Tag Archives: ճանճ

ՌՈԲԵՐՏ ԳՐԵՅՎԶ

1 Դկտ

Երբեք մարդկանց մի հիշեցրու այն ծառայությունների մասին, որոնք դու նախկինում մատուցել ես նրանց: Եթե նրանք արժանապատիվ և երախտապարտ մարդիկ են, ապա հիշեցման կարիք չունեն, իսկ եթե երախտամոռ ու պատվազուրկ են, այդ դեպքում անցածի մասին հիշեցումն անիմաստ գործ է…

Մի անգամ մարտադաշտում ընկած էր ծանր վիրավոր զինվորը և սպասում էր, թե երբ բժիշկը կվիրակապի իր վերքը, որի վրա նստել էին ճանճերը: Նրա ընկերը, որ թեթև վիրավոր էր, տեսավ ճանճերին ու փորձեց դրանք քշել: «Պետք չէ,- բացականչեց առաջինը,- հանգիստ թող նրանց: Այս ճանճերն արդեն խմել են իմ արյունը, և իմ ցավը հիմա այնքան ուժգին չէ, որքան սկզբում էր: Եթե դու քշես, դրանց տեղը կզբաղեցնեն նրանք, ովքեր քաղցած են, և իմ վերջը կգա…»:RobertGraves1

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱՆՃԸ

21 Օգս

Ժամանակին կաթոլիկ եկեղեցին Արիստոտելին հռչակեց անառարկելի հեղինակություն: Նա, ով կհանդգներ կասկածի տակ դնել նրա որևէ ասույթ, անմիջապես համարվում էր հերետիկոս, Պապի թշնամի և ենթարկվում էր խստագույն պատիժների: Բայց արի ու տես, որ ծերուկ Արիստոտելը մի հարցում սայթաքել էր, կամ գուցե որոշել էր չար կատակ անել ապագա սերունդների հետ: Բանն այն է, որ նա սահմանել էր, թե սովորական ճանճը չորս ոտք ունի: Ինչ խոսք, դա ստուգելը հեշտից էլ հեշտ էր, սակայն մի քանի դար շարունակ վեցոտանի ճանճերն առանց խղճի խայթի նստում էին հույն մտածողի հետնորդների քթին, իսկ նրանցից և ոչ մեկը չէր հանդգնում վիճարկել այդ պնդումը: Մոտ երկու հազար տարի պահանջվեց, որպեսզի հայտնվեր ոմն Ուլիս Ալդրովանդի` իտալացի կենսաբան, և ուղղեր անհեթեթությունը: «Իհարկե, Արիստոտելն անվիճելի հեղինակություն է, սակայն ճանճը վեց ոտք ունի»,- հայտարարեց համարձակ իտալացին՝ ի զարմանս շատ-շատերի…
Եվ այսքանից հետո դուք դեռ ցանկանում եք, որ վաղն ևեթ բացահայտ ճշմարտությունները ընդունվեն անվերապահորե՞ն… Միամիտներ: Առջևում ձեր սպասումի երկու հազար տարին է…

Հովիկ Չարխչյան

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

21 Դկտ

ՃԱՆՃԵՐԸ
Ճանճն ապակու վրա չի կարող հասկանալ, թե ինչպես մյուս կողմից կարող է գոյություն ունենալ մի աշխարհ, որին նա հասու չէ: Ճանճը, ինչպես արդեն հաճախ հաստատվել է, կեղտի կտորի վրա դրախտում է կենում, մեղրի մեջ ընկած ճանճը դատապարտված է: Վիշնուի ճանճասպանը, որ պատրաստված է յակի մորթուց, դհարմա է նշանակում` կան նրանք, կանք մենք, և մենք չենք կարող նրանց մի կողմ չքշել: Ճանճերին հայտնի է հաճույքը, որ հասու չէ կաթնասուններին` զուգավորվել օդում: Բեհեղզեբուղը` Ճանճերի Տիրակալ: Ապոլոնիուս Թիանացին Բյուզանդիան ազատեց ճանճերից, պատրաստելով մի բրոնզե ճանճ եւ թաղելով այն սյան տակ: Ճանճը կարող է մտածել ինչ-ր այլ բանի մասին կամ ընդհանրապես չմտածել, նա չի նայում, ուր է թռչում, եւ խրվում է ցանցի մեջ: Յոկո Օնոն լուսանկարել էր մի ճանճի, որ մագլցում էր կրծքի վրայով այնպես, կարծես թե նվաճել էր Էվերեստը: Ռուս աղջնակները նախկինում կաղամբից դագաղիկներ էին կտրում եւ դրանց մեջ թաղում էին ճանճերին: Ճանճը բաց վերքի վրա պարզապես ճանճ է մնում եւ ախորժանք է ապրում այն փաստից, որ մարդը մարդ է մնում: Երբ Չառլզ Ռեզնիկոֆին Հոլիվուդում տեղ հատկացրին, բայց աշխատանք չտվեցին, նա իր սեղանի վրա ճանճերի լռության և մենության մասին բանաստեղծություններ էր գրում: «Ճանճը» կինոնկարի առաջին սերիայում երեխան երազում տեսնում է ինքն իրեն` պուճուրիկ մարդկային գլուխը սարդոստայն ընկած ճանճի մարմնի վրա, որ ծղրտում է` «Օգնեցեք»: «Ճանճը» կինոնկարի երկրորդ սերիայում իր մասին երազ է տեսնում մեծահասակը, և ճանճն առաջվա պես նրան սիրում է, ինչպիսի հրեշ էլ որ նա լինի:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

%d bloggers like this: