Tag Archives: ճանաչում

Ճանաչումը՝ օվկիանոսի այն ափից

12 Սպտ

Ուրուգվայի մասին հայաստանցիներս շատ բան չգիտենք՝ բացառությամբ թերևս նրա, որ այս երկիրը 1965 թ. աշխարհում առաջինը պետականորեն ճանաչեց 1915 թ. հայերի Ցեղասպանությունը, իսկ 2004-ին վերահաստատեց այդ որոշումը: Թե ինչու Ուրուգվայն այն ժամանակ որոշեց ստանձնել առաջամարտիկի դերը, այլ խոսակցության նյութ է: Սակայն այն, որ այժմ նույն երկիրը պատրաստվում է հայերիս համար մատուցել ևս մի մեծ անակնկալ, դառնում է ոչ միայն հետաքրքիր, այլև երևութին լրջորեն անդրադառնալու առիթ է տալիս:
Եվ այսպես, մի քանի օր առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված համաժողովի ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, հանկարծ մի աննախադեպ հայտարարություն արեց: Նա բառացիորեն հետևյալն ասաց. «Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»: Նախարարն այս հայտարարությունը արեց Ուրուգվայի խորհրդարանում, որտեղ ներկա էին այդ երկրի փոխնախագահը, խորհրդարանի նախագահը, խորհրդարանականներ ու լրագրողներ: Առաջին անգամ ժողովրդավար մի երկիր պաշտոնապես հայտնում էր Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին որպես իշխող քաղաքական ուժերի դիրքորոշում: Հասկանալի է, որ սա դեռևս վերջնական լուծում չէ, հայտարարությունը պետք է քննարկվի, այն կարող է նաև մերժվել: Բայց և այնպես եղածն էլ բավական էր, որ ունենար պայթող ռումբի ազդեցություն ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում:
Առաջինններից մեկը (ինչպես և պետք էր սպասել) Ուրուգվայի կեցվածքը ողջունեց պաշտոնական Ստեփանակերտը: Ըստ ԼՂՀ իշխանությունների, սա չի նշանակում, որ Ուրուգվայը ավտոմատ կերպով կճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց դա նշանակում է, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերում ճանաչման գործընթացին, քանի որ նոր պետությունների ճանաչման փուլը, որը բացվեց Կոսովոյով, այնուհետ շարունակվեց Հարավային Օսիայով, Աբխազիայով, Հարավային Սուդանով, չի կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղը:
Առաջիններից մեկը (ինչպես և պետք էր սպասել) Ուրուգվայի քայլը դատապարտեց Ադրբեջանը: Հայտարարությունից ժամեր անց Բուենոս Այրեսում գտնվող ադրբեջանական դեսպանատունը կապվեց Ուրուգվայի ԱԳ նախարարության հետ: Դեսպանը զրուցեց փոխնախարար Ռոբերտո Կարերասի հետ, սակայն նրանից ոչինչ ավելի լսել չկարողացավ, բացի այն, որ Ուրուգվայը հարգում է միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը: Տեսնելով, որ իրավիճակը դառնում է աննախանձելի, Բաքվում ուրիշ խելամիտ որևէ բան չմտածեցին, քան պաշտպանություն գտնել ամերիկացիներից: Սակայն այստեղ էլ նրանց սպասվում էր խոր հիասթափություն: Երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից պահանջեցին մեկնաբանել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսելու Ուրուգվայի մտադրությունը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Քիթ Բինը նրանց սոսկ պատասխանեց, որ հայտարարությունները հանդիսանում են Ադրբեջանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերությունների հարց: Բինի՝ «ԱՄՆ-ը չի մեկնաբանում երկկողմ երկրների հարաբերությունները» խոսքերը ավելի ծանր էին, քան շառաչուն ապտակը: «Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում) ապահովում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հիմքը»,- հավելել էր Բինը:
Ադրբեջանցիների հաջորդ քայլն էլ ավելի զավեշտալի ու անիմաստ էր: Տեսնելով, որ ոչինչ փոփոխել չի կարելի, նրանք հաղորդեցին, որ Լուիս Ալմագրոն նման մտքեր չի արտահայտել, և խնդիրը նախարարի խոսքերի սխալ թարգմանության մեջ է: Բայց դա ճշտելն այնքան էլ դժվար չէր:
Կասկածից վեր է, որ հարևան երկրի հակաքարոզչական արշավը դեռ կերկարի ու նոր դրսևորումներ ի հայտ կբերի: Իսկ մինչ այդ, ոչ պակաս հետևողականությամբ Հայաստանը նույնպես փորձում է ըմբռնել փաստի էությունը և հստակեցնել իր անելիքները: Երևանում կարծում են, որ ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու Ուրուգվայի քայլը մեծապես պայմանավորվում է հարավամերիկյան այդ երկրի հայ համայնքի գործոնով, ինչպես նաև այն բանի գիտակցմամբ, որ Ուրուգվայի նախաձեռնությունը դեռևս հիմնավոր քաղաքական վերանայումների ու արմատական տեղաշարժերի նախանշան չի կարելի դիտարկել: Տեսակետ կա, թե գործընթաց սկսելու քայլը կարող է վարակիչ լինել այլ պետությունների համար ևս: Այսպես մտածելու հիմք է տալիս նախ և առաջ այն համոզմունքը, որ ԼՂ խնդիրը, ճանաչման առումով, այլընտրանք չի կարող ունենալ և դեռևս կողմնորոշման փուլում գտնվող մնացած երկրներն անգամ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղն արժանի է ճանաչման։ Միայն թե հարցը պայմանավորված է ոչ թե Ուրուգվայով, այլ գերտերություններով: Լավագույնը, որ կարելի է ակնկալել մոտ ապագայում, կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը և հատկապես Լատինական Ամերիկայի երկրները կսկսեն ավելի լուրջ վերաբերել այդ գործընթացին:
Ուրուգվայի քաղաքական դիրքորոշման առանձնահատկությունը թերևս կայանում է նրանում, որ այդ երկիրը, ի տարբերություն շատերի, չի սպասում Ամերիկայի կամ մեկ այլ պետության թելադրանքին և հենց ինքն է բարձրաձայնում իր տեսակետը։ Առավելագույնս ազատ լինելու իրավունքը նրան տալիս է նաև այն հանգամանքը, որ Ուրուգվայը չունի ոչ տարածաշրջանում աշխարհաքաղաքական, ոչ էներգետիկ հետաքրքրություններ կամ կախվածություններ, որոնք նրան կստիպեին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ճանաչումից:
Այս օրերին Երևանում նաև վերհիշեցին, որ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ պատրաստ էին քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը դեռևս 1990-ականներին, սակայն ինչ-ինչ հարցեր խոչընդոտ հանդիսացան այդ զարգացումներին: Երևանում նաև կարծիքներ հնչեցին, թե Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը, որին կհետևի միջազգային ճանաչումը: Սակայն մեր իշխանություններն այս պնդումների հետ դեռևս համակարծիք չեն, իսկ օվկիանոսի այն կողմից հնչող հուսադրող ձայները նրանց մղելու են նոր մտորումների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեր ցավը ձեր ցավը չէ

20 Ապր

Օրեր առաջ (երկրորդ տարին անընդմեջ) վրացահայ մի շարք կազմակերպություններ դիմել էին Վրաստանի նախագահին ու խորհրդարանին` առաջարկելով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: Նման օրինագծի նախաձեռնության խնդրանքով նրանք նամակ էին ուղարկել երկրի նախագահին, խորհրդարանի նախագահին ու խմբակցություններին, ինչպես նաև խորհրդարանի հայազգի պատգամավորներին: Վերջիններիս հայկական կազմակերպությունները կոչ էին անում մինչև ապրիլի 24-ը խորհրդարանի նիստերում հանդես գալ հայտարարությամբ ու գործընկերներին հորդորել` հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն, ինչն այնքան էլ դժվար չէր կռահել, Վրաստանի օրենսդիր մարմինը կասեցրեց այդ նախաձեռնությունը:
Անժխտելի փաստ է, որ նորանկախ Վրաստանի պատմության մեջ դեռ ոչ մի անգամ տեղի չի ունեցել Հայոց Ցեղասպանության հարցի արծարծում: Չնայած այն բանին, որ այդ երկրում մենք ունենք հսկայական հայկական ներկայացվածություն, եղեռնի թեման այստեղ համարվում է փակ և անցանկալի: Շատերն են հիշում, որ երբ 2002թ. ապրիլի 24-ին առաջին անգամ Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավորներից մեկը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, վրացիներն ինչպիսի դժգոհությամբ ու տհաճությամբ այդ բանը կատարեցին:
Նման պահվածքի համար միշտ էլ փորձեր են արվել զանազան կարգի բացատրություններ գտնել: Հիմնականում խոսվում է այն մասին, որ Վրաստանն այսօր թե քաղաքական, թե հասարակության հակվածությունների իմաստով ոչ միայն պատրաստ չէ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, այլև դա համարում է իր շահերին հակամետ երևույթ: Որպես առաջին նախապայման հիշատակվում են այդ երկրում արմատացած հակահայկական տրամադրությունները, ինչի արդյունքում փակվում են հայկական դպրոցները, կրճատվում է հայոց լեզվի ուսուցման դասաժամանակը, պղծվում են հուշարձանները, խեղաթյուրվում են Հայաստանի պատմությանը վերաբերող փաստերը: Հաջորդ, ոչ պակաս կաշկանդող պատճառը Թուրքիայի գործոնն է: Թուրքիայի հետ Վրաստանի սերտ դաշինքն իր մեջ պարունակում է լուրջ տարրեր, ինչն էլ ավելի մեծ կախվածության մեջ է դնում Թբիլիսիին: Իսկ հանուն պատմական ճշմարտության և կամ հայկական շահերի վրացիները ոչ մի գնով դեմ չեն գնա թուրքերին: Եթե ասվածին էլ գումարենք նաև հարևան Ադրբեջանի ներկայությունը, որը ոչ պակաս ազդեցություն ունի Վրաստանի վրա, իսկ երկրի ներսում մոտ 250 հազար ադրբեջանցիներ են բնակվում, որոնց շահերը Վրաստանի խորհրդարանում բավական լավ են ներկայացված, ապա ստացվում է, որ ճնշումը երկակակի է: Մի շարք փորձագետներ եղածին հավելում են նաև այն հանգամանքը, որ հայերի ցեղասպանության ճանաչման հարցում դեռ չի կողմնորոշվել գլխավոր պետությունը`Միացյալ Նահանգները: Իսկ որ Վաշինգտոնից է կախված Վրաստանի ողջ քաղաքականությունը, դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այս ամենը հաշվի առնելով հասկանալի է դառնում, թե ինչու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր հակափաստարկները ձևակերպելիս բառ առ բառ կրկնում թուրքական մոտեցումը, համաձայն որի ցեղասպանությունը պատմական հարց է, ուրեմն թող պատմաբաններն էլ զբաղվեն դրանով:
Երբ այսօր վրացի որոշ քաղաքական գործիչներ Վրաստանի «Հանուն հաղթանակի» կուսակցության ղեկավար Շալվա Խաչապուրիձեի օրինակով պնդում են, թե Վրաստանի կառավարությունն ի զորու չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լուծել, քանի որ իշխանությունը անկախ չէ, պաշտպանում է այլ պետությունների շահերը, իսկ իշխանության ղեկին է Միխաիլ Սահակաշվիլին, ապա այսօրինակ հավաստիացումներին հարկ չկա լուրջ վերաբերվել: Ինչպես նախկինում, այնպես էլ տեսանելի ապագայում այդ հարցը պայմանավարված չի լինելու իշխանության ղեկի մոտ կանգնած անձերով:
Սակայն վրացական կողմի հասցեին մեղադրանքներ շռայլելուց առաջ կարիք կա անդրադառնալ նաև մեր երկրի պաշտոնական կեցվածքին, որն առ այսօր որևէ անգամ չի փորձել հիշյալ հարցը հավուր պատշաճի մատուցել Թբիլիսիին, և իր այդ կրավորականությունը արդարացրել է հանրապետության շուրջ ստեղծված վիճակով: Հասկանալի է, որ արտաքին աշխարհի հետ կապող մեր ճանապարհներն անցնում են վրացական տարածքներով, և ուզենք թե չուզենք` բազմաթիվ հարցերում ստիպված ենք բավարարվել երկրորդը լինելու դերով: Բայց մի՞թե այս հանգամանքն իրավունք է տալիս խեղաթյուրել ճշմարտությունը և ամեն անգամ կրկնել, թե իբր Վրաստանը շարունակում է լինել մեր եղբայրական պետությունը ու երբեք հայերի նկատմամբ չի իրականացնում հակահայ քաղաքականություն:
Երկու օր առաջ Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ: Իսկ հետո Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նա ուղղակի խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչու իր երկիրը չի ճանաչում եղեռնի փաստը: Բաչո Ախալայան հայտարարեց, թե հայկական կողմի հետ հանդիպումներում այդ հարցը բազմիցս քննարկվել է: «Մենք ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին: Ձեր ցավը հասկանալի է վրացի ժողովրդին»,- ասաց նա:
Մեր ցավը հասկանալի չէ վրացիներին: Ասենք ավելին, մեր ցավը հասկանալու անհրաժեշտություն վրացիները չեն զգում: Եվ այս պարագայում մնում է միայ մի տարբերակ` պարտադրել ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը կարելի է և չխոստովանել, բայց դա իմանալուց խուսափելն անհնար է: Իսկ այժմ հիշյալ ճշմարտության փոքրիկ չափաբաժին կարող է դառնալ այն, որ
Վրաստանի խորհրդարանի շենքում այսօր տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Հետաքրքիր է, թե այժմ ի՞նչ են ասելու նրանք իրենց իսկ ձեռքով գրված այդ վավերագրերի մասին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Համազգային մտատանջություն

10 Դկտ

Երկարատև ու բուռն վեճերից հետո երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը: Կոալիցիոն քաղաքական ուժերը բոյկոտեցին այն, և 13 կողմով քվեարկությունը չկայացավ: «Թե տապալման, թե նաև հետագայում ԼՂՀ չճանաչման հետևանքների պատասխանատվությունը ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա»,- հայտարարեցին վշտացած նախաձեռնողները, իսկ տապալողները շտապեցին արդարանալ, որ երբ հարմար պահը գա, ոչ միայն կոալիցիան, այլ Հանրապետականը միայնակ էլ կարող է ցանկացած դեպքում ստորագրություններ հավաքել, կես ժամվա ընթացքում հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և քննարկել այդ հարցը:
Կեսժամանոց գործերի արդյունավետության հանդեպ լուրջ կասկածներ ունենալով հանդերձ չենք կարող նաև չհարցնել, թե ո՞րն է այդ հարմար ժամը, ինչպե՞ս է դա որոշվելու: Հասկանալի է, որ Հանրապետականի համար այժմ միայն մեկ ժամանակացույց կա և այն մշտապես սահմանվում ու հսկվում է նախագահի կողմից: Իսկ նախագահն, ինչպես արդեն գիտենք, ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Կնշանակի` ըստ ՀՀԿ-ի, հարմար ժամը պատերազմն է, իսկ խաղաղությունը անհարմարն է:
Բնական է, որ ընդիմախոսները կտրականապես համաձայն չեն նման մոտեցման հետ: Եվ ընդհանրապես, նրանք գտնում են, որ ոչ մի առանձին վերցրած իրավիճակային ուղենիշ չի կարող իր ներգործությունն ունենալ հիմնական նպատակի վրա, Ղարաբաղը վաղուց է համապատասխանում ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին, և դա արդեն բավարար պայման է ճանաչման գործընթացը սկսելու համար: Էլ ավելի զայրացածները նույնիսկ պնդում են, թե այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատումից անմիջապես հետո կամ էլ, ծայրահեղ դեպքում, Կոսովոյի անկախության ճանաչմանը և այդ հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը զուգընթաց:
Սակայն անցյալն անցյալ է, իսկ ներկան ևս տեղաշարժեր չի խոստանում: Ի՞նչ է ստացվում: Միգուցե Հայաստանի իշխանություններն ընդհանրապե՞ս դեմ են Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Համենայն դեպս, այսպիսի հարցեր արդեն հնչում են զանազան առիթներով: Կա խնդիր, նույնիսկ կարելի է ասել` համազգային խնդիր, և այն պահանջում է ոչ միայն լուծում, այլև քաղաքական կամք (այս վերջին ձևակերպումը հիմա շատ է մոդայիկ): Միայն թե կամքի փոխարեն իշխանությունը մեզ հրամցնում է բացատրություն այն մասին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան: Երկրի արտաքին գործոց գերատեսչությունն իր հերթին ասում է, որ պաշտոնական Երևանի գերնպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, և բանակցային ողջ գործընթացը տարվում է հենց այդ ուղղությամբ: Իսկ սա չի նշանակում, թե ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու հարցը հանվել է օրակարգից, պարզապես դրա համար պետք է հարմար ժամանակ գա։
Կրկին այդ անիծյալ հարմար ժամանակը: Իսկ մինչ այն կգա, այդ ընթացքում ճանաչման մասին օրինագիծը պետք է գործածվի որպես Ադրբեջանի գլխին կախված մահակ: Այդ մահակն էլ դուրս հանելու անհրաժեշտություն չկա, և թող մշտապես հայկական խորհրդարանի օրակարգում լինի։ Այսպիսին է մեր հեռատես պատասխանատուների տեսակետը, որոնց համոզմամբ քանի դեռ գործում է Մինսկի խումբն ու այդ կառույցի շրջանակներում ընթանում են ԼՂ հարցով բանակցությունները, անկախության ճանաչումը մեծ սխալ է: Սխալ է այն պատճառով, որ երբ մենք միակողմանի ճանաչում ենք ԼՂՀ-ն, դա նշանակում է ավերակի վերածել ողջ բանակցային գործընթացքը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ: Սակայն ի՞նչ քաղաքավարություն ու բարեկրթություն խաղալու ժամանակն է: Մի՞թե ավելի ծանրակշիռ փաստարկ դժվար է գտնել որոշումը հիմնավորելու համար:
Փաստարկներն, իբրև այդպիսիք, ցավոք, դեռ չկան: Բայց կա ուրիշ մի բան` վախը ապագայի հանդեպ, և հենց այդ հեռանկարի վախն է այժմ ներշնչվում յուրաքանչյուր տարակուսողի: Պարզվում է, որ Ղարաբաղի ճանաչումը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, իսկ եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ապա այդ դեպքում կստանանք նույն արդյունքը, ինչը տեղի ունեցավ Կարսի դեպքում:
Պատմության տխուր էջերի հիշատակումը ներգործող տարբերակ է: Իսկ այնուհետև կարելի է նաև հավելել այն միտքը, թե ձախողելով բանակցությունները, մենք Ադրբեջանին կնվիրենք պատերազմ սկսելու առիթ, և միջազգային հանրությանն էլ իր հերթին կտեսնի, որ Բաքուն իրավացի էր, իսկ մենք կառուցողական մոտեցումներից հեռանում ենք: Ահա այսպիսի ապագա գծագրելուց հետո վախը դառնում է միանգամայն շոշափելի ու ազդեցիկ:
Օրինագիծը խորհրդարանում տապալվեց: Բայց կրքերը շուտ հանդարտվելու նախանշաններ ցույց չեն տալիս: Այժմ ինչ մեղադրանքներ ասես, որ չեն հնչում իշխանությունների հասցեին` էլ արտաքին ուժերի շահերի սպասարկու, էլ գավառամիտ, էլ կարճատեսության պատանդ… Սակայն հայհոյանքը ևս վկայում է փաստարկների բացակայության մասին: Եվ ստացվում է, որ երկու կողմերն էլ լիարժեք պատկերացում չունեն, թե ի՞նչ են ուզում, ինչպե՞ս պիտի դա արվի, և ե՞րբ պիտի արվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: