Tag Archives: ճանապարհ

Մինչև աշխարհի ծայրը

18 Սպտ

— Դուք համամի՞տ եք ինձ հետ, որ մարդը ճանաչելի է իր ընտրած ճանապարհով:
— Իր անցած ճանապարհով,- միտքս շտկեց ընկերս:
Ես համաձայն չէի:
— Նրան կարող է չհաջողել անցնել իրենից անկախ պատճառներով: Սակայն ընտրությունն արդեն իսկ խոսում է մտադրման և դրանից բխող հատկանիշների մասին:
Ընկերս անդրդվելի էր.
— Անցնել չկարողանալը ևս բնորոշիչ է,- ասաց նա:- Անցնողը միշտ տարբերվում է չանցնողից:
— Կտարբերվի առերևույթ, բայց ոչ ներքին էությամբ:
— Ներքուստ ևս կտարբերվի: Ձախողումը հետքեր է թողնում:
— Սակայն չի փոխում նպատակը:
— Դա արդեն կարևոր չէ: Ու՞մ է պետք վերացարկված նպատակը:

Հովիկ Չարխչյան
Հատված «Մինչև աշխարհի ծայրը» վիպակից11010541_896189613787802_1343569252236160748_n

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

15 Նյմ

Ամեն ոք գնում է իր ճանապարհով: Սակայն բոլոր ճամփաները, միևնույն է, գնում են ոչ մի տեղ: Կնշանակի` ճանապարհի ամբողջ իմաստն այն է, թե ինչպես այն անցնել: Եթե գնում ես հաճույքով, ուրեմն դա քո ճանապարհն է: Եթե քեզ վատ ես զգում, կարող ես ցանկացած պահի կանգ առնել` որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:

Անսիրտ ճանապարհը երբեք ուրախալի չի լինում: Հենց միայն այն բանի համար, որ դուրս գաս այդ ուղին, հարկ է լինում ծանրորեն աշխատել: Եվ ընդհակառակը, այն ճամփան, որը սիրտ ունի, միշտ հեշտ է: Որպեսզի նրան սիրես` առանձնակի ջանքեր չեն պահանջվում:castaneda2

ԶՐՈՒՅՑ

23 Փտր

Գյուղից քաղաք գնացող ճանապարհին Պողոսը հանդիպեց Պետրոսին:
— Բարի օր,- ասաց Պողոսը։
— Բարև,- ասաց Պետրոսը։
— Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը քաղաքից է գալիս:
— Քաղաքից,- ասաց Պետրոսը,- իսկ դու որտեղի՞ց ես գալիս,- հարցրեց նա, թեև գիտեր, որ Պողոսը գյուղից է գալիս:
— Գյուղից,- ասաց Պողոսը:
— Հիմա ու՞ր ես գնում,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը քաղաք է գնում:
— Քաղաք,- ասաց Պողոսը:- Իսկ դու ու՞ր ես գնում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը գյուղ է գնում:
— Գյուղ,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ կա գյուղում,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ գյուղում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պետրոսը:- Իսկ քաղաքում ի՞նչ կա,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ քաղաքում ոչինչ էլ չկա:
— Ոչինչ էլ չկա,- ասաց Պողոսը:
— Էլ ինչու՞ էիր գյուղ գնացել,- հարցրեց Պետրոսը, թեև գիտեր, որ Պողոսը գործով էր գյուղ գնացել:
— Գործով,- ասաց Պողոսը: -Իսկ դու ինչու՞ էիր քաղաք գնացել,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը նույնպես գործով էր քաղաք գնացել:
— Գործով,- ասաց Պետրոսը:
— Ի՞նչ գործով,- հարցրեց Պողոսը, թեև գիտեր, որ Պետրոսը անձնական գործով էր քաղաք գնացել:
— Անձնական,- ասաց Պետրոսը:- Իսկ դու ի՞նչ գործով էիր գնացել,- թեև գիտեր, որ Պողոսը անձնական գործով էր գյուղ գնացել:
— Անձնական,- ասաց Պողոսը…
Իսկ դու, սիրելի ընթերցող, դատարկ բաներից իզուր տեղը մի սրտնեղիր. մարդ են, էլի, իրենց համար կանգնել, զրույց են անում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: