Tag Archives: ճակատագիր

ԿԱՐԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ

20 Նյմ

Երբ մարդը ստանում է այն, ինչ ցանկանում էր ամենից շատ, սովորաբար կրկնում է նույն պատմությունը, որ կատարվում է ծաղիկների հետ. ծաղկեփունջը ձեռն առնելիս դուք չգիտեք, թե որտեղ այն տեղադրեք…

Ճակատագիրը սովորաբար թաքնվում է անկյունում: Ինչպես գրպանահատը, պոռնիկը կամ վիճակախաղի տոմսեր վաճառողը. Սրանք նրա երեք ամենամարդկային կերպափոխություններն են: Իսկ ահա այն, ինչը երբեք նա չի անում` ինքնակամ տուն չի գալիս: Պետք է գնալ նրա ետևից:ruiz_zafon_shadow_wind

Advertisements

ՊԵԼԵՄ ԳՐԵՆՎԻԼ ՎՈՒԴՀԱՈՒՍ

13 Նյմ

Որքան երկար եմ ապրում, այնքան հստակ եմ հասկանում, որ ամենակարևորը կյանքում հաստատապես իմանալն է, թե ինչ ես ուզում և թույլ չտալ, որ քեզ շեղեն ուղուց նրանք, ովքեր կարծում են, թե իրենք ավելի լավ գիտեն: Ես այնքան էլ վստահ չեմ, բայց իմ կարծիքով դա Շեքսպիրը կամ ծայրահեղ դեպքում` ոչ պակաս խելացի մի տղա էր ասել, թե հատկապես այն պահին, երբ դու սկսում ես զգալ կյանքի ամբողջ հմայքը, ճակատագիրը գաղտագողի մոտենում է քո թիկունքից` ձեռքին արճճե  ձողը: Այդպես է. ամեն կյանք իր ամպամած եղանակն ունի, սըր…wodehouse

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

30 Սպտ

Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծառնաբեռնված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել: Երբեմն էլ, ուրիշ պահերի, թվում է, թե ոչինչ այլ կերպ չէր կարող լինել, անպարտադիր ու հեշտությամբ տրվող ոչինչ գոյություն չունի, և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում-արտաշնչումը նախասահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով:
Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի ենք համարում և որոնց մասին թեթև սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք բոլորն էլ վերաբերում են այն առաջին` «հեշտ» համարվող տեսակին, և մենք հեշտությամբ էլ բոլորը մոռանում ենք: Ուրիշ արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, քան առաջինները, և նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա:

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

29 Ապր

Այն տանն ապրում է ճակատագիրը: Այն բանում-ջանում է նրանց համար, ովքեր չեն կարողացել նմանվել մեզ, եթե անգամ ցանկացել են, այլ էդպես էլ մնացել են` նստելով մեր կավածեփ երկաթակուռ կաղապարների եզրին, իրենց նույնքան պատահաբար տեղավորելով այս կյանքում, ինչպես ինչ-որ մեկի մայրը, մեկնումեկի տատը կամ պարզապես հեռու ազգականուհին:
Սա էլ հենց ժողովուրդ հասկացությունն է, և ո՛չ թե երգերը, ո՛չ թե կեչիները, այլ ժողովուրդը, այսինքն` աստվածային ճակատագիրը, որ երկրի վրա դեռ տրվում է ոմանց: Նրանց մեջ բոլոր նրանք են, ովքեր եղել են, ովքեր չկան, ովքեր չեն էլ եղել: Ամենը, ինչ սիրել եմ, ամենը, որ դեռ սիրում եմ իմ մեջ մնացած այն մասով, որ վաճառքի չեմ հանել, ամենը, ինչ ունեցել եմ, և ամենը, որ դեռ մնացել է ինձ. շատ է քիչ, բայց սա այլևս հենց այն է, ինչը ես սիրում եմ:
Ճակատագիրը ժողովուրդն է, ժողովուրդը` ճակատագիրը: Ես` օտարվածս, կողմնակի մեկն եմ: Քանի դեռ միջիցս դուրս չի թափվել ողջ նախանձս, քանի դեռ ինձնից մնացած շռայլ փշուրը չեմ դրել անկշտում ափի մեջ, երբեք չեմ անցնի, չեմ մտնի այնտեղ, ուր ամեն ինչ երևում է` կարծես ափի մեջ, ուր դռնակը միշտ բաց է կրնկի վրա…

թարգմանեց Ա. Խաչատրյան

ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

13 Նյմ

Զարմանալի և ուսանելի է հանճարի ճակատագիրը մարդկային իմացության համակարգում: Այդ Աստծո ընտրյալ տառապյալները, ովքեր դատապարտված են կործանելու հանուն շարժման և վերափոխման, գտնվում են անհաստատ հավասարակշռության հակասական վիճակում` առ երջանկություն ձգտմամբ և համոզված, որ այն՝ որպես մարմնավորվող իրականություն կամ վիճակ, պարզապես գոյություն չունի: Քանզի երջանկությունը վերացական, բարոյական հասկացություն է: Իսկ իրական երջանկությունը, երջանիկ երջանկությունը, ինչպես հայտնի է, ձգտման մեջ է առ այն երջանկություն, որը մարդու համար չի կարող բացարձակ լինել: Բաղձալի է, որպես բացարձակ: Պատկերացնենք, սակայն, որ մարդիկ հասել են երջանկության` երջանկությունը որպես մարդկային կամքի ազատության լիակատար դրսևորում ամենալայն իմաստով: Եվ հենց այդ վայրկյանին անհատը քայքայվում է: Մարդը դառնում է միայնակ՝ ինչպես Բեհեղզեբուղը: Կապը հասարակական մարդկանց հետ կտրվում է, ինչպես նորածնի պորտը: Եվ, հետևաբար, քայքայվում է հասարակությունը: Առարկաները ցաքուցրվում են տարածության մեջ՝ զրկվելով երկրային ձգողականության ուժից: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ հասարակությունը հենց պետք է կործանվի, որպեսզի նրա բեկորների վրա միանգամայն նոր և արդար բան ստեղծվի… Չգիտեմ, ես քայքայիչ չեմ:
Հազիվ թե կարելի է երջանկություն կոչել գրպանը դրած բարեպատեհ ձեռք բերած իդեալը: Ինչպես ասել է բանաստեղծը. «Չկա երկրի երեսին երջանկություն, բայց կա հանգիստ և կամք»: Չէ՞ որ, բավական է միայն ուշադիր նայել գլուխգործոցներին, ներթափանցել դրանց գոտեպնդող և խորհրդավոր ուժի մեջ, որպեսզի պարզ դառնա դրանց խուսանավող և միաժամանակ սուրբ իմաստը: Դրանք, որպես արհավիրքային վտանգի հիերոգլիֆներ, կեցած են մարդկային առաջընթացի ճանապարհին: Նրանք ասում են` «Վտանգավոր է: Այստեղ մի եկեք»:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՕՍՎԱԼԴ ՇՊԵՆԳԼԵՐ

17 Հկտ

Ճակատագիրը և ժամանակը իրենց էությամբ մեկը մյուսին փոխարինող բառեր են: Փորձենք ցանկացած փիլիսոփայական կամ ֆիզիկական տեքստում փոխարինել «ժամանակ» բառը «ճակատագրով», և մենք անմիջապես կզգանք, թե ինչպիսի թավուտներում է մոլորվել բանականությունը և որքան անհնարին է ներկայանում «ժամանակի ու տարածության խումբը»: Այն, ինչը չի ապրվել ու չի զգացվել, այլ միայն հորինվել է, անխուսափելիորեն ձեռք է բերում տարածական որակներ: Ֆիզիկական ժամանակն իրենից գիծ է ներկայացնում: Եվ դրանով է բացատրվում, թե ինչու սիստեմատիկ-փիլիսոփաներից որևէ մեկը չի կարողացել ոչինչ ձեռնարկել անցյալի ու ապագայի հասկացությունների նկատմամբ: Գիտական տեսանկյունից անհասանելի ճակատագրի գաղափարը, որ թաքնվում է «ժամանակ» բառի թիկունքում, առնչվում է անմիջական ապրումների և ինտուիցիայի ոլորտին: Ոչ թե մաթեմատիկան ու աբստրակտային մտածողությունը, այլ պատմությունն ու կենդանի արվեստը (և ես կհավելեմ նաև՝ մեծագույն միֆը) կարող են մեզ տալ ժամանակի խնդրի բանալին:
Ճակատագիրը մատնանշում է, թե «ուր», պատճառականությունը՝ «որտեղից»:

ԱՆՐԻ ԱՄԻԵԼ

12 Սպտ

Անկարգությունը մեզ ստրուկ է դարձնում: Այսօրվա անկարգությունը նվազեցնում է մեր վաղվա ազատությունը: Առավել շատ մենք դժգոհ ենք ուրիշներից, երբ դժգոհ ենք ինքներս մեզնից: Մեղքի գիտակցումը մեզ դարձնում է անհանդուրժող: Եբվ մոլորությունն այնքան ավելի վտանգավոր է, որքան մեծ է նրա մեջ ճշմարտության բաժինը:
Բայց ժամանակը մեծագույն խաբկանք է: Այն սոսկ մի ներքին պրիզմա է, որի միջով մենք բեկում ենք կեցությունն ու կյանքը, կերպար, որի ներքո մենք հետզհետե տեսնում ենք այն, ինչը ժամանակից դուրս է, գաղափարների մեջ: Մեր գիտակցության կենտրոնը անգիտակցական է, ճիշտ այնպես, ինչպես արեգակի միջուկն է մութ: Անհայտությունը հույսի ապաստարանն է: Հավատը արժանահավատությունն է՝ առանց ապացույցների: Րոպեները դանդաղ են, իսկ տարիներն՝ արագընթաց: Հազար քայլ առաջ, ինը հարյուր իննսունութ քայլ ետ՝ ահա թե ինչ բան է առաջընթացը: Յուրաքանչյուր կյանք արարում է իր ճակատագիրը: Իսկ ճակատագիրը կործանում է մեզ երկակի ձևով՝ մերժելով մեր ցանկությունները և ի կատար ածելով դրանք: Կարողանալ ծերանալ՝ իմաստնության բարձրակետն է և դժվարագույն կողմերից մեկը կյանքի մեծագույն արվեստում: Հերոսությունը հոգու հաղթանակն է մարմնի նկատմամբ: Հեշտությամբ անել այն, ինչն ուրիշների համար դժվար է, դա տաղանդ է: Անել այն, ինչ տաղանդի համար անհնար է, դա հանճարեղ է:

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

25 Օգս

Իրագործումը ցանկության թշնամին է: Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք: Կյանքն ավելի շուտ դժբախտություն է, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի ձգվում, գթասրտություն է: Իսկ եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Երբեմն լինում է հլու ու մեղմ՝ ամեն ինչ հանձնած ինքնահոսի, թույլ տալով հպատակներին հավատ ընծայել սեփական ուժերին: Բայց ավելի հաճախ աղմկում է, դիմացկունություն ստուգում, անդադար նետում մի փորձությունը մյուսի ետևից: Անխղճաբար շպրտում է իրադարձությունների հորձանուտը, իր հայեցողությամբ խառնում է մարդկային հոգիների խաղաթղթերը, ճակատ ճակատի է բերում ոմանց, մյուսների միությունն է խորտակում… Երբեմն այդ չարամիտին հարկավոր է լինում, որպեսզի որոնողների ճանապարհները չհատվեն: Այդ պատճառով չէ՞, որ յուրաքանչյուրին վիճակված է շատ ավելի կարևոր դեր, քան միմյանց որոնելը: Ճակատագիրն առույգ նժույգ է: Երբեք չես իմանա, թե երբ կցուցադրի իր բարքն ու ցայտեր կցփնի: Ոմանք նախընտրում է նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին…

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ

23 Մրտ

Մարդիկ պնդում են, թե երկիրը կլոր է: Թույլ տվեք չհամաձայնել, ինչպես չեմ կարող հավատալ, թե դեռ կան մարդիկ, որոնք ինչ-որ բան են պնդում: Իսկ ընդհանրապես նրանք այդպես են վարվում երկու պատճառով` ա) ձանձրույթից և բ) որովհետև պետք է այդպես վարվել: Խիստ հազվադեպ, սակայն պատահում է նաև երրորդ տարբերակը: Դա այն դեպքում է, երբ նրանք վիրավորված են: Ի դեպ, երկրագունդը սրա հետ որևէ առնչություն չունի: Նույն հաջողությամբ նրանք կարող են իրենց երևակայել, ասենք, ազատ քաղաքացիներ և այդ ցնորամտությունը ներշնչել ուրիշներին: Դա, իհարկե, անցողիկ է, բայց ոչ անվտանգ, հատկապես երբ, ասենք, համակում է հազարավորներին: Նման նախադեպերից խուսափելու համար էլ ստեղծվել են պետությունները: Իսկ նրանք, ովքեր կառավարում են պետությունները, մեր ախտավոր երևակայության սանիտարներն են:

* * *
Պետությունն ավելի լավ է կոչել Հայրենիք: Երբեմն նաև ուրիշի պետությունը կարելի է հայրենիք կոչել, թեև նույն իրավունքը վերապահվում է նաև նրանց: Իսկ ընդհանրապես Հայրենիքը շատ ավելի նախընտրելի է, քանի որ այդ բառն արտաբերելիս մի պահ մոռանում ես, որ Հայրենիքի ներսում կա պետություն: Սերն առ Հայրենիք կարևոր է այնքանով, որքանով նրա հետ այլ կերպ վարվելը չի խրախուսվում: Սերը պետք է լինի անմնացորդ և, որ կարևոր է, անսպառ: Այլապես ինչպե՞ս դրանից բաժին հանես բոլորին անխտիր` հայրենի իշխանությանը, հայրենի ընդդիմությանը, հայրենի լեռներին, հայրենի ձորերին, հայրենի քաղաքներին, գյուղերին, ավաններին ու վարչատարածքային բաժանումներին: Պետք է պատրաստ լինել Հայրենիքի համար մեռնելու: Կարևոր չէ, թե որտեղ, ինչի համար, ում կողմից: Միայն մեռիր, և մարդիկ, որոնք կոչված են դրա համար, ամեն բան իր տեղը կգցեն: Սա սրբազան պարտք է: Իսկ այն, ինչ սրբազան է, վիճարկելի չէ:

* * *
Անհրաժեշտ է ապրել սեփական ժողովրդի ճակատագրով նույնիսկ այն դեպքում, երբ այն էականորեն տարբերվում է քո ճակատագրից: Խուճապի մատնվել պետք չէ: Տեսեք, թե մեր շուրջը քանի-քանիսն են ապրում այդպես ու, ի դեպ, վատ չեն ապրում: Սա իհարկե չի նշանակում, թե ձեզ համար ևս երաշխավորվում է բարեկեցիկ ապրելակերպ: Բայց հո չի՞ կարելի դավաճանել ավանդույթները: Այսօր ավանդույթները կդավաճանես, վաղը` հայրենիքդ, մյուս օրը, աստված մի արասցե, սեփական կնոջդ (վերջինն, անկասկած, չեն ների): Իսկ այդպիսի մտքերը հեռու վանելու համար խորհուրդ է տրվում մտածել ապագայի մասին: Հավանաբար չեմ վշտացնի, եթե ասեմ, որ նա, ով հավատում է պայծառ գալիքին, իրեն ուղեկից է ընտրում հուսալքությունը: Սակայն հարկ չկա սույն փաստը այդքան սրտին մոտ ընդունել, քանզի նույն բախտին վաղուց արժանացել են բոլոր նրանք, ովքեր հավատացել են նույնքան պայծառ ներկային: Ի վերջո, ներկան նույն ապագան է, միայն թե` մեզ ավելի մոտ: Իսկ մերձեցումը, ինչպես գիտեք, ոչ միշտ է խրախուսվում: Այնպես որ ապագան թերևս ավելի նախընտրելի է, ինչպես հեռու բարեկամը: Հեռու բարեկամներին սիրելը իմ թուլությունն է: Նրանցից շատերին ես անձամբ չեմ էլ ճանաչում, սակայն այդ հանգամանքը միայն ու միայն ավելի է խորացնում իմ սերը նրանց նկատմամբ, ինչը չեմ կարող ասել մոտիկ բարեկամների մասին: Ճիշտ է, ընդունված է ասել, որ դժբախտության պահերին նրանք են իմ միակ նեցուկը, բայց, ի սեր Աստծո, մի՞թե իմ կյանքը համատարած դժբախտություն է…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

9 Մրտ

Մի գյուղացի ուզում է իր կովը մորթել, բայց դե ձեռքը չի գնում: Ստիպված վեր է կենում, կանգնում է փողոցում, որ հարմար մեկին գտնի, կանչի, իր մորթն անի: Կանգնում է: Մեկ էլ տեսնում է` վռազ-վռազ մեկը գալիս է: Մոտենում է, թե` ախպեր ջան, կով ունեմ, ուզում եմ մորթել, բայց սիրտս չի տանում, չե՞ս օգնի: Էս անցորդն էլ թե` այ բարեկամ, բա ափսոս չի՞ խեղճ կենդանին, որ մորթում ես: Վաղը-մյուս օրը կաթ կտա, կաթից մածուն կքամես, պանիր ու կարագ կառնես, իսկ մորթելը միշտ էլ կա: Արի մտքիցդ հանի…
Ասում է ու գնում:
Գյուղացին մի քիչ էլ է կանգնում: Մեկ ուրիշն է գալիս: Մոտ է գնում, թե` ախպերս, չե՞ս օգնի կովս մորթենք: Սա էլ նախորդի պես վրա է տալիս, թե ո՞նց կարելի է էդ անմեղ անասունի լույսը խավարեցնել, աշխարհը` լեն ու բոլ մի դաշտ, մի տեղ կապիր, թող խոտն արածի, իր բարիքը տա, համ դու կլիանաս, համ էլ ինքը կապրի:
Ասում ու շարունակում է ճամփան:
Խեղճ գյուղացին էլի մի քանիսին է խնդրում ու նույն երգն է լսում: Վերջը, իրիկվան մոտիկ, տեսնում է` դիմացից մեկը գալիս է: Հույսը կտրած մոտենում է, թե ախպեր ջան…
Էս անցորդը հենց մորթելու անուն է լսում, դանակն առնում, ներս է մտնում, որ կովին գետնովը տա, հանկարծ գյուղացին վրա է ընկնում, թե` այ անաստված, էս ի՞նչ ես անում, բա իմ կարագը, կաթն ու պանիրը…
Շվարած մարդը նայում է սրան, նայում է կովին ու տարակուսած թողնում-գնում է:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կենդանիներն էլ իրենց ճակատագրի շրջադարձերն ունեն:

Հովիկ Չարխչյան

ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ

16 Հկտ

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: