Tag Archives: ՄԱԿ

Միավորված աշխատավորի ներթափանցումները

31 Հնվ

Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուգեն Արսենյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, և սա արդեն անառարկելի փաստ է: Ու եթե ոմանք դա պիտի համարեն անակնկալ քայլ, ապա նրանց միանգամից ասենք, որ այս որոշումն առաջին հերթին անակնկալ էր հենց Արսենյանի համար, քանի որ 2007-ի ընտրական անհաջողությունից հետո Արսենյանն իր ՄԱԿ-ը «պահածոյացրեց», իսկ ինքն ամբողջ հոգով նվիրվեց բիզնեսին՝ հին ընկերների մոտ չվերադառնալու հաստատ որոշմամբ: Սակայն, ինչպես ասում են, «երբեք չասես՝ երբեք», քանի որ հայտնի չէ, թե վաղը ինչ ամպեր կարող են կուտակվել գլխիդ և իրավիճակային փոփոխություններն ուրիշ ինչ ելքեր կթելադրեն: Իսկ Արսենյանի հետ ճիշտ նման մի բան կատարվեց անցյալ աշնանը, երբ նա հայտնվեց Երևանի քաղաքապետարանի հետ լուրջ հակասությունների մեջ: Խոսքն այն մասին էր, որ քաղաքապետարանը ապամոնտաժել էր Արսենյանին պատկանող ընկերության գովազդային վահանակները` պնդելով, թե դրանք անօրինական են տեղադրված: Այս դեպքն անասելի վիրավորանք պատճառեց նրան, և ՄԱԿ-ի ղեկավար ու «Յունիքորն Գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանին այլ բան չէր մնում անելու, քան հրահանգել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես դադարեցնի գործունեությունը մայրաքաղաքում: «Կարծում ենք, որ նման քաղաքային իշխանության հետ աշխատելը մեր ընկերությանը պատիվ չի բերում, չենք ուզում նման քաղաքային իշխանության հետ աշխատել»,- հայտարարեց խոցված Արսենյանը և նույն վայրկյանին էլ հայտնվեց… քաղաքական դաշտում, քանի որ մեկ այլ դաշտ գնալու ոչ ցանկություն կար, ոչ էլ հնարավորություն:
Սրանից անմիջապես հետո գործարար-կուսակցականը հարկ համարեց մեկ անգամ էլ ցուցադրել իր վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ՝ տեղեկացնելով, որ ոչ մի գնով չի ընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում, եթե անգամ Հանրապետականից իրեն այդպիսի առաջարկ անեն: Իհարկե, հազիվ թե Հանրապետականի մտքով անցներ Արսենյանին իր գիրկը կանչել, քանի որ մեկ անգամ (ու ընդմիշտ) փակել էր դուռը նրա երեսին դեռ 4-5 տարի առաջ, սակայն մեր հերոսն իր անձը կարևորելու խիստ պահանջ էր զգում, և այս կարգի մտքեր արտասանելը այսուհետ նրա համար պիտի սովորական երևույթ դառնային:
Խոսելով քաղաքականության մասին, Արսենյանը սովորաբար հասկանում է երկու բան՝ սեփական բիզնեսի ապահովագրում և վերադարձ խորհրդարան: Ու երբ նա տեղեկացրեց, թե ՄԱԿ-ը սկսել է ակտիվացնել քաղաքական գործունեության աստիճանը, իսկ նպատակը հենց խորհրդարանում քաղաքական ներկայություն ունենալն է, ամենքն էլ հասկացան, որ խոսքը ոչ այնքան ՄԱԿ-ի, որքան Արսենյանի ներկայության մասին է: Բայց ներկայություն ասվածն էլ իր առանձնահատկություններն է ունենում, և այն, ինչ մատուցեց վերադարձող պարոնը, լիովին բացահայտում է փայլուն ստրատեգի նախանշած «օպերացիայի» էությունը:
Երեկ Գուրգեն Արսենյանը հանրությանը տեղյակ պահեց, որ չի հերքում այն լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավոր է, որ ինքը մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Նրա խոսքերով` իր կուսակցության համագումարում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում, պարզ կդառնա իր ու իր կուսակիցների մասնակցության ձևաչափը: Վերջին միտքը պետք է հասկանալ ոչ այնպես, թե Արսենյանը կարող է հանկարծ վերցնել ու հրաժարվել ԲՀԿ-ի մատյաններում իր անունը ոսկե տառերով գրելու հնարավորությունից: Բոլորովին ոչ: Խոսքն այս դեպքում այն մասին է, որ գոյություն ունի նաև մասնակցության այլընտրանքային տարբերակը, ինչի մասին նա արդեն խոսել էր մի քանի օր առաջ: Արսենյանն ասել էր, որ հնարավոր է` մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրի Արաբկիր վարչական շրջանի թիվ 4 կամ 5 ընտրատարածքում: «Իմ առաջադրումը նաև մեծամասնական համակարգով տակտիկական խնդիր է, որպեսզի ավելացնեմ կուսակցության հնարավոր մանդատների թիվը»,- բացատրել էր նա՝ վերստին շեշտելով կուսակցության անունը և դարձյալ հասկացնել տալով, որ իրականում խոսք կարող է գնալ միայն իր և վերստին իր մասին: Այլ կերպ ասած, նա կարող է լինել ինչպես ցուցակում, այնպես էլ առանձին՝ ապահովագրելով սեփական անձը ամեն կարգի տհաճ անակնկալներից, իսկ դրա հետ մեկտեղ իրագործելով մի երրորդ նպատակ՝ այն է՝ մրցակից դառնալ «անհաշտ հակառակորդների» համար: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է արդեն հիշատակված Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքին: Բանն այն է, որ այնտեղ առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև Արտակ Սարգսյանը` նույն ինքը՝ «SAS»-ի Արտակը: Պարզ է, որ վերջինիս հետ սրեր խաչելու հեռանկարը ոչ այնքան սպորտային հրապուրանք է, որքան մի մարտահրավեր, որին Արսենյանն, ինչպես տեսանք, անվանում է «տակտիկական խնդիր»:
Բայց վերադառնանք «Բարգավաճ Հայաստանում» պարտված գործարարի համար անկյուն հատկացնելու փաստին, որին անդամակցելու (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ այնտեղ ներթափանցելու) իր հաջող գործարքը Արսենյանը մեկնաբանում է ոչ այլ կերպ, քան գաղափարական դաշինքների կողմնակից լինելու պատրաստակամությամբ: Նա նաև կողմնակից է քաղաքական մրցակցությանն ու բանավեճերին, և կարծում է, որ այս խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն հենց այդ պլատֆորմների տեսանկյունից ելնելով: Տեսնես ինչպե՞ս է Արսենյանի բախտը բերել ԲՀԿ-ում գաղափարական պլատֆորմ տեսնել, մի բան, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել: Բայց գուցե հենց նման պայծառատեսությունն է, որ Արսենյանին առանձնացնում է մեզ պես շարքային մահկանացուներից, իսկ Տերը միայն եզակիներին է շնորհում այդ բացառիկ կարողությունը՝ թափանցել ԲՀԿ-ի հաստ պատերի միջով, տեսնել անտեսանելին, դառնալ այն, ինչ պահանջում է տվյալ պահի իրավիճակը: «Վերջիվերջո, մենք, լինելով քաղաքական կուսակցություն ու լինելով ողջամիտ մարդիկ, պետք է կարողանանք գտնել առավելագույն օգտակար գործողության գործակից ունեցող մեխանիզմը։ Հո մենակ չե՞նք մասնակցում մասնակցելու համար։ Այսինքն` մեր մասնակցությունը ի սկզբանե նպատակ ունի քաղաքական ներկայություն ապահովել խորհրդարանում»,- ասում է Արսենյանը և հավատում է իր ասածին: Միայն թե օգգ-ի մասին նրա դատողությունները նույն՝ պարսպապատեր հաղթահարելու հատկությունը չունեն, ինչով օժտված է դրանք արտասանողի անձը: Եվ Արսենյանի ընտրազանգվածին այդ դեպքում այլ բան չի մնում, քանի ետ նայել ժամանակի միջով, վերհիշել, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց ինչպես էր նա հայտարարում, որ Քոչարյանի ժամանակ խաղի կաննոները հստակ էին, իսկ Սարգսյանի պարագայում անորոշություն է, և հասկանալ, թե ո՞վ է Արսենյանը, ու՞ր է գնում, ու՞մ հրահանգով է գնում և հանուն ինչի՞ է գնում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրկին հիշելով պատերազմի մասին

2 Նյմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ժողովուրդների ինքնորոշման իրավունք» և «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» թեմաների շուրջ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Այս փաստն արդեն իսկ հետաքրքական էր, քանի որ մեր դեսպանի լռությունը երբեմն այնքան երկարատև է լինում, որ նույնիսկ Հայաստանում են սկսում կասկածել, թե արդյո՞ք մենք ՄԱԿ-ում ունենք մեր ներկայացուցիչը: Եվ այսպես, Կ. Նազարյանը խախտեց այդ լռության ուխտը ու Նյու Յորքից մեզ բոլորիս տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, և այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Պատերազմի վերսկսման հավանականության մասին նման կանխատեսում-զգուշացումը մեկ այլ իրավիճակում կարող էր ընկալվել սոսկ որպես անհանգստություն՝ հաշվի առնելով հարևան երկրի հռետորաբանությունն ու սպառազինվելու տեմպերը: Սակայն այս անգամ այս ահազանգը միակողմանի չէր: Բանն այն է, որ վերջին օրերին Բաքվից վերստին հնչում են հստակ նախազգուշացումներ այն մասին, որ ստեղծված փակուղին ադրբեջանցիներին այլ ելք չի հուշում, քան իր խնդիրները լուծել կոշտ միջոցներով: Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը։ Հենց այսպիսի նոր մարտավարություն են այժմ որդեգրել ադրբեջանցիները և նույնիսկ նպատակահարմար են գտնում այդ մասին տեղեկացնել ամենքին: Եթե համադրելու լինենք նույն բովանդակությամբ մի քանի ելույթները, ապա պատկերը կլինի մոտավորապես այսպիսին. Ադրբեջանը կարող է առանց Թուրքիայի զինված ուժերի աջակցության ջախջախել հայկական բանակին, թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բոլոր բնագավառները ընդգրկող երկարատև ռազմական համագործակցություն։ Մի խոսքով, եթե հիմա պատերազմ սկսվի, այնքան էլ կարևոր չէ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, թե ոչ։ Դա կարևոր էր մի քանի տարի առաջ։ Իսկ հիմա Ադրբեջանն ընդունակ է օկուպացվցած տարածքներից միայնակ դուրս մղել հայերին։ Սակայն խնդրի կարգավորումը մարտադաշտ տեղափոխելու համար Ադրբեջանն ուղղակի սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը: Ընդ որում, չգիտես ինչու, ադրբեջանցիները վստահ են, որ եթե իրենք պատերազմ սկսեն, ապա այդ երկիրը չի անտեսվի միջազգային հանրության կողմից։ Ամենայն հավանականությամբ, նրանց թև է տալիս այն միտքը, թե միջազգային իրավունքը արտոնում է նման գործողությունները: «ՄԱԿ-ի համապատասխան հոդվածում նշվում է այն մասին, որ օկուպացիայի ենթարկված երկիրը կարող է ցանկացած միջոցով ազատագրել իր հողերը։ Այսինքն, իր հողերի ազատագրման համար Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը, ըստ միջազգային իրավունքի, ճիշտ է և արդարացի»,- այսպես է խնդիրը բացատրում ադրբեջանցի պատգամավորներից մեկը։
Մի կողմ թողնելով այս ճանապարհով հաջողության հասնելու հավանականության ու անհավանականության աստիճանների քննությունը՝ նկատենք, որ օրերս պատերազմի վերսկսման հնարավորությունների մասին տագնապալի տեսակետներ հնչեցին նաև Արևմուտքից: Մասնավորապես, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրին տված հարցազրույցում Հարավային Կովկասում 2006-2011թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անդրադարձել էր ղարաբաղյան հարցին և նշել հետևյալը «Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած ճգնաժամը շարունակում է խորանալ, և իրավիճակն առ այսօր թվում է փակուղային ու անլուծելի: Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունը և զարգացումը հղի են լուրջ ռիսկերով: Կտրուկ սրացման իրական վտանգ կա: Հակամարտության կողմերը սպառազինությունների չթուլացող եւ ապակայունացնող մրցավազք են սկսել»: Այս ամենից հետո Սեմնեբին հիշեցրել էր նաև, որ առայժմ կողմերի միջև գոյություն ունի միայն հրադադարի անկայուն համաձայնագիր, և Եվրամիության էական ավանդը տվյալ պահին կարող է լինել այն, որ նրա միջնորդությամբ վերստին ամրապնդվի հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Այս և վերը շարադրված տրամադրությունների համտեքստում է պետք դիտարկել այն փոփոխությունները, որոնք նշմարելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններում և դիրքորոշումներում: Եռանախագահներն այժմ ավելի հաճախ են կրկնում այն միտքը, թե «շփման գիծը չի կարող հավերժ պատնեշ լինել հարևան ժողովուրդների միջև»: Նման ձևակերպումն, ինչ խոսք, միայն լուսավոր ապագայի մասին նրանց գեղեցիկ տեսլականների արտահայտությունը չէ: Առաջին հերթին սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումն այսուհետև ոչ միայն անցանկալի է, այլև անթուլատրելի: Շեշտադրումների նման որակական ու բովանդակային ձևափոխումը այսօր շատերին է թույլ տալիս ենթադրելու, որ Մինսկի խմբի նոր հայտարարություննները ոչ միայն էականորեն տարբերվում են նրանց նախորդ հայտարարություններից, այլև այն, որ եթե ոչ հեռու անցյալում նրանք ասում էին, թե հանդես են գալիս խնդրի լուծման զանազան առաջարկություններով կամ մոդելներով՝ ջանալով հակամարտող կողմերին բերել փոխզիջման, ապա այժմ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության աճման լույսի ներքո կոչ են անում թույլ չտալ լարվածության սրում:
Ընդհանուր մթնոլորտին հավելյալ լիցքներ են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք վերջին շաբաթների ընթացքում վերստին սկսել են ողողվել պատերազմ վերսկսելու մասին հոդվածներով ու վերլուծություններով: Սևեռվելով այն հեռանկարի վրա, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ադրբեջանցիներն անմիջապես հարց են տալիս, թե հօգուտ ո՞ր կողմի է լինելու այդ փոփոխությունը, և իրենք էլ գտնում են դրա պատասխանը. «Ղարաբաղյան հակամարտության ոչ Ադրբեջանի օգտին լուծումը ճանապարհ է բացում նոր պատերազմների: Դա անխուսափելի է»,- եզրակացնում են նրանք:
Իհարկե, այսպիսի լարված իրավիճակում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի: Դրա սպառնալիքը միշտ է եղել, կա ու դեռ երկար ժամանակ կախված կմնա օդից: Չենք կարող նաև չնկատել, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանի դիրքորոշումը նույնպես դարձել է ավելի կոշտ: Մեր իշխանության ներկայացուցիչները սկսել են ավելի կտրուկ հայտարարություններ անել ղարաբաղյան թեմայով, ինչին զուգահեռ աճում է Ադրբեջանի անվստահությունը, քանի որ մի կողմից նրա համար բացահայտվում է, որ գերտերություններից ու դաշնակից երկրներից ոչ մեկը, նախևառաջ Թուրքիան, հազիվ թե աջակցի իրեն, մյուս կողմից էլ Ռուսաստանը, որ փորձում է «կտրուկ շարժումներ» չանել ու չխախտել Հայաստանի հետ ավանդական հարաբերությունները, հիմքեր չի թողնում Բաքվի ակնկալիքների համար: Եվ այժմ պատերազմի սպառնալիքով խնդիրը մեռյալ կետից առաջ մղելու մտադրությունը թեև լիովին բացառել չի կարելի, սակայն դրա հետ մեծ հույսեր կապելը ևս հեռանկարային չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱԿ-ը որոշեց իր ծոցում օձ տաքացնել

26 Հկտ

Ի վերջո իրականություն դարձավ ադրբեջանցիների հերթական երազանքներից մեկը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում տեղի ունեցան Արևելյան Եվրոպան ներկայացնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամների ընտրությունները, և մեր հարևան երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ: Անդամությունը երկու տարի ժամկետով է՝ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից: Հիշենք, որ երկար ժամանակ այդ տեղի համար բարդ պայքար էր ընթանում Ադրբեջանի ու Սլովենիայի միջև: Երկրներից ոչ մեկին սկզբնապես չէր հաջողվում հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը: Եվ հանկարծ կատարվեց անսպասելին՝ վերջին 9-րդ փուլում Սլովենիան հանեց իր թեկնածությունը՝ կանաչ լույս վառելով մրցակցի առաջ: Այդ պահին քչերը ուշադրություն դարձրեցին, իսկ հետո նաև ընդհանրապես մոռացության տվեցին Սլովենիայի ներկայացուցչի ելույթի այն հատվածին, որտեղ նա խոսեց կասկածելի ընտրության և անարդար պայքարի մասին: Բայց սա այլևս էական չէր: Ադրբեջանի օգտին քվեարկեց 155 երկիր, 24 երկիր դեմ արտահայտվեց, իսկ 13 երկիր այլ թեկնածուների առաջադրեց: Բոլորի համար էլ ակնհայտ էր, որ Բաքվի համակիրները հիմնականում իսլամական երկրներն էին և երրորդ աշխարհի այն աղքատ պատությունները, որոնք ձայները դժվար չէր գնել նավթադոլարներով: Փոխարենը, ինչպես պարզաբանել էր արևմտյան դիվանագետներից մեկը, Ադրբեջանի դեմ քվեարկել էին Եվրամիության անդամ-երկրները: «Արևմուտքը չէր ուզում երկրորդ Պակիստան տեսնել Անվտանգության խորհրդում` արևելաեվրոպական երկրի փոխարեն»,- բացատրել էր նույն աղբյուրը: Սա, իհարկե, չափազանց տարօրինակ է: Չէր ուզում, սակայն տեսավ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանին, այլ հենց Պակիստանին, որը նույնպես դարձավ ԱԽ ոչ մշտական անդամ՝ իր ներքին քաոսային կացությամբ ու ահաբեկիչների հետ ունեցած ջերմ հարաբերություններով հանդերձ:
Այս պարագան հատկապես ընդգծելու անհրաժեշտություն կա, քանի որ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներն իրենց կարգավիճակի հետ մեկտեղ պիտի համապատասխանեն նաև հստակ դրված չափորոշիչների: Ի՞նչ է սա նշանակում: Նախ, համաշխարհային քաղաքականության վրա ներազդելու մի շարք մեխանիզմներին տիրապետելով հանդերձ, երբ աշխարհում ընթացող կարևոր իրադարձությունների մասին որոշումներ ընդունելիս կամ ի կատար ածելիս հաշվի է առնվում նաև ժամանակավոր անդամների կարծիքը, վերջիններս նաև պիտի իրենց «վարքով» վաստակած լինեն այդ կարևորագույն վճիռներն ընդունելու իրավունքը: Իսկ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 23-րդ հոդված, ԳԱ ԱԽ ոչ մշտական անդամն ընտրվում է` հաշվի առնելով միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, ՄԱԿ-ի այլ նպատակներին տվյալ երկրի նախկին ու ներկա մասնակցության հանգամանքը: Եվ հիմա ծիծաղելի կլինի պնդել, թե Ադրբեջանը ծանրակշիռ ավանդ ունի խաղաղության կամ անվտանգության հաստատման գործում: Իսկ սա արդեն այլ բան չի նշանակում, քան վերահաստատումն այն կարծիքի, որ ՄԱԿ-ի ներկա ընդհանուր քաղաքականությունը արագորեն գլորվում է դեպի ձևախեղում, և այդ միջազգային, երբեմնի հեղինակավոր կառույցի հիմնական մարմինների վարքագիծն այլևս չի բխում իր իսկ որդեգրած առաքելության համընդհանուր քաղաքականությունից:
Կասկած չկա, որ Ադրբեջանի ԱԽ անդամ դառնալու ձգտման հիմնական ( եթե ոչ՝ միակ) պատճառը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Բաքուն այժմ կփորձի իր նոր դիրքն օգտագործելով, ՄԱԿ-ից հավելյալ փաստաթղթեր ստանալ, անվտանգության խորհրդում կրկին քննարկման դնել ղարաբաղյան թեման, հիշեցնել նախորդ 4 բանաձևերի մասին և այլն: Ճիշտ է` ՄԱԿ-ի ոչ մի մարմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործառույթով օժտված չէ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է միայն իրավասու միջամտել կարգավորման գործընթացին, սակայն ադրբեջանցիներին այդ հանգամանքը հազիվ թե խոչընդոտի, եթե անհրաժեշտությունը նրան դրդի շրջանցել ընդունված պայմանները: Ու չնայած այն հարցին, թե Ադրբեջանը կարող է օգտագործել Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան խնդրի քննարկման համար, այդ երկրի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը բացասական պատասխան էր տվել, սակայն Բաքվի մեկ այլ պաշտոնյա՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը մատնել էր իրական մտադրությունը՝ խոստովանելով, որ նոր անդամակցությունն իրենց թույլ կտա բարձրացնել ղարաբաղյան հիմնախնդիրն ու այլ կարևոր հարցեր։
Ասվածից զատ, կատարվածն ադրբեջանցիների համար ունի նաև քարոզչական էական նշանակություն: Այդ փաստը ներկայացնելով որպես մեծ դիվանագիտական հաջողություն՝ ալիևյան վարչախումբը ջանում է դրանով քողարկում իր մյուս ձախողումները: Իսկ եղբայրական Թուրքիան յուղ է լցնում նրա կրակին: Թուրքիայի վարչապետ Էրդողանի շնորհավարական ուղերձը այս անգամ պատիվ կբերեր ցանկացած երգիծական հանդեսի: «Դա Ադրբեջանի մեծ հաղթանակն է։ Երկու տարի առաջ Թուրքիան էր ընտրվել ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ, իսկ այժմ եղբայրական Ադրբեջանն է դառնում այդ կառույցի անդամ։ Իմ ուրախությանը չափ ու սահման չկա»,- ասել էր չափ ու սահման կորցրած Էրդողանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին նույնի կապակցությամբ ունեցած ելույթում շնորհավորել էր ադրբեջանցիներին՝ «տարած հաղթանակի» կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա վկայում է միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակության մասին, և դրանից անմիջապես հետո փորձել էր ծաղրել Հայաստանին՝ պատմելով, թե իբր նախնական փուլում Հայաստանը նույնպես դրել էր իր թեկնածությունը։ «Սակայն ամիսներ առաջ այնտեղ, հավանաբար, մտածեցին և հասկացան, որ նրանք ի վիճակի չեն դիվանագիտական ասպարեզում մրցակցել Ադրբեջանի հետ, և անձայն, առանց որևէ աղմուկի հանեցին իրենց թեկնածությունը։ Այսինքն, դա խոսում է այն մասին, որ նրանք անզոր են Ադրբեջանի դեմ և հասկանում են դա»,- եզրակացրել է Ալիևը։ Նա, իհարկե, չի մանրամասնել, թե անզոր ու թույլ հայերն ինչպես են տնօրինում իր երկրի կեսին և ինչպես է ինքը պատրաստվում ՄԱԿ-ի ամբիոնին կանգնելով ետ վերադարձնել կորոստյան մատնած «20 տոկոս տարածքը», սակայն նրա ունկնդիրները դա վաղուց գիտեն: Հավանաբար նրանք հասկանում են նաև, որ Ադրբեջանը շոշափելի օգուտ չի ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամությունից: Եթե ավելի վաղ Բաքուն իր ներկայացրած բանաձևերի համար ձայներ էր կորզում Իսլամական կոնֆերանսի երկրներից կամ Չմիացած երկրների շարժումից, ապա դա այնքանով էր անպտուղ, որ միշտ էլ առաջնությունը պատկանում էր ԱԽ մշտական անդամների դիրքորոշմանը, քանի որ վերջիններս վետո-ի իրավունք ունեն: Իսկ այդ երկրներից երեքը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն են ու նրանց դիրքորոշումը բոլորին է հայտնի:
Մյուս պատճառների մասին, որոնք արժեզրկում են Ադրբեջանի անդամությունը, արդեն բարձրաձայնում են հենց իրենք՝ ադրբեջանցիները: Ահա թե ինչ է ասել այդ առթիվ Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին. «Եթե հաշվի առնենք Ադրբեջանի արտաքին քաղաքականության ներկայիս միտումները, ապա կարող ենք վստահությամբ ասել, որ Ադրբեջանը չի կարողանա լիարժեք օգուտ քաղել իր նոր կարգավիճակից: Ադրբեջանը շատ գլոբալ հարցերի շուրջ չունի ընդհանրացված տեսակետ, ինչպես նաև ակտիվ արտաքին քաղաքականության ստրատեգիա, ինչը փաստում է, որ Ադրբեջանը չի կարողանա օգտագործել իր նոր կարգավիճակը հօգուտ իրեն»: Այնպես որ առուն չթռած «հոպ» ասելը չի խրախուսվում: Իսկ թե ՄԱԿ-ը ինչ վաստակեց իր վերջին ընտրությամբ, դա նրանք կհասկանան շատ շուտով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պաղեստինի անմշակ ռոմանտիկան

26 Սպտ

Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին փոխանցված պաշտոնական հայտը, որով առաջարկվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը և տրամադրել ՄԱԿ-ի լիիրավ անդամություն, դարձել է վերջին օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը: Բոլորն են հասկանում, որ այս ընթացակարգը չի սահմանափակվելու սոսկ նրանով, որ հարցը քննարկման դրվի 193 անդամ ունեցող Գլխավոր վեհաժողովում, իսկ ձայների 2/3-ը ստանալու դեպքում «Պաղեստին» մակագրությամբ բազկաթոռը բերվի ՄԱԿ-ի դահլիճ։ Ավելին, գերիշխողն այն մտայնությունն է, որ խաղաղությունը ձեռք չի բերվում ՄԱԿ-ի հայտարարությունների և բանաձևերի միջոցով, հակառակ դեպքում հաշտությունը վաղուց հաստատված, իսկ սահմանները գծված կլինեին: Եվ այս բանը հրաշալի գիտակցում են ինչպես Պաղեստինում, այնպես էլ Իսրայելում: Միայն թե դա չի խանգարում, որպեսզի հակամարտող կողմերը շարունակեն մնալ անզիջում և համառ:
Դեռ Աբբասի ՄԱԿ գնալուց առաթ Թել Ավիվը հայտարարել էր, որ եթե պաղեստինցիները դիմեն այդ քայլին, ապա հակազդեցությունը չի ուշանա: Հրեաները նույնիսկ մերժեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի փոխզիջումային առաջարկը, որը ենթադրում էր ճանաչել Պաղեստինի անկախությունը և նրան ՄԱԿ-ի կազմում ընդգրկել ոչ թե լիիրավ անդամի, այլ դիտորդի կարգավիճակով: Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկում էր որոշակի ժամկետներ սահմանել Իսրայելի ու Պաղեստինի միջև համաձայնության ձեռքբերման հարցում: Սակայն Թել Ավիվը դա համարեց անօգուտ: Եվ միայն այն բանից հետո, երբ հայտը փոխանցվեց գլխավոր քարտուղարին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ապահովման դեպքում առաջինը հենց Իսրայելը կճանաչի Պաղեստինը: «Իրականությունն այն է, որ Իսրայելը խաղաղություն է ցանկանում։ Իրականությունն այն է, որ ես խաղաղություն եմ ցանկանում։ Եվ հանուն խաղաղության ձեռքս մեկնում եմ Պաղեստինի ժողովրդին, Աբբասին… Առանց ժամանակ կորցնելու կարող ենք վերսկսել բանակցությունները։ Եկեք հանդիպենք հենց այսօր և այստեղ»,- Աբբասին դիմեց Նեթանյահուն։ Պարզված ձեռքը օդում չթողնելու համար Աբբասը չմերժեց հանդիպման անցկացումը, սակայն նշեց, թե դրանից Պաղեստին պետության ճանաչման հայցը չի վերանայվի:
Բայց արդյո՞ք պաղեստինյան ռևանշը կարող է պսակվել հաջողությամբ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ճիշտ է, մեծ թիվ են կազմում այն երկրները, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ հօգուտ ճանաչման, միայն թե այդ հանգամանքը բավարար չէ արդյունք ակնկալելու համար: Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել է, որ եթե հարցը դրվի քննարկման, ապա Վաշինգտոնը կօգտվի իր վետոյի իրավունքից: Սպասվելիք ծանր հետևանքները կանխելու կամ գոնե հետաձգելու ակնկալիքով մի վերջին քայլ կատարեց մերձավորարևելյան Քառյակը (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ու ՄԱԿ-ը)՝ կոչ անելով Իսրայելին ու Պաղեստինին եկող ամսվա ընթացքում համաձայնության գալ բանակցությունների շուրջ: Քառյակն այն կարծիքին է, թե կողմեը 3-ամսյա ժամկետում կարող են անվտանգության ու սահմանների հետ կապված առաջարկներ մշակել, իսկ կես տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց արձանագարել խաղաղ կարգավորման գործընթացում: «Քառյակի հիմնական նպատակն է հասնել խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը 2012թ վերջին»,- ասված էր նրանց համատեղ հայտարարության մեջ:
Սա, ինչ խոսք, չհիմնավորված և ոչնչի վրա չխարսխված լավատեսություն է: Ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ ժամանակ շահել: Եվ այժմ նրանք տեղեկացնում են, որ Մոսկվայում շուտով կանցկացվի միջազգային մի վեհաժողով՝ վերսկսելու համար խաղաղության գործընթացը։ Իսրայելը, որին այսպիսի շրջադարձը խիստ ձեռնտու է, դրական է արձագանքել նշված առաջարկին: Իսկ պաղեստինյան վարչակազմն ասել է, որ իրենց պատասխանը կլինի ավելի ուշ:
Ընթացակարգի համաձայն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Պաղեստինի ճանաչման ու անդամակցության հայտը քննարկել կսկսի այսօր: Հայտնի է, որ հայտի ուսումնասիրության գործընթացը կարող է շաբաթներ տևել: Իսկ մինչ այդ ինքնավարության արաբ բնակիչները Ռամալլահի կենրոնական հրապարակներում տոնում են պետության ճանաչման գործընթացի մեկնարկը ու հայրենիք վերադարձած Աբբասին դիմավորում իբրև ազգային հերոսի:
Սակայն պետք է նկատել, որ բուն Պաղեստինում քիչ չէ նրանց թիվը, ովքեր խորապես համոզված են, որ գործընթացին չարժե լրջորեն վերաբերվել: Նրանց համոզմամբ, տեսանելի ռոմանտիկ զեղումների թիկունքում հստակ հաշվարկն է, ինչին գիտակցաբար դիմել է վարչակազմը: Մահմուդ Աբասն այդ քայլին գնաց` արդյունքում գոնե որևէ միջանկյալ կարգավիճակ ստանալու համար: Իսկ այս դիվանգիտական քայլը պայմանավորված է այն իրողության ըմբռնմամբ, որ Պաղեստինն այսօր լիիրավ կրագավիճակ ստանալ պարզապես չի կարող:
Ինչ վերաբերում է երկրներին, ովքեր պիտի թեր կամ դեմ քվեարկեն հարցին, ապա նրանց վիճակը նույնպես նախանձելի չէ: Վերջիններս ստիպված են դիրքորոշում ձևավորել՝ ամենաքիչը մտածելով Պաղեստինի կամ Իսրայելի ապագայի մասին և բացառապես ղեկավարվելով թե սեփական և թե աշխարհաքաղաքական շահերով: Մի մասը հաշվի է առնում իր հարաբերություններն արաբների կամ թուրքերի հետ, մյուսները` ԱՄՆ-ի ու Եվրոպայի: Քիչ չեն նաև նրանք, ովքեր մինչև վերջին պահը դեռ չեն կարողացել որևէ հստակ եզրահանգման գալ:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Ադրբեջանը սատարելու է Պաղեստինին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Հայաստանի պարագայում խնդիրը փոքր-ինչ բարդ է: Նախ մինչ օրս դեռ չկա պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարություն, և բացի այդ հանրության ներսում կարծիքները բաժանվում են: Ոմանք գտնում են, թե Պաղեստինի անկախության ճանաչման հարցում Հայաստանը չպիտի տուրք տա մյուս պետությունների շահերին և պետք է կողմ քվեարկի ճանաչմանը: Մյուսները նույնիսկ գործարք են առաջարկում՝ հուշելով, թե Հայաստանը պիտի դիմի Իսրայելին և ասի, որ եթե վերջինս ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա իրենք էլ դեմ կքվեարկեն Պաղեստինի անկախությանը: Հակառակ պարագայում կկանգնեն կողմ քվեարկողների շարքում:
Սա, իհարկե, լուրջ մոտեցում համարվել չի կարող: Իսկ հնարավոր վերաբերմունքի մասին վերջին տեղեկությունների համաձայն, մեր երկիրը մտադիր է քվեարկել Պաղեստինի պետության ճանաչման հարցի դեմ: Այս մասին հայտնի է դարձել օտարերկրյա դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած անանուն աղբյուրից: Ինչպես նշել է աղբյուրը, ապագայում Հայաստանի դիրքորոշումը կարող է մոդուլյացիայի ենթարկվել, եթե Պաղեստինը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի առնչությամբ մաքսիմալիստական դիրքորոշումից` հօգուտ Ադրբեջանի: Երևում է՝ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, թե ամիսներ առաջ Մահմուդ Աբբասն ինչպիսի բառեր էր շռայլում Բաքվում՝ ադրբեջանցիների համակրանքին ու աջակցությանն արժանանալու համար: Իսկ եթե դա այդպես է, ապա Հայաստանն իսկապես կարող է կտրուկ կերպով դեմ արտահայտվել: Եվ նրան շատերը կհասկանան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաքուն աչքը դրել է ՄԱԿ-ի վրա

9 Սպտ

Հայաստանն ու Ադրբեջանը պայքարի ու մրցակցության նոր թատերաբեմ են գտել և այդ ասպարեզն այժմ ՄԱԿ-ն է: Բանն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է անդամակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իսկ Երևանը կտրականապես դեմ է դրան: Եթե ավելի մանրամասնենք, ապա այս տարվա հոկտեմբերին նշանակված է ՄԱԿ ԱԽ 2012-2013 թթ. ժամանակավոր անդամների ընտրություններ: Թեկնածուներն առայժմ երեքն են՝ Հունգարիան, Սլովենիան և Ադրբեջանը: Ճիշտ է, հավանականությունը մեծ է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ևս 23 երկրներ կարող են պայքարել այդ տեղի համար, սակայն մեզ համար էականը միայն ադրբեջանցիների շանսերն են:
Հայտնի է, որ ԱԽ-ն ունի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ: Վերջիններս ընտրվում են երկու տարի ժամկետով: Դեռ 2000-ականների սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ ցանկություն հայտնեցին համալրել այդ տասնյակի շարքերը: Իսկ այսօր արդեն Հայաստանը չի ցանկանում քվեարկվել առաջիկա երկու տարիների համար, մինչդեռ Ադրբեջանը բուռն և հետևողական աշխատանքներ է ծավալել՝ ամեն գնով այնտեղ ընկնելու նպատակով:
Հայաստանի առարկությունները մի քանի որակներ ունեն: Վերջերս դրանք շարադրեց ԱԳ նախարար Է. Նալբանդյանը՝ սկզբնապես շեշտը դնելով խնդրի բարոյական կողմի վրա: «Մի երկիր, որն իր ռազմատենչ քաղաքականությամբ, իր պատերազմի քարոզչությամբ, մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է, որ 6 տարում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականության կարևոր մաս և փաստորեն սպառնում է հենց խաղաղությանը, ինչպե՞ս կարող է հավակնել Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալ»,- հռետորական հարց հնչեցրեց նա: Իսկ այնուհետև անցում կատարվեց առարկայական դաշտ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը, ով բանակցություններ է վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հեռանկարով, Անվտանգության խորհրդում տեղ զավթելու համար դեմ է դուրս եկել Եվրամիության երկու անդամ երկրների` Սլովենիային ու Հունգարիային` ասելով, թե Եվրամիության անդամները չեն կարող ավելի լավ կատարել այն, ինչ Ադրբեջանը կարող է անել:
Գուցե և այս խոսքերի թիկունքում հմտորեն քողարկված նպատակ կա՝ լարվածություն հրահրել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, սակայն նույնիսկ սա հազիվ թե Բաքվին ետ պահի իր մտադրություններից, առավել ևս, որ վերջինիս հաշվարկները կառուցված են ոչ թե եվրոպացիների, այլ առաջին հերթին իսլամական պետությունների օժանդակության վրա: Հիմա Ադրբեջանում այդ մասին խոսում են բացեիբաց՝ նախագահից մինչև շարքային չինովնիկը: Իլհամ Ալիևն, օրինակ, արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել կրկնելու, որ մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ իրենց ամենամեծ աջակցությունը ցուցաբերել են մուսուլմանական երկրները։ «Մենք շնորհակալ ենք նրանց այդ աջակցության համար, ինչը զգում ենք նաև ներկայումս։ Ադրբեջանն էլ իր հերթին բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է մուսուլմանական երկրների շահերը և այդպես կլինի նաև այսուհետ»,- ասում է նա:
Իր առաջնորդի գծած ճանապարհով էր ընթանում նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, երբ Աստանայում ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության 38-րդ նստաշրջանում, ասաց. «Իսլամական աշխարհին անհրաժեշտ է սեփական ներկայացուցիչն ունենալ ՄԱԿ ԱԽ-ում։ Դրա համար էլ մենք վստահ ենք, որ այդ երկրները մշտապես կաջակցեն Ադրբեջանին»։ Այսինքն միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկում Բաքուն պատրաստվում է խնդիրներ քննարկել՝ ելնելով բացառապես շահադիտական նկատառումներից և այդ բանը ոչ միայն չի թաքցնում, այլև դարձրել է իր «քարոզարշավի» հիմնական լոզունքը:
«Ես քեզ, դու ինձ» առևտրային բանաձևը ողջ թափով գործողության մեջ է, բայց ոչ միայն յուրայինների հետ: Արժանահավատ աղբյուրների համաձայն, իր նպատակին հասնելու համար Բաքուն պատրաստ է նույնիսկ փոքր-ինչ թեթևացնել երկրի գանձարանը: Այդ իսկ պատճառով էլ նախարար Մամեդյարովն այժմ ճանապարհորդում է աշխարհով մեկ և տասնյակ կարիքավոր երկրների խոստանում ֆինանսական աջակցություն տրամադրել, եթե վերջիններս դրա դիմաց վաճառեն իրենց ձայնը ՄԱԿ-ում: Հայտնի են այդ երկրներից մի քանիսի անունները: Օրինակ, Սենտ-Վենսենտի ու Գրենադայի իշխանությունները ոչ միայն սիրով համաձայնել են ձեռնտու գործարքին, այլև վստահեցրել, թե Կարիբյան ավազանի 14 երկրները ՄԱԿ-ում կպաշտպանեն Ադրբեջանի դիրքորոշումը: Նույն պայմանով Ադրբեջանին կարող են իրենց ձայները տրամադրել Կամբոջիան, Բենինը, Հասարակածային Գվինեան, Մավրիկիան, Նամիբիան, Սենտ-Լուսիան, Սեյշելյան կղզիները, Սյերա-Լեոնան, Շրի-Լանկան, Յամայկան, Զիմբաբվեն ու այսպես շարունակ: Այդ իսկ պատճառով էլ երբ ադրբեջանցիներն այժմ անցնում են թվաբանությանը, ապա պատկերը նրանց համար դառնում է միանգամայն նպաստավոր: Եվ պատահական չէ, որ հաշվարկներ կատարողներից մեկը՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագշին Մեհդիևը հպարտությամբ զեկուցում է. «Առաջին անգամ, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում քննարկման դրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, մեզ աջակցեցին 39 երկրներ, 7 երկրներ դեմ հանդես եկան, իսկ մնացածները ձեռնպահ մնացին: Չեմ կասկածում, որ եթե այս անգամ մենք ՄԱԿ-ի քննարկմանը նորկայացնենք որևէ փաստաթուղթ, ապա մեզ աջակցող երկրների թիվը զգալիորեն կավելանա»:
Բաքուն իսկապես մտադրվել է ուժգին գրոհով նվաճել ՄԱԿ-ը: Եվ այդ ցանկության մեջ ամենևին էլ երկրորդական դեր չեն խաղում հին վիրավորանքները: Այստեղ ոչ մի գնով չեն կարողանում մոռացության տալ այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չորս բանաձև է ընդունել, և դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Իսկ այսօր, երբ աշխարհում կատարվում են զարմանալի իրադարձություններ, Իլհամ Ալիևը վրդովված նկատում է. «Երբ մենք տեսնում ենք, որ Լիբիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևերը սկսում են իրագործվել բառացիորեն դրանց ընդունումից մի քանի ժամ անց, իսկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը չեն իրագործվում արդեն 17-18 տարի, բնականաբար հարց է ծագում` ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառն այնտեղ նման օպերատիվության, իսկ մեր դեպքում` նման պասսիվության»: Հասկանալի է, որ իր իսկ առաջադրած հարցերի պատասխանն Ալիևը վաղուց ունի, ինչպես որ ղարաբաղյան խնդիրը մի դաշտից մեկ այլ դաշտ տեղափոխելու մարտավարությունն էլ հետանդում է հեռուն գնացող նպատակներ:
Իսկ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանում: Շատերն են հիմա այն կարծիքին, որ Երևանը սխալ է թույլ տվել՝ չառաջադրելով սեփական թեկնածությունը նույն տեղի համար: Դա կարող էր միանգամից երկու նպատակ հետապնդել՝ պայքարել ընտրվելու և Ադրբեջանին խոչընդոտելու համար: Սրան զուգահետ սփյուռքում արդեն կոչեր են հնչում՝ օգտագործել ողջ ներուժն ու քաղաքական ազդեցությունը՝ հակակշռվելու այն զգալի ֆինանսական միջոցներին, որ Թուրքիան և Ադրբեջանը տրամադրում են բազմաթիվ երկրներին ՄԱԿ-ում նրանց ձայները ստանալու նպատակով: Մի երրորդ խումբ էլ համոզված է, թե քանի որ Ադրբեջանը մրցակցելու է Սլովենիայի և Հունգարիայի հետ, ապա Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելու նրա շանսերը հավասար են զրոյի: Թե նրանցից ով իրավացի կգտնվի՝ կիմանանք ուշ աշնանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչ ցանեցին` այն էլ հնձեցին

7 Հլս

Վրացիները մեզնից նեղացել են և այս անգամ կարծես թե շատ լուրջ: Հազվադեպ է պատահում, որ նրանք իրենց դժգոհության մասին բացեիբաց արտահայտվեն: Սակայն հիմա այդ բանն անում են առանց երկմտելու, ամենաբարձր մակարդակներում: Պատճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների ու ներքին տեղահանվածների մասին» բանաձևի քվեարկությունն էր: Այս բանաձևն ամեն տարի վրացական կողմը ներկայացնում է ՄԱԿ` հուսալով առավելագույն ձայներ հավաքել: Պետք է ասել, որ դա նրանց առայժմ հաջողվում է: Վերջին քվեարկության արդյունքներով կողմ էին 57 երկիր, որը 7-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ Ռուսաստանի օգտին քվեարկեց 13 երկիր, որը 4-ով պակաս էր նախորդ ցուցանիշից: Եվս 74 պետություններ ձեռնպահ մնացին: Սակայն այստեղ էականն այն է, որ Հայաստանը նույնպես դեմ քվեարկեց վրացական բանաձևին: Եվ այժմ պաշտոնական Թբիլիսին ոչ միայն Երևանից բացատրություն է պահանջում այդ արարքի համար, այլև ցանկանում է պարտադրել, որպեսզի Հայաստանը վերանայի իր դիրքորոշումը:
Նախ տեսնենք, թե ի՞նչ բան է վրացիների աղմկահարույց բանաձևը: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ պետք է հարգել Վրաստանում հակամարտությունների հետևանքով տուժած փախստականների ու բռնի տեղահանվածների սեփականության բոլոր իրավունքները և ձեռնպահ մնալ սեփականության ձեռքբերումից, ինչը կարող է խախտել այդ իրավունքները: Այնտեղ նաև նշվում է, որ «անթույլատրելի է բռնի կերպով ժողովրդագրական վիճակի փոփոխությունը»: Որքան էլ վրացիները ջանում են համոզել, թե սա սոսկ հումանիտար բովանդակությամբ բանաձև է, այնուհանդերձ պարզից էլ պարզ է, թե այն ինչպիսի քաղաքական ենթատեքստեր ունի: Այլապես հազիվ թե նրանք այդքան հիվանդագին կերպով ընդունեին հայերի անհամաձայնությունը: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի խոսքերով ասած, պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարել այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»,- ասել է վրացի դիվանագետը:
Շատ հետաքրքիր է, որ տիկինն այս մասին հիշել է, քանի որ հաշված օրեր առաջ իր անմիջական շեֆը` նախարար Գրիգոլ Վաշաձեն հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ճիշտ հակառակն էր ասում և պնդում էր, որ Հայաստանն ու Վրաստանը ապրում են անամպ երկնքի տակ: Բայց, ինչպես տեսնում ենք, մի փոքր անհամաձայնությունը բավական եղավ, որպեսզի երկինքը լցվեր ամպերով և կայծակներ ճայթեին այնտեղից:
Կալանդաձեն նույնպես որոտացող երկնակամարի կողմնակիցն է ու չի զլանում Թբիլիսիից դասեր տալ մեզ: «Մենք գիտենք Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից, և մենք բացեիբաց հայտարարում ենք մեր բարեկամներին, որ նման դիրքորոշումը Վրաստանի համար անընդունելի է»,- հայտարարում է փոխնախարարը` տեղեկացնելով, թե Վրաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին` աջակցելու խնդրանքով: Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հայաստանյան գործընկերներին համոզի իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում»:
Հազիվ թե կողմերին այդքան հուզի տեսական բանավեճեր անցկացնելու հեռանկարը: Կատարվածը կատարվել է, և Թբիլիսիում էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանն ինչու նման կերպ վարվեց: Ու եթե ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ-դեսպան Կարեն Նազարյանը պարզաբանումներ տալիս ընտրում է ոչ ամենակոշտ ձևակերպումները, այսինքն չի վարվում այնպես, ինչպես վրացի տիկին դիվանագետը, սա դեռ չի նշանակում, թե Երևանն ասելիք չունի: Համաձայն Կ. Նազարյանի բացատրության, Հայաստանը գտնում է, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ, և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն` դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչընդոտել բանակցությունների ընթացքը կողմերի ու միջնորդների միջև:
Հիմա փորձենք հասկանալ թե ի՞նչ է նշանակում այս մանվածապատ միտքը և ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը վրացական բանաձևի հետ: Բանն այն է, որ հայ դիվանագետն այս մտքերով փորձում է հիշեցնել վրացիներին երեք տարվա վաղեմության մի դեպք: Խոսքը 2008-ի մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 9 կետից բաղկացած այն բանաձևի ընդունման մասին է, որով պահանջվում էր հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի «օկուպացված» շրջաններից, հաստատվում էր այնտեղից վտարված ադրբեջանական ազգաբնակչության վերադարձի իրավունքը բնակության նախկին վայրեր և այլն։ Այն ժամանակ Վրաստանը կողմ քվեարկեց այդ բանաձևին, և բոլորովին չարժանացավ ոչ հայերի հանդիմանանքին, ոչ էլ բացատրություններ տալու պահանջին: Իսկ հիմա Վրաստանը դա հաճույքով ջնջել է իր հիշողությունից, իսկ հայերին մեղադրում է ոչ բարեկամական պահվածքի համար:
Իսկ թե ինչու Հայաստանը դեմ քվեարկեց, այս հարցը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Առաջինը, հայկական կողմը իսկապես պատասխանեց վրացիներին 2008-ի քվեարկության համար` ասելով, որ նրանք կհնձեն այն, ինչ ցանել են: Երկրորդ, հայերն այս կերպ ՄԱԿ-ում պաշտպանեցին Ռուսաստանին` իբրև համերաշխության նշան: Եվ, երրորդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ նույնպես ունի փախստականների վերադարձի խնդիրներ, իսկ վրացական բանաձևին պաշտպանելը կարող էր անուղղակիորեն հարվածել մեզ: Ահա այս երեք տարբերակների միջև վրացիները կարող են ընտրություն կատարել: Ու որն էլ նրանք ընտրեն` դրանից ոչինչ չի փոխվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինքնաբացարկը որպես պայքարի միջոց

14 Ապր

Հետզհետե ամրապնդվում է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր պատեհ առիթ հարմար է հայ-թուրքական լարվածությունը խորացնելու համար: Թվում է` կողմերը միայն հնարավորություններ են փնտրում մեկը մյուսին անվանարկելու, փոխադարձ մեղադրանքներ հասցեագրելու համար: Իսկ առավել տեսանելի թատերաբեմերն ու բարձր ամբիոնները այսուհետ ծառայեցվելու են բացառապես այդ նպատակի համար: Այդ պատճառով ամենևին էլ զարմանալի չէր, որ երբ հայտնի դարձավ այս տարվա մայիսի 9-13-ը Ստամբուլում գումարվելիք ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի մասին, առաջին հերթին ծառացավ այն հարցը, թե ի՞նչ դիրքորոշումներ հանդես կբերեն հայերն ու թուրքերը: Նկատենք, որ ստամբուլյան խորհրդաժողովը հավակնում է դառնալ ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպված ամենամեծ միջազգային հավաքը, և նվիրված է լինելու աշխարհի առավել թույլ զարգացած երկրների զարգացման ուղիների որոնմանը: Իսկ նույն խորհրդաժողովի շրջանակներում անցկացվելու է նաև խորհրդարանական համաժողով, որը կկայանա մայիսի 8-ին: Սպասվում է, որ գագաթնաժողովի արդյունքում պետք է հրապարակվի քաղաքական հռչակագիր, ինչպես նաև կազմակերպության առաջիկա 10 տարիներին ուղղված «գործողությունների ծրագիր»:
Ըստ տեղեկությունների, մասնակցության հրավեր են ստացել ՄԱԿ-ի անդամ 192 երկրների շուրջ 200 առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ և նախարարներ: Թուրքական լրատվամիջոցները ամեն գնով փորձում են մեծ կարևորություն վերագրել իրենց երկրի հյուրընկալությանը` գրելով, թե իբր հրավերն ուղարկվել է անձամբ Գյուլի անունից: Նրանց համար առանձնապես հաճելի է հիշատակել, որ Ստամբուլ են կանչվել նաև երեք «անցանկալի» երկրների` Իսրայելի, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները: Սրան հակառակ, այլ աղբյուրներ նշում են, որ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հրավերներն ուղարկվում է ոչ թե Թուրքիայի, այլ ՄԱԿ-ի կողմից:
Բայց վերադառնանք Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնելու հավանականությանը: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հրավերի մասին, անհրաժեշտ եղավ սպասել ևս մի քանի օր, մինչև որ նախագահի նստավայրից արձագանքեցին տեղեկատվությանը: Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը նախ հաստատեց դա, իսկ այնուհետև հաղորդեց, որ ներկա պահին Հայաստանի նախագահի մասնակցության հարցը քննարկվում է ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ` աշխատանքային կարգով: Դրա հետ մեկտեղ նշվեց, թե առաջիկայում Թուրքիայի ղեկավարության հետ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն: Հասկանալի էր, որ նախագահականից եկող այս բացատրությունն անմիջապես պիտի ընկալվեր մեկ նշանակությամբ. Սերժ Սարգսյանը Ստամբուլ չի մեկնելու: Հենց այդպիսի վերնագրերով էլ լրատվական գործակալությունները շտապեցին լուրը հայտնի դարձնել բոլորին:
Չի բացառվում, որ ճիշտ այդպես էլ լինի ու Ս. Սագսյանը երկրորդ անգամ չհատի հայ-թուրքական սահմանը: Սակայն նկատենք նաև, որ հիշատակված հաղորդման մեջ առայժմ որևէ միտք մեզ հիմքեր չի տալիս նման հետևություն անելու համար: Նախ, եթե հրավերի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի հետ, կնշանակի կա նաև մեկնումի հավանականություն, այլապես ինչի՞ մասին պիտի այնտեղ խոսեին, եթե հրաժարումը վերջնական է: Եվ բացի այդ, թուրք ղեկավարների հետ չհանդիպելը դեռևս չի նշանակում միջազգային գագաթաժողովին չմասնակցել: Կարելի է նաև ներկա գտնվել ու խուսափել հանդիպումներից, ինչպես արվել է շատ անգամներ, թեև, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանն ի վերջո ստիպված կլինի շրջանցել բազում ու բազում այլ հավաքներ, որտեղ ներկա կգտնվեն թուրքերը կամ, ասենք, ադրբեջանցիները: Մի՞թե հնարավոր չէ մտածել «անհամատեղելիությունն» արտահայտելու մեկ այլ` ավելի խելացի տարբերակ և չթողնել այնպիսի տպավորություն, որ կարծես դասից անհարգելի կերպով բացակայող աշակերտի պատճառաբանութուն ենք լսում:
Ստամբուլի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախագահական նստավայրի արձագանքից անմիջապես հետո ԱԺ լրատվականը շտապեց նույնաբովանդակ ու հակիրճ մի տեղեկատվություն տարածել, համաձայն որի «Աբրահամյանը աննպատակահարմար է համարել իր մասնակցությունն այդ խորհրդաժողովին»: Համաձայն նույն աղբյուրի, Հայաստանի խորհրդարանից ընդհանրապես ներկայացուցիչ չի լինելու այնտեղ:
Այս նույն ժամանակ թուրքական լրատվամիջոցները, հղում կատարելով պաշտոնական մարմիններին, գրում են, որ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի նախագահները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը։ Հեյդար Ալիևի անվան հիշատակումն այս պարագայում նույնքան հետաքրքրական է: Բանն այն է, որ Բաքվից խիստ հակասական լուրեր են գալիս: Այնտեղ ասում են, թե իրենք ներկա պահին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել: Բայց կա ևս մի արժանահիշատակ դրվագ: Համաձայն այդ աղբյուրների, դժվար թե նախագահ Ալիևը մեկնի Ստամբուլ, եթե այնտեղ լինելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Զավեշտալի կացություն է ստեղծվում: Բոլորը բոլորի համար անցանկալի են, ոչ ոք մտադրություն չունի հանդիպելու մյուսին, բայց կա կնճիռներ հարթելու և հարցեր լուծելու մեծ ցանկություն: Ու եթե պատահի այնպես, որ մայիսին Ստամբուլի «մարտադաշտը» թափուր մնա, ապա հազիվ թե կարելի կլինի դա անվանել խոշոր ձեռքբերում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱԿ-ը մեկ ուզում է, մեկ չի ուզում

24 Նյմ

Այն, որ հատկապես այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նախաձեռնեց նամակ հղել այդ կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին և մեղադրել Ադրբեջանի իշխանություններին պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու, ռազմական գործողություններ հրահրելու մեջ, թերևս ունի իր հիմնավորումը: Ընդգծելով, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը և դրանով սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար, Նազարյանը չէր մոռացել հավելել, որ ցավոք, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները որևէ ուշադրություն չեն դարձնում թվարկված երևույթներին ու որևէ կերպ չեն արձագանքում դրանց:
ՄԱԿ-ի դերակատարության մասին խոսելու բազմաթիվ առիթներ են եղել: Հատկապես Ղարաբաղի խնդրի առնչությամբ վերջինս երբեք էլ առանձնապես բուռն հակումներ ու հետևողականություն չի դրևսորել, իսկ բոլորովին վերջերս նույն Բան Կի-Մունը` այն հարցին, թե ՄԱԿ-ը ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, պատասխանել էր, որ «խնդիրը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը դա լուծելու համար»: Այլ կերպ ասած, ՄԱԿ-ը չի զբաղվում (կամ չի ցանկանում զբաղվել) Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ` առաջնությունը զիջելով ԵԱՀԿ-ին:
Սակայն այլ բան է ասելը, մեկ այլ բան` իրական պատկերը: Միայն վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում ՄԱԿ-ի պատերի ներքո Ղարաբաղի անունը շոշափվել է տասնյակ անգամներ ու ամենատարբեր առիթներով: Հոկտեմբերի 5-ին Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեում ընթացող քննարկման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակները «կրակահերթեր» փոխանակեցին, երբ ադրբեջանցիները փորձեցին մեզ մեղադրել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Ավելի ուշ ՄԱԿ կենտրոնատեղում անդամ-երկրների մասնակցությամբ քննարկվեցին ներքին տեղահանվածների խնդիրները, և սա նույնպես չավարտվեց առանց բախումների: Հետո` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով լսումների ժամանակ հին պատկերը կրկնվեց: Իսկ նոյեմբերի 3-ին օրակարգում արդեն նոր թեմա էր` «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», որտեղ ելույթներով հանդես եկան մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակներ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչը: Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի սոցիալական, մշակութային և հումանիտար հարցերով կոմիտեի նիստում ընդունվեց «Անհայտ կորած անձանց մասին» բանաձևը, որն առաջ էր քաշել Ադրբեջանը: Որպես համահեղինակներ, բանաձևին միացան 71 երկրներ և այն կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
Այսքանից հետո փոքր-ինչ տարօրինակ է պնդել, թե իբր ՄԱԿ-ը հեռու է մնում որևէ դերակատարությունից և հակված չէ միջամտել տարածաշրջանային խնդիրներին: Ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 13-ին սպասվելիք նիստին, ապա արդեն իսկ հայտնի է, որ այնտեղ Ադրբեջանը փորձ կկատարի անցկացնել հակահայկական իր նոր բանաձևը՝ «օկուպացված» տարածքների մասին: Թեև այս բանաձևի նախագիծը ավելի վաղ հետ էր կանչվել ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային միջնորդների ճնշման տակ, սակայն Բաքվի նոր փորձը հազիվ թե պատահականություն կամ իմպուլսիվ քայլ համարվի: Բանն այն է, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում մեկնարկող ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ընդհանուր ֆոնի վրա դա կարող է խթանիչ լիցքեր հաղորդել Ադրբեջանին, որը Աստանայի փորձը ձախողելու պարագայում ձեռքի տակ պահուստային տարբերակ կունենա: Եվ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Նազարյանի վերը հիշատակված նամակի անհրաժեշտությունը պետք է դիտարկել այս զարգացումների համատեքստում: Երկար ժամանակ Երևանը կրկնում էր, թե ՄԱԿ-ը այն ամբիոնը չէ, որտեղից պետք է Ղարաբաղի հարց տաևփողել, բայց արի ու տես, որ այժմ ինքն է օգտագործում նույն կառույցը` Բաքվին հակազդելու համար:
Իսկ եթե եղածին հավելենք նաև այս տարվա սեպտեմբերին Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ բանագնաց Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի այն անսպասելի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա այդ կառույցում նշմարվող փոփոխությունների ուղղությունը: Ի դեպ, բանագնաց դիվանագետն էլ ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի «ապարդյուն» փորձերը։ Սա արդեն բոլորովին նման չէ Բան Կի-Մունի այն հանգստությանը, թե Մինսկի խումբն ի վիճակի է կրել միջնորդի ծանր ու պատվավոր բեռը:
Երեկ Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվել է խորհրդակցությունը ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվել են Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը ներկա պահին որոշ դրույթներ վերանայելու լուրջ դրդապատճառներ ունի:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեք սկզբունք, վեց տարր

21 Հկտ

Հիմա այլևս ոչ մեկին չես զարմացնի այն տեղեկատվությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս սովորական դարձած անցուդարձը կարող է իր անակնկալները մատուցել: Լուրն այն մասին, որ եռանախագահները նոյեմբերի սկզբին հերթական այցով կլինեն մեզ մոտ, հենց նմանատիպ հանկարծակիների շարքից էր: Կարծես թե այս անգամ ոչ ոք այդքան վաղ նրանց չէր սպասում և ոչ էլ իրենք էին վաղօրոք այդ մասին տեղեկացրել: Եվ այնուամենայնիվ, նրանք գալու են: Միջնորդները ծրագրել են հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ այլ քննարկումների շարքում համանախագահները կառաջարկեն նաև կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանում, որ տեղի է ունենալու Ստրասբուրգում, նոյեմբերի 10-ին: Սակայն մինչ Կովկաս հասնելը նրանք ԵԱՀԿ-ին ու հակամարտության կողմերին ներքին հաշվետվություն կներկայացնեն հոկտեմբերին Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված Դաշտային առաքելության արդյունքների մասին: Թե Երևանում և թե Բաքվում ակնկալում են, որ այդ հաշվետվությունը կլինի առավելագույնս անկողմակալ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը ցանկանում է այնտեղ տեսնել իր շահերի ու դիրքորոշումների պաշտպանությունը:
Գալով Մինսկի խմբի ներկայացուցիչների վերաբերմունքի հարցին, ասենք, որ ըստ հայկական կողմի, նրանց դիրքորոշման մեջ դրական էվոլյուցիա է նկատվում։ Գոնե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը նման տեղաշարժ նշմարել է և դա մեկնաբանում է հետևյալ կերպ. ,- ասում է նախարարը: Պաշտոնական Երևանը նաև կարծում է, թե համանախագահների այն միտքը, որ միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքները (տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում) անբաժանելի են, առաջին հերթին հասցեագրված է Բաքվին։ Իսկ սա, հայկական կողմի դիտարկմամբ, հերթական բացառիկությունն է հաղորդում մեր հիմնահարցին, քանի որ :
Թե ի՞նչ կարող է տալ եզակին լինելու այդ առանձնաշնորհը, մինչ այժմ պարզ չէ ու որևէ կերպ չի դրսևորվել: Փոխարենը կա գոհունակություն այն բանի համար, որ բանակցությունները տարվում են ներկայիս ձևաչափում: Այն միտքը, որ Մինսկի խումբը կարող է ինչ-որ ժամանակ սպառել իրեն, առայժմ կարծես թե հնարավոր չի համարվում: Սակայն եթե այնուամենայնիվ նման բան կատարվի, ապա Հայաստանը չի բացառում այլ տարբերակների քննարկումը:
Իհարկե, փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ այլընտրանքային տարբերակներ կարող են նպաստավոր արդյունավետության երաշխավորը դառնալ մեզ համար այն բանից հետո, երբ այնպես սովորել ու կապվել ենք արդեն հիշատակված երեք սկզբունքների հետ, և դեռ դրանց էլ գումարած` այն վեց տարրերը, որոնք, ըստ դիվանագետների, ընկած են իրենց բանակցությունների հիմքում` փաստացիորեն կազմելով մադրիդյան սկզբունքների ատաղձը: Իսկ անորոշ կացության մեջ հայտնվելու հեռանկարը քչերին է այսօր հրապուրում: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- մունը օրերս հայտարարեց, որ, իր կարծիքով, Մինսկի խումբն աշխատում է շատ ջանասիրաբար: Ու թեև հավելեց, որ ,- սակայն նրա խոսքերից դժվար չէր գլխի ընկնել, որ ՄԱԿ-ին լիովին բավարարում է այն վիճակը, երբ ինքն այդ գլխացավանքից հեռու է, իսկ ԵԱՀԿ-ն չի պնդում մեկ այլ կառույցի օժանդակություն-միջամտությունը:
Եվրոպացիներն, ընդհակառակն, ոչ միայն շարունակում են հետևողական մնալ իրենց ստանձնած պարտավորությանը, այլև վերջին շրջանում ակնհայտորեն շտապում են: Պետք է կարծել, որ բոլորին էլ փոքր-ինչ հոգնեցրել ու ձանձրացրել է այս խնդիրը, որի ավարտը ոչ մի գնով չի երևում: ,- հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը,- : Արդյո՞ք հավաքականություն ասելով Լիդինգթոնը նկատի ունի ավելին, քան Մինսկի խմբի կազմն է, և արդյո՞ք մասնակիցների թվի ավելացումը հակադարձ համեմատական չի լինի հիմնախնդրի կարգավորման շահեկանությանը, սրանք դեռ վիճարկելի հարցեր են: Եվս մի շահագրգիռ կողմ էլ շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որ հեռվից ժամանակ առ ժամանակ հավաստում էր իր գոյությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը վերջերս դարձյալ կրկնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաշտեցում ձեռք բերել և որ :
Բոլորն անխտիր կարևորում են հակամարտության խաղաղ ելքը, սակայն յուրաքանչյուրն այդ ավարտի իր պատկերացումներն ունի: Ու գուցե հենց այդ տարակարծությունների ավելացող բեռն է պատճառը, որ ամեն անգամ նրանք տարածաշրջան են առաքում համանախագահներին, քանի որ ավելին անելու հնարավորություն առայժ չկա: Գոնե կարելի է պահպանել եղած նվազագույնը, մինչև որ ժամանակը կմատուցի պատեհ առիթը:
Ի դեպ, այս թեմայի վերջին նորություններից: Կարծիք կա, որ Գերմանիան ավելի ու ավելի է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի խնդրով և նրա լուծման ուղիներով: Սա ոմանց թույլ է տվել մտածելու, թե գերմանացիները նույնիսկ կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Ֆրանսիային: Իբրև փաստարկ հիշատակվում է այն, որ Գերմանիայի ներկայացուցիչը մասնակցել է ԵԱՀԿ գնահատման առաքելությանը։ Ինչ խոսք, հիմնավորումը թույլ է և քննության չի դիմանում: Բայց միայն այն փաստը, որ այս տարբերակը ևս կարող էր արծարծվել, արդեն իսկ խորհելու տեղիք է տալիս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: