Tag Archives: ձի

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՁԻՈՒ ԱՐԺԵՔԸ

6 Հլս

Շատերին է հայտնի այս թևավոր խոսքը` քաղված Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդից». «Ձի, ձի, թագավորությանս կեսը կտամ մի ձիու դիմաց»: Իրականում արքան առաջարկել է երկու անգամ ավելին, այսինքն` ամբողջ թագավորությունը: Բնագրում դա հնչում է այսպես. «A horse, a horse! My kingdom for a horse!»: Հիշյալ անհամապատասխանության «մեղքը» բարդում են ռուս թարգմանիչ Յակով Բրյանսկու վրա: Կարծիք կա, որ նա օգտվել է ոչ թե անգլերեն տարբերակից, այլ ֆրանսերեն ազատ թարգմանությունից և միաժամանակ կիրառել է հեքիաթներից ծանոթ հայտնի հնարքը, որտեղ տիրակալները տարբեր ծառայությունների դիմաց առաջարկել են իրենց ունեցվածքի կեսը: Հիշենք թեկուզ մեր Թումանյանի «Սուտասանը», երբ թագավորն ասում է. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

pizap.com14992896609031

ԳԱՐԻ ՉԵՊՄԵՆ

15 Մյս

Մի հին պատմութուն կա հովվի մասին, ով ձմռանը հետևել էր վայրի գազանների պահվածքին: Օրինակ, գայլերի ոհմակը թափանցել էր դաշտավայր և հարձակվել էր վայրի ձիերի երամակի վրա: Ձիերը շրջան էին կազմել` գլուխները դեպի կենտրոն ու աքացի էին տվել` քշելով նրանց: Հետո հովիվը տեսել էր, թե ինչպես էին գայերը հարձակվել ավանակների հոտի վրա: Նրանք նույնպես շրջան էին կազմել, բայց գլուխները դեպի գայլերը: Երբ սկսել էին աքացի տալ` հարվածել էին իրար:

Մարդիկ ընտրություն ունեն. նրանք կարող են խելացի լինել` ինչպես ձիերը, կամ հիմար, ինչպես վայրի ավանակները: Նրանք կարող են հաղթահարել խնդիրները և կամ աքացիներ հասցնել մեկմեկու:cms

ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ

14 Ապր

Մի անգամ Նեպալում ես ինքս սաստիկ ցնցվել էի՝ տեսնելով մի ձի ու փիղ, որ նախատեսված էին միայն Նեպալի մահարաջայի ուղևորությունների համար, և թվում էր, թե կենդանիները գիտակցում էին, թե դա ինչ հեծյալ է: Նրանց սեփական արժանապատվության զգացողությամբ դուք կարող էիք տեսնել, որ նրանք գիտեն, թե ում են պատկանում: Ձիու ամեն մի շարժման մեջ, փղի նետած ամեն մի հայացքում դուք կարող էիք զգալ մահարաջայի ներկայությունը: Եվ ոչ միայն դա, այլ այն ամենը, ինչ պատկանում էր մահարաջային` ցավը կամ հաճույքը, կյանքն ու զգացողությունները` ամեն ինչ, թվում էր, գրանցված էր փղի մեջ: Իսկ ամենաանսպասելի բանն ահա թե ինչն էր. այդ փիղը չափով մյուս փղերից մեծ չէր, իսկ հաճախ հենց չափսն է փղին արժանապատվություն տալիս, և ձին էլ մյուս ձիերից մեծ չէր: Բայց այստեղ չափը նշանակություն չուներ, դա այն ոգին էր, կյանքը, որ դրսևորվում էր այդ կենդանիների մեջ, որ արտահայտում էին այն զգացողությունը, որ բուն էր դրել նրանց սրտերում:
Դա մեզ արթնացնում է մտքի այլ դաշտի համար, այսինքն` այն բանի, որ հատկապես կարող է մարդու մեջ կապ ստեղծել վսեմ կամ ստորաքարշ մարդու հետ: Նա, ով կապված է, ունի խառնուրդը նրա, ում հետ կապված է, եւ թրթռում է այն բանով, ինչով նա կապված է, և դուք միշտ կարող եք լսել, թե ինչպես է դա խոսում մարդու մթնոլորտում, նրա դրսևորումներում, նրա խոսքում ու արարքներում: Մարդ, որքան էլ երջանիկ լինի, կունենա վշտի մեղեդային թեման, եթե նա կապված է մեկի հետ, ով դժբախտ է: Այն շարունակվում է, այն երգում է իր երգը ողջ սիմֆոնիայից առանձին, այն ունի իր սեփական տոնայնությունը, դուք միշտ կարող եք տարբերել այն: Իմաստուն մարդը, ով կապված է տխմարի հետ, համանման թեմա ունի: Դա միանգամայն այլ մեղեդի է, այն այլ բանալիով է, այն այլ բարձրություն ունի, որ նախնական երգից տարբեր է:

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

12 Փտր

ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ

Հին, վայրի դաշտի ճամփաբաժանին
Մի սև ագռավ է թառել սև խաչին,
Աղբախոտն է նա դիտում իր թառից,
Ժանգոտ վահան է ընկած առաջին:

Մի գիր է գրված այնտեղ հին օրից,
Որից անցորդը սև լուր է առնում.
«Ով գնա գծած այս ճամփով ուղիղ,
Իմացիր, երբեք ետ չի դառնալու:

Թե աջով գնաս` դու ձիդ կկորցնես,
Մոլորյալ է նա, ով աջ է թեքվում,
Իսկ թե ձախ ճամփով գնալ դու փորձես,
Մահդ կգտնես օտար եզերքում»:

Հեռվում` շարվեշար շիրիմներ պառկած
Քնած հավիտյան քնով անցյալի,
Սատար եղիր ինձ, չարագույժ ագռավ,
Այս մութ ճամփեքին ուղեկից դառ ինձ:

Լքել եմ կղզին արքայադստեր,
Կապույտ ծովակը, խրճիթն ու այգին,
Դու անմահական ջուրը լոկ ինձ բեր,
Չեմ ուզում տիրել հեքիաթի հավքին:

Կեսօրն է ննջում, արահետներին`
Խոտերի միջից` նեխող ոսկորներ,
Երեք ճանապարհ մգլած ու դեղին,
Բայց ես չգիտեմ, թե ուղիս որն է:

Որտե՞ղ է ծիրը այս հարթավայրի,
Ո՞վ է խրտնեցնում ձիուս շարունակ,
Ո՞վ է ինձ կանչում ձայնով մարդկային
Կապույտ լռության այս երկրում ունայն:

Եվ մի՞թե ուրիշ ճանապարհ չկա,
Որ լինի առանց կորստյան ահի,
Գնայի հուշն ու հույսերս փրկված
Եվ ինձ ու ձիուս խլեի մահից:

Հովերն են շնչում վերին լռությամբ,
Ու մեռյալները քնել են խաղաղ,
Կախարդված վայրի այդ գեղեցկությամբ,
Ես խոնարհում եմ հայացքս ահա:

Կանչում է կյանքը խենթության խաղով,
Բայց խառնված է նա մահվան կանչին,
Իսկ ագռավը լուռ ու հանդիսավոր
Այսպես կիսարթուն թառել է խաչին:

Թարգմ. Հ. Թամրազյան

ՅԱՆԻՍ ՌԻՑՈՍ

7 Փտր

ՍԱՌՈՒՑՅԱԼ ԺԱՄ

Փակ են պատուհանները: Փակ են դռները:
Որտեղի՞ց է քամին մտնում տուն:
Փքվում են վարագույրները: Հոգնում են սավանները:
Անկյուններից վեր են խոյանում ծխնելույզները:
Մառանում ականջ է դնում փայտե ձին:
Սանդուղքի ամեն երրորդ աստիճանին ծառաներ են,
մարմարյա, մարած մոմակալներով:
Ինչ-որ մեկը բարձրանում է: Ինչ-որ մեկը իջնում է:

ԷԼԵԳԻԱ

Կեսբաժակ ջուր կա սեղանին: Շուրջը
հավաքվել են լռակյաց, նեղված իրերը-
թուղթ կտրելու դանակը, սանրը, լուցկին, մի գլանակ`
մոխրամանում ինքնիրեն ծխացող,
իսկ դրսում սպանված վայրի բադերի
փետուրները վեր քշող քամին է:

Թարգմ. Մերուժանի

%d bloggers like this: