Tag Archives: ՂԱՐԱԲԱՂ

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

22 Հնվ

ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԵՍ ԼՍԵՑԻ ԻՄ ԱԶԳԻ ՃԻՉԸ

Երբ ողջ ազգն է ճչում, դա ողբ չէ, խնդրանք ու աղերսանք չէ:
Դա նախ և առաջ պահանջ է:
Պահանջ է հինավուրց մի ժողովրդի, որ դարերի ընթացքում բազմիցս ու անդադար կողոպտվել է:
Կողոպտվել է իր մերձակա բոլոր հարևաններից, հարավից ու հյուսիսից, արևելքից ու արևմուտքից:
Կողոպտվել է իր թշնամիներից ու նաև՝ իր բարեկամներից, իր փոքր ու մեծ եղբայրներից:
Կողոպտել են մեր մագաղաթյա ու քարե հուշարձանները, մեր լեռներն ու արոտավարերը, մեր Արարատներն ու Վանա լիճը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր անցյալը, մեր երեկը և նաև՝ այսօրն ու վաղը:
Հայաստանի տարածքը արդեն վաղուց դարձել է տարբեր պետությունների բազմատեսակ դաշինքների առուծախի առարկա: Մեր հողերը շռայլորեն բաշխել են իրար՝ համբերություն ու խաղաղասիրություն քարոզելով մեզ: Եվ մենք հաշտվել ենք, հաշվել ենք՝ վիրավորված, խեղդված կոկորդներով ու բռունցքներս սեղմած, բայց միշտ հույսի հավատով ու հավատով աստծո:
Վայ թե աստված էլ է մեզ խաբել:
Եվ հիմա ցուրտ ու տաքի այս փետրվարյան օրերին հայությունն անսպասելիորեն միավորվեց, ձուլվեց ու ճչաց:
Մինչև հիմա մենք գիտեինք, որ մեր ազգը զարմանալիորեն գիտե և կորողանում է միայն անջատվել, մասնատվել: Հիմա մենք իմացանք, որ մենք հրաշալիորեն գիտենք և միավորվել: Միավորվել համընդհանուր մի գաղափարի շուրջ: Լեռնային Ղարաբաղ:
20-ական թվականների շփոթ տարիներին, անօրեն, առանց որևէ տրամաբանության հանձնվեց նորաստեղծ ադրբեջանական հանրապետությանը… Նորի՞ց կողոպուտ, նոր ու արդար կյանքի հենց առաջին հևքի հետ:
20-ական թվականների այն շփոթ տարիներին, երբ հայը լոկ իր ֆիզիկականն էր մի կերպ փրկում, երբ նոր-նոր ստեղծվում էին եղբայրական հանրապետություններ, մենք եղբայրաբար էլ չխորացանք այդ անօրեն փաստի հետևանքների մեջ` համոզված լինելով, որ դա լոկ օրերի ու ամիսների ուժ կարող է ունենալ… Այդպես էին հավաստիացնում մեզ նաև մեծ կոմունիստները՝ Կիրովը, Օրջոնիկիձեն, Նարիման Նարիմանովը… Բայց 20-ական թվականների արհավիրքը եղավ: Ահա Հայրենական մեծ պատերազմը, հետո՝ ետպատերազմյան փորձությունները, և այդպես 70 տարի… Եվ բոլոր այդ տասնամյակների ընթացքում փոքրիկ Հայաստանը ներդրվեց լիուլիորեն՝ զոհասեղանի վրա դնելով նորից ու նորից իր ֆիզիկական ու հոգևոր բոլոր կարողությունները:
Իսկ մեր ինտերնացիոնալ հարևաննների մտքովն էլ չէր անցնում, որ լռելյայան յուրացրել է իր հարևան եղբոր տարածքը:
Եվ մեր կուսակցական ու հոգևոր հայրերը համրացել էին, կուսական անմեղությամբ ամաչում էին բերան բացել այդ հարցի շուրջը, չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ դժվարագույն այդ տարիներին կար, այնուամենայնիվ, ինչ-որ օրենք, ինչ-որ սահմանադրություն:
Բոլոր այդ տարիներին Ղարաբաղը, ղարաբաղցին ապրում էին խորթ զավակի կյանքով:
Եվ մի՞թե Խորհրդային Ադրբեջանում վերացել է մեծ լենինյաններ Ազիզբեկովի ու Նարիմանովի շունչը և ոգին, և մինչև օրս իշխում է Բաղիրով- Ալիև շովինիստական տրամադրությունը:
Այնինչ մեզնից բոլորը պահանջում են եղբայրություն ու ինտերնացիոնալիզմ:
Եղբայր, այո, իհարկե, մեծագույն սիրով և ոգևորությամբ, բայց, եղբայր իմ, նախ ձեռքդ հանիր գրպանիցդ: Եղբայրների ձեռքերը դրվում են ուսերի վրա:
Մի՞թե ադրբեջանցի կոմունիստն այսօր միայն ու միայն ադրբեջանցի է և երբեք ու երբեք՝ ոչ կոմունիստ:
Մի՞թե դեմոկրատիայի ու վերակառուցման այս մեծ օրերում անհնար է մեր երկրում իրականացնել մեր իսկ երկրի իմաստուն սահմանադրությունը:
Իմ Ղարաբաղ, իմ եղբայր ու քույրեր, զավակներ ու ծնողներ:
Դուք հավերժորեն անբաժան եք ինձանից, մեզանից:
Պատմական մեծագույն իրադարձությունները մեծագույն քննություն են ազգի համար: Հայությունն այս օրերին պատվով ու ճշմարտությամբ կրեց այդ քննությունը: Բոլորը, բոլորը՝ առանց բացառության:
Մենք հաղթանակեցինք, որովհետև միացած էինք, մենք հաղթանակեցինք, քանզի վերջապես, հենց այս տասը օրերի ընթացքում ճանաչեցինք ինքներս մեզ:

1988 թ., մարտ

Ղարաբաղ. ժանրի ճգնաժամ

17 Հնվ

Քչերն էին հավատում, որ շուրջ 8 ամսվա դիվանագիտական համառ լռությունից և հրապարակային անհաշիվ մեղադրանքներից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այսքան հեշտությամբ իրենց համաձայնությունը կտային վերստին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Բայց փաստը մնում է փաստ, ու թեև առայժմ պաշտոնապես չի հայտարարվել Ռուսաստանի միջնորդությամբ հերթական եռակողմ հանդիպման օրն ու վայրը, սակայն հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ նախագահները կհանդիպեն Սոչիում այս ամսվա ընթացքում:
Թերահավատության մյուս պատճառն այն էր, որ ներկա իրավիճակում այդ կարգի շփումները հազիվ թե կարողանան որևէ էական արդյունքի հասցնել: Ձևավորված փակուղային կացությունը, թարմ մոտեցումների բացակայությունը, հակամարտող կողմերի անզիջում պահվածքը դեռևս տեղաշարժի ոչ մի հույս չեն ներշնչում: Իսկ եթե ասվածին գումարենք նաև այն, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնական միջնորդ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում առաջիկայում սպասվում են ընտրություններ, ապա հասկանալի կդառնա, թե այս պահին կողմերը որքան են հեռու կտրուկ քայլեր կատարելու մտադրություններից: Մնում է ենթադրել, որ երկարատև դադարից հետո կայանալիք բանակցությունները կարող են հետապնդել մեկ հիմնական նպատակ՝ թույլ չտալ իրավիճակի սրացում և կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ ապահովել բարենպաստ մթնոլորտ:
Սակայն սխալ կլինի ասել, թե նպաստավոր մթնոլորտը անհրաժեշտ է բացառապես ընտրությունների համար: Կազանի հանդիպման ձախողումից ի վեր ձևավորված անորոշությունը սպառնում է ոչ միայն ողջ գործընթացը մղելու դեպի անցանկալի լճացում, այլև կորցնելու այն նվազագույնը, որը հաջողվել էր ձեռք բերել այդ ընթացքում: Այլևս գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ղարաբաղյան թեման շատ դեպքերում դառնում է ոչ միայն երկրորդական, այլև ընդհանրապես դուրս է մղվում քաղաքական օրակարգից: Եվ երբ նույնիսկ Իմոն Գիլմորը Վինեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջև ունեցած ելությում ներկայացնում էր կազմակերպությունում իր երկրի նախագահության սահմանած առաջնահերթությունները՝ դրանց թվում հիշատակելով Ղարաբաղի հարցը, վերստին հասկանալի է դառնում, որ հրապարակային ելույթների տողատակերում արդեն ձևավորված ու կարծրացած այն մտայնությունն է, որ գոնե այս պահին ու մոտակա ժամանակներս արևմտյան պետություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին ձեռնտու է ղարաբաղյան հակամարտությունը պահել սառեցված վիճակում: Տվյալ կացության հիմնական արդարացումն այն է, որ սառեցումը դեռևս վախճանը չէ, իսկ ինչ վերաբերում է իմիտացիոն նկարագիր ունեցող հանդիպումների, քննարկումների, վերլուծությունների ու հայտարարությունների կիրառմանը, ապա սրանք կոչված են ապահովել հոգեբանական այն դաշտը, որի առկայությունը հակամարտող թևերին հեռու կպահի ծայրահեղ գործողություններից:
Հատկանշական է այն փաստը, որ բոլոր պարագաներում քաղաքական վերլուծաբանները առանձնակի նշանակություն են տալիս Ռուսաստանի մասնակցությանն ու շահագրգռությանն այս հարցում: Դրա հետ մեկտեղ նրանք հարկ են համարում հիշեցնել, որ կարիք չկա գերագնահատել պաշտոնական Մոսկվայի հնարավորությունները հատկապես այն պայմաններում, երբ ռուսներին անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս իմաստով կարելի է պատկերացնել, թե ինչպիսի «անհարմարություն» պիտի պատճառեին նրանց կողմերի մշտական պարտադրանքները՝ վերջնական ընտրություն կատարելու իմաստով: Եվ այն պայմաններում, երբ հանրությունը պատերազմող երկրներից է ակնկալում փոխզիջումային քայլեր ու առավելագույն կամքի դրսևորում, մենք ականատեսն ենք մի իրողության, որտեղ միջնորդներն են տարված փոխզիջումային ելքերի որոնումներով:
Ոչ պակաս կարևոր է մի առանձնահատկություն ևս, ինչի մասին դիպուկ մեկնաբանություն է ներկայացրել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: «Ի տարբերություն Վրաստանի` ղարաբաղյան հիմնահարցը Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն ընկալում որպես աշխարհքաղաքական մրցակցության դաշտ: Սա է պատճառը, որ Ռուսաստանը չի ցանկանում ձեռքից բաց թողնել խաղաղ կարգավորման վերահսկողությունը` փորձելով վերջ տալ ռուսական դիվանագիտության կարողությունները կասկածի տակ դնող այս լճացման փուլին»,- ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով այն մասին, թե ինչպես մի քանի ամիս առաջ, երբ Դմիտրի Մեդվեդևն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին իրենց առաջիկա փոխատեղման մասին, թե Երևանում և թե Բաքվում դա ընկալեցին որպես եռակողմ ֆորմատի յուրատեսակ մայրամուտ, մինչդեռ այժմ՝ Սոչիում կայանալիք հանդիպման հեռանկարը գալիս է փաստելու, որ մայրամուտի մասին խոսելու համար դեռևս վաղ է: Ու եթե նույնիսկ նախագահները որևէ նշանակալի առաջընթաց չարձանագրեն (ինչը միանգամայն հնարավոր է), ապա հանդիպում նախաձեռնելու փաստն ինքնին վկայությունն է այն բանի, որ Մոսկվան չի կորցրել ղարաբաղյան կարգավորման հանդեպ իր հետաքրքրությունը և շարունակում է պահպանել հիմնական դերակատարը լինելու առավելությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսաստանը թայմ-աու՞թ է վերցնում

6 Հկտ

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Ասվում էր, որ Մեդվեդևն այդ գնահատանքին արժանանում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս ամենը և հասկանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի՝ պահի ընտրության իմաստով: Նման պարգևատրումն ավելի շատ հիշեցրեց մի իրավիճակ, երբ որևէ մեկին վաստակած հանգստի ուղարկելուց առաջ մեծարում են նրան և իբրև ջանքերի փոխհատուցում կրծքանշան փակցնում պիջակի ձախ գրպանին: Իսկ գուցե ամեն ինչ հենց այդպես էլ կա՞: Ըստ էության այն պահից ի վեր, երբ հայտարարվեց Ռուսաստանի հաջորդ նախագահի թեկնածուի անունը, Մոսկվայի հայաստանյան քաղաքականության մեջ վրա հասավ մեդվեդևյան փուլի ավարտը՝ իր տեղը զիջելով հարկադիր մի դադարի, որից խուսափելն անհնար է: Այդ վերջնագիծն ու թայմ-աութը երկու բացատրություն ունեն: Առաջինը պայմանավորված է Ռուսաստանում նախընտրական շրջանի մեկնարկով, իսկ երկրորդն այն հանգամանքով, որ թեպետ Մեդվեդևն իսկապես ցանկանում էր ամեն գնով մոտեցնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, սակայն արդյունքը ստացվեց սպասվածի ճիշտ հակառակը: Արհեստական արագացումը ոչ միայն շփման գծում իրավիճակի լարվածություն բերեց, այլև կողմերը կոշտացրին իրենց դիրքորոշումները: Իսկ այստեղ միայն համառությամբ կամ ազնիվ մղումներով առաջ շարժվել չէր ստացվի:
Ասվածի տրամաբանական ելքը օրերս հաստատվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությամբ: Համաձայն այդ աղբյուրի, մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով ոչ նախագահների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ: Որպես մխիթարանք, Լուկաշևիչը նաև հավելեց, թե ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են վարում, սակայն վերջին միտքը կարելի է ընկալել իբրև գործընթացի ցանկալի ծրագիր և ոչ ավելին:
Անուղղակի կերպով ռուսական անհաջողության մասին այսօր թափանցիկ ակնարկներ են հնչում նաև ԵԱՀԿ-ից՝ կանխորոշելով առաջիկա դադարը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը թեև կարևորել է հակամարտող կողմերի միջև փոխզիջման հասնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը, սակայն ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի ու Երևանի դիրքորոշումներից: «Ձիուն կարելի է ջրելատեղ տանել, սակայն չի կարելի նրան ստիպել խմել»,- պատկերավոր համեմատությամբ իր միտքն ամփոփել է Զանիերը:
Մինչդեռ ծարավը հագեցնելու ցանկությունը սոսկ ջրին մոտ լինելով չի սահմանափակվում: Քաղաքական աշխարհի ազդեցիկ դեմքերը հրաշալի հասկանում են, որ բացի ռուսական դադարից մոտ ժամանակներս սպասվում են նաև ընտրական գործընթացներ Հայաստանում և Ադրբեջանում: Այս պայմաններում ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն դիմի կտրուկ քայլերի: Այդ պատճառով էլ հավանաբար իրավացի են նրանք, ովքեր կանխատեսում են, որ ԼՂ խնդրում մինչև 2012 թ. կեսերը որևէ տեղաշարժ չի արձանագրվի: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, և դարձյալ միայն Ռուսաստանն էր, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում քիչ թե շատ ակտիվություն էր դրսևորում:
Գալով այն հարցին, թե Ռուսաստանում ընթացող փոփոխությունները ինչ չափով կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, առայժմ չեն գտել իրենց համերաշխ ու միանշանակ պատասխանը: Ոմանք հակված են կարծելու, որ Պուտինի հնարավոր ընտրությունը նախագահի պաշտոնում էական խմբագրումներ չի բերի ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության մեջ, և նա կշարունակի Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի որդեգրած նախկին գիծը: Պուտինին գնահատելով իբրև առավել պրագմատիկ գործիչ, վերլուծաբանները միևնույն ժամանակ կարծում են, որ Մոսկվան տվյալ փուլում շահագրգռված չէ խախտել կովկասյան երկու պետություններում հաստատված ստատուս-քվոն: Դրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, թե հաճախ գերագնահատվում է ռուսական ազդեցության չափը: Ինչպես նկատում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, «Կրեմլը բազմաթիվ լծակներ ունի Երևանի ու Բաքվի վրա ազդելու համար, սակայն ցանկացած լծակ երկկողմանի սուր գործիք է, որն օգտագործելիս պատասխան արդյունք ես ստանալու»:
Ահա հենց այդ դադարային իրավիճակի պայմաններում էլ հրապարակ նետվեց այն վարկածը, համաձայն որի ժամանակավորապես նահանջող Ռուսաստանին կարող է փոխարինելու գալ Ֆրանսիան: Դրանում իր դերը խաղաց նաև Սարկոզիի տարածաշրջանային այցը, որը մեկնարկեց այն պահին, երբ Մոսկվան որոշեց լվանալ ձեռքերը և զբաղվել ներքին խնդիրներով:
Միանգամից ասենք, որ հիշյալ տարբերակն ունի ինչպես հավանական, այնպես էլ անհավանական շերտեր: Նախ չպետք է մոռանալ, որ որքան էլ ռուսական մասնակցությունը հակամարտության կարգավորմանը առանձնահատուկ է, սակայն փաստ է նաև, որ նման արտոնություն նրան կարող էին տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Այս իմաստով հազիվ թե Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում խանդի զգացումներ առաջացնի Ռուսաստանի մոտ, առավել ևս, որ Փարիզը չի կարող ոչ արագ և ոչ էլ նշանակալի հաջողության հասնել այս տարածաշրջանում:
Լավագույն դեպքում ֆրանսիական կողմը կարող է ժամանակավորապես ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպողի գործառույթները։ Բայց այստեղ էլ առաջընթացի սպասելիքները մեծ լինել չեն կարող հենց թեկուզ այն պատճառով, որ Սարկոզին չունի այնպիսի մի թարմ ու ինքնատիպ ծրագիր, ինչը հնարավոր կլիներ դնել բանակցությունների սեղանին: Եվ այսպիսով, մենք դարձյալ հանգում ենք միևնույն մտքին, որ տարածված լուրերը, թե հնարավոր է՝ Ֆրանսիան Ռուսաստանից վերցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի դերը, կրում են համատեքստային բնույթ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացի ֆոնին: Եթե նույնիսկ ռուսները հեռանում են, ապա ընդամենը կարճ ժամանակով: Այլ բան է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպես կօգտագործեն կարճատև «միայնությունը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լավրովին ճիշտ չեն հասկացել

29 Սպտ

Եթե վերհիշելու լինենք վերջին մեկ տարվա իրադարձությունները (ընդ որում, սա նվազագույն ժամանակահատվածն է, որ կարելի է իբրև օրինակ ընտրել), ապա կտեսնենք, թե Հայաստանը քանի-քանի անգամ ցանկացել է Ռուսաստանից հավաստիացում կորզել այն բանի մասին, որ պատերազմի բռնկման դեպքում կստանա Մոսկվայի աջակցությունը: Սակայն յուրաքանչյուր անգամ ռուսները խուսանավել են կոնկրետ պատասխանից՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով թե մեզ, թե մեր հակառակորդներին: Ինչպես ասում են, այս խնդիրը բաց է մնում: Այդ իսկ պատճառով էլ չափազանց զարմանալի էր, երբ լրատվամիջոցները հաղորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի մասին: Ավելի ճիշտ՝ ելույթի այն հատվածի մասին, որն առնչվում էր Կովկասի իրավիճակին: Ըստ այդ հաղորդումների, նախարարն ասել էր հետևյալը. ««Ցանկացած երկրի կողմից հակաիրավական ուժ կիրառելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Սա, իհարկե, աննախադեպ պարտավորություն էր: Մի դեպքում Ռուսաստանն անուղղակի կերպով հասկացնում է, որ տարածաշրջանը գտնվում է իր հսկողության ներքո, մյուս կողմից զգուշացնում է, թե չի մնա պասսիվ դիտորդի դերում, եթե այնտեղ ինչ-որ բան կատարվի ոչ իր ցանկությամբ կամ արտոնությամբ: Այլ կերպ ասած՝ ստոատուս-քվոյի խախտմանը պիտի հաջորդի «խաղաղության պարտադրումը»:
Լավրովի ելույթից անմիջապես հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ մերձակա երկրներում շատերը այդ մտքերը վերագրեցին հայ-ադրբեջանական հակամարտությանը: Եվ դա բնական էր: Հաշվի առնելով Մոսկվայի ներգրավվածության աստիճանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, նրա ռազմական համագործակցության աստիճանը Հայաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցության լծակները, միանգամայն տրամաբանական պիտի դիտվեր տարածաշրջանային լարվածության գլխավոր օջախ համարել հատկապես Ղարաբաղը, իսկ ռուսական վերաբերմունքը՝ ասվածի հետևանք:
Ճիշտ այդպես էին մտածում նաև Ադրբեջանում: Եվ ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ Բաքվում լրագրողներն անմիջապես վազ տվեցին այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մոտ՝ լսելու վերջինիս մեկնաբանություններն ու արձագանքը, ինչր, ըստ ադրբեջանցիների, պետք է որ հնչեր հակազդեցության երանգներով: Սակայն Բրայզան հիասթափեցրեց բոլորին: Միացյալ Նահանգների դեսպանը նրանց ասաց, թե ինքը չի լսել Լավրովի այդ հայտարարությունը, դրա համար էլ չի կարող մեկնաբանել այն։
Փոքր-ինչ դժվար է հավատալ այս խոսքերի անկեղծությանը: Դժվար է հավատալ, թե ԱՄՆ դեսպանը կարող էր նման անտարբերություն հանդես բերել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այն հայտարարության նկատմամբ, որ վերաբերում էր Բրայզայի հետաքրքրության կիզակետում գտնվող տարածաշրջանին: Շատ ավելի իրատեսական պիտի լինի կարծել, որ դեսպանը դեռևս ձեռքի տակ չուներ սեփական երկրի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը, և պատասխանից խուսանավելու ամենահարմար տարբերակը անտեղյալ ձևանալն էր: Դրա փոխարեն ամերիկացին նկատեց, որ ներկայումս ոչ ոք չի խոսում ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման մասին, քանի որ խնդրի լուծման այդ տարբերակն անհնար է։ «Ներկայումս, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, ես որևէ հայտարարություն չեմ լսել ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման մասին, և տվյալ փաստը բանակցային գործընթացի դրական զարգացում է։ Գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն է»,- ասել էր նա:
Այս պարագայում Բրայզայի զգուշավորությունը միայն խրախուսանքի է արժանի, քանի որ հակառակ դեպքում նա պարզապես կհայտնվեր զավեշտալի իրավիճակում, ինչպես որ հայտնվեցին շատերը: Ցանկալին իրականության տեղ ընդունելու մղումը մարդկանց հեռացրել է ճշմարտությունից այն չափով, որ վերջիններս պատրաստ չեն Լավրովի խոսքերն ընկալել ամբողջական կոնտեքստում: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարի ելույթի այդ աղմկահարույց հատվածը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղին, այլ ռուս-վրացական խնդիրներին: Լավրովը բառացիորեն հետևյալն էր ասել. «Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ»: Եվ միայն սրանից հետո հաջորդում էին նրա մտքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեռնարկելիք քայլերի մասին: Ընդ որում, Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը կողջուներ նույնպիսի պարտականությունների ստանձնումը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: «Որպես երաշխավորներ` մենք պատրաստ կլինենք տարածաշրջանում բռնության վերսկսումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, իսկ որևէ մեկի կողմից ուժի հակաիրավական կիրառման դեպքում` հասնել իրադրության շուտափույթ կարգավորմանը միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա»,- ընդգծել էր նա: Ասվածը հաստատում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ գրված է, թե Լավրովը նշել էր, որ պետք է թույլ չտալ Կովկասում ուժային սցենարի կրկնությունը, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին՝ Թբիլիսիի կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով։
Երբ նրա ելույթը դիտարկում ենք այս տեսանկյունից, ամեն բան անմիջապես իր տեղն է ընկնում: Այլևս չկան ոչ անակնկալներ, ոչ սենսացիոն շրջադարձեր: Ու՞մ համար է գաղտնիք, որ հանուն Աբխազիայի ու Օսիայի Մոսկվան կգնա մինչև վերջ: Ասվածի ամենաթարմ ապացույցն էլ եղավ այն, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքում ռուսական ռազմակայանների ստեղծման մասին այդ հանրապետությունների հետ կնքված համաձայնագրերը: Խոսքը նշված տարածքներում 49 տարվա ընթացքում ռուսաստանցի զինվորականների մշտական ներկայության մասին է՝ համաձայնագրերի հետագա հնարավոր երկարաձգմամբ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա ՄԱԿ-ի ամբիոնից Լավրովն այդ մասին նույնպես խոսեց: Նա կոչ արեց հակամարտության կողմերին` օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի միջնորդական գործունեության շնորհիվ: Նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ Ռուսաստանն առաջադրելու է հրադադարի ռեժիմի ամրապնդման ու վստահության հաստատման միջոցառումներ: «Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի ջանքերի ու միջնորդության արդյունքում: Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մեր գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաջ մղել հակամարտության կարգավորումը»,- ընդգծեց Ս. Լավրովը: Իսկ սա արդեն լիովին համապատասխանում է գործընթացի տրամաբանական ընթացքին և ոչ մի խոսք այլևս անբնական չի հնչում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեդվեդևի նամակից մեկ ամիս անց

9 Օգս

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիի իր նստավայր է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տարակարծություններից զերծ պահելու համար Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ այսքանը միանգամայն բավարար է թե հարցադրումների, թե ենթադրությունների և թե հետևությունների համար:
Կազանի ձախողումից հետո երկու նախագահների առաջին հանդիպումը` առանց երրորդ կողմի ինքնին հատկանշական է: Իսկ եթե վերհիշենք նաև, որ Մեդվեդևի հայտնի նամակը` Ղարաբաղի խնդրի մասին, հակամարտող կողմերին հանձնվեց ճիշտ մեկ ամիս առաջ, ապա պետք է կարծել, որ Ռուսաստանը մեկամսյա ժամանակահատված էր տրամադրել քննարկումների նոր փուլ սկսելու համար, իսկ այժմ անցնում է դրա իրագործմանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն այս պահին տրամաբանական է: Նախ` սա եռակողմ բանակցություն չէ, և բացի այդ, օգոստոսի 12-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախանշված է ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այս առիթով արդեն հայտարարվել է, որ դրա շրջանակներում սպասվում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը: Կնշանակի` հենց դա էլ լինելու է հաջորդ քայլը: Իսկ այս երկու հանդիպումների հաջող ավարտի դեպքում կասկած չի մնա, որ ամենաուշը սեպտեմբերին միանգամայն հնարավոր է նոր եռակողմ: Եվ այդ ժամանակ էլ սեղանին կարող է հայտնվել այսպես կոչված մոդիֆիկացված «ճանապարհային քարտեզը», որի ստորագրման պարագայում միայն կարելի է խոսել առաջընթաց քայլի մասին:
Պետք է նաև նկատել, որ առաջին հերթին Ալիևին Սոչի հրավիրելու փաստը պատահական չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամիսուկես առաջ միջնորդների ջանքերը ջուրը նետվեցին հենց նրա «շնորհիվ», և նույնիսկ կարծիք կար, թե Բաքվի այդ քայլից հետո բանակցությունները մեկընդմիշտ կարելի էր ավարտված համարել: Սակայն, որքան էլ դա զարմանալի էր, առաջինն իր մեղքը խոստովանեց Ադրբեջանը` ոչ միայն մեղմացնելով հռետորաբանության տոնայնությունը, այլև ավելի հաճախ շեշտելով, թե իրենք հակված են խաղաղ ուղիներով հասնել խնդրի կարգավորմանը: Այս իմաստով Հայաստանն առավելություն ուներ, քանի որ վերջինիս տեսակետը եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի էր միջազգային հանրության համար, մի բան, որը ոչ մի կերպ չի կարելի ասել պաշտոնական Բաքվի մասին: Ու հիմա Սոչիում ակնկալվում է ծանր ու դժվարին մի խոսակցություն, քանի որ Մեդվեդևից պիտի պահանջվի պատասխան կորզելու հետ մեկտեղ Ալիևին ստիպել, որ նրա պատասխանը լինի նույնքան միանշանակ ու անփոփոխ: Միայն այդ պարագայում է հնարավոր հաստատապես պնդել, թե Ադրբեջանին վերադարձրել են կառուցողական դաշտ:
Ինչ վերաբերում է Մեդվեդևի նամակ-առաջարկությունների բովանդակությանը, որի մասին առայսօր ոչ ոք դեռ ոչինչ չգիտի, ապա այստեղ էլ հարցականները քիչ չեն: Նախ չկա լիարժեք համոզվածություն, որ դրանք բխում են մեր շահերից: Բացի այդ, թեև Հայաստանը իր պատասխանն արդեն տվել է, սակայն վերստին անհայտ է մնում պատասխանի էությունը` համաձայնությու՞ն, թե՞ մերժում: Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի ղեկավարն առիթ ունեցավ մի քանի անգամ անդրադառնալու Ղարաբաղի հարցին, և նրա մտքերը թույլ են տալիս քիչ թե շատ ընդհանուր պատկերացում կազմել հնարավոր դիրքորոշումների մասին: Ըստ Մեդվեդևի, իր մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են իրենց պատմական մաքսիմումին, իսկ այդ հանդիպումների ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Նա պնդել է, որ բանակցությունները շարունակվելու են, և հանդիպումների հաճախականությունը` թե նախարարների, թե նախագահների մակարդակներով, չպետք է նվազի: Նա չի թաքցրել, որ Ռուսաստանն, անշուշտ, իր հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում և հետևողականությունն առաջին հերթին պայմանավորված է հենց այդ փաստով: Միևնույն ժամանակ նկատենք, որ ռուսական պահանջների ամենաբացահայտ արտահայտությունը դարձավ Մեդվեդևի հարցազրույցը ռուս-վրացական պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, որտեղ նա ասաց, թե «5 օր պատերազմելու փոխարեն ավելի լավ է անվերջ բանակցել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին, երբևէ կանցկացվի՞ այնտեղ հանրաքվե կամ ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության համաձայնագիրը»։ Շատերն այս խոսքերի մեջ հանիրավի շրջանցեցին «անվերջ բանակցելու» հեռանկարը, մինչդեռ այն, ինչ կատարվում է արդեն մի քանի տարի, այլ բան չէ, քան Մեդվեդևի մտքերի իրագործումը գործնականորեն:
Նկատենք նաև, որ Ալիև-Մեդվեդև հանդիպումից մեկ օր առաջ ռուսական մամուլում հայտնվեց անանուն աղբյուրներից քաղված այն տեղեկությունը, թե իբր Կազանի հանդիպումը ձախողվել էր, քանի որ «հայ և ռուս դիվանագետները գերագնահատեցին քաղաքական զիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն, և Մեդվեդևը ստիպված եղավ հրատապ կերպով ուղղել իր ենթակաների սխալները»։ Այդպես է դա, թե ոչ, դժվար է ասել: Բայց որ Մեդվեդևի նամակին առաջինը պատասխանեց հենց Բաքուն, իսկ այնուհետև լուրեր շրջանառվեցին, թե ադրբեջանցիները համաձայնել են ռուսական կողմի ներկայացրած դրույթներին, սա ակնհայտ է: Հիշյալ փաստը թերևս ունենա մեկ բացատրություն: Ալիևը գիտակցում է, որ անվերջ չի կարելի «ոչ» ասել: Դա անպայման հակազդեցություն կբերի: Այդ իսկ պատճառով էլ խիստ հարմար է այժմ տալ դրական պատասխան, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, վերանայել տեսակետը` գտնելով քիչ թե շատ ընդունելի պատճառաբանություն:
Սրա հետ մեկտեղ չշրջանցենք այն կարևոր փաստը, որ այժմ բանակցությունների վերսկսման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան երաշխիքներ չի ստացել, որ հակամարտող երկու կողմերն էլ պատրաստ են ստորագրել իրենց ներկայացված փաստաթուղթը: Հազիվ թե Մեդվեդևը նույն սխալը կատարի երկրորդ անգամ` դառնալով Արևմուտքի հեգնանքի առարկան կամ ցուցադրելով իր լիակատար անկարողությունը` գործադրելու առկա լծակները: Առանց այդ էլ նա տեսնում ու հասկանում է միջնորդության մյուս թևերի` ԱՄՆ ու Ֆրանսիայի մտադրությունները` վերանայել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները մեր տարածաշրջանում: Իսկ սա այլ բան չի ենթադրում, քան Ռուսաստանի դերի չեզոքացում: Դա ծանր հարված է Մեդվեդևի ինքնասիրությանն ու անձնական հեղինակությանը, ով հանունի «դեմքի պահպանման» ստիպված է լինելու այս անգամ գործել ավելի խիստ: Այդ խստությունն առաջինը այսօր կճաշակի Ալիևը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Խաղարկվում է վերջին խաղաքարտը՞

15 Հնս

Ստեփանակերտում ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդգծել էր, թե առանց բանակցությունների բոլոր փուլերին Ղարաբաղի մասնակցության անհնարին է ակնկալել որևէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում: «Զգալի առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ: Կարծում եմ, ոչ լիարժեք բանակցային ձևափափը չի կարող հանդեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական հանգուցածուծմանը»,- ասել էր նախագահը:
Այս միտքը նորություն չէ: Այն կրկնվում է երկար տարիներ, տարբեր առիթներով, տարբեր մարդկանց և քաղաքական ուժերի կողմից: Սակայն յուրաքանչյուր անգամ, իբրև ընթացիկ կացության արդարացում, հրապարակ էր բերվում այն պատասխանը, թե ԼՂՀ մասնակցության խնդիրը հայկական կողմի կարևորագույն խաղաքարտերից մեկն է և այն կկիրառվի, երբ վրա կհասնի վճռորոշ պահը: Դժվար է ասել, թե որքանով է սա խելամիտ ու ազդեցիկ տարբերակ, սակայն այժմ արդեն կան բոլոր նախանշաններն այն բանի, որ Երևանը պատրաստվում է ամենամոտ ժամանակներս կանաչ լույս վառել այդ մտադրության առաջ:
Օգտագործելով Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսի հնարավորությունը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարկ համարեց արձագանքել ԼՂՀ ղեկավարի պնդումներին: «Նախ և առաջ ասեմ, որ ես լիովին համամիտ եմ նախագահ Բակո Սահակյանի ասածին` անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Իսկ երկրորդ փուլը նախատեսում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը: Այդ բանակցություններին, միանշանակ, Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է տերը իր ճակատագրի»:
Առաջին անգամ պաշտոնական Երևանը ոչ միայն հրապարակավ հնչեցնում է Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության հանգամանքը, այլև հստակ նշում, թե երբ պիտի Ստեփանակերտը նստի բանակցությունների սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի` փուլային բաժանումների մասին մտքերին, ապա բացելով փակագծերը, նա պարզաբանել է, որ խոսքն այն մասին չէ, թե Կազանում հնարավոր հաջողություն արձանագրելու դեպքում դա պիտի բնորոշվի որպես առաջին փուլի ավարտ: «Առաջին փուլը կարելի է համարել ավարտված միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղը նույնպես համաձայնություն տա հիմնարար սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Նալբանդյանը:
Նախարարի այսպիսի նախապայման առաջադրելը պիտի որ տհաճ անակնկալ դառնա նրանց համար, ովքեր Կազանի եռակողմ հանդիպման հետ չափից ավելի մեծ հույսեր են կապում: Ստացվում է, որ այնտեղ ըստ էության Երևանի կարծիքն արժեք չի ունենալու, եթե դրան հավանություն չի տվել Ստեփանակերտը: Իսկ որ Ղարաբաղում հիացած չեն ներկա բանակցությունների ընթացքով, դա փաստ է:
Այսօր հազիվ թե Հայաստանում գտնվի որևէ քաղաքական ուժ, որը կբացառի Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը: Սրա հետ մեկտեղ այդ ներկայությանն է դրդում նաև պարզագույն տրամաբանությունը: Ի վերջո, ինչպե՞ս կարող է Ղարաբաղն իր ստորագրությունը չդնել այնպիսի մի համաձայնագրի տակ, որը վերաբերելու է Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը: Չէ՞ որ այդ տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ: Բայց ահա Հայաստանը պատրաստվում է վավերացնել մի բան, որի համար պատասխանատվություն չի կրում, և դեռ տարիներ շարունակ պնդել է, որ այդ տարածքները անցել են Ղարաբաղի վերահսկողության ներքո այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի դեմ: Համարյա նույն առիթով է իր տարակուսանքը հայտնում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, երբ ասում է, թե բանակցությունների ձևաչափը թերի է, քանի որ Արցախը չի մասնակցում: «Ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ. փաստորեն, մենք, չմասնակցելով այդ գործընթացին, պետք է իրականացնենք պայմանավորվածություններ, որոնց մենք չենք մասնակցել, այսինքն` այլ պետությունների կողմից մշակված տարբերակներ»:
Այս կացության հետևանքների մասին կռահելն այլևս դժվարություն չի ներկայացնում: Միջնորդները առաջարկում են տարբերակ, սակայն դրա մասին կողմերից յուրաքանչյուրն իր վերաբերմունքն ունի:
Այսօր Ադրբեջանը մի կերպ է հասկանում հակամարտության կարգավորումը, Հայաստանը` մեկ այլ կերպ, Իսկ Ղարաբաղն էլ իր հերթին ընկալումների սեփական պաշարն ունի: Հիշեցնք թեկուզ ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի 2008-ի համատեղ հայտարարությունը, ուր նշվել էր, որ նրանք վերապահումներ ունեն Մադրիդյան սկզբունքների նկատմամբ: Այդ վերապահումներն իրենց ուժը չեն կորցրել մինչև օրս: Եվ եթե ինչ-որ մեկը դեռ դժգոհում է գործընթացի ձգձգվածության (եթե չասենք` անվերջանալիության) համար, ապա գուցե հարկ կա հենց այստե՞ղ փնտրել դրա պատճառները:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ բանակցային գործընթացում առաջընթացի համար նախևառաջ անհրաժեշտ է ԼՂՀ որպես ինքուրույն կողմի մասնակցությունը: Ի դեպ, այս մասին ժամանակին արձանագրվել է նաև ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթերում, որն ընդունվեց բուդապեշտյան գագաթաժողովում: Վաղ թե ուշ ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ միջնորդ երկրները հանգելու են այն պարզագույն հետևությանը, որ ԼՂՀ մասնակցության հարցը ոչ թե քմահաճույք է, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն: Իհարկե, Հայաստանն այսօր լավ թե վատ, բայց դեռ շարունակում է միջազգային կառույցներում ներկայացնել Ղարաբաղը: Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը կարող է այս բանն անել մշտապես: Ասենք ավելին, եկել է պահը, երբ Հայաստանն այլև չի ցանկանում լինել կապող օղակ և տեղ է պահանջում նրա համար ոչ թե փոխարինողների նստարանին, այլ խաղացողների հիմնական կազմում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Որքան մոտ, այնքան անորոշ

4 Հնս

Կազանում հունիսի 25-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին այս անգամ խոսել սկսեցին փոքր-ինչ ավելի վաղ, քան սովորաբար ընդունված է նման դեպքերում: Հասկանալի է, որ մինչև բանակցությունները քաղաքական դիտորդները պիտի հաղթահարեին կանխատեսումներ անելու գայթակղությունը, իսկ դա, ինչպես երևում է, այնքան էլ հեշտությամբ չի տրվում նրանց: Ժամանակից առաջ ընկնելու, իրադարձությունների ելքը կռահելու ջիղն ի վերջո ավելի զորեղ գտնվեց, և այժմ մենք ունենք որոշալի մի պատկեր, որը թույլ է տալիս ընդհանուր պատկերացումներ կազմել այն առանցքի մասին, ինչի շուրջ պտույտներ են գործում նրանց դատողությունները:
Ներկա պահին միակ միտքը, որի շուրջ համերաշխ են վերլուծաբանները` այն է, որ երեք նախագահների առաջիկա հանդիպումը կարող է պատերազմական գործողությունները կանխող ենթատեքստ ունենալ: Այս հիմնական նպատակին գումարվում է այն փաստը, որ միջնորդ կողմը` Ռուսաստանը, սպասվածից ավելի մեջ ջանքեր ու հետևողականություն է հանդես բերում ինչպես բանակցությունների բովանդակային, այնպես էլ կազմակերպչական հարցերում: Գործընթացին ակտիվորեն մասնակցում են նաև համանախագահները, ու նրանց հետևողականության մեջ կարելի է նշմարել որևէ տեղաշարժ գծագրելու շահագրգռվածությունը: Սակայն հավասարապես դա կարելի է պայմանավորել նաև արտաքին ներգործությամբ, որի բացահայտ ազդակները, խստացած հետևողականությունը այժմ հրում են մի նպատակի` ամեն գնով մոտեցնել համաձայնություն ձեռք բերելու ժամը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: «Անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորում, և այդ ուղղությամբ արդյունքներ են ակնկալվում»,- ասել է նա: Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե առաջիկա ամիսներին «հիմնարար սկզբունքների» մասով համաձայնագիր չլինի, միջազգային հանրությունը ստիպված կլինի լրջորեն մտածել բանակցային ձևաչափի և ընտրված ռազմավարության արդյունավետության մասին: Սա նշանակում է, որ այդ համատեքստում իրեն դրսևորելու հնարավորություն պիտի ստանա Եվրամիությունը: Իսկ սա բոլորովին էլ անհնարին տարբերակ չէ, առավել ևս, որ ԵՄ շրջանակներում արդեն իսկ քննարկվել է, թե արժե՞ արդյոք Ֆրանսիայի համանախագահին ԵՄ ներկայացուցչով փոխարինել:
Դժվար է ասել` դեպքերի ընթացքին հետևողները հակված են տեսնելու՞ ճակատագրական շրջադարձի կետը, թե՞ սա ընդամենը բուռն ցանկություն է, բայց, օրինակ, Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը վստահ է, որ վճռական պահը մոտ է: Վերջինս նաև կարծում է, որ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուրջ ճնշում կգործադրի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վրա, որպեսզի նրանք համաձայնության հանգեն արդեն 5 տարի քննարկվող «հիմնարար սկզբունքների» հարցում: «Եվ այսպես. Կազանի հանդիպման մոտենալուն զուգահեռ, Կովկասում թե խաղաղության, թե պատերազմի հավանականությունը հավասարաչափ աճում է»,- գրում է National Interest պարբերականը: Մեկ այլ, ոչ պակաս հեղինակավոր թերթ` The New York Times-ն իր խմբագրականում պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դանդաղ, բայց հետևողականորեն վտանգավոր զարգացում է ստանում: «Լարումն ուժեղանում է և պատերազմ սկսելու սպառնալիքներն այնքան են միացել բանակցություններին, որ դժվար է պարզել, թե որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը»,-ասված է այդ հոդվածում:
Թվում էր, թե այս տագնապալի ահազանգերն ինչ-որ կերպ պիտի իրենց ազդեցությունը թողնեին Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների, ընդհանուր տրամադրությունների վրա, սակայն, որքան էլ զարմանալի է, երկու կողմերում շարունակվում է պահպանվել նախկին ինքնավստահությունը և ոչ մի քայլ չնահանջելու համառությունը: Սրան գումարվում է նաև սեփական դիրքերի ամրության մասին միայն նպաստավոր համոզմունք ունենալու տարօրինակ լավատեսությունը, ինչը, ցավոք, վարակիչ չի դառնում, կամ գուցե թե լավ է, որ վարակիչ չի դառնում:
Այսպես, Հայաստանի իշխանությունների խորին համոզմամբ, միջազգային հանրությունն` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, ժամանակի ընթացքում ավելի է հակվում հայկական կողմի դիրքորոշմանը, և առաջիկայում ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարելի է ակնկալել իրավիճակի զարգացման երկու տարբերակ` կամ Բաքուն կշարունակի իր ռազմատենչ հռետորաբանությունն ու իրեն ավելի խոցելի կդարձնի միջազգային ասպարեզում, կամ կլսի Մինսկի խմբի համանախագահների կոչերը խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Միանգամից ասենք, որ սա կասկածելի տեսակետ է հենց թեկուզ այն պատճառով, որ հաշվի առնված չէ երրորդ հնարավոր զարգացման սցենարը, և եղածն ավելորդ ինքնավստահության ակնառու օրինակներից մեկն է:
Ընդդիմությանն, ընդհակառակն, կարծում է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունները հայտնվել են շատ բարդ իրավիճակում, երբ պետք է գնալ վճռական քայլերի ներքաղաքական ու սոցիալական ճգնաժամի ֆոնին: Նրանք պնդում են, թե միջազգային հանրությունն այլես մտադիր չէ ժամկետ տալ կողմերին, քանի որ խնդիրը դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության սպառնալիք: Ըստ այդմ, եթե ոչ Կազանում, ապա հաջորդ հանդիպմանը կողմերը փաստաթուղթ կստորագրեն կարգավորման վերաբերյալ, և բացառված չէ, որ այն կարող է ցավոտ լինել երկու կողմի համար էլ:
Համեմատության համար ասենք, որ Ադրբեջանի դիրքորոշումը շատ ավելի կարծր է ու անփոփոխ: Բաքուն շարունակում է երգել հին երգերը`պահանջելով հայկական զինված ուժերի դուրսբերում, փախստականների վերադարձ, Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի հետագա որոշում և նման բաներ: Եվ քանի որ առանձնապես մեծ հույսեր չկան, որ հենց այդպես էլ պիտի լինի, ադրբեջանցիներն այս պահին ցանկանում են մեկ ուրիշ տեղաշարժ, այն է` տարածաշրջանում ստստուս քվոյի փոփոխում: Իսկ սա կողմերից յուրաքանչյուրը հասկանում է յուրովի: Եվ ոչ միայն սա: Ու քանի դեռ նրանք լսում են մի բան, սակայն ամեն մեկն ընկալու է այնպես, ինչպես նպատակահարմար է իրեն, հազիվ թե Կազանում ու Կազանից հետո լինի այն, ինչ ցանկանում են բոլորը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

G8-ը, Ղարաբաղը և հույսը

27 Մյս

Ֆրանսիայի առողջարանային Դովիլ քաղաքում գումարված աշխարհի ութ խոշորագույն երկրների ղեկավարների` «Մեծ ութնյակի» կամ, ինչպես ընդունված է ասել, G8-ի երկօրյա գագաթաժողովը քիչ բանով էր տարբերվում նախորդ հանդիպումներից, որոնք առավել հաճախ աչքի են ընկնել մեծ հավակնություններով, այլ ոչ թե գործնականում դրանք կիրառելու հետևողականությամբ: Նույն պատկերն էր նաև այս անգամ: Քննարկաման գլխավոր թեմաներն էին Մերձավոր Արեելքում առկա իրավիճակը, Հյուսիսային Աֆրիկայի հեղափոխությունները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և նույնիսկ ինտերնետի ապագային առնչվող հարցեր։ Սակայն, այս ամենով հանդերձ, երեկ մինչև ուշ երեկո Հայաստանում և հարևան երկրներում բոլորը Դովիլից սպասում էին այլ լուրերի: Գագաթաժողովի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին հանդես են գալու ԼՂ հակամարտության մասին համատեղ հայտարարությամբ:
Երեքի համատեղ հայտարարությունները լսելու առիթներ եղել էին նաև նախկինում: Այն, որը հրապարակվեց երեկ, Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջիններիս ընդունած երրորդ հայտարարությունն էր։ Նախորդները ընդունվել էին 2009 թվականի հուլիսի 10-ին` Ակվիլիայում և 2010 թվականի հունիսի 26-ին` Մուսկոկայում: Հիշեցնենք, որ կանադական Մուսկոկա քաղաքում հրապարակված տեքստում հակամարտության կողմերին կոչ էր արվել Խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելու համար արագացնել կարգավորման Հիմնարար սկբունքների համաձայնեցման գործընթացը: Բայց, ինչպես տեսնում ենք, անցած մեկ տարին որևէ նոր բան իր հետ չբերեց և չստեղծեց իրական հիմքեր տեղաշարժերի համար: Այնպես որ, երեկվա հայտարարության սպասելիքները որքան էլ մեծ լինեին, այնուհանդերձ կար արդարացված թերահավատությունը: Եվ այս իմաստով չափազանց հատկանշական էր այն, որ երեկ հրապարակված շարադրանքը իր շատ հատվածներում համարյա բառացի կրկնում էր այն, ինչն արդեն եղել էր:
Դովիլյան հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ էր անում քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը։ «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության»,- ասված էր Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի համատեղ հորդորում։ Գերտերությունների առաջնորդները նաև պարտավորություն էին ստանձնում. «Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:
Անմիջապես ասենք, որ արդեն ծանոթ ու հայտնի ձևակերպումների հետ մեկտեղ այս նոր հայտարարությունն առանձնանում է մի շարք էական տարբերություններով, որոնք առաջին հերթին պիտի հայտնվեն ուշադրության կենտրոնում: Դրանց շարքում հատկապես կարելի է կարևորել այն փաստը, որ երեք նախագահները իբրև հակամարտության կարգավորման հիմք դիտարկում են հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել էր այս տարվա մարտի 5-ին՝ Սոչիում: Ավելորդ չէ վերհիշել, թե հիշյալ փաստաթուղթն ինչպես սրերով ընդունվեց Ադրբեջանի կողմից և ինչպիսի ցավալի իրադարձություններ դրան հաջորդեցին սահմանային գոտում: Այժմ, երբ համանախագահող երկրները վերադառնում են այդ նույն պայմաններին, սա կարող է խիստ նախազգուշացում համարվել Բաքվի համար, և այս պարագայում ադրբեջանցիներն իսկապես մտահոգվելու պատճառներ կունենան:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր արձագանքը ոչ մի վայրկյան իրեն սպասեցնել չտվեց: Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո լրատվամիջոցները տարածեցին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի խոսքը: «Այսօր Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում և կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար», — ասված էր արտգործնախարարության պաշտոնական տեսակետում: Միևնույն ժամանակ Երևանը վերահաստատում էր իր հավատարմությունը Սոչիի պայմանավորվածությունների նկատմամբ և հավելում, որ եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Հայաստանում այն կարծիքին են, որ իրենց համար չափազանց ակնհայտ է, թե ում էր հասցեագրված հայտարարության մեջ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը:
Արտգործնախարարի խոսքին հաջորդեց երկրի իշխող կուսակցության` Հանրապետականի դիրքորոշումը: Այստեղ նույնպես ասվում էր, որ Դովիլի պայմանները համահունչ են հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների հետ և բացահայտ նախազգուշացումներ են պարունակում` ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը:
Այս բոլորից հետո դժվար չէ կռահել, որ առաջիկա երկու-երեք շաբաթները կարող են լինել չափազանց թեժ ինչպես քաղաքական հարթության վրա, այնպես էլ շփման գոտում: Հունիսին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից առաջ կողմերից յուրաքանչյուրը կձգտի ամեն գնով ամրապնդել իր դիրքերը, իսկ նրանց պահվածքը վկայությունը կդառնա այն բանի, թե ինչ ուղեբեռով է յուրաքանչյուրը պատրաստվում մեկնել բանակցությունների: Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի երեկվա հայտարարությունն ընդամենը սրեց զգայարանները` սառը դատողության ու շրջահայաց լինելու համար կարճ ժամանակ հատկացնելով Հայաստանին ու Ադրբեջանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ

26 Մյս

Եթե երբևէ լինեք Արարատի մարզի Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սևակի տուն- թանգարանում, ապա այցելուների մատյանում, որտեղ բանաստեղծի հարյուրավոր երկրպագուներ իրենց ջերմ ու անկեղծ տպավորություններն են արձանագրել, կարող եք կարդալ մի գրառում, որն արվել է 1992 թվականի մայիսին` Շուշիի ազատագրումից հաշված օրեր անց: Այնտեղ գրված է. «Արցախի ազատագրագրման պայքարի սկիզբը գալիս է Սևակից: Հավերժ փառք իր գաղափարներին:
Արցախի ազատամարտիկներից,
22-ը մայիսի 1992 թ.»:

Սրանք սոսկ հավուր պատշաճի ասված խոսքեր չեն և ոչ էլ բանաստեղծի անուղղակի դերակատարությունը փաստող խոստովանություն: Որքան էլ մեծ լինի Սևակի գրչի ներգործությունը ազգային գիտակցության ձևավորման գործում, նրա անմիջական մասնակցությունը նույնպես եղել խիստ էական ու հետևողական: Եվ պատմությունն ու վկայությունները գալիս են ապացուցելու նաև այս ճշմարտությունը: Պարզապես տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայն խոսելու կամ գրելու հնարավորությունն է եղել սահմանափակ, և մարդիկ այսօր քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է արել Պարույր Սևակը Ղարաբաղի համար և Ղարաբաղում: Իսկ նմանօրինակ փաստերը բավականին շատ են: Մենք կպատմենք դրանցից ընդամենը մի քանիսը, բայց նույնիսկ այս սեղմ շարադրանքը բավարար է պատկերացում կազմելու բանաստեղծի համարձակ գործունեության մասին:
Քաջ հայտնի է, որ 1966 թվականին մի խումբ հայ մտավորականներ նամակ հղեցին Խորհրդային Միության ղեկավարությանը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու առաջարկով: Ահա այդ պատմական նամակն ամբողջությամբ.

«ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Լ.ԲՐԵԺՆԵՎԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍՆԵՐԻ ԿԵՆՏԿՈՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐ Վ.ԱԽՈՒՆԴՈՎԻՆ ԵՎ Ա.ՔՈՉԻՆՅԱՆԻՆ
Օգոստոս, 1966թ. Երևան
Լեռնային Ղարաբաղի ազգակիցներին Հայկական ԽՍՀ կազմում մեզ հետ ուս ուսի մեր միալեզու ազգային մշակույթը, գիտությունն ու տնտեսական կյանքը զարգացնել տեսնելու հայ ժողովրդի նվիրական, խոր ու անկեղծ երազանքը լիովին համընկնում է լենինյան մեծ սկզբունքների հետ։
Ղարաբաղը Հայաստան է տարածքով և ազգային կազմով, Հայաստան է կենսաձևով, հոգևոր կերտվածքով և կենցաղով։ Ղարաբաղի պատմությունը Հայաստանի պատմությունն է. հայկական է Ղարաբաղի լեզուն, արվեստը և գրականությունը։ Եվ քանի որ գոյություն ունի Հայկական ԽՍՀ, նպատակահարմար չէ նրա անբաժանելի մասը արհեստականորեն կտրել Խորհրդային Հայաստանից։
Հավատում ենք, որ դուք կդառնաք այս հարցի լուծման նախաձեռնողները։
Մենք համոզված ենք, որ այս հարցի լուծումը էլ ավելի կամրապնդի մեր ժողովուրդների համագործակցությունը, իսկ սահմանների անհրաժեշտ ճշտումը մեկ անգամ ևս կապացուցի մեր ժողովուրդների եղբայրությունը և կապիտալիստական աշխարհին ցույց կտա, որ սոցիալիզմի երկնակամարի տակ իշխում է փոխըմբռնման ոգին, որ ազգամիջյան բոլոր հարցերը վճռում են կոմունիստական բարձր գիտակցականությամբ։ Մենք երկյուղածությամբ ենք փայփայում մեր լինելիության հիմքերի հիմքը՝ մեր բարեկամությունը։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն վաղուց են հասունացել հարցի նման լուծման համար։ Դեռ ավելին, մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հոգու խորքում համոզված է հայ եղբայրների պահանջների արդարացիության մեջ։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն պատրաստ են հարցի նման լուծմանը, քանի որ խորհրդային կարգերի 50 տարիների ընթացքում մենք դաստիարակվել ենք ինտերնացիոնալիզմի ոգով, եղբայրության ոգով։ Մենք արմատախիլ ենք արել ազգամիջյան հակակրանքներն ու նախախորհրդային շրջանի բացասական տրամադրությունները և նման հարցերի վճռման ժամանակ պետք է հենվենք ոչ թե ինչ-որ մտացածին տարաձայնությունների, այլ մեր կոմունիստական փոխըմբռնման և անկեղծ համագործակցության վրա։
Մենք առավել քան համոզված ենք, որ այս հարցի լուծումը վստահելի ձեռքերում է, և խիստ ցանկալի կլինի, որ այն համընկներ Հայաստանում խորհրդային իշխանության կարգերի հաստատման տարելիցին»։
(ՀԱԱ, Ֆ.1, ց. 46, գ. 65(բ), թ.1, 2)։
Իսկ թե ինչպես ծնվեց ու կյանքի կոչվեց այդ նախաձեռնությունը, սա արդեն միանգամայն այլ պատմություն է, և պատմությունն այն մասին, թե հիշյալ նամակը ստորագրելուց զատ Սևակն ինչ առնչություն է ունեցել դրա նախաձեռնմանը:
Ճանաչված նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ մեր հանդիպումը կայացավ նրա մահից մի քանի ամիս առաջ: Զրույցի ժամանակ խնդրեցի պատմել նաև այդ տարիների մասին: Եվ այսօր ձայնագրված ժամավենի վրա մնացել են նկարչի հուշերը, որոնց սղագրության մի հատվածը ներկայացնում ենք ստորև.
«… Ղարաբաղի հարցով հայտնի նամակը մեր տանն ենք գրել: Երբ 1966-ին Ղարաբաղի խնդիրը մեջտեղ եկավ, Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը մեզ կանչեց իր տուն: Նրա կինը Պարույրի հետ էր սովորել: Մեզ հավատացրեց, թե իբր Կենտկոմում նա է այդ գործը գլխավորում: Հետո իմացանք, որ դա բոլորովին էլ այդպես չէր: Իրականում Կենտկոմից նախաձեռնությունը խրախուսում էին Քոչինյանն ու Տեր-Ղազարյանցը: Նիկոլայ Ենիկոլոպով կար՝ Ենիկոլոպյան, ակադեմիկոս, քիմիկոս: Ստեփանակերտցի էր: Ես Մոսկվայից ծանոթ էի նրա հետ: Սա եկավ Երևան, երբ արդեն լուր էր տարածվել, թե իբր Ղարաբաղը հանձնելու են Հայաստանին: Խոսում էին, թե Բրեժնևն ասել է, որ անարդարություն է եղել և Քոչինյանին հանձնարարել էր գործերը պատրաստել Քաղբյուրոյի քննարկմանը ներկայացնելու համար: Ենիկոլոպովին ես ծանոթացրեցի Պարույրի ու Վարագ Առաքելյանի հետ: Նա ասաց, որ ինքն էլ է ցանկանում մեզ օգնել, քանի որ ինքն էլ ղարաբաղցի էր, և Մոսկվայից խորհուրդ են տվել հայերին ակնարկել, թե որքան հնարավոր է թող շատ նամակներ ուղարկեն Կրեմլ: Մինչ այդ մենք մի քանի անգամ հավաքվել էինք գրականագետ Սողոմոն Սողոմոնյանի տանը, որտեղ գալիս էին նաև ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարըուղար Տեր-Ղազարյանցը և գեներալ Սարգիս Մարտիրոսյանը: Քննարկում էինք մեր հետագա քայլերը: Որոշեցինք, որ ես, Պարույրը և Սողոմոնյանը պիտի գնանք Ղարաբաղ: Սողոմոնյանը նոր «Վոլգա» մեքենա ուներ: Ես ղեկին նստեցի ու առանց կանգառի քշեցինք մինչև Ստեփանակերտ: Մինչ այդ եղանք Գետաշենում: Ստեփանակերտում հանդիպեցինք պատմաբան, գրող Բագրատ Ուլուբաբյանին: Հետո սկսեցինք շրջել գյուղերով: Մտնում էինք տները, խնդրում էինք կանչել համագյուղացիներին ու բացատրում էինք, որ եթե ուզում եք Ղարաբաղն անջատել, պիտի ձեր բողոք-նամակը գրեք Մոսկվա: Ասացինք նաև, որ նամակները կուղարկեք Երևան՝ այսինչ հասցեով: Ու սկսեց նամակների հոսքը: Յուրաքանչյուր 4-5 օրը մեկ հավաքվում էինք Սողոմոնի մոտ: Տեր-Ղազարյանցը մի մարդ էր գտել, որը Կենտկոմում քարտուղար էր և շաբաթը երկու անգամ հավաքված նամակնեըը տրցակներով տանում ու նետում էր Կրեմլի փոստարկը: Մեր հաշվարկներով, մոտ 10 հազար նամակ ուղարկեցինք: Դրանից հետո տեղեկություն ստացվեց, որ գումարվելու է Քաղբյուրոյի նիստ, որին հրավիրվելու են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի առաջին քարտուղարը: Երեքի համաձայնությունն էր պետք: Տեր-Ղազարյանցից իմացանք, որ Վրաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղարը ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի հետ պիտի հանդիպեր սահմանագլխին: Այնտեղ պիտի գային նաև Ղարաբաղի ղեկավարությունից: Սևակն այդ մասին իմանալուն պես ինձ ասաց. «Արի գնանք Բադալի մոտ»: Գիշերվա հավանաբար ժամը 1-ն էր: Նախ գնացինք նրանց տուն: Ներքևում հերթապահող միլիցիոներն ասաց, որ Բ. Մուրադյանը տանը չի: Պարույրին ճանաչելուն պես մեզ թույլ տվեցին վերև բարձրանալ: Տանը Բադալի կինն էր: Նա զանգահարեց աշխատավայր և մեզ ասաց, որ ամուսինը դեռ այնտեղ է: Մենք գնացինք կառավարության շենք: Ոչ ոք չկար: Մինիստրների խորհրդում միայն նա էր. մենակ նստած աշխատում էր: Պատմեցինք մեր իմացածը: Նա արդեն նախապես այդ բոլորը գիտեր: Մեզ ասաց, որ այդ հանդիպումն իսկապես կայանալու է: Տաքացած Պարույրը նրան ասաց.
— Բադալ, որ էս գործը ձախողել եք, կգամ, ձեր բոլոր պատուհանները կկոտրեմ…
Բաժանվեցինք շատ բարձր տրամադրությամբ:
Ասեմ, որ մինչ այդ հանդիպել էինք նաև Անտոն Քոչինյանի հետ: Երբ նամակներն արդեն ուղարկել էինք, մեկ այլ նամակի տեքստ էլ կար, որ հանձնում էինք անվանի մարդկանց` ստորագրելու: Նրանց մի մասը ստորագրեց, մյուսները հրաժարվեցին: Վախենում էին: Ես սովորաբար նրանց անունները չեմ տալիս, քանի որ ըստ էության լավ մարդիկ էին, պարզապես վախենում էին: Մեր այդ նամակն ուղարկելուց հետո Քոչինյանը մեզ՝ մոտ 10-12 հոգու կանչեց իր մոտ, գնացինք Սևակի հետ: Երկար զրուցում էինք…»:

1960-ականների կեսերին այն, ինչ անում և պահանջում էին Սևակն ու նրա համախոհները, խելահեղությանը հավասրազոր արարք էր: Սակայն եթե նույնիսկ նրանք գիտակցում կամ չէին գիտակցում իրենց քայլերի համարձակության աստիճանն ու ու հետևանքների լրջության չափը, այդ հանգամանքը դարձյալ արգելք չէր լինելու նպատակների այն ճանապարհին, որ նրանք էին տեսնում:
Նույն օրերի մասին թեև հպանցիկ, բայց հիշողությունների բեկորներ են պահպանվել նաև այլ աղբյուրներում: Դրանցից հատկանշական են Վարագ Առաքելյանի գրառումները` իբրև վկայություն Սևակի քաղաքացիական կեցվածքի, ստանձնած առաքելությունը մինչև վերջ հասցնելու համառ հետևողականության մասին:
«Պարույր Սևակը ստորագրությունների հավաքման ամենաեռանդուն մասնակիցներից էր,- պատմում է Վ. Առաքելյանը:- Հիշում եմ, իմ աշխատասենյակն էին գալիս մարդիկ այս կամ այն բողոք-դիմում նամակները ստորագրելու: Պարույրը ժամերով ոտքի վրա էր, չէր նստում, բացատրում էր նամակների բովանդակությունը, ստորագրողներին գրիչ էր տալիս, ընդունում էր մարդկանց ու ճանապարհ դնում: Ինչ լրջություն էր հաղորդում մեր գործունեությանը, ինչքան էր նվիրված ժողովրդի գործին, որքան էր գաղափարապաշտ ու հավատավոր: Նա հատուկ առաքելությամբ Սարգիս Մուրադյանի հետ մեկնեց Ղարաբաղ, այնտեղի հայ բնակչությանը կազմակերպելու համար: Նա Մոսկվայում հանդիպումներ ունեցավ դիվանագետ Համո Հարությունյանի հետ, որը մեզնից պահանջում էր անդադրում բողոք-դիմումներ գրել առանց հուսահատվելու, առանց լքվելու, և մենք գրում էինք, և Պարույրը մեզ հետ էր միշտ, առաջին շարքերում:
Պարույրը ոչ մի անգամ չգանգատվեց, չդժգոհեց, թե ինչու՞ ենք իրեն էս տեսակ գործերի խառնում, չէ՞ որ ինքը բանաստեղծ է, և մենք ինչու՞ իրեն չեն խնայում: Ընդհակառակը՝ մի սրբազան գիշեր, և դա 1965 թ. ապրիլի 25-ն էր, մենք միասին հանդիսավոր երդում տվեցինք մեր կյանքով ու արյունով ծառայելու և պայքարելու հայության ազատության համար, անկախության համար…»:

Բագրատ Ուլուբաբյանի հրապարակումներում ևս կա մի կարճ դրվագ, որը ոչ միայն հաստատում է Սևակի ղարաբաղյան ուղևորության փաստը, այլև վկայում այն հուզականությունը, որով ուղեկցվում էր նրա ամեն մի քայլը. «…Հաջորդ օրն էլ եկան Պարույր Սևակն ու Սարգիս Մուրադյանը: Նրանց ևս ուղարկեցի Թարթառի ձոր: Թարթառի ձորում Պարույրը գինով էր և հաճարի ծառի տակից մի բուռ հող էր առել, երեսին էր քսում.
— Չմեռնենք, մինչև այն օրվան արժանանանք…»:

Իբրև հերթական արժանահավատ վկայագիր կարող է ծառայել նաև բանաստեղծ Աբրահամ Բախշունու հուշագրությունում տեղ գտած մի փոքրիկ պարբերություն, որտեղ հեղինակը գրում է. «…Պարույր Սևակի հետ մեր մտերմությունը սկսվեց այն օրվանից, երբ նա Սողոմոն Սողոմոնյանի և Սարգիս Մուրադյանի հետ միասին եղան Խանլարում՝ իմ տանը»: Այդ առթիվ գրականագետ Սեյրան Գրիգորյանն իրավացիորեն նկատել է. «…Բախշունու վկայած այցը (որ ամենայն հավանականությամբ վերաբերում է 1966-ին), կարծում ենք, Պարույր Սևակի ղարաբաղյան առաքելության մի կարևոր մասն է: Այս փաստի առկայությամբ ավելի շոշափելի են դառնում բանաստեղծի ծավալած ազգային-քաղաքական գործունեության մասին մեր պատկերացումները…»:
Այն տարիներին այս պատմությունները բերնեբերան էին անցնում` գունազարդումներով, չափազանցություններով, երբեմն էլ նաև մեղմ, բարի հումորով, որ միայն սիրուց ու հարգանքից էր ծնվում` շաղախված ընկերական անկեղծ զգացումներով: Հենց այդպիսին է պետք համարել Հրանտ Մաթևոսյանի մի պատմությունը, որ տարիներ առաջ նա զրույնցներից մեկի ժամանակ հիշել ու փոխանեցել է մտերիմներին: Ահա մի հատված դրա սղագրությունից.
«…Սևակը, Սիրավը (նկատի ունի Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանին- Հ. Չ.) ու էլի մեկը, քեֆները հազար է ու մի նկարչի մեքենայով գնում են Ղարաբաղը գրավելու։ 68 կամ 70 թիվն է, որ Տեղ գյուղ են հասնում և ուր որ է Ղարաբաղը պիտի գրավեն, գինին թողնում է։ Կանգ են առնում գյուղամիջում։ Գյուղացիներից մեկը՝ Սևակին ճանաչելով, տուն է հրավիրում, ոչխար են մորթում («ոչխա՜ր ենք մորթել, ոչխա՜ր»)։ Տղերքը նորից գինի են խմում և ոգիներն էլ նորից անկոտրում է, մարտական են երգում։ Ուտում են, խմում ու երգում։ Ու մեկ էլ տանտերը տեսնում է, որ սեղանը դատարկ է։ Մորթած խոյն է հիշում՝ ցլիկի չափ, սեղանին է նայում ու գոռում է, թե՝ այ կնիկ, կարտոլ էփի, կարտոլ, սրանց հախից կարտոլը կգա, սրանք Ղարաբաղը գրավողը չեն»։
Կատակը` կատակ, սակայն իրենց ձեռնարկի ճակատագիրը, Ղարաբաղի ապագայի մասին մտահոգությունները մշտապես ուղեկցում էին Սևակին: Արագ ոգևորվելու և նույնքան էլ հեշտությամբ ծանր ապրումների մեջ ընկնելու բանաստեղծի էությունը անհնար էր դարձնում կացության տարուբերումները շրջանցելու հավանականությունը: Իսկ դրանք իրենց կնիքն էին թողնում նրա առօրյայի, խոհերի, հոգսերի ու ծրագրերի վրա: Այս հակասական տրամադրությունների, մեկը մյուսին հաջորդող հույսերի և հուսահատության ժամերի մասին հետագայում իր դիտարկումներն է թղթին հանձնել Պարույր Սևակի մտերիմներից Վարազդատ Գրիգորյանը:
«Իր որջ գիտակցական կյանքում.- գրում է Վ. Գրիգորյանը,- Պարույր Սևակը երբեք մտահան չարեց արցախյան հարցը: Վերջինս նրա համար եղավ ու մինչև վերջ էլ մնաց որպես արյունոտ մի վերք:
Մի անգամ ես նրա հյուրն էի իր երևանյան բնակարանում: Այն ժամանակներն էին, երբ Հայկոմկուսի Կենտկոմն ու հանրապետության կառավարությունը համատեղ որոշում էին կայացրել ու այն ուղարկել էին Մոսկվա՝ Արցախի հարցին դրական լուծում տալու խնդրանքով: Պարույրի տրամադրությունից կարելի էր կռահել, որ նա առանձնակի ակնկալիքներ չուներ:
— Ես համոզված եմ, — մտահոգ ասաց նա,- որ այս անգամ էլ մեզ խաբում են, և Արցախն էլի թողնելու են Ադրբեջանի կազմում: Բայց ափսոս, շատ ափսոս, մեր այդ սքանչելի երկրամասն ու նրա հերոսական ժողովուրդը: Դեռևս ցարի օրոք նրա լավագույն զավակները լայն ճանաչում են վայելել ու միշտ էլ բարձր պատվի ու պարգևների արժանացել: Եվ այդպիսիների թիվը հարյուրների է հասնում: Իսկ հիմա՝ մեր օրերում նրանց անունները կարծես թե մոռացվում են: Ու հավատացնում եմ, եթե մեր երկրում մթնոլորտն այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն պահը, երբ Արցախի շատ ու շատ նվիրական զավակների անուններ էլ մոռացության մշուշով կպատվեն:
Հետո, փոքր-ինչ ընդմիջում տալով, շարունակեց.
— Քսանական թվականների ընդգծված հակահայկական ու թուրքամետ կառավարական որոշումների պատճառով արցախահայությունը շատ անլուր տառապանքներ ու հալածանքներ կրեց: Արգելվեց անգամ դպրոցներում իր ժողովրդի պատմությունը սովորել: Չգիտեմ ով՝ ինչպես, բայց ես այս հոգեմաշ ցավերից ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ: Ինձ, օրինակ, շատ մեծ ցավ է պատճառում, որ մեր օրերում, մեր իսկ աչքի առաջ թուրքերն անամոթաբար աղավաղում են մեր պատմությունը…
Այդ այն օրերն էին, երբ, ինչպես Պարույրը նկատեց, բունիաթովները, աղաևները և էլի շատ ուրիշ վայ- գիտնականներ եռանդուն ջանքեր էին թափում հայ ժողովրդի պատմությունը կեղծելու ու աղավաղելու ասպարեզում: Իր դոկտորական թեզում Աղաևը զառանցում էր, թե փոքր ազգերը շուտ թե ուշ պետք է ձուլվեն մեծ ազգերի մեջ և աստիճանաբար վերանան պատմության թատերաբեմից, որ հայերն ու վրացիները, որպես փոքր ժողովուրդներ, պետք է ներառվեն ադրբեջանական ազգի մեջ, և այսպիսով Անդրկովկասը կվերածվի մի մեծ ու ամբողջական ադրբեջանական երկրամասի: Եվ իր համարձակ խառնվածքին հավատարիմ՝ Սևակը որոշեց հանդես գալ այդ ստոր նկրտումների դեմ ու վճռական ճակատամարտ տալ: Նա ռուսերեն լեզվով մի ծավալուն ու ջախջախիչ հոդված տպագրեց «Պատմաբանասիրական հանդեսում», որտեղ հիմնովին ապացուցեց ադրբեջանցի պատմաբանների տեսակետների սնանկությունը ու հակամարդկային էությունը…»:

Թե ինչ ավարտ ունեցավ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու այն տարիների աննախադեպ ձեռնարկը, հանրահայտ փաստ է: Սակայն ցավալի վերջաբանը ոչ միայն չկոտրեց նրանց կամքը, ովքեր կանգնած էին այդ փորձի ակունքներում, այլև բազմապատկեց համակիրների թիվը, լրացուցիչ խթան տվեց պատմության փակ էջերին ծանոթանալու, Արցախի հարցը նոր հանգամանքների և իրավիճակների լույսի տակ քննելու համար: Իսկ Սևակը մինչև իր ողբերգական մահը եղավ ու մնաց դրա երդվյալ ջատագովը թե իր գրչով, թե իր ապրած օրերի արժանապատվությամբ:
Բայց Սևակի ու Ղարաբաղի մասին մեր պատմությունն այսքանով չի սահմանափակվում: Բանն այն է, որ կա բանաստեղծի` Արցախ կատարած մի ուղևորություն ևս, որի մասին առ այսօր քիչ բան էր հայտնի, եթե չասենք` գրեթե ոչինչ հայտնի չէր: Սևակն ինքն էլ այդ մասին չի թողել որևէ հիշատակություն կամ գրառում: Թե ինչն է եղել նման լռության պատճառը, դժվար է ասել: Սակայն, բարեբախտաբար, այդ արժանահիշատակ օրերի տպավորությունները թարմ ու անխաթար են մնացել նրանց հուշերում, ովքեր բախտ էին ունեցել այն ժամանակ ընկերակցել բանաստեղծին: Դրանց թվում էր նաև աշխարհագրության մասնագետ, Երևան քաղաքի բնակչուհի Մելանիա Հովակիմյանը: Պատահական հանդիպումը հնարավորություն ընձեռնեց ոչ միայն իմանալու մանրամասները, այլև ձայնագրելու Տիկին Մելանիայի պատմությունը: Ներկայացնում են դա աննշան կրաճառումներով ու շտկումներով.
«… 1966 թ. ապրիլի 17-ին մենք՝ պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներս, ամբողջ կուրսով Երևանից մեկնում էինք Եղեգնաձոր, որպեսզի այնտեղից անցնենք Զանգեզուր ու Ղարաբաղ: Մենք դեռ չգիտեինք, որ պիտի ճանապարհին մտնենք Սևակենց տուն: Դասախոսներից մեզ հետ էին աշխարհագրագետ Թաթիկ Հակոբյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր Գրիգոր Ավագյանը, բարձր կուրսերից Վազգեն Ղազարյանը (նրան Սևուկ էին ասում), Մարիետա անունով մի աղջիկ և էլի մի քանի ուսանողներ: «Պազիկ» տիպի մի ավտոբուս էինք վերցրել: Երբ հասանք Չանախչի (մեր կուրսում էլ չանախչեցի մեկը կար), Ավագյանն ու Հակոբյանը, ովքեր Սևակին անձամբ ճանաչում էին, առաջարկեցին Պարույրին հյուր գնալ: Բոլորս շատ ուրախացանք: Երբ հասանք տան մուտքի մոտ, պարզվեց, որ Սևակը վատառողջ էր, պառկած էր երկրորդ հարկում՝ ձախ թևի վրա գտնվող իր աշխատասենյակում, որտեղ մի գրասեղան էր դրված ու թախտը: Երբ նա հայտնվեց աստիճանների վրա, առաջին րոպեների մեր զգացողությունը խորը հիասթափությունն էր: Սակայն տասը րոպե անց նա մեզ համար աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն էր: Սկսեց մեզ հետ զրուցել այնպես, ասես հարյուր տարվա ծանոթներ էինք: Նստեցինք առաջին հարկում, որտեղ կախված էին Անդրանիկ Զորավարի ու Սերոբի մեծադիր նկարները, սեղանին կարմիր մեխակներ էին դրված: Տանը միայն Սևակի ծնողներն էին: Այդ ընթացքում նաև քույրը եկավ, որպեսզի օգնի: Համակուրսեցիներս, որոնք 1965-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներն էին եղել, սկսեցին «Զարթիր, լաո», «Մշեցու երգը», ուրիշ հայրենասիրական երգեր երգել: Սևակն ասաց. « Սրանք էլ ինձ պես շաշ երեխեք են»: Երգեցինք, հյուրասիրվեցինք, տան աստիճանների մոտ լուսանկարվեցինք ու դուրս եկանք մայրուղի: Այնտեղ սկսեցին նվագել ու պարել: Սևակն էլ թաշկինակը հանեց ու միացավ պարողներին: Այդ ինչ հրաշալի ու զարմանալի պար էր: Այնպես էր պարում, կարծես պարի դպրոց էր հաճախել: Հովազի պես ծառս էր լինում: Այդ պահին մերոնցից ինչ-որ մեկն առաջարկեց նրան ընկերանալ մեզ: Սկզբում ասաց, որ հիվանդ է, բայց շատ արագ միտքը փոխեց, խնդրեց սպասել, մինչև ինքը կմտներ տուն` իրերը վերցնելու: Ետ եկավ՝ ձեռքին կրեմագույն մի վերարկու ու մի փոքրիկ ճամպրուկ (այդպիսի ճամպրուկներով այն ժամանակ ուսանողները բաղնիք էին գնում): Նրան ընկերակցելը մեզ համար երջանկություն էր: Տեղ զբաղեցրեց ավտոբուսի առաջամասում, այնտեղ, որտեղ սովորաբար տոմսավաճառն է նստում: Ճանապարհը երկար էր: Որպեսզի վարորդը չննջեր, մենք անվերջ կատակում էինք, Սևակն էլ մեզ հետ: Իրեն այնպես էր պահում, ասես մեզնից մեկը լիներ: Նույնիսկ երբ զվարճանալու համար հացի խմորից փոքրիկ գնդիկներ էինք շինում ու նետում, Սևակն ասում էր. «Իմ բերանը ձերնից մեծ է, այս կողմը նետեք»:
Առաջին օրը մնացինք Եղեգնաձորում: Երբ տեղավորվեցինք հյուրանոցում, Սևակն ասաց.
— Եկեք գնանք կինո:
Մտանք տեղի կինոսրահը, պատրաստվում ենք դիտումին: Ու հանկարծ ժողովուրդը ճանաչեց բանաստեղծին: Ֆիլմի ցուցադրումը հետաձգեցին: Կինոդիտումը վերածվեց հանդիպման Պարույր Սևակի հետ: Բեմի վրա սեղան դրեցին, նրան հրավիրեցին բեմ: Բայց Սևակն իր հետ նաև Թաթիկ Հակոբյանին բարձրացրեց ու նրան ներկայացրեց հավաքվածներին: Ելույթ ունեցավ: Հետո մարդիկ սկսեցին հարցել տալ: Ընդ որում, հարցնում էին ոչ միայն գրականությունից, այլև հողից, գյուղացու հոգսերից:
Հանդիպումից հետո խմբով գնացինք Գլաձոր: Լուսանկարվեցինք այնտեղ: Հիշում եմ, որ Սևակը խաչակնքում էր, մի բան, որ մեզ համար այն ժամանակ անսովոր էր:
Հաջորդ օրը ճանապարհը շարունակեցինք: Երբ հասանք Սիսիանի լեռնանցք, մեքենան խրվեց ցեխերի մեջ: Մեկ էլ այն տեսանք՝ Սևակը հանել է կոշիկներն ու ոտաբոբիկ ավտոբուսն է հրում: Խնդրեցինք՝ ընկեր Սևակ, թույլ տվեք մենք ինքներս: Չհանաձայնվեց: Մինչ կհրեին, մեր աղջիկները դուրս էին եկել մեքենայից ու նստել էին ճամփեզրի քարերին: Սևակը կատակով դիմեց նրանցից մեկին.
— Սիլվա, քարերին մի նստիր: Կսառես, հետո երեխա չես ունենա…
Ճանապարհին մի տեղ, որտեղ կանգնել էինք ծաղիկներ հավաքելու, ես մի ծաղկեփունջ բերեցի, պարզեցի նրան ու ասացի.
— Ընկեր Սևակ, հապա հոտ քաշեք, շատ լավն է:
— Մելանիա ջան,-ասաց նա,- ճիշտն ասեմ, ես համի ու հոտի զգացողություն չունեմ:
Հետո պատմեց, որ պատերազմի տարիներին գրիպի ծանր հիվանդություն է տարել, որից հետո զրկվել է այդ զգացողություններից:
Այդ օրը մնացինք Սիսիանում, ինչ-որ գիշերօթիկ դպրոցի հանրակացարանում, առաջին հարկում: Սևակին առանձին սենյակ տվեցին: Երբ նրան այցի գնացինք` ասաց.
— Էրեխեք, այսօր իմ տղայի՝ Կորյունի ծննդյան օրն է: Երեք տարեկան դարձավ:
Կոնֆետ էր գնել: Շամպայն բացեց, մեզ հյուրասիրեց: Արտասանեց: Հրաշալի պատմություն գիտեր: Եթե մեծ բանաստեղծ չլիներ, ապա հաստատ կարող էր մեծ գիտնական, պատմաբան լինել:
Որոշեցինք գնալ Սատանի կամուրջը: Միս, օղի ու գարեջուր գնեց: Երբ տեղ հասանք, տեսանք, որ այնտեղի տաք ջրերի ավազանում թուրքի կանայք էին լողանում: Պիտի սպասեինք: Սևակը խիստ վրդովվել էր: Ասաց.
— Տեսեք, մենք մեր հողի վրա ենք, բայց պիտի սպասենք, մինչև նրանք կվերջացնեն, նոր միայն մեր հերթը կգա:
Կրակ վառեցինք: Խորոված եփեցինք: Վազգենը «Անլռելիից» հատվածներ արտասանեց, հետո Սևակը կարդաց իր գործերից: Եվ այնտեղից շարժվեցինք դեպի Գորիս:
Այդ օրերին Տիգրան Պետրոսյան- Բոտվիննիկ շախմատային մրցախաղն էր: Հյուրանոցի մոտ կախված էր մեծ խաղատախտակը: Մարդիկ քննարկում էին: Սևակն էլ էր շատ հետաքրքրված: Գրախանութ գնացինք: Որտեղ մարդիկ նրան տեսնում էին, ամենուր հրավիրում էին հանդիպման, ինքնագիր էին խնդրում: Գորիսի շուկայից Քարահունջի օղի էր գնել: Բերեց, ասաց.
— Առյուծի կաթ եմ գնել:
Շշերը դասավորեց իր ճամպրուկում: Շատ չանցած մենք սկսեցինք թղթախաղով զբաղվել, և Սևակի ճամպրուկը մեզ սեղան էր ծառայում: Հանկարծ զգացինք, որ օղին հոսում է: Բացեցինք: Թափվել էր: Ճամպրուկի ներսում 96-թերթանոց մի տետր կար, որի մեջ Սևակի անտիպ բանաստեղծություններն էին: Օղին լցվել էր տետրի վրա: Մի քանի էջեր պարզապես ջնջվել էին: Մենք քարացանք: Շատ վատ էինք զգում: Սևակը նայեց, հետո ասաց.
— Ճիշտն ասաց, անգիր չեմ հիշում: Բայց դուք մի տխրեք: Ոչինչ, կվերականգնեմ:
Որոշեցինք գնալ Տեթևի վանք: Մի բեռնատար մեքենա վարձեցինք, վարորդն էր՝ հարբած: Այն ժամանակ վանք տանող ճանապարհը շատ դժվարամատչելի էր: Ճանապարհին կեսկատակ-կեսլուրջ ասում էինք. «Ընկեր Սևակ, դուք մեքենայի խորքը գնացեք, որ վթարի դեպքում Ձեզ բան չպատահի»: Ասաց. «Ես՝ հեչ: Թող աղջիկներն այն կողմը գնան: Նրանցից ամեն մեկը մեր ժողովրդին մի-մի զավակ է պարգևելու»:
Վանքում մեզ պատմում էր, թե ինչպես է կառուցվել ու ավերվել համալիրը: Տարածքից մի փոքրիկ քարի կտոր վերցրեց իր հետ` իբրև մասունք:
Ղարաբաղ մեկնեցինք Լաչինի ճանապարհով: Մի տեղ մեքենան փչացավ: Մինչ կարգի կգցեին, իր նախաձեռնությամբ բանջար հավաքեցինք, ուտելիք պատրաստեցինք:
Նախ հասանք Շուշի: Ղազանչեցոց եկեղեցի գնացինք: Դռները փակ էին: Ներսում պահեստ էր: Սևակը ծունկի իջավ: Խաչակնքեց, համբուրեց քարերը: Հետո մի փոքրիկ քար վերցրեց ու մեզ դառնալով ասաց.
— Էրեխեք ջան, հիշեք, այս քարը ես ետ եմ բերելու, դնելու եմ իր տեղը, երբ Ղարաբաղն ազատագրված կլինի…
Օրը մթնում էր: Թեթև անձրև էր գալիս: Իջանք Ստեփանակերտ: Գնացինք քաղաքի հյուրանոցը: Այնտեղ այդ օրերին լարված իրավիճակ էր: Ասացին, որ Խոջալուում մի հայ աղջկա էին սպանել:
Երեկոյան դուրս եկանք քաղաքում զբոսնելու: Սևակը փողոցում մի երեխայի կանգնեցրեց ու հարցրեց.
— Աղջիկ ջան, կարո՞ղ ես Ղարաբաղի բարբառով ինչ-որ բան արտասանել:
Երեխան սկսեց «Անբան Հուռին» պատմել: Սևակը ոգևորվեց: Գրպանում ընդամենը 8 ռուբլի կար: Մտավ խանութ, ամբողջ գումարով «Տրյուֆել» կոնֆետ գնեց ու տվեց երեխային:
Հետո մենք մնացինք հյուրանոցում, իսկ Սևակը գիշերելու գնաց Բագրատ Ուլուբաբյանի մոտ:
Առավոտյան եկավ մեզ մոտ ու որոշեցինք, որ Ղազախով պիտի ետ վերադառնանք Հայաստան: Շամխորում մեր ավտոբուսը նորից փչացավ: Այլ ելք չկար: Ստիպված պիտի մնայինք տեղի հյուրանոցում: Բայց Սևակը թույլ չտվեց: Ասաց.
— Թուրքի հյուրանոցում չենք մնա:
Գնացինք տեղի ավտոկայանը: Այնտեղ մի հայ տղա կար, վարորդ: Նստեցինք նրա մեքենան: Ամբողջ գիշեր Սևակը խոսում, զանազան պատմություններ էր պատմում մեզ համար: Չափազանց հոգատար էր: Թեև ինքն էր վատառողջ, բայց իր վերարկուն գցեց քնած աղջիկների վրա:
Հաջորդ օրը Իջևանով գնացինք Երևան: Ապրիլի 23-ի երեկոյան տեղ հասանք: Հաջորդ օր Եղեռնի զոհերի հիշատակի օրն էր: Կասյան փողոցի իր տան բակում մեզ հրաժեշտ տվեց՝ պայմանավորվելով հաջորդ օրը հանդիպել: Ասեմ, որ մեր ուղևորության ընթացքում նա երեք բանաստեղծություն էր գրել, որոնցից երկուսը՝ «Հեյ-հեյ»-ը և «Սատանի կամուրջ»-ը մեր կուրսին էր նվիրված: Թե ի՞նչ եղան դրանք, ինչու՞ չտպագրվեցին` չգիտեմ…»:

Սա էր Մելանիա Հովակիմյանի պատմությունը Սևակի հետ Ղարաբաղ կատարած ուղևորության մասին: Վստահաբար կարող ենք պնդել, որ հետագայում նորանոր դրվագներ կգան հարստացնելու և ամբողջացնելու ոչ միայն մեծ բանաստեղծի կյանքի ժամանակագրությունը, այլև լրացնելու Արցախ աշխարհի հանդեպ նրա առանձնահատուկ սիրո և նվիրվածության էջերը: Եվ գուցե նաև մի օր գտնվեն այն չափածո տողերը, որոնք գրվեցին Սևակի ձեռամբ այն հեռավոր օրերին:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՊԿ-ն մեզ կօգնի, եթե….

20 Մյս

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերով «Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարներ» միջազգային երկօրյա խորհրդաժողովը Երևան էր բերել ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, այնպես էլ դաշնակից պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարների ու փորձագետների: Ու թեև քննարկման թեման առավել քան տարողունակ և բազմաճյուղ էր, այն գերազանցապես առնչվեց Ղարաբաղի հիմնահարցին: Դրան հակված էին ինչպես տանտերերը, այնպես էլ հյուրերը: Հայկական կողմն ամեն գնով ցանկանում էր լսել հավաստիացումներ, որ պատերազմի վերսկսման դեպքում իրեն մենակ չեն թողնի, ՀԱՊԿ-ն ( կամ ավելի ճիշտ կլինի ասել` Ռուսաստանը) աշխատում էր հեռու մնալ ուղղակի պատասխաններից:
Սակայն պետք է ասել, որ այնուամենայնիվ որոշ բաներ հնչեցին: Հայաստանի դիրքորոշումը հնչեցրեց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի համապատասխան արձագանքի վրա։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք հույս դնել ՀԱՊԿ–ի մեր դաշնակիցների համապատասխան արձագանքի ու աջակցության վրա, որոնք առաջին հերթին պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ, երկրորդ՝ հստակ հնարավորություններ ագրեսիային օպերատիվ արձագանքելու համար»,- ասաց նա: Փոքր-ինչ անհասկանալի է, թե Օհանյանն ի՞նչ իրավունքների մասին էր ակնարկում: Պարզ է, իհարկե, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա: Սակայն ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, և այդ հանգամանքը միշտ էլ կարող է արդարացնող փաստարկի դեր խաղալ մյուս երկրների ձեռքին, ովքեր պարտավորություն են ստանձնել օգնել Երևանին, բայց ոչ Ստեփանակերտին:
Առայժմ հստակ է միայն այն, որ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում դաշնակիցներն անտարբեր չեն մնա: Իսկ թե ինչպե՞ս ու ի՞նչ ձևերով կդրսևորվի վերջիններիս միջամտությունը, այս հարցի պատասխանը դեռևս խիստ մշուշոտ է: Բորդյուժան ինքն էլ խուսափեց բացատրությունից և ասաց, թե որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու համար: Ընդ որում` հատուկ ընդգծվեց, որ ՀԱՊԿ-ն դեմ է հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու ցանկացած փորձի, ինչպես նաև անթույլատրելի է համարում պետության մեկուսացումը, քանի որ այդ դեպքում խախտվում է հավասար անվտանգության սկզբունքը:
Ռուսներն այս ընթացքում երկու մտահոգիչ միտում են արձանագրել: Առաջինը նրանց համար ճգնաժամերն ուժային տարբերակով լուծելու միտումն է և նման մոտեցումներն այլոց վզին փաթաթելու փորձերը, իսկ երկրորդը` այլ պետությունների գործերում ոչ ուժային միջամտության աճը քաղաքական ու տեղեկատվական ազդեցության միջոցով: Պետք է նկատել, որ հիշյալ դիտողությունը կարող էր հավասարապես հասցեագրված լինել նաև Հայաստանին: Սակայն սրանով հանդերձ Մոսկվան չի պատրաստվում անտեսել իր դերը որպես կայունության և անվտանգության ապահովման գործոնի:
Ի տարբերություն պաշտոնական անձանց, խորհրդաժողովի մյուս մասնակիցները շատ ավելի անմիջական և բացահայտ էին իրենց կարծիքներում: Մեծամասնությունը տոգորված էր այն լավատեսությամբ, թե հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը դրան անտարբեր չի վերաբերվի և անհապաղ միջոցառումներ կձեռնարկի: Հակառակ դեպքում կխափանվի Ռուսաստանի միջնորդ դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Պետք է ենթադրել, որ ամեն դեպքում Հայաստանի մտահոգություններն այստեղ որոշ չափով արժանացան ըմբռնումի: Մասնավորապես հիշեցումն այն մասին, որ աշխարհագրական դիրքի թելադրանքով Հայաստանը ՀԱՊԿ–ի դաշնակիցների հետ սահմաններ չունի, հյուրերի համար միանգամայն բնական էր դարձնում մեր ձգտումը` իրավիճակը շուտափույթ կերպով հաղթահարել: Բայց միևնույն ժամանակ կռահելի էր, որ ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողութունների վերսկսման դեպքում հանրապետությունը ստիպված կլինի ամբողջովին ներգրավվել ռազմական գործընթացի մեջ, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։
Առանձնակի հնչեղություն ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքը, որը հնչեց կոչի պես. «Ռևանշիստներին զիջել չի կարելի, պետք է հասնել նրանց գաղափարական պարտությանը»: Իսկ հետո նա նշեց, որ բոլորի ուշադրությունը հակամարտության լուծման միայն երեք սկզբունքների վրա է կենտրոնացած, սակայն կա նաև չորրորդ սկզբունքը` «հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Երևանյան հավաքին ուշի ուշով հետևող Բաքուն այս ամբողջ «հակաադրբեջանական» կամպանիան անտեսել չէր կարող: Մեկնաբանելով խորհրդաժողովի ժամանակ հնչած ելույթները, Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը դրանք «նոնսենս» որակեց: «Ադրբեջանը չի հավակնում ոչ մի պետության տարածքին և չի սպառնում որևէ պետության անվտանգությանը: Սակայն Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր մեխանիզմները իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասված էր նրան տարածած հայտարարության մեջ: Իր հերթին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Նիկոլայ Բորդյուժայի այն միտքը, թե «ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տիրող իրավիճակը հղի է սրմամբ՝ պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ավելացած ռազմական հռետորաբանությամբ», հարց էր տալիս. «Բորդյուժան պատկերացում ու՞նի արդյոք, թե ով է հանդիսանում օկուպանտ կողմը։ Չենք ուզում հավատալ, որ նա այդքան միամիտ է։ Նա շատ լավ տեղեկացված է։ Սակայն նրա ելույթի ենթատեքստից Ադրբեջանն ըմբռնում է, թե նա ինչ է ուզում ասել»:
Անկասկած, Բորդյուժան միամիտ չէ: Եվ լավ է, որ Բաքվում հասկացել էին, թե նա ի՞նչ էր ասում: Մնում է հուսալ, որ յուրաքանչյուր արտասանված խոսքի թիկունքում կա նաև գործը ու դրա պտուղները կտեսնենք նաև մենք: Ամեն դեպքում, ՀԱՊԿ ղեկավարությունը հավաստիացնում է, որ 2011 թվականը դառնալու է ՀԱՊԿ համախմբման ու արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման տարի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճգնաժամային արձագանքման, արագ արձագանքման համատեղ ուժերի և խաղաղարար ուժերի կիրառման մեխանիզմների մշակմանը: Իսկ իբրև լրացում նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…

13 Ապր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները մեր տարածաշրջան վաղուց այլևս իրադարձություն չեն: Երբ տեսանելի չէ արդյունքը, շատ դժվար է համոզել հանրությանը դրանց կարևորության իմաստը: Այնպես որ, այս անգամ էլ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությունը Երևանում կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ անսովոր մի հանգամանք: Բանն այն է, որ ժամանումից առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա: Սակայն թե նախագահի մոտ, թե արտգործնախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ էական ոչինչ չասվեց բուն բանակցային գործընթացի, առավել ևս` հիմնարար սկզբունքների առումով: Նույն էր փաստում նաև ԱԳ նախարարության տարածած տեղեկատվությունը` վկայելով, որ զրույցները բացառապես ընթացել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված զինանդադարի խախտումների և դրանց վերահսկողության մասին: Սրանից զատ հայկական կողմը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի` Ադրբեջանի կողմից աղավաղման ու այդ փաստաթուղթն իբրև սեփական ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնող միջոց ծառայեցնելու փորձերի վրա: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն այս առիթով ասել էր, որ «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Ստացվում էր այնպես, որ համանախագահներն այցելության որևէ հստակ ծրագիր չունեին, կամ կարելի է ասել` նրանց այցն ավելի ընդհանրական էր և խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակ չկար: Դատարկ ձեռքերով Կովկաս ժամանած միջնորդներին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ տեղում իրենք քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին, նաև արծարծել առաջիկայում արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման: Իսկ սա կարող է ներկա պահին նշանակել միայն մի բան. գլխավոր թեման իր տեղը զիջել է առանձին վերցրած մեկ խնդրի և այդ խնդիրն է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարումը: Սա իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իրավիճակում միանգամայն անիմաստ է խոսել կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու մասին, և ամենաառաջնայինն այժմ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է դուրս գալ վերահսկողությունից:
Երեկ երեկոյան համանախագահներն արդեն Ստեփանակերտում էին, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դռնփակ զրույցի ավարտից հետո լրագրողներին տեղեկացվեց, որ միջնորդներն այս անգամ ճեպազրույց չեն ունենա: Իսկ այսօր, հատելով շփման գիծը, նրանք մեկնելու են Բաքու: Ադրբեջանում վերջիններիս շատ ավելի դժվարին երկխոսություն է սպասվում: Հեշտ չէ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին համոզել մի երկրի նախագահի, ով օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերով փաստացի կոչ արեց միջազգային հանրությանը ռմբահարել Լեռնային Ղարաբաղն ու անվտանգության գոտին` համաձայն լիբիական սցենարի: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական վերնախավում նկատելի է մի տենդենց, որի համար հիմք են ծառայում կարծիքներն այն մասին, թե աճել է եվրոպական կառույցների հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ Բաքվում նաև մտածում են, թե չպետք է հույս դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցները կաջակցեն Ադրբեջանին: «Գերտերությունները ցայժմ երկակի, երբեմն նաև եռակի ստանդարտներ են կիրառում: Եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տանում ոչ միայն Բաքուն, այլև` Թբիլիսին և Երևանը»,- ասում են ադրբեջանցիները և անմիջապես հավելում, որ Եվրոպան մտադիր է զբաղվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ դրա վրա վերահսկման բանալիների հայտնաբերման փնտրտուքով, քանի որ Արևմուտքը երկրագնդի «թեժ կետերի» նկատմամբ համակարգային մոտեցման կարիք է զգում:
Այստեղ ավելորդ չէ վերհիշել օրեր առաջ գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը, ուր նշված էր, թե միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը Ղարաբաղի հարցում մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկեր է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարարման և Nabucco նախագծի իրականացման հարցում:
Թերևս երկու տեսակետներն էլ զուրկ չեն իրատեսության ատաղձից: Չի կարելի ժխտել, որ Եվրոպային առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն նույն Եվրոպան նաև գիտակցում է, որ ներկա պահին անցանկալի հետևանքները կասեցնելու համար նա Հարավային Կովկասի տարածաշրջանում բավարարար լծակներ չունի: Եվ այս տեսանկյունից համանախագահների հաճախակի դարձած այցելությունները մի տեսակ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ լրացնելու այդ բացը, թեև հազիվ թե դրանք հաջողությամբ պսակվեն: Սահմանային գոտուց ստացվող վերջին ամփոփագրերը լավատեսության համար հիմքեր չեն թողնում: Միայն անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց: Եվ այս ահագնացող հրակոծությունները սաստելու համար այսօր ընդամենը շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՆՉԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԸ

24 Մրտ

Ադրբեջանի սպառնալիքը` հարվածել դեպի Ղարաբաղ թռչող ինքնաթիռներին, Բաքվի մեծաքանակ հոխորտանքների շարքում հերթական շանտաժն էր: Եվ նույնիսկ զարմանալի էր, որ այս մի դեպքում աշխարհն արձագանքեց: Սովորաբար լռությունն այնպիսին է լինում, ասել տարօրինակ ու դատապարտելի ոչինչ էլ չի կատարվում, և եթե հայկական կողմն այդ մասին ահազանգում է, ապա նրա պահվածն այլ բան չէ, քան անհիմն աղմկարարության դրսևորում: Սակայն արի ու տես, որ ներկա միջադեպն ընկալվեց` ինչպես որ հարկն էր: Առանց հավելյալ սեթևեթանքների արձանագրվեց, որ ադրբեջանցիները տվյալ իրավիճակում խոստանում են բառի բուն իմաստով ահաբեկչություն իրականացնել պետական մակարդակով և միակ նախընտրելի ճանապարհը դա են համարում` խոչընդոտելու համար Ստեփանակերտի օդանավակայանի վերջնական շահագործմանը:
Հետագա օրերին Հայաստանի համար ամենամեծ անակնկալը պիտի լիներ այն, որ կատարվածի մասին առաջին կարծիքը հնչեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ոչ անհայտ Մեթյու Բրայզայի շուրթերից: Վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, որն ինքնին սպառնալիք չի ներկայացնում, ընդունելի չէ ու հակասում է նախագահների` խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին:
«Մենք կողմերին կոչ ենք անում համատեղ աշխատել`լուծելու համար թռիչքների առևտրային անվտանգության հարցերը մինչ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի բացումը », -նշեց դեսպանը:
Դրանից հետո իր գործընկերոջն անմիջապես լրացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը: Հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այս կարգի սպառնալիքները բացարձակ անընդունելի են: «Դա չի բխում այն սկզբունքներից, որոնց Ադրբեջանը հետամուտ պետք է լիներ բանակցային գործընթացում»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ հակամարտության կարգավորման կոնտեքստում ուժի չկիրառման սկզբունքն ամենակարևորն է:
Այս երկու հայտարարությունները քաղաքագետների կողմից որակվեցին որպես վկայությունն այն բանի, որ Միացյալ Նահանգները վերստին ակտիվացնում է իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Այնքան էլ չընդունելով նման դիտարկման իրավացիությունը, մենք դրա հետ մեկտեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նշված հարցի շուրջ ամերիկացի երկու դիվանագետների խոսքերը ընդգրկված են գերազանցապես ԼՂՀ խնդրի կարգավորման համատեքստում, այսինքն երևույթը չի գնահատված իբրև ընդհանրապես ահաբեկչության սպառնալիք, այլ սոսկ դիտարկվել է որպես տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղված մարտահրավեր:
Հաջորդ «մեղադրականը» լսելի դարձավ Եվրոպայից: «Ռազմատենչ հայտարարությունները քաղավիացիայի վերաբերյալ պարզապես անհիմն են, քանի որ բոլոր հարցերն այդ ոլորտում լուծվում են միջազգային փաստաթղթերի հիման վրա»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը`հղում կատարելով ոչ թե մարդկային բանականությանն ու տրամաբանությանը, այլ փաստաթղթերին ու պայմանագրերին, որոնց մեծ մասն ինչպես կնքվում, այդպես էլ պարբերաբար խախտվում են` կախված հանգամանքներից կամ տվյալ երկրի շահերից: Եվ ամենևին էլ անտեղի չէր, որ նույն օրերին European Circle հանդեսում «Որտե՞ղ է Եվրոպան» խորագրի տակ տպագրվեց «Թռիչքներ արգելող գոտի Կովկասո՞ւմ» վերնագրով հեգնական կարծիքը: Դրա հեղինակը` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ պրոֆ. Էկարտ Դ. Շտրատենշուլթեն գրում էր, որ Ադրբեջանի սպառնալիքները սանձահարելու հարցում Եվրոպական Միության դերն առանձնահատուկ պահանջված է, քանի որ հակամարտության կողմերը կապված են Արևելյան գործընկերության ու Սևծովյան համագործակցության միջոցով: «Լավ կլինի, որ նախքան պայթյունը տիկին Էշթոնն արթնանա»,- իր հոդվածն այս բառերով էր եզրափակել պրոֆեսորը:
Իսկ մինչ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը արթնության նշաններ ցույց կտա, ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը պատրաստվում է այս հարցը բարձրացնել ICAO-ի առաջ` ակնկալելով համապատասխան վերաբերմունք Ադրբեջանի հայտարարության նկատմամբ: Հետաքրքրական էին նաև ռազմական փորձագետների կարծիքները, որոնց համոզմամբ ներկայումս Ադրբեջանի ռազմատեխնիկական միջոցները բավարար չեն իրենց խոսում-հայտարարություններն իրականացնելու համար։ Բանն այն է, որ Երևանից Ստեփանակերտ թռիչք կատարող օդանավը խոցելու համար դաշտային պայմաններից ամենամոտիկ ցամաքային սահմանը Աղդամի մերձակայքում տարածված հարթավայրն է, որտեղ հակառակորդը պետք է տեղակայի զենիթահրթիռային C 125 կամ C 200 համակարգեր: Բայց նույնիսկ հնարավոր է, որ C 125-ի հեռահարությունը չբավականացնի խոցելու օդանավը, քանի որ այն նախատեսված չէ ցածրաթռիչք նշանակետերը նման հեռավորության վրա հարվածելու համար: Մի խոսքով, Բաքուն սեփական ժողովրդին հավաստիացումներ է բաժանում` առանց դրանց գործնական կիրառության շանսերն ունենալու:
Միանգամայն այլ թեմա են այդ կարգի գործողությանը հաջորդող հետևանքները: Միջազգային պրակտիկայում բացի ահաբեկչությունից, գրեթե չկան դեպքեր, որ որևէ պետություն դիտավորյալ կերպով քաղաքացիական չվերթի օդանավ կործանի: Նույնիսկ արձանագրված պատահական դեպքերն են ժամանակին շատ լուրջ միջպետական ճգնաժամերի առիթ դարձել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե նրանք որոշեն այնուամենայնիվ իրագործել իրենց արկածախնդրությունը, ապա դա պարզապես կվերածվի ռազմական խոշորածավալ բախման: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հստակ հայտարարություն է արել. «Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»:
Ավելորդ չէ հիշել նաև այն մասին, որ մինչ օրս Երևանից Արցախ իրականացվել ու իրականացվում են տարատեսակ թռիչքներ, սակայն ոչ մի անգամ անհրաժեշտություն չի ծագել ոչ թույլտվություն հարցնել Բաքվից, ոչ էլ առանձնապես անհանգստանալ այդ թռիչքների անվտանգությամբ: Այնպես որ Ադրբեջանի ներկա սպառնալիքները և ուշացած են, և չկշռադատված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ստատուս-քվոն տարբերակ չէ

17 Մրտ

Երբ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելելու են տարածաշրջան, ղարաբաղցիները սկսեցին կռահումներ անել այն մասին, թե արդյո՞ք այս անգամ նրանք կժամանեն Ստեփանակերտ: Արցախում վաղուց են այն համոզմանը, որ Մինսկի խումբն իրականում ասելու ոչինչ չունի իրենց ու միևնույն ժամանակ չի ցանկանում լսել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Այդ պատճառով էլ, հենց բանը հասնում է դեմ առ դեմ քննարկումներին, միջնորդները, վկայակոչելով եղանակային վատ պայմանները, անմիջապես հրաժարվում են գնալ ԼՂՀ:
Սակայն երեկ պարզվեց, որ եղանակն ու համանախագահների տրամադրությունը ներդաշնակ էին, և Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունեց Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին ու Բեռնար Ֆասիեին: Հազիվ թե այս հանդիպմանը հնարավոր լիներ քննության առնել հակամարտության կարգավորմանն առնչվող սկզբունքային ու հիմնարար հարցերը: Նախ, Ղարաբաղը դեռևս տեղ չունի բանակցությունների սեղանի մոտ, և հետո ներկա պահին նրանց համար շատ ավելի կենսական են այսրոպեական հարցերը, քան հեռանկարային մշուշոտ ծրագրերը: Այս իմաստով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրաստակամությունը իսկը նրանց սրտով էր: Ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության և խաղաղության պահպանման գործում, Ղարաբաղի իշխանությունները համանախագահների ուշադրությունը հրավիրեցին հատկապես վերջին շրջանում մահվան ելքով սահմանային բախումների հաճախակիության վրա: Իսկ սա բացառելու համար Մինսկի խումբը կարող է օգտագործել իր իրավասության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները` Բաքվի ապակառուցողական դիքորոշումը փոխելու նպատակով: Նախագահ Բակո Սահակյանի համոզմունքն այս հարցում անփոփոխ է. եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որևէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:
Ասել, թե Ստեփանակերտում այս և մյուս հարցերում ընդգծված լավատեսություն կա, սխալ կլինի: Նույնիսկ այն միտքը, որ հենց խոսք գնա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին ու սկսվի անմիջական բանակցային գործընթացը, Ղարաբաղը պարտադիր կներգրավվի այդ գործընթացում, այստեղ այնքան էլ իրատեսական չեն համարում: Փոխարենը լրջորեն զայրանում են, երբ խնդրի հետ որևէ առնչություն չունեցող երկրներ հանկարծ որոշում են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ և միջամտել առանց այդ էլ հազիվ-հազիվ տեղաշարժվող պրոցեսներին: Ղարաբաղցիների համար նման տհաճ անակնկալ էր Լիտվայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը, նրանց կարծիքով, միայն բացասաբար կազդի, քանի որ երրորդ երկրների սուբյեկտիվ կարծիքը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Իսկ մինչ այդ Մինսկի խումբը շարունակում է Բաքվում և Երևանում հանդիպումներ ունենալ այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ` քննարկվելով Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները: Դրա հետ մեկտեղ համանախագահները կողմերին ներկայացրեցին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացրած դիտարկման եզրակացությունը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի առաջարկով ԵԱՀԿ-ի դիտարկման խումբը 2010 թվականի հոկտեմբերին ուսումնասիրություն էր անցկացրել Ղարաբաղին հարող շրջաններում: Եվ այժմ եկել է դրանց ամփոփման ժամանակը: Ճիշտ է, հիշյալ փաստաթղթի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում, ինչը, ըստ հեղինակների, ունի իր բացատրությունը: «Մենք որոշել ենք չհրապարակել զեկույցը, քանի դեռ բոլոր կողմերը չեն ծանոթացել փաստաթղթի բովանդակությանը, որից հետո համանախագահները և կողմերը զեկույցի բովանդակությունը կքննարկեն հաջորդ հանդիպմանը»,- իրենց գաղտնապահությունն արդարացնող պարզաբանումներ տվեցին միջնորդները:
Իսկ քանի դեռ մի փաստաթուղթը փակի տակ է, կարելի է ողջ ուշադրությունը բևեռել մյուսի վրա` առաջնային դարձնելով ԵԱՀԿ-ի դիտարկման խմբի զեկույցը, ինչպես նաև լուրջ քննարկում ծավալել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների հեռացման կարևորության շուրջ։ Երևանում ու Բաքվում փոխադարձ մեղադրանքների պակաս չկա: Մինսկի խմբի անդամները այժմ համբերատար լսում են նրանց և այնուհետև նկատում. «Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պայմանագիրը։ Արդեն ավելի քան երկու տարի կողմերին խնդրում ենք հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Եթե մեզ լսեին, այսպիսի միջադեպեր չէին լինի»:
Այժմ որևէ երաշխիք չկա, թե սահմանի երկու կողմերում անմիջապես կլսեն նրանց հորդորը: Իսկ Մինսկի խումբը դեռ կշարունակի պնդել իր կարծիքը:
Եվ կարծես այն բանի համար, որպեսզի համանախագահները տարածաշրջանում իրենց ավելի վստահ զգան, համարյա միաժամանակ հայտարարություններով հանդես եկան Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն ու Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: «Եվրոպական միությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ ստատուս-քվոն տարբերակ չէ»,- իր ղեկավարած կառույցի տեսակետը ներկայացրեց Բարոզուն: Իր հերթին Եժի Բուզեկին ասաց. «Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»:
Այս բարի մտադրությունները կյանքի կոչելու թանկ գինը վճարելու են ոչ թե եվրոպացիները, այլ մենք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զարմանալի տեղաշարժեր

12 Մրտ

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Հայաստանի նախագահը հեռուներից մեծ անակնկալ մատուցեց ոչ միայն տեղի լսարանին, այլև մեզ: Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»: Հազիվ թե հաջողվի վերհիշել մեկ այլ դեպք, երբ մեր երկրի ղեկավարը բարձրաձայնել է գործընթացում նշմարվող տեղաշարժերի մասին: Ավելին, մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները, Սարգսյանը նշեց. «Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա»: Սա ևս աննախադեպ երևույթ է: Բաքվին մշտապես ապակառուցողական պահվածքի համար մեղադրող Երևանն առաջին անգամ չի ժխտում այն փաստը, որ նկատելի են լուրջ տեղաշարժեր և դեռ հավելում է, թե երեք հիմնարար սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում) շուրջ համաձայնության հասնելուց հետո կարելի կլինի սկսել բանակցությունների նոր փուլ, որի ընթացքում արդեն շատ հարցեր կմանրամասնվեն, հնարավոր կլինի քննարկել դետալները:
Եթե այս մասին խոսեր միայն հայկական կողմը, դեռ կարելի էր մտածել, որ վերջինս ընդամենը հավելյալ հույսեր է փայփայում և կամ սեփական դիրքերից է գնահատում ստեղծված կացությունը: Սակայն նույն օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Սոչիի հանդիպմանը հայկական կողմի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում էր վերջին մեկուկես տարիներին բանակցային գործընթացում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներից, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին փաստեց, թե «աննշան, բայց դրական փոփոխություններ են նկատվել պաշտոնական Երևանի դիրքորոշումներում»: Կնշանակի` այնուամենայնիվ ինչ-որ բան իրոք տեղի է ունեցել: Թե ինչ` դեռևս անհայտ է, բայց կա մի բեկում, որը խորանալու և ընդարձակվելու միտումներ ունի:
Լուրջ տեղաշարժի հաջորդ վկայություն կարելի է համարել այն, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ու իրենց խորը մտահոգությունը հայտնեցին Սոչիի բանակցություններից առաջ և հետո շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: «Նման անիմաստ գործողությունները, եթե դրանք հաստատվեն, կհակասեն ուժի կիրառումից զերծ մնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու` կողմերի հանձնառությանը»,- ասված էր նրանց` Վիլնյուսում տարածված հայտարարությունում: Այդ կապակցությամբ համանախագահները խնդրել էին ԵԱՀԿ-ի նախագահի անձական ներկայացուցիչ, դեսպան Անջել Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել: Գոնե հայկական կողմին չէր կարող չուրախացնել ու չհուսադրել Մինսկի խմբի այդքան օպերատիվ արձագանքը: Տվյալ պարագայում խոսքը ոչ միայն սոսկ առանձին դեպքերին էր վերաբերում, այլև Սոչիում ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի այսուհետ պետք է հետաքննություն անցկացնել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասով: Ի դեպ, նմանօրինակ առաջարկով հանդես էր եկել հենց Հայաստանը։
Հաջորդ մեծ անակնկալը այն լուրջ փոփոխություններն էին, որ անսպասելիորեն սկսեցին նշմարվել Ֆրանսիայի պահվածքում: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վերջին շրջանում փոքր-ինչ պասիվ, եթե չասենք անտարբեր դերակատարություն ուներ ղարաբաղյան կարգավորման գործում: Եվ հանկարծ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ, դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում ու կոչ է անում բոլոր կողմերին` առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Սրանից զատ Փարիզն ընդգծում էր, որ «միայն բանակցությունները կարող են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակշռված քաղաքական լուծման, և որ այս հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»: Խոստովանենք, որ վերջին բառերը հնչում են ոչ այնքան հիշեցման, որքան նախազգուշացման շեշտադրմամբ:
Սակայն հիշյալ հայտարարությունը դեռ ամբողջը չէր: Այնուհետև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, ով այդ գերատեչության ղեկավարությունը ստանձնել է տասն օր առաջ, հարկ համարեց խոսել ԼՂ հարցի կարգավորման սկզբունքների մասին` առանձնապես ընդգծելով հետևյալը. «Անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հակամարտության ցանկացած կարգավորման հիմնարար սկզբունքն է»:
Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնենք, որ դրա նախօրեին ֆրանսիական խորհրդարան էր այցելել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` փոխանցելու իր ակնկալիքները Ֆրանսիայից` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Իրադարձությունների այս անսպասելի և արագ զարգացումների հաջորդ վկայությունը կարող է դառնալ այն, որ արդեն մարտի 15-ին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան` կոչ անելու կողմերին լիարժեքորեն համագործակցել շփման գծում անցկացվելիք հետաքննությանը: Հարմար առիթն օգտագործելով Երևանը պնդում է, թե ճիշտ ժամանակն է, որպեսզի խոսվի սահմանից դիպուկահարներին դուրս բերելու մասին, ինչը թույլ կտա խուսափել միջադեպերից ու բարենպաստ մթնոլորտ կստեղծի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Կողմերի լուրջ մտադրությունների ևս մի վկայություն կարելի է համարել այն փաստը, որ մոտ ժամանակներս չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Դրա նախաձեռնությունը կարող է բխել ռուսական կողմից, քանի որ Սերգեյ Լավրովն արդեն նման առաջարկ հնչեցրել է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Տեղաշարժ և ոչինչ ավելի

7 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր այժմ փորձում են որևէ բան ասել Սոչիում ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացված հերթական եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, առաջին հերթին ստիպված են արձանագրել այն, որ փոքրիկ առաջընթաց լինելով հանդերձ, դրանք այնուամենայնիվ այլ բան չէին, քան կես տարվա վաղեմություն ունեցող պայմանավորվածությունների վերահաստատում: Նախորդ տարվա հոկտեմբերին Աստրախանում ստանձնած պարտավորություններն այժմ համարյա անփոփոխ կերպով տեղ գրավեցին հայտարարության նոր տեքստում, որով Ադրբեջանն ու Հայաստանը դարձյալ խոստանում էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, ինչպես նաև ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով: Շփման գծում կրակի դադարեցման, այնտեղ արձանագրված միջադեպերի շուրջ համատեղ ուժերով հետաքննություն անցկացնելու և այդ գործին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մասնակից դարձնելու հավաստիացումները առավել քան անիրգործելի և անպտուղ միջոցառումներ են, այդ իսկ պատճառով էլ հայտարարության այս կետը նվազ ուշադրության և վստահության պիտի արժանանա: Եվ ստացվում է, որ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ձեռքբերումը առայժմ մնում է հակամարտող կողմերի` բանակցային գործընթացը շարունակական դարձնելու ոչ այնքան ընդգծված, սակայն նախապատվելի հակումը:
Այդ ամենի փոխարեն Սոչիում հնարավորինս անկաշկանդ ու անմիջական մթնորորտի պահպանումը ռուսական կողմի կարևորագույն խնդիրներից մեկն էր: Ճիշտ է, բուն բանակցություններն ընթացան փակ դռների ռեժիմով, և կարևորագույն մանրամասների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, բայց այնուհետև լրագրողներին տեղեկացվեց, որ երեք նախագահների զրույցը շարունակվել է աշխատանքային ճաշի ժամանակ: Օրվա երկրորդ կեսն էլ ավելի հետաքրքիր և ինքնատիպ էր: Նախագահներն այցելեցին «Կրասնայա Պոլյանա» լեռնադահուկային հանգստավայր: Այնտեղ նրանք հանեցին իրենց փողկապները, հագան մարզական համազգեստ, միասին սրճեցին, Դմիտրի Մեդվեդևը մի քանի անգամ լուսանկարեց Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին միասին, որից հետո նախագահական եռյակը ճոպանուղիով բարձրացավ Պսեխակո լեռը: Երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նոր միայն հրաժեշտ տվեցին Սոչիին: Իսկ հաջորդ օրը համանախագահների հետ տեսակցեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները: Հատկանշական է, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այդպես էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենից: Առաջին հերթին այն, որ Ռուսաստանն ըստ ամենայնի փորձում է հավատարիմ մնալ ինքն իրեն: Մեդվեդևի միջնորդական նախաձեռնությունը վերջինիս համար ապահովում է երկու նպատակի կենսականությունը: Մի դեպքում նա շեշտում է, որ տարածաշրջանը շարունակում է մնալ իր վերահսկողության ներքո, մյուս կողմից էլ անուղղակիորեն ցուցադրում է, որ ղարաբաղյան հարցի լուծման բանալին պահում է իր ձեռքում:
Գալով այն խնդրին, թե Սոչիի բանակցությունները որքանո՞վ կնպաստեն սահմանային գոտում լարվածության լիցքաթափմանը, և արդյո՞ք իրատեսական է կարծել, թե սրանից հետո Ադրբեջանը շփման գծում այլևս չի դիմի սադրիչ գործողությունների, այս հարցին հազիվ թե հնարավոր լինի դրական պատասխան տալ: Հենց միայն այն փաստը, որ բանակցությունների նախօրեին ադրբեջանցիների դիպուկահարի կողմից հայ զինծառայող սպանվեց, իսկ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել էր շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել էր ավելի քան 1200 կրակոց, լավագույն վկայությունն էին ապագայի մասին Բաքվի ոչ այնքան մխիթարական պատկերացումների: Ի վերջո, եթե ներկա պահը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա պիտի նկատենք, որ բանակցությունները այդպես էլ Ալիևին ոչինչ չխոստացան: Հետևաբար մնում է ենթադրել, որ այսպես կոչված դիվանագիտական ձեռքբերումների բացակայությունը նա պիտի փոխհատուցի նմանօրինակ սադրիչ գործողություններով և այդ ամենը իր երկրի քաղաքացիներին իբրև ռազմական գերազանցության ապացույց ներկայացնելով:
Ինչ վերաբերում է գործընթացի ընդհանուր պատկերին և դրա հեռանկարներին, ապա թերահավատության ոչ պակաս մեծ չափաբաժին է կուտակված նաև Հայաստանում: Մեզ մոտ առաջին հերթին գերիշխող է դառնում այն մտայնությունը, որ շոշափելի հաջողությունները շարունակելու են մնալ յոթ սարից այն կողմ: Իսկ որպեսզի տեղաշարժ լինի, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայտարարել, թե հայկական կողմն այսուհետ առանց Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի հետ որևէ հարց չի պատրաստվում քննարկել: Հակառակ պարագայում թե միջնորդները, թե բանակցողները դատապարտված են անվերջ խոսելու հարցերի մի շրջանակի մասին, որոնց մեջ լուծման եզրեր չեն երևում:
Աննկատ անցնել չի կարող նաև միջնորդների կրավորական պահվածքը: Մեկ անգամ չէ, երբ հնարավոր բոլոր հնչերանգներով ասվել է այն մասին, թե քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն ու հայտարարությունները չեն կրում կոնկրետ հասցեական բնույթ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ արձագանք չի տվել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, շարունակություն է ունենալու ինչպես Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, այնպես էլ շփման գծում դիպուկահարների, դիվերսանտների օգտագործման մարտավարությունը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ այժմ նույնիսկ Երևանում են հնչում կասկածներ, թե բանակցությունների այս ձևաչափերն այնքան էլ արդյունավետ չեն ու կամա թե ակամա մղում են դեպի փակուղի:

Հովիկ Չարխչյան

Բանակցություն հանուն բանակցության

4 Մրտ

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մինչ այս պահը ըստ էության ոչ ոք հստակ չգիտե, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են ընթանալու նոր բանակցությունները: Հայտնի է միայն այն, որ հունվարին երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ օրակարգում եղած մի քանի հարցեր մնացել էին բաց, և այդ ժամանակ որոշում էր կայացվել դրանց քննարկումը շարունակել Սոչիում:
Նախաձեռնող կողմն այս ընթացքում հարկ է համարել տեղեկացնել, որ սպասվող հանդիպումը կորոշի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Պետք է նկատել, որ ճիշտ նույն ձևակերպումն էր գործածվում նախորդ տարի տեղի ունեցած բոլոր եռակողմ ձևաչափով հանդիպումների համար` և հունվարի 25-ին` Սոչիում, և հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում, և հոկտեմբերի 27-ին` Աստրախանում: Ու ինչպես այն ժամանակ էին ռուսները կարծում, որ այդ շփումները թույլ տվեցին մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ու նպաստեցին վստահության միջոցների ամրապնդմանը, այդպես էլ այժմ նրանք գտնում են, որ մարտի 5-ին կայանալիք հանդիպմանը նախագահները հնարավորություն կունենան վերլուծելու, թե ինչպես է ընթացել աշխատանքը գագաթաժողովների միջև ընկած ժամանակահատվածում և որոշելու ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծման տարբերակները:
Իսկ այս ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զանազան ենթադրություններ են հնչում հնարավոր արդյունքների և կամ դրանց բացառման մասին: Իբրև առավել նախընտրելի ձեռբերում, առաջին հերթին ասվում է, որ Սոչիում փորձ կլինի նվազեցնելու շփման գոտում սրվող լարվածությունը: Ոչ առանց հումորի, նկատում են նաև, թե նախորդ հանդիպումներից միակ տարբերությունը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը այս անգամ չի փախչի այնպես, ինչպես վարվել է մի քանի անգամ:
Հայաստանի իշխանությունները կարծում են, որ մարտի 5-ին կողմերը փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել և դրական տեղաշարժ է լինելու ԼՂ բանակցություններում: Դրա հետ մեկտեղ հարկ են համարում հիշեցնել, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ, այն է`պատրաստակամությունը բանակցելու 3 սկզբունքների շուրջ` ուժի չկիրառում, ժողովրդի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Մնալով այն կարծիքին, որ Սոչիում հազիվ թե որևէ հռչակագիր ստորագրվի, փոխարենը նրանք հակված են մտածելու, որ գոնե կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի շփման գծում հանդարտություն պահպանելու շուրջ, ինչը ևս նշանակալի առաջխաղացում կհամարվի:
Այս տեսակետները կիսում են նաև Ղարաբաղի իշխանությունները, սակայն որոշակի լրացումներով: Վերջիններս ընթացիկ տարում ստատուս քվոյի փոփոխության որևէ հիմք չեն տեսնում` ելնելով այն ակնհայտ իրողությունից, որ ներկա պահին չկա մի այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի հիմնարար փաստաթուղթ ստորագրել: Իսկ դա, ըստ Ստեփանակերտի, կարող է լինել միայն այն դեպքում, երբ բանակցային գործընթացին կմասնակցի ղարաբաղյան կողմը: Սրան պետք է հավելել նաև այն գլխավոր փաստարկը, ըստ որի կողմերի դիրքորոշումներում էական մերձեցում չի նկատվում: Եվ պատահական չէր, որ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այդ առթիվ իր դիտարկումները ներկայացնելիս առանձնակի շետադրությամբ ընդգծեց, թե ԼՂ հարցի միակ լուծումը կարող է լինել հակամարտող կողմերի կայացրած քաղաքական որոշումը:
Սոչիի հանդիպումն առավել ընդարձակ համատեքստում դիտարկելու կողմնակիցների համար վերստին բանավեճի նյութ է դառնում ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների խնդիրը: Այդ իսկ պատճառով էլ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եթե ներկա պարագայում Ռուսաստանի համար Ղարաբաղի հարցը իր աշխարհաքաղաքական շահերի հետ կապված խնդիրների լուծում է նախանշում` ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում, ապա Միացյալ Նահանգների համար այդ խնդիրն ունի ավելի գլոբալ նշանակություն: Սակայն այս տեսակետի պաշտպանները նաև չեն բացառում, որ որոշ փուլերում հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունների ներդաշնակեցում:
Գալով Ադրբեջանի պատրաստակամության աստիճանին, հարկ է նկատել, որ ինչպես շատ անգամներ, այս դեպքում նույնպես Ալիևը պատրաստվում է ուղևորվել Սոչի դատարկ թղթապանակով: Նրա որդեգրած մարտավարությունը վաղուց է հայտնի` խուսափել ամեն կարգի պատասխանատվությունից և բոլոր դեպքերում մատնացույց անել հարևանին: Այս կարգի «չեզոք» պահվածքի հակիրճ ձևակերպումն օրերս հրապարակեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման արդյունքները «կախված են Երևանից»: Փոխարենը շատ ավելի լավատես գտնվեցին Միլի մեջլիսի պատգամավորները, որոնց կարծիքով բացառված չԷ, որ կողմերը ընդհանուր հայտարարի կգան հակամարտության լուծման հարցում:
Առայժմ հստակ է հետևյալը. ինչ էլ կատարվի Սոչիում, և եթե նույնիսկ այնտեղ հրաշքով մի փաստաթուղթ ստորագրի, որով կողմերը կբացառեն ուժի կիրառումը, դարձյալ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր ռազաշունչ հայտարարությունների ոգուն: Եվ այդ դեպքում մեզ այլ բան չի մնում, քան ներկա պահին բավարարվել նվազագույնով ու կրկնել, որ գոնե բանակցությունների իմիտացիան նախընտրելի է դրանց բացակայությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դարձյալ մի քանի էջ` Wikileaks-ից

24 Փտր

Wikileaks-յան թղթապանակների անսպառ պարունակությունից վերջին օրերին դուրս սպրդեցին ևս մի քանի գաղտնի էջեր, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում էին Հայաստանին ու մեր խնդիրներին: Կարելի է նաև ենթադրել, որ այդ փաստաթղթերի հրապարակումը հենց այս պահին` Սոչիում կայանալիք Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ, ոչ միայն պատահական չէր, այլև խիստ «օրինաչափ», միայն թե դրանից խնդրի էությունը քիչ է փոխվում, քանի որ արծարծվող հարցերը հենց նոր չծնվեցին, իսկ ընդհանուր դիրքորոշումներն ու գնահատականները դեռևս չեն կորցրել իրենց թարմությունը:
Թեև այս փաստաթղթերում երևույթներն ու իրադարձություններն արտացոլված են ամերիկյան տեսանկյունից, սակայն նշանակալին պետք է համարել տարածաշրջանային զարգացումների համատեքստում կողմերից յուրաքանչյուրի դերակատարությունը, որոնցում նախկինի պես գերազանցում է հակասությունների չափաբաժինը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք առանցքի շուրջ նախապատվելի կողմնորոշումներ որդեգրելու մրցակցությունը: Այդ իսկ պատճառով էլ դիվանագիտական գրիչն արձանագրել է նույնիսկ աննշան թվացող մանրամասներ`առաջնորդվելով այն ճշմարտությամբ, որ մեծ հետևանքների հիմնավորումները փնտրել է պետք փոքր շարժառիթների մեջ:
Գաղտնազերծված գրագրության մի հատվածի հեղինակը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին է` պետքարտուղարությանը հասցեագրած իր զեկույցներով ու տեղեկատվությամբ: Դրանցից առավել հետաքրքրականը Դերսիի կոնֆիդենցիալ ճեպագիրն է, որ վերնագրված է. «Աջակցելով Իլհամին: Ինչպես համոզել Ադրբեջանին, որ դադարի վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»: Ճիշտ է, նշված հարցի պատասխանը դեսպանն այդպես էլ չի հնչեցնում, բայց փոխարենն ի հայտ է բերում հետաքրքիր եզրահանգումներ, որոնց ձևավորման գործում միայն սեփական դիտողականությունը քիչ պիտի լիներ: Այսպես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը պատերազմի միջոցով ետ վերցնելու Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, դեսպանը գրում է. «Շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ մեծ ուշադրություն դարձնելով իր ռազմական ներուժի հզորացմանը, մոտ ապագայում կարողանա զարգացնել այնքան մեծ և սպառազինված ուժ, որը կկարողանա հաղթահարել տեղանքի այն առավելությունները, որն ունեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական և Հայաստանի բանակները»: Նման գնահատականն, անշուշտ, կառուցված է հնարավորությունների իրատեսական համադրությամբ, ինչպես նաև հաշվի են առնված երկրի ներսում առկա տրամադրությունները: Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել Վաշինգտոնի ակնհայտ բացասական վերաբերմունքը ուժ կիրառելու միջոցով հիմնահարցը հանգուցալուծելու տարբերակի հանդեպ, ինչը բոլորովին չի բխում Կովկասում ԱՄՆ շահերից:
Ճիշտ է, Wikileaks-ի հրապարակած փատաթղթերը գերազանցապես վերաբերում են 2009 թ. իրավիճակին, սակայն անցած ժամանակի մեջ քիչ բան է փոխվել ինչպես Բաքվի հռետորաբանության, այնպես էլ գործողությունների բնույթի իմաստով: Բացառություն են կազմում հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այժմ սառեցված են, բայց նույնիսկ հիշյալ հանգամանքի պարագայում կարևոր է մնում վերջինիս պահվածքը: Անդրադառնալով Երևան- Անկարա շփումներին և Բաքվի կողմից դրա հակազդեցությանը, ԱՄՆ դեսպանն նույն օրերին գրել է. «Բաքուն մեծապես վախեցած է հայերի վրա իր կարևորագույն լծակը՝ Թուրքիայի հետ փակ սահմանը կորցնելուց, և կարծում է, որ Սարգսյանն ավելի քիչ մոտիվացիա կունենա Բաքվի հետ բանակցելու հարցում, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում որևէ բան կորզելու, Բաքվում դիտվում է որպես դավաճանություն»:
Թուրքիային սեփական քաղաքական նպատակների պատանդ դիտարկելու ադրբեջանական գործելաոճը նոր չէ, ինչպես որ հանրահայտ է Բաքվի բարեկամության ձևը` հավատարմություն շորթել` փոխարենը ոչինչ չտալով: Այս իմաստով Ադրբեջանը մշտապես դժգոհ է ամենքից և ամեն բանի համար: Ահա, օրինակ, ԱՄՆ դեսպանը պատմում է 2009 թ. Ալիևի հետ ունեցած իր մի հանդիպման մասին, որի ժամանակ Ալիևը կշտամբել էր ԱՄՆ–ին՝ ասելով, թե Սպիտակ տունը արհամարհում է Ադրբեջանի շահերը և հաշվի չի առնում, որ Վաշինգտոնին հետաքրքրող հարցերում Բաքուն միշտ ամերիկացիների կողքին է եղել։ Այս գանգատի շարժառիթներից մեկը մասնավորապես վերաբերել է նրան, թե իբր Ղարաբաղյան հարցը դուրս է մղվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, և Միացյալ Նահանգները պատասխանատվության իր բաժինն ունի:
Սակայն այլ բան է այս կամ այն խնդրի առնչությամբ դժգոհություններ արտահայտելը, և բոլորովին այլ բան, թե Բաքուն իրականում ինչպես է տեսնում իր հարաբերությունները Արևմուտքի հետ: «Ալիևը կարծում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը դրական արդյունքներ չի տա՝ դատելով Ուկրաինայի ու Վրաստանի փորձից, որտեղ դա հանգեցրեց անկայունության, և Թուրքիայից, որտեղ արդյունքը եղավ շրջադարձը դեպի իսլամ»,- գրում է դեպանը, իսկ մեկ ուրիշ առիթով պետքարտուղարությանը հաղորդում է հետևյալը. «Ադրբեջանը համոզված չէ, որ Արևմուտքը հուսալի գործընկեր է։ Ավելին, Վրաստանի հետ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ռուսաստանի, և այժմ Ռուսաստանն իրական հնարավորություններ ունի փոխելու վերջին 15 տարիների Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»:
Իհարհե, ռուսներ դեռ չեն հասցրել վերաձևել Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորը, սակայն Բաքվի այս կտրուկ գունափոխությունը սոսկ ամերիկացիների պատվախնդրությունը չէ, որ պիտի խոցի: Անհուսալի գործընկերոջ (առավել ևս` դաշնակցի) համբավի ձևավորումը վաղ թե ուշ կունենա իր համարժեք վերաբերմունքը, և դա`արդեն ոչ միայն WikiLeaks-ի ջանքերով կամ զանազան կարգի գրագրությունների տեսքով, այլ շատ ավելի առարկայական ու ծանր արձագանքի ձևով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

24 Փտր

Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը

«Միշտ և բոլոր առումներով` Ղարաբաղը: Դա պատմության խնդիր է, իսկ ժողովրդավարությունը` կեցության»,- Ղարաբաղ, թե Հայաստանում ժողովրդավարության հաստատում խնդրին անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Այդուամենայնիվ, ըստ Չարխչյանի, դրանք միմյանց հետ այդքան էլ կապված չեն. «Կարելի է պահպանել Ղարաբաղը, բայց նաև նպաստել ժողովրդավարության հաստատմանը:
Նրանք, ովքեր ասում են այդ բանը, ընդամենը զբաղվում են դեմագոգիայով»:
Չարխչյանի խոսքերով, դրանք կարող են մեկը մյուսին խթանել. «Ղարաբաղում ձեռք բերված հաղթանակը անպայման կնպաստի ապագայի հանդեպ հասարակության վստահության աճին: Իսկ ժողովրդական կառավարման ձևերը թույլ կտան ավելի ճկուն լինել ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ ռազմական խնդիրներ լուծելիս: Միշտ հաղթում է այն երկիրը, ով առավելապես ազատ է, ինքնիշխան ու ունի մեծ նպատակների գնալու վճռականություն»:

Տոնը մարդկանց հոգում է և ոչ շնորհավորական ուղերձներում

«Ըստ էության այնքան էլ սխալ չի ասել: Կարմիր բանակը ստեղծվել է 1918թ. փետրվարի 23-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում այդ տոնը վերանվանվեց, իսկ հայերը դա ընդունեցին «ի գիտություն»: Ուզենք, թե չուզենք` դա մեր պատմության մի մասն է, որից հրաժարվել չենք կարող»,- անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Նշենք, որ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, թե սա Կարմիր բանակի տոնն է, և այսօր իրենք բարեկամ Հայաստանի հետ տոնում են այս խորհրդանշական օրը:
Չարխչյանի գնահատմամբ, խնդիրն այն է, թե մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ տեսանկյունից է հարցը դիտարկում. «Եթե մենք դա հիշում ենք մի տեսակ ստրկահաճո կարոտաբաղձությամբ, դա այլ բան է: Իսկ եթե նշում ենք այնպես, ինչպես, օրինակ, մայիսի 9-ին ենք տոնում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, այսինքն` որպես ընդհանուր պատմության մի դրվագ, դա շատ բնական է»:
Հրապարակախոսը նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե Հայաստանի կառավարությունն այս կամ այն տոնն ինչպես է նշում. «Տոնը մարդկանց հոգում և մտքերի մեջ պիտի լինի, այլ ոչ թե օրացույցի թերթիկների վրա կամ կառավարության շնորհավորական ուղերձների մեջ»:

Կարևորությունը վերահաստատելու պահանջ

22 Փտր

Հայ- ադրբեջանական հակամարտության գոտում նկատվող վտանգավոր լարվածությունը շուտափույթ լիցքաթափման պահանջ է զգում: Թերևս այդ հրամայականով կարելի է բացատրել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման կազմակերպումը, որը կայանալու է մարտի 5-ին, Սոչիում: Բոլորն էլ հասկանում են, որ այդ բանակցություններից մեծ սպասելիքներ ակնկալելն իրատեսական չէ, և լավագույն դեպքում այն կարող է զսպող գործոնի դեր խաղալ կողմերի համար` հորդորելով ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից և վիճակն ապակայունացնող սադրանքներից: Հիշեցնենք, որ վերջին անգամ նույն ձևաչափով երեք պետությունների ղեկավարները հանդիպել էին նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին, Աստրախան քաղաքում, որտեղ պայմանավորվել էին ռազմագերիների ու զոհված զինծառայողների դիակների փոխանակում իրականացնել: Պայմանավորվածությունն, իհարկե, մնաց թերի և մեկ-երկու գործողությունից հետո նույնիսկ մի տեսակ մոռացության տրվեց` դառնալով վկայությունն այն բանի, որ նույնիսկ առաջին հայացքից պարզ և իրագործելի համարվող հարցերում կողմերը շարունակում են դրսևորել կոշտ համառություն ու փոխադարձ անվստահություն:
Սակայն սպասվող հանդիպմանն առնչվող զարգացումների շարքում առավել հատկանշականն այս պահին մեկ այլ հանգամանք է: Նախ ուզում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Սոչիի եռակողմի մասին լրագրողներին առաջինը տեղեկացրեց ոչ այլ ոք, քան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Դժվար է հասկանալ, թե ինչու է նման առաքելությունը ստանձնում հատկապես Ամերիկայի դեսպանը: Որպես ո՞վ է նա հանդես գալիս տվյալ պարագայում: Նա ոչ կազմակերպիչն է, որ միջնորդը, ոչ կողմերից մեկի ներկայացուցիչը: Այս անհարկի, մի փոքր էլ անպատշաճ միջամտությունը ստիպում է մտածել այն մասին, որ կատարվածն այլ բան չէ, քան ռուսական նախաձեռնությանն իբրև հակակշիռ իրենց ներկայությունը հիշեցնելու ամերիկյան ձև: Ընդ որում, նույն Բրայզան առիթը բաց չի թողել մեկ անգամ ևս հաճոյանալու Բաքվի լսարանին և հայտարարելու, որ պաշտոնական Վաշինգտոնը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չափազանց մեծ նշանակություն է տալիս այդ երկրի հետ հարաբերություներին: «Ես կաշխատեմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը արդարացի լուծում գտնի»,- ասել է նա:
Բրայզան աշխատելու է հանուն արդար լուծման: Բրայզայի համար Ղարաբաղը նրա դիվանագիտական գործունեության առաջնահերթություններից է: Եվ անելու է ամեն ինչ, որպեսզի կողմերը ընդհանուր հայտարարի գան, քանի որ, ըստ Բրայզայի, «Մինսկի խումբը չի կարող որոշում կայացնել կողմերի փոխարեն»: Մի խոքով, Բրայզան կարող է այն, ինչը չի կարող Մինսկի խումբը:
Ռուսական միջնորդությանը «դիմագրավելու» հաջորդ փորձը կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որը սպասվում է փետրվարի 24-ին: Թեև առայժմ պաշտոնապես որևէ բան չի ասվել այցելության նպատակի մասին, սակայն արդեն կա այն համոզմունքը, որ հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Սթայնբերգը նախորդ տարի ևս երկու համանման հանդիպումներ ունեցավ մեր իշխանությունների հետ։ Իսկ այժմ, այն էլ մարտի 5-ից առաջ նրա Հայատան ժամանելը վկայում է, որ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ն չի ցանկանում մնալ ստվերում և իր կարևորությունը վերահաստատելու պահանջ ունի:
Նույն տեսանկյունից կարելի է դիտարկել նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի` օրերս արտասանած ելույթը Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեում, որի ժամանակ վերջինս մասնավորապես ասաց. «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը պոտենցիալ թիրախ է: Ադրբեջանի կառավարությունը գոհ է հայ-թուրքական գործընթացի կասեցումից, սակայն Բաքուն Հայաստանի միջոցով մտադիր է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ադրբեջանի շահերի վրա։ Կողմերի միջև վստահության բացակայությունն ու աճող ռազմական հռետորությունը, ինչպես նաև զինված ուժերի շփման գծի երկայնքով շարունակվող փոխհրաձգությունները մեծացնում են փոքրամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, ինչը կարող է իրադրության սրման հանգեցել»։
Ամերիկացիներն առաջին անգամը չէ, որ խոսում են վտանգների մասին: Հիշենք, թե ինչպես նույն հետախուզական ծառայության պատասխանատուները ժամանակին նույնիսկ պատերազմի վերսկսման ամսաթվեր էին նշում: Իսկ ընդհանրապես, հանրահայտ է ամեն բան չափից ավելի դրամատիզացնելու և այնուհետև փրկության հասնելու նրանց թուլությունը: Ահա ևս մի ամերիկացի դիվանագետ, նախկինում`Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, իսկ այժմ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Ռոսս Ուիլսոնը հատկապես այս օրերին իր անհանգստությունն է հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նա կարծում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում և կա անհրաժեշտություն մեծացնելու ԼՂ իրադրության վերաբերյալ ներկա պահին շատ փոքր նշանակություն ունեցող միջազգային դիտարկումները։ «Հակառակ դեպքում աճում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրավիճակի սաստկացման հնարավորությունը»,- իր նախարդների ոգով եզրափակում է նա:
Եվ վերջապես, ԱՄՆ Կոնգրեսում հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ասես ամփոփելով բոլորի մտքերը, օրերս իր ելույթներից մեկի ժամանակ ուղղակի հայտարարեց. «Ես կցանկանայի ընդգծել, որ Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է թեկուզ նրա համար, որպեսզի Հայաստանի անվտանգությանը ոչինչ չսպառնա»:
Նման սրտացավությունը, այն էլ Սոչիում կայանալիք եռակողմ բանակցություններից առաջ, ոչ միայն հասկանալի էր, այլև կանխատեսելի: Եվ մինչ Վաշինգտոնում կորոշեն, թե մեր անվտանգությունն ապահովող ներկայությունն այս անգամ ինչ կերպարանք պիտի ունենա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն`Սանկտ Պետերբուրգում հանդիպելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես ասում են, մեծ նախաձեռնություններից առաջ հարկ է ժամացույցի սլաքներն ուղղել գործընկերոջ հետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞ր մի ասածին հավատաս

14 Փտր

Իրանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները սիրում են ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնել իրենց ներկայությունը և նման առիթների դեպքում հատկապես ընդգծված շեշտադրությամբ խոսել տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին: Նախապատվելի թեմաներից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է, ինչի շուրջ հնչեցված դատողությունները սահմանի այս կողմում մշտապես ընկալվել են իբրև պաշտոնական Թեհրանի սկզբունքային տեսակետ: Այդ տարատեսակ ասույթները մեզ երբեմն ոգևորում են, երբեմն զայրացնում, բայց ավելի հաճախ դրանք տարակուսանք են հարուցում այն պարզ պատճառով, որ հակված են շատ արագ փոփոխվել ու վերանայվել: Այս հանգամանքը ևս կարող էր մեծ զարմանքի պատճառ չհանդիսանալ` պայմանավորված նրանով, որ իրավիճակային զարգացումներն իրենց հետ կարող էին բերել միանգամայն նոր լուծումներ ու մոտեցումներ: Բայց արի ու տես, որ տվյալ պարագայում խոսքը բոլորովին էլ դրա մասին չէ, այլ ընդամենը նույն ժամանակի մեջ մեկը մյուսին հակասող, լիովին տարբեր կարծիքների, որոնք սակայն բխում են մեկ ընդհանուր աղբյուրից և, հետևաբար, չեն կարող ընկալվել այլ կերպ, քան որոշակի քաղաքական խաղի արդյունք: Վերջին մի քանի օրերին մենք հնարավորություն ունեցանք հերթական անգամ այդ երկիմաստ պահվածքի ականատեսը լինելու:
Ստացվեց այնպես, որ Ղարաբաղի մասին միաժամանակ խոսեցին միանգամից երեք ու ևս մեկ` արդեն նախկին իրանցի դեսպան: Առաջինը Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռզա Սաջադին էր, երկրորդը` Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մամեդբահիր Բահրամին, երրորդը Հայաստանում հավատարմագրված Սեյեդ Ալի Սաղայանը և վերջապես մեր երկրում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Դժվար է հավատալ, որ այս «քառաձայն երգչախումբը» զուտ պատահականության բերումով համատեղվեց կարճ ժամանակի և կոնկրետ նյութի շուրջ: Կասկածից վեր է, որ սա հրաշալի ծրագրված քայլ էր, և հազիվ թե անհետևանք մնա:
Ռուսաստանում պաշտոնավորող Ռզա Սաջադին հավաստիացրեց, թե իր երկիրն անում է ամեն հնարավորը ԼՂ խնդրի կարգավորման համար: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ հակամարտող կողմերը խնդրել են Իրանին միջնորդի դեր ստանձնել և «մենք սրտանց արել ենք դա, դրա համար էլ մենք հիմա էլ ինքնուրույն կամ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ միասին ձգտում ենք օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին»:
Այն, որ Իրանը խոսում է լայն հանրությանն անծանոթ օգնության մասին, սա դեռ հստակեցման կարիք ունի: Բայց երբ դեսպանը ակնարկում է նաև Թուրքիայի օժանդակության մասին, ստիպված ես լինում
կասկածել արտասանված խոսքերի ճշմարտացիությանը: Սակայն Սաջադին միայնակ չէ իր համոզմունքների հետ: Անմիջապես նրան է ձայնակցում Հայաստանում Իրանի դեսպանը, որը բացառելով Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման հավանականությունը` անմիջապես էլ բացում է փակագծերը` խոսքն այսպես հիմնավորելով. «Որովհետեւ նախ` չկան պատերազմի վերսկսման նախադրյալները, և երկրորդ` տարածաշրջանի ազդեցիկ ուժերը` ՌԴ, Իրանը, Թուրքիան և անգամ Մինսկի խմբի երկրները չեն թույլ տա, որ նման բան տեղի ունենա»: Ստացվում է, որ մեր փխրուն խաղաղության համար այս անգամ էլ մեծապես պարտական ենք Թուրքիային: Թե ի՞նչ նպատակների համար է արվում Անկարայի դերի միտումնավոր գերագնահատումը` հասկանալի է դառնում միայն այն դեպքում, երբ լսում ենք, թե Թեհրանը ու՞մ է ցանկանում ներկայացնել որպես հակակշիռ Թուրքիային: Այս անգամ խոսքն առնում է Ադրբեջանում Իրանի դեսպանը, որը խոսելով 1990–ականներին Ղարաբաղի խնդրով Իրանի անհաջող միջնորդության վերաբերյալ, այդ ձախողման համար ուղղակի մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։ «Եթե այս երկու երկրները չմիջամտեին, ԼՂ հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»,-ասում է նա։
Քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, առավել ևս այս կարգի կասկածելի «եթե»-ներ: Միայն թե պարսիկ դիվանագետների մատուցած անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Դրանցից ամենահետաքրքիրը պետք է համարել հեռակա այն «գոտեմարտը», որ նույն օրը և գուցե թե նույն ժամին մղեցին Սաղայանը` Երևանից և Բահրամին` Բաքվից:
Երևանում Իրանի դեսպանը սկսեց այն բանից, որ անխնա քննադատեց Ադրբեջանին թե նրա համար, որ երկիրն այդքան մեծ զենքի կուտակում ունի, թե նրա համար, որ Բաքուն անիմաստ տեղն է փորձում Ղարաբաղյան պատերազմին կրոնական բնույթ հաղորդել: Իսկ հետո նա անցավ հիմնականին` այսինքն անդրադարձավ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների սկզբունքներին: Դրա առթիվ Սաղայանն ասաց. «Իհարկե, միջազգային փորձագետներն ասում են, որ այս երկու սկզբունքները հավասար են: Սակայն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա կարծում եմ` դրա կարգավիճակն ավելի բարձր է: Չպետք է անտեսել մարդու իրավունքը և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին ու իրենց կողմ քվեն տվեցին դրան»:
Ինչ խոսք, սա բոլոր իմաստներով հայաստանցիների համար հաճելի և ընդունելի տեսակետ է ու չի կարող չխրախուսվել մեր երկրում: Բայց` ընդամենը սա, քանի որ Բաքվում հնչում էր այն, ինչը ադրբեջանցիների լսելիքների համար էր հաճելի և բխում էր նրանց սրտից: Այնտեղ Իրանի դեսպան Մամեդբահիր Բահրամին հայտարարում էր, թե Իրանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Իրանը միշտ քննադատել և քննադատում է ադրբեջանական տարածքների գրավումը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և հույս ունեմ, որ ադրբեջանական օկուպացված տարածքները շուտով ետ կվերադարձվեն»:
Ստացվում է այն, ինչ ցանկանում էին: Բոլորը գոհ են իրենց չափով, բոլոր կողմերը բավարարված են, իսկ Իրանն էլ շարունակում է մնալ սրտացավ ու առաջին ձեռքը մեկնող երկիրը: Դժվար է ասել, այս իրավիճակի վրա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Քոլեյնի այն տեսակետը, թե Ադրբեջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ: Կամ նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Իրանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեծ թվով փորձեր իրականացնելու մեջ, իսկ Բաքվում հակաիրանական բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ՝ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմք», «Ամոթ մարդասպանների հովանավորներին», «Պարսիկները, ռուսները, հայերը՝ թուրքերի թշնամիներ», «Միասնական Ադրբեջան՝ Թավրիզում գտնվող կենտրոնով» կարգախոսներով։ Համենայն դեպս, Երևանում նման բաներ կարծես թե չեն կատարվում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ