Tag Archives: ճարտարապետ

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ

13 Ապր

Շտապ օգնության կարգով դիմում եմ ձեզ, քանի որ ճարտարապետների միությունը շատ է զբաղվել Սպանդարյան և այլ փողոցներում հատուկենտ մնացած ճարտարապետական արժեք ունեցող բնակելի տների պահպանման հարցով, բայց ապարդյուն։

Այժմ խոսքս Սպանդարյան փողոցի երկու-երեք տներին է վերաբերում, որոնք թեև մտել են քաղսովետին ներկայացված պահպանվող շենքերի ցուցակի մեջ, այսօր անխնա քանդվում են։ Քանդում են առանց աչք թարթելու և այն էլ, կարծես դիտավորյալ, ընտրելով ամենից լավերը։

Զարմանալի և զայրացուցիչ վերաբերմունք։

Ապագա մեծ պողոտան պետք է բացվի և ինչքան շուտ, այնքան լավ, դա, հիրավի, լինելու է մեր մայրաքաղաքի ամենագեղեցիկ մասը։

Սակայն սա չի նշանակում, թե մենք ամեն ինչ պետք է ոչնչացնենք մեր ճանապարհին, հաշվի չառնելով գոյություն ունեցող պայմանները։ Չէ՞ որ հենց մենք ենք, որ ավերեցինք քաղաքը բոլորող կանաչ գոտին (Մոսկովյան և Խանջյան փողոցների հատվածում դեռևս պահպանված), խախտելով կանաչապատման սկզբունքը. այդ հիանալի զբոսայգու մեջ իրար ետևից շարեցինք մի շարք շենքեր (Կոմիտասի համերգասրահը, Շախմատի տունը, «Կռունկ» ռեստորանը) այն ժամանակ, երբ այդ փարթամ կանաչ գոտին պետք է իր մեջ ունենար միայն հուշարձաններ (Իսահակյան, Նալբանդյան և մյուսները) և ոչ թե շենքեր, որոնք խախտում են կանաչի ամբողջականությունը, ջլատում այդ օղակը, իմաստազրկում։

Մի դեպքում մենք դիմել ենք այդպիսի հանդուգն քայլի, կոպիտ ձևով ոտնահարել կանաչի անդորրությունը, մյուս դեպքում, երբ բանը գալիս է մեզ թողած ժառանգությանը, ցուցաբերում ենք ամենաանփույթ, արհամարհական վերաբերմունք, բնաջնջելով մեր իսկ ժողովրդի ձեռքով ստեղծած գործերը։

Մինչև ե՞րբ պիտի մենք հանդուրժենք այս կարգի քաղաքականությունը։ Չէ՞ որ երբ կրթված շինարարները նոր բացվող փողոցում հանդիպում են որևէ ծառի, ապա դա շրջանցում են, կամ էլ ներկալում փողոցի մեջ՝ ափսոսալով, խնայելով ծառը։ Մի՞թե մեր հին երևանյան ճարտարապետական հրաշալի տները մի ծառի արժեք չունեն, որ մենք այսպիսի անգթությամբ ոչնչացնում ենք։ Բարեբախտաբար, նշածս տները գտնվում են փողոցի եզրին, չեն խանգարում երթևեկությանը (ինչպես բերածս ծառերի օրինակը)։ Համոզված եմ, որ այդ երկու-երեք տնակը բնավ չեն խանգարի, չեն խախտի պողոտայի միասնությունը, այլ, ընդհակառակը, կհնչեն որպես անփոխարինելի զարդեր, հմայիչ մասունքներ` արժանի մեծ հարգանքի և սիրո։ (Անշուշտ, դրանք պահպանելու համար անհրաժեշտ է համապատասխան աշխատանք, նրբին վերակառուցում, գուցե վիրահատում՝ ավելի ամփոփ վիճակի բերելու համար)։

Ահա այս երկու-երեք շենքերի ողբերգական վիճակն է, որ ինձ ստիպեց շտապ դիմել ձեր օգնությանը, հուսով, որ դա կհուզի նաև ձեզ, քանի որ այդ շենքերի պահպանման մեջ շահագրգռված են բոլոր նրանք, ովքեր սիրում են մեր մայրաքաղաքը, նաև այն ամեն գեղեցիկը, ինչ մեր նախնիները թողել են մեզ։

Այսպիսով, խնդրում եմ ձեր միջամտությունը՝ անմիջապես դադարեցնելու անողոք քանդումները, պահպանելու ժողովրդական ստեղծագործության այդ սքանչելի նմուշները։

Նամակիս հրապարակումը թողնում եմ ձեր հայեցողությանը, եթե, իհարկե, դա կօգնի փրկելու նշածս շենքերը։

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

1970

198874_10150106904807047_358361197046_6864835_6781307_n

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

30 Հնս

… Ես առաջարկում եմ մի ձև, որը հեշտ իրագործելի է քաղաքի ներկա տափարակ և գեղեցիկ տեղում: Ես առաջարկում եմ մի ձև, որը Եվրոպայում շատ է ընդունված: Քաղաքը պետք է ունենա կենտրոն և մի քանի քաղաքամասեր, որոնք այնպես են դասավորված, որ շրջանաձև փողոցների միջոցով ամենակարճ ճանապարհով իրար միացած լինեն, զանազան ուղղությամբ հեշտ լինի հաղորդակցություն պահպանել քաղաքի կենտրոնի հետ: Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք է ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, առանց շինությունների, այսպես կոչված «քաղաքի թոքերը», որոնցով մաքուր օդ է անցնելու դեպի քաղաքի կենտրոնը: Եթե այդ իրագործվի, ամեն մի շնչին կհասնի 2-3 քառակուսի սաժեն կանաչ տարածություն: Քաղաքի մեկ վեցերորդ կամ յոթերորդ մասը, այսինքն 300-450 հազար քառ. սաժեն տարածություն կանաչով պիտի ծածկված լինի…
1924թ.

%d bloggers like this: