, թե՞ ոչ, բայց ոմն սրամիտ իմաստունի խոսքը այժմ էլ պահպանում է մեզ համար իր ամբողջ ներքին իմաստը. «Քանի դեռ մենք կանք` մահը չկա, իսկ երբ կա մահը`մենք չկանք»: Այսպիսով, մեր և մահվան միջև որևէ կոնկրետ կապ չի ծագում, դա այնպիսի երևույթ է, որը մեզ ընդհանրապես չի առնչվում և սոսկ մասնակիորեն վերաբերում է աշխարհին ու բնությանը: Ահա թե ինչու բոլոր արարածները առերեսվում են դրա հետ մեծ հանգստությամբ, սառնասրտությամբ, անպատասխանատվությամբ և եսասիրական պարզամտությամբ:Thomas-Mann-um-1939

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

2 Հնս

Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր:

Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:  Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես:

96913790_gabrielgarciamarquez - копия

 

ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

13 Հնս

«… Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Երբ վերջացնում է փորելը, նետում է բահը, նստում հողաթմբին և թույլտվություն խնդրում ծխելու վերջին գլանակը: Նրան թույլ են տալիս: Նա երկար ու դանդաղ ծխում, վերջացնում է և անմիջապես էլ գնդակահարում ու նետում են իր իսկ փորած գերեզմանի մեջ…»:

ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

ԻԱԿՈՄՈ ԼԵՈՊԱՐԴԻ

10 Հնս

Մահկանացուներ, արթնացեք: Դուք, դեռևս կյանքից ազատված չեք: Կգա ժամը, և ոչ մի արտաքին ուժ, ոչ մի ներքին հուզմունք չի ստիպի ձեզ թոթափելու քնի ընդարմացումը, որում դուք կննջեք հավերժ և անկշտում: Իսկ քանի դեռ ձեզ մահը չի տրված, ձեզ թույլատրված է լոկ ժամանակ առ ժամանակ կարճաժամկետ ապրել դրա նմանությունը: Չէ՞ որ կյանքն անկարելի կլիներ պահպանել, եթե այն այդքան հաճախ չընդհատվեր: Չափազանց երկար զրկվելն այդ երազից, կարճատև և անկեղծ` դա մահաբեր չարիք է ու հավերժական քնի պատճառ: Կյանքն այնպիսին է, որ դրա բեռը կրողին հարկ է երբեմն այն ուսերից թոթափել, շունչ քաշել և ուժերը թարմացնել` ասես ճաշակելով մահվան հատվածը…
Թվում է` ամենայն եղածի գոյությունը մի նպատակ ունի` մահը: Այն, ինչ գոյություն չունի, չի կարող մահանալ, և այդու ոչնչից հայտնվեցին ամենայն գոյություն ունեցող բաները: Գոյության վերջին պատճառը ոչ մի կերպ չի կարող լինել երջանկությունը, չէ՞ որ ոչ մի բան երջանիկ չի լինում: Ճիշտ է, շնչավոր էակները, ցանկացած գործ ձեռնարկելիս, իրենց առջև դնում են այդ նպատակը, բայց երբեք դրան չեն հասնում, և ողջ իրենց կյանքում՝ խորամանկելով, բանելով և տառապելով, նրանք տառապում և վատնում են ուժերը հիրավի լոկ այն բանի համար, որպեսզի գան բնության սահմանած միակ վերջնական նպատակին` մահվանը:

ՍԹԻՎ ՋՈԲՍ

15 Մյս

Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկնքի արքայությանն արժանանալ, չեն ուզում մեռնել: Բայց ամեն դեպքում մահը բոլորիս վերջին հանգրվանն է: Նրանից ոչ մեկը երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց կգա ժամանակը (այնքան էլ շատ չի մնացել), դուք կդառնաք հին և ձեզ կմաքրեն: Ներողություն այս դրամատիկականության համար, բայց սա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

14 Ապր

«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել — թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը — եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

23 Մրտ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

… Մի թաս սուրճ խմեց: Աչքերը շարունակ վազվզում էին և կարծես բան էր փնտրում: Քույրը բերավ թեյ: Խմելիս ուշքը գնաց. Արդեն ժամը 9-ն էր, շփում էի ճակատը, սրսկեցինք, ուշքի եկավ, բայց միանգամից թուլացավ:
Էլի բժիշկներ եկան, շատ անտարբեր էր: Ես արդեն նստած էի մահճակալի վրա և հաճախ էլ ոտքերը շփում էի: Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը. կարծես մեզ հետ չէր, այլ ներքին պայքար ուներ: Եկել է հրաժեշտի պահը, նա հեռանում էր իր պաշտելի զավակներից, իր ժողովրդից և այն ամենից, ինչը հարազատ էր իրեն: Ինչ-որ բան շշնջաց, ես չլսեցի, երկրորդ անգամ ասաց, և շրթունքների շարժումից հասկացա, որ ասաց.
— Արի համբուրեմ…
Ավելի ճիշտ՝ Արեգը ինձ թելադրեց, ես գրկեցի, համբուրեցի, հայրիկը նայեց մյուսներին` Նվարդին և Արեգին: Նրանք մոտեցան և համբուրեցին, ես վեր կացա և անցա գլխի վերևը, որ իմ լացը չտեսնի. ասաց` ղոչաղ կացեք: Մի քիչ հետո դեմքի սոսկալի ցնցումներ եղան մի 2 վայրկյան, աչքի բիբերը մեծացան, նորից հանգստացավ, բայց այլևս չէր խոսում: Երեքով նստած էինք շուրջը և շարունակ հետևում էինք շնչառությանը, մարմնի սառնությանը: Արեգը շարունակ պուլսն էր հաշվում, թվում էր, թե դեռ զգում է, լսում է, և ահից ոչինչ չէինք խոսում: Արդեն ռադիոյով ամեն կողմը հայտնել էին Թումանյանի մահվան մասին, իսկ մենք դեռ նստած էինք նրա դանդաղ սառչող և դանդաղ շնչող մարմնի մոտ: Ժամը 9-ն անց 10-ին վերջին շունչն էր, 12-ն էր, որ ճակատը սառավ:

Աշխեն Թումանյան

ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ

20 Մրտ

… Մարդիկ մտան հիվանդասենյակն, ուր պառկած էր… հիմա արդեն դիակը: Հեռուստացույցն անջատեցին: Մարդը մահացավ: Հետո ամբողջ գիշեր պառկած էի ամայացած հոգով, ցանկանում էի կենտրոնանալ որևիցե գլխավոր մի մտքի վրա, ցանկանում էի, ոչ, ոչ թե հասկանալ, մինչ այդ նույնպես ջանացել էի հասկանալ, չէի կարողացել, թեկուզ մեկ ակնթարթ, թեկուզ սեղմ, թեկուզ այն տարտամ ծիրի պես զգալ, որ միտքս կամ հոգիս գոնե հազիվ-հազիվ լուսավորվեր՝ ինչ բան էր դա. մարդն ապրում էր… Այս մեկը հո լիովին ծանր կյանք էր ապրել: Ուրեմն ի՞նչ, պե՞տք է, որ մենք ապրենք: Թե՞ ուրիշ բան: Ընդունենք, թե պետք է, որ ապրենք, բայց այդ դեպքում մեզնից ինչու՞ չեն խլել այդ նզովյալ ունայնությունը, տանջալից ու հավերժական այդ ճիգը՝ հասկանալու, թե «ինչի՞ համար է այս ամենը»: Ահա, արդեն սովորել ենք տեսնել, թե ինչպես է կանգ առնում սիրտը… Իսկ ինչի՞ համար է ամեն ինչը, ինչի՞: Ինչքան էլ ուզում ես բղավիր, լսող չկա: Ուրեմն ապրել, ետ չնայել, գնալ ու գնալ առաջ, մինչև ուր չափված-գծված է: Կարծես թե մեռնելը սարսափելի բան չէ:

«Մարդն ապրում էր» պատմվածքից

ՄԱՐԿԵՍԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

12 Մրտ

(հատված հարցազրույցից)

— Ի դեպ, դուք վախենու՞մ եք ծերությունից:
— Ծերությունից ես չեմ սարսափում: Իմ ընտանիքում բոլորը երկարակյացներ են, հայրս մեռավ 84 տարեկանում և միանգամայն սթափ գիտակցությամբ, մայրս 82 տարեկան է, բայց պայծառ գլուխ ունի: Ընդհանուր առմամբ ես հուսով եմ, որ եթե ապրեմ մինչև այդպիսի տարիք, գեներն ինձ կապահովեն հստակ մտածողությամբ: Մնացածն ինձ չի հուզում: Գլխավորն այն է, որ գլուխն աշխատի:
— Իսկ դուք մահից վախենու՞մ եք:
— Մահից՝ ոչ, չեմ վախենում: Մեռնելուց՝ այո: Որպես գրող ես սարսափում եմ, որ իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը,- իսկ դա մահն է լինելու,-ես չեմ կարողանա նկարագրել:
— Ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում կրոնն ու աստված:
— Ավաղ, աստված իմ կյանքում ոչ մի տեղ չի գրավում: Ցանկանում եմ հուսալ, որ եթե աստված գոյություն ունի, ապա գուցե ես նրա կյանքում ինչ-որ տեղ զբաղեցնեմ…

ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

7 Հնվ

Մեզանից ոչ ոք չի ցանկանում լինել ոչինչ: Մեր բոլոր արարքները մասամբ հակված են այն բանին, որպեսզի լցնեն կամ քողարկեն այն դատրակությունը, որը մենք զգում ենք ներսում: Անգործությունը նույնպես գործողություն է: «Ես»-ը ոչ միայն այն է, ինչ ես անում եմ, այլ նաև այն, ինչը չեմ անում: Գործելու հրաժարումը երբեմն հավասարազոր է չպատճառաբանված արարքի, որի հիմնական նպատակն է ապացուցել, որ ես ազատ եմ:
«Ես կամ»՝ նշանակում է «Ես չեմ եղել», «Ես կարող էի չլինել», «Ես կարող եմ չլինել», «Ես չեմ լինի»: Մահվան գործառույթը կայանում է նրանում, որպեսզի կյանքը դարձնի լարված: Որքան բացարձակ է պատկերացվում մահը, այնքան ավելի իրական է դառնում կյանքը: Մահը ներառում է ինձ իր մեջ՝ նման այն բանին, ինչպես ինձ իր մեջ է ներառում մաշկս: Եթե չլիներ մահը, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Մահը չարագուշակ դուռ չէ, դեպի ուր ես անշտապ ուղևորվում եմ: Մահն իմ ընթացքն է դեպի իրեն: Սովորաբար սեփական մահվան մասին մեր մտքերում հիվանդագին ոչինչ չկա: Ընդհակառակը, դա ամենապարզ միջոցներից մեկն է համոզվելու, որ մենք ապրում ենք…
Մենք բոլորս անհաջողակներ ենք. մենք բոլորս մեռնելու ենք…

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

27 Նյմ

… Բայց դուք ինքնասպանություն եք գործել, և մի՞թե կարևոր է` ձեզ հավատում են, թե ոչ. դուք այլևս չեք կարող նրանց` թեկուզ ակնթարթային զարմանքին և զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը: Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց: Հետո, ավելի լավ չէ՞ այդպես լինելը: Մենք շատ ենք տառապում նրանց անտարբերությունից:
«Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տանել, որ…»: Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պետք է օգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն:

Հատված «Անկում» վիպակից

Քադաֆին մեռավ: Ո՞վ է հաջորդը

21 Հկտ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մեռած է: Այս մասին են պնդում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, դա են փաստում համացանցը ողողած լուսանկարներն ու նկարահանված կադրերը: Մինչդեռ ընդամենը երեկ շատերն էին համոզված, որ Ջամահիրիայի ղեկավարին անհնար է լինելու որսալ: Հիմա արդեն Քադաֆին գնաց լրացնելու այն միապետների ցանկը, որոնք իբրև թե տապալվեցին ժողովրդական ցնցումների ալիքից, սակայն, ցավոք, իրականությունն այլ բան է պնդում:
Թե ինչպես ոչնչացվեց Քադաֆին, դրա մասին ստացված լրատվության հաջորդականությունը ամեն ինչ ասում է: Երեկ, օրվա երկրորդ կեսին թիվ մեկ լուրը դարձավ հաղորդումն այն մասին, որ Քադաֆիին ձերբակալել են Լիբիայի Սիրտ քաղաքում: Այս մասին տեղեկացրեց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ընդամենը հաշված ժամեր անց Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլին, մանրամասնեց, որ «Քադաֆին գերության մեջ է ու վիրավորված է երկու ոտքից… Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով»: Սակայն շատ շուտով այս տեղեկությունները սրբագրվեցին, վերջնական տեսքի բերվեցին, որից հետո աշխարհն իմացավ, որ Մուամար Քադաֆին մահացել է ստացված վնասվածքներից: Այդպես հայտնեց Լիբիայի նոր իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը: Ասվում էր նաև, թե պարտված առաջնորդը գլխին մահացու վնասվածք էր ստացել: Քադաֆին իբրև թե փորձել էր դուրս պրծնել շրջափակված Սիրտից ու փախչել արևելք` անապատում թաքնվելու մտադրությամբ, բայց կանգնեցվել էր Միսուրատայի զորախմբի կողմից: Դաժան մարտի ընթացքում գնդապետը ծանր վնասվածքներ էր ստացել, ինչի արդյունքում մահացել էր:
Դեռ մի քանի ժամ առաջ միայն ոտքի վրա եղած վերքերին արդեն գումարվել էր գլխի վնասվածը, իսկ գործողություններին մասնակցած զինյալներն իրենց հերթին պատմում էին, թե երբ Քադաֆիին հայտնաբերել են ստորգետնյա թաքստոցում, նա իրեն բռնողներին խնդրել է. «Մի կրակեք, մի կրակեք»: Բայց կրակել են: Կրակել են, քանի որ ոչ մեկին այլևս պետք չէր կենդանի Քադաֆին: Քադաֆիները սովորաբար վիրավոր կամ գերեվարված չեն լինում: Նրանք կամ գահի վրա են, կամ սպանված: Այդպիսին է մեծ խաղի օրենքը, որտեղ սպանված թշնամին ամենանվտանգ թշնամին է:
Ի դեպ, երեկ նույն կերպ վարվեցին նաև գնդապետի որդու հետ: Լիբիայի տեղական հեռուստաընկերությունը րոպեների տարբերությամբ նախ հաղորդեց, որ ապստամբների կողմից գրավված Սիրտում բռնել են Մուաթասիմ Քադաֆիին, իսկ քիչ անց հաղորդվեց, որ նա սպանված է:
Վարագույրը կարելի է իջեցնել: Դեռ փետրվարից Լիբիայում ծայր առած բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող գնդապետի հրաժարականը, հասան իրենց տրամաբանական ավարտին: Արևմուտքի բորբոքած կրակը այրեց այն ամենը, ինչ խորթ էր քաղաքակիրթ աշխարհի համար: Հիմա արդեն ինչ-որ մի շարքային զինվոր կարող է տեսախցիկի առաջ հպարտությամբ պատմել, թե սեփական աչքերով է տեսել Քադաֆիի մարմինը և «կոշիկով խփել է նրան», ինչը Միջին Արևելքում ծայրահեղ անարգանք ու մահացու վիրավորանք է համարվում: Բայց արդյո՞ք անարգվողը միայն մեռած Քադաֆին է:
Ընդամենը երեք օր առաջ Տրիպոլիում վայրէջք կատարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը: Նա Լիբիա էր ժամանել չհայտարարված այցով: Եվ ահա այստեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանկարծ հայտարարեց. «Մուամար Քադաֆին պետք է կամ սպանվի, կամ բռնվի: Մենք հուսով ենք, որ նա կարող է մոտ ժամանակներս ձերբակալվել կամ սպանվել, որպեսզի դուք այլևս նրանից վախենալու առիթ չունենաք»: Ամերիկացի որևէ բարձրաստիճան պաշտոնյա մինչ այդ պահը ձեռնպահ էր մնում նման արտահայտություններից` սահմանափակվելով Քադաֆիին նրա կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու կոչերով: Իսկ այժմ Քլինթոնի բառերը հնչում էին պատվերի պես. սպանել Քադաֆիին:
Պատվերն ի կատար ածվեց: Դա նույնիսկ դժվար է միանշանակորեն արդարադատություն անվանել: Ավելի շատ այն նման է սովորական սպանության: Եվ ակամա սկսում ես մտածել, թե արդյո՞ք Քադաֆին միայն երեկ ստացավ իր մահացու վերքը: Ասենք, դա այժմ այլևս էական չէ: Բռնապետի մահվան մասին Ազգային անցումային խորհրդի տարածած լուրը կրակոցներով ու ինքնաբուխ ժողովրդական տոնախմբությամբ ընդունվեց Բենգազիում, Տրիպոլիում և Լիբիայի այլ քաղաքներում: Ասվեց, թե Քադաֆիի մարմինն անվտանգության նկատառումներով ուղարկվելու է «գաղտնի մի տեղ»: Այլ աղբյուրներ հաղորդեցին, որ սպանվածին տեղափոխել են Միսուրատա:
Եվ նույնիսկ այսքանից հետո ոչ բոլորն են հավատում Քադաֆիի մահվանը: Նրա առաջին իսկ լուսանկարները կասկածների տեղիք տվեցին: Հակասական լուրերի մեջ խճճվեց նույնիսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարեց, որ Քադաֆիին բռնելը մեծ լուր է, և եթե հաստատվի՝ նրա ճակատագիրը պետք է որոշի Լիբիայի ժողովուրդը: Բայց ժողովրդից առաջ ընկնելով այդ ճակատագրի վերջակետն արդեն դրվել էր:
Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նրանց շարքում է, ովքեր չեն հավատում մահվան մասին լուրերին, և համոզված է, որ իր բարեկամը վաղուց արդեն «անվտանգ վայրում է»։ «Մենք չենք հավատում Մուամար Քադաֆիի մահվան մասին լուրերին։ Նա շատ խելացի մարդ է, աֆրիկացի Կարլ Մարքսը, լիբիացի Գարիբալդին, և նա շատ փող ուներ։ Իմանալով Սադամ Հուսեյնի և արաբական այլ առաջնորդների ճակատագիրը՝ քիչ հավանական է, որ Քադաֆին թույլ կտար իր գերեվարումը, վիրավորումն ու մահը»,–ասել է Ժիրինովսկին։
Իսկ Արևմուտքից եկող արձագանքներըը միանգամայն այլ շեշտադրումներ ունեն: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց, որ եթե «դա ճիշտ է, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել, քանի որ ևս մեկ խոչընդոտ վերացվեց»։ «Լիբիայում պատերազմն ավարտվեց»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ու լատիներենով հավելեց. «Sic transit gloria mundi» (Այսպես է անցնում աշխարհիկ փառքը):
Պատերազմը գուցե և ավարտվեց: Իսկ ի՞նչն է սկսում նրանից հետո: Խաղաղ ու ստեղծագործ աշխատա՞նքը: Հազիվ թե: Մի բան հաստատ է. Լիբիայում ոչ թե կհաղթանակի ժողովրդավարությունը և երկիրը ծաղկում կապրի, այլ կտիրի քաոսը և կսկսվի նրա բնական պաշարների անխնա հարստահարումը Արևմուտքի «ազատարարների» ձեռքով: Այդպես արդեն եղել է աշխարհի շատ կետերում: Այդպես լինելու է նաև հիմա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

27 Հլս

Մեր մահը ղեկավարում է մեր կյանքը, և մեր կյանքն այլ նպատակ չունի, քան մեր մահը: Մահվան սարսափն ընդամենը անհայտության վախ է, որին ենթարկում է մեզ: Իսկ կյանքը արվեստ է այն մասին, թե ինչպես նշանակալի օգուտներ քաղել աննշան հանգամանքներից:
Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին: Մեր ճանաչողության սահմանը մեզ արժանահավատ է թվում, բայց միակ բանը, որ նրանում արժանահավատ է` մեր անգիտությունն է: Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Ժամանակի ընթացքում կյանքը համոզում է յուրաքանչյուրին, որ հրաշքներ չկան, բացի ճշմարտությունից: Սակայն երբեմն անհրաժեշտ չէ առանց մտածելու տրվել այն ժամանակահատվածի ճշմարտություններին, որում ապրում ես: Բավական չէ տիրել ճշմարտությանը, պետք է, որ նա էլ մեզ տիրի: Մենք արժենք սոսկ նրան, ինչին արժեն մեր տագնապներն ու տխրությունները: Մենք ճաշակում ենք միայն այն երջանկությունը, որն ընդունակ ենք ընկալելու: Իսկ երջանկությունը ծիծաղի մեջ չէ:

ԿԱՐԼՈՍ ՖՈՒԵՆՏԵՍ

23 Մյս

Առեղծվածը կմեռնի, բայց ոչ թե ինչ-որ մեկի մեղքով, այլ հոգեցունց հիացմունքից… Այսպիսի բարձունքում, այսպիսի բարձունքում դու երբեք չես եղել: Այսպիսի անծայրածիր հեռաստաններ դու երբեք չես տեսել: Գետի քո տեսած հատվածը ընդամենը մի չնչին մասն է այն վիթխարի լայնքի, որի գոյությունը դու չէիր էլ ենթադրում… Եվ քեզ փոքր չես զգա, անխռով անորոշության մեջ մտահայելով ու մտահայելով` ամպերի հեռավոր կիտվածքները, ալիքավոր հարթությունը և երկնքի ուղղահայաց թռիչքը… Դու քեզ լավ կզգաս, հանգիստ… ամեն ինչից հեռու: Դու չես իմանալու, որ գտնվելու ես ծովից նոր ազատված հողերի վրա, որոնք ելել են վիթխարի լեռնազանգվածների հետ բախվելու և թույլ տալու երրորդային ժամանակաշրջանին, որպեսզի ճմրթի քեզ մագաղաթի նման… Եվ այս լեռան վրա, մինչև հորիզոն ձգվող հարթավայրերի վերևում, քեզ շատ բարձր կթվաս: Եվ դու քեզ կզգաս գիշերվա մեջ, անկյունում, արևից մոռացված ու ժամանակի մեջ… Այնտեղ վերևում արդյոք այդքան մոտի՞կ են իրար համաստեղությունները, ինչպես թվում են չզինված աչքերով նայելիս, թե՞ բաժանված են իրարից անհաշվելի ժամանակով… Մեկ այլ մոլորակ է պտտվելու քո գլխավերևում, և այդ մոլորակի ու քո ժամանակները միանման են լինելու` հեռավոր ու խավարտչին պտույտն, հավանաբար, հիմա սպառում է իր ժամանակի ինչ-որ հատվածը, ըստ մերկուրիական հաշվարկի միակ տարվա մեկ օրը, որը երբեք չի համընկնելու քո օրերի և տարիների հետ… Եվ այդ այսօրն էլ քոնը չէ, ինչպես նաև քոնը չէ իրականությունն այն աստղերի, որոնց կսկսեն նորից նայել` գուշակելով, թե արդեն հավանաբար կործանված ինչպիսի անցյալի է պատկանում այդ լույսը: Լույսը, որ տեսնում են աչքերդ, լոկ արտացոլանքն է այն լույսի, որը ճամփա է ընկել դարեր առաջ, քո ժամանակի դարերով չափված: Ապրու՞մ է դեռ այդ աստղը… Նա կապրի, քանի դեռ աչքերդ տեսնում են նրան: Եվ կիմանաս, որ նա մեռած է միայն այն գալիք գիշեր, երբ այլևս աչքերդ չի թափանցի լույսը, եթե նա դեռ ապրում է, լույսը, որին ուղարկում էր այն աստղը, երբ դեռ ապրում էր և որին դու տեսել ես միայն որպես արտացոլանքն հեռավոր անցյալի և օրհներգել ես քո հայացքով… Երկար ժամանակ կենդանի կհամարես այն, ինչ մեռել է արդեն: Իր մեռած սկզբնաղբյուրից լույսը գալու է ու հասնելու է այն հեռավոր ժամանակներում, գիշերով, փոքրիկ տղայի աչքերին… Հեռավոր անցյալում ժամանակը, որն հետո լցվելու է կյանքով, գործողություններով, խոհերով, բայց որը երբեք չի կարողանա ամուր կապել իրար անցյալի առաջին կետը գալիքի վերջին կետի հետ… Ժամանակը, որն ապրում է հիշողության միայն առանձին ցայտերի մեջ, ցանկության առանձին թռիչքների մեջ, բայց որը վերանում է այս տարօրինակ էակի մեջ մարմնավորված կյանքի սպառվելու հետ, էակ, ինչպիսին դու ես` երեխա կամ էլ մեռնող ծերունի, որը ինչ-որ կախարդանքով իր գիտակցության մեջ էր միավորել այն գիշեր լեռնալանջով սողացող փոքրիկ միջատներին վիթխարի լուսատուների հետ, որոնք տիեզերքի անծայր լանջերով սուրում էին լռությամբ պարուրված… Այդ խաղաղ պահին ոչինչ չի կատարվի երկրի վրա` լոկ դու ես ու երկնակամարը… Բոլորը կապրեն, կշարժվեն, կբաժանվեն փոփոխությունների հոսանքի մեջ և միաժամանակ կքայքայվեն, կծերանան և կկործանվեն առանց օգնության կանչ ու աղաղակ արձակելու…

(հատված «Արտեմիո Կրուսի մահը» վեպից)

Թարգմ. Հ. Գրիգորյան

%d bloggers like this: