Tag Archives: ճամփաբաժան

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

12 Փտր

ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ

Հին, վայրի դաշտի ճամփաբաժանին
Մի սև ագռավ է թառել սև խաչին,
Աղբախոտն է նա դիտում իր թառից,
Ժանգոտ վահան է ընկած առաջին:

Մի գիր է գրված այնտեղ հին օրից,
Որից անցորդը սև լուր է առնում.
«Ով գնա գծած այս ճամփով ուղիղ,
Իմացիր, երբեք ետ չի դառնալու:

Թե աջով գնաս` դու ձիդ կկորցնես,
Մոլորյալ է նա, ով աջ է թեքվում,
Իսկ թե ձախ ճամփով գնալ դու փորձես,
Մահդ կգտնես օտար եզերքում»:

Հեռվում` շարվեշար շիրիմներ պառկած
Քնած հավիտյան քնով անցյալի,
Սատար եղիր ինձ, չարագույժ ագռավ,
Այս մութ ճամփեքին ուղեկից դառ ինձ:

Լքել եմ կղզին արքայադստեր,
Կապույտ ծովակը, խրճիթն ու այգին,
Դու անմահական ջուրը լոկ ինձ բեր,
Չեմ ուզում տիրել հեքիաթի հավքին:

Կեսօրն է ննջում, արահետներին`
Խոտերի միջից` նեխող ոսկորներ,
Երեք ճանապարհ մգլած ու դեղին,
Բայց ես չգիտեմ, թե ուղիս որն է:

Որտե՞ղ է ծիրը այս հարթավայրի,
Ո՞վ է խրտնեցնում ձիուս շարունակ,
Ո՞վ է ինձ կանչում ձայնով մարդկային
Կապույտ լռության այս երկրում ունայն:

Եվ մի՞թե ուրիշ ճանապարհ չկա,
Որ լինի առանց կորստյան ահի,
Գնայի հուշն ու հույսերս փրկված
Եվ ինձ ու ձիուս խլեի մահից:

Հովերն են շնչում վերին լռությամբ,
Ու մեռյալները քնել են խաղաղ,
Կախարդված վայրի այդ գեղեցկությամբ,
Ես խոնարհում եմ հայացքս ահա:

Կանչում է կյանքը խենթության խաղով,
Բայց խառնված է նա մահվան կանչին,
Իսկ ագռավը լուռ ու հանդիսավոր
Այսպես կիսարթուն թառել է խաչին:

Թարգմ. Հ. Թամրազյան

%d bloggers like this: