Tag Archives: ճշմարտություն

ՉԱՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

13 Օգս

Կար-չկար, մի մարդ կար, որը բոլորին ճշմարտությունն էր ասում: Տեսնում էր երկարաքիթ մեկին ու գոռում էր. «Դու այլանդակ ու տգեղ քիթ ունես»: Տեսնում էր կույրին ու ասում էր. «Դու խլուրդի պես կույր ես»: Տեսնում էր չարքաշ կնոջն ու ասում էր. «Դժվար է քո բանը, այ եթե ամուսին ունենայիր, նա քեզ կօգներ, բայց դու անմարդ ես»:
Մարդիկ լսում էին նրան, սակայն ոչ ոք չէր պատասխանում, ոչ ոք չէր ցանկանում վիճաբանել նրա հետ, որովհետև եթե չգիտես, թե ինչպես է պետք վարվել ճշմարտության հետ, ապա երբեմն ավելի լավ է ուղղակի լռել և հաշտ ապրել մյուսների հետ:

The-Truth-Behind-Pathological-Compulsive-Liars-722x406

ԿՅԱՆՔԻ ՃՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

10 Օգս

Մի իմաստուն երկինք համբառնեց:
— Ինչպե՞ս ապրեցիր քո կյանքը,- հարցրեց նրան հրեշտակը:
— Ես ճշմարտություն էի որոնում,- ասաց իմաստունը:
— Լավ է,- խրախուսեց հրեշտակը:- Ասա, ի՞նչ էիր անում, որ գտնեիր ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ մարդկանց կուտակած իմաստնությունը ամփոփված է գրքերում և շատ էի կարդում:
Հրեշտակը լսեց ու ժպտաց:
— Ես շատ էի ճամփորդում,- շարունակեց իմաստունը:
Հրեշտակը գլխով հավանության նշան տվեց:
— Ես սիրում էի զրուցել ու բանավիճել ուրիշ իմաստունների հետ և մեր վեճերից ծնվում էր ճշմարտությունը,- հավելեց իմաստունը և լռեց:
Հրեշտակի դեմքին ստվեր իջավ:
— Մի՞թե ես ինչ-որ բան սխալ եմ արել,- զարմացավ իմաստունը:
— Ամեն բան ճիշտ ես արել: Բայց դու ոչինչ չասացիր սիրո մասին:
— Ես սիրո համար ժամանակ չունեի: Ես ճշմարտությունն էի որոնում,- դառնացած խոսեց իմաստունը:
Եվ հրեշտակը նրան ասաց.
— Այնտեղ, որտեղ չկա սեր, չի լինում ճշմարտություն: Մեծագույն ճշմարտությունները ծնվում են մեծ սիրուց:

11276

ԱՄՈՍ ՕԶ

23 Սպտ

Սովորական մարդը երբեք չի կարող հրամցնել բացարձակ կեղծիքը: Կեղծությունն ինքը նրան կմատնի: Նման կարճ վերմակին. կձգի ոտքերին` գլուխը կբացվի, կքաշի գլխին` ոտքերը ցույց կտա: Մարդը հորինում է խորամանկ սնամտություններ, որպեսզի թաքցնի ճշմարտությունը` չնկատելով, որ նույն ժամանակ հենց այդ հորինվածքներն են մերկացնում դաժան ճշմարտությունը: Սակայն մյուս կողմից այրող ճշմարտությունը ավերում է ամեն ինչ` ոչինչ չստեղծելով: Ի՞նչ է մնում անել սովորական մարդկանց: Մեզ մնում է լռել ու դիտել: Հենց դա էլ մնում է մեզ` լռել ու դիտել…AMOS-OZ

ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ

23 Հնվ

Վերջիվերջո ի՞նչ տարբերություն` ճշմարիտ է դա, թե ոչ, և,  ընդհանրապես, ի՞նչ տարբերություն` ինչն է ճիշտ և ինչը` սուտ: Մի՞թե այդքան էական է` մարդն իրապե՞ս կատարել է այդ զազրելի, կեղտոտ արարքը, որը վերագրում են նրան, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ բոլորը խոսում են դրա մասին: Կարևորն այն է, որ բոլորը դրան հավատում են և ուզում են, որ իրականում հենց այդպես էլ եղած լինի: Փոխադարձ անվանարկումներ` ահա թե ինչով է լիովին սնվում հասարակության հետաքրքրությունը, ահա թե ինչն է նրա պահանջներին համապատասխան: Այդ մարդիկ կյանքն անց են կացնում մեկը մյուսի մասին կեղտոտ պատմություններ պատմելով, ցինիզմի ու կասկածանքի, մշտական փսփոցների ու ծիկրակումների մթնոլորտում, հրճվում բանսարկուների ամենաստոր հորինվածքների համար…

upton-sinclair

ԺԱՆ ՊՈԼ ՄԱՐԱՏ

2 Սպտ

Քաղաքականությունը նույնպիսի գիտություն է, ինչպես մյուսները. այն ճանաչում է որոշակի դրույթներ, օրենքներ, կանոններ, ինչպես նաև անսահման քանակությամբ բազմապիսի զուգորդումներ: Այն նաև պահանջում է մշտական ուսումնասիրություն, խորը և երկարատև խորհրդածություն: Սակայն ցանկացած քաղաքական խմբավորման միակ օրինական նպատակը հանդիսանում է համընդհանուր երջանկությունը: Ինչպիսին էլ որ լինեն վերնախավի իշխանության ձգտելու հավակնությունները, յուրաքանչյուր դատողություն պետք է նահանջի այդ բարձրագույն օրենքի առաջ:
Ոսկու ծարավը ցամաքեցնում է սիրտը, և այն փակվում է կարեկցանքի առաջ, չի արձագանքում բարեկամության ձայնին, արյունակցական կապերը խզվում են, մարդիկ տոչորվում են սոսկ հարստության համար և պատրաստ են վաճառել ամեն բան` ընդհուպ մինչև մարդկությունը:
Ձեր տառապանքներին վերջ կգա, եթե դուք դադարեք դա հանդուրժել: Դուք ազատ եք, եթե քաջություն ունեք լինել ազատ: Ճշմարտություն և արդարություն. ահա միակ բաները, ինչի առաջ ես խոնարհվում եմ այս աշխարհում:

ԲԱԼՏԱՍԱՐ ԳՐԱՍԻԱՆ

5 Փտր

Չստել, բայց և չասել ողջ ճշմարտությունը: Ոչինչ այնքան զգույշ վերաբերմունք չի պահանջում, որքան իսկությունը: Դա արյունաթողություն է մեր իսկ սրտից: Քիչ հմտություն չի պահանջվում, որպեսզի և ասվի ճշմարիտը, և այդ մասին լռություն պահպանվի: Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է բարձրաձայնել: Մեկի մասին լռիր հանուն քեզ, մյուսի մասին լռիր հանուն ուրիշների:
Թող ոչ ոք չիմանա քո հնարավորությունների սահմանը, այլապես նրանց հիասթափության առիթ կտաս: Երբեք թույլ մի տուր, որ զննեն քո ներսը: Երբ չգիտեն ու կասկածում են, համարում են շատ ավելին, քան երբ քո բոլոր ուժերը, թեկուզ դրանք չափազանց շատ լինեն, տեսանելի են:

ՍԹԵՖԱՆ ՎԻՆՍԵՆԹ ԲԵՆԵԹ

19 Սպտ

… Այնուհետև ես տեսա մահվան աստծուն: Նա նստած էր աթոռին, պատուհանի մոտ, այն սենյակում, որ դեռ չէի եղել: Սկզբում կարծեցի, թե նա տակավին կենդանի է, հետո թիկունքին նկատեցի ձեռքի չորացած մաշկը, որը նման էր անկենդան կաշվի: Սենյակի դուռը փակ էր, այնտեղ տաք էր ու չոր. կասկած չկար, որ այն պահպանվել էր այնպես, ինչպես եղել էր: Նա նստած էր ու պատուհանից նայում էր քաղաքին: Հագնված էր աստվածներին արժանի ձևով: Ոչ երիտասարդ էր և ոչ էլ ծեր. չեմ կարող ասել, թե քանի տարեկան էր: Բայց դեմքին իմաստության ու թախիծի խոր կնիք կար: Երևում էր, որ չէր ցանկացել փախչել քաղաքից: Նա նստել էր իր պատուհանի մոտ ու դիտել կործանվող քաղաքը և այդպես էլ մահացել էր:
Ավելի լավ է մարդ կորցնի կյանքը, քան թե հոգին: Նրա դեմքից երևում էր, որ կորցրել էր իր մարմինը, բայց ոչ հոգին: Գիտեի, որ եթե դիպչեի նրան, կընկներ ու կփոշիանար, չնայած դեմքն անսասան արտահայտություն ուներ:
Ահա իմ ամբողջ պատմությունը: Հիմա գիտեմ, որ նա սովորական մարդ էր. նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են եղել և ոչ թե աստվածներ կամ դևեր: Նրանք սովորական մարդիկ են եղել, բայց անցել են խավարի ճանապարհով…
Երբ նորից տեսա հորս, աղոթեցի ու սրբագործվեցի: Հայրս թեթևակիորեն դիպավ կրծքիս ու շուրթերիս և ասաց.
— Դու ուղևորությունդ սկսեցիր որպես տղա, վերադարձար որպես տղամարդ ու քուրմ:
Ես ասացի.
— Հայրիկ, նրանք սովորական մարդիկ են եղել: Ես եղա աստվածների կացարանում և տեսա այդ: Դուք կարող եք սպանել ինձ, եթե օրենքը դա է պահանջում, բայց հիմա գիտեմ, որ նրանք սովորական մարդիկ են եղել:
Նա քնքշորեն նայեց ինձ և ասաց.
— Օրենքը միշտ նույն ձևը չունի, դու արեցիր այն, ինչ կարողացար: Իմ ժամանակին ես չկարողացա անել այդ, բայց դու եկար ինձնից հետո ու արեցիր: Այժմ պատմիր:
Ես սկսեցի պատմել: Նա ուշադիր ինձ էր լսում: Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ տեսածիս մասին պատմել բոլորին, բայց հայրս թույլ չտվեց: Նա ասաց.
— Ճշմարտությունը նման է դժվար որսացվող եղջերուի: Եթե չափից շատ օգտագործես այն, կարող ես մեռնել: Իզուր չէ, որ մեր նախնիներն արգելել են Լքված բնակավայրերն այցելել:
Նա ճիշտ էր ասում: Ճշմարտությանը պետք է հասնել աստիճանաբար: Ես այդ իմացա, երբ քուրմ դարձա: Հավանաբար հին ժամանակ մարդիկ շատ արագ էին յուրացնում գիտությունը…

«Բաբելոնի գետերի հովտում» պատմվածքից

ՖՐՆՍՈՒԱ ՖԵՆԵԼՈՆ

16 Հնվ

Մեծ, միշտ անմեղ, միշտ փրկարար դեղամիջոցը սթափությունն է, հաճույքների ժուժկալությունը, հոգու հանգստությունը, մարմնական վարժությունները: Մեր գանձերն են` առողջությունը, կյանքի պարզությունը, ազատությունը, մարմնի և հոգու ամրությունը, առաքինության նկատմամբ սերը, հարևանների հետ համերաշխությունը, մտերմությունն ընկերների հետ, բարեկեցության մեջ մեղմաբարո պահվածքը, դժբախտության մեջ անսասանությունը, միշտ ճշմարտությունն ասելու խիզախությունը, կեղծավորության հանդեպ ատելությունը: Ճշմարտությունն ատող մարդիկ ատում են նաև այն արտահայտելու համարձակություն ունեցող մարդկանց: Ով ստում է, նա մարդ լինելու արժանի չէ… Վտանգի ենթարկվելուց առաջ հարկավոր է նախատեսել, վախենալ նրանից: Բայց երբ այն վրա է հասնում, այդ դեպքում մի զենք կա` խիզախաբար հաղթահարել այն: Կարիքը մարդուն սովորեցնում է այն բանին, որին նա առանց դրա երբեք չէր կարող հասու լինել:

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

8 Հնվ

ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ
…Կյանքն արժեզրկել է գաղափարախոսությունը… Մենք պատկանում ենք այն սերնդին, որ կորցրել է պատրանքները, և մեզ հաճախ պակասում են երևակայությունն ու կարեկցանքը:
Հեգնանքը քննադատական մոտեցման անբաժանելի տարրն է: «Հեգնանք» բառը ես գործածում եմ այն իմաստով, որ նրանում ներդրել է ֆրանսիացի գեղանկարիչ Մարսել Դյուշանը` ինքդ քեզ կողքից նայելու և քեզ վրա ծիծաղելու ունակություն: Հեգնանքը անհատի սուբյեկտիվ հակազդումն է անիմաստ կամ հանցավոր օբյեկտիվ իրականությանը: Հեգնական մարդը ծիծաղում է իր և մյուսների վրա:
Ընդհանուր հեգնանքը ելք է սեփական «ես»-ի հետ երկխոսության շրջանակից և ծանակում սեփական «ես»-ի, որը ծիծաղում է շրջապատող իրականության վրա: Հեգնանքը կարող է դաժան լինել, իսկ ընդհանուր հեգնանքը տարրալուծում է այդ դաժանությունը:
Եթե այս հասկացությունները կիրառենք բարոյականության ու քաղաքականության ոլորտի առնչությամբ, ապա, ինձ թվում է, քաղաքագետին անհրաժեշտ է հեգնանքի որոշակի պաշարով նայել ինքն իրեն ու մյուսներին, և չլինել չափազանց ինքնավստահ, քանզի նրա մեթոդներն ու լուծումները ամենևին էլ իդեալական չեն և անսխալ լինելու երաշխիքներ չունեն. չէ՞ որ բնության մեջ բացարձակ ճշմարտություններ չկան: Իսկ ընդհանուր հեգնանքն օգնում է նրան` պահպանել կարեկցանքի ու գթասրտության զգացումը…
Մի ժամանակ իմաստուն աստվածները հպարտությունը համարում էին սատանայական մեղք: Մարդկանց մոտ այն առաջանում է բացարձակ ճշմարտության իմացությանը տիրապետելու հավակնությունից: Գիտության և փիլիսոփայության դիմակի տակ այդ արատը թունավորել է մեր հարյուրամյակը: Միակ դեղամիջոցը բարոյական այդ թույնի դեմ քննադատական վերլուծությունն է:
Երբ մարդիկ գիտակցում են, որ իրենք ամենևին էլ բացարձակ ճշմարտության կրողները չեն, որ բոլոր ճշմարտությունները` հատկապես քաղաքական, հարաբերական են, այդժամ նրանց սրտերում տեղ է գտնվում հեգնանքի ու կարեկցանքի համար` իրենց և ուրիշների հանդեպ: Մարդկանց վերադարձնել կարեկցանքի զգացումը` ահա, թե ինչ է հիմա մեզ անհրաժեշտ: Բուդդիզմի մեջ հատկապես գրավում է այն, որ բուդդայական իմաստունները միշտ ժպտում են: Նրանց ժպիտում հեգնանք ու կարեկցանք կա: Քաղաքագետները նրանցից սովորելու բան ունեն:

Թարգմ. Խ. Գասպարյան

ԷՄԻԼԻ ԴԻԿԻՆՍՈՆ

6 Դկտ

Մեռա հանուն գեղեցկության:
Ինձ գերեզման մի օր դրին:
Հետո եկավ ինձ հարևան
Ճշմարտության զինվորն արի:

— Հանուն ինչի՞,- հարցրեց նա:
— Գեղեցկության,- շշնջացի:
— Իսկ ես` հանուն ճշմարտության:
Եղբայրներ ենք, իմ դրացի:-

Այս մութ խորշում մենք կողք-կողքի
Կզրուցենք ամբողջ գիշեր`
Մինչև մամուռն իսպառ ծածկի
Անուններն ու խոսքերը մեր:

Թարգմ. Ա. Դարբինյան

%d bloggers like this: