Tag Archives: ճգնաժամ

Ղարաբաղ. ժանրի ճգնաժամ

17 Հնվ

Քչերն էին հավատում, որ շուրջ 8 ամսվա դիվանագիտական համառ լռությունից և հրապարակային անհաշիվ մեղադրանքներից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այսքան հեշտությամբ իրենց համաձայնությունը կտային վերստին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Բայց փաստը մնում է փաստ, ու թեև առայժմ պաշտոնապես չի հայտարարվել Ռուսաստանի միջնորդությամբ հերթական եռակողմ հանդիպման օրն ու վայրը, սակայն հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ նախագահները կհանդիպեն Սոչիում այս ամսվա ընթացքում:
Թերահավատության մյուս պատճառն այն էր, որ ներկա իրավիճակում այդ կարգի շփումները հազիվ թե կարողանան որևէ էական արդյունքի հասցնել: Ձևավորված փակուղային կացությունը, թարմ մոտեցումների բացակայությունը, հակամարտող կողմերի անզիջում պահվածքը դեռևս տեղաշարժի ոչ մի հույս չեն ներշնչում: Իսկ եթե ասվածին գումարենք նաև այն, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնական միջնորդ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում առաջիկայում սպասվում են ընտրություններ, ապա հասկանալի կդառնա, թե այս պահին կողմերը որքան են հեռու կտրուկ քայլեր կատարելու մտադրություններից: Մնում է ենթադրել, որ երկարատև դադարից հետո կայանալիք բանակցությունները կարող են հետապնդել մեկ հիմնական նպատակ՝ թույլ չտալ իրավիճակի սրացում և կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ ապահովել բարենպաստ մթնոլորտ:
Սակայն սխալ կլինի ասել, թե նպաստավոր մթնոլորտը անհրաժեշտ է բացառապես ընտրությունների համար: Կազանի հանդիպման ձախողումից ի վեր ձևավորված անորոշությունը սպառնում է ոչ միայն ողջ գործընթացը մղելու դեպի անցանկալի լճացում, այլև կորցնելու այն նվազագույնը, որը հաջողվել էր ձեռք բերել այդ ընթացքում: Այլևս գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ղարաբաղյան թեման շատ դեպքերում դառնում է ոչ միայն երկրորդական, այլև ընդհանրապես դուրս է մղվում քաղաքական օրակարգից: Եվ երբ նույնիսկ Իմոն Գիլմորը Վինեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջև ունեցած ելությում ներկայացնում էր կազմակերպությունում իր երկրի նախագահության սահմանած առաջնահերթությունները՝ դրանց թվում հիշատակելով Ղարաբաղի հարցը, վերստին հասկանալի է դառնում, որ հրապարակային ելույթների տողատակերում արդեն ձևավորված ու կարծրացած այն մտայնությունն է, որ գոնե այս պահին ու մոտակա ժամանակներս արևմտյան պետություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին ձեռնտու է ղարաբաղյան հակամարտությունը պահել սառեցված վիճակում: Տվյալ կացության հիմնական արդարացումն այն է, որ սառեցումը դեռևս վախճանը չէ, իսկ ինչ վերաբերում է իմիտացիոն նկարագիր ունեցող հանդիպումների, քննարկումների, վերլուծությունների ու հայտարարությունների կիրառմանը, ապա սրանք կոչված են ապահովել հոգեբանական այն դաշտը, որի առկայությունը հակամարտող թևերին հեռու կպահի ծայրահեղ գործողություններից:
Հատկանշական է այն փաստը, որ բոլոր պարագաներում քաղաքական վերլուծաբանները առանձնակի նշանակություն են տալիս Ռուսաստանի մասնակցությանն ու շահագրգռությանն այս հարցում: Դրա հետ մեկտեղ նրանք հարկ են համարում հիշեցնել, որ կարիք չկա գերագնահատել պաշտոնական Մոսկվայի հնարավորությունները հատկապես այն պայմաններում, երբ ռուսներին անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս իմաստով կարելի է պատկերացնել, թե ինչպիսի «անհարմարություն» պիտի պատճառեին նրանց կողմերի մշտական պարտադրանքները՝ վերջնական ընտրություն կատարելու իմաստով: Եվ այն պայմաններում, երբ հանրությունը պատերազմող երկրներից է ակնկալում փոխզիջումային քայլեր ու առավելագույն կամքի դրսևորում, մենք ականատեսն ենք մի իրողության, որտեղ միջնորդներն են տարված փոխզիջումային ելքերի որոնումներով:
Ոչ պակաս կարևոր է մի առանձնահատկություն ևս, ինչի մասին դիպուկ մեկնաբանություն է ներկայացրել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: «Ի տարբերություն Վրաստանի` ղարաբաղյան հիմնահարցը Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն ընկալում որպես աշխարհքաղաքական մրցակցության դաշտ: Սա է պատճառը, որ Ռուսաստանը չի ցանկանում ձեռքից բաց թողնել խաղաղ կարգավորման վերահսկողությունը` փորձելով վերջ տալ ռուսական դիվանագիտության կարողությունները կասկածի տակ դնող այս լճացման փուլին»,- ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով այն մասին, թե ինչպես մի քանի ամիս առաջ, երբ Դմիտրի Մեդվեդևն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին իրենց առաջիկա փոխատեղման մասին, թե Երևանում և թե Բաքվում դա ընկալեցին որպես եռակողմ ֆորմատի յուրատեսակ մայրամուտ, մինչդեռ այժմ՝ Սոչիում կայանալիք հանդիպման հեռանկարը գալիս է փաստելու, որ մայրամուտի մասին խոսելու համար դեռևս վաղ է: Ու եթե նույնիսկ նախագահները որևէ նշանակալի առաջընթաց չարձանագրեն (ինչը միանգամայն հնարավոր է), ապա հանդիպում նախաձեռնելու փաստն ինքնին վկայությունն է այն բանի, որ Մոսկվան չի կորցրել ղարաբաղյան կարգավորման հանդեպ իր հետաքրքրությունը և շարունակում է պահպանել հիմնական դերակատարը լինելու առավելությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեքը` նույն նպատակի համար

9 Փտր

Այսօր հերթական աշխատանքային այցով Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն և Իգոր Պոպովը: Սա այս տարվա ընթացքում եռանախագահների առաջին համատեղ այցն է տարածաշրջան: Նրանք Երևանում հանդիպումներ կունենան նախագահ Ս. Սարգսյանի և արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն մինչ այս պահը դեռևս տեղեկություն չկար այն մասին, թե արդյո՞ք համանախագահները կայցելեն նաև Բաքու կամ Ստեփանակերտ, և ի՞նչ «ուղեբեռով» են վերջիններս ժամանում մեզ մոտ: Ահա այսպիսի անորոշության պայմաններում սպասվելիք բանակցությունների համար եզակի հուշում պիտի դառնար օրերս համանախագահ երկրների ներկայացուցիչների հրապարակավ արտահայտած դժգոհությունը ԵԽԽՎ բյուրոյի կողմից ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նրանք մասնավորապես դժգոհել էին ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման կապակցությամբ` նշելով, որ դրա բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ-ի վրա: Մինսկի խումբը նաև կոչ էր արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձևաչափին, դրան մոտենալ հասունության զգացումով: Նման կոշտ բնորոշումներից հետո Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները նշել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների հանրային քննարկումները չեն կարող իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:
Ճիշտն ասած, Մինսի խմբի անկեղծությանն այս հարցում քչերն են հավատում ու վստահում: Եթե նրանք իսկապես անհամաձայնություններ ունեին տվյալ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, ապա ինչու՞ իրենց բողոքը չարտահայտեցին հենց ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ կամ դրանից առաջ, այլ սպասեցին, մինչև կհայտնվեին կատարված փաստի առաջ և նոր միայն հիշեցին իրենց վիրավորված կողմ լինելու մասին: Թերևս չեն սխալվում նրանք, ովքեր այդ պահվածքի մեջ որոշկի փարիսեցիություն են նշմարում: Ամեն դեպքում, այսօր համանախագահները հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու իրենց խմբի գործունեության արդյունավետությունը` ի հակակշիռ նորաստեղծ և հավելյալ կառույցների:
Մյուս կողմից չափազանց անբարենպաստ է ընդհանուր մթնոլորտը: Այլևս գաղտնիք չէ, որ վերջին շրջանում խնդրի կարգավորման քաղաքական էլեմենտը հետզհետե իր տեղը զիջում է ռազմականին, իսկ բանակցությունները նույնանման ընթացքով կորցնում են նախկին կարևորությունն ու նշանակությունը: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում քիչ չէ նրանց թիվը, ովքեր համոզված են, որ միջնորդ երկրները արդեն վաղուց լվացել են իրենց ձեռքերը և առանձնապես լուրջ հույսեր չեն փայփայում, որ կարող են որևէ արդյունքի հասնել: Ասենք, նման հոռետեսներ դրսում էլ կան:
Գուցե իսկապես սովորական զուգադիպություն էր, որ հատկապես համանախագահների այցի նախօրեին Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակեց Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցը: Այդ փաստաթուղթը արձանագրում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է:
Մռայլ կանխատեսումների այդ շարքը շարունակեց նաև International Alert ոչ պետական խաղաղարար կազմակերպությունը: Վերջինիս Եվրասիայի ծրագրերի պատասխանատու Դեսիսլավա Ռուսանովայի տեսակետը քիչ բանով էր տարբերվում նախորդից: «Կարծես ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է: Առաջ գնալու համար անհրաժեշտ է կողմերի կամքը, պետք է առաջարկություններ արվեն, որոնք առավելագույնս կբավարարեն կողմերի շահերը: Իհարկե, առաջարկություններից բացի, անհրաժեշտ են նաև իրական քայլեր, այլ ոչ միայն կոսմետիկ զիջումներ»,- կարծում էր նա` բացահայտորեն ակնարկելով Մինսկի խմբի առաքելության անհաջողությունների երկար շղթան:
Սակայն ումի՞ց է պետք սպասել իրական քայլեր: Հակամարտող երկրները դեռևս հաստատակամ են իրենց որդեգրած դիրքորոշումներում, իսկ օգնել կամ միջամտել ցանկացողները ավելին անել կամ չեն կարող, կամ չեն ցանկանում: Ահա, օրերս Լիտվան հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել, և այդ փաստաթուղթը ստորագրված է խորհրդարանի 50 անդամների կողմից։ Նշվեց նաև, որ մոտ ժամանակներս բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի ու թերևս ընդունվի։ Սակայն որքանո՞վ դա նպաստավոր կլինի մեզ համար: Չմոռանանք, որ Լիտվան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նախկինի պես իբրև շահագրգիռ կողմ են հանդես գալիս նաև Ռուսաստանն ու Թուրքիան: Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Մոսկվայում ՌԴ փախարտգործնախարարի քարտուղար Գ. Բ. Կարասինի ու Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի միջև խորհրդակցություն է տեղի ունեցել
տարածաշրջանային հարցերի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Յաշար Յակիշը հիշեցրեց իր գոյությունը և տեսակետ հայտնեց այն մասին, թե «այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, որին, իմ կարծիքով, ձեռնտու է չկարգավորված հակամարտությունը: ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը: Եթե կա ԵԱՀԿ ՄԽ ջանքերն ակտիվացնելու հնարավորություն, ապա պետք է դրանից օգտվել: Այդ առումով պետք է ջանքեր գործադրեն Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Կարծում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման միակ հույսն է»:
Միակ հույսն այժմ ժամանում է Երևան: Բոլորը նրանից մեծ սպասելիքներ ունեն, սակայն քչերն են պատրաստ օգնելու, որպեսզի ակնկալիքներն իրական դառնան: Եվ այս նույն պատկերը կրկնվում է ավելի քան մեկ ու կես տասնամյակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: