Tag Archives: ձմեռ

ԱՌԱՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

7 Մրտ

Ձմեռային մի հեռավոր գիշեր եղբորս հետ խափանված մեքենայով մնացել էինք ամայի մայրուղու վրա: Թանձր մթի մեջ ոչ մի շունչ չկար: Թրատող ցուրտը ցավեցնում էր մարմինը, բայց կպչուն մետաղի հպումից փայտացած մատներով մենք դեռ փորձում էինք կարգի գցել շարժիչը: Հետո շարժվելը դարձավ անհնար, մենք փակվեցինք մեքենայում ու կուչ եկանք նստատեղերի վրա: Ոչինչ չէր մնում, քան սպասելը: Ու եղբայրս ասաց.
— Արի փորձենք քնել:
Փակ աչքերով, ատամներն իրար սեղմած, անզգա ձեռքերը թևքերի մեջ պահ տված մենք նստել էինք լուռ և մի պտղունց ջերմությունից առավել երազում էինք խելահեղ ցավը քնի մեջ խեղդելու մասին…
Երևի բավականին ժամանակ էր անցել, երբ նախ արգելակող բեռնատարի ձայնը լսեցինք, հետո սառած ապակուց այն կողմ տեսանք վերարկուի մեջ փաթաթված վարորդին:
— Ինչո՞վ կարող եմ օգնել,- ձայն տվեց նա` ծեծելով փակ պատուհանը:
Ու մենք ցավի միջից ժպտալով ասացինք.
— Եթե կարող ես` օգնիր, որ մի քիչ քնենք:

Հովիկ Չարխչյան

2005_winter_road_dipped_beam-640x426

Ավելի խորքից է գալիս

24 Դկտ

Շատ տարիներ առաջ էր: Ձմռան մի օր: Ահավոր ցուրտ էր: Ես ու ընկերս քայլում էինք Կալինինգրադի երկրամասի անտառներով: Ծնկահաս ձյուն էր: Եվ հանկարծ սառույցը կոտրվեց ու երկուսս էլ հայտնվեցինք ջրում: Գետը խորն էր, մեր հագուստների ծանրությունը ներքև էր տանում: Թե ինչ հրաշքով ափին հասանք` հիմա չեմ պատմի: Ասեմ միայն, որ երբ դուրս եկանք ջրից, սառնամանիքն անմիջապես մեզ պատեց սառցե շերտով: Մոտակա բնակավայրից բավականին հեռու էինք: Միայն երեկոյան կարողացանք տեղ հասնել: Ոչինչ չէինք զգում, թվում էր` նույնիսկ չէինք էլ շնչում: Իսկ հետո նստել էինք վառարանի մոտ ու համբերատար սպասում էինք, թե երբ պիտի հիվանդանանք ու ջերմենք: Բայց ոչինչ էլ չեղավ: Բացարձակապես ոչինչ: Նույնիսկ մի թեթև փռշտոցի չարժանացանք:
Ասելիքս ինչ է. նույնիսկ ամենածանր պահերին պետք չէ նստելու ու սպասել հիվանդությանը`լինի մարմնական, հոգևոր, նյութական, թե մեկ այլ կարգի: Եվ հիվանդ լինելու համար էլ միշտ չէ, որ սառցակալած գետն ընկնել է պետք: Սա արդեն առողջապահություն չէ: Սա ավելի խորքից է գալիս:

Հովիկ Չարխչյանmain

%d bloggers like this: