Tag Archives: ճգնաժամային

Մեծ սպասելիքներ և փոքր սպասելիքներ

25 Մյս

Ճիշտ մեկ ամիս անց` հունիսի 25-ին, Կազան քաղաքում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի եւ Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը: Նման ձևաչափով նախորդ բանակցությունները այս տարվա մարտին էին, Սոչիում, որտեղ ստորագրվեց փաստաթուղթ, համաձայն որի կողմեր պարտավորվում էին «ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը», ապա նաև` «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով ու կրակի դադարեցման գծի երկայնքով անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Ավելորդ է ասել, որ այս պայմանավորվածությունների ոչ մի կետ այդպես էլ իրականություն չդարձավ: Գերիների փոխանակությունը առկախվեց, սահմանային միջադեպքերի քանակը բազմապատկվեց, զոհերն ավելացան, իսկ միջնորդների հետաքննությունները որևէ էական արդյունքներ չարձանագրեցին:
Իսկ այժմ քաղաքական ու հանրային տրամադրությունները հագենում են նոր հանդիպման սպասումով: Ինչպես միշտ, մենք այդ մասին առաջինն իմանում ենք ադրբեջանական աղբյուրներից: Բայց մինչև Կազանի հանդիպումը նախատեսված է, որ տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց այցից հետո ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում համաձայնեցվելու է երեք երկրների նախագահների մասնակցությամբ անցկացվելիք բանակցությունների օրակարգը։ Եվ այս ակտիվ իրարանցման պայմաններում շատ հարմար է շրջանառել ամեն կարգի վարկածներ ու տեսակետեր, որոնք կարծես թե սկզբնական հող են նախապատրաստելու ապագա քննարկումների համար:
Դրանց շարքում առանձնանում են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մի շարք հայտարարությունները, համաձայն որոնց գոյություն ունեն նախագահների տարբեր առաջարկներ, և դրանց ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Իբրև առավել ակնառու օրինակ, Մամեդյարովը տեղեկացնում է, թե իրենց ցանկանկությունն է, որպեսզի սկզբնական շրջանում հայկական զորքերի դուրսբերման գերծընթացը սկսվի Ֆիզուլու ու Աղդամի շրջաններից, ապա նաև մնացած 5 շրջաններից: Ճիշտ պահն է վերհիշել, որ դեռ ապրիլի սկզբին այս նույն երգը երգում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` տեղեկացնելով, թե` «մենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու իմ հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին հայտնել ենք 1-2 շրջան Ադրբեջանին վերադարձնելու մեր ցանկության մասին»:
Դատելով այս կարգի հայտարարություն-պահանջներից և միջազգային մամուլի արձագանքներից, կարելի է նաև ենթադրել, որ Կազանում կայանալիք հանդիպմանը Ադրբեջան կարող է նաև առաջ քաշելու Աղդամն ու Ֆիզուլին հետ ստանալու հարցը։ Միայն թե դա անպտուղ ժամանակի կորուստ է լինելու, քանի որ հայկական կողմը ոչ մի գնով չի գնա նման չպատճառաբանված նահանջի: Մյուս կողմից էլ հիմնական սկզբունքը շարունակում է մնալ գերակա. «Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Եվ ուրեմն Մամեդյարովի խոսքերն այլ բան լինել չեն կարող, քան նրա բուռն ցանկությունը: Իսկ դա քչերին է հետաքրքրում, և ոչ ոք չի պատրաստվում դուրս հանել զորքերը, քանի դեռ մյուս կողմից համարժեք քայլեր չեն եղել:
Այսօր, նոր բանակցություններից առաջ ձևավորված իրավիճակը թույլ է տալիս խոսելու մի շարք իրողությունների մասին: Դրանցից առաջինն այն է, որ Ադրբեջանը կարծես թե վերջնականապես զրկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումներ գործադրելու բոլոր հայտնի լծակները: Ու թերևս միայն այդ հանգամանքով կարելի է բացատրել նրա ագրեսիվ պահվածքը շփման գծում: Մյուս կողմից բավականին դժվարացել են միջազգային կառույցների քայլերը, կորցրել իրենց ճկունությունը, մեխված մնացել միևնույն կետի վրա: Առաջընթացի այս բացակայությունը կարելի է մեկնաբանել այն հանգամանքով, որ վերջիններս, փորձելով կողմերին խաղաղություն պարտադրել՝ մշտապես ջանում են համատեղել երկու անհամատեղելի երևույթները՝ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքները: Իսկ դա եթե նույնիսկ պիտի հանգեցնի ինչ-որ բանի, ապա այդ բանը սոսկ փակուղին է։
Օրերս Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը իր մի ելույթում այն տեսակետը շարադրեց, թե Ղարաբաղյան հիմնախնդրի փոխզիջումային լուծմանը խոչընդոտող հիմնական գործոնը Ադրբեջանում ու Հայաստանում տիրող հանրային տրամադրություններն են: «Հանրային կարծիքը երկու կողմում էլ այնքան անզիջում է դարձել, որ անգամ երբ նախագահները նստում են բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջման հասնելը շատ դժվար է»: Կիսելով Դելետրոզի այս մտահոգությունը, միևնույն ժամանակ չենք կարող նաև չնկատել, որ նա ըստ էության առաջարկում է մի բան, որը դեմ է տրամաբանության պահանջներին: Ինչ խոսք, կարելի է աշխատել հանրային կարծիքի հետ` նախապատրաստելով նրան զիջումների, բայց մինչ դրան անցնելը նախ պետք է հիմնավորել, թե ի՞նչ պայմաններից է բխում դրա անհրաժեշտությունը և ի՞նչու հատկապես զիջումն է դարձել գլխավոր խաղաքարտը:
Հատկանշական է, որ այսօր համանման պահանջներ ենք լսում նաև Եվրամիությունից: Այնտեղ գնահատում են Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի ջանքերը և զարմանում են, որ հակամարտության երկու կողմերն էլ շարունակում են կառչած մնալ իրենց սկզբունքներից «Զիջումների գնալու պատրաստակամության անհրաժեշտության մասին պետք է նաև հասարակությունների հետ խոսել, նրանց ներգրավել երկխոսության, բանակցությունների մեջ»,- կարծում են ԵՄ պաշտոնյաները: Առաջիկա բանակցություններից Արևմուտքը ակնկալիքներ ունի: Այստեղ կարծում են, որ կարելի է հուսալ նվազագույնը որևէ հայտարարության ստորագրման մասին` սկզբունքների հստակեցման մասով, և դրա հետ մեկտեղ պնդում, թե պետք է կենտրոնանալ Մինսկի գործընթացի վրա:
Եվրոպահան լավատեսական հնչերագները առայժմ ոչ միայն արձագանք չեն գտնում մեր տարածաշրջանում, այլև տեղ հասնելուց առաջ մարում են` խլանալով կրակահերթերի, սպառնալիքների, ռազմաշունչ կոչերի ձայների տակ: Եվ եթե Կազանի հանդիպումից կա որևէ ակնկալիք, ապա ընդամենը այն, թե որքանո՞վ կհաջողվի զսպել շիկացած կրքերը ու պահպանել այն, ինչն արդեն կա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: