Tag Archives: Ձմեռ պապ

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՁՄԵՌ ՊԱՊ ՉԿԱՐ

30 Դկտ

1930- ական թվականներին Խորհրդային Հայաստանում յուրաքանչյուր  ավանդույթ, որ գալիս էր հնից, գնահատվում էր իբրև վնասակար մնացուկ և անմիջապես փորձ էր արվում կամ լիովին արմատախիլ անել դա, կամ գտնել փոխարինողը: Ամանորի տոնակատարությունը ևս անմասն չմնաց: Հանկարծ պարզվեց, որ Ձմեռ պապը ցարիզմից ժառանգված հոռի սովորույթ է և անհրաժեշտ է այդ տոնակատարության գլխավոր հերոսին ևս «սովետականացնել»: Իբրև լավագույն տարբերակ առաջարկվեցին խորհրդային երկրի նշանավոր անձանց կերպարները: Սակայն դրանց շարքում կար մեկը, ով իր արտաքինով առանձնապես հարմար թեկնածու էր: Խոսքը Արկտիկայի հետազոտող Օտտո Շմիդտի մասին էր, ով 1934-ին «Չելյուսկին» նավով նավարկել էր հյուսիսային ջրերում, իսկ նավաբեկությունից հետո անձնակազմի 104 անդամների հետ շուրջ 2 ամիս անցկացրեց սառցաբեկորի վրա: Ուրիշ էլ ո՞վ կարող էր փոխարինել Ձմեռ պապին, եթե ոչ երկարամորուս և հերոս Շմիդտը: Իսկ եղջերուների ու սահնակի փոխարեն փոխադրամիջոց կծառայեր նրա շոգենավը: Թե ինչ ստացվեց այս փոխատեղումից, դատեք ինքներդ:

1936 թվականին «Պիոներ կանչ» թերթի հունվարյան համարներից մեկում տպագրվել է այս լրատվությունը. «Ամսի 15-ին, երեկոյան, Երևանի համար 26 մանկապարտեզում կայացավ տոնածառ: Ներկա էին Լուսժողկոմ ընկ. Արտո Եղիազարյանը, Կուսկենտկոմի դպրոցական բաժնի վարիչ ընկ. Սերիկ Դավթյանը, բանաստեղծ Չարենցը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ:

Միանգամայն գեղարվեստականորեն ձևավորված և փարթամ լուսավորված հսկա տոնածառի շուրջը պատել էին երեխաները: Նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին: Առանձնապես աչքի ընկավ փոքրիկ Սուրիկը, որն արտասանեց Խնկո-Ապոր «Մկների ժողովը» և Հ. Հայրապետյանի «Ռազմական խաղը»:

Վերջում հանդես եկավ «Շմիդտ պապիկը», որը մի «շոգենավ» լիքը նվերներ բերավ «Հյուսիսային երկրից»: Անվախ չելյուսկինցիների մասին պատմելուց հետո «Շմիդտ պապիկը» բաժանեց իր նվերները երեխաներին: Հյուրերն ու երեխաները գոհ սրտով հեռացան այդ չափազանց հաջող կազմակերպված տոնածառից»:

Քանի որ խոսք գնաց նաև Եղիշե Չարենցի մասին, հավելենք, որ 1930-ականերին Երևանում սակավաթիվ տոնածառներից մեկը զարդարվում էր Չարենցի բնակարանում, որտեղ հրավիրվում էին նաև նրա հարևանների և ծանոթների երեխաները:

© Հովիկ Չարխչյան181

%d bloggers like this: